Աստվածաշնչի գիրք համար 43. Հովհաննես
Գրողը՝ Հովհաննես առաքյալ
Գրվելու վայրը՝ Եփեսոս կամ մերձակայք
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 98թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ. 29–33թթ. (բացի նախաբանից)
1. Աստվածաշնչի համաձայն՝ որքա՞ն մտերիմ է եղել Հիսուսը Հովհաննեսի հետ։
ԱՌԱՋԻՆ դարը մոտենում էր ավարտին։ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի արձանագրությունները ավելի քան 30 տարի էր, ինչ հասանելի էին մարդկանց, և առաջին դարի քրիստոնյաները բարձր էին գնահատում սուրբ ոգուց ներշնչված այդ աշխատությունները։ Հիսուսի հետ եղողների թիվը պակասում էր, ուստի հարց էր ծագում՝ կա՞ր դեռ որևէ բան, որ պիտի ասվեր։ Կա՞ր որևէ մեկը, ով կկարողանար իր հիշողություններից կարևոր մանրամասներ պատմել Հիսուսի ծառայության մասին։ Այո՛, կար։ Տարեց Հովհաննեսը առանձնահատուկ մտերիմ փոխհարաբերություններ էր ունեցել Հիսուսի հետ։ Ակներևաբար, նա Հովհաննես Մկրտչի առաջին աշակերտներից էր, որ ծանոթացել էր Աստծու Գառան հետ, և մեկն էր այն առաջին չորսից, ում Տերը հրավիրել էր մշտապես ուղեկցել իրեն ծառայության մեջ (Հովհ. 1։35–39; Մարկ. 1։16–20)։ Նա մնաց Հիսուսի մտերիմ ընկերը նրա ծառայության ողջ ընթացքում և այն աշակերտն էր, որին «Հիսուսը սիրում էր»։ Նա էր, որ վերջին Պասեքի ժամանակ թիկնել էր Հիսուսի կրծքին (Հովհ. 13։23; Մատթ. 17։1; Մարկ. 5։37; 14։33)։ Նա ներկա էր, երբ Հիսուսին մահվան էին մատնում, և տեսավ նրա տանջանքները։ Այդ ժամանակ էր, որ Հիսուսը նրան վստահեց իր մոր խնամքը։ Եվ նա էր, որ առաջ անցավ Պետրոսից, երբ վազում էին գերեզման՝ հավաստիանալու, որ Հիսուսը այնտեղ չէ (Հովհ. 19։26, 27; 20։2–4)։
2. Ի՞նչը Հովհաննեսին պատրաստեց գրելու Ավետարանը, և ի՞նչ նպատակով նա գրեց այն։
2 Ակտիվ ծառայության մեջ անցկացրած գրեթե 70 տարիները, ինչպես նաև վերջերս Պատմոս կղզի աքսորված լինելու ժամանակ ստացած տեսիլքները, խորհրդածությունները, որ անում էր՝ լինելով միայնության մեջ, պատրաստեցին Հովհաննեսին գրի առնելու այն, ինչ երկար ժամանակ փայփայել էր իր սրտում։ Սուրբ ոգին արթնացրեց նրա միտքը, որ հիշի ու գրի առնի այն բազում թանկագին, կենսատու խոսքերը, որոնց շնորհիվ ամեն մի ընթերցող կհավատար, «որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով՝ կյանք կունենար նրա անվան շնորհիվ» (20։31)։
3, 4. Ի՞նչ ապացույցներ կան, որ այս Ավետարանը ա) կանոնի մի մասն է և բ) գրվել է Հովհաննեսի կողմից։
3 Երկրորդ դարի սկզբում ապրած քրիստոնյաները չէին կասկածում, որ Հովհաննեսն է գրի առել այս արձանագրությունը, և այն համարում էին ներշնչված Գրքերի կանոնի անժխտելի մի մասը։ Կղեմես Ալեքսանդրացին, Իրենեոսը, Տերտուլիանոսը և Օրիգենեսը, որոնք բոլորը ապրել են երկրորդ դարի վերջին և երրորդ դարի սկզբին, վկայում են, որ Հովհաննեսն է գրել այն։ Ավելին, բազում ապացույցներ կան հենց գրքում, որ Հովհաննեսն է գրողը։ Ակնհայտ է, որ գրողը հրեա էր և լավ ծանոթ էր հրեական սովորություններին ու նրանց երկրին (2։6; 4։5; 5։2; 10։22, 23)։ Մանրամասները, որ արձանագրված են այս Ավետարանում, ցույց են տալիս, որ գրողը պարզապես առաքյալ չէր, այլ նաև Հիսուսի երեք մտերիմներից մեկը, ովքեր ուղեկցում էին նրան հատուկ դեպքերում. նրանք էին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը (Մատթ. 17։1; Մարկ. 5։37; 14։33)։ Բացառվում է, որ Հակոբոսը (Զեբեդեոսի որդին) գրած լինի գիրքը, քանի որ նա սպանվեց Հերովդես Ագրիպպաս I-ի կողմից մ.թ. մոտ 44-ին՝ Ավետարանը գրվելուց շատ տարիներ առաջ (Գործ. 12։2)։ Պետրոսը նույնպես չի կարող լինել գրողը, քանի որ նա հիշատակվում է Հովհաննես 21։20–24-ում գիրքն արձանագրողի հետ։
4 Այս եզրափակիչ համարներում գրողի մասին խոսվում է որպես այն աշակերտի, «որին Հիսուսը սիրում էր»։ Այս և նման արտահայտությունները մի քանի անգամ օգտագործվում են Ավետարանում, թեև Հովհաննես առաքյալի անունը ոչ մի տեղ չի նշվում։ Հիսուսը այդ համարներում իր սիրած աշակերտի մասին ասում է. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա, մինչև ես գամ, քե՞զ ինչ» (Հովհ. 21։20, 22)։ Սա նշանակում էր, որ այդ աշակերտը Պետրոսից և մյուս առաքյալներից երկար էր ապրելու։ Այս ամենը համապատասխանում է Հովհաննես առաքյալի նկարագրին։ Հետաքրքիր է, որ Հովհաննեսը «Հայտնություն» գիրքը, որը Հիսուսի գալստի վերաբերյալ զարմանալի մարգարեական տեսիլք է, եզրափակում է հետևյալ խոսքերով. «Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս» (Հայտն. 22։20)։
5. Ե՞րբ է թերևս Հովհաննեսը գրել իր Ավետարանը։
5 Ըստ ամենայնի, Հովհաննեսը իր Ավետարանը գրել է Պատմոս կղզուց վերադառնալուց հետո, որտեղ աքսորված էր, թեև այդ մասին նրա գրվածքներում կոնկրետ տեղեկություններ չկան (Հայտն. 1։9)։ Հռոմի կայսր Ներվան (մ.թ. 96–98թթ.) հիշատակել է շատ մարդկանց, որոնք աքսորված են եղել իր նախորդի՝ Դոմետիանոսի կառավարման վերջում։ Ենթադրվում է, որ մ.թ. մոտ 98թ.-ին Ավետարանն ավարտելուց հետո Հովհաննեսը իր մահով մահացել է Եփեսոսում Տրայանոս կայսեր կառավարման երրորդ տարում՝ մ.թ. 100թ.-ին։
6. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հովհաննեսի Ավետարանը գրվել է ոչ թե Պաղեստինում, այլ Եփեսոսում կամ նրա մոտակայքում։
6 Այն, որ գիրքը գրվել է Եփեսոսում կամ նրա մոտակայքում, հաստատում է պատմագիր Եվսեբիոսը (մ.թ. մոտ 260թ.-ից մինչև մ.թ. մոտ 340թ.)։ Նա մեջբերում է Իրենեոսի խոսքերը. «Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, որը հենվել էր նրա կրծքին, գրեց ավետարանը, մինչ ապրում էր Եփեսոսում՝ Ասիայում»a։ Գրքում Հիսուսի հակառակորդների մասին խոսելիս օգտագործվում է «հրեաներ» բառը և ոչ թե «փարիսեցիներ», «քահանաներ» և այլն, ինչը ցույց է տալիս, որ Ավետարանն իսկապես գրվել է Պաղեստինից դուրս (Հովհ. 1։19; 12։9)։ Բացի այդ, Գալիլեայի ծովի անունը տրված է հռոմեական անվանումով՝ Տիբերիայի ծով (6։1; 21։1)։ Իսկ տոների մասին խոսելիս Հովհաննեսը բացատրում է ոչ հրեա ընթերցողների համար, որ դրանք հրեական տոներ են (6։4; 7։2; 11։55)։ Նրա աքսորավայրը՝ Պատմոսը, Եփեսոսի մոտ էր, ու Հայտնություն 2-րդ և 3-րդ գլուխներից երևում է, որ Հովհաննեսը լավ ծանոթ էր Եփեսոսում և Փոքր Ասիայում գտնվող ժողովներին։
7. Որքանո՞վ է կարևոր Ռայլենդսի պապիրուս 457-ը։
7 Այն, որ Հովհաննեսի Ավետարանը վավերական է, փաստում են 20-րդ դարում գտնված կարևոր ձեռագրերը։ Դրանցից մեկը Հովհաննեսի Ավետարանի պատառիկ ձեռագիրն է, որ գտնվել է Եգիպտոսում և այժմ հայտնի է Ռայլենդսի պապիրուս 457 անվանումով (P52)։ Այն պարունակում է Հովհաննես 18։31–33, 37, 38 համարները։ Այդ պապիրուսը պահվում է Ջոն Ռայլենդսի գրադարանում (Մանչեսթր, Անգլիա)b։ Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք Հովհաննեսը գրել է Ավետարանը առաջին դարի վերջին, Ֆրեդերիկ Քենյոնը իր գրքում նշել է. «Թեև այն [պապիրուսը] փոքր է, սակայն բավական է ապացուցելու համար, որ այս Ավետարանի ձեռագիրը օգտագործել են, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ Հռոմի գավառ Եգիպտոսում, որտեղ էլ այն գտնվել է մ.թ. մոտ 130–150-ին։ Նույնիսկ եթե ընդունենք, որ այդ աշխատությունը անցել է իր ճանապարհը իր գրվելու վայրից մինչև Եգիպտոս ամենակարճ ժամանակում, ապա, միևնույնն է, դա մեզ այնքան մոտ է բերում նրա կազմավորման թվականին, որին մատնացույց է անում ավանդությունը՝ առաջին դարի վերջին տասնամյակին, որ այդ ավանդությունը կասկածի տակ դնելու ոչ մի պատճառ չի մնում»c։
8. ա) Ինչո՞վ է ուշագրավ Հովհաննեսի Ավետարանի նախաբանը։ բ) Ինչպե՞ս է այն փաստում, որ Հիսուսի ծառայությունը երեք ու կես տարի է տևել։
8 Հովհաննեսի Ավետարանը ուշադրության է արժանի իր նախաբանով, որը բացահայտում է, որ Խոսքը «սկզբում Աստծու հետ էր», և նրա միջոցով բոլոր բաները ստեղծվեցին (1։2)։ Հոր և Որդու մտերիմ փոխհարաբերությունները հայտնի դարձնելուց հետո Հովհաննեսը վառ կերպով նկարագրում է Հիսուսի արածներն ու ասածները։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրում Հոր խոր սիրո վրա Որդու, ինչպես նաև նրանց հանդեպ, ովքեր հավատ դրսևորելով Որդու նկատմամբ՝ դառնում են Աստծու որդիներ։ Հիսուսի երկրային կյանքի այս արձանագրությունը ընդգրկում է մ.թ. 29–33թթ. ժամանակահատվածը և նշում է չորս Պասեք, որոնց մասնակցել է Հիսուսը իր ծառայության ժամանակ։ Այդպիսով մեկ անգամ ևս փաստվում է, որ նրա ծառայությունը տևել է երեք ու կես տարի։ Երեք դեպքում այս տոնը հիշատակվում է անունով՝ Պասեք (2։13; 6։4; 12։1; 13։1)։ Դրանցից մեկի մասին ասվում է «հրեական տոն», սակայն համատեքստում այն նշվում է Հիսուսի՝ «դեռ չորս ամիս կա նախքան հունձը» խոսքերից անմիջապես հետո, ինչը ցույց է տալիս, որ այդ տոնը Պասեքն էր, որը նշվում էր մոտավորապես հնձի սկզբին (4։35; 5։1)d։
9. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հովհաննեսի Ավետարանը բովանդակալից է, և արդյոք կարելի՞ է ասել, որ Հիսուսի ծառայությունը ամենայն մանրամասնությամբ է նկարագրված։
9 Հովհաննեսի Ավետարանը բովանդակալից է։ Գրքի 92 տոկոսը նոր տեղեկություն է պարունակում, որը բացակայում է մյուս երեք Ավետարաններում։ Չնայած դրան՝ Հովհաննեսը ավարտում է Ավետարանը այս խոսքերով. «Ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը տեղավորել» (21։25)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
10. Ի՞նչ է ասում Հովհաննեսը «Խոսքի» մասին։
10 Նախաբան։ Հովհաննեսը պատմում է «Խոսքի» մասին (1։1–18)։ Հովհաննեսը իր Ավետարանը շարադրել է զարմանալի պարզությամբ. նա նշում է, որ սկզբում «Խոսքը Աստծու հետ էր», որ կյանքը նրա միջոցով գոյություն ունեցավ, որ նա դարձավ «մարդկանց լույսը», և որ Հովհաննեսը (Մկրտիչը) վկայություն տվեց նրա մասին (1։1, 4)։ Լույսը աշխարհում էր, բայց աշխարհը չճանաչեց նրան։ Նրանք, ովքեր ընդունեցին նրան, դարձան Աստծու զավակներ, քանի որ Աստծուց ծնվեցին։ Ինչպես որ Օրենքը տրվեց Մովսեսի միջոցով, այնպես էլ «անզուգական բարությունը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան» (1։17)։
11. Ինչպե՞ս է Հովհաննես Մկրտիչը անվանում Հիսուսին, և նրա հետ կապված ի՞նչ են ընդունում Հովհաննեսի աշակերտները։
11 «Ահա՛ Աստծու Գառը» (1։19–51)։ Հովհաննես Մկրտիչը խոստովանում է, որ ինքը չէ Քրիստոսը, այլ ասում է, որ կա մեկը, որ գալիս է իր հետևից, սակայն նա արժանի չէ նրա սանդալի կապերն արձակելու։ Հաջորդ օրը Հիսուսը գալիս է նրա մոտ, և Հովհաննեսը ասում է, որ նա է «Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (1։27, 29)։ Հետո նա իր աշակերտներից երկուսին ծանոթացնում է Հիսուսի հետ, և նրանցից մեկը՝ Անդրեասը, բերում է իր եղբորը՝ Պետրոսին, Հիսուսի մոտ։ Փիլիպոսը և Նաթանայելը նույնպես ընդունում են Հիսուսին որպես Աստծու Որդի՝ Իսրայելի Թագավոր (1։49)։
12. ա) Ո՞րն է Հիսուսի առաջին հրաշքը։ բ) Ի՞նչ է նա անում, երբ գնում է Երուսաղեմ՝ իր ծառայությունը սկսելուց հետո առաջին Պասեքը նշելու։
12 Հիսուսի հրաշքները փաստում են, որ նա է «Աստծու Սուրբը» (2։1–6։71)։ Հիսուսը Գալիլեայի Կանայում առաջին հրաշքն է գործում՝ մի հարսանեկան խնջույքի ժամանակ ջուրը գինու վերածելով։ Այսպես նա «իր հրաշքների սկիզբն է դնում.... ու նրա աշակերտները հավատում են նրան» (2։11)։ Հետո Հիսուսը վեր է ելնում Երուսաղեմ՝ Պասեքը նշելու։ Տաճարում տեսնելով վաճառողների և դրամափոխների՝ նա մի մտրակ է վերցնում և բարկացած՝ տաճարից դուրս է վռնդում նրանց։ Նրա վարվելակերպը տեսնելով՝ աշակերտները հասկանում են, որ դա մարգարեության կատարում է. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ» (Հովհ. 2։17; Սաղ. 69։9)։ Հիսուսը կանխագուշակում է, որ իր մարմնի տաճարը կքանդվի ու երեք օրում կվերականգնվի։
13. ա) Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ է պետք կյանք ունենալու համար։ բ) Ի՞նչ է ասում Հովհաննես Մկրտիչը իր ու Հիսուսի մասին։
13 Մարդավախության պատճառով Նիկոդեմոսը գիշերով գալիս է Հիսուսի մոտ։ Նա հավատում է, որ Հիսուսը ուղարկված է Աստծու կողմից։ Հիսուսն ասում է նրան, որ Աստծու Թագավորություն կարող է մտնել միայն նա, ով կծնվի ջրից և ոգուց։ Կյանք ունենալու համար անհատը պետք է հավատա մարդու Որդուն, որ իջավ երկնքից։ «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Լույսը, որ եկավ աշխարհ, ոչ մի ընդհանուր բան չունի խավարի հետ, բայց «ով անում է այն, ինչ ճիշտ է, գալիս է դեպի լույսը»։ Հովհաննես Մկրտիչը լսում է Հրեաստանում Հիսուսի ծավալած գործունեության մասին և ասում, որ ինքը Քրիստոսը չէ, այլ «փեսայի ընկերը, [որը] երբ.... լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է» (3։21, 29)։ Այժմ Հիսուսը պետք է աճի, իսկ Հովհաննեսը՝ նվազի։
14. Ի՞նչ է Հիսուսը բացատրում սամարուհուն Սյուքարի մոտ, և ի՞նչ է լինում այդ տարածքում քարոզելու արդյունքը։
14 Հիսուսը կրկին գնում է Գալիլեա։ Փոշոտ ճանապարհներից և «ճամփորդությունից հոգնած»՝ նա նստում է Սյուքարում գտնվող Հակոբի աղբյուրի մոտ, որ հանգստանա, իսկ աշակերտները գնում են քաղաք՝ ուտելիք գնելու (4։6)։ Կեսօր է՝ մոտ վեցերորդ ժամը։ Մի սամարուհի գալիս է ջուր հանելու, և Հիսուսը նրանից խմելու ջուր է ուզում։ Չնայած հոգնածությանը՝ սկսում է զրուցել այդ կնոջ հետ այն «ջրի» մասին, որն իսկապես թարմություն է պատճառում՝ հավիտենական կյանք տալով նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն «ոգով և ճշմարտությամբ»։ Աշակերտները վերադառնում են ու խնդրում, որ նա հաց ուտի, բայց Հիսուսն ասում է. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ»։ Եվս երկու օր մնում է այդտեղ, և շատ սամարացիներ սկսում են հավատալ, որ «իսկապես այս մարդն է աշխարհի փրկիչը» (4։24, 34, 42)։ Հասնելով Գալիլեայի Կանա՝ Հիսուսը բուժում է մի պալատականի որդու՝ անգամ առանց նրա անկողնուն մոտենալու։
15. Ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվում Հիսուսի դեմ Երուսաղեմում, բայց ինչպե՞ս է նա պատասխանում իրեն քննադատողներին։
15 Հիսուսը նորից գնում է Երուսաղեմ՝ հրեաների տոնը նշելու համար։ Շաբաթ օրը նա բուժում է մի հիվանդ մարդու, ինչը քննադատության մեծ ալիք է բարձրացնում։ Հիսուսն ասում է. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (5։17)։ Հրեա առաջնորդները զայրանում են, որովհետև նա ոչ միայն շաբաթն է խախտել, այլև հայհոյություն է անում՝ իրեն հավասարեցնելով Աստծուն։ Հիսուսը պատասխանում է, որ Որդին իրենից ոչինչ չի կարող անել, այլ ամբողջությամբ կախված է Հորից։ Այնուհետև հարության մասին հրաշալի խոսքեր է ասում, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան»։ Իսկ իր անհավատ ունկնդիրներին ասում է. «Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որը միակ Աստծուց է գալիս» (5։28, 29, 44)։
16. ա) Ի՞նչ է Հիսուսը սովորեցնում ուտելիքի և կյանքի մասին։ բ) Ինչպե՞ս է Պետրոսը արտահայտում այն համոզվածությունը, որ ունեն առաքյալները։
16 Երբ Հիսուսը հրաշքով կերակրում է 5 000 հոգու հինգ հացով ու երկու փոքր ձկով, ժողովուրդը որոշում է բռնել նրան ու թագավոր դարձնել, սակայն նա լեռն է գնում։ Ավելի ուշ Հիսուսը հանդիմանում է նրանց այն բանի համար, որ «կորչող ուտելիքի» համար են աշխատում, ոչ թե «այն ուտելիքի, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս»։ Հիսուսը բացատրում է, որ նա, ով հավատում է Որդուն, պետք է կյանքի հացից ուտի, և ավելացնում է. «Մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ունենա ձեզանում»։ Այս խոսքերը լսելով՝ նրա աշակերտներից շատերը վիրավորվում են ու հեռանում նրանից։ Հիսուսը 12-ին հարցնում է. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ»։ Պետրոսը պատասխանում է. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես, և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը» (6։27, 53, 67–69)։ Սակայն Հիսուսը, իմանալով, որ Հուդան մատնելու է իրեն, ասում է, որ նրանցից մեկը զրպարտիչ է։
17. Ի՞նչ է լինում, երբ Տաղավարների տոնի ժամանակ Հիսուսը սովորեցնում է տաճարում։
17 «Լույսը» պայքարում է խավարի դեմ (7։1–12։50)։ Հիսուսը գաղտնի գնում է Երուսաղեմ՝ նշելու Տաղավարների տոնը։ Երբ արդեն տոնի կեսն անցել է, Հիսուսը մտնում է տաճար ու սկսում բացահայտ կերպով սովորեցնել։ Մարդիկ վիճում են, թե արդյոք նա Քրիստոսն է։ Հիսուսն ասում է նրանց. «Ես չեկա իմ նախաձեռնությամբ։ Նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի.... և նա է ինձ ուղարկել»։ Մեկ ուրիշ առիթով նա բացականչում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի»։ Պահապանները, որոնք ուղարկվել էին Հիսուսին ձերբակալելու, վերադառնում են առանց Հիսուսի ու քահանաներին ասում. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ Կատաղած փարիսեցիները ասում են, որ իշխաններից ոչ մեկը չհավատաց նրան, ոչ էլ որևէ մարգարե է դուրս գալու Գալիլեայից (7։28, 29, 37, 46)։
18. Ի՞նչ հակառակություն են բարձրացնում հրեաները Հիսուսի դեմ, և ի՞նչ է նա պատասխանում նրանց։
18 Հիսուսն ասում է. «Ես եմ աշխարհի լույսը»։ Սակայն նրա հակառակորդները ասում են, որ նա սուտ վկա է, ապօրինի ծնունդ, սամարացի է ու դիվահարված մարդ։ Հիսուսը ազդեցիկ խոսքերով հերքում է նրանց ասածները. «Եթե ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Իմ Հայրն է փառավորում ինձ»։ Իսկ երբ ասում է՝ «նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի», հրեաները նորից փորձում են սպանել նրան, բայց չեն կարողանում (8։12, 54, 58)։ Հիասթափված՝ նրանք հարցուփորձ են անում այն մարդուն, որի տեսողությունը Հիսուսը հրաշքով վերականգնել է, և հետո դուրս են վռնդում նրան։
19. ա) Ի՞նչ է Հիսուսն ասում Հոր հետ ունեցած իր փոխհարաբերությունների և ոչխարներին հոգ տանելու մասին։ բ) Ի՞նչ է նա պատասխանում հրեաներին, երբ վերջիններս սպառնում են իրեն։
19 Հիսուսը նորից խոսում է հրեաների հետ, բայց այս անգամ բարի հովվի մասին, որը կանչում է իր ոչխարներին անունով և իր հոգին տալիս է իր ոչխարների համար, որ «կյանք ունենան՝ հավիտենական կյանք»։ Նա ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան» (10։10, 16)։ Նա հրեաներին ասում է, որ ոչ ոք չի կարող իր Հոր ձեռքից հափշտակել ոչխարներին, և որ ինքն ու Հայրը մեկ են։ Նրանք նորից ուզում են քարկոծել Հիսուսին։ Ի պատասխան նրանց մեղադրանքին, թե հայհոյում է Աստծուն՝ Հիսուսը հիշեցնում է նրանց, որ «Սաղմոսներ» գրքում զորեղ մարդիկ «աստվածներ» են կոչվում, մինչդեռ ինքը իրեն Աստծու Որդի է կոչում (Սաղ. 82։6)։ Նա հորդորում է նրանց հավատ դրսևորել գոնե իր գործերի հանդեպ (Հովհ. 10։34)։
20. ա) Ի՞նչ ապշեցուցիչ հրաշք է գործում Հիսուսը։ բ) Ինչի՞ է դա հանգեցնում։
20 Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղից լուր է հասնում Հիսուսին, որ Ղազարոսը՝ Մարիամի ու Մարթայի եղբայրը, հիվանդ է։ Երբ նա տեղ է հասնում, իմանում է, որ Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ գերեզմանում է։ Հիսուսը մի ապշեցուցիչ հրաշք է գործում. կյանքի է բերում Ղազարոսին, և շատերը սկսում են հավատալ նրան։ Այս առիթով քահանաներն ու փարիսեցիները շտապ հավաքում են Սինեդրիոնը, որտեղ քահանայապետ Կայիափան, առանց գիտակցելու, մարգարեանում է, որ Հիսուսը պետք է մահանա ազգի համար։ Քանի որ ավագ քահանաներն ու փարիսեցիները մտադրվում են սպանել Հիսուսին, վերջինս մի որոշ ժամանակով բացահայտ չի շրջում հրեաների մեջ։
21. ա) Ինչպե՞ս են մարդիկ և փարիսեցիները արձագանքում, երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ։ բ) Ի՞նչ օրինակ է Հիսուսը բերում՝ բացատրելով, թե ինչու պետք է մահանա, և ի՞նչ է հորդորում իր ունկնդիրներին։
21 Պասեքից վեց օր առաջ Հիսուսը Երուսաղեմ գնալու ճանապարհին նորից գալիս է Բեթանիա և հյուրընկալվում Ղազարոսի տանը։ Հաջորդ օրը՝ շաբաթից հետո՝ նիսանի 9-ին, Հիսուսը, ավանակի վրա նստած, մտնում է Երուսաղեմ, որտեղ մարդկանց բազմությունը բացականչություններով դիմավորում է նրան։ Իսկ փարիսեցիները իրար ասում են. «Տեսնում եք, որ ոչ մի բանի չենք հասնում։ Ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։ Այնուհետև ցորենի հատիկի օրինակով Հիսուսը ցույց է տալիս, որ ինքը պետք է մահանա, որպեսզի պտուղ բերի՝ հավիտենական կյանք։ Նա խնդրում է Հորը, որ փառավորի իր անունը, և երկնքից մի ձայն է լսվում. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ Հիսուսը իր ունկնդիրներին հորդորում է հեռու մնալ խավարից և քայլել լույսի մեջ, որպեսզի «լույսի որդիներ» լինեն։ Խավարի ուժերը մոտենում են Հիսուսին, և նա կոչ է անում մարդկանց հավատ դրսևորել իր հանդեպ, քանի որ նա «աշխարհ եկավ իբրև լույս» (12։19, 28, 36, 46)։
22. Պասեքի ժամանակ ի՞նչ օրինակ է թողնում Հիսուսը աշակերտների համար և ի՞նչ նոր պատվիրան է տալիս նրանց։
22 Հիսուսի վերջին հորդորները՝ ուղղված իր հավատարիմ առաքյալներին (13։1–16։33)։ 12 առաքյալների հետ Պասեքը նշելու ժամանակ Հիսուսը վեր է կենում, հանում է իր վերնահագուստը, ապա վերցնում է սրբիչը և ջրով լի տաշտը ու սկսում աշակերտների ոտքերը լվանալ։ Պետրոսը առարկում է, բայց Հիսուսը ասում է, որ պետք է նրա ոտքերն էլ լվանա։ Նա հորդորում է աշակերտներին հետևել խոնարհության իր օրինակին, քանի որ «ծառան մեծ չէ իր տիրոջից»։ Այնուհետև խոսում է իրեն մատնողի մասին ու արձակում Հուդային։ Երբ Հուդան գնում է, Հիսուսը ջերմ խոսքեր է ասում աշակերտներին։ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (13։16, 34, 35)։
23. Մխիթարելով աշակերտներին՝ ի՞նչ հույսի և ի՞նչ օգնականի մասին է խոսում Հիսուսը։
23 Այդ դժվար պահին Հիսուսը աշակերտներին մխիթարական խոսքեր է ասում։ Նրանք պետք է հավատան Աստծուն, ինչպես նաև իրեն։ Իր Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան, և նա նորից կգա ու նրանց իր մոտ կտանի։ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը,— ասում է Հիսուսը։— Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»։ Նա վստահեցնում է աշակերտներին, որ հավատով նրանք ավելի մեծ գործեր կանեն, քան ինքը արեց, և որ նրանք կստանան այն ամենը, ինչ կխնդրեն իր անունով, որպեսզի Հայրը փառավորվի։ Նա խոստանում է նրանց մեկ ուրիշ օգնական ուղարկել՝ «սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը», այն կսովորեցնի նրանց ամեն ինչ ու կհիշեցնի այն ամենը, ինչ նա ասել է նրանց։ Աշակերտները պետք է ուրախ լինեն, որ Հիսուսը գնում է Հոր մոտ, քանի որ նա ասում է. «Հայրը մեծ է ինձանից» (14։6, 17, 28)։
24. Ի՞նչ է ասում Հիսուսը իր և Հոր հետ ունեցած առաքյալների փոխհարաբերության մասին, և ի՞նչ օրհնություններ դա իր հետ կբերի։
24 Հիսուսը իր մասին խոսում է որպես ճշմարիտ որթատունկի, որի մշակը իր Հայրն է։ Նա հորդորում է աշակերտներին միության մեջ մնալ իր հետ՝ ասելով. «Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք» (15։8)։ Իսկ ինչպե՞ս նրանք կարող են լիովին ուրախություն զգալ։ Սիրելով միմյանց, ինչպես որ Հիսուսը սիրեց նրանց։ Նա նրանց ընկեր է կոչում։ Ի՜նչ թանկ փոխհարաբերություններ։ Աշխարհը ատելու է նրանց, ինչպես որ ատեց իրեն, և հալածելու է, սակայն նա օգնականին կուղարկի, և այն Հիսուսի մասին վկայություն կտա և աշակերտներին կառաջնորդի ողջ ճշմարտության մեջ։ Աշակերտների ներկայիս տրտմությունը ուրախության կվերածվի, երբ Հիսուսը նորից տեսնի նրանց, և ոչ ոք նրանց ուրախությունը չի խլի նրանցից։ Ի՜նչ մխիթարական են նրա խոսքերը. «Հայրը ինքն է սիրում ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ ու հավատացիք, որ ես Հոր կողմից եկա»։ Այո՛, նրանք բոլորը կցրվեն, բայց Հիսուսն ասում է. «Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (16։27, 33)։
25. ա) Ի՞նչ է ընդունում Հիսուսը Հորն աղոթելիս։ բ) Ի՞նչ է նա խնդրում իր, աշակերտների և բոլոր նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան իրեն։
25 Հիսուսի աղոթքը աշակերտների համար (17։1–26)։ Հորն աղոթելիս Հիսուսն ընդունում է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»։ Ավարտելով իրեն հանձնարարված գործը երկրի վրա՝ Հիսուսը այժմ խնդրում է Հորը փառավորել իրեն այն փառքով, որն ուներ նրա մոտ նախքան աշխարհի լինելը։ Նա հայտնի է դարձրել Հոր անունը իր աշակերտներին և խնդրում է Հորը. «Պահպանիր նրանց քո անվան համար»։ Նա չի խնդրում Հորը վերցնել աշակերտներին աշխարհից, այլ խնդրում է պահպանել նրանց Չարից ու սրբացնել նրանց ճշմարտության իր խոսքով։ Հիսուսը միայն այդ աշակերտների համար չի աղոթում, նա աղոթում է բոլոր նրանց համար, ովքեր նրանց խոսքի միջոցով իրեն կհավատան, «որպեսզի բոլորը մի լինեն»։ Նա ասում է. «Ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ Հիսուսը իր աշակերտներին ճանաչեցրեց Հոր անունը, որպեսզի Նրա սերը նրանց մեջ էլ լինի, ու խնդրում է Հորը, որ նրանք իր հետ նույն երկնային փառքն ունենան (Հովհ. 17։3, 11, 21)։
26. Ի՞նչ է Հովհաննեսը գրում Հիսուսի ձերբակալության ու դատի մասին։
26 Քրիստոսի դատը և մահապատիժը (18։1–19։42)։ Հիսուսն ու իր աշակերտները անցնում են Կեդրոն հեղեղատի մյուս կողմը և գնում մի պարտեզ։ Այստեղ է, որ Հուդան զինվորների հետ գալիս է ու մատնում նրան, որը ոչ մի հակառակություն չի ցուցաբերում։ Այդ պահին Պետրոսը քաշում է իր սուրը և փորձում է պաշտպանել նրան, բայց Հիսուսն ասում է. «Մի՞թե չպետք է խմեմ այն բաժակը, որ Հայրը տվեց ինձ» (18։11)։ Սկզբում Հիսուսին կապած տանում են Հաննայի մոտ, որը քահանայապետ Կայիափայի աներն է։ Հովհաննեսն ու Պետրոսը հետևում են Հիսուսին։ Հովհաննեսը ծանոթ է քահանայապետին, ուստի կարողանում է թույլտվություն ստանալ, որ բակ մտնեն։ Այնտեղ Պետրոսը երեք անգամ ուրանում է Քրիստոսին։ Հաննան հարցաքննում է Հիսուսին, իսկ հետո ուղարկում Կայիափայի մոտ։ Դրանից հետո նա բերվում է հռոմեացի կառավարիչ Պիղատոսի մոտ։ Հրեաները պահանջում են մահվան դատապարտել Հիսուսին։
27. ա) Թագավորության և իշխանության վերաբերյալ ի՞նչ հարցեր է բարձրացնում Պիղատոսը, և ի՞նչ է պատասխանում Հիսուսը։ բ) Ո՞ւմ են հրեաները ընդունում որպես իրենց թագավոր։
27 Պիղատոսը հարցնում է. «Դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանում է. «Դո՛ւ ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (18։37)։ Պիղատոսը ոչ մի հանցանք չի գտնում նրա մեջ և առաջարկում է ազատ արձակել նրան, քանի որ սովորություն կա Պասեքի ժամանակ որևէ բանտարկյալի ազատելու, բայց հրեաները պահանջում են ազատ արձակել ոչ թե Հիսուսին, այլ Բարաբբա անունով մի ավազակի։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայում է Հիսուսին խարազանել, հետո նորից փորձում է ազատել նրան, սակայն հրեաները բղավում են. «Ցցի՛ն գամիր։ Ցցի՛ն գամիր.... որովհետև իրեն Աստծու որդի կոչեց»։ Երբ Պիղատոսը ասում է Հիսուսին, որ իշխանություն ունի նրան ցցին գամելու, Հիսուսը պատասխանում է. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ»։ Հրեաները նորից բղավում են. «Վերացրո՛ւ դրան։ Վերացրո՛ւ դրան։ Ցցի՛ն գամիր դրան.... Մենք կայսրից բացի, ուրիշ թագավոր չունենք»։ Այդ ժամանակ Պիղատոսը նրանց ձեռքն է տալիս Հիսուսին, որ ցցին գամեն (19։6, 7, 11, 15)։
28. Ի՞նչ է լինում Գողգոթայում, և ի՞նչ մարգարեություններ են կատարվում։
28 Հիսուսին տանում են «Գանգի վայր կոչվող տեղը», որը «եբրայերեն Գողգոթա» է կոչվում։ Նրա հետ ցցին են գամում նաև ուրիշ երկուսի։ Պիղատոսը նաև մի տիտղոս է գրում ու դնում տանջանքի ցցի վրա՝ «Հիսուս նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Այն գրված է եբրայերենով, լատիներենով ու հունարենով, որպեսզի բոլորը կարդան ու հասկանան (19։17, 19)։ Հիսուսը իր մորը հանձնում է Հովհաննեսի խնամքին։ Հետո թթված գինի են տալիս նրան, ու նա ասում է. «Կատարվե՛ց»։ Եվ գլուխը խոնարհեցնելով՝ ոգին տալիս է (19։30)։ Ի կատարում մարգարեությունների՝ նրա հագուստի վրա վիճակ են գցում, չեն կոտրում նրա ոտքերը և նիզակով խոցում են նրա կողը (Հովհ. 19։24, 32–37; Սաղ. 22։18; 34։20; 22։17; Զաք. 12։10)։ Դրանից հետո արիմաթեացի Հովսեփն ու Նիկոդեմոսը պատրաստում են նրա մարմինը թաղման համար և դնում այն մոտակայքում գտնվող նոր գերեզմանի մեջ։
29. ա) Ի՞նչ իրավիճակներում է հարություն առած Հիսուսը հայտնվում իր աշակերտներին։ բ) Ի՞նչ է պատվիրում Հիսուսը Պետրոսին իրենց վերջին զրույցի ժամանակ։
29 Հարություն առած Քրիստոսը հայտնվում է իր աշակերտներին (20։1–21։25)։ Քրիստոսի մասին իր արձանագրությունը Հովհաննեսն ավարտում է հարության մասին ուրախ լուրով։ Մարիամ Մագդաղենացին գնում է գերեզման ու տեսնում է, որ այն դատարկ է։ Պետրոսն ու մյուս աշակերտը (Հովհաննեսը) վազելով գնում են գերեզման, բայց միայն պատանքն ու գլխի կտորն են տեսնում այնտեղ։ Մարիամը, որ դրսում գերեզմանի մոտ կանգնած է, խոսում է երկու հրեշտակի, իսկ հետո, իր կարծիքով, այգեպանի հետ։ Երբ նա ասում է՝ Մարիա՛մ, վերջինս անմիջապես ճանաչում է Հիսուսին։ Հետո Հիսուսը երևում է աշակերտներին, որոնք կողպված դռների հետևում հավաքվել են, և ասում է նրանց այն զորության մասին, որ կստանան սուրբ ոգու միջոցով։ Թովմասը, որը ներկա չէր այդ հանդիպմանը, չի հավատում, որ նման բան է եղել, բայց ութ օր հետո Հիսուսը նորից հայտնվում է և Թովմասի կասկածները ցրում, ու նա բացականչում է. «Տե՛ր իմ և աստվա՛ծ իմ» (20։16, 28)։ Ավելի ուշ Հիսուսը դարձյալ հայտնվում է իր աշակերտներին Տիբերիա ծովի մոտ։ Նա հրաշքով օգնում է նրանց ձուկ բռնելու, իսկ հետո նախաճաշում է նրանց հետ։ Երեք անգամ նա հարցնում է Պետրոսին, թե սիրում է իրեն։ Երբ Պետրոսը հավաստիացնում է, որ սիրում է, Հիսուսը պատվիրում է նրան՝ «կերակրի՛ր իմ գառներին», «հովվի՛ր իմ գառներին», «կերակրի՛ր իմ գառնուկներին»։ Հետո կանխագուշակում է, թե ինչպիսի մահով է Պետրոսը փառավորելու Աստծուն։ Պետրոսը հարցնում է Հովհաննեսի համար, ու Հիսուսն ասում է. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա, մինչև որ ես գամ, քե՞զ ինչ» (21։15–17, 22)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
30. Ինչպե՞ս է Հովհաննեսը հատուկ ձևով շեշտում սեր հատկությունը։
30 Անկեղծությունն ու անմիջականությունը մեծ ուժ են հաղորդում Ավետարանին, իսկ ջերմ ու մտերմիկ նկարագրությունը Խոսքի մասին, որը դարձավ Քրիստոս, համոզիչ են դարձնում այն։ Դրա շնորհիվ Հովհաննեսի Ավետարանը օգնում է մեզ մոտիկից ճանաչելու Աստծու օծյալ Որդուն և ավելի լավ հասկանալու նրա խոսքերն ու գործերը։ Թեև Հովհաննեսի ոճն ու բառապաշարը հասարակ են, ինչը խոսում է այն մասին, որ նա «անուսում և հասարակ» մարդ էր, սակայն նրա խոսքերը մեծ զորություն ունեն (Գործ. 4։13)։ Նրա Ավետարանը անգերազանցելի մի պատմություն է խոր սիրո մասին, որ գոյություն ունի Հոր և Որդու միջև, ինչպես նաև այն մասին, թե ուրախություն պարգևող ինչպիսի մտերիմ փոխհարաբերություններ կարող են ունենալ նրանց հետ միության մեջ եղողները։ Հովհաննեսը «սեր» և «սիրել» բառերն օգտագործում է ավելի հաճախ, քան մյուս երեք ավետարանագիրները միասին։
31. Ի՞նչ փոխհարաբերությունների մասին է խոսվում Հովհաննեսի Ավետարանում, և որտե՞ղ են այդ փոխհարաբերությունները առավել վառ արտահայտված։
31 Ի՜նչ փառահեղ փոխհարաբերություններ են հենց սկզբից ունեցել Խոսքն ու Աստված՝ Հայրը։ Աստծու կամքով «Խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և մենք նրա փառքը տեսանք, փառք, որը միածին որդին է ունենում հորից։ Նա լի էր անզուգական բարությամբ ու ճշմարտությամբ» (Հովհ. 1։14)։ Հովհաննեսի ողջ արձանագրության մեջ Հիսուսը շեշտում է իր լիակատար հնազանդությունն ու ենթակայությունը Հոր կամքին (4։34; 5։19, 30; 7։16; 10։29, 30; 11։41, 42; 12։27, 49, 50; 14։10)։ Հիսուսի մտերիմ փոխհարաբերությունները իր Հոր հետ առավել վառ արտահայտված են Հովհաննես 17-րդ գլխում արձանագրված հուզիչ աղոթքում։ Նրանում Հիսուսը իր Հորն ասում է, որ ավարտել է այն գործը, որ տվել էր իրեն անելու երկրի վրա, ու ավելացնում է. «Ուստի այժմ, Հա՛յր, փառավորի՛ր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը» (17։5)։
32. Ի՞նչ խոսքերով Հիսուսը նկարագրեց իր և աշակերտների փոխհարաբերությունը և ցույց տվեց, որ միայն իր միջոցով մարդկությունը օրհնություններ կստանա։
32 Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի և նրա աշակերտների փոխհարաբերությունների մասին։ Ավետարանում շարունակ ուշադրություն է դարձվում այն մտքին, որ Հիսուսը միակն է, ում միջոցով Աստծու օրհնությունները տարածվում են թե՛ աշակերտների, թե՛ ողջ մարդկության վրա (14։13, 14; 15։16; 16։23, 24)։ Նա անվանվում է «Աստծու Գառը», «կյանքի հացը», «աշխարհի լույսը», «բարի հովիվը», «հարությունը և կյանքը», «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» և «ճշմարիտ որթատունկը» (1։29; 6։35; 8։12; 10։11; 11։25; 14։6; 15։1)։ «Ճշմարիտ որթատունկի» առակում է, որ Հիսուսը հայտնի է դարձնում այն հրաշալի միությունը, որ գոյություն ունի ոչ միայն իր ճշմարիտ հետևորդների և իր միջև, այլ նաև իր և Հոր միջև։ Շատ պտուղ բերելով՝ նրանք փառաբանելու էին իր Հորը։ Հիսուսն ասաց. «Ինչպես Հայրը սիրեց ինձ, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացեք իմ սիրո մեջ» (15։9)։
33. Իր ծառայության ո՞ր նպատակի մասին է Հիսուսն ասում աղոթքում։
33 Որքա՜ն ջերմեռանդորեն է այնուհետև Հիսուսն աղոթում Եհովային, որ բոլոր սիրելի աշակերտները, նաև նրանք, «ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան իրեն», միության մեջ լինեն Հոր և իր հետ ու սրբացվեն ճշմարտության խոսքով։ Իրականում, Հիսուսի ծառայության ողջ նպատակը արտահայտված է Հորն ուղղված նրա վերջին խոսքերում. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես էլ միության մեջ լինեմ նրանց հետ» (17։20, 26)։
34. Աշխարհին հաղթելու համար ի՞նչ օգտակար խորհուրդ տվեց Հիսուսը։
34 Թեև Հիսուսը իր աշակերտներին թողեց աշխարհում, նա չէր պատրաստվում թողնել նրանց առանց օգնականի՝ «ոգու, որը բացահայտում է ճշմարտությունը»։ Ավելին, նա ժամանակահարմար խորհուրդ տվեց նրանց աշխարհի հանդեպ վերաբերմունքի առնչությամբ և ցույց տվեց, թե ինչպես լինեն «լույսի որդիներ» (14։16, 17; 3։19–21; 12։36)։ Հիսուսն ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Իսկ խավարի որդիներին ասաց. «Դուք ձեր հորից եք՝ Բանսարկուից, և ուզում եք ձեր հոր ցանկություններն անել.... Նա ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ»։ Ուստի վճռենք միշտ ամուր մնալ ճշմարտության մեջ, «երկրպագել Հորը ոգով և ճշմարտությամբ» և ուժ ստանալ Հիսուսի հետևյալ խոսքերից. «Քա՛ջ եղեք, ես հաղթեցի՛ աշխարհին» (8։31, 32, 44; 4։23; 16։33)։
35. ա) Ի՞նչ վկայություն է տալիս Հիսուսը Աստծու Թագավորության մասին։ բ) Ինչո՞ւ է Հովհաննեսի Ավետարանը երջանիկ ու երախտագետ լինելու պատճառ տալիս մեզ։
35 Այս ամենը կապված է նաև Աստծու Թագավորության հետ։ Երբ Հիսուսին դատում էին, նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ»։ Այնուհետև Պիղատոսի հարցին պատասխանելով՝ ասաց. «Դո՛ւ ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես ծնվել եմ ու եկել աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ ձայնը» (18։36, 37)։ Իրոք, երջանիկ են նրանք, ովքեր լսում են նրան, և ովքեր «դարձյալ ծնվում են»՝ «մտնելու Աստծու Թագավորություն»՝ Թագավորին միանալու համար։ Երջանիկ են «ուրիշ ոչխարները», որոնք լսում են իրենց Հովիվ-Թագավորի ձայնը և կյանք ստանում։ Իսկապես, մենք ամեն պատճառ ունենք երախտագետ լինելու Հովհաննեսի Ավետարանի համար։ Չէ՞ որ այն գրվել է, «որ հավատանք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով՝ կյանք ունենանք նրա անվան շնորհիվ» (3։3, 5; 10։16; 20։31)։
[ծանոթագրություններ]
b «The Bible and Modern Scholarship», 1949, Ֆ. Քենյոն, էջ 21։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 323 (անգլ.)։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 57, 58 (անգլ.)։