ՀԱՎԵԼՎԱԾ
1914 թվական. հատկանշական տարի Աստվածաշնչի մարգարեություններում
1914թ.-ից դեռևս տասնամյակներ առաջ Աստվածաշունչ ուսումնասիրողները հայտարարում էին, որ այդ թվականին նշանակալից իրադարձություններ են տեղի ունենալու։ Ի՞նչ էր լինելու, և ի՞նչ փաստեր կան, որ 1914 թվականը իրոք հատկանշական տարի է եղել։
Ղուկաս 21։24-ում արձանագրված է. «Ազգերը [«հեթանոսները», «Արարատ» թարգմանություն] կկոխկռտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերին սահմանված ժամանակները լրանան»։ Երուսաղեմը եղել է հրեաների մայրաքաղաքը՝ Դավիթ թագավորի շառավղից եկող թագավորների աթոռանիստ քաղաքը (Սաղմոս 48։1, 2)։ Մյուս ազգերի կառավարիչների հետ համեմատած՝ այս թագավորները առանձնահատուկ էին այն իմաստով, որ նստում էին «Եհովայի գահին» որպես Աստծու ներկայացուցիչներ (1 Տարեգրություն 29։23)։ Ուստի Երուսաղեմը խորհրդանշում էր Եհովայի իշխանությունը։
Ինչպե՞ս և ե՞րբ ազգերը սկսեցին «կոխկռտել» Աստծու իշխանությունը։ Դա տեղի ունեցավ մ.թ.ա. 607թ.-ին, երբ բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը։ «Եհովայի գահը» դատարկ մնաց, և Դավիթ թագավորի շառավղից եկող թագավորների իշխանությունը ընդհատվեց (2 Թագավորներ 25։1–26)։ Արդյո՞ք այն հավիտյան էր «կոխկռտվելու»։ Ո՛չ, քանի որ Եզեկիելը իր մարգարեության մեջ Երուսաղեմի վերջին թագավոր Սեդեկիայի մասին գրում է. «Հանիր խույրը և վեր առ պսակը.... Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով օրինական իրավունք ունի, և ես այն նրան կտամ» (Եզեկիել 21։26, 27)։ Դավիթ թագավորի գահի համար «օրինական իրավունք» ունեցողը Հիսուս Քրիստոսն էր (Ղուկաս 1։32, 33)։ Ուստի «կոխկռտվելը» ավարտվելու էր, երբ Հիսուսը Թագավոր դառնար։
Իսկ ե՞րբ էր տեղի ունենալու այդ կարևոր իրադարձությունը։ Հիսուսը բացատրեց, որ հեթանոսների իշխանությունը տևելու էր որոշակի ժամանակահատված։ «Դանիել» գրքի 4-րդ գլուխը օգնում է հասկանալու, թե կոնկրետ որքան էր տևելու այդ ժամանակահատվածը։ Այնտեղ խոսվում է մարգարեական նշանակություն ունեցող երազի մասին, որը տեսավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Երազում նա տեսավ մի հսկայական ծառ, որը կտրվեց ու կոճղին երկաթե և պղնձե կապանքներ դրվեցին, որպեսզի չաճի։ Այնուհետև հրեշտակը հայտարարեց. «Թող.... դրա վրա յոթ ժամանակ անցնի» (Դանիել 4։10–16)։
Աստվածաշնչում ծառերը երբեմն խորհրդանշում են իշխանություն (Եզեկիել 17։22–24; 31։2–5)։ Ուստի խորհրդանշական ծառի կտրվելը ցույց է տալիս, թե ինչպես էր Երուսաղեմի թագավորներով ներկայացվող Աստծու իշխանությունը ընդհատվելու։ Այնուհանդերձ տեսիլքը նաև հայտնում էր, որ Երուսաղեմի «կոխկռտվելը» ժամանակավոր էր լինելու, այսինքն՝ տևելու էր «յոթ ժամանակ»։ Որքա՞ն է այդ «յոթ ժամանակը»։
Հայտնություն 12։6-րդ և 14-րդ համարները ցույց են տալիս, որ երեքուկես ժամանակը հավասար է «հազար երկու հարյուր վաթսուն օրվա»։ Ուրեմն «յոթ ժամանակը» տևելու էր երկու անգամ շատ, այսինքն՝ 2520 օր։ Բայց հեթանոս ազգերը Երուսաղեմի նվաճումից հետո Աստծու իշխանությունը «կոխկռտեցին» 2520 օրից ավել։ Ակնհայտ է, որ այս մարգարեությունը ընդգրկում էր ավելի երկար ժամանակահատված։ Հիմնվելով Թվեր 14։34 և Եզեկիել 4։6 համարների վրա, որտեղ ասվում է՝ «մեկ տարվա դիմաց մեկ օր»՝ եզրակացնում ենք, որ «յոթ ժամանակը» ընդգրկում է 2520 տարի։
2520 տարիները սկսվեցին մ.թ.ա. 607թ. հոկտեմբերին, երբ բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը և Դավթի շառավղից եկող թագավորը գահընկեց արվեց։ Այդ ժամանակահատվածը ավարտվեց 1914թ. հոկտեմբեր ամսին։ Հենց այդ ժամանակ էր, որ ավարտվեցին «ազգերին սահմանված ժամանակները», և Հիսուս Քրիստոսը գահակալվեց որպես երկնային Թագավորa (Սաղմոս 2։1–6; Դանիել 7։13, 14)։
Ինչպես Հիսուսը նախագուշակել էր, իր ներկայությունը որպես երկնային Թագավոր պետք է նշանավորվեր ամբողջ աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձություններով՝ պատերազմներով, սովերով, երկրաշարժերով, համաճարակներով (Մատթեոս 24։3–8; Ղուկաս 21։11)։ Այս իրադարձությունները զորեղ ապացույց են այն իրողության, որ 1914թ.-ին հաստատվեց Աստծու երկնային Թագավորությունը և սկսվեցին ներկա ամբարիշտ համակարգի «վերջին օրերը» (2 Տիմոթեոս 3։1–5)։
a Մ.թ.ա. 607թ. հոկտեմբերից մինչև մ.թ.ա. 1թ. հոկտեմբերը 606 տարի է։ Քանի որ զրո թվական չկա, մ.թ.ա. 1թ.-ից մինչև մ.թ. 1914թ.-ը 1914 տարի է։ Ուստի 606 տարիներին գումարելով 1914 տարի՝ ստանում ենք 2520 տարի։ Մ.թ.ա. 607թ.-ին Երուսաղեմի կործանման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող ես գտնել «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի «Ժամանակագրություն» հոդվածում (անգլ., հ. 1, էջ 447)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։