«Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք»
«Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 ՊԵՏ. 3։11)։
1. Պետրոս առաքյալի երկրորդ նամակը ինչո՞ւ էր ժամանակահարմար հորդոր իր օրերի քրիստոնյաների համար։
ԵՐԲ Պետրոս առաքյալը գրեց իր երկրորդ նամակը, քրիստոնեական ժողովն արդեն բազմաթիվ հալածանքներ էր կրել։ Բայց այն շարունակում էր հոգևորապես աճել և նախանձախնդրությամբ ծառայել։ Այդ պատճառով Բանսարկուն սկսել էր մեկ այլ մեթոդ օգտագործել, որը նախկինում շատ անգամ հաջողվել էր։ Ինչպես նշում է Պետրոսը, Սատանան փորձում էր ապականել Աստծու ժողովրդին կեղծ ուսուցիչների միջոցով, որոնք «աչքեր ունեին՝ շնությամբ լեցուն» և որոնց «սրտերը ագահության էին վարժված» (2 Պետ. 2։1–3, 14; Հուդա 4)։ Ուստի առաքյալն իր երկրորդ նամակում քրիստոնյաներին հորդորում է հավատարիմ մնալ Եհովային։
2. Ինչի՞ վրա է կենտրոնանում 2 Պետրոս 3–րդ գլուխը, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
2 Պետրոսը գրեց. «Ես ճիշտ եմ համարում, որ քանի դեռ այս վրանի մեջ եմ, ձեզ հիշեցումներ տալով արթնացնեմ՝ իմանալով, որ շուտով իմ վրանը հանելու եմ.... Ուստի ամեն ժամանակ ես իմ լավագույնը կանեմ, որ իմ հեռանալուց հետո դուք կարողանաք ինքներդ ձեզ հիշեցնել այս բաները» (2 Պետ. 1։13–15)։ Այո՛, առաքյալը գիտեր, որ շուտով մահանալու է, սակայն ուզում էր, որ քրիստոնյաները չմոռանան իր ժամանակահարմար հիշեցումները։ Դրանք դարձան Աստվածաշնչի մի մասը և այսօր մատչելի են բոլորիս։ Պետրոսի երկրորդ նամակի 3–րդ գլուխը հատկապես մեզ պետք է հետաքրքրի, քանի որ կենտրոնանում է ներկա համակարգի «վերջին օրերի» և փոխաբերական երկինքների ու երկրի կործանման վրա (2 Պետ. 3։3, 7, 10)։ Ի՞նչ խորհուրդ է առաքյալը տալիս մեզ։ Այն կիրառելով՝ ինչպե՞ս կարող ենք արժանանալ Եհովայի հավանությանը։
3, 4. ա) Ի՞նչ բացականչություն արեց Պետրոսը և ի՞նչ նախազգուշացում տվեց։ բ) Ի՞նչ ենք քննելու։
3 Սատանայի աշխարհի կործանման մասին հիշատակելուց հետո Պետրոսը մի բացականչություն արեց. «Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 Պետ. 3։11, 12)։ Առաքյալը գիտեր, որ մոտալուտ «վրէժխնդրութեան օրը» ողջ կմնան միայն նրանք, ովքեր կատարում են Եհովայի կամքը և աստվածահաճո հատկություններ են դրսևորում (Ես. 61։2)։ Այդ պատճառով նա ավելացրեց. «Ուստի դո՛ւք, սիրելինե՛ր, նախապես այս գիտությունն ունենալով, զգո՛ւյշ եղեք, որ նրանց [կեղծ ուսուցիչների] հետ միասին չտարվեք օրենքն արհամարհող մարդկանց մոլորությամբ և չընկնեք ձեր հաստատուն վիճակից» (2 Պետ. 3։17)։
4 Լինելով նրանց թվում, ովքեր «նախապես այս գիտությունն» ունեին՝ Պետրոսը հասկանում էր, որ վերջին օրերում քրիստոնյաները զգույշ պետք է լինեն, հատկապես որ պահեն իրենց անարատությունը։ Ավելի ուշ Հովհաննես առաքյալը հստակ բացատրեց, թե ինչու է դա կարևոր։ Նա տեսիլքում տեսավ, որ Սատանան երկնքից վայր նետվեց և իր «մեծ բարկությունը» թափեց նրանց վրա, ովքեր «պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի մասին վկայելու գործն ունեն» (Հայտն. 12։9, 12, 17)։ Աստծու հավատարիմ օծյալները իրենց հավատարիմ ընկերակիցների՝ «ուրիշ ոչխարների» հետ միասին հաղթանակած են դուրս գալու (Հովհ. 10։16)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել անձամբ մեր մասին։ Կպահե՞նք մեր անարատությունը։ Դա մեզ կհաջողվի, եթե 1) զարգացնենք աստվածահաճո հատկություններ, 2) բարոյապես և հոգևորապես անբիծ ու անարատ մնանք և 3) ճիշտ տրամադրվածություն ունենանք փորձությունների հանդեպ։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս կետերը։
Զարգացրու աստվածահաճո հատկություններ
5, 6. Ի՞նչ հատկություններ պետք է մշակենք և դրա համար ինչո՞ւ է հարկավոր «ամեն ջանք» ներդնել։
5 Ավելի վաղ նույն նամակում Պետրոսը գրել էր. «Որպես պատասխան այս ամենին՝ ամեն ջանք ներդնելով՝ ձեր հավատին ավելացրեք առաքինություն, առաքինությանը՝ գիտություն, գիտությանը՝ ինքնատիրապետում, ինքնատիրապետմանը՝ տոկունություն, տոկունությանը՝ Աստծու հանդեպ նվիրվածություն, Աստծու հանդեպ նվիրվածությանը՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությանը՝ սեր։ Որովհետև եթե այս բաները ձեր մեջ կան և առատանում են, ապա թույլ չեն տա, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտության հարցում անգործունյա կամ անպտուղ լինեք» (2 Պետ. 1։5–8)։
6 Իսկապես, անհրաժեշտ է «ամեն ջանք» ներդնել, որպեսզի կարողանանք աստվածահաճո հատկություններ զարգացնել։ Ջանքեր են հարկավոր ժողովի բոլոր հանդիպումներին հաճախելու, ամեն օր Աստվածաշունչ կարդալու և լավ անձնական ուսումնասիրություն կատարելու համար։ Մենք պետք է լավ գրաֆիկ ունենանք ու շատ ջանքեր գործադրենք, որպեսզի կանոնավորաբար հաճելի և բովանդակալից ընտանեկան երկրպագություն անցկացնենք։ Վերոնշյալ հոգևոր գործերը հեշտ կլինի հետևողականորեն կատարել այն ժամանակ, երբ դրանք սովորություն դառնան մեզ համար ու հատկապես երբ ճաշակենք դրանց բերած օգուտները։
7, 8. ա) Ինչպե՞ս են որոշ քրիստոնյաներ արտահայտվել ընտանեկան երկրպագության երեկոյի մասին։ բ) Ի՞նչ օգուտներ ես դու քաղում ընտանեկան երկրպագությունից։
7 Ընտանեկան երկրպագության երեկոյի մասին մի քույր գրում է. «Դրա շնորհիվ շատ բաներ ենք սովորում»։ Մեկ ուրիշ քույր ասում է. «Անկեղծ ասած՝ տխրեցի, երբ իմացա, որ Գրքի ուսումնասիրության հանդիպումն այլևս չի լինելու։ Դա իմ ամենասիրելի հանդիպումն էր։ Բայց հիմա, երբ արդեն սկսել ենք ընտանեկան երկրպագություն անցկացնել, հասկանում եմ, որ Եհովան գիտի, թե երբ ինչի կարիք ունենք»։ Մի ընտանիքի գլուխ նշում է. «Ընտանեկան երկրպագությունը շատ է օգնում ինձ ու կնոջս։ Այն հարմարեցնում ենք մեր կարիքներին և մեծ օգուտներ քաղում։ Երկուսս էլ զգում ենք, որ սկսել ենք ավելի լավ դրսևորել սուրբ ոգու պտուղը և ծառայության մեջ ավելի շատ ուրախություն ենք ստանում»։ Մեկ ուրիշ ընտանիքի գլուխ պատմում է. «Մեր երեխաները փնտրտուքներ են կատարում և արդյունքում շատ բաներ են սովորում։ Այդ ամենն իրենց մեծ հաճույք է պատճառում։ Այս միջոցառման շնորհիվ համոզվել ենք, որ Եհովան լավատեղյակ է մեր մտահոգություններին և պատասխանում է մեր աղոթքներին»։ Քեզ ծանո՞թ զգացումներ են։
8 Թույլ մի՛ տուր, որ ոչ կարևոր գործերը խանգարեն ընտանեկան երկրպագությանը։ Ահա թե ինչ է պատմում մի ամուսնական զույգ. «Վերջին չորս շաբաթների ընթացքում ամեն հինգշաբթի երեկո ինչ–որ խնդիրներ էին առաջանում մեր ընտանիքում։ Ու թվում էր, թե պիտի հետաձգենք ուսումնասիրությունը, բայց ոչ մի երեկո բաց չթողեցինք»։ Անշուշտ, երբեմն գուցե գրաֆիկիդ մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն լինի։ Սակայն վճռիր չհետաձգել ընտանեկան երկրպագության երեկոն, անգամ մեկ շաբաթով։
9. Ինչպե՞ս Եհովան զորացրեց Երեմիային, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։
9 Մեզ համար լավ օրինակ է Երեմիա մարգարեն։ Նա հոգևոր սննդի կարիք ուներ ու երբ Եհովայից ստացավ այն, մեծապես գնահատեց։ Այդ կերակուրն օգնեց Երեմիային տոկունությամբ քարոզելու անտարբեր մարդկանց։ «Տիրոջ խօսքն ինձ համար.... սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած»,— ասաց նա (Երեմ. 20։8, 9)։ Այն նաև օգնեց մարգարեին տոկալու դժվարին ժամանակներում, որոնք ավարտվեցին Երուսաղեմի կործանումով։ Աստծու Խոսքը մեզ կարող է զորացնել նաև այսօր, և ի տարբերություն Երեմիայի՝ մենք ունենք ամբողջ Աստվածաշունչը։ Ուստի եթե ջանադրաբար ուսումնասիրենք այն և իրերին նայենք Աստծու տեսանկյունից, Երեմիայի պես կկարողանանք ուրախությամբ տոկալ ծառայության մեջ, հավատարիմ մնալ փորձությունների ժամանակ և բարոյապես ու հոգևորապես մաքուր մնալ (Հակ. 5։10)։
Մնա «անբիծ, անարատ»
10, 11. Ինչո՞ւ պետք է ամեն ջանք գործադրենք, որ «անբիծ, անարատ» մնանք, և դա անելու համար ի՞նչ է մեզնից պահանջվում։
10 Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում։ Ուստի չենք զարմանում, որ աշխարհը թաթախված է Եհովային ատելի այնպիսի արարքների մեջ, ինչպիսիք են՝ ագահությունը, այլասերված սեռական հարաբերություններն ու բռնությունը։ Սատանան փորձում է մեզ ներքաշել այդ գործերի մեջ, ուստի հետևյալ մարտավարությունն է բանեցնում. «Եթե Աստծու ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, գուցե հնարավոր լինի ապականել» (Հայտն. 2։13, 14)։ Ուստի պետք է լրջորեն վերաբերվենք Պետրոսի սիրառատ հորդորին. «Ամեն ինչ արեք, որ ի վերջո [Աստված] ձեզ գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։14)։
11 «Ամեն ինչ արեք» արտահայտությունը նման է Պետրոսի ավելի վաղ տված հորդորին՝ ներդնել «ամեն ջանք»։ Ինչ խոսք, Եհովան՝ նա, ով ներշնչել էր Պետրոսին գրելու այս խոսքերը, գիտի, որ մենք պետք է ջանք թափենք, որպեսզի «անբիծ, անարատ» մնանք Սատանայի կեղտոտ աշխարհում, ինչպես նաև մեր սիրտը պաշտպանենք սխալ ցանկություններից (կարդա՛ Առակաց 4։23; Հակոբոս 1։14, 15)։ Դա նաև նշանակում է դեմ կենալ այն մարդկանց, ովքեր տարակուսանքի մեջ են մեր քրիստոնեական կյանքի պատճառով և «[մեր] մասին վիրավորական խոսքերով են արտահայտվում» (1 Պետ. 4։4)։
12. Ինչո՞ւմ է վստահեցնում մեզ Ղուկաս 11։13–ը։
12 Անկատարության պատճառով անվերջ պայքարում ենք ճիշտն անելու համար (Հռոմ. 7։21–25)։ Այդ պայքարում հաջողություն կունենանք միայն այն դեպքում, եթե Եհովային դիմենք օգնության համար, որն առատորեն տալիս է սուրբ ոգին նրանց, ովքեր անկեղծորեն խնդրում են իրենից (Ղուկ. 11։13)։ Այդ ոգին մեր մեջ աստվածահաճո այնպիսի հատկություններ կզարգացնի, որոնք կօգնեն մեզ ոչ միայն չտրվելու գայթակղություններին, այլև դիմագրավելու փորձությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, կշատանան, մինչ Եհովայի օրը մոտենում է։
Թող փորձությունները զորացնեն քեզ
13. Ի՞նչը կօգնի տոկալու փորձությունների ժամանակ։
13 Այս հին համակարգում փորձություններն անխուսափելի են։ Սակայն վհատվելու փոխարեն՝ փորձությունները համարիր լավ հնարավորություն՝ փաստելու քո սերը Աստծու հանդեպ ու զորացնելու հավատդ իր և իր Խոսքի հանդեպ։ Այս առնչությամբ Հակոբոս աշակերտը գրել է. «Եղբայրնե՛րս, երբ հանդիպում եք զանազան փորձությունների, ամենայն ուրախություն համարեք դա՝ իմանալով, որ ձեր հավատի փորձված որակը տոկունություն է առաջ բերում» (Հակ. 1։2–4)։ Հիշիր նաև, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9)։
14. Ինչպե՞ս է Հովսեփի օրինակը քաջալերում քեզ։
14 Քննենք Հակոբի որդի Հովսեփի օրինակը։ Նրան իր եղբայրները ստրկության վաճառեցին (Ծննդ. 37։ 23–28; 42։21)։ Արդյոք Հովսեփը կորցրե՞ց իր հավատը այդ դաժան արարքի պատճառով։ Դառնացած մեղադրե՞ց Աստծուն, որ թույլ էր տվել՝ իրեն այդպիսի չարիք պատահի։ Աստվածաշունչն ասում է՝ ո՛չ։ Բայց սա դեռ ամենը չէր։ Ավելի ուշ նրան մեղադրեցին բռնաբարության փորձ կատարելու մեջ և բանտ գցեցին։ Այս անգամ էլ, սակայն, Հովսեփը նվիրված մնաց Եհովային (Ծննդ. 39։9–21)։ Ավելին, նա թույլ տվեց, որ փորձությունները զորացնեն իրեն, և այդպես վարվելու համար առատորեն վարձատրվեց։
15. Ի՞նչ կարող ենք սովորել Նոեմիի օրինակից։
15 Անշուշտ, փորձությունների պատճառով կարող ենք տխրել կամ վհատվել։ Գուցե Հովսեփն էլ էր երբեմն այդպիսի զգացումներ ունենում։ Աստծու ուրիշ հավատարիմ ծառաները նույնպես ընկել են տխրության ու վհատության գիրկը։ Օրինակ՝ Նոեմին, որը կորցրել էր ամուսնուն ու երկու որդիներին, մի անգամ ասաց. «Ինձ Նոեմի մի կանչէք, ինձ Մարա կանչեցէք [նշանակում է՝ «դառը»]. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ» (Հռութ 1։20, 21)։ Նոեմիի արձագանքը բնական էր ու հասկանալի։ Սակայն Հովսեփի նման՝ նա էլ չկորցրեց Աստծու հանդեպ իր հավատը և պահեց անարատությունը։ Իսկ Եհովան վարձատրեց այդ հրաշալի կնոջը (Հռութ 4։13–17, 22)։ Մխիթարական է, որ գալիք դրախտում Աստված կվերացնի Սատանայի և նրա չար աշխարհի պատճառած բոլոր վնասները։ «Առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Ես. 65։17)։
16. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք աղոթքներին և ինչո՞ւ։
16 Ինչ փորձությունների էլ բախվենք, կկարողանանք տոկալ, եթե հիշենք, որ Աստված միշտ սիրում է մեզ (կարդա՛ Հռոմեացիներ 8։35–39)։ Թեև Սատանան անդադար փորձելու է վհատեցնել մեզ, նրա ջանքերը կձախողվեն, եթե լինենք «ողջամիտ և աղոթքների հարցում՝ զգոն» (1 Պետ. 4։7)։ Հիսուսն ասել է. «Ուրեմն արթո՛ւն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21։36)։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսը օգտագործեց «աղաչանքներ» բառը, որը թախանձագին աղոթքն է։ Հորդորելով մեզ աղաչանքներ անել՝ նա ընդգծեց հետևյալ միտքը. ժամանակն է, որ լուրջ վերաբերվենք այն հարցին, թե ինչպես ենք «կանգնած» իր և իր Հոր առաջ։ Միմիայն նրանք, ովքեր ունեն Աստծու հավանությունը, կարող են հուսալ, որ կվերապրեն Եհովայի օրից։
Ակտիվ եղիր ծառայության մեջ
17. Եթե քո տարածքում քարոզելը դժվար է, ինչպե՞ս կարող են քեզ օգնել մարգարեների լավ օրինակները։
17 Հոգևոր գործերով զբաղվելը թարմացնում է մեզ։ Դա հիշեցնում է Պետրոսի խոսքերը, որն ասաց. «Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 Պետ. 3։11)։ Այս գործերից ամենակարևորը բարի լուրը քարոզելն է (Մատթ. 24։14)։ Իհարկե, որոշ տարածքներում դժվար է քարոզել, որովհետև մարդիկ անտարբեր են, հակառակվում են կամ էլ պարզապես ծանրաբեռնված են առօրյա գործերով։ Եհովայի վաղեմի ծառաները նույնպես բախվել են նման դժվարությունների։ Սակայն երբեք չեն հանձնվել, այլ շարունակել են «նորից ու նորից» (ՆԱ) գնալ ու հայտնել Աստծու պատգամը (կարդա՛ Բ Մնացորդաց 36։15, 16; Երեմ. 7։24–26)։ Ի՞նչն է օգնել նրանց տոկալու։ Այն, որ իրենց հանձնարարությանը նայել են Եհովայի տեսանկյունից և ոչ թե աշխարհի։ Նաև մեծ պատիվ են համարել Աստծու անունը կրելը (Երեմ. 15։16)։
18. Ինչպե՞ս է Թագավորության լուրի մասին հռչակելը անդրադառնալու Աստծու անվան սրբացման վրա ապագայում։
18 Մենք նույնպես պատիվ ունենք հայտնելու Եհովայի անվան ու նպատակների մասին։ Մտածիր. մեր քարոզչական աշխատանքի շնորհիվ դատաստանի ժամանակ Աստծու թշնամիները չեն կարողանա պնդել, թե երբեք չեն լսել Եհովայի ու նրա նպատակների մասին։ Փարավոնի պես՝ այդ մարդիկ կիմանան, որ իրենց դեմ գործողը Եհովան է (Ելից 8։1, 20; 14։25)։ Միևնույն ժամանակ, Աստված կպատվի իր հավատարիմ ծառաներին՝ հստակ ցույց տալով, որ նրանք են եղել իր ներկայացուցիչները (կարդա՛ Եզեկիել 2։5; 33։33)։
19. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ցանկանում ենք օգուտներ քաղել Եհովայի համբերությունից։
19 Երկրորդ նամակի վերջին հատվածում Պետրոսն իր հավատակիցներին գրեց. «Մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք» (2 Պետ. 3։15)։ Այո՛, եկեք շարունակենք օգուտներ քաղել Եհովայի համբերությունից՝ զարգացնելով աստվածահաճո հատկություններ, մնալով «անբիծ, անարատ», ճիշտ տրամադրվածություն ունենալով փորձությունների հանդեպ և ակտիվորեն մասնակցելով Թագավորության գործին։ Այդպես վարվելով՝ անթիվ օրհնություններ ստանալու հույս կունենանք, որոնք կբերեն «նոր երկինքն ու նոր երկիրը» (2 Պետ. 3։13)։
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս կարող ենք աստվածահաճո հատկություններ զարգացնել։
• Ինչպե՞ս կարող ենք «անբիծ, անարատ» մնալ։
• Ի՞նչ ենք սովորում Հովսեփի և Նոեմիի օրինակներից։
• Ինչո՞ւ է քարոզչական գործին մասնակցելը մեծ առանձնաշնորհում։
[Նկար 9–րդ էջի վրա]
Ի՞նչը կօգնի ամուսնուն զարգացնելու աստվածահաճո հատկություններ թե՛ իր, թե՛ ընտանիքի անդամների մեջ
[Նկարներ 10–րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես էր Հովսեփը վերաբերվում փորձություններին