Գլուխ 32
«Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 33թ. նիսանի 14-ը Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերն էր։ Նա գիտեր, որ իր մահը մոտ է, բայց իր մասին չէր մտածում։ Օգտագործելով մնացած ժամանակը՝ նա քաջալերեց իր աշակերտներին։
Հիսուսը գիտեր, որ իր հեռանալուց հետո աշակերտների համար հեշտ չէր լինելու։ Նրանք Հիսուսի անվան պատճառով «բոլոր ազգերի կողմից ատված էին լինելու» (Մատթ. 24։9)։ Սատանան փորձելու էր բաժանումներ և պառակտումներ գցել նրանց մեջ (Ղուկ. 22։31)։ Հավատուրացության պատճառով կեղծ քրիստոնյաներ էին հայտնվելու (Մատթ. 13։24–30, 36–43)։ Եվ «անօրենության շատանալու պատճառով շատ-շատերի սերը սառչելու» էր (Մատթ. 24։12)։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ ի՞նչն էր միավորելու ճշմարիտ աշակերտներին։ Ամենից առավել Եհովայի հանդեպ սերն էր լինելու նրանց միավորող կապը (Մատթ. 22։37, 38)։ Բայց նրանք պետք է նաև սիրեին իրար և այնպես արտահայտեին այդ սերը, որ տարբերվեին աշխարհից (Կող. 3։14; 1 Հովհ. 4։20)։ Ըստ Հիսուսի՝ ո՞ր սերն էր հստակորեն բնորոշելու իր ճշմարիտ հետևորդներին։
Այդ հիշարժան երեկո Հիսուսը հետևյալ պատվերը տվեց նրանց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։ Այդ երեկո Հիսուսը ավելի քան 20 անգամ հիշատակեց սիրո մասին։ Եվ երեք անգամ պատվիրեց. «Սիրեք միմյանց» (Հովհ. 15։12, 17)։ Հստակ է, որ Հիսուսը նկատի չուներ միայն իր 11 հավատարիմ առաքյալներին, որոնք այդ երեկո իր հետ էին։ Նա նկատի ուներ բոլոր նրանց, ովքեր ի վերջո կընդունեին ճշմարիտ քրիստոնեությունը (համեմատի՛ր Հովհաննես 17։20, 21)։ Իրար սիրելու վերաբերյալ պատվերը միավորելու էր ճշմարիտ քրիստոնյաներին «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։
Բայց արդյո՞ք Հիսուսը ուզում էր ասել, որ աշխարհի ցանկացած մասում ցանկացած անհատ, ով բարություն և սեր դրսևորեր իր մերձավորի հանդեպ, կհամարվեր իր ճշմարիտ աշակերտը։
«Սիրեք իրար»
Այդ երեկո Հիսուսը շատ բան ասաց նաև միավորված լինելու մասին։ «Միության մեջ մնացեք ինձ հետ»,— ասաց նա իր աշակերտներին (Հովհ. 15։4)։ Նա աղոթեց, որ իր բոլոր հետևորդները «մի լինեն», և ավելացրեց. «Ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ» (Հովհ. 17։21)։ Իսկ դրանից առաջ պատվիրեց. «Սիրեք իրար» (Հովհ. 13։35)։ Ուստի նրանց սերը չպետք է արտահայտվեր միայն մի քանի մտերիմ ընկերների կամ մի ժողովի շրջանակներում։ Հիսուսի տված պատվերին համահունչ՝ Պետրոս առաքյալը ավելի ուշ գրեց. «Սիրեք ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17; համեմատի՛ր 1 Պետրոս 5։9)։ Փաստորեն, նրանք լինելու էին համաշխարհային միասնական եղբայրություն։ Եվ քանի որ վերաբերվելու էին միմյանց որպես եղբայրներ ու քույրեր, իրենց համաշխարհային ընտանիքի բոլոր անդամների միջև առանձնահատուկ սեր էր տիրելու։
Ինչպե՞ս էր դրսևորվելու այդ սերը։ Միմյանց հանդեպ սերը ինչո՞ւ էր այդքան առանձնահատուկ, այդքան տարբերվող լինելու, ինչը տեսնելով՝ մարդիկ անմիջապես հասկանալու էին, որ նրանք ճշմարիտ քրիստոնյաներ են։
«Ինչպես ես ձեզ սիրեցի»
«Մերձավորիդ սիրիր քո անձի պես»,— ասում էր Աստծու Օրենքը, որը տրվեց Իսրայելին Հիսուսի՝ երկիր գալուց ավելի քան 1500 տարի առաջ (Ղևտ. 19։18)։ Այդուհանդերձ, մերձավորի հանդեպ այդպիսի սերը չէ, որ բնորոշելու էր Հիսուսի հետևորդներին։ Հիսուսը խոսում էր այնպիսի սիրո մասին, որն ավելի վեհ էր, քան ուրիշներին սեփական անձի պես սիրելը։
Ինչպես ասաց Հիսուսը, իրար սիրելու մասին պատվերը «նոր պատվիրան» էր։ Նոր էր ոչ թե այն պատճառով, որ տրվեց Մովսիսական օրենքից ավելի ուշ, այլ որ այժմ հարկավոր էր այլ կերպ սեր դրսևորել՝ ավելի մեծ չափով։ Հիսուսը բացատրեց, որ նրանք պետք է իրար սիրեին, ինչպես որ ինքը սիրեց նրանց (Հովհ. 13։34)։ Աշակերտների հանդեպ նրա սերը ուժգին էր ու հարատև։ Այն անձնազոհ սեր էր։ Նա դրսևորեց այդ սերը ոչ թե պարզապես մի քանի բարի գործ անելով նրանց համար, այլ շատ ավելին իրագործելով։ Նա հոգևոր սնունդ տվեց նրանց և անհրաժեշտության դեպքում հոգաց նրանց ֆիզիկական կարիքները (Մատթ. 15։32–38; Մարկ. 6։30–34)։ Սակայն Հիսուսի սիրո ամենահամոզիչ փաստն այն էր, որ նա իր կյանքը տվեց հանուն նրանց (Հովհ. 15։13)։
Հիսուսի ճշմարիտ հետևորդները պետք է հենց այդպիսի առանձնահատուկ սեր դրսևորեն իրար հանդեպ, սեր, որը պահանջվում է «նոր պատվիրանի» համաձայն (1 Հովհ. 3։16)։ Ովքե՞ր են այսօր փաստում, որ հնազանդվում են «նոր պատվիրանին»։ Այս գրքի նախորդ գլուխները ակնհայտորեն մատնանշում են մեկ համաշխարհային քրիստոնեական եղբայրություն։
Ճշմարիտ քրիստոնյաները հայտնի են ոչ թե որոշակի հագուստով կամ առանձնահատուկ սովորություններով, այլ իրար հանդեպ ուժգին և ջերմ կապվածությամբ։ Նրանք հայտնի են այնպիսի սիրով, որը չի ճանաչում ռասայական կամ ազգային սահմաններ։ Բոլորը գիտեն, որ նրանք հրաժարվում են իրար դեմ պատերազմելուց, նույնիսկ երբ իրար դեմ կռվում են այն ազգերը, որոնց իրենք պատկանում են։ Շատերին տպավորել է այն, թե ինչպես են նրանք աջակցում իրար դժվար պահերին, օրինակ՝ բնական աղետների ժամանակ, կամ երբ իրենց եղբայրության որոշ անդամներ հալածանք են կրում Աստծու հանդեպ իրենց անարատությունը պահելու համար։ Նրանք պատրաստ են դժվարություններ կրելու կամ վտանգի ենթարկվելու, որ օգնեն իրենց քույրերին ու եղբայրներին, որոնց համար Քրիստոսն իր կյանքն է տվել։ Եվ, ինչ խոսք, նրանք պատրաստ են մահանալու իրար համար։ Ավելի ու ավելի եսասեր դարձող այս աշխարհում նրանց ցուցաբերած սերը առանձնահատուկ է։ Այդ մարդիկ Եհովայի վկաներն ենa։
1992թ. օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, երբ Ֆլորիդայի (ԱՄՆ) ափին հարվածեց «Էնդրյու» փոթորիկը, կարելի էր տեսնել այդ սերը՝ արտահայտված գործերով։ Մոտ 250000 մարդ անօթևան էր մնացել։ Զոհերի մեջ հազարավոր Վկաներ կային։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը անմիջապես օգնության կոմիտե նշանակեց և անհրաժեշտ միջոցներ տրամադրեց։ Աղետի գոտում քրիստոնյա վերակացուները արագ կապ հաստատեցին բոլոր Վկաների հետ, որպեսզի տեսնեն, թե ինչի կարիք ունեն, և հարկ եղած օգնությունը ցույց տան։ Հենց երկուշաբթի առավոտյան՝ այն նույն օրը, երբ տեղի էր ունեցել փոթորիկը, հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող Հարավային Կարոլինայի Վկաները աղետի գոտի ուղարկեցին մի բեռնատար՝ գեներատորներով, էլեկտրական սղոցներով ու խմելու ջրով բեռնավորված։ Երեքշաբթի օրը ավելի շատ առաջին անհրաժեշտության իրեր ուղարկվեցին, ինչպես նաև հարյուրավոր կամավորներ եկան, որ օգնեն տեղի եղբայրներին վերանորոգելու Թագավորության սրահներն ու տները։ Թագավորության սրահի մոտակայքում ապրող մի կին, որը Վկա չէր, այսպես արտահայտվեց տուժածներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ. «Սա հենց այն քրիստոնեական սերն է, որի մասին խոսվում է Աստվածաշնչում»։
Արդյոք այդ սերը կկորչե՞ր մեկ-երկու բարի գործերից հետո։ Կցուցաբերվե՞ր միայն նույն ռասայի կամ ազգության պատկանող մարդկանց հանդեպ։ Ո՛չ։ 1992թ. ընթացքում Զաիրում քաղաքական ու տնտեսական անկայուն վիճակի պատճառով ավելի քան 1200 Վկաներ կորցրին իրենց տներն ու ողջ ունեցվածքը։ Սակայն այդ երկրում ապրող այլ Վկաներ իսկույն օգնության հասան։ Նրանք օգնում էին Սուդանից Զաիր եկած փախստականներին, թեև իրենք էլ նեղությունների մեջ էին։ Շուտով Հարավաֆրիկյան Հանրապետությունից ու Ֆրանսիայից հումանիտար օգնություն եկավ՝ եգիպտացորենի ալյուր, աղ դրած ձուկ և դեղամիջոցներ. այդ ամենը շատ անհրաժեշտ էր։ Ամեն անգամ, երբ հարկ էր լինում, նրանց օգնություն էր տրամադրվում։ Միևնույն ժամանակ նման օգնություն ուղարկվում էր նաև այլ երկրներ։
Այնուամենայնիվ, Եհովայի վկաները, այդպիսի սեր ունենալով, ինքնագոհ չեն դառնում։ Նրանք գիտակցում են, որ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ պետք է շարունակեն արթուն մնալ։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 19-րդ գլուխը՝ «Աճում են սիրո մեջ» վերնագրով։
[մեջբերում 710-րդ էջի վրա]
Ըստ Հիսուսի՝ ո՞ր սերն էր հստակորեն բնորոշելու իր ճշմարիտ հետևորդներին
[մեջբերում 711-րդ էջի վրա]
Նրանք լինելու էին համաշխարհային միասնական եղբայրություն
[շրջանակ 712-րդ էջի վրա]
«Վկաները հոգում են իրենց հավատակիցների մասին և ոչ միայն»
Այսպիսի վերնագրով մի հոդված էր տպագրվել «Մայամի հերալդ» թերթում, որում պատմվում էր այն մասին, թե ինչպես էին Եհովայի վկաները օգնություն ցույց տալիս այն անհատներին, ովքեր տուժել էին «Էնդրյու» փոթորկից, որը 1992-ի օգոստոսին հարվածել էր Ֆլորիդայի հարավային ափին։ Հոդվածում ասվում էր. «Հոմսթեդում ոչ ոք այս շաբաթ Եհովայի վկաների առաջ դուռը չի փակում, եթե իհարկե նրանց դռները մնացել են։ Մոտ 3000 Վկա կամավորներ ողջ երկրից ժամանել են աղետի գոտի, որպեսզի նախևառաջ օգնեն իրենց հավատակիցներին և հետո ուրիշներին.... Բրաուորդի շրջանի արևմտյան մասում գտնվող համաժողովների սրահից, որը ծառայում է որպես առաքման կետ, մոտ 150 տոննա կերակուր և առաջին անհրաժեշտության իրեր են ուղարկվել Հոմսթեդի երկու Թագավորության սրահ։ Այդ սրահներից ամեն առավոտ կամավորների խմբեր են գնում՝ վերանորոգելու իրենց հավատակիցների տները, որոնք վնասվել են փոթորկի պատճառով.... Օրը երեք անգամ բացօթյա խոհանոցը կերակուր է պատրաստում 1500 մարդու համար։ Եվ միայն նրբերշիկով հաց կամ փքաբլիթ չէ, որ տալիս են։ Կամավորներին կերակրում են տնական հացով, իսկական լազանյայով, թարմ բանջարեղենից պատրաստված աղցաններով, շոգեխաշած մսով, յուղաբլիթներով ու ֆրանսիական տոստերով, և այդ ամենը պատրաստվում է նվիրաբերված մթերքներով» (The Miami Herald, 1992, օգոստոսի 31, էջ 15ա)։