ԳԼՈՒԽ 8
Ժողովի համար «խաղաղ ժամանակներ եկան»
Դաժան հալածող Սողոսը դառնում է եռանդուն ծառայող
1-2. Ի՞նչ առաքելությամբ էր Սողոսը գնում Դամասկոս։
ՄԻ ԽՈՒՄԲ ճամփորդներ մոտենում են Դամասկոսին։ Նրանք գալիս են չար առաքելությամբ։ Այս մարդկանց դեմքից ատելություն է թափվում։ Նրանց նպատակն է Հիսուսի աշակերտներին դուրս հանել տներից, կապել նրանց, ստորացնել, բռնի ուժով տանել Երուսաղեմ և հանձնել Սինեդրիոնի ձեռքը։
2 Այդ անողոք մարդկանց առաջնորդը Սողոսն է՝ մի անձնավորություն, որի աջակցությամբ արդեն իսկ անմեղ արյուն է թափվել։a Վերջերս նա ներկա է եղել հրեա ազգայնամոլների կողմից Ստեփանոսի սպանությանը և հավանություն է տվել նրանց արարքին (Գործ. 7։57-8։1)։ Բայց Սողոսը դրանով չի բավարարվել։ Նա միջոցներ է ձեռնարկել, որ տարածի հակառակության կրակը և իսպառ վերացնի «Ճանապարհ» կոչվող այդ աղանդը ոչ միայն Երուսաղեմում, այլև մյուս բոլոր վայրերում (Գործ. 9։1, 2; տես «Սողոսի լիազորությունները Դամասկոսում» շրջանակը)։
3-4. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Սողոսի հետ։ բ) Ո՞ր հարցերը կքննենք այս գլխում։
3 Հանկարծ մի պայծառ լույս է կուրացնում Սողոսին, և նա գետին է ընկնում։ Մյուս ճամփորդները, տեսնելով այդ լույսը, շանթահար կանգ են առնում։ Կուրացած Սողոսը երկնքից մի ձայն է լսում, որն ասում է. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Վերջինս վախեցած ու շփոթված հարցնում է. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Պատասխանը մինչև հոգու խորքը ցնցում է Սողոսին. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես» (Գործ. 9։3-5; 22։9)։
4 Ի՞նչ ենք սովորում Սողոսին ուղղված Հիսուսի առաջին խոսքերից։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այն դեպքերից, որոնց ընթացքում Սողոսը դարձավ Քրիստոսի աշակերտը։ Եվ ի՞նչ օրինակ է թողել առաջին դարի ժողովը «խաղաղ ժամանակներն» օգտագործելու հարցում։
«Ինչո՞ւ ես ինձ հալածում» (Գործեր 9։1-5)
5-6. Ի՞նչ ենք սովորում այն խոսքերից, որ Հիսուսն ասաց Սողոսին։
5 Ուշագրավ է, որ Դամասկոսի ճանապարհին Հիսուսը Սողոսին չասաց. «Ինչո՞ւ ես հալածում իմ աշակերտներին»։ Փոխարենը նա հարցրեց. «Ինչո՞ւ ես ինձ հալածում» (Գործ. 9։4)։ Այո՛, Հիսուսն իր հետևորդների ցավը իր ցավն է համարում (Մատթ. 25։34-40, 45)։
6 Եթե քեզ հալածում են հավատիդ համար, վստահ եղիր, որ Եհովան ու Հիսուսը տեսնում են դա (Մատթ. 10։22, 28-31)։ Գուցե քո իրավիճակը որոշ ժամանակ անփոփոխ մնա։ Հիշիր՝ Հիսուսը տեսավ, թե ինչպես է Սողոսը անտարբեր դիտում Ստեփանոսի սպանությունը։ Նա տեսավ նաև, թե ինչպես է Սողոսը հետապնդում Երուսաղեմի քրիստոնյաներին (Գործ. 8։3)։ Սակայն այդ ժամանակ ո՛չ Հիսուսը, ո՛չ նրա Հայրը չմիջամտեցին։ Այդուհանդերձ, Եհովան Հիսուսի միջոցով զորացրեց Ստեփանոսին և մյուս աշակերտներին, որպեսզի նրանք կարողանան մինչև վերջ պահել իրենց հավատարմությունը։
7. Ի՞նչը կօգնի, որ դիմանաս հալածանքին։
7 Դու նույնպես կկարողանաս դիմանալ հալածանքի ներքո, եթե անես հետևյալը։ 1) Վճռես մինչև վերջ հավատարիմ մնալ, ինչ էլ պատահի։ 2) Եհովայից օգնություն խնդրես (Փիլիպ. 4։6, 7)։ 3) Վրեժխնդիր չլինես, այլ ամեն բան Եհովայի ձեռքը հանձնես (Հռոմ. 12։17-21)։ 4) Վստահ լինես, որ Աստված ուժ կտա քեզ՝ դիմանալու այնքան ժամանակ, մինչև որ լուծի խնդիրը (Փիլիպ. 4։12, 13)։
«Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը.... ինձ ուղարկեց» (Գործեր 9։6-17)
8-9. Հավանաբար ի՞նչ զգաց Անանիան՝ ստանալով իր հանձնարարությունը։
8 Սողոսին իր ով լինելը հայտնելուց հետո Հիսուսը պատվիրեց. «Վե՛ր կաց ու քաղա՛ք մտիր, և քեզ կասվի, թե դու ինչ պիտի անես» (Գործ. 9։6)։ Կուրացած Սողոսին տարան Դամասկոսի իր կացարանը, որտեղ նա երեք օր ծոմ պահեց ու աղոթեց։ Այդ ընթացքում Հիսուսը հայտնվեց Անանիային՝ Դամասկոսից մի աշակերտի, «որի մասին այնտեղ բնակվող բոլոր հրեաները լավն էին խոսում» (Գործ. 22։12)։
9 Պատկերացրու, թե որքան շփոթվեց Անանիան, երբ այս հատուկ հանձնարարությունը ստացավ անձամբ հարություն առած Հիսուս Քրիստոսից՝ ժողովի գլխից։ Ի՜նչ մեծ պատիվ։ Սակայն այդ հանձնարարությունը մտահոգեց Անանիային։ Երբ Հիսուսը պատվիրեց գնալ Սողոսի մոտ, նա ասաց. «Տե՛ր, այս մարդու մասին ես շատերից եմ լսել, թե որքան շատ վնասներ է տվել քո սրբերին Երուսաղեմում։ Նա ավագ քահանաներից իշխանություն ունի այստեղ էլ ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կանչում են քո անունը» (Գործ. 9։13, 14)։
10. Անանիայի հանդեպ վերաբերմունքից ի՞նչ ենք սովորում Հիսուսի մասին։
10 Հիսուսը չհանդիմանեց Անանիային մտահոգություն հայտնելու համար, սակայն հստակ հրահանգներ տվեց նրան։ Նաև հաշվի առնելով իր աշակերտի զգացումները՝ բացատրեց այդ արտասովոր հանձնարարության նպատակը։ Հիսուսը Սողոսի մասին հետևյալն ասաց. «Այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին ու Իսրայելի որդիներին։ Նրան ես ցույց եմ տալու, թե ինչքան չարչարանքներ պիտի կրի իմ անվան համար» (Գործ. 9։15, 16)։ Անանիան անմիջապես հնազանդվեց։ Նա գնաց Սողոսի մոտ և ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը, որ քեզ երևաց ճանապարհին, որով դու գալիս էիր, ինձ ուղարկեց, որպեսզի դու կրկին տեսնես և սուրբ ոգով լցվես» (Գործ. 9։17)։
11-12. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի, Անանիայի և Սողոսի մասին արձանագրությունից։
11 Այս դեպքից կարող ենք մի քանի հետևություն անել Հիսուսի, Անանիայի և Սողոսի վերաբերյալ։ Օրինակ՝ տեսնում ենք, որ Հիսուսը, կատարելով իր խոստումը, ակտիվորեն առաջնորդում է քարոզչական գործը (Մատթ. 28։20)։ Իհարկե, նա այսօր ուղղակիորեն չի խոսում իր աշակերտների հետ, սակայն շարունակում է առաջնորդել բարի լուրի տարածումը։ Աստծու Որդին դա անում է հավատարիմ ծառայի միջոցով, ում նշանակել է իր տան անդամների վրա (Մատթ. 24։45-47)։ Կառավարիչ մարմնի առաջնորդության ներքո քարոզիչները և ռահվիրաները փնտրում են նրանց, ովքեր ցանկանում են ավելացնել Քրիստոսի մասին իրենց գիտելիքները։ Ինչպես նշվեց նախորդ գլխում, հաճախ նրանք Վկաներին հանդիպելուց առաջ աղոթքով Աստծուց օգնություն են խնդրած լինում (Գործ. 9։11)։
12 Անանիան հնազանդությամբ կատարեց իր հանձնարարությունը, ինչի համար օրհնվեց։ Իսկ դո՞ւ։ Կատարո՞ւմ ես հիմնովին վկայություն տալու պատվերը, նույնիսկ եթե այն փոքր-ինչ վախեցնում է քեզ։ Գուցե դժվարանում ես քարոզել տնից տուն և խոսել անծանոթ մարդկանց հետ։ Կամ էլ վարանում ես վկայություն տալ փողոցում, գործարար տարածքում, հեռախոսով կամ նամակների միջոցով։ Հիշիր սակայն, որ Անանիան կարողացավ հաղթահարել իր վախը և արդյունքում պատիվ ունեցավ օգնելու Սողոսին օծվել սուրբ ոգով։b Անանիան հաջողության հասավ, քանի որ վստահում էր Հիսուսին և որպես ապագա եղբոր էր վերաբերվում Սողոսին։ Մենք էլ կկարողանանք հաղթահարել վախը, եթե Անանիայի պես համոզված լինենք, որ Հիսուսն է ղեկավարում քարոզչական գործը, կարեկցենք մարդկանց և նրանց վերաբերվենք ապագա եղբայրների ու քույրերի պես, նույնիսկ եթե կոպիտ են կամ ահ են ներշնչում (Մատթ. 9։36)։
«Անմիջապես սկսեց.... քարոզել» (Գործեր 9։18-30)
13-14. Ի՞նչ կարող ես սովորել Սողոսից, եթե դեռ չես մկրտվել։
13 Սողոսն իր սովորածի հիման վրա անհապաղ փոփոխություններ արեց։ Երբ նրա տեսողությունը վերականգնվեց, նա մկրտվեց ու սկսեց սերտորեն շփվել Դամասկոսի քրիստոնյաների հետ։ Ավելին՝ Սողոսն «անմիջապես սկսեց ժողովարաններում քարոզել, թե Հիսուսն է Աստծու Որդին» (Գործ. 9։20)։
14 Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում, բայց դեռ չես մկրտվել, կարո՞ղ ես ընդօրինակել Սողոսին և անմիջապես կիրառել այն, ինչ սովորում ես։ Իհարկե, Սողոսը հրաշքի ականատես դարձավ, և դա, անշուշտ, նրան գործերի մղեց։ Բայց մի՞թե նա միակն էր։ Բազմաթիվ այլ մարդիկ նույնպես տեսել էին Հիսուսի հրաշքները։ Օրինակ՝ Աստծու Որդին մի խումբ փարիսեցիների աչքի առաջ բուժել էր չորացած ձեռքով մի մարդու։ Նաև բազմաթիվ հրեաներ գիտեին, որ Հիսուսը հարություն էր տվել Ղազարոսին։ Սակայն նրանցից շատերը ոչ մի փոփոխություն չէին արել, ոմանք նույնիսկ թշնամական վերաբերմունք էին դրսևորել Հիսուսի հանդեպ (Մարկ. 3։1-6; Հովհ. 12։9, 10)։ Ի տարբերություն այդ անհատների՝ Սողոսը փոխեց իր տեսակետը։ Ինչո՞ւ։ Որովհետև նա Աստծուց ավելի շատ էր վախենում, քան մարդկանցից, և բարձր էր գնահատում Քրիստոսի կողմից իր հանդեպ դրսևորված ողորմածությունը (Փիլիպ. 3։8)։ Եթե դու էլ այդպիսի տրամադրվածություն ունենաս, թույլ չես տա՝ որևէ բան խանգարի քեզ կատարելու քարոզչական գործը, և ի վերջո կհասնես մկրտության։
15-16. Սողոսն ի՞նչ էր անում ժողովարաններում, և ինչպե՞ս արձագանքեցին Դամասկոսի հրեաները։
15 Պատկերացնո՞ւմ ես, թե որքան զայրացան հրեաները, երբ Սողոսը սկսեց ժողովարաններում քարոզել Հիսուսի մասին։ Նրանք ապշահար ասում էին. «Սա այն մարդը չէ՞, որ Երուսաղեմում կատաղորեն հալածում էր նրանց, ովքեր այս անունն են կանչում» (Գործ. 9։21)։ Փորձելով բացատրել, թե ինչու է փոխել իր տեսակետը՝ Սողոսը «տրամաբանորեն ապացուցում էր, թե Հիսուսն է Քրիստոսը» (Գործ. 9։22)։ Սակայն տրամաբանական փաստարկները միշտ չէ, որ հաջողության բանալին են։ Դրանք չեն կարող բացել ավանդույթների գերության մեջ եղող ամեն մի միտք և հպարտության կապանքներում գտնվող ամեն մի սիրտ։ Բայց Սողոսին դա չվհատեցրեց, և նա շարունակեց ակտիվորեն քարոզել։
16 Դամասկոսի հրեաները երեք տարի ընդդիմացան նրան և ի վերջո որոշեցին սպանել (Գործ. 9։23; 2 Կորնթ. 11։32, 33; Գաղ. 1։13-18)։ Տեղեկանալով այդ դավադրության մասին՝ Սողոսը իմաստուն որոշում կայացրեց ու հեռացավ Դամասկոսից։ Գիշերը աշակերտները զամբյուղով իջեցրին նրան քաղաքի պարսպի պատուհանից։ Ուշագրավ է, որ Ղուկասն այդ քրիստոնյաներին Սողոսի «աշակերտներ» է անվանում (Գործ. 9։25)։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ առնվազն մի քանի հոգի արձագանքել էր Դամասկոսում նրա քարոզչությանը և դարձել Քրիստոսի հետևորդը։
17. ա) Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում աստվածաշնչյան ճշմարտությանը։ բ) Ի՞նչ պետք է շարունակենք անել և ինչո՞ւ։
17 Երբ սկսեցիր հարազատներիդ, ընկերներիդ և մյուսներին պատմել սովորածդ, թերևս համոզված էիր, որ նրանք կընդունեն աստվածաշնչյան պարզ ճշմարտությունները, չէ՞ որ դրանք շատ տրամաբանական են։ Նրանցից ոմանք գուցե ընդունեցին ճշմարտությունը, մինչդեռ շատերը մերժեցին այն, անգամ սկսեցին թշնամաբար վերաբերվել քեզ (Մատթ. 10։32-38)։ Սակայն մի՛ հանձնվիր։ Շարունակիր բարելավել Աստվածաշնչի հիման վրա տրամաբանելու ունակությունդ և ձգտիր քրիստոնեավայել կյանքով ապրել։ Դա տեսնելով՝ քեզ հակառակվողները ի վերջո գուցե փոխեն իրենց վերաբերմունքը (Գործ. 17։2; 1 Պետ. 2։12; 3։1, 2, 7)։
18-19. ա) Ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Բառնաբասը պաշտպանեց Սողոսին։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Բառնաբասին ու Սողոսին։
18 Երբ Սողոսը գնաց Երուսաղեմ, բնականաբար սկզբում աշակերտները չհավատացին, որ նա ընդունել է ճշմարտությունը։ Սակայն Բառնաբասը հաստատեց այդ փաստը, և առաքյալներն ընդունեցին Սողոսին։ Վերջինս մի որոշ ժամանակ նրանց հետ մնաց (Գործ. 9։26-28)։ Սողոսը խոհեմ ու զգույշ անձնավորություն էր, բայց չէր ամաչում բարի լուրից (Հռոմ. 1։16)։ Նա համարձակորեն վկայություն տվեց Երուսաղեմում՝ այն նույն վայրում, որտեղ մի ժամանակ դաժանաբար հալածել էր Հիսուսի հետևորդներին։ Հրեաները սարսափ ապրեցին՝ հասկանալով, որ քրիստոնյաների գլխավոր հակառակորդը ի՛նքն է քրիստոնյա դարձել։ Նրանք որոշեցին սպանել Սողոսին։ Բայց «երբ եղբայրներն իմացան այդ մասին, նրան տարան Կեսարիա, իսկ հետո ուղարկեցին Տարսոն» (Գործ. 9։30)։ Սողոսը հնազանդվեց ժողովի միջոցով Հիսուսի տված առաջնորդությանը, և դա օգուտներ բերեց թե՛ իրեն, թե՛ ժողովին։
19 Ուշագրավ է, որ Բառնաբասը Սողոսին օգնության ձեռք մեկնեց սեփական նախաձեռնությամբ։ Անկասկած, դրա շնորհիվ այս երկու եռանդուն ծառայողները մտերմացան։ Իսկ դու Բառնաբասի նման պատրաստակամորեն օգնո՞ւմ ես նորերին՝ նրանց հետ համագործակցելով ծառայության մեջ և մղելով հոգևորապես առաջադիմելու։ Եթե այդպես վարվես, առատապես կօրհնվես։ Իսկ եթե բարի լուրի նոր քարոզիչ ես, Սողոսի պես ընդունո՞ւմ ես այն օգնությունը, որ քեզ տրամադրում են։ Եթե համագործակցես փորձառու քարոզիչների հետ, կբարելավես քո քարոզչական հմտությունները, ավելի մեծ ուրախություն կստանաս և հավատարիմ ընկերներ ձեռք կբերես, ում հետ մտերիմ կլինես հավիտյան։
«Շատերը հավատացին Տիրոջը» (Գործեր 9։31-43)
20-21. Աստծու ծառաներն ինչպե՞ս են լավագույնս օգտագործել «խաղաղ ժամանակները» թե՛ անցյալում, թե՛ մեր օրերում։
20 Երբ Սողոսը քրիստոնյա դարձավ և ապահով հեռացավ Երուսաղեմից, «ժողովի համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան» (Գործ. 9։31)։ Իսկ աշակերտներն ինչպե՞ս օգտագործեցին բարենպաստ ժամանակը (2 Տիմոթ. 4։2)։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նրանք «կերտվում» էին։ Առաքյալներն ու պատասխանատու մյուս եղբայրները ամրացնում էին քրիստոնյաների հավատը և առաջնորդում նրանց, ինչն օգնում էր ժողովին քայլել «Եհովայի հանդեպ վախով ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ»։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը, օգտվելով բարենպաստ ժամանակից, օգնեց Սարոնի հարթավայրում գտնվող Լիդդա քաղաքի քրիստոնյաներին։ Նրա ջանքերի շնորհիվ տեղի բնակիչներից շատերը «դեպի Տերը դարձան» (Գործ. 9։32-35)։ Ուշագրավ է, որ աշակերտները չէին տարվում անձնական նպատակներով, այլ ջանադրաբար հոգ էին տանում միմյանց մասին ու քարոզում էին բարի լուրը։ Արդյունքում «աշակերտների թիվը ավելանում էր»։
21 20-րդ դարի վերջում բազմաթիվ երկրներում Եհովայի վկաների համար նման «խաղաղ ժամանակներ» սկսվեցին։ Աստծու ժողովրդին տասնամյակներ շարունակ կեղեքող վարչակարգերը անսպասելիորեն փլուզվեցին։ Արդյունքում քարոզչական գործի վրա դրված արգելքները թուլացան կամ ընդհանրապես վերացան։ Օգտվելով առիթից՝ տասնյակ հազարավոր Եհովայի վկաներ սկսեցին հրապարակորեն քարոզել բարի լուրը։ Արդյունքները պարզապես ցնցող էին։
22. Ինչպե՞ս կարող ես լիարժեքորեն օգտագործել «խաղաղ ժամանակները»։
22 Արդյոք լիարժեքորեն օգտվո՞ւմ ես այն ազատությունից, որ տվյալ պահին ունես։ Եթե քո երկրում կրոնի ազատություն կա, Սատանան հավանաբար կփորձի դրդել քեզ ընկնելու հարստության հետևից, որպեսզի քո ուշադրությունը շեղի Թագավորության գործից (Մատթ. 13։22)։ Թույլ մի՛ տուր, որ նա մոլորեցնի քեզ։ Արդյունավետորեն օգտվիր այն հարաբերական խաղաղությունից, որ այժմ վայելում ես։ Դու հիանալի հնարավորություն ունես հիմնովին վկայություն տալու մարդկանց և կերտելու ժողովը։ Միշտ հիշիր, որ քո հանգամանքները կարող են կտրուկ փոխվել։
23-24. ա) Ի՞նչ ենք սովորում Տաբիթայի պատմությունից։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։
23 Քննենք, թե ինչ տեղի ունեցավ առաջին դարում ապրող Տաբիթա (Դորկաս) անունով մի քրիստոնյա քրոջ հետ։ Նա Լիդդայից ոչ հեռու գտնվող Հոպպե քաղաքից էր։ Այդ հավատարիմ քույրն իր ժամանակն ու միջոցները իմաստնորեն էր օգտագործում՝ «բարությամբ լի շատ գործեր էր անում ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս»։ Բայց մի օր նա հիվանդացավ և մահացավ։c Տաբիթայի մահը խորապես վշտացրեց Հոպպեի աշակերտներին, հատկապես այն այրիներին, որոնց համար նա բարի գործեր էր արել։ Երբ Պետրոսը հասավ այն տուն, որտեղ Տաբիթայի մարմինը պատրաստում էին թաղման համար, մի այնպիսի հրաշք գործեց, որը մինչ այդ Հիսուսի առաքյալներից ոչ մեկը չէր գործել։ Պետրոսն աղոթեց և հարություն տվեց Տաբիթային։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ուրախացան այրիներն ու մյուս աշակերտները, երբ վերադարձան սենյակ և տեսան հարություն առած Տաբիթային։ Այս դեպքն, անկասկած, ամրացրեց նրանց հավատը և պատրաստեց գալիք փորձություններին։ Զարմանալի չէ, որ Պետրոսի գործած հրաշքը «հայտնի դարձավ ամբողջ Հոպպեում, և շատերը հավատացին Տիրոջը» (Գործ. 9։36-42)։
24 Այս հուզիչ պատմությունից երկու կարևոր դաս ենք քաղում։ 1) Կյանքը կարճատև է։ Ուստի շատ կարևոր է, որ Աստծու առաջ բարի անուն ձեռք բերենք, քանի դեռ հնարավորություն կա (Ժող. 7։1)։ 2) Հարության հույսը իրական է։ Եհովան ուշադրություն էր դարձրել Տաբիթայի կատարած բազմաթիվ բարի գործերին, ուստի վարձատրեց նրան։ Կարող ենք վստահ լինել, որ եթե մահանանք Արմագեդոնից առաջ, Աստված կհիշի մեր քրտնաջան աշխատանքն ու հարություն կտա մեզ (Եբր. 6։10)։ Ուրեմն շարունակենք հիմնովին վկայություն տալ Քրիստոսի մասին, անկախ նրանից՝ «բարենպաստ ժամանակ» է, թե «դժվարին» (2 Տիմոթ. 4։2)։
a Տես «Երբ Սողոսը փարիսեցի էր» շրջանակը։
b Որպես կանոն՝ սուրբ ոգու պարգևները փոխանցվում էին առաքյալների միջոցով։ Սակայն այս բացառիկ դեպքում Հիսուսը ակներևաբար Անանիայի միջոցով դրանք փոխանցեց Սողոսին։ Վերջինս աշակերտ դառնալուց հետո երկար ժամանակ կապ չի ունեցել 12 առաքյալների հետ։ Սակայն, ըստ երևույթին, այդ ընթացքում նա ակտիվորեն քարոզել է։ Ուստի Հիսուսը հոգ տարավ, որ Սողոսն անհրաժեշտ զորությունն ունենա իր հանձնարարությունը կատարելու համար։
c Տես «Տաբիթա՝ «բարությամբ լի» քույր» շրջանակը։