Գիտելիքներ ձեռք բերեք Աստծու մասին. ինչպե՞ս
Որոշ մարդիկ կասկածում են, որ Աստված իրականում ցանկանում է իր ինքնությունը հայտնել նրանց։ Եթե նա ցանկանում է, ապա ինչպե՞ս է դա անում։
ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ դարում ապրող բողոքական ռեֆորմատոր Ժան Կալվինը եկավ այն եզրակացության, որ մարդիկ չեն կարող ինքնուրույն ճանաչել Աստծուն, եթե վերջինս չհայտնի իր ինքնությունը։ Սակայն ուրիշներին էլ գուցե հետաքրքրի, թե արդյոք Աստված իսկապես ցանկանում է իր ինքնությունը հայտնել մարդկանց։ Եթե այո, ապա ինչպե՞ս է նա անում դա։
Եհովան՝ Ստեղծիչը, ամեն բան անում է ինչ–որ պատճառով։ Որպես ‘Ամենակարող Աստված’՝ նա լիովին ի վիճակի է իրականացնել իր նպատակները (Ժողովող 12։1; Ելից 6։3)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նա ցանկանում է հայտնել մարդկանց իր նպատակները, ինչպեսև գրեց իր մարգարե Ամովսը. «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»։ Ուշադրություն դարձրեք, որ այս համարում ասվում է, որ Աստված հայտնում է իր նպատակները միմիայն իր ծառաներին՝ նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են իրեն։ Արդյոք դա տրամաբանական չէ՞։ Ո՞ւմ եք դուք հայտնում ձեր գաղտնիքները։ Ցանկացած մեկի՞ն, թե՞ ձեր ամենամտերիմ ընկերոջը (Ամովս 3։7; Եսայիա 40։13, 25, 26)։
Աստծու իմաստությունն ու գիտությունը ակնածանքով է լցնում խոնարհ անհատներին, և դա տեղին է։ Սակայն ավելին է հարկավոր, եթե ցանկանում ենք օգուտներ քաղել նրա իմաստությունից և գիտությունից։ Աստվածաշունչը շեշտում է, որ Աստծու մտքերն իմանալու համար մենք պետք է խոնարհ սիրտ ունենանք։ Այնտեղ ասվում է. ‘Իմ պատվերները պահիր քեզ մոտ։ Ականջ դիր իմաստությանը, սիրտդ ուղղիր հանճարին, հասկացողությանը կանչիր։ Ձայն տուր հանճարին։ Նրան որոնիր ինչպես արծաթը’ (Առակաց 2։1–4)։
Խոնարհ անհատը, որն այսպիսի ջանքեր է գործադրում, կկարողանա ճանաչել Աստծուն։ Առակաց գրքում նաև ասվում է. «Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը»։ Այո՛, այն անհատները, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը, «կ’հասկանա[ն] արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին» (Առակաց 2։6–9)։
Ճշմարտության փնտրտուքները
«Կրոնի հանրագիտարանում» (անգլ.) նշվում է. «Մարդուն բնորոշ է տարբերություններ դնել իրականի և ո՛չ իրականի, ուժեղի և թույլի, իսկականի և խաբուսիկի, մաքուրի և ապականվածի, պարզի և անորոշի միջև, ինչպես նաև տարբերություններ դնել ծայրահեղություն հանդիսացող բաների հարաբերական աստիճանների և այլնի միջև»։ Այս կարիքը բավարարելու համար մարդիկ երկար ժամանակ փնտրել են ճշմարտությունը։ Նրանք, ովքեր փնտրել են Եհովային, որն Աստվածաշնչում կոչվում է ‘ճշմարտության Աստված’, գտել են նրան (Սաղմոս 31։5, ԱԱ)։
«Եհովա» անունը բառացի նշանակում է «նա դարձնում է» (Ծննդոց 2։4)։ Այսպիսով, Աստծու անվան նշանակությունը մեր ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ նա Ստեղծիչ է և նպատակներ ունի։ Իրականում, Եհովայի անունն իմանալը և գործածելը ճշմարիտ կրոնի հատկանիշներից մեկն է։ Հիսուսը պարզ հասկանում էր այդ փաստը։ Ի նկատի ունենալով իր հետևորդներին՝ Աստծուն աղոթելիս նա ասաց. «Ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում» (Յովհաննէս 17։26)։
Աստծու հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունների շնորհիվ հնում ապրող Հովսեփ անունով եբրայեցի մի պատանի երազների նշանակությունը մեկնաբանելու վերաբերյալ վստահությամբ ասաց. «Մեկնութիւնները Աստուծոյն են վերաբերվում» (Ծննդոց 40։8; 41։15, 16)։
Մի քանի դար անց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի երազ տեսավ, որը չկարողացան մեկնաբանել իր իմաստունները։ Դանիել մարգարեն թագավորին ասաց. «Կայ Աստուած երկնքումը՝ գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագաւորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը» (Դանիէլ 2։28)։
Հովսեփի և Դանիելի օրինակները ցույց են տալիս, որ Աստծու իմաստությունն ու գիտությունը մատչելի են միայն նրանց, ովքեր ծառայում են Եհովա Աստծուն։ Իհարկե, Աստծու բարեհաճությունն ունենալու համար մենք պետք է հրաժարվենք մեր հին տեսակետներից։ Առաջին դարում ապրող հրեաները, որոնք դարձան քրիստոնյաներ, հենց այդպես պետք է վարվեին։ Քանի որ նրանց դաստիարակել էին այնպես, որ հարգեին հրեական իրերի համակարգի ներքո եղած օրենքները և հնազանդվեին դրանց, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի նրանք ընդունեին Հիսուսին որպես Մեսիա։ Նա եկել էր կատարելու Մովսիսական օրենքը, որը «գալու բարիքների շուքն» էր (Եբրայեցիս 10։1; Մատթէոս 5։17; Ղուկաս 24։44, 45)։ Այդ օրենքին փոխարինելու էր «Քրիստոսի օրէնքը», որը շատ ավելի գերազանց էր (Գաղատացիս 6։2; Հռովմայեցիս 13։10; Յակոբոս 2։8)։
Մենք բոլորս ծնվել ենք Աստծուց օտարացած աշխարհում։ Առաջին մարդկային զույգից ժառանգած մեղքի պատճառով մենք չունենք լավ փոխհարաբերություններ Աստծու հետ և ճշգրիտ գիտելիքներ նրա նպատակների մասին։ Նաև խորամանկ սիրտ ունենք (Երեմիա 17։9; Եփեսացիս 2։12; 4։18; Կողոսացիս 1։21)։ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար մենք պետք է սովորենք համապատասխանեցնել մեր մտածելակերպը նրա մտածելակերպին։ Իսկ դա հեշտ չէ։
Կեղծ կրոնական գաղափարներից և գործերից հրաժարվելը դժվար կարող է լինել, հատկապես եթե դրանք մեզ սովորեցրել են մանկությունից։ Սակայն արդյոք ճիշտ կլինի՞ շարունակել գնալ սխալ ճանապարհով։ Իհարկե ոչ։ Անշուշտ, շատ ավելի իմաստուն կլինի, եթե փոխենք մեր մտածելակերպը և այդպիսով ունենանք Աստծու հավանությունը։
Ում միջոցով է Աստված կրթություն տալիս
Որտեղի՞ց կարող ենք օգնություն ստանալ, որպեսզի հասկանանք ճշմարտությունը և այնուհետև այդպես ապրենք։ Հին Իսրայելին առաջնորդելու պատասխանատվությունը Աստված տվել էր վստահելի և հավատարիմ անհատների։ Նմանապես այսօր քրիստոնեական ժողովի Գլուխը՝ Քրիստոսը, առաջնորդում է նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը։ Նա դա անում է իր վստահելի և հավատարիմ հետևորդների միջոցով, որոնք պատասխանատվություն ունեն առաջնորդելու և պաշտպանելու ճշմարտությունը ջանասիրաբար փնտրողներին (Մատթէոս 24։45–47; Կողոսացիս 1։18)։ Բայց ինչպե՞ս կարելի է իմանալ, թե Աստված ում միջոցով է կրթություն տալիս։
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները ձգտում են արտացոլել նրա դրսևորած հատկությունները։ Հիսուսի հետևորդներին հեշտ է բնորոշել գնալով ավելի չարացող այս աշխարհում իրենց դրսևորած հոգևոր հատկությունների շնորհիվ (տե՛ս 6–րդ էջի շրջանակը)։ Արդյոք այս հատկությունները գոյություն ունե՞ն ձեր կրոնում կամ ձեզ շրջապատող մարդկանց կրոններում։ Այս հարցը արժե քննել Աստվածաշնչի լույսի ներքո։
Մենք հրավիրում ենք մեր ընթերցողին այդպես վարվել Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով։ Անցյալ տարի 235 երկրներում միջին թվով 6 000 000 անհատներ և ընտանիքներ օգտվել են Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու այս հնարավորությունից։ Աստծու իմաստությունը և գիտությունը ստանալը շարունակական, բավարարվածություն բերող և վարձահատույց գործ է։ Քաջալերում ենք ձեզ սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ Աստծու իմաստությունն ու գիտությունը ստանալու համար։ Դուք երբեք չեք ափսոսա, որ այդպես եք վարվել։ Այո՛, մենք իսկապես կարող ենք ճանաչել Աստծուն։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԱՍՏԾՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ...
չեզոքություն են պահում քաղաքական ընդհարումների ժամանակ (Եսայիա 2։4)։
բարի պտուղ են բերում՝ Աստծու կամքը կատարելով (Մատթէոս 7։13–23)։
իսկական սեր են դրսևորում միմյանց հանդեպ (Յովհաննէս 13։35; Ա Յովհաննէս 4։20)։
միաբանված են ամենուրեք (Միքիա 2։12)։
չեն ընդօրինակում աշխարհի սխալ տեսակետները և վարքը (Յովհաննէս 17։16)։
ճշմարտության մասին են վկայում և աշակերտներ պատրաստում (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
կանոնավորաբար ուրախությամբ հավաքվում են, որպեսզի միմյանց քաջալերեն (Եբրայեցիս 10։25)։
փառաբանում են Աստծուն որպես միջազգային կազմակերպություն (Յայտնութիւն 7։9, 10)։
[նկարներ 7-րդ էջի վրա]
Աստծու գիտությունը կարող ենք ստանալ անհատապես, ընտանիքով և ժողովում