Մենք կարող ենք ավելի մեծ գործեր կատարել
1 Հիսուս Քրիստոսն իր ծառայության ընթացքում ակնառու գործեր կատարեց։ Նա հրաշքով կերակրեց հազարավորներին, շատերին բժշկեց և ոմանց հարություն տվեց (Մատթէոս 8։1—17; 14։14—21; Յովհաննէս 11։38—44)։ Նրա գործերը հազարավոր մարդկանց ուշադրություն գրավեցին։ Դեռ ավելին. իր մահվանը նախորդող երեկոյան նա իր հավատարիմ հետևորդներին ասաց. «Ով հաւատում է ինձ, ինքն էլ կ’անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ’անի» (Յովհաննէս 14։12)։ Ինչպե՞ս կարող ենք մենք «աւելի մեծերը» կատարել։
2 Ընդգրկելով ավելի մեծ տարածք. Հիսուսի գործունեության ոլորտը սահմանափակվեց Պաղեստինով, մինչդեռ նրա առաջին աշակերտներին պատվիրված էր վկայություն տալ «մինչեւ աշխարհի ծայրամասերը»՝ շատ ավելի հեռու այն վայրերից, որտեղ անձամբ Հիսուսն էր քարոզում (Գործք 1։8, Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանություն)։ Հիսուսի սկսած քարոզչական աշխատանքն այժմ համաշխարհային բնույթ է կրում՝ ընդգրկելով 232 երկրներ (Մատթէոս 24։14)։ Իսկ դու լիովին մասնակցո՞ւմ ես ձեր ժողովին հատկացված տարածքի մշակման գործին։
3 Հասնելով ավելի շատ մարդկանց. Հիսուսը համեմատաբար քիչ աշակերտներ թողեց՝ շարունակելու քարոզչական աշխատանքը։ Սակայն մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրը նրանց եռանդուն վկայության արդյունքը եղավ այն, որ մոտավորապես երեք հազար հոգի ընդունեցին ճշմարտությունը և մկրտվեցին (Գործք 2։1—11, 37—41)։ «Հավիտենական կյանքի հանդեպ դրականորեն տրամադրվածների» հավաքը շարունակվում է մինչև մեր ժամանակները, երբ ամեն օր միջին հաշվով հազարից ավել մարդ է մկրտվում (Գործք 13։48, ՆԱ)։ Իսկ դու դիմո՞ւմ ես հնարավոր բոլոր միջոցներին՝ բարեսիրտ մարդկանց գտնելու, որտեղ էլ որ նրանք լինեն, և հնարավորին չափ արագ նրանց հետաքրքրվածությունը բավարարելու։
4 Քարոզելով ավելի երկար ժամանակ. Հիսուսի երկրային ծառայությունը տևեց ընդամենը երեք ու կես տարի։ Մեզանից շատերն անհամեմատ ավելի երկար տարիներ են քարոզել։ Անկախ նրանից, թե դեռ որքան ժամանակ կշարունակենք այս աշխատանքը, մեզ հաճելի է օգնություն ցույց տալ յուրաքանչյուր նոր աշակերտի դեպի կյանք տանող ճանապարհով քայլելու համար (Մատթէոս 7։14)։ Իսկ դու ամեն ամիս ուժերիդ ներածին չափով մասնակցո՞ւմ ես Տիրոջ գործին (Ա Կորնթացիս 15։58)։
5 Կարող ենք վստահ լինել, որ, լինելով Հիսուսի հավատարիմ աշակերտները, նրա աջակցությամբ ավելի մեծ գործեր կանենք (Մատթէոս 28։19, 20)։