Դուք ընդունե՞լ եք «ճշմարտության ոգին»
«[Հայրը] մի այլ Մխիթարիչ [«օգնական», ՆԱ] պիտի տայ ձեզ, որպեսզի հաւիտեան ձեզ հետ բնակուի» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 14։16, 17)։
1. Ի՞նչ կարևոր տեղեկություն հայտնեց Հիսուսն իր աշակերտներին իր կյանքի վերջին ժամերի ընթացքում։
«ՏԷ՛Ր, ո՞ւր ես գնում»։ Սա մեկն էր այն հարցերից, որ Քրիստոսի առաքյալներն ուղղեցին նրան, երբ Հիսուսի կյանքի վերջին ժամերին նրա կողքին էին Երուսաղեմի վերնատներից մեկում (Յովհաննէս 13։36)։ Երեկոյի ընթացքում Հիսուսը հայտնեց, որ պետք է թողնի նրանց և վերադառնա իր Հոր մոտ (Յովհաննէս 14։28; 16։28)։ Նա այլևս ֆիզիկապես նրանց կողքին չէր լինելու, որ սովորեցներ ու պատասխաներ նրանց հարցերին։ Սակայն, նա հավաստիացրեց նրանց՝ ասելով. «Ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ [«օգնական», ՆԱ] պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի» (Յովհաննէս 14։16)։
2. Ի՞նչ խոստացավ Հիսուսն ուղարկել իր աշակերտներին Հոր մոտ գնալուց հետո։
2 Հիսուսը պարզաբանեց, թե այդ ինչ օգնականի մասին է խոսքը, նաև բացատրեց, թե ինչպես էր այն օգնելու իր աշակերտներին։ Նա ասաց. «Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։ Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, .... լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը [«օգնականը», ՆԱ] ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ’ուղարկեմ ձեզ մօտ։ Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ’առաջնորդի ձեզ» (Յովհաննէս 16։4, 5, 7, 13)։
3. ա) Ե՞րբ «Ճշմարտութեան Հոգին» ուղարկվեց վաղեմի քրիստոնյաներին։ բ) Ո՞րն է այն կարևոր միջոցը, որով ոգին որպես «օգնական» է ծառայել նրանց համար։
3 Այս խոստումն իրականացավ մ.թ. 33–ի Պենտեկոստեի ժամանակ, ինչը և հաստատեց Պետրոս առաքյալը, երբ ասաց. «Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում» (Գործք 2։32, 33)։ Ինչպես կտեսնենք հետագայում, այդ օրը աշակերտների վրա թափված սուրբ ոգին շատ բան իրագործեց վաղեմի քրիստոնյաների համար։ Հիսուսը, սակայն, խոստացավ, որ «Ճշմարտութեան Հոգին» «կը յիշեցն[եր] այն ամէնը, ինչ [նա] ասաց» նրանց (Յովհաննէս 14։26)։ Կօգներ նրանց հիշել Հիսուսի ծառայությունը և ուսուցումները, մինչև անգամ նրա ասած խոսքերը, նաև կօգներ դրանք թղթին հանձնել։ «Ճշմարտութեան Հոգին» պետք է որ առավելապես օգտակար լիներ Հովհաննես առաքյալի համար, որն արդեն ծեր էր, երբ մ.թ. առաջին դարի վերջին սկսեց գրել իր Ավետարանը։ Նրա Ավետարանում արձանագրված է նաև Հիսուսի անգին խորհուրդը, որ նա տվեց իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելիս («Յովհաննէս» գրքի 13–17 գլուխները)։
4. Ինչպե՞ս «Ճշմարտութեան Հոգին» օգնեց վաղեմի օծյալ քրիստոնյաներին։
4 Իր վաղեմի աշակերտներին Հիսուսը նաև խոստացավ, որ ոգին նրանց «ամէն բան կ’ուսուցանի» և «կ’առաջնորդէ .... ամեն ճշմարտութեան մէջ» (ԱԹ)։ Ոգին պետք է օգներ նրանց Գրություններից խորը մտքեր հասկանալ և միևնույն միտքը, հասկացողությունն ու նպատակն ունենալ (Ա Կորնթացիս 2։10; Եփեսացիս 4։3)։ Այդպիսով սուրբ ոգին զորացրեց նրանց՝ միասնաբար գործելու որպես «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգ, որն «իր ժամին» հոգևոր կերակուր պետք է մատակարարեր օծյալ քրիստոնյաներին՝ անհատապես (Մատթէոս 24։45)։
Ոգին վկայում է
5. ա) Ի՞նչ նոր հեռանկար բաց արեց Հիսուսն իր աշակերտների համար այդ նույն գիշերը։ բ) Ի՞նչ դեր էր խաղալու սուրբ ոգին Հիսուսի խոստումը կատարելու գործում։
5 Նույն գիշերը Հիսուսն իր աշակերտներին հայտնեց նաև, որ հետագայում կընդունի նրանց՝ իր և իր Հոր հետ միասին երկնքում բնակվելու։ «Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ’ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք» (Յովհաննէս 13։36; 14։2, 3)։ Նրանք կառավարելու են Հիսուսի հետ իր Թագավորությունում (Ղուկաս 22։28–30)։ Որպեսզի աշակերտներն ունենային այս երկնային հույսը, նրանք պետք է «Հոգուց ծնուած» լինեին՝ որպես Աստծո հոգևոր որդիներ, նաև օծված լինեին՝ որպես թագավորներ ու քահանաներ՝ երկնքում Հիսուսի հետ ծառայելու (Յովհաննէս 3։5–8; Բ Կորնթացիս 1։21, 22; Տիտոս 3։5–7; Ա Պետրոս 1։3, 4; Յայտնութիւն 20։6)։
6. ա) Ե՞րբ սկսվեց «երկնաւոր կոչ[ում]ը, և քանի՞ հոգի ընդունեցին այն։ բ) Ինչո՞վ մկրտվեցին այդ կանչվածները։
6 Այս «երկնաւոր կոչ[ում]ը» սկսվեց մ.թ. 33–ի Պենտեկոստեին և ընդհանուր առմամբ ավարտվեց 1930–ականների կեսերին (Եբրայեցիս 3։1)։ Հոգևոր Իսրայելի մեկ մասը լինելու համար սուրբ ոգով կնքված՝ հաստատված անհատների թիվը կազմում է 144 000, «որոնք փրկուած են երկրից» (Յայտնութիւն 7։4; 14։1–4)։ Նրանք մկրտվել են Քրիստոսի հոգևոր մարմնով, Քրիստոսի մահով և նրա ժողովով (Հռովմայեցիս 6։3; Ա Կորնթացիս 12։12, 13, 27; Եփեսացիս 1։22, 23)։ Ջրով մկրտվելուց և ապա սուրբ ոգով օծվելուց հետո նրանք մտել են անձնազոհ կյանքով ապրելու ուղու մեջ, որը նշանակում է անձնվիրաբար ապրել մինչև մահ (Հռովմայեցիս 6։4, 5)։
7. Ինչո՞ւ միայն օծյալ քրիստոնյաները կարող են միանգամայն արդարացիորեն օգտվել խորհրդանիշներից Հիշատակի երեկոյին։
7 Այս օծյալ քրիստոնյաները՝ հոգևոր իսրայելացիները, նոր ուխտի մեջ էին՝ հաստատված Եհովայի և «Աստծու Իսրայէլի» միջև (Գաղատացիս 6։16; Երեմիա 31։31–34)։ Այդ նոր ուխտը ուժի մեջ մտավ Քրիստոսի թափված արյամբ։ Հիսուսն այս մասին նշեց իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելիս։ Ղուկասն արձանագրում է. «Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած»» (Ղուկաս 22։19, 20)։ Միայն մնացորդը՝ 144 000–ից դեռևս երկրի վրա ապրող օծյալները, կարող են Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին միանգամայն արդարացիորեն օգտվել խորհրդանշական հացից ու գինուց։
8. Ինչպե՞ս են օծյալներն իմանում, որ երկնային կոչում են ստացել։
8 Ինչպե՞ս են օծյալներն իմանում, որ երկնային կոչում են ստացել։ Նրանք վկայություն են ստանում սուրբ ոգուց, ինչը չի կարող սխալ լինել։ Պողոս առաքյալը այդ անհատներին գրեց. «Նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ....։ Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին» (Հռովմայեցիս 8։14–17)։ Հոգու այս վկայությունն այնքան ուժեղ է, որ եթե անհատը երկնային կոչումը ստանալու առնչությամբ կասկածի մի նշույլ անգամ ունենա իր սրտում, կարող է տրամաբանորեն եզրակացնել, որ չունի այդ կոչումը, և չօգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։
Ոգին և «այլ ոչխարները»
9. Ի՞նչ երկու տարբեր խմբերի մասին է խոսվում Ավետարաններում և «Յայտնութիւն» գրքում։
9 Հաշվի առնելով այն, որ հոգևոր Իսրայելի անդամները լինելու հրավերը ստացած քրիստոնյաների թիվը սահմանափակ է՝ Հիսուսը նրանց անվանեց «փոքրի՛կ հօտ»։ Նրանք մտան հաստատված նոր ուխտի «հօտի» մեջ՝ ի տարբերություն անսահմանափակ թվով «այլ ոչխարների», որոնց մասին Հիսուսն ասաց, թե նրանց էլ պետք է հավաքի (Ղուկաս 12։32։ Յովհաննէս 10։16)։ Վերջին ժամանակներում հավաքվող «այլ ոչխարները» «մեծ բազմութիւն» էին կազմելու և վերապրելու էին «մեծ նեղութիւնը»՝ երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար ունենալով։ Հետաքրքիր է, որ մ.թ. առաջին դարի վերջերին իր ստացած տեսիլքում Հովհաննեսը մեծ բազմության անդամներին առանձնացնում է 144 000 հոգուց բաղկացած հոգևոր Իսրայելից (Յայտնութիւն 7։4, 9, 14)։ Իսկ այլ ոչխարները սուրբ ոգին ստանո՞ւմ են, և եթե այո, ապա ինչպե՞ս է այն ազդում նրանց կյանքի վրա։
10. Ինչպե՞ս են այլ ոչխարները մկրտվում «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։
10 Սուրբ ոգին, ինչ խոսք, կարևոր դեր է խաղում այլ ոչխարների կյանքում։ Նրանք իրենց նվիրումը Եհովային խորհրդանշում են՝ «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» մկրտվելով (Մատթէոս 28։19)։ Նրանք ընդունում են Եհովայի գերիշխանությունը, հնազանդվում են Քրիստոսին՝ որպես իրենց Թագավորի և Փրկչի, և թույլ են տալիս, որ Աստծո ոգին՝ գործուն ուժը, իր ներգործությունն ունենա իրենց կյանքում։ Օր–օրի նրանք փորձում են իրենց մեջ մշակել ոգու պտուղը, այսինքն՝ «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։
11, 12. ա) Ինչպե՞ս են օծյալներն արդեն մաքրվել առանձնահատուկ կերպով։ բ) Ինչպե՞ս են այլ ոչխարները մաքրվում և սուրբ դառնում։
11 Այլ ոչխարները պետք է թույլ տան նաև, որ Աստծո Խոսքը և սուրբ ոգին մաքրեն՝ սրբացնեն իրենց։ Օծյալներն արդեն մաքրվել են յուրահատուկ ձևով և հայտարարվել արդարներ ու սուրբեր՝ որպես Քրիստոսի հարս (Յովհաննէս 17։17; Ա Կորնթացիս 6։11; Եփեսացիս 5։23–27)։ Դանիել մարգարեն նրանց կոչեց «Բարձրեալի սուրբեր», որ ընդունելու էին «մարդի որդիի»՝ Հիսուս Քրիստոսի Թագավորությունը (Դանիէլ 7։13, 14, 18, 27)։ Դրանից առաջ Եհովան Մովսեսի և Ահարոնի միջոցով հայտարարել էր իսրայել ազգին. «Ես եմ ձեր Եհովայ Աստուածը. ուրեմն սրբեցէք ձեր անձերը եւ սուրբ եղէք, ըստ որում ես սուրբ եմ» (Ղեւտացոց 11։44)։
12 «Սրբացում» բառը, ըստ մի հանրագիտարանի, հիմնականում նշանակում է՝ «սուրբ դարձնելու գործողություն. անջատում՝ առանձնացում Եհովա Աստծուն ծառայելու համար. սուրբ, անարատ կամ մաքուր լինելու վիճակ»։ Դեռևս 1938 թ.–ին «Դիտարանում» գրվեց, որ Հովնադաբները՝ այլ ոչխարները, «պետք է իմանան, որ նվիրվելն ու սրբվելը յուրաքանչյուրից է պահանջվում, ով ցանկանում է դառնալ մեծ բազմության մեկ մասը և ապրել երկրի վրա»։ «Յայտնութիւն» գրքում մեծ բազմության մասին արձանագրված տեսիլքում կարդում ենք, որ նրանք «իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան արիւնով» և «զօր ու գիշեր պաշտում են [Եհովային] իր տաճարի մէջ» (Յայտնութիւն 7։9, 14, 15)։ Սուրբ ոգու օգնությամբ այլ ոչխարները իրենց ուժերի ներածին չափով ամեն բան անում են, որ ապրեն սրբության վերաբերյալ Եհովայի պահանջների համաձայն (Բ Կորնթացիս 7։1)։
Բարիք գործենք Քրիստոսի եղբայրներին
13, 14. ա) Համաձայն Հիսուսի՝ ոչխարների և այծերի մասին առակի՝ ինչի՞ց է կախված այլ ոչխարների փրկությունը։ բ) Ինչպե՞ս են այլ ոչխարները թիկունք կանգնել Քրիստոսի եղբայրներին այս վերջին ժամանակներում։
13 Հիսուսն այլ ոչխարների և փոքր հոտի միջև զորեղ կապն ընդգծեց իր՝ ոչխարների և այծերի մասին առակում, նաև «աշխարհի վախճանի» մասին իր մարգարեության մեջ։ Այդ առակում Քրիստոսը հստակորեն ցույց տվեց, որ այլ ոչխարների փրկությունը սերտորեն կապված է օծյալների (որոնց նա կոչեց «իմ .... եղբայրներ») հանդեպ նրանց վերաբերմունքից։ Նա ասաց. «Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը....։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին [«ինչ չափով որ», ՆԱ] արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»» (Մատթէոս 24։3; 25։31–34, 40)։
14 «[«Ինչ չափով որ», ՆԱ] արեցիք այդ» արտահայտությունը մատնանշում է սիրալիր աջակցությունը Քրիստոսի՝ ոգուց ծնված եղբայրներին, որոնց Սատանայի աշխարհը համարել է օտարներ և նրանցից ոմանց նույնիսկ բանտարկել։ Ինչ խոսք, այդպիսի պարագաներում նրանք սննդի, բավարար հագուստի և առողջական հարցերում հոգատարության կարիք ունեցել են (Մատթէոս 25։35, 36)։ Այս վերջին ժամանակներում՝ սկսած 1914 թ.–ից, օծյալներից շատերն այդպիսի իրավիճակներում են հայտնվել։ Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը վկայում է այն մասին, որ երկրի վրա ապրող նրանց անձնվեր համախոհները՝ այլ ոչխարները, թիկունք են կանգնել իրենց՝ սուրբ ոգուց մղված։
15, 16. ա) Հատկապես ո՞ր գործում են այլ ոչխարներն օգնություն ցույց տալիս դեռևս երկրի վրա ապրող Քրիստոսի օծյալ եղբայրներին։ բ) Ինչպե՞ս են օծյալներն իրենց գնահատանքը հայտնել այլ ոչխարներին։
15 Երկրի վրա ապրող Քրիստոսի օծյալ եղբայրներին այլ ոչխարները մեծ աջակցություն են ցույց տվել հատկապես այս վերջին ժամանակներում՝ միասնաբար կատարելով Աստծո հանձնարարած գործը, այն է՝ «արքայութեան այս Աւետարանը .... քարոզ[ել] ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների» (Մատթէոս 24։14; Յովհաննէս 14։12)։ Մինչ տարեցտարի օծյալների թիվը գնալով նվազում է, այլ ոչխարների թիվը միլիոնների է հասել։ Նրանց միջից հազարավոր քրիստոնյաներ ծառայում են որպես լիաժամ քարոզիչներ՝ ռահվիրաներ և միսիոներներ, և Թագավորության բարի լուրը տարածում «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Մյուսները վկայության գործին մասնակցում են իրենց կարողությունների ներածին չափով և ուրախությամբ իրենց աջակցությունն են ցույց տալիս ֆինանսական նվիրատվություններով։
16 Քրիստոսի օծյալ եղբայրները որքա՜ն բարձր են գնահատում այլ ոչխարների՝ իրենց համախոհների ցույց տված այս աջակցությունը։ 1986 թ.–ին ծառա դասակարգի կողմից հրատարակված «Համաշխարհային ապահովություն՝ «խաղաղության իշխանի» կառավարության ներքո» գրքում (անգլ.) ահա թե շնորհակալական ինչպիսի խոսքերով են նրանք արտահայտում իրենց զգացումները. «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից սկսած՝ «աշխարհի վախճանի» վերաբերյալ Հիսուսի մարգարեությունը մեծ մասամբ իրականացվել է «այլ ոչխարների» ‘մեծ բազմության’ կատարած աշխատանքի շնորհիվ։ .... Շատ շնորհակալ ենք միջազգային, բազմալեզու ‘մեծ բազմությանը’, որ Մատթէոս 24։14–ում արձանագրված [Հիսուսի] մարգարեությունն ի կատար ածելու գործի գերակշռող մասն իրենց է պատկանում»։
«Որպեսզի առանց մեզ նրանք կատարյալ չդառնան»
17. Վաղեմի հավատարիմ ծառաները, որոնք հարություն են առնելու երկրի վրա, ինչպե՞ս առանց օծյալների «կատարյալ» չեն դառնա։
17 Լինելով օծյալ քրիստոնյա՝ Պողոս առաքյալը մատնացույց արեց այն հավատարիմ տղամարդկանց ու կանանց, ովքեր ապրել են մինչև Քրիստոսը՝ գրելով. «Սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։ Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն [«նրանք կատարյալ չդառնան», ՆԱ]» (Եբրայեցիս 11։35, 39, 40)։ Հազարամյա թագավորության ընթացքում Քրիստոսը և 144 000 օծյալ քրիստոնյաները պետք է երկնքից կառավարեն իբրև թագավորներ ու քահանաներ և Քրիստոսի ներկայացրած զոհաբերության օգուտները շնորհեն երկրի վրա ապրողներին։ Այսպիսով՝ այլ ոչխարները ‘կատարյալ կդառնան’ մարմնով և մտքով (Յայտնութիւն 22։1, 2)։
18. ա) Գրություններում արձանագրված փաստերը օգնում են այլ ոչխարներին ի՞նչը ավելի լավ ըմբռնել։ բ) Ի՞նչ հույսով են այլ ոչխարները սպասում «Աստծու որդիների յայտնութեանը»։
18 Այս ամենը պետք է օգնի այլ ոչխարներին ավելի լավ ըմբռնել, թե քրիստոնեական Հունարեն Գրությունները ինչու են այդքան շատ անդրադառնում Քրիստոսի ու նրա օծյալ եղբայրների, ինչպես նաև Եհովայի նպատակների կատարման մեջ նրանց ունեցած գլխավոր դերին։ Ուստի, այլ ոչխարներն առանձնաշնորհում են համարում օծյալ ծառա դասակարգին բոլոր հնարավոր միջոցներով թիկունք կանգնելը, մինչ սպասում են Արմագեդոնի և Հազարամյա թագավորության ժամանակ «Աստծու որդիների յայտնութեանը»։ Նրանք կարող են ակնկալել, որ «[կ]ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։19–21)։
Ոգով միաբան՝ Հիշատակի երեկոյին
19. Ի՞նչ է արել «Ճշմարտութեան Հոգին» օծյալ քրիստոնյաների և նրանց համախոհների համար, և ինչպե՞ս ցույց կտան իրենց միասնությունը հատկապես մարտի 28–ի երեկոյան։
19 Մ.թ. 33–ի նիսանի 14–ի գիշերը Հիսուսն իր եզրափակող աղոթքում ասաց. «Աղաչում եմ, .... որպեսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ» (Յովհաննէս 17։20, 21)։ Սիրուց մղված՝ Աստված ուղարկեց իր Որդուն, որպեսզի նա զոհի իր կյանքը՝ ի փրկություն օծյալների և հնազանդ մարդկության (Ա Յովհաննէս 2։2)։ «Ճշմարտութեան Հոգին» Քրիստոսի եղբայրներին «մի է արել», այսինքն՝ միավորել է իրենց համախոհների հետ։ Այս տարի մարտի 28–ին՝ մայրամուտից հետո, այդ երկու խմբերն էլ կհավաքվեն մեկտեղ, որպեսզի նշեն Քրիստոսի մահը և հիշեն այն ամենը, ինչ որ Եհովան արել է իրենց համար իր սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջոցով։ Թող որ այդ կարևոր իրադարձությանը ներկա գտնվելով՝ է՛լ ավելի ամրանա նրանց միության կապը և վճռականություն ներշնչի, որպեսզի շարունակեն կատարել Աստծո կամքը։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց կտան, որ իրենց ուրախություն է պատճառում լինել նրանց թվում, ում Եհովան սիրում է։
Կրկնության հարցեր
• Ե՞րբ «Ճշմարտութեան Հոգին» թափվեց առաջին քրիստոնյաների վրա, և ինչպե՞ս այն «օգնական» եղավ։
• Ինչպե՞ս են օծյալներն իմանում, որ երկնային կոչում են ստացել։
• Ի՞նչ կերպերով է Աստծո ոգին ազդում այլ ոչխարների վրա։
• Ինչպե՞ս են այլ ոչխարները բարի գործել Քրիստոսի եղբայրների համար, և ինչո՞ւ նրանք ‘կատարյալ չեն դառնա առանց’ նրանց։
[նկար 21–րդ էջի վրա]
Մ.թ. 33–ի Պենտեկոստեին «Ճշմարտութեան Հոգին» թափվեց աշակերտների վրա
[նկարներ 23–րդ էջի վրա]
Այլ ոչխարները բարիք են գործել Քրիստոսի եղբայրներին՝ Աստծո հանձնարարած քարոզչական գործում նրանց աջակցելով