Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Հովհաննես» գրքից
ՀՈՎՀԱՆՆԵՍԸ՝ «այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր», ավետարանագիրներից վերջինն է, ով Աստծուց ներշնչված գրել է Քրիստոսի կյանքի ու ծառայության մասին (Հովհ. 21։20)։ Նա իր անունը կրող Ավետարանը գրել է մոտ 98 թ.–ին։ «Հովհաննես» գրքում շատ քիչ բան է կրկնվում այն տեղեկություններից, որոնք կան մյուս երեք Ավետարաններում։
Ավետարանը գրելիս Հովհաննեսը կոնկրետ նպատակ է ունեցել։ Նա ասում է. «Սրանք գրվեցին, որ դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով՝ դուք կյանք ունենաք նրա անվան միջոցով» (Հովհ. 20։31)։ Ինչ խոսք, նրա հաղորդած տեղեկությունը մեծ արժեք ունի մեզ համար (Եբր. 4։12)։
«ԱՀԱ՛ ԱՍՏԾՈՒ ԳԱՌԸ»
Տեսնելով Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը վստահորեն հայտարարում է. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Հիսուսը գնում է Սամարիա, Գալիլեա, Հրեաստան, Հորդանան գետի արևելյան ափ՝ քարոզելու, ուսուցանելու և հրաշքներ անելու։ «Շատերը գալիս են նրա մոտ և հավատում են նրան» (Հովհ. 10։41, 42)։
Քրիստոսի ամենաուշագրավ հրաշքներից մեկը Ղազարոսի հարությունն է։ Շատերն են հավատում Հիսուսին, երբ տեսնում են, թե ինչպես է չորս օրվա մահացածը կյանքի վերադառնում։ Մինչդեռ քահանայապետներն ու փարիսեցիները խորհուրդ են անում, որ սպանեն Հիսուսին։ Ուստի Հիսուսը այնտեղից գնում է «անապատի մոտ գտնվող տեղանքը՝ Եփրեմ կոչվող քաղաքը» (Հովհ. 11։53, 54)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։35, 40 — Ո՞վ էր այն աշակերտը, որ Անդրեասի հետ կանգնած էր Հովհաննես Մկրտչի կողքին։ Ավետարանագիրը Հովհաննես Մկրտչի մասին խոսելիս միշտ հիշատակում է «Հովհաննես» անունը, բայց իր մասին երբեք անունով չի խոսում։ Ուստի այդ անհայտ աշակերտը ակներևաբար հենց ինքը ավետարանագիր Հովհաննեսն է։
2։20 — Ո՞ր տաճարն է «քառասունվեց տարում կառուցվել»։ Հրեաները նկատի ունեին Զորաբաբելի տաճարի վերակառուցումը Հրեաստանի Հերովդես թագավորի կողմից։ Ըստ պատմագիր Հովսեպոսի՝ այդ աշխատանքները սկսվեցին Հերովդեսի իշխանության 18–րդ տարում, այսինքն՝ մ.թ.ա. 18–ից 17 թվականներին։ Տաճարի սրբարանը և մյուս հիմնական շինությունները կառուցվեցին ութ տարում։ Սակայն ամբողջ տաճարի կառուցումը շարունակվեց մինչև մ.թ. 30–ի Պասեքը և դրանից հետո։ Այդ ժամանակ էր, երբ հրեաներն ասացին, որ տաճարը կառուցվել է 46 տարում։
5։14 — Արդյոք հիվանդությունը մեղք գործելու հետևա՞նք է։ Ոչ միշտ։ Այն մարդը, որին Հիսուսը բուժեց, ժառանգած անկատարության պատճառով հիվանդ էր 38 տարի (Հովհ. 5։1–9)։ Հիսուսը նկատի ուներ այն, որ այդ մարդը ողորմություն ստանալուց հետո պետք է գնա փրկության ճանապարհով և երբեք այլևս գիտակցաբար մեղք չգործի, այլապես նրան հիվանդությունից ավելի վատ բան կպատահի։ Եթե նա այդուհետ աններելի մեղք գործեր, կարժանանար մահվան՝ առանց հարության հույսի (Մատթ. 12։31, 32; Ղուկ. 12։10; Եբր. 10։26, 27)։
5։24, 25 — Ովքե՞ր են «մահից անցնում դեպի կյանք»։ Հիսուսը խոսում է նրանց մասին, ովքեր մի ժամանակ հոգևորապես մահացած էին, բայց լսելով իր խոսքը՝ հավատ են ընծայում նրան և դադարում են մեղավոր ուղով ընթանալուց։ Նրանք «մահից անցնում են դեպի կյանք» այն իմաստով, որ մահվան դատապարտությունը վերցվում է նրանցից, և նրանց շնորհվում է հավիտյան ապրելու հույսը, քանի որ նրանք հավատում են Աստծուն (1 Պետ. 4։3–6)։
5։26; 6։53 — Ի՞նչ է նշանակում «կյանք ունենալ իր մեջ»։ Հիսուս Քրիստոսի համար դա նշանակում է, որ Աստված երկու առանձնահատուկ ունակություն է տվել իրեն. նա կարող է մարդկանց արժանացնել Աստծու բարեհաճությանը և մահացածներին կյանքի վերադարձնել՝ նրանց հարություն տալով։ Հիսուսի հետևորդների համար «կյանք ունենալ իրենց մեջ» նշանակում է կյանք ունենալ բառի լիակատար իմաստով։ Օծյալ քրիստոնյաները սկսում են այդ կյանքով ապրել, երբ հարություն են առնում երկնային կյանքի։ Իսկ երկրի վրա ապրելու հույս ունեցող հավատարիմ մարդիկ լիակատար իմաստով կվայելեն կյանքը միայն վերջնական փորձությունը անցնելուց հետո, որը տեղի կունենա Քրիստոսի Հազարամյա Իշխանության ավարտից անմիջապես հետո (1 Կորնթ. 15։52, 53; Հայտն. 20։5, 7–10)։
6։64 — Հուդա Իսկարիովտացուն ընտրելու ժամանակ Հիսուսը գիտե՞ր, որ նա մատնելու է իրեն։ Ակներևաբար ոչ։ Մի անգամ մ.թ. 32–ին, սակայն, Հիսուսը իր առաքյալներին ասաց. «Ձեզանից մեկը զրպարտիչ է»։ Հավանական է՝ Հիսուսը Հուդա Իսկարիովտացու մեջ նկատել էր սխալ ընթացքի «սկիզբը», այսինքն՝ Հուդան սկսել էր մեղավոր ուղով ընթանալ (Հովհ. 6։66–71)։
Դասեր մեզ համար
2։4. Հիսուսը Մարիամին ուզում էր ասել, որ ինքը, լինելով Աստծու մկրտված և օծված Որդին, պետք է հետևի իր երկնային Հոր առաջնորդությանը։ Թեև Հիսուսը նոր էր սկսել ծառայությունը, բայց շատ լավ գիտեր, թե իրեն հանձնարարված գործը, ներառյալ իր զոհագործական մահը, ո՛ր «ժամին», այսինքն՝ երբ պիտի կատարվի։ Նույնիսկ հարազատը՝ ընտանիքի անդամը, ինչպես օրինակ՝ Մարիամը, չէր կարող խանգարել նրան կատարելու Աստծու կամքը։ Մենք պետք է ծառայենք Եհովա Աստծուն նման վճռականությամբ։
3։1–9. Հրեաների իշխաններից մեկի՝ Նիկոդեմոսի օրինակից երկու բան ենք սովորում։ Առաջին՝ Նիկոդեմոսը դրսևորեց խոնարհություն, խորաթափանցություն, փաստեց, որ գիտակցում է իր հոգևոր կարիքները՝ ընդունելով, որ համեստ ատաղձագործի որդին Աստծուց ուղարկված ուսուցիչ է։ Ճշմարիտ քրիստոնյաները պետք է խոնարհ լինեն։ Երկրորդ՝ Նիկոդեմոսը վարանում էր աշակերտ դառնալ, մինչ Հիսուսը երկրի վրա էր։ Գուցե պատճառն այն էր, որ նա մարդավախ էր, չէր ուզում կորցնել Սինեդրիոնում ունեցած դիրքը կամ էլ կապված էր իր ունեցվածքին։ Այս ամենից կարող ենք արժեքավոր դաս քաղել. չպետք է թույլ տանք, որ նման հակումները հետ պահեն մեզ «մեր տանջանքի ցիցը վերցնելուց ու շարունակ Հիսուսին հետևելուց» (Ղուկ. 9։23)։
4։23, 24. Որպեսզի մեր մատուցած երկրպագությունը ընդունելի լինի Աստծուն, այն պետք է համապատասխանի Աստվածաշնչի ճշմարտություններին և առաջնորդվի սուրբ ոգով։
6։27. Աշխատել «հավիտենական կյանքի համար մնացող ուտելիքի համար» նշանակում է ջանք անել բավարարելու հոգևոր կարիքները։ Մենք երջանիկ կլինենք, եթե այդպես անենք (Մատթ. 5։3)։
6։44. Եհովան խորապես հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Նա հոգ է տանում, որ մենք անհատապես լսենք բարի լուրը և սուրբ ոգու միջոցով հասկանանք ու կիրառենք հոգևոր ճշմարտությունները ու այդպիսով ձգվենք դեպի իր Որդին։
11։33–36. Հույզերն արտահայտելը թուլության նշան չէ։
«ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՆՐԱՆ»
Մոտենում է 33 թ. Պասեքը, և Հիսուսը վերադառնում է Բեթանիա։ Նիսանի 9–ին նա գալիս է Երուսաղեմ՝ էշի քուռակի վրա նստած։ Նիսանի 10–ին Հիսուսը կրկին տաճարում է։ Նա աղոթում է, որ իր Հոր անունը փառավորվի, և ի պատասխան՝ երկնքից ձայն է լսվում. «Փառավորեցի՛ և դարձյա՛լ կփառավորեմ» (Հովհ. 12։28)։
Պասեքի ընթրիքի ժամանակ Հիսուսը վերջին խորհուրդներն է տալիս իր հետևորդներին և աղոթում է նրանց համար։ Նրան ձերբակալում են, դատում ու ցցին գամում։ Այնուհետև Հիսուսը հարություն է առնում։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
14։2 — Ի՞նչ էր նշանակում այն, որ Հիսուսը պիտի երկնքում «տեղ պատրաստեր» իր հավատարիմ հետևորդների համար։ Հիսուսը վավերացնելու էր նոր ուխտը՝ գալով Աստծու առաջ և իր արյան արժեքը ներկայացնելով նրան։ Տեղ պատրաստելու մեջ էր մտնում նաև Հիսուսի՝ թագավորական իշխանություն ստանալը, որից հետո սկսվելու էր իր օծյալ հետևորդների երկնային կյանքի հարությունը (1 Թեսաղ. 4։14–17; Եբր. 9։12, 24–28; 1 Պետ. 1։19; Հայտն. 11։15)։
14։16, 17; 16։7, 8, 13, 14 — Ինչո՞ւ է օգնականի, կամ՝ ճշմարտության ոգու համար Հովհաննես 14։16, 17–ում օգտագործվում «այն» դերանունը, մինչդեռ Հովհաննես 16։7, 8, 13, 14–ում՝ «նա», «նրա» դերանունները։ Պատճառը զուտ քերականական է։ Հունարեն լեզվում, որով գրվել է Հովհաննեսի Ավետարանը, «օգնական» բառը արական սեռի է, իսկ «ոգի» բառը՝ չեզոք։ Հիսուսի խոսքերն արձանագրելիս Հովհաննեսը օգտագործել է արական սեռի դերանուն, ինչպես օրինակ՝ «նա», «նրան»՝ խոսելով այն մասին, թե ինչ է անելու կամ կատարելու օգնականը։ Իսկ խոսելով այն մասին, թե ինչ է ամբողջացնելու կամ ավարտին հասցնելու ճշմարտության ոգին՝ օգտագործել է «այն» չեզոք սեռի դերանունը։
19։11 — Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ Հուդա Իսկարիովտացուն, երբ Պիղատոսի հետ խոսեց իրեն մատնողի մասին։ Հուդային կամ որևէ այլ կոնկրետ անձնավորության ակնարկելու փոխարեն՝ Հիսուսը, ըստ ամենայնի, նկատի ուներ բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին իրեն սպանելու ծրագրին։ Նրանց մեջ էին Հուդան, «ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը» և նույնիսկ «ամբոխը», որին ավագ քահանաներն ու երեցները համոզեցին, որ պահանջի ազատ արձակել Բարաբբային (Մատթ. 26։59–65; 27։1, 2, 20–22)։
20։17 — Ինչո՞ւ Հիսուսը Մարիամ Մագդաղենացուն ասաց, որ չկառչի իրենից։ Մարիամը ակներևաբար կառչել էր Հիսուսից, քանի որ կարծում էր, թե նա բարձրանալու է երկինք, և ինքը այլևս երբեք չի տեսնելու նրան։ Վստահեցնելու համար, որ դեռևս չի հեռանում՝ Հիսուսը ասաց նրան, որ չկառչի իրենից, այլ գնա ու աշակերտներին հայտնի իր հարության լուրը։
Դասեր մեզ համար
12։36. Որպեսզի դառնանք «լույսի որդիներ», կամ՝ լուսակիրներ, պետք է ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք Աստվածաշնչից՝ Աստծու Խոսքից։ Այնուհետև մենք պետք է այդ գիտելիքների միջոցով օգնենք մարդկանց հոգևոր խավարից գալու դեպի Աստծու լույսը։
14։6. Մենք չենք կարող Աստծու հավանությանն արժանանալ այլ կերպ, քան Հիսուս Քրիստոսի միջոցով։ Միայն Հիսուսի հանդեպ հավատ ընծայելու և նրա օրինակին հետևելու շնորհիվ կկարողանանք մտերմանալ Եհովայի հետ (1 Պետ. 2։21)։
14։15, 21, 23, 24; 15։10. Աստծու կամքին հնազանդվելը կօգնի մնալ Եհովայի և նրա Որդու սիրո մեջ (1 Հովհ. 5։3)։
14։26; 16։13. Եհովայի սուրբ ոգին կրթում է մեզ, ինչպես նաև հիշեցնում է մեր իմացած բաները։ Այն նաև ճշմարտություններ է բացում։ Ուստի կարող է օգնել մեզ, որ ավելացնենք մեր գիտելիքները և դառնանք ավելի իմաստուն, խորաթափանց ու տրամաբանող։ Հետևաբար, պետք է շարունակ աղոթենք՝ հատկապես խնդրելով սուրբ ոգին (Ղուկ. 11։5–13)։
21։15, 19. Հիսուսը Պետրոսին հարցրեց, թե արդյո՞ք իրեն սիրում է «սրանցից» առավել, այսինքն՝ իրենց առջև դրված ձկներից ավելի շատ։ Հիսուսն այդպիսով ընդգծեց այն, որ Պետրոսը պետք է ամբողջ ժամանակ հետևի Իրեն՝ ձկնորսությամբ զբաղվելու փոխարեն։ Քննելով Ավետարանները՝ մենք վճռական ենք դառնում սիրելու Հիսուսին ավելի շատ, քան այլ բաներ, որոնք գուցե մեզ դուր գան։ Թող որ ամբողջ սրտով շարունակենք հետևել նրան։
[նկար 31–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող ենք սովորել Նիկոդեմոսից