Դիմադրիր «աշխարհի ոգուն»
«Մենք ոչ թե աշխարհի ոգին ստացանք, այլ այն ոգին, որն Աստծուց է» (1 ԿՈՐՆԹ. 2։12)։
1, 2. ա) Ինչո՞ւ էին անցյալում Մեծ Բրիտանիայի հանքերում դեղձանիկներ պահում։ բ) Ի՞նչ վտանգի տակ են քրիստոնյաները։
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ իշխանությունները 1911 թ.–ին ածխափորների կյանքի անվտանգությունն ապահովելու համար մի օրենք ընդունեցին։ Ըստ այդ օրենքի՝ յուրաքանչյուր հանքում պետք է երկու դեղձանիկ լիներ։ Երբ հանքում հրդեհ էր բռնկվում, փրկարարները հանքահոր մտնելիս իրենց հետ վերցնում էին այդ դեղձանիկներին։ Ինչո՞ւ։ Այդ փոքրիկ թռչունները շատ զգայուն են թունավոր գազերի, օրինակ՝ ածխածնի օքսիդի հանդեպ (շմոլ գազ)։ Եթե օդը աղտոտված էր լինում, թռչունները անհանգստության նշաններ էին ցույց տալիս և նույնիսկ ընկնում էին թառից։ Դրանք շատ կարևոր նախանշաններ էին։ Ածխածնի օքսիդը անգույն, անհոտ գազ է, որը, արյան կարմիր գնդիկներին զրկելով օրգանիզմում թթվածին տեղափոխելու ունակությունից, մահվան պատճառ է դառնում։ Եթե փրկարարները անտեղյակ լինեին վտանգին, ապա կարող էին ուշագնաց լինել և մահանալ՝ առանց հասկանալու, որ թունավորվել են։
2 Քրիստոնյաները հոգևոր առումով կարող են նման իրավիճակում հայտնվել։ Ինչպե՞ս։ Հիսուսը, երբ իր աշակերտներին հանձնարարեց ամբողջ աշխարհում քարոզել բարի լուրը, գիտեր, որ նրանց ուղարկում է մի վտանգավոր միջավայր, ուր իշխում են Սատանան և աշխարհի ոգին (Մատթ. 10։16; 1 Հովհ. 5։19)։ Նա այնքան էր անհանգստացած իր աշակերտների մասին, որ իր մահվանը նախորդող գիշերը իր Հորն աղոթեց. «Խնդրո՛ւմ եմ քեզ, որ ոչ թե նրանց վերցնես աշխարհից, այլ որ պահպանես նրանց Չարից» (Հովհ. 17։15)։
3, 4. Հիսուսը ինչի՞ց զգուշացրեց իր աշակերտներին, և ինչո՞ւ է դա մեզ հետաքրքրում։
3 Հիսուսը իր հետևորդներին զգուշացրեց հոգևոր քնի մեջ ընկնելու վտանգի մասին, որը, ի վերջո, կարող էր մահվան տանել։ Նրա այդ խոսքերը մեծ նշանակություն ունեն մեզ համար, քանի որ ապրում ենք իրերի այս համակարգի վերջին օրերում։ Քրիստոսը իր աշակերտներին հորդորեց. «Արթո՛ւն եղեք.... որպեսզի ձեզ հաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21։34–36)։ Բայց ինչքան լավ էր, որ նա խոստացավ նաև, որ իր Հայրը կտա սուրբ ոգին, որպեսզի նրանք հիշեն իրենց սովորածը ու կարողանան արթուն և ամուր մնալ (Հովհ. 14։26)։
4 Իսկ մեզ Աստծու սուրբ ոգին օգնո՞ւմ է։ Եթե այո, ապա ի՞նչ պետք է անենք այն ստանալու համար։ Իսկ ի՞նչ է աշխարհի ոգին, և ինչպե՞ս է այն գործում։ Ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ դիմադրել աշխարհի ոգուն (կարդա՛ 1 Կորնթացիներ 2։12)։
Սո՞ւրբ ոգին, թե՞ աշխարհի ոգին
5, 6. Ի՞նչ կարող է սուրբ ոգին մեզ համար անել, բայց ի՞նչ պետք է ինքներս անենք, որպեսզի այն ստանանք։
5 Սուրբ ոգին ինչպես որ գործել է առաջին դարում, այնպես էլ գործում է մեր օրերում։ Այն կարող է ուժ տալ, որ ճիշտն անենք ու եռանդով ծառայենք Աստծուն (Հռոմ. 12։11; Փիլիպ. 4։13)։ Բացի դրանից, այն մեր մեջ առաջացնում է ցանկալի հատկություններ, օրինակ՝ սեր, բարություն և բարեգործություն, որոնք «ոգու պտղի» մասերից են (Գաղ. 5։22, 23)։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ընդունել իր սուրբ ոգին։
6 Ուստի լավ կանենք, եթե ինքներս մեզ հարց տանք. «Ի՞նչ կարող եմ անել սուրբ ոգին ստանալու համար»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ շատ բաներ կան, որ կարող ենք անել։ Կարևոր քայլերից մեկը, որ բավական պարզ է, հետևյալն է. աղոթել Աստծուն (կարդա՛ Ղուկաս 11։13)։ Մեկ այլ կարևոր քայլ է Աստծու ներշնչյալ Խոսքը ուսումնասիրելն ու նրա խորհուրդները կիրառելը (2 Տիմոթ. 3։16)։ Ինչ խոսք, այն, որ անհատը կարդում է Աստծու Խոսքը, դեռ չի նշանակում, որ նա ստանում է Աստծու ոգին։ Բայց երբ քրիստոնյան անկեղծորեն ուսումնասիրում է Աստվածաշունչը, նա կարողանում է ըմբռնել այնտեղ արտահայտված զգացմունքներն ու տեսակետները։ Նաև անչափ կարևոր է ընդունել, որ Հիսուսը Եհովայի կողմից նշանակվել է որպես նրա ներկայացուցիչը։ Նա այն անձնավորությունն է, ում միջոցով Աստված տալիս է իր սուրբ ոգին (Կող. 2։6)։ Ուստի մենք ուզում ենք մեր կյանքը համապատասխանեցնել Հիսուսի օրինակին և ուսմունքներին (1 Պետ. 2։21)։ Որքան ավելի շատ ենք ձգտում նմանվել Քրիստոսին, այնքան ավելի շատ կստանանք սուրբ ոգին։
7. Ինչպե՞ս է աշխարհի ոգին ազդում մարդկանց վրա։
7 Ի տարբերություն սուրբ ոգու՝ աշխարհի ոգին մարդկանց վրա ճնշում է գործադրում, որպեսզի նրանք ընդօրինակեն Սատանային (կարդա՛ Եփեսացիներ 2։1–3)։ Աշխարհի ոգին գործում է տարբեր կերպերով։ Այսօր ամենուրեք մեր շուրջը տեսնում ենք, որ այդ ոգին մարդկանց խրախուսում է չհնազանդվել Աստծու չափանիշներին։ Այն ջատագովում է «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը» (1 Հովհ. 2։16)։ Աշխարհի ոգու պտուղը մարմնի գործերն են, օրինակ՝ պոռնկություն, կռապաշտություն, ոգեհարցություն, նախանձ, զայրույթի պոռթկումներ, հարբեցողություն (Գաղ. 5։19–21)։ Այդ ոգին տարածում է հավատուրաց խոսակցություններ, որոնք ոտնահարում են սուրբ բաները (2 Տիմոթ. 2։14–18)։ Անկասկած, որքան անհատը ավելի շատ է թույլ տալիս, որ աշխարհի ոգին ազդի իր վրա, այնքան նա ավելի է նմանվում Սատանային։
8. Ի՞նչ ընտրության առջև ենք կանգնած բոլորս։
8 Մարդը չի կարող զերծ մնալ արտաքին ազդեցություններից։ Յուրաքանչյուր անհատ պետք է ընտրի, թե ինչը կղեկավարի իր կյանքը՝ սո՞ւրբ ոգին, թե՞ աշխարհի ոգին։ Այն անհատները, որոնց վրա ազդում է աշխարհի ոգին, կարող են ազատվել դրանից և թույլ տալ սուրբ ոգուն առաջնորդել իրենց։ Բայց հակառակն էլ է հնարավոր։ Վտանգ կա, որ նրանք, ովքեր առաջնորդվում են սուրբ ոգով, ընկնեն աշխարհի ոգու ծուղակը (Փիլիպ. 3։18, 19)։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դիմադրել աշխարհի ոգուն։
Ճանաչիր նախանշանները
9–11. Որո՞նք են այն նախանշաններից մի քանիսը, որ աշխարհի ոգին ազդում է մեզ վրա։
9 Վերոհիշյալ բրիտանացի ածխափորները դեղձանիկների օգնությամբ զգուշանում էին գազային թունավորումից։ Եթե հանքագործը տեսնում էր, որ թռչունը ընկել է թառից, նա արդեն գիտեր, թե ինչ աներ՝ արագորեն դուրս գալ հանքից։ Իսկ հոգևոր առումով որո՞նք են այն նախանշանները, որ աշխարհի ոգին ազդում է մեզ վրա։
10 Երբ մենք առաջին անգամ իմացանք աստվածաշնչյան ճշմարտությունները և հետո մեր կյանքը նվիրեցինք Եհովային, հավանաբար, Աստծու Խոսքը անհագորեն էինք կարդում։ Թերևս հաճախակի և ջերմեռանդորեն էինք աղոթում։ Նաև հաճույքով էինք հաճախում ժողովի հանդիպումներին՝ դրանցից յուրաքանչյուրը համարելով հոգևոր թարմության աղբյուր, ինչպես մի օազիս, որտեղ մարդը իր ծարավն է հագեցնում։ Այդպես անելն օգնեց մեզ ազատվելու աշխարհի ոգու ազդեցությունից և շարունակ զերծ մնալու դրանից։
11 Իսկ այսօ՞ր։ Շարունակո՞ւմ ենք առաջվա պես ամեն օր կարդալ Աստվածաշունչը (Սաղ. 1։2)։ Մեր աղոթքները հաճախակի և սրտաբո՞ւխ են։ Սիրո՞ւմ ենք ժողովի հանդիպումները, հաճախո՞ւմ ենք շաբաթվա բոլոր հանդիպումներին (Սաղ. 84։10)։ Թե՞ այս լավ սովորություններից մի քանիսը արդեն չկան։ Ինչ խոսք, գուցե բազմաթիվ պարտականություններ ունենք, որոնք շատ ժամանակ և ջանք են խլում, և մեզ համար, հնարավոր է, դժվար է հոգևոր առողջությանը նպաստող սննդակարգ ունենալ։ Բայց եթե այդ լավ սովորություններից մի քանիսը ժամանակի ընթացքում կորցրել ենք, միգուցե պատճառն այն է, որ աշխարհի ոգին ազդո՞ւմ է մեզ վրա։ Մեծ ջանքեր կգործադրե՞նք դրանք հետ բերելու համար։
«Ձեր սրտերը երբեք չծանրանան»
12. Հիսուսն իր աշակերտներին հորդորեց ինչի՞ն «ուշադրություն դարձնել» և ինչո՞ւ։
12 Ուրիշ ի՞նչ կարող ենք անել աշխարհի ոգուն դիմադրելու համար։ Հիսուսը, երբ իր աշակերտներին հորդորեց «արթուն մնալ», դրանից անմիջապես առաջ նրանց զգուշացրել էր մի քանի վտանգներից։ Նա ասել էր. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ ու հարբեցողությամբ և կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ» (Ղուկ. 21։34, 35)։
13, 14. Լավ կլինի, որ ուտելու և խմելու վերաբերյալ ի՞նչ հարցեր տանք ինքներս մեզ։
13 Քննենք այդ նախազգուշացումը։ Արդյո՞ք Հիսուսը դատապարտեց ուտել–խմելուց հաճույք ստանալը։ Ո՛չ։ Նա լավ գիտեր Սողոմոնի խոսքերը. «Իմացել եմ, որ [մարդկանց որդիների համար] մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը [իրենց] կեանքում։ Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժող. 3։12, 13)։ Այդուհանդերձ, Հիսուսը գիտեր, որ աշխարհի ոգին խրախուսում է այս հարցերում չցուցաբերել ինքնատիրապետում։
14 Արդյոք զգուշանո՞ւմ ենք շատակերության ու հարբեցողության վտանգից։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ աշխարհի ոգին այս հարցում չի թունավորել մեզ։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ Աստվածաշնչում կամ մեր հրատարակություններում որկրամոլությանը վերաբերող խորհուրդ եմ կարդում։ Հակվա՞ծ եմ անտեսելու այդ զգուշացումը՝ մտածելով, որ այն ինձ չի վերաբերում կամ ծայրահեղ տեսակետ է արտահայտում։ Արդյոք արդարացնո՞ւմ եմ իմ քայլերըa։ Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ խորհուրդ եմ լսում կամ ստանում ոգելից խմիչքը չափավոր օգտագործելու (եթե ընդհանրապես օգտագործում ես) և «հարբեցողություններից» լիովին հրաժարվելու մասին։ Նվազեցնո՞ւմ եմ խորհրդի լրջությունը՝ կարծելով, որ այն ինչ–որ պատճառով ինձ չի վերաբերում։ Իսկույն սկսում եմ պաշտպանվե՞լ կամ բարկանո՞ւմ եմ, երբ մարդիկ անհանգստություն են հայտնում իմ խմելու վերաբերյալ։ Խրախուսո՞ւմ եմ ուրիշներին լրջորեն չմոտենալ նման սուրբգրային խորհրդին»։ Այո՛, անհատի տեսակետը նախանշան է, թե արդյոք նա տրվել է աշխարհի ոգու թունավոր ազդեցությանը, թե՝ ոչ (համեմատի՛ր Հռոմեացիներ 13։11–14)։
Զգույշ եղիր, որ հոգսերը քեզ չխեղդեն
15. Ի՞նչ հակում ունեն մարդիկ, որի վերաբերյալ Հիսուսը խորհուրդ տվեց։
15 Որպեսզի դիմադրենք աշխարհի ոգուն, շատ կարևոր է նաև, որ չափազանց չանհանգստանանք հոգսերով։ Հիսուսը գիտեր, որ մենք, լինելով անկատար, հակված ենք անհանգստանալու առօրյա բաներով։ Նա իր սիրելի աշակերտներին ասաց. «Մի՛ մտահոգվեք» (Մատթ. 6։25)։ Ինչ խոսք, հասկանալի է, երբ քրիստոնյան անհանգստանում է կարևոր բաներով, օրինակ՝ Աստծուն հաճեցնելը, քրիստոնեական պատասխանատվությունները կատարելը և ընտանիքի նյութական կարիքները բավարարելը (1 Կորնթ. 7։32–34)։ Ուրեմն, ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի խորհրդից։
16. Աշխարհի ոգին ինչպե՞ս է ազդում շատերի վրա։
16 Աշխարհի ոգին, որը մարդկանց խրախուսում է ցուցադրել իրենց ապրուստի միջոցները, շատերին հիվանդագին անհանգստությամբ է վարակում։ Աշխարհը կուզենար, որ մենք հավատայինք, թե փողը նշանակում է անվտանգություն, և որ մարդու արժեքը չափվում է ոչ թե նրա հոգևոր հատկություններով, այլ ունեցվածքի քանակով ու որակով։ Ովքեր ընկնում են նման պրոպագանդայի ծուղակը, դառնում են հարստության ստրուկը և անընդհատ մտահոգվում են ամենանոր, ամենամեծ և ամենաժամանակակից ապրանքները ձեռք բերելով (Առակ. 18։11)։ Նյութականի մասին նման աղավաղված տեսակետը մեծացնում է անհանգստությունը, որը, ի վերջո, «խեղդում է» անհատի հոգևոր առաջադիմությունը (կարդա՛ Մատթեոս 13։18, 22)։
17. Ի՞նչ կարող ենք անել, որ հոգսերը մեզ չխեղդեն։
17 Հոգսերը մեզ չեն խեղդի, եթե հնազանդվենք Հիսուսի հետևյալ պատվերին. «Շարունակեք նախ թագավորությունը և Նրա արդարությունը փնտրել»։ Նա հավաստիացնում է մեզ, որ եթե այդպես վարվենք, ապա այն բաները, որոնց կարիքը իսկապես ունենք, կտրվեն մեզ (Մատթ. 6։33)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հավատում ենք այս խոստմանը։ Օրինակ՝ կարող ենք Աստծու արդարությունը փնտրել՝ հնազանդվելով նրա առաջնորդությանը ֆինանսական հարցերի վերաբերյալ։ Մենք ազնվորեն վճարում ենք հարկերը և գործարար հարաբերություններում անգամ «փոքր» ստեր չենք ասում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ կատարենք մեր ֆինանսական պարտավորությունները. օրինակ՝ երբ վճարում ենք մեր պարտքերը, մեր ««այո»–ն այո է» մնում (Մատթ. 5։37; Սաղ. 37։21)։ Նման ազնվությունը գուցե անհատին հարուստ չդարձնի, բայց դրա շնորհիվ նա կարժանանա Աստծու հավանությանը, կունենա մաքուր խիղճ և զերծ կլինի բազմաթիվ անհանգստություններից։
18. Ի՞նչ լավ օրինակ է թողել Հիսուսը, և ընդօրինակելով նրան՝ ի՞նչ օգուտներ կստանանք։
18 Նախ թագավորությունը փնտրելու մեջ մտնում է ճիշտ առաջնահերթություն դնելը։ Քննենք Հիսուսի օրինակը։ Նա երբեմն կրում էր բարձրորակ հագուստ (Հովհ. 19։23)։ Իր մտերիմ ընկերների հետ հաց էր ուտում և գինի էր խմում (Մատթ. 11։18, 19)։ Բայց նյութականը և ժամանցը նրա կյանքում համեմունքի՛ և ոչ թե հիմնական սննդի պես էին։ Հիսուսի կերակուրը Եհովայի կամքը կատարելն էր (Հովհ. 4։34–36)։ Կյանքն այնքա՜ն իմաստալից ու գոհացուցիչ է դառնում, երբ ընդօրինակում ենք Հիսուսին։ Օրինակ՝ մեծ ուրախություն ենք ստանում, երբ օգնում ենք ճնշվածներին մխիթարվելու Գրություններից։ Ժողովը մեզ սիրում և աջակցում է։ Եհովան ուրախանում է մեզանով։ Եթե ճիշտ առաջնահերթություն ենք դնում, ապա նյութական բաներն ու հաճույքները մեր տերերը չեն դառնում։ Ընդհակառակը՝ դրանք մեր ծառաներն են, որոնք օգնում են մեզ երկրպագելու Եհովային։ Որքան ավելի ակտիվորեն աջակցենք Թագավորության գործին, այնքան ավելի քիչ հավանական է, որ աշխարհի ոգին ազդի մեզ վրա։
Շարունակ «ոգու մասին մտածիր»
19–21. Ինչպե՞ս կարող ենք շարունակ «ոգու մասին մտածել» և ինչո՞ւ պետք է այդպես անենք։
19 Գործերին նախորդում են մտքերը։ Այն, ինչ շատերը համարում են չմտածված արարք, հաճախ դրդված է լինում մարմնավոր մտածողությունից։ Պողոս առաքյալը հիշեցնում է մեզ, որ հարկավոր է հետևել մեր մտքերին։ Նա գրեց. «Նրանք, ովքեր ըստ մարմնի են, իրենց միտքը կենտրոնացնում են մարմնի բաների վրա, բայց նրանք, ովքեր ըստ ոգու են՝ ոգու բաների վրա» (Հռոմ. 8։5)։
20 Ի՞նչ կարող ենք անել, որ մեր մտքերը, հետևաբար նաև գործերը չղեկավարվեն աշխարհի ոգով։ Պետք է մեր մտքում ունենանք «ֆիլտր», որը հնարավորինս թույլ չի տա այդ ոգուն ներս սողոսկել։ Օրինակ՝ եթե ուզում ենք զվարճանալ, թույլ չենք տա, որ մեր միտքը աղտոտվի անբարոյություն և բռնություն պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով։ Մենք գիտակցում ենք, որ Աստծու սուրբ, կամ՝ մաքուր ոգին չի բնակվի կեղտոտ մտքում (Սաղ. 11։5; 2 Կորնթ. 6։15–18)։ Մենք թույլ ենք տալիս, որ Աստծու ոգին ազդի մեր մտքի վրա, երբ կանոնավորաբար ընթերցում ենք Աստվածաշունչը, աղոթում և խորհրդածում ենք, հաճախում ենք ժողովի հանդիպումներին։ Նաև, սուրբ ոգին մեզ հետ է, երբ կանոնավորաբար քարոզում ենք։
21 Անշուշտ, մենք պետք է դիմադրենք աշխարհի ոգուն և մարմնավոր ցանկություններին, որ խրախուսվում են նրա կողմից։ Պետք է ամեն ջանք գործադրենք դրա համար, որովհետև, ինչպես Պողոսն է ասում, «մարմնի մասին մտածելը մահ է նշանակում, բայց ոգու մասին մտածելը նշանակում է կյանք և խաղաղություն» (Հռոմ. 8։6)։
[ծանոթագրություն]
a Որկրամոլությունը մտավիճակ է, որը բնորոշվում է ուտելու և խմելու ցանկությունը ագահաբար կամ չափից ավելի բավարարելու մղումով։ Հետևաբար, այն չի որոշվում մարդու չափերով, այլ որոշվում է կերակրի հանդեպ նրա ունեցած վերաբերմունքով։ Անհատը կարող է նորմալ, նույնիսկ նիհար կազմվածք ունենալ, սակայն որկրամոլ լինել։ Որոշ դեպքերում չափազանց մեծ քաշը հիվանդության արդյունք է կամ պայմանավորված է ժառանգական գործոններով։ Անհատի որկրամոլ լինելը, անկախ նրա քաշից, երևում է այն բանից, թե արդյոք նա ագահ է ուտելու հարցում (տե՛ս «Ընթերցողների հարցերը», «Դիտարան», 2004, նոյեմբերի 1)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ պետք է անենք սուրբ ոգին ստանալու համար։
• Ի՞նչ կերպերով կարող է աշխարհի ոգին ազդել մեզ վրա։
• Ինչպե՞ս կարող ենք դիմադրել աշխարհի ոգուն։
[նկար 21–րդ էջի վրա]
Աշխատանքի կամ դպրոց գնալուց առաջ աղոթիր սուրբ ոգին ստանալու համար
[նկարներ 23–րդ էջի վրա]
Մենք միշտ պետք է մեր միտքը մաքուր պահենք, գործարար հարաբերություններում լինենք ազնիվ, իսկ սովորություններում՝ չափավոր