ԳԼՈՒԽ 101
Ճաշում է Սիմոնի տանը՝ Բեթանիայում
ՄԱՏԹԵՈՍ 26։6–13 ՄԱՐԿՈՍ 14։3–9 ՀՈՎՀԱՆՆԵՍ 11։55–12։11
ՀԻՍՈՒՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵԹԱՆԻԱ
ՄԱՐԻԱՄԸ ԱՆՈՒՇԱՀՈՏ ՅՈՒՂ Է ԼՑՆՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԳԼԽԻՆ ՈՒ ՈՏՔԵՐԻՆ
Հեռանալով Երիքովից՝ Հիսուսը ուղևորվում է դեպի Բեթանիա գյուղը։ Նա անցնում է զառիվեր ճանապարհով, որը ձգվում է մոտ 20 կիլոմետր։ Երիքովը ծովի մակարդակից ցածր է մոտ 250 մետր, իսկ Բեթանիան ծովի մակարդակից բարձր է մոտ 610 մետր։ Բեթանիայում, որը գտնվում է Երուսաղեմից մոտ երեք կիլոմետր հեռու՝ Ձիթենյաց լեռան արևելյան լանջին, ապրում են Ղազարոսն ու նրա քույրերը։
Շատ հրեաներ արդեն հասել են Երուսաղեմ՝ Պասեքը նշելու։ Նրանք նախօրոք են եկել, որպեսզի «ծիսականորեն մաքրվեն»։ Թերևս նրանք դիպել են մահացածի մարմնի կամ մեկ այլ բանի պատճառով են անմաքուր դարձել (Հովհաննես 11։55; Թվեր 9։6–10)։ Նրանցից ոմանք հավաքվում են տաճարում։ Նրանք իրար հարցնում են, թե արդյոք Հիսուսը կգա Պասեքին (Հովհաննես 11։56)։
Հիսուսի հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում։ Որոշ կրոնական առաջնորդներ ուզում են մահվան մատնել Հիսուսին։ Նրանք նույնիսկ պատվիրում են, որ եթե որևէ մեկը իմանա, թե որտեղ է Հիսուսը, այդ մասին տեղեկացնի իրենց, «որպեսզի բռնեն նրան» (Հովհաննես 11։57)։ Այս կրոնական առաջնորդները արդեն փորձել են սպանել Հիսուսին Ղազարոսի հարությունից հետո (Հովհաննես 11։49–53)։ Ուստի հասկանալի է, թե ինչու են ոմանք կասկածում, որ Հիսուսը կհայտնվի հանրության մեջ։
Հիսուսը հասնում է Բեթանիա ուրբաթ օրը՝ «Պասեքից վեց օր առաջ» (Հովհաննես 12։1)։ Նոր օրը (շաբաթ՝ նիսանի 8-ը) սկսվում է արևամուտին։ Հիսուսը ավարտում է իր ճամփորդությունը մինչև շաբաթ օրվա սկիզբը։ Նա չէր կարող շաբաթ օրը Երիքովից գնալ Բեթանիա, որովհետև հրեական օրենքով շաբաթ օրը (ուրբաթ արևամուտից մինչև շաբաթ արևամուտ) ճամփորդելն արգելված է։ Հիսուսը հավանաբար գնում է Ղազարոսի տուն, ինչպես որ արել է նախկինում։
Սիմոնը, որը նույնպես ապրում է Բեթանիայում, շաբաթ օրը երեկոյան Հիսուսին և նրա ընկերակիցներին, այդ թվում Ղազարոսին հրավիրում է իրենց տուն ճաշի։ Սիմոնին անվանում են «բորոտ» թերևս այն պատճառով, որ նախկինում բորոտ է եղել։ Հավանաբար նրան բուժել է Հիսուսը։ Աշխատասեր Մարթան անմիջապես սկսում է սպասարկել հյուրերին։ Իսկ Մարիամը իր ուշադրությունը կենտրոնացնում է գլխավորապես Հիսուսի վրա, սակայն այս անգամ այնպիսի մի բան է անում, որը վիճաբանության պատճառ է դառնում։
Մարիամը բացում է մի ալաբաստրե անոթ՝ փոքր մի սրվակ, որը լի է մոտ «կես լիտր ազնիվ նարդոսից պատրաստված անուշահոտ յուղով» (Հովհաննես 12։3)։ Այս յուղը շատ թանկ արժե. դրա գինը հավասար է մոտավորապես մեկ տարվա աշխատավարձի։ Մարիամը լցնում է յուղը Հիսուսի գլխին ու ոտքերին, իսկ հետո սրբում է նրա ոտքերը իր մազերով։ Անուշահոտ յուղի բուրմունքը տարածվում է ամբողջ տնով մեկ։
Դա տեսնելով՝ աշակերտները վրդովվում են ու հարցնում. «Ինչի՞ համար եղավ անուշահոտ յուղի այս վատնումը» (Մարկոս 14։4)։ Հուդա Իսկարիովտացին դժգոհում է. «Ինչի՞ համար այս յուղը չվաճառվեց երեք հարյուր դինարով և չտրվեց աղքատներին» (Հովհաննես 12։5)։ Իրականում, Հուդան չի մտահոգվում աղքատների համար։ Նա արդեն որոշ ժամանակ է, ինչ գողություն է անում դրամների արկղից, որն իր մոտ է լինում։
Հիսուսը, սակայն, պաշտպանելով Մարիամին, ասում է. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այս կնոջը։ Նա բարի գործ արեց ինձ համար։ Աղքատները միշտ ձեզ հետ են, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ։ Անուշահոտ յուղը իմ մարմնի վրա լցնելով՝ նա ինձ թաղման համար նախապատրաստեց։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ որ այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար» (Մատթեոս 26։10–13)։
Արդեն մեկ օրից ավելի է, ինչ Հիսուսը Բեթանիայում է։ Դրա մասին տեղեկությունը արագորեն տարածվում է։ Շատ հրեաներ գալիս են Սիմոնի տուն ոչ միայն Հիսուսին տեսնելու, այլ նաև Ղազարոսին, «որին [Հիսուսը] հարություն էր տվել» (Հովհաննես 12։9)։ Այդ ընթացքում ավագ քահանաները խորհուրդ են անում, որ սպանեն և՛ Հիսուսին, և՛ Ղազարոսին։ Նրանք մտածում են, որ շատերը հավատում են Հիսուսին, քանի որ տեսնում են, որ Ղազարոսը ողջ է։ Որքա՜ն նենգ են այս կրոնական առաջնորդները։