Սուրբ հոգին Աստծո գործուն ուժն է
ԸՍՏ Երրորդության ուսմունքի, սուրբ հոգին աստվածության երրորդ դեմքն է՝ Հորն ու Որդուն հավասար։ Ինչպես ասում է «Մեր ուղղափառ քրիստոնեական հավատքը» (անգլ.) գիրքը՝ «Սուրբ հոգին լիովին Աստված է»։
Եբրայերեն գրություններում այն բառը, որը հաճախ թարգմանված է «հոգի», ռու՛ախ–ն է և նշանակում է շունչ՝ քամի՝ հոգի։ Իսկ Հունարեն գրություններում այդ իմաստով գործածվում է պնև՛մա բառը։ Նշանակո՞ւմ են, արդյոք, այդ բառերը, որ սուրբ հոգին Երրորդության մի մաս է։
Գործուն մի ուժ
«ՍՈՒՐԲ հոգի» արտահայտության գործածումը Աստվածաշնչում ցույց է տալիս, որ դա ղեկավարվող մի ուժ է, որն Աստված օգտագործում է իր զանազան նպատակները իրականացնելու համար։ Որոշ չափով կարելի է այն նմանեցնել էլեկտրականությանը՝ ուժի, որը գործադրվում է տեսակ–տեսակ գործեր կատարելու համար։
Ծննդոցի 1։2–ում Աստվածաշունչն ասում է, թե «Աստուծոյ Հոգին [եբրայերեն՝ ռո՛ւախ] շրջում էր ջրերի վերայ»։ Այստեղ Աստծո հոգին նրա գործուն ուժն էր երկրի ձևավորման ժամանակ աշխատելիս։
Աստված օգտագործում է այդ հոգին իր ծառաներին լուսավորելու համար։ Դավիթն աղոթեց. «Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին [ռո՛ւախ] թող առաջնորդէ ինձ դեպի ուղիղ երկիր» (Սաղմոս 143։10)։ Երբ 70 մարդ նշանակվեց Մովսեսին օգնելու համար, Աստված նրան ասաց. «Քեզ վերայ եղած հոգուցը [ռո՛ւախ] կ’առնեմ, եւ նորանց վերայ կ’դնեմ» (Թուոց 11։17)։
Աստվածաշնչի մարգարեությունները գրի են առնվել «Սուրբ Հոգուց [հունարեն պնև՛մա բառի ձև] մղուած» Աստծո մարդկանց կողմից (Բ Պետրոս 1։20, 21)։ Այսպիսով, Աստվածաշունչը Աստծո շնչով է գրվել՝ հունարեն թեո՛պնևստոս բառից, որը բառացի նշանակում է «Աստծուց փչած» (Բ Տիմոթեոս 3։16)։ Սուրբ հոգու առաջնորդությամբ նաև որոշ մարդիկ տեսիլքներ և մարգարեական երազներ են տեսել (Բ Թագաւորաց 23։2; Յովել 2։28, 29; Ղուկաս 1։67; Գործք 1։16; 2։32, 33)։
Հիսուսի մկրտվելուց հետո սուրբ հոգին դրդեց նրան գնալ անապատ (Մարկոս 1։12)։ Հոգին Աստծո ծառաների ներսում կրակի նման էր, նրանց խանդավառող մի ուժ։ Դրա շնորհիվ նրանք կարողանում էին համարձակորեն ու քաջությամբ խոսել (Միքիա 3։8; Գործք 7։55—59; 18։25; Հռովմայեցիս 12։11; Ա Թեսաղոնիկեցիս 5։19)։
Իր հոգով Աստված ի կատար է ածում իր դատավճիռները մարդկանց ու ազգերի վրա (Եսայիա 30։27, 28; 59։18, 19)։ Եվ Աստծո հոգին կարող է ամեն տեղ հասնել՝ գործելով հոգուտ մարդկանց կամ նրանց դեմ (Սաղմոս 139։7—12)։
«Զօրութեան գերազանցութիւնը»
ԱՍՏԾՈ հոգին կարող է նաև Աստծո ծառաներին տալ «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7)։ Դրա շնորհիվ նրանք կարողանում են համբերությամբ տանել հավատքի փորձությունները, կատարել այնպիսի բաներ, որոնք այլ կերպ չէին կարողանա։
Օրինակ, Սամփսոնի վերաբերյալ Դատաւորացի 14։6–ում կարդում ենք. «Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա նորան [առյուծին] պատառեց ինչպես մի ուլ կը պատառեն, եւ ձեռքումը մի բան չ’կար»։ Արդյոք, աստվածային մի ա՞նձ էր, որ մտավ Սամփսոնի մեջ կամ նվաճեց նրան, հմտորեն վարվելով մարմնի հետ այնպես, որ այդ աներ։ Անձ չէր, այլ իսկապես «Տիրոջ զորությունը [, որ] Սափսոնին զորեղացրեց» (Today’s English Version [«Արդի անգլերեն թարգմանություն»])։
Աստվածաշունչը հայտնում է, թե Հիսուսի մկրտվելուց հետո, նրա վրա իջած սուրբ հոգին երևաց աղավնու տեսքով, ոչ թե մարդու (Մարկոս 1։10)։ Աստծո այդ գործուն ուժը Հիսուսին հնարավորություն տվեց հիվանդներին բժշկելու, մահացածներին հարություն տալու։ Ինչպես գրված է Ղուկասի 5։17–ում, «Տիրոջ [Աստծո] զօրութիւնը ներկայ էր՝ նրանց բժշկելիս»։
Աստծո հոգին նաև Հիսուսի աշակերտներին հնարավորություն տվեց հրաշքներ անելու։ Գործքի 2։1—4–ը պատմում է, թե աշակերտները Պենտեկոստեի առթիվ հավաքված էին, երբ «յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկածի նման... Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել այլ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց արտասանել էր տալիս»։
Այսպիսով, սուրբ հոգին Հիսուսին ու Աստծո մյուս ծառաներին օժտեց զորությամբ անել այնպիսի բաներ, ինչ որ մարդիկ սովորաբար չէին կարող անել։
Անձ չէ
ՍԱԿԱՅՆ չէ՞ որ Աստվածաշնչում համարներ կան, որտեղ սուրբ հոգին ներկայացվում է դեմքի հատկանիշներով։ Դա ճիշտ է, բայց նկատի առե՛ք, թե ի՛նչ է ասում այդ մասին կաթոլիկ աստվածաբան Էդմունդ Ֆորտմանը իր «Եռամիասնական Աստվածը» (անգլ.) աշխատության մեջ. «Թեպետև այս հոգին հաճախ նկարագրվում է դեմքի հատկանիշներով, միանգամայն պարզ է թվում, որ երբեք [Եբրայերեն գրությունների] սուրբ գրողներն այս հոգին չեն պատկերացրել կամ ներկայացրել որպես առանձին մի անձ»։
Սուրբ գրքում հազվադեպ չէ, երբ ինչ–որ մի բան անձնավորվում է։ Այսպես օրինակ, իմաստությունը նկարագրվում է որպես որդիներ ունեցող (Ղուկաս 7։35)։ Մեղքը և մահը՝ որպես թագավորներ (Հռովմայեցիս 5։14, 21)։ Ծննդոցի 4։7–ում The New English Bible («Նոր անգլերեն Աստվածաշունչը» [ՆԻ]) ասում է, թե «Մեղքը դռան մոտ թաքնված մի դև է», մեղքը նկարագրելով անձնավորված, որպես Կայենի դռանը դարանակալած չար մի հոգի։ Մեղքը, իհարկե, հոգևոր անձ չէ. նույնպես էլ, երբ սուրբ հոգին անձնավորված է ներկայացված, դա չի նշանակում, իբր այն հոգևոր մի անձ է։
Նմանապես, ըստ Ա Յովհաննէսի 5։6—8–ի (ՆԻ), ոչ միայն հոգին, այլ նաև «ջուրը և արյունը» հանդես են գալիս որպես «վկաներ»։ Սակայն պարզ է, որ ջուրը և արյունը անձեր չեն, այնպես էլ, ուրեմն, սուրբ հոգին անձ չէ։
Դրան համապատասխան, «սուրբ հոգի» արտահայտությունը Աստվածաշնչում սովորաբար գործածվում է անդեմ ձևով, օրինակ, երբ զուգորդվում է ջրի և կրակի հետ (Մատթէոս 3։11; Մարկոս 1։8)։ Մարդիկ քաջալերվում են գինու փոխարեն լցվել սուրբ հոգով (Եփեսացիս 5։18)։ Նրանք նկարագրված են սուրբ հոգով լցված ճիշտ այնպես, ինչպես լցված են լինում իմաստությամբ, հավատով և ուրախությամբ (Գործք 6։3; 11։24; 13։52)։ Եվ Բ Կորնթացիս 6։6–ում սուրբ հոգին մտնում է մի շարք առանձնահատկությունների թվարկության մեջ։ Եթե սուրբ հոգին իրականում անձ լիներ, այդպիսի արտահայտություններն այդքան հաճախ չէին հանդիպի։
Բացի այդ, մինչ Աստվածաշնչի որոշ համարներ ասում են, թե հոգին խոսեց, այլ համարներ ցույց են տալիս, որ դա իրականում կատարվում էր մարդկանց կամ հրեշտակների միջոցով (Մատթէոս 10։19, 20; Գործք 4։24, 25; 28։25; Եբրայեցիս 2։2)։ Սուրբ հոգին այդպիսի պարագաներում գործում է այնպես, ինչպես ռադիոալիքները, որոնք հաղորդումներ են հասցնում, միմյանցից հեռու գտնվող, մարդկանց։
Մատթէոսի 28։19–ում հիշատակվում է «Սուրբ Հոգու անունով» արտահայտությունը։ Սակայն «անուն» բառը միշտ չէ որ անձնական անվան իմաստով է գործածվում, թե՛ հունարենում, թե՛ հայերենում։ Երբ ասում ենք «օրենքի անունով», անձի չենք ակնարկում, այլ նկատի ունենք այն, ինչ որ օրենքը իրենից ներկայացնում է, այսինքն՝ հեղինակությունը։ Ռոբերտսոնի Word Pictures in the New Testament («Բառերի պատկերներ Նոր կտակարանում») աշխատությունը ասում է. «անուն [հունարեն՝ օ՛նոմա] բառի գործածումը սովորական է Յոթանասնից թարգմանությունում ու պապիրուսներում՝ զորության ու հեղինակության վերաբերյալ»։ Հետևաբար, մկրտվել «սուրբ հոգու անունով» նշանակում է ընդունել հոգու հեղինակությունը և ընդունել, որ այն Աստծուց է առաջանում և գործում է նրա կամքով։
«Մխիթարիչը»
ՀԻՍՈՒՍԸ սուրբ հոգին կոչեց ‘մխիթարիչ’, ասաց, թե այն կուսուցանի, կառաջնորդի և կխոսի (Յովհաննէս 14։16, 26; 16։13)։ Հունարենում մխիթարիչ բառը (պարա՛կլետոս) արական սեռին է պատկանում։ Հետևաբար, մխիթարչի անելիքների մասին խոսելիս, Հիսուսը գործածում է արական սեռի անձնական դերանուններ (Յովհաննէս 16։7, 8)։ Իսկ հոգի (պնև՛մա) բառի հետ, որը հունարենում չեզոք սեռին է պատկանում, պատշաճորեն կիրառվում է չեզոք սեռի դերանուն։
Երրորդությունը ընդունող թարգմանիչների մեծամասնությունը թաքցնում են այդ փաստը, ինչպես ընդունում է կաթոլիկական New American Bible («Նոր ամերիկյան Աստվածաշունչ»)–ը, Յովհաննէսի 14։17–ի վերաբերյալ. «Հունարենում «Հոգի» բառը չեզոք սեռին է պատկանում, և մինչ մենք [սույն անգլերեն թարգմանությունում] գործածում ենք անձնական դերանուններ («նա», «նրա», «նրան»), հունարեն ձեռագրերը մեծ մասամբ կիրառում են «այն»»։
Հետևաբար, Յովհաննէսի 16։7, 8–ում Աստվածաշունչը պարա՛կլետոս բառի կապակցությամբ, արական սեռի անձնական դերանուններ գործածելով, միայն հետևում է քերականական կանոններին, ոչ թե ուսմունք է արտահայտում։
Երրորդության մի մաս չէ
ՏԱՐԲԵՐ աղբյուրներ ընդունում են, որ այն գաղափարը, իբր սուրբ հոգին Երրորդության երրորդ դեմքն է, Աստվածաշնչին օտար է. օրինակ՝
«Կաթոլիկական հանրագիտարան»–ը (անգլ.). «Հին կտակարանում ո՛չ մի տեղ չենք գտնի Երրորդ դեմքի մասին հստակ նշում»։
Կաթոլիկ աստվածաբան Ֆորտմանը. «Հրեաները հոգին երբեք անձ չեն համարել. համոզիչ ապացույց էլ չկա, որ Հին կտակարանի գրողներից մեկը այդ հայացքը ունեցած լինի... Քառամատյանում [Ավետարանում] և Գործք գրքում Սուրբ Հոգին սովորաբար ներկայացված է որպես աստվածային ուժ կամ հզորություն»։
«Նոր կաթոլիկական հանրագիտարան»–ը (անգլ.). «Հստակ է, որ Հ[ին] Կ[տակարան]–ը չի ընդունում Աստծո հոգին որպես անձ... Աստծո հոգին պարզապես Աստծո հզորությունն է։ Եթե այն երբեմն ներկայացվում է որպես Աստծուց առանձնացված, պատճառն այն է, որ Յահվեի շունչը իրենից դուրս է գործում»։ Աշխատությունը ասում է նաև. «Ն[որ Կ[տակարանի] խոսքերի մեծամասնությունը Աստծո հոգին ներկայացնում է որպես մի բան, ո՛չ թե մեկը. դա հատկապես երևում է, երբ Աստծո հոգին զուգորդվում է նրա հզորությանը» (շեղագիրը մերն է)։
A Catholic Dictionary («Կաթոլիկական բառարան»)–ը. «Ընդհանրապես, Նոր կտակարանը, ինչպես և Հինը, հոգու մասին խոսում է որպես աստվածային էներգիայի կամ հզորության»։
Ուստի, ո՛չ հրեաները, ո՛չ էլ վաղ քրիստոնյաները սուրբ հոգին չէին համարում Երրորդության մի մաս։ Այդ ուսմունքը առաջացավ դարեր անց։ Ինչպես նշում է նույն «Կաթոլիկական բառարան»–ը (անգլ.)՝ «Երրորդ անձը հաստատվեց 362 թ–ին Ալեքսանդրիայում կայացած եկեղեցական ժողովում... և վերջնականապես՝ 381 թ–ին Կոստանդնուպոլսի I տիեզերական ժողովով»՝ Պենտեկոստեի ժամանակ աշակերտների սուրբ հոգով լցվելուց երեք ու կես հարյուրամյակ հետո։
Ո՛չ, սուրբ հոգին ոչ անձ է և ոչ էլ Երրորդության մի մաս։ Սուրբ հոգին Աստծո գործուն ուժն է, որը նա օգտագործում է իր կամքը կատարելու համար։ Այն Աստծուն հավասար չէ, այլ միշտ նրա տրամադրության տակ է և նրան ստորադրյալ։
[մեջբերում 22-րդ էջի վրա]
«Ընդհանրապես, Նոր կտակարանը, ինչպես և Հինը, հոգու մասին խոսում է որպես աստվածային էներգիայի կամ հզորության» («Կաթոլիկական բառարան» [անգլ.])։
[նկար 21-րդ էջի վրա]
Մի դեպքում սուրբ հոգին երևաց աղավնու տեսքով, մյուս դեպքում՝ բոցեղեն լեզուների, սակայն ոչ մի անգամ չերևաց անձի կերպարանքով։