Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. հովվի կյանքը
«Հովվի պես նա հովվելու է իր հոտը։ Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց։ Նա հոգատարությամբ է տանելու ծիծ տվողներին» (ԵՍԱՅԻԱ 40։11)։
ՀՈՎԻՎՆԵՐԻ մասին բազմիցս հիշատակվում է Աստվածաշնչում՝ առաջին գրքից՝ «Ծննդոցից», մինչև վերջին գիրքը՝ «Հայտնություն» (Ծննդոց 4։2; Հայտնություն 12։5)։ Մեծ մարդիկ, ինչպիսիք էին Աբրահամը, Մովսեսը և Դավիթ թագավորը, հովիվներ են եղել։ Դավիթը սաղմոսներում գեղեցիկ խոսքերով նկարագրել է, թե ինչպես է լավ հովիվը կատարում իր գործը և հոգ տանում հոտին։ Իսկ մի սաղմոսում, որը գրել է Ասափը, խոսվում է, թե ինչպես էր Դավիթը հովվում Աստծու ժողովրդին (Սաղմոս 78։70–72)։
Հիսուսի օրերում նույնպես հովվությունը կարևոր աշխատանք էր։ Հիսուսն իր մասին խոսում էր որպես «բարի հովվի» և կարևոր դասեր սովորեցնելու համար հաճախ խոսում էր լավ հովվին հատուկ հատկությունների մասին (Հովհաննես 10։2–4, 11)։ Նույնիսկ Ամենակարող Եհովա Աստված է Աստվածաշնչում նմանեցվում հովվի (Եսայիա 40։10, 11; Սաղմոս 23։1–4)։
Ի՞նչ կենդանիների էին հովվում հովիվները։ Ինչպիսի՞ն էր նրանց աշխատանքը։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից։
Ոչխարներ և այծեր
Հին Իսրայելում հիմնականում տարածված էին ճարպապոչավոր և մորթատու կարակուլյան տեսակի ոչխարները, որոնց խոյերը եղջերավոր էին։ Այս հլու-հնազանդ կենդանիներին հովիվը պետք է պաշտպաներ գիշատիչ կենդանիներից և շրջակա միջավայրի ազդեցությունից։
Հովվի հոգածության տակ եղող հոտի մեջ կային նաև այծեր։ Այծերը հիմնականում սև կամ դարչնագույն էին։ Նրանց երկար, կախ ընկած ականջները քերծվում էին ու պատռվում, երբ մագլցում էին ժայռոտ բլրի լանջերին և արածում մասրենիների ու փշոտ թփերի մեջ։
Հովիվը այծերին ու ոչխարներին սովորեցնում էր հնազանդվել իր «հրամաններին»։ Լավ հովիվը ուշադիր էր հոտի բոլոր կենդանիների հանդեպ և նույնիսկ անուններ էր դնում նրանց, նրանք էլ արձագանքում էին նրա կանչին (Հովհաննես 10։14, 16)։
Հովվության սեզոնը
Գարնանը հովիվն ամեն օր հոտին փարախից տանում էր գյուղի մոտակա արոտավայրերը՝ կանաչ հյութեղ խոտ արածելու։ Այդ սեզոնը ծնելիության շրջան էր, ուստի հոտը բավականին մեծանում էր։ Գարնանը նաև խուզում էին ոչխարներին. այդ առիթով հավաքվում էին ուրախանալու։
Սովորաբար ամեն գյուղացի ուներ մի քանի ոչխար։ Նրանք հովիվ էին վարձում, որը բոլորի ոչխարներին հավաքում էր մեկ հոտի մեջ։ Սովորաբար վարձկան հովիվը ավելի հոգատար էր լինում իր ոչխարների, քան մյուսների հանդեպ (Հովհաննես 10։12, 13)։
Հացահատիկի բերքահավաքից հետո հովիվը ոչխարներին տանում էր գյուղի մոտակա արտերը՝ նոր ծլած խոտով և հնձից մնացած հացահատիկով կերակրելու։ Երբ ամառվա տապը ուժեղանում էր, հովիվներն իրենց հոտերին տանում էին ավելի զով արոտներ՝ դեպի սարերը, որտեղ ոչխարներն արածում էին լանջերի կանաչը։ Սարերում հովիվները օրեր շարունակ բաց երկնքի տակ էին անցկացնում՝ բաց փարախներում հսկելով հոտին։ Երբեմն հովիվը հոտին գիշերը պահում էր քարայրում, որպեսզի պաշտպանված լինի շնագայլերից ու բորենիներից։ Երբ գիշերվա մթին բորենիների ոռնոցը սարսափեցնում էր անում ոչխարներին, հովիվը հանդարտ ձայնով հանգստացնում էր նրանց։
Ամեն երեկո հովիվը հաշվում էր ոչխարներին և զննում նրանց։ Առավոտյան նա ձայն էր տալիս, և հոտը նրա հետևից գնում էր արոտավայր (Հովհաննես 10։3, 4)։ Կեսօրին հովիվը նրանց տանում էր պաղ ջրի ավազանների մոտ։ Երբ այդ ավազանները ցամաքում էին, նրանց տանում էր ջրհորների մոտ և ջուր հանում նրանց համար։
Չոր սեզոնի ավարտին հովիվը հոտին տանում էր ափամերձ տարածքներ ու գետահովիտներ։ Իսկ երբ սկսվում էին ցուրտ եղանակները, նրանց բերում էր տուն, որ փակ գոմերում ձմեռեն, քանի որ անձրևախառը քամիներին, կարկուտին ու ձյանը նրանք չէին դիմանա։ Նոյեմբերից մինչև գարուն հովիվները հոտերին դուրս չէին հանում արածեցնելու։
Անհրաժեշտ իրերը
Հովվի հանդերձանքը պարզ էր և միևնույն ժամանակ՝ դիմացկուն։ Անձրևից և գիշերվա ցրտից պաշտպանվելու համար նա ոչխարի մորթուց թիկնոց էր կրում՝ մորթին դեպի ներս կարված, տակից շապիկ էր հագնում, իսկ գլխին բրդյա կտոր էր կապում։ Սանդալները պաշտպանում էին նրա ոտքերը սուր քարերից ու փշերից։
Հովիվն իր հետ պետք է ունենար հետևյալ անհրաժեշտ իրերը. 1) կաշվե պայուսակ կամ պարկ՝ մեջը ուտելիք, օրինակ՝ հաց, ձիթապտուղ, չիր, պանիր, 2) գավազան՝ սովորաբար 1 մետր երկարության, գնդաձև ծայրով՝ վրան սուր ելուստներ (ծառայում էր որպես զենք), 3) դանակ, 4) ցուպ, որին հենվում էր քայլելիս և սար բարձրանալիս, 5) ջրի սրվակ, 6) ծալովի կաշվե դույլ՝ ջրհորից ջուր հանելու համար, 7) պարսատիկ, որով քարեր էր նետում գիշատիչ կենդանիներին քշելու կամ էլ հոտից առանձնացած ոչխարներին ու այծերին վախեցնելու համար, որպեսզի միանան հոտին, և 8) եղեգնափող, որը նվագում էր հոտին հանգստացնելու և իր հաճույքի համար։
Ի վարձատրություն հովվի հոգատարությանը՝ հոտը տալիս էր նրան կյանքի համար անհրաժեշտ բաներ, օրինակ՝ միս, կաթ, բուրդ։ Բուրդն ու կաշին օգտագործում էին որպես փոխանակության միջոց, դրանցից պատրաստում էին նաև հագուստ և տկեր։ Այծի մազը մանում էին և կտոր հյուսում։ Թե՛ այծերին, թե՛ ոչխարներին երկրպագության մեջ որպես զոհ էին մատուցում։
Օրինակ մեզ համար
Լավ հովիվները աշխատասեր էին, վստահելի և քաջ։ Նրանք նույնիսկ իրենց կյանքն էին վտանգում հոտին պաշտպանելու համար (1 Սամուել 17։34–36)։
Զարմանալի չէ, որ Հիսուսն ու իր աշակերտները քրիստոնյա վերակացուների աշխատանքը համեմատում էին հովվի աշխատանքի հետ (Հովհաննես 21։15–17; Գործեր 20։28)։ Ինչպես աստվածաշնչյան ժամանակների լավ հովիվները, այնպես էլ այսօր քրիստոնեական ժողովի վերակացուները ձգտում են «հովվել [իրենց] հոգածությանը հանձնված Աստծու հոտը ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ» (1 Պետրոս 5։2)։