Ձգտո՞ւմ ես հասնել Քրիստոսի հասակին
«Հասնենք.... Քրիստոսի ողջ հասակին» (ԵՓԵՍ. 4։13)։
ԵՐԳ 69, 70
1, 2. Ինչպիսի՞ հասունության պետք է ձգտի յուրաքանչյուր քրիստոնյա։ Բե՛ր օրինակ։
ԵՐԲ տնարար կինը շուկայում թարմ մրգեր է ընտրում, միշտ չէ, որ ամենամեծ կամ ամենաէժան ապրանքն է գնում։ Նա փնտրում է մրգեր, որոնք համ ու հոտ ունեն և սննդարար են, և գնում է այն պտուղները, որոնք լավ հասած են՝ հասունացած։
2 Այդպես էլ Աստված իր ծառաների մեջ հասունություն է փնտրում։ Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր հասունության մասին է։ Քրիստոնյայի նպատակը Աստծու հասուն ծառա դառնալն է։ Նույնիսկ երբ անհատը առաջադիմում է, նվիրվում և մկրտվում, նա շարունակում է աճել։ Պողոս առաքյալը գրեց, որ Եփեսոսի քրիստոնյաները հոգևորապես աճելու կարիք ունեին։ Նա քաջալերեց նրանց «հավատի և Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքների մեջ հասնել միասնության, դառնալ չափահաս մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (Եփես. 4։13)։
3. Ի՞նչ նմանություն կա Եփեսոսի ժողովի և Եհովայի ներկայիս ժողովրդի միջև։
3 Երբ Պողոսը գրեց իր նամակը, Եփեսոսի ժողովը արդեն մի քանի տարի էր, ինչ գոյություն ուներ։ Աշակերտներից շատերը հասել էին հոգևոր հասունության, ոմանք, սակայն, դեռ կարիք ունեին ջանադրաբար ձգտելու դրան։ Այսօր նույնն է պարագան Եհովայի վկաների դեպքում. շատ եղբայրներ ու քույրեր երկար տարիներ ծառայում են Աստծուն և հասել են հոգևոր հասունության։ Բայց, ինչ խոսք, նույնը չենք կարող ասել բոլորի մասին։ Պատճառներից մեկն այն է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ են մկրտվում, ուստի ոմանք դեռ կարիք ունեն հասունանալու։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին (Կող. 2։6, 7)։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՃԵԼ
4, 5. Ի՞նչ առումներով գուցե հասուն քրիստոնյաները տարբերվեն իրարից, բայց բոլորն էլ ի՞նչ ընդհանրություն ունեն (տե՛ս 3-րդ էջի նկարը)։
4 Շուկայում միրգ ընտրելիս նկատում ես, որ ոչ բոլոր հասած մրգերն են իրար նման։ Բայց դրանք ունեն որոշ առանձնահատկություններ, որոնք բնորոշ են հասած պտղին։ Այդպես էլ հասուն քրիստոնյաները կարող են ունենալ տարբեր ազգություն, դաստիարակություն, անցյալ, փորձառություն, առողջական վիճակ և տարիք։ Նաև կարող են տարբերվել խառնվածքով կամ մշակույթով։ Բայց բոլորն էլ, ովքեր աճում են հոգևորապես, զարգացնում են այնպիսի հատկություններ, որոնք բնորոշ են հասուն մարդկանց։ Ինչպե՞ս։
5 Եհովայի հասուն ծառան իր կյանքը կառուցում է Հիսուսի թողած օրինակի շուրջ՝ «սերտորեն նրա հետքերին հետևելով» (1 Պետ. 2։21)։ Հիսուսը նշեց, որ շատ կարևոր է սիրել Եհովային ամբողջ սրտով, հոգով և մտքով, ինչպես նաև սիրել մերձավորին մեր անձի պես (Մատթ. 22։37–39)։ Հասուն քրիստոնյան ձգտում է ապրել այս խորհրդին ներդաշնակ։ Նա այնպիսի կյանք է վարում, որը ցույց է տալիս, որ իր համար Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները և ուրիշների հանդեպ անձնազոհ սեր դրսևորելը առաջին տեղում են։
6, 7. ա) Ո՞ր հատկություններն են բնորոշում հասուն քրիստոնյային։ բ) Ի՞նչ հարց ենք քննելու այս հոդվածում։
6 Բայց մենք գիտենք, որ սերը ոգու պտղի երեսակներից մեկն է միայն, որ հասուն քրիստոնյան դրսևորում է (Գաղ. 5։22, 23)։ Մյուս երեսակները, ինչպիսիք են մեղմությունը, ինքնատիրապետումը և համբերատարությունը, նույնպես կարևոր են։ Դրանք կարող են օգնել քրիստոնյային դուրս գալու դժվար իրավիճակներից՝ առանց վրդովվելու, և հաղթահարելու խոր հիասթափությունները՝ առանց հույսը կորցնելու։ Անձնական ուսումնասիրության ժամանակ նա շարունակաբար փնտրում է սուրբգրային սկզբունքներ, որոնք կարող են օգնել իրեն տարբերելու ճիշտը սխալից։ Ուստի որոշումներ կայացնելիս հոգևոր հասունություն է դրսևորում, օրինակ՝ լսելով Աստվածաշնչով կրթված իր խղճի ձայնին։ Հասուն քրիստոնյան խոնարհություն է դրսևորում, երբ ընդունում է, որ Եհովայի ճանապարհներն ու չափանիշները միշտ ավելի լավն են, քան իրենը։a Նա եռանդորեն քարոզում է բարի լուրը և նպաստում ժողովի միասնությանը։
7 Անկախ այն բանից՝ որքան երկար ենք ծառայում Եհովային, մեզնից յուրաքանչյուրը կարող է հարցնել. «Կա՞ն ոլորտներ, որոնցում պետք է ավելի սերտորեն հետևեմ Հիսուսի օրինակին՝ այդպիսով շարունակելով հոգևորապես առաջադիմել»։
«ՊԻՆԴ ԿԵՐԱԿՈՒՐԸ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ Է»
8. Ի՞նչ կարելի է ասել այն մասին, թե սուրբգրային ինչ գիտելիքներ և հասկացողություն ուներ Հիսուսը։
8 Հիսուսը հրաշալի հասկանում էր Աստծու Խոսքը։ Նույնիսկ երբ 12 տարեկան էր, կարողանում էր սուրբգրային հարցեր քննարկել ուսուցիչների հետ տաճարում։ «Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկ. 2։46, 47)։ Հետագայում իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը լռեցրեց հակառակորդներին՝ տեղին մեջբերումներ անելով Աստծու Խոսքից (Մատթ. 22։41–46)։
9. ա) Աստվածաշնչի ուսումնասիրության ո՞ր սովորություններն են կարևոր այն անհատի համար, ով ուզում է հոգևորապես աճել։ բ) Ո՞րն է Աստվածաշնչի ուսումնասիրության նպատակը։
9 Հիսուսի թողած օրինակին հետևելով՝ քրիստոնյան, որը հոգևորապես աճում է, չպետք է բավարարվի աստվածաշնչյան մակերեսային գիտելիքներով։ Նա կանոնավորաբար «խորը կփորի» Աստվածաշունչը՝ գիտակցելով, որ «պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է» (Եբր. 5։14)։ Անկասկած, հասուն քրիստոնյան ցանկանում է «Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքներ» ունենալ (Եփես. 4։13)։ Ամեն օր կարդո՞ւմ ես Աստվածաշունչը։ Ունե՞ս անձնական ուսումնասիրության գրաֆիկ։ Ջանքեր ներդնո՞ւմ ես, որ ամեն շաբաթ ժամանակ հատկացնես ընտանեկան երկրպագության համար։ Աստծու Խոսքը քննելիս ուշադրություն դարձրու աստվածաշնչյան սկզբունքներին, որոնք կօգնեն քեզ ավելի հստակ տեսնելու, թե ինչ մտածելակերպ և զգացմունքներ ունի Եհովան։ Այնուհետև որոշումներ կայացնելիս առաջնորդվիր այդ սկզբունքներով։ Այդպես վարվելով՝ ավելի կմտերմանաս Եհովայի հետ։
10. Ինչպե՞ս են ազդում հասուն քրիստոնյայի գիտելիքները նրա ամենօրյա կյանքի վրա։
10 Հասուն քրիստոնյան հասկանում է, որ գիտելիքներ ունենալուց ավելին է հարկավոր. նա նաև սիրում է այն, ինչ գիտի Աստծու ուղիների և սկզբունքների մասին։ Այսպիսի սիրո արտահայտումներից մեկը կյանքում այնպիսի առաջնահերթություններ դնելն է, որոնք ներդաշնակ են Եհովայի կամքին, ոչ թե մեր նախընտրություններին։ Բացի այդ, քրիստոնյան, անկասկած, աշխատում է «հանել» նախկին մտածելակերպն ու վարքը։ Երբ այդ փոփոխությունն անում է, հագնում է քրիստոսանման նոր անձնավորությունը, որը «ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (կարդա՛ Եփեսացիներ 4։22–24)։ Աստվածաշունչը գրվել է Աստծու սուրբ ոգու առաջնորդությամբ։ Երբ քրիստոնյան խորացնում է աստվածաշնչյան սկզբունքների վերաբերյալ իր գիտելիքները և ավելի շատ է սկսում սիրել դրանք, թույլ է տալիս, որ սուրբ ոգին ազդի իր սրտի ու մտքի վրա։ Դա նպաստում է նրա հոգևոր աճին։
ՆՊԱՍՏԵՆՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ
11. Ինչի՞ էր բախվում Հիսուսը ընտանիքում և առաքյալների հետ շփվելիս։
11 Հիսուսը ծնվեց որպես կատարյալ մարդ, բայց նրան մեծացրին իր անկատար ծնողները, և նա երկար տարիներ մի տան մեջ ապրեց անկատար հարազատների հետ։ Նա շրջապատված էր անկատար մարդկանցով. նրա մտերիմ հետևորդները անգամ թույլ տվեցին, որ այդ օրերում տիրող փառասեր և իշխանատենչ ոգին ազդի իրենց վրա։ Օրինակ՝ Հիսուսի մահվանը նախորդող գիշերը «նրանց մեջ մի բուռն վիճաբանություն.... ծագեց, թե իրենցից ով է մեծը» (Ղուկ. 22։24)։ Բայց Հիսուսը համոզված էր, որ իր անկատար հետևորդները կարող են հոգևորապես աճել և միասնական ժողով կազմավորել։ Այդ նույն գիշեր Հիսուսը աղոթեց, որ իր առաքյալները միասնական լինեն՝ իր երկնային Հորը խնդրելով. «Որպեսզի նրանք բոլորը մի լինեն, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ, և ես միության մեջ եմ քեզ հետ, որ նրանք էլ միության մեջ լինեն մեզ հետ.... որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք» (Հովհ. 17։21, 22)։
12, 13. ա) Եփեսացիներ 4։15, 16 համարներն ինչպե՞ս են ընդգծում ժողովի միասնությանը նպաստելու անհրաժեշտությունը։ բ) Ինչպե՞ս մի եղբայր հաղթահարեց իր խնդիրը և սովորեց նպաստել միասնությանը։
12 Եհովայի հասուն ծառան նպաստում է ժողովի միասնությանը (կարդա՛ Եփեսացիներ 4։1–6, 15, 16)։ Մեր նպատակն է, որ Աստծու ժողովուրդը «ներդաշնակորեն փոխկապակցված» լինի, և բոլոր անդամները համագործակցեն միմյանց հետ։ Եհովայի Խոսքի համաձայն՝ այս միասնությանը հասնելու համար մենք խոնարհամտության կարիք ունենք։ Հասուն եղբոր կամ քրոջ խոնարհությունը նպաստում է, որ նա ձգտի ժողովում միասնություն պահպանել նույնիսկ ուրիշների թերություններին բախվելիս։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ ժողովում բախվում ես հավատակցիդ անկատարության դրսևորումներին։ Իսկ ի՞նչ ես անում, երբ ժողովից ինչ-որ մեկը անձամբ քո հանդեպ է սխալ վարվում։ Հակում կամ սովորություն ունե՞ս, այսպես ասած, պատ շարելու քո և քեզ վիրավորողի միջև։ Թե՞ փորձում ես կամուրջ գցել երկուսիդ միջև առաջացած անդունդի վրա։ Հասուն քրիստոնյան ուզում է, ավելին, ձգտում է կամո՛ւրջ կառուցել, ոչ թե պատ։
13 Նկատի առնենք Ուվեի օրինակը։ Անցյալում նա թույլ էր տալիս, որ հավատակիցների թերությունները վշտացնեն իրեն։ Հետո որոշեց Աստվածաշնչի և «Աստվածաշնչի ըմբռնում» գրքի միջոցով ուսումնասիրել Դավթի կյանքը։ Իսկ ինչո՞ւ Դավթի։ Ուվեն բացատրում է. «Դավիթը ականատես եղավ իր հավատակիցներից ոմանց սխալ վարքին։ Օրինակ՝ Սավուղ թագավորը փորձում էր սպանել նրան, ոմանք ուզում էին քարկոծել, անգամ Դավթի կինը ծաղրեց նրան (1 Սամ. 19։9–11; 30։1–6; 2 Սամ. 6։14–22)։ Բայց նա թույլ չտվեց, որ ուրիշների վարքը թուլացնի Եհովայի հանդեպ ունեցած իր սերը։ Բացի այդ, Դավիթը գթասիրտ էր։ Իսկ ես կարիք ունեի գթասրտություն զարգացնելու։ Այն, ինչ սովորեցի իմ ուսումնասիրությունից, փոխեց վերաբերմունքս հավատակիցների թերությունների նկատմամբ։ Ես այլևս սխալների «մատյան» չեմ պահում, այլ ձգտում եմ նպաստել ժողովի միասնությանը»։ Իսկ դու նպատակ ունե՞ս նպաստելու ժողովի միասնությանը։
ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԻՐ ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՑ
14. Ինչպիսի՞ ընկերներ ընտրեց Հիսուսը։
14 Հիսուս Քրիստոսը ընկերական էր մարդկանց հետ։ Ամեն տեսակ մարդիկ՝ տղամարդ թե կին, երիտասարդ թե տարեց, նույնիսկ երեխաները ազատ էին զգում իրենց նրա ներկայությամբ։ Բայց մտերիմ ընկերների հարցում նա ընտրողական էր։ Իր հավատարիմ առաքյալներին Քրիստոսն ասաց. «Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (Հովհ. 15։14)։ Հիսուսը մտերիմ ընկերներ ընտրեց այն մարդկանց միջից, ովքեր հավատարմորեն հետևեցին իրեն և ողջ սրտով ծառայեցին Եհովային։ Իսկ դու մտերիմ ընկերներ ընտրո՞ւմ ես Եհովային բոլորանվեր ծառայողների միջից։ Ինչո՞ւ է դա կարևոր։
15. Ինչպե՞ս կարող են երիտասարդները օգուտներ քաղել հասուն քրիստոնյաների ընկերակցությունից։
15 Շատ մրգեր ամենից լավ հասնում են արևի ջերմության տակ։ Այդպես էլ մեր եղբայրության ջերմությունը կարող է օգնել քեզ հասունանալու։ Գուցե երիտասարդ ես և պետք է որոշես, թե կյանքում ինչ ուղի ընտրել։ Որքա՜ն իմաստուն վարված կլինես, եթե ընկերակցես այն հավատակիցների հետ, ովքեր բավականին փորձ ունեն Եհովային ծառայելու և ժողովի միասնությանը նպաստելու հարցում։ Նրանց կյանքում վայրէջքներ և վերելքներ են եղել, և գուցե նույնիսկ դժվարությունների են բախվել ծառայության մեջ։ Ուստի նրանք կարող են օգնել քեզ ընտրելու կյանքի լավագույն ուղին։ Այսպիսի եղբայրների ու քույրերի հետ ջերմ, կերտիչ ընկերակցությունը կօգնի քեզ կայացնելու իմաստուն որոշումներ և շարունակելու ջանադրաբար ձգտել հասունության (կարդա՛ Եբրայեցիներ 5։14)։
16. Ինչպե՞ս ժողովի հասուն քրիստոնյաներն օգնեցին մի երիտասարդ քրոջ։
16 Հելգան, օրինակ, հիշում է, որ երբ ավարտական դասարանում էր, համադասարանցիները խոսում էին իրենց նպատակների մասին։ Նրանցից շատերը ձգտում էին համալսարանական կրթության՝ հուսալով, որ դա խոստումնալից կարիերայի սանդուղքի առաջին աստիճանը կլինի։ Հելգան այդ մասին խոսեց ժողովի իր ընկերների հետ։ Նա պատմում է. «Նրանցից շատերը ինձնից մեծ էին ու շատ օգնեցին ինձ։ Նրանք քաջալերեցին լիաժամ ծառայություն սկսել։ Դրանից հետո հինգ տարի կարողացա ռահվիրայություն անել։ Հիմա՝ տարիներ անց, ուրախ եմ, որ երիտասարդության օրերիս մեծ մասը Եհովային ծառայելուն եմ նվիրել։ Ես ափսոսալու ոչ մի պատճառ չունեմ»։
17, 18. Ո՞ր դեպքում կկարողանանք լավագույնս ծառայել Եհովային։
17 Եթե փորձենք հետևել Հիսուսի թողած օրինակին, դա կօգնի մեզ հոգևորապես աճելու և դառնալու հասուն քրիստոնյաներ։ Մենք ավելի կմտերմանանք Եհովայի հետ, և նրան հնարավորինս շատ ծառայելու մեր ցանկությունը կմեծանա։ Աստծու ծառան կարող է նրան տալ իր լավագույնը, երբ լիովին հասնի հոգևոր հասունության, երբ հասուն քրիստոնյա դառնա։ Հիսուսը հորդորեց իր հետևորդներին. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։16)։
18 Ինչպես նշեցինք, հասուն քրիստոնյան կարող է մեծապես նպաստել ժողովի բարօրությանը։ Հոգևոր հասունությունը երևում է նաև այն բանից, թե ինչպես է քրիստոնյան օգտագործում խիղճը, որն Աստծու պարգևն է։ Ինչպե՞ս կարող է մեր խիղճը օգնել մեզ, որ իմաստուն որոշումներ կայացնենք։ Եվ ինչպե՞ս կարող ենք հարգել մեր հավատակիցների՝ խղճի վրա թողնված որոշումները։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։
a Օրինակ՝ տարեց և փորձառու եղբայրներին գուցե խնդրեն, որ իրենց որոշ պատասխանատվություններ փոխանցեն ավելի երիտասարդ եղբայրների և օգնեն նրանց կատարելու դրանք։