ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
«Հիսուսը.... մինչև վերջ սիրեց նրանց»
1, 2. Ինչպե՞ս է Հիսուսն անցկացնում իր վերջին երեկոն առաքյալների հետ, և ինչո՞ւ են այդ վերջին ժամերը թանկ իր համար։
ՀԻՍՈՒՍՆ իր առաքյալների հետ Երուսաղեմի տներից մեկի վերնասենյակում է։ Նա գիտի, որ սա իր վերջին երեկոն է, որն անցկացնում է նրանց հետ։ Ժամանակն է, որ վերադառնա Հոր մոտ։ Մի քանի ժամ հետո Հիսուսին ձերբակալելու են, ու նրա հավատը սաստիկ փորձվելու է։ Սակայն ոչինչ, անգամ մոտալուտ մահը չի խանգարում, որ նա մտածի իր առաքյալների մասին։
2 Հիսուսը նախապատրաստել է նրանց՝ ասելով, որ հեռանալու է նրանցից, բայց դեռ այնքան բան կա ասելու, որ զորացնի, նախքան ապագա փորձությունները վրա կհասնեն։ Ուստի նա այս վերջին թանկ ժամերը տրամադրում է կարևոր դասեր սովորեցնելուն, որպեսզի նրանք հավատարիմ մնան։ Հիսուսը այնպիսի ջերմ ու մտերմիկ խոսքեր է ասում, որ նախկինում չէր ասել։ Ինչո՞ւ է նա ավելի շատ իր առաքյալների մասին մտահոգված, քան իր։ Ինչո՞ւ են այդ վերջին ժամերն այդքան թանկ նրա համար։ Պատասխանը սերն է։ Իսկ նրա սերը շատ խորն է։
3. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը չէր սպասել մինչև այդ վերջին երեկո, որ սեր դրսևորեր իր հետևորդների հանդեպ։
3 Տասնամյակներ անց, երբ Հովհաննես առաքյալը շարադրում էր այդ երեկոյի դեպքերը, Աստծու ներշնչմամբ գրեց. «Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ եկել է այն ժամանակը, երբ նա պետք է այս աշխարհից Հոր մոտ գնա։ Նա սիրում էր իր աշակերտներին, որոնք աշխարհում էին. նա մինչև վերջ սիրեց նրանց» (Հովհաննես 13։1)։ Հիսուսը չէր սպասել մինչև այդ երեկո, որ սեր դրսևորեր «իր աշակերտների» հանդեպ։ Ծառայության ընթացքում փոքր ու մեծ գործերով նա ապացուցել էր, որ սիրում է աշակերտներին։ Լավ կլինի, որ քննենք, թե ինչ ձևերով է Հիսուսը սեր ցուցաբերել, քանի որ այս հարցում նրան ընդօրինակելով՝ ցույց կտանք, որ նրա ճշմարիտ աշակերտներն ենք։
Համբերություն դրսևորելով
4, 5. ա) Ինչո՞ւ Հիսուսը պետք է համբերատար լիներ իր աշակերտների հանդեպ։ բ) Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց, երբ իր առաքյալներից երեքը արթուն չմնացին Գեթսեմանի պարտեզում։
4 Սերն ու համբերությունը սերտորեն կապված են իրար։ «Սերը համբերատար է»,– գրված է 1 Կորնթացիներ 13։4-ում, իսկ համբերատարությունը ուրիշների հանդեպ մեծահոգի լինելն է։ Կարիք կա՞ր, որ Հիսուսը համբերատար լիներ իր աշակերտների հանդեպ։ Անշո՛ւշտ։ Ինչպես տեսանք 3-րդ գլխում, աշակերտները դանդաղ էին խոնարհություն զարգացնում։ Մի քանի անգամ նրանք վիճել էին, թե իրենցից ով է մեծ։ Ինչպե՞ս էր արձագանքել Հիսուսը։ Արդյոք բարկացե՞լ էր, նյարդայնացել կամ վրդովվե՞լ էր։ Ո՛չ, նա համբերատարությամբ տրամաբանել էր նրանց հետ, անգամ երբ վերջին երեկոյի ժամանակ դրա հետ կապված «թեժ վիճաբանություն» էր ծագել (Ղուկաս 22։24-30; Մատթեոս 20։20-28; Մարկոս 9։33-37)։
5 Այդ վերջին գիշերը՝ ավելի ուշ, Հիսուսի համբերությունը կրկին փորձվեց, երբ 11 հավատարիմ առաքյալների հետ գնաց Գեթսեմանի պարտեզ։ Թողնելով առաքյալներից ութին՝ Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու մտավ պարտեզի խորքը։ Հետո ասաց. «Ես շատ տխուր եմ՝ մահու չափ։ Մնացեք այստեղ և ինձ պես արթուն եղեք»։ Նա մի քիչ հեռացավ ու սկսեց ջերմագին աղոթել։ Երկար ժամանակ աղոթելուց հետո վերադարձավ երեք առաքյալների մոտ։ Եվ ի՞նչ տեսավ. իր ամենամեծ փորձության ժամին նրանք քնել էին։ Արդյոք նախատե՞ց նրանց արթուն չմնալու համար։ Ո՛չ, համբերատարությամբ հորդորեց արթուն մնալ։ Նրա ջերմ խոսքերը ցույց էին տալիս, որ հասկանում էր՝ աշակերտները սթրեսի մեջ են ու տկար։a Նա ասաց, որ «մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»։ Հիսուսը շարունակեց համբերատար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ թե մեկ, այլ երկու անգամ ևս նրանց քնած գտավ (Մատթեոս 26։36-46)։
6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին ուրիշների հետ առնչվելիս։
6 Մխիթարական է իմանալ, որ Հիսուսը հույսը չկտրեց իր առաքյալներից։ Նրա համբերությունը վարձատրվեց, քանի որ այդ հավատարիմ տղամարդիկ երկու կարևոր դաս սովորեցին՝ լինել խոնարհ ու զգոն (1 Պետրոս 3։8; 4։7, ծնթ.)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին ուրիշների հետ առնչվելիս։ Հատկապես երեցները պետք է համբերություն դրսևորեն։ Հավատակիցները իրենց խնդիրների մասին զրուցելու համար գուցե երեցին մոտենան, երբ նա հոգնած է կամ մտահոգ։ Երբեմն էլ պատահում է, որ նրանք, ովքեր օգնության կարիք ունեն, դանդաղ են կիրառում խորհուրդը։ Այնուհանդերձ, համբերատար երեցները «մեղմությամբ» կսովորեցնեն և «քնքշությամբ կվարվեն հոտի հետ» (2 Տիմոթեոս 2։24, 25; Գործեր 20։28, 29, ծնթ.)։ Լավ կլինի, որ ծնողները համբերություն դրսևորելու հարցում նույնպես ընդօրինակեն Հիսուսին, քանի որ երեխաները երբեմն գուցե դանդաղեն ընդունել խորհուրդը կամ չուզենան շտկվել։ Սերն ու համբերությունը կօգնեն ծնողներին շարունակել ջանադրաբար կրթել իրենց երեխաներին։ Նման համբերության դիմաց վարձատրությունը մեծ կլինի (Սաղմոս 127։3)։
Նրանց կարիքները հոգալով
7. Ինչպե՞ս էր Հիսուսը հոգում իր աշակերտների կարիքները։
7 Սերը դրսևորվում է անշահախնդիր գործերով (1 Հովհաննես 3։17, 18)։ Այն «իր շահի մասին չի մտածում» (1 Կորնթացիներ 13։5)։ Սերը մղեց Հիսուսին հոգ տանելու իր աշակերտների կարիքների մասին։ Նա հաճախ էր բավարարում նրանց կարիքները, նախքան նրանք կասեին, որ ինչ-որ բան են ուզում։ Օրինակ, երբ տեսավ, որ հոգնած են, առաջարկեց «առանձին մի մեկուսի վայր գնալ, և մի փոքր հանգիստ առնել» (Մարկոս 6։31)։ Իսկ երբ զգաց, որ քաղցած են, նախաձեռնություն վերցրեց և կերակրեց նրանց, ինչպես նաև հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրեն լսելու (Մատթեոս 14։19, 20; 15։35-37)։
8, 9. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը գիտեր իր աշակերտների հոգևոր կարիքները և բավարարում էր դրանք։ բ) Սյանը գամված՝ ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ խորապես մտածում է մոր մասին։
8 Հիսուսը հասկանում էր իր աշակերտների հոգևոր կարիքները և բավարարում դրանք (Մատթեոս 4։4; 5։3)։ Սովորեցնելիս նա հաճախ հատուկ ուշադրություն էր դարձնում նրանց։ Լեռան քարոզը հատկապես իր աշակերտների համար էր (Մատթեոս 5։1, 2, 13-16)։ Երբ նա առակներով էր սովորեցնում, «իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր» (Մարկոս 4։34)։ Հիսուսը կանխագուշակեց, որ կնշանակի «հավատարիմ և իմաստուն ծառա»՝ հավաստիացնելով իր հետևորդներին, որ հոգևոր կերակուր կստանան վերջին օրերի ընթացքում։ Այս հավատարիմ ծառան, որը կազմված է երկրի վրա գտնվող Հիսուսի օծյալ եղբայրների փոքր խմբից, սկսած 1919 թ.-ից՝ «ճիշտ ժամանակին [հոգևոր] կերակուր է տալիս» (Մատթեոս 24։45)։
9 Իր մահվան օրը Հիսուսը սիրտ ջերմացնող կերպով ցույց տվեց, որ մտածում է իր սիրելիների հոգևոր բարօրության մասին։ Փորձիր պատկերացնել. Հիսուսը սյան վրա է ու սարսափելի ցավերի մեջ է։ Շունչ քաշելու համար նա, ակներևաբար, պետք է վեր բարձրանա՝ հենվելով ոտքերի վրա։ Դա, անկասկած, մեծ ցավ է պատճառում, քանի որ մարմնի ծանրության տակ մեխերի հասցրած վերքերը պատռվում են, իսկ վերքոտ մեջքը քսվում է սյանը։ Անգամ մի բառ ասելը ցավ է պատճառում նրան, քանի որ այդ վիճակում դժվար է շնչել։ Բայց նախքան մահանալը Հիսուսը խոսքերով իր սերը ցույց տվեց մոր՝ Մարիամի հանդեպ։ Տեսնելով, որ Մարիամն ու Հովհաննես առաքյալը մոտ են կանգնած՝ Հիսուսը բարձր ձայնով՝ այնպես, որ անգամ մոտակայքում գտնվողները կլսեին, ասաց. ««Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»» (Հովհաննես 19։26, 27)։ Հիսուսը գիտեր, որ հավատարիմ առաքյալը հոգ կտանի ոչ միայն նրա ֆիզիկական ու նյութական, այլև հոգևոր կարիքների մասին։b
10. Ինչպե՞ս կարող են ծնողները ընդօրինակել Հիսուսին, երբ հոգ են տանում երեխաների մասին։
10 Հոգատար ծնողները օգտակար են համարում Հիսուսի օրինակի շուրջ խորհրդածելը։ Հայրը, որն իսկապես սիրում է իր ընտանիքին, հոգում է նյութական կարիքները (1 Տիմոթեոս 5։8)։ Հավասարակշռված ու սիրող ընտանիքի գլուխը ժամանակ է տրամադրում նաև հանգստին։ Եվ, որ ամենակարևորն է, քրիստոնյա ծնողները բավարարում են իրենց երեխաների հոգևոր կարիքները։ Ինչպե՞ս։ Նրանք կանոնավորաբար ընտանեկան ուսումնասիրություն են անցկացնում և ամեն բան անում են, որ այն քաջալերիչ ու հաճելի լինի երեխաների համար (2 Օրենք 6։6, 7)։ Իրենց խոսքով և անձնական օրինակով ծնողները երեխաներին սովորեցնում են, որ ծառայությունը կարևոր գործ է, և քրիստոնեական հանդիպումներին պատրաստվելն ու մասնակցելը իրենց երկրպագության մասն է (Եբրայեցիներ 10։24, 25)։
Ներելու պատրաստ լինելով
11. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը իր հետևորդներին ներելու մասին։
11 Ներելը սեր դրսևորելու կերպերից մեկն է (Կողոսացիներ 3։13, 14)։ Սերը «վիրավորանքները չի հաշվում»,– գրված է 1 Կորնթացիներ 13։5-ում։ Բազմիցս Հիսուսը սովորեցնում էր իր հետևորդներին, թե որքան կարևոր է ներել։ Նա հորդորում էր նրանց ներել ուրիշներին ոչ թե «յոթ անգամ, այլ 77 անգամ», այսինքն՝ ներել անվերջ (Մատթեոս 18։21, 22)։ Հիսուսը սովորեցնում էր, որ մեղավորին պետք է ներել, երբ նա խրատվելուց հետո զղջում է (Ղուկաս 17։3, 4)։ Սակայն Հիսուսը իր օրինակով էր սովորեցնում և նման չէր կեղծավոր փարիսեցիներին, ովքեր սովորեցնում էին միայն խոսքով (Մատթեոս 23։2-4)։ Տեսնենք, թե ինչպես նա պատրաստակամորեն ներեց, երբ վստահելի ընկերը հիասթափեցրեց իրեն։
12, 13. ա) Ինչպե՞ս Պետրոսը հիասթափեցրեց Հիսուսին նրան ձերբակալելու գիշերը։ բ) Հարությունից հետո ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ներելու մասին քարոզելուց ավելին արեց։
12 Հիսուսը մտերիմ էր Պետրոս առաքյալի հետ, որը ջերմ մարդ էր, բայց երբեմն իմպուլսիվ։ Հիսուսը նկատել էր Պետրոսի լավ հատկությունները և նրան հատուկ պատասխանատվություններ տվել։ Պետրոսը Հակոբոսի ու Հովհաննեսի հետ ականատես էր եղել որոշ հրաշքների, որոնք մնացած առաքյալները չէին տեսել (Մատթեոս 17։1, 2; Ղուկաս 8։49-55)։ Ինչպես արդեն նշեցինք, Պետրոսը այն առաքյալների թվում էր, որոնք Հիսուսի հետ գնացել էին Գեթսեմանի պարտեզի խորքը։ Այդ նույն գիշերը, երբ վերջինիս մատնեցին ու ձերբակալեցին, Պետրոսը և մյուս առաքյալները լքեցին նրան ու փախան։ Հետո Պետրոսը քաջություն ունեցավ կանգնելու դրսում, երբ Հիսուսին անօրինական կերպով դատում էին։ Այդուհանդերձ, շուտով առաքյալը կրկին վախով լցվեց ու լուրջ սխալ թույլ տվեց. երեք անգամ ստեց՝ ժխտելով, որ ճանաչում է Հիսուսին (Մատթեոս 26։69-75)։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ Իսկ ինչպես դո՞ւ կարձագանքեիր, եթե մտերիմ ընկերդ քեզ հետ այդպես վարվեր։
13 Հիսուսը պատրաստ էր ներելու Պետրոսին։ Նա գիտեր, որ առաքյալը կոտրված է իր իսկ մեղքի պատճառով։ Չէ՞ որ երբ զղջաց, «չկարողանալով զսպել իրեն՝ սկսեց լաց լինել» (Մարկոս 14։72)։ Հարություն առած օրը Հիսուսը երևաց Պետրոսին՝ ակներևաբար մխիթարելու և հանգստացնելու համար (Ղուկաս 24։34; 1 Կորնթացիներ 15։5)։ Երկու ամիս էլ չէր անցել, երբ Հիսուսը պատվի արժանացրեց Պետրոսին՝ թույլ տալով, որ առաջնորդություն վերցնի Պենտեկոստեին Երուսաղեմում հավաքված բազմությանը քարոզելու գործում (Գործեր 2։14-40)։ Հիշենք նաև, որ Հիսուսը իրեն լքած առաքյալների հանդեպ բացասական զգացմունքներով չլցվեց։ Հակառակը՝ հարությունից հետո նրանց «իմ եղբայրներ» կոչեց (Մատթեոս 28։10)։ Մի՞թե պարզ չէ, որ Հիսուսը ներելու մասին քարոզելուց ավելին արեց։
14. Ինչո՞ւ պետք է սովորենք ներել ուրիշներին և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք ներել։
14 Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք պետք է սովորենք ներել ուրիշներին։ Ինչո՞ւ։ Ի տարբերություն Հիսուսի՝ մենք անկատար ենք, ինչպես նաև նրանք, ովքեր կարող են մեր դեմ մեղք գործել։ Ժամանակ առ ժամանակ բոլորս խոսքի և գործի մեջ սայթաքում ենք (Հռոմեացիներ 3։23; Հակոբոս 3։2)։ Ներելով ուրիշներին, երբ այդպես վարվելու հիմք ունենք՝ ճանապարհ ենք հարթում, որ Աստված էլ ների մեր մեղքերը (Մարկոս 11։25)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք ներելու նրանց, ովքեր մեղք են գործել մեր դեմ։ Շատ դեպքերում սերը մղում է մեզ անտեսելու փոքր սխալներն ու թերացումները (1 Պետրոս 4։8)։ Երբ նրանք, ովքեր վիրավորել են մեզ, անկեղծորեն զղջում են, մենք էլ, անկասկած, Պետրոսի նման ցանկանում ենք ընդօրինակել Հիսուսին ու պատրաստակամորեն ներել։ Ոխ պահելու փոխարեն իմաստնորեն կվարվենք, եթե բարկացած չմնանք (Եփեսացիներ 4։32)։ Այդպես անելով՝ կնպաստենք ժողովի խաղաղությանը, ինչպես նաև խաղաղ կլինենք մտքով ու սրտով (1 Պետրոս 3։11)։
Վստահություն դրսևորելով
15. Ինչո՞ւ էր Հիսուսը վստահում իր աշակերտներին՝ չնայած նրանց թերացումներին։
15 Սերն ու վստահությունը կապված են իրար հետ։ Սերն «ամեն ինչի հավատում է» (1 Կորնթացիներ 13։7)։c Սիրուց մղված էր, որ Հիսուսը պատրաստակամորեն վստահեց իր աշակերտներին՝ չնայած նրանց անկատարությանը։ Նա վստահում էր նրանց և հավատում, որ իրենց սրտում իսկապես սիրում են Եհովային և ուզում են կատարել նրա կամքը։ Անգամ երբ սխալներ էին անում, Հիսուսը նրանց մղումները կասկածի չէր ենթարկում։ Օրինակ, երբ Հակոբոս և Հովհաննես առաքյալների մայրը ակներևաբար նրանց խնդրանքով Հիսուսին դիմեց, որ իր որդիները Թագավորության մեջ նրա կողքը նստեն, Հիսուսը հարցականի տակ չդրեց նրանց նվիրվածությունը կամ չզրկեց առաքյալ լինելուց (Մատթեոս 20։20-28)։
16, 17. Ի՞նչ պատասխանատվություններ Հիսուսը վստահեց իր աշակերտներին։
16 Վստահություն ցուցաբերելով՝ Հիսուսը տարբեր պատասխանատվություններ տվեց իր աշակերտներին։ Երկու դեպքում էլ, երբ հրաշքով շատացրեց ուտելիքը և կերակրեց բազմությանը, նա հենց իր աշակերտներին վստահեց կերակուրի բաշխումը (Մատթեոս 14։19; 15։36)։ Իր վերջին Պասեքը տոնելուց առաջ նա Պետրոսին ու Հովհաննեսին հանձնարարեց գնալ Երուսաղեմ և ամեն բան պատրաստել։ Նրանք պետք է ձեռք բերեին գառը, գինին, անթթխմոր հացը, դառը կանաչեղենը և ուրիշ բաներ։ Չի կարելի ասել, որ դա չնչին հանձնարարություն էր, քանի որ Պասեքի տոնը պատշաճորեն նշելը Մովսիսական օրենքի պահանջներից էր, իսկ Հիսուսը այդ Օրենքի համաձայն էր ապրում։ Բացի դրանից՝ այդ օրը՝ ավելի ուշ, Հիսուսը գինին ու անթթխմոր հացը օգտագործեց որպես կարևոր խորհրդանիշներ, երբ հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն (Մատթեոս 26։17-19; Ղուկաս 22։8, 13)։
17 Հիսուսը տեղին համարեց իր աշակերտներին շատ ավելի լուրջ պատասխանատվություններ վստահել։ Հիշիր նաև, որ նա իր աշակերտներին մի կարևոր հանձնարարություն տվեց՝ քարոզել ու աշակերտներ պատրաստել (Մատթեոս 28։18-20)։ Ինչպես արդեն տեսանք, նա երկրի վրա ապրող օծյալ հետևորդների փոքր խմբին տվեց հոգևոր սնունդ մատակարարելու կարևոր պատասխանատվությունը (Ղուկաս 12։42-44)։ Նույնիսկ հիմա, երբ Հիսուսը անտեսանելիորեն կառավարում է երկնքից, երկրի վրա գտնվող իր ժողովը վստահել է հոգևոր անհատներին՝ «որպես պարգևներ» տրված մարդկանց (Եփեսացիներ 4։8, 11, 12)։
18-20. ա) Ինչպե՞ս կարող ենք վստահություն դրսևորել մեր հավատակիցների հանդեպ։ բ) Ինչպե՞ս կարող ենք պատասխանատվություններ վստահելու հարցում ընդօրինակել Հիսուսին։ գ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։
18 Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին ուրիշների հետ առնչվելիս։ Մեր հավատակիցներին վստահելը սիրո դրսևորում է։ Եկեք չմոռանանք, որ սերը դրական հատկություն է, ու երբ ուրիշները հիասթափեցնեն մեզ, ինչը ժամանակ առ ժամանակ կպատահի, այն թույլ չի տա անմիջապես ենթադրել, որ նրանց մղումները վատն են (Մատթեոս 7։1, 2)։ Եթե դրական տեսակետ ունենանք մեր հավատակիցների հանդեպ, կզորացնենք նրանց և ոչ թե կթուլացնենք (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։
19 Կարո՞ղ ենք պատասխանատվություններ վստահելու հարցում ընդօրինակել Հիսուսին։ Կարևոր է, որ ժողովում պատասխանատվություններ ունեցողները կարողանան ներգրավել ուրիշներին՝ տալով նրանց հարմար ու կարևոր հանձնարարություններ, և վստահ լինեն, որ նրանք իրենց լավագույնը կանեն։ Փորձառու երեցները այդպիսով անհրաժեշտ և արժեքավոր բաներ կսովորեցնեն համապատասխան որակներ ունեցող երիտասարդներին, ովքեր «ձգտում են» օգնել ժողովին (1 Տիմոթեոս 3։1; 2 Տիմոթեոս 2։2)։ Այս կրթությունը կարևոր է։ Քանի դեռ Եհովան շարունակում է արագացնել Թագավորության գործը, անհրաժեշտ է, որ համապատասխան որակներ ունեցող տղամարդիկ կրթվեն, որ հոգ տանեն աճող ժողովներին (Եսայիա 60։22)։
20 Հիսուսը ուրիշների հանդեպ սեր դրսևորելու հարցում հրաշալի օրինակ է թողել։ Նրա սերն ընդօրինակելը ամենակարևոր բանն է մեզ համար։ Հաջորդ գլխում կքննենք, թե ինչ մեծ սեր դրսևորեց Հիսուսը մեր հանդեպ՝ իր կյանքը պատրաստակամորեն տալով մեզ համար։
a Առաքյալները չէին քնել միայն այն պատճառով, որ հոգնած էին։ Զուգահեռ արձանագրության մեջ՝ Ղուկաս 22։45-ում, կարդում ենք, որ Հիսուսը նրանց «քնած գտավ, քանի որ այնքան էին ընկճվել, որ ուժասպառ էին եղել»։
b Մարիամը, ակներևաբար, այդ ժամանակ այրի էր, իսկ մյուս երեխաները դեռ չէին դարձել Հիսուսի աշակերտ (Հովհաննես 7։5)։
c Սա, իհարկե, չի նշանակում, որ սերը դյուրահավատ է։ Դա նշանակում է, որ սերը անտեղի քննադատող կամ չափազանց կասկածամիտ չէ։ Սերը հապճեպորեն չի դատում ուրիշների մղումները ու նրանց սխալ մղումներ չի վերագրում։