Լիարժեքորեն մասնակցիր հոգևոր մեծ հնձին
«Շատ բան ունեցեք անելու Տիրոջ գործում» (1 ԿՈՐՆԹ. 15։58)։
1. Ի՞նչ հրավեր տվեց Հիսուսն իր աշակերտներին։
ԵՐԵՍՈՒՆ թվականին Սամարիայի միջով անցնելիս Հիսուսը կանգ առավ, որ հանգստանա Սյուքար քաղաքի մոտակայքում գտնվող ջրհորի մոտ։ Այնտեղ նա ասաց իր աշակերտներին. «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և նայեք արտերին, որ սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35)։ Հիսուսը նկատի ուներ ոչ թե բառացի, այլ հոգևոր հունձը. այն, որ հավաքվելու էին արդար մարդիկ, որոնք դառնալու էին իր հետևորդները։ Փաստորեն, նա հրավիրում էր իր աշակերտներին մասնակցելու մի մեծ հնձի, որը պետք է ավարտին հասցվեր շատ կարճ ժամանակահատվածում։
2, 3. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ ապրում ենք հնձի օրերում։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Հիսուսի այդ խոսքերը առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, քանի որ ապրում ենք այնպիսի օրերում, երբ աշխարհի դաշտը «սպիտակել է հնձի համար»։ Մենք առանձնաշնորհում ունենք մասնակցելու երբևէ տեղի ունեցող ամենամեծ հնձին, որն արվում է հնձի Տիրոջ՝ Եհովա Աստծու վերահսկողության ներքո։ Ամեն տարի միլիոնավոր մարդկանց առաջարկվում է իմանալ կենսատու ճշմարտությունները, և հազարավոր մարդիկ մկրտվում են՝ դառնալով նոր աշակերտներ։ Իսկ դու «շա՞տ բան ունես» անելու հնձի գործում (1 Կորնթ. 15։58)։
3 Հիսուսը երեքուկես տարվա ընթացքում բազում դասեր սովորեցրեց իր աշակերտներին, որպեսզի նրանք դառնան հնձվորներ։ Այս հոդվածում կքննենք դրանցից երեքը։ Յուրաքանչյուր դաս ընդգծում է մի հատկություն, որը շատ արժեքավոր է մեզ համար, մինչ ձգտում ենք անել մեր լավագույնը աշակերտների ներկայիս հավաքի ժամանակ։ Եկեք հերթականությամբ քննենք այդ հատկությունները։
Խոնարհությունը կարևոր է
4. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց խոնարհության կարևորությունը։
4 Պատկերացրու հետևյալ տեսարանը. աշակերտները քիչ առաջ վիճում էին այն մասին, թե իրենցից ով է ամենամեծը։ Թերևս նրանց դեմքին կարելի է կարդալ կասկածամտություն և թշնամանք։ Ուստի Հիսուսը կանչում է մի երեխայի և կանգնեցնում նրանց միջև։ Աշակերտների ուշադրությունը հրավիրելով փոքրիկի վրա՝ նա ասում է. «Ով որ իր անձը խոնարհեցնի [«փոքր դարձնի», Byington] այս երեխայի նման, նա է մեծ երկնքի թագավորության մեջ» (կարդա՛ Մատթեոս 18։1–4)։ Աշխարհի մարդկանց պես մտածելու փոխարեն, որոնք ուրիշների մասին դատում են՝ ելնելով նրանց ունեցած իշխանությունից, հարստությունից և դիրքից՝ աշակերտները պետք է հասկանային, որ իրենց մեծությունը կախված է ուրիշների աչքում իրենց «փոքր դարձնելուց»։ Եհովան կօրհներ և կօգտագործեր նրանց միայն այն դեպքում, եթե իսկապես խոնարհ լինեին։
5, 6. Ինչո՞ւ պետք է խոնարհ լինենք հնձի գործին լիարժեքորեն մասնակցելու համար։ Պարզաբանի՛ր օրինակով։
5 Այսօր շատերը իրենց կյանքը նվիրում են իշխանություն, հարստություն կամ դիրք ձեռք բերելուն։ Արդյունքում նրանք գրեթե կամ ընդհանրապես ժամանակ չեն հատկացնում հոգևորին (Մատթ. 13։22)։ Մինչդեռ Աստծու ժողովուրդը երջանիկ է, որ «փոքր է դարձնում» իրեն ուրիշների աչքում՝ հնձի Տիրոջ օրհնությունն ու հավանությունը ստանալու համար (Մատթ. 6։24; 2 Կորնթ. 11։7; Փիլիպ. 3։8)։
6 Ահա թե ինչ է պատմում Ֆրանսիսկու անունով մի երեց, որը ծառայում է Հարավային Ամերիկայում։ Երիտասարդ տարիքում նա թողեց համալսարանը և ռահվիրայություն սկսեց։ Եղբայրը հիշում է. «Երբ նշանվեցի, կարող էի մի լավ աշխատանք գտնել, որի շնորհիվ ես ու կինս ֆինանսապես ապահովված կլինեինք։ Սակայն մենք որոշեցինք պարզեցնել մեր կյանքը և շարունակել լիաժամ ծառայությունը։ Հետագայում երեխաներ ունեցանք, հոգսերն էլ ավելացան։ Բայց Եհովայի օգնությամբ մենք հավատարիմ մնացինք մեր որոշմանը»։ Ֆրանսիսկուն եզրափակում է. «Ավելի քան 30 տարի է՝ առանձնաշնորհում ունեմ ծառայելու որպես երեց, բացի այդ, մի շարք այլ նշանակումներ եմ ունեցել։ Մենք մի վայրկյան անգամ չենք ափսոսացել, որ այսպիսի ընտրություն ենք կատարել»։
7. Ինչպե՞ս ես դու կիրառել Հռոմեացիներ 12։16–ում տրված խորհուրդը։
7 Եթե մերժես այս աշխարհի «մեծ–մեծ բաները» և «առաջնորդվես համեստ բաներով», դու նույնպես կարող ես բազմաթիվ օրհնություններ և առանձնաշնորհումներ վայելել հնձի գործում (Հռոմ. 12։16; Մատթ. 4։19, 20; Ղուկ. 18։28–30)։
Ջանասիրությունը պարգևատրվում է
8, 9. ա) Ամփոփ պատմիր տաղանդների առակը։ բ) Ո՞ւմ համար է հատկապես քաջալերական այս առակը։
8 Հնձի գործին լիարժեքորեն մասնակցելու համար մենք պետք է նաև ջանասեր լինենք։ Հիսուսը ցույց տվեց դա տաղանդների առակովa։ Այդ առակը մի մարդու մասին է, որը պատրաստվում է գնալ ուրիշ երկիր և դրանից առաջ իր ունեցվածքը հանձնում է իր երեք ծառաներին։ Առաջին ծառան ստանում է հինգ, երկրորդը՝ երկու, իսկ երրորդը՝ մեկ տաղանդ։ Երբ նրանց տերը գնում է, առաջին երկու ծառաները ջանասիրությամբ են վարվում և իրենց տաղանդները անմիջապես «գործի մեջ են դնում»։ Ի տարբերություն նրանց՝ երրորդ ծառան «ծույլ» է լինում։ Նա իր տաղանդը հողի մեջ է թաքցնում։ Երբ տերը վերադառնում է, պարգևատրում է առաջին երկու ծառաներին՝ նրանց «շատ բաների վրա» նշանակելով։ Իսկ երրորդ ծառայից վերցնում է տաղանդը և վռնդում իր տնից (Մատթ. 25։14–30)։
9 Անկասկած, դու ցանկանում ես ընդօրինակել Հիսուսի առակի ջանասեր ծառաներին և հնարավորինս մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին։ Սակայն ի՞նչ կարող ես անել, եթե հանգամանքների բերումով ի վիճակի չես անելու այնքան, որքան ցանկանում ես։ Հնարավոր է՝ տնտեսական խնդիրների պատճառով ստիպված ես շատ աշխատել ընտանիքիդ կարիքները հոգալու համար։ Կամ գուցե այլևս չունես երիտասարդական ուժ և լավ առողջություն։ Այդ դեպքում տաղանդների առակը քաջալերական կլինի քեզ համար։
10. Առակում հիշատակված տերը ինչպե՞ս ողջամտություն դրսևորեց, և ինչո՞ւ է դա քաջալերական քեզ համար։
10 Ուշագրավն այն է, որ առակում հիշատակված տերը հաշվի առավ, որ իր ծառաները տարբեր հնարավորություններ ունեն։ Այդ պատճառով նա «յուրաքանչյուրին իր կարողության համեմատ» տաղանդ տվեց (Մատթ. 25։15)։ Ինչպեսև ակնկալվում էր, առաջին ծառան ավելի մեծ շահ ստացավ, քան երկրորդը։ Բայցևայնպես, տերը երկու ծառաների ջանասիրությունն էլ գնահատեց՝ կոչելով նրանց «բարի և հավատարիմ» ու նույն վարձատրությունը տալով (Մատթ. 25։21, 23)։ Նմանապես, հնձի Տերը՝ Եհովա Աստված, գիտի, որ հանգամանքներդ կարող են ազդել քո ծառայության վրա։ Նա անպայման կգնահատի իրեն ծառայելու քո սրտանց ջանքերը և կվարձատրի (Մարկ. 14։3–9; կարդա՛ Ղուկաս 21։1–4)։
11. Օրինակով ցույց տուր, թե դժվար հանգամանքներում ջանասիրություն դրսևորելը ինչպես է առատ օրհնություններ բերում։
11 Բրազիլիայում ապրող մի քրոջ՝ Սելմիրայի օրինակը ցույց է տալիս, որ ծառայության մեջ ջանասեր լինելը կախված չէ բարենպաստ հանգամանքներից։ Քսան տարի առաջ Սելմիրայի ամուսինը սպանվեց ավազակային հարձակման ժամանակ, և նա ստիպված էր մենակ մեծացնել իր երեք երեխաներին։ Քույրը աշխատանք գտավ, որն իրենից շատ ժամանակ էր խլում. նա ուրիշների տներում մաքրություն էր անում և աշխատանքի վայր հասնելու համար ստիպված էր երկար ճանապարհ անցնել մետրոյով, որը միշտ լիքն էր մարդկանցով։ Չնայած այս դժվարություններին՝ Սելմիրան իր գործերը այնպես դասավորեց, որ կարողանա ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Հետագայում իր երեք երեխաներից երկուսը նույնպես դարձան ընդհանուր ռահվիրաներ։ «Տարիների ընթացքում ավելի քան 20 մարդու հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել, և նրանք դարձել են իմ «ընտանիքի» անդամները,— պատմում է քույրը։— Մինչ օրս վայելում եմ նրանց սերն ու ընկերակցությունը։ Դա մի գանձ է, որը փողով չես գնի»։ Այո՛, հնձի Տերը վարձատրեց Սելմիրային իր ջանասիրության համար։
12. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ջանասեր ենք քարոզչական գործում։
12 Եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս քեզ շատ ծառայել, կարող ես նպատակ դնել հնձի գործն անել ավելի արդյունավետ։ Կիրառելով Ծառայողական հանդիպման ժամանակ տրվող գործնական խորհուրդները՝ կբարելավես քարոզչական հմտություններդ և վկայություն կտաս նորանոր մեթոդներով (2 Տիմոթ. 2։15)։ Նաև գուցե գրաֆիկիդ մեջ փոփոխություններ մտցնես և հետաձգես ոչ կարևոր գործերը, որպեսզի կանոնավորաբար մասնակցես քարոզչական ծառայությանը (Կող. 4։5)։
13. Ի՞նչը կօգնի քեզ լինելու ջանասեր։
13 Հիշիր, որ երախտագետ սիրտն է մղում մարդուն լինելու ջանասեր (Սաղ. 40։8)։ Հիսուսի առակում հիշատակված երրորդ ծառան վախենում էր իր տիրոջից՝ կարծելով, որ նա խստապահանջ և անխոհեմ մարդ է։ Այդ պատճառով տիրոջ ունեցվածքը շատացնելու փոխարեն՝ նա տաղանդը թաքցրեց հողի մեջ։ Որպեսզի չունենանք այդպիսի անտարբեր վերաբերմունք, պետք է զարգացնենք և պահպանենք ջերմ փոխհարաբերություններ հնձի Տիրոջ՝ Եհովայի հետ։ Ժամանակ տրամադրիր ուսումնասիրելու և խորհրդածելու նրա հատկությունների՝ սիրո, համբերության և ողորմության շուրջ։ Դա կմղի քեզ, որ ծառայության մեջ սրտանց անես քո լավագույնը (Ղուկ. 6։45; Փիլիպ. 1։9–11)։
«Սո՛ւրբ եղեք»
14. Ի՞նչ կարևոր բան է պահանջվում նրանցից, ովքեր ցանկանում են մասնակցել հնձի գործին։
14 Մեջբերելով Եբրայերեն Գրություններից՝ Պետրոս առաքյալը նշում է, թե որն է Աստծու կամքը իր երկրային ծառաների առնչությամբ. «Ձեզ կանչող Սրբի պես՝ դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ վարքի մեջ, որովհետև գրված է. «Սո՛ւրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»» (1 Պետ. 1։15, 16; Ղեւտ. 19։2; Բ Օրին. 18։13)։ Այս խոսքերը շեշտում են, որ հնձի գործին մասնակցողները պետք է թե՛ բարոյապես և թե՛ հոգևորապես մաքուր լինեն։ Մենք կարող ենք համապատասխանել այդ պահանջին, եթե փոխաբերական իմաստով մաքրվենք։ Իսկ ինչպե՞ս։ Աստվածաշնչյան ճշմարտության օգնությամբ։
15. Աստվածաշնչյան ճշմարտությունը ի՞նչ անելու զորություն ունի։
15 Աստվածաշնչյան ճշմարտությունը նման է ջրի, որը մաքրելու հատկություն ունի։ Օրինակ՝ Պողոս առաքյալը գրեց, որ օծյալ քրիստոնյաներից կազմված ժողովը մաքուր է Աստծու աչքում, ինչպես մի անարատ հարս Քրիստոսի համար, որը մաքրել է նրան «ջրի լվացումով՝ խոսքի միջոցով.... որպեսզի սուրբ և առանց արատի» լինի (Եփես. 5։25–27)։ Ավելի վաղ Հիսուսը նույնպես խոսել էր այն մասին, որ իր Հոր ճշմարիտ խոսքերը, որոնք նա քարոզում էր, մաքրելու զորություն ունեն։ Իր աշակերտների հետ խոսելիս Հիսուսն ասաց. «Դուք արդեն մաքուր եք այն խոսքի շնորհիվ, որ ես խոսեցի ձեզ հետ» (Հովհ. 15։3)։ Ուստի աստվածաշնչյան ճշմարտությունը ի զորու է մաքրելու մեզ և՛ բարոյապես, և՛ հոգևորապես։ Եհովան մեր երկրպագությունը կընդունի միայն այն դեպքում, եթե թույլ տանք, որ ճշմարտությունը մաքրի մեզ։
16. Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես և բարոյապես մաքուր լինել։
16 Հնձի գործին մասնակցելու համար առաջին հերթին պետք է արմատախիլ անենք այն գործերը, որոնք բարոյապես և հոգևորապես կպղծեն մեզ։ Որպեսզի արժանի լինենք շարունակելու կատարել այդ պատվավոր գործը, պետք է օրինակելի լինենք Եհովայի բարոյական և հոգևոր բարձր չափանիշները պահելու հարցում (կարդա՛ 1 Պետրոս 1։14–16)։ Ինչպես որ միշտ հետևում ենք մեր անձնական հիգիենային, այնպես էլ պետք է թույլ տանք, որ աստվածաշնչյան ճշմարտությունը անդադար մաքրի մեզ։ Սա նշանակում է, որ պետք է կարդանք Աստվածաշունչը ու հաճախենք ժողովի հանդիպումներին։ Նաև պետք է անկեղծ ջանքեր ներդնենք Եհովայի հիշեցումները մեր կյանքում կիրառելու համար։ Այդպես վարվելով՝ կկարողանանք պայքարել մեր մեղավոր հակումների դեմ և դիմադրել այս աշխարհի ապականիչ ազդեցությանը (Սաղ. 119։9; Հակ. 1։21–25)։ Այո՛, որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստծու Խոսքի ճշմարտության շնորհիվ կարող ենք «լվացվել» նույնիսկ լուրջ մեղքերից (1 Կորնթ. 6։9–11)։
17. Մաքուր մնալու համար աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներին պետք է հետևենք։
17 Թույլ տալի՞ս ես, որ Աստծու Խոսքի ճշմարտությունը մաքրի քեզ։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ քեզ նախազգուշացում է տրվում հեռու մնալ այս աշխարհի ապականող ժամանցի ձևերից (Սաղ. 101։3)։ Խուսափո՞ւմ ես մտերմություն անելուց համադասարանցիներիդ և աշխատակիցներիդ հետ, որոնք չեն ապրում Աստվածաշնչի սկզբունքների համաձայն (1 Կորնթ. 15։33)։ Ջանքեր ներդնո՞ւմ ես, որ հաղթահարես անձնական թուլություններդ, որոնք կարող են քեզ անմաքուր դարձնել Եհովայի աչքում (Կող. 3։5)։ Հեռո՞ւ ես մնում քաղաքական թեմաների շուրջ ծավալվող վեճերից և ազգայնամոլության ոգուց, որը դրսևորվում է մրցակցության ոգով տոգորված բազմաթիվ սպորտաձևերում (Հակ. 4։4)։
18. Բարոյապես և հոգևորապես մաքուր լինելը ինչպե՞ս կօգնի, որ արդյունավետ հնձվորներ լինենք։
18 Եթե հավատարիմ լինես այս հարցերում, հրաշալի արդյունքների կհասնես։ Իր օծյալ աշակերտներին համեմատելով որթատունկի ճյուղերի հետ՝ Հիսուսն ասաց. «Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, [իմ Հայրը] հեռացնում է, և ամեն մեկին, որ պտուղ է տալիս, նա մաքրում է, որ ավելի շատ պտուղ տա» (Հովհ. 15։2)։ Եթե թույլ տաս, որ Աստվածաշնչի ճշմարտության ջրերը մաքրեն քեզ, ավելի շատ պտուղ կտաս։
Օրհնություններ այժմ և ապագայում
19. Հնձի գործում Հիսուսի աշակերտների ներդրած ջանքերը ինչպե՞ս օրհնվեցին։
19 Այն հավատարիմ աշակերտները, որոնք կիրառեցին Հիսուսի սովորեցրած դասերը, 33թ. Պենտեկոստեին ստացան սուրբ ոգին, որի շնորհիվ վկայություն տվեցին «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8)։ Նրանք ծառայեցին որպես կառավարիչ մարմնի անդամներ, միսիոներներ, շրջագայող երեցներ և կարևոր դեր խաղացին բարի լուրը «երկնքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը» քարոզելու մեջ (Կող. 1։23)։ Ի՜նչ մեծ օրհնություններ նրանք «քաղեցին» և ի՜նչ ուրախություն պատճառեցին ուրիշներին։
20. ա) Ի՞նչ օրհնություններ ես ստացել հոգևոր հնձին լիարժեքորեն մասնակցելու համար։ բ) Ի՞նչ նպատակ ես դրել։
20 Այո՛, խոնարհություն և ջանասիրություն ցուցաբերելով, ինչպես նաև Աստծու Խոսքի բարձր չափանիշներից կառչած լինելով՝ կշարունակենք լիարժեքորեն և արդյունավետորեն մասնակցել ներկայիս հոգևոր մեծ հնձին։ Մինչ շատերը տառապում են ցավից և հուսահատությունից, որը բերում է այս աշխարհի նյութապաշտ և հաճոյասեր ապրելակերպը, մենք վայելում ենք իսկական ուրախություն և բավարարվածություն (Սաղ. 126։6)։ Իսկ ամենակարևորն այն է, որ մեր «աշխատանքը զուր չէ Տիրոջով» (1 Կորնթ. 15։58)։ Հնձի Տերը՝ Եհովա Աստված, կպարգևատրի մեզ հավիտենական օրհնություններով, քանի որ նա չի մոռանա այն «աշխատանքը և այն սերը, որ ցույց տվեցինք իր անվան համար» (Եբր. 6։10–12)։
[Ծանոթագրություն]
a Տաղանդների առակը գլխավորապես Հիսուսի և իր օծյալ աշակերտների փոխհարաբերությունների մասին է, սակայն առակի սկզբունքները կարող են կիրառել բոլոր քրիստոնյաները։
Ինչպե՞ս կպատասխանես
Մինչ ձգտում ես լիարժեքորեն մասնակցել հնձի գործին,
• ինչո՞ւ է կարևոր խոնարհություն դրսևորել,
• ի՞նչը կօգնի քեզ լինելու ջանասեր,
• ինչո՞ւ է անհրաժեշտ բարոյապես ու հոգևորապես մաքուր լինել։
[Նկար 17–րդ էջի վրա]
Խոնարհությունը կօգնի, որ պարզ կյանք վարենք և կենտրոնանանք Թագավորության շահերի վրա