Աստվածաշնչի գիրք համար 44. Գործեր
Գրողը՝ Ղուկաս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 61թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ. 33թ.-ից մինչև մ.թ. մոտ 61թ.
1, 2. ա) Ի՞նչ պատմական դեպքերի և ո՞ւմ գործունեության մասին է արձանագրված «Գործեր» գրքում։ բ) Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում այս գիրքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ 42-րդ գրքում Ղուկասը տեղեկացնում է Հիսուսի և նրա աշակերտների կյանքի, գործունեության ու ծառայության մասին ընդհուպ Հիսուսի երկինք համբարձվելը։ Իսկ 44-րդ գիրքը՝ «Գործեր»-ը, շարունակում է վաղ քրիստոնյաների պատմությունը։ Այս գրքում նկարագրվում է, թե ինչպես է սուրբ ոգու շնորհիվ կազմավորվում քրիստոնեական ժողովը, և ինչպես է ընդլայնվում վկայության գործը նախ հրեաների մեջ, իսկ հետո ուրիշ ազգերի մարդկանց։ Առաջին 12 գլուխներում արձանագրված տեղեկությունների մեծ մասը Պետրոսի գործունեության մասին է, իսկ մնացած 16 գլուխներինը՝ Պողոսի։ Ղուկասը լավ ճանաչում էր Պողոսին, քանի որ հաճախ էր ուղեկցել նրան ճանապարհորդությունների ժամանակ։
2 Գիրքը ուղղված է Թեոֆիլոսին։ Արձանագրությունը ճշգրիտ տեղեկություններ է հայտնում քրիստոնեական ժողովի հիմնադրման և աճի պատմության մասին։ Սկզբում գիրքը պատմում է այն մասին, որ հարությունից հետո Հիսուսը մի քանի անգամ հայտնվեց իր աշակերտներին, այնուհետև շարադրում է կարևոր դեպքեր, որոնք տեղի են ունեցել գրեթե 28 տարվա ընթացքում՝ մ.թ. 33թ.-ից մինչև մոտ 61թ.։
3. Ո՞վ է գրել «Գործեր» գիրքը և ե՞րբ է այն ավարտել։
3 Հին ժամանակներից ընդունված է եղել համարել, որ Ղուկասի Ավետարանը գրողը գրել է նաև «Գործեր» գիրքը։ Երկու գրքերն էլ հասցեագրված են Թեոֆիլոսին։ «Գործեր» գրքի բացման համարներում կրկնելով Ավետարանի եզրափակիչ դեպքերը՝ Ղուկասը միավորում է երկու արձանագրությունները որպես նույն գրողի գործեր։ Հավանաբար, Ղուկասը ամբողջացրել է «Գործեր» գիրքը մ.թ. մոտ 61-ին՝ Հռոմում մնալու երկրորդ տարվա վերջին, մինչ Պողոսի հետ էր։ Քանի որ այնտեղ արձանագրված են մինչև այդ տարին ընկած իրադարձությունները, այն չէր կարող ավելի վաղ ավարտված լինել, և այն փաստը, որ Պողոսի բողոքը կայսրին դեռ պատասխանված չէր, ցույց է տալիս, որ գիրքն ավարտվել է այդ տարի։
4. Ի՞նչն է փաստում, որ «Գործեր» գիրքը կանոնական է և վավերական։
4 Դեռ հին ժամանակներից աստվածաշնչագետները «Գործեր» գիրքը կանոնական են համարել։ Գրքից հատվածներ կարելի է գտնել Հունարեն Գրությունների պապիրուսե ձեռագրերի ամենահին օրինակներից մի քանիսում, որ պահպանվել են մինչև մեր օրերը։ Այդ առումով առանձնահատուկ են հատկապես երրորդ կամ չորրորդ դարին պատկանող Միչիգանի № 1571 (P38) ձեռագիրը և երրորդ դարի Չեստեր Բիատիի № 1 (P45) ձեռագիրը։ Այս երկու ձեռագրերն էլ փաստում են, որ «Գործեր» գիրքը շրջանառության մեջ է եղել Աստվածաշնչի մյուս գրքերի հետ և այդպիսով ընդգրկվել վաղ ժամանակների ցուցակի մեջ։ Ղուկասի գրած «Գործեր» գիրքը նույն զարմանալի ճշգրտությամբ է շարադրված, ինչպես որ նրա Ավետարանը։ Ուիլիամ Ռամսեն «Գործեր» գիրքը գրողին դասում է «առաջնակարգ պատմաբանների թվում» և բացատրում է իր միտքը՝ ասելով. «Հեղինակավոր պատմաբանի առաջին և ամենակարևոր հատկությունն այն է, որ նա գրի առնի ճշմարտությունը։ Նրա ասածները պետք է վստահարժան լինեն»a։
5. Բեր օրինակ, որը հաստատում է, որ Ղուկասի արձանագրությունը ճշգրիտ է։
5 Նկարագրելու համար, թե որքան ճշգրտությամբ է Ղուկասը արձանագրել իր գիրքը, կարելի է մեջբերել Միջերկրական ծովի շրջանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական ռազմական նավատորմի հրամանատար Էդվին Սմիթի խոսքերը, որոնք տպագրվել են «Ղեկ» պարբերագրի 1947թ. մարտի համարում. «Հին նավերը չէին ղեկավարվում այնպես, ինչպես ժամանակակից նավերը՝ մի ղեկով, որը պտտվում է նավախելի սյան վրա, այլ դրանք ղեկավարվում էին երկու ձողերով կամ թիակներով, որոնք նավախելի երկու կողմում էին, ուստի սուրբ Ղուկասը թիակները հիշատակում է հոգնակի թվով [Գործեր 27։40].... Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ նավի տեղաշարժման մասին յուրաքանչյուր արտահայտություն՝ սկսած այն ժամանակից, երբ նավը հեռացավ Գեղեցիկ նավահանգստից մինչև Մալթայի ափին խարիսխ գցելը, ինչպես պատմում է սուրբ Ղուկասը, հաստատվում է ամենից ճշգրիտ, համոզիչ և իրարից անկախ աղբյուրներով։ Այն, թե որքան ժամանակ է մնացել նավը ծովում, համապատասխանում է անցած ճանապարհին։ Վերջապես այն, որ նա նկարագրում է, թե որտեղ է նավը կանգ առել, համապատասխանում է այդ վայրին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ղուկասն իսկապես անցել է իր նկարագրած ճանապարհը, դեռ ավելին, բնութագրում է նրան որպես մի մարդու, որի դիտողություններին ու խոսքերին կարելի է լիովին վստահել և հավատալ» (The Rudder)b։
6. Հնագիտական ո՞ր հայտնագործություններն են հաստատում «Գործեր» գրքի ճշգրտությունը։
6 Հնագիտական հայտնագործությունները ևս հաստատում են Ղուկասի արձանագրության ճշգրտությունը։ Օրինակ՝ Եփեսոսում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Արտեմիսի տաճարը, ինչպես նաև հին թատրոնը, որտեղ եփեսացիները խռովություն բարձրացրին Պողոս առաքյալի դեմ (Գործ. 19։27–41)։ Գտնվել են արձանագրություններ, որոնք փաստում են, որ Ղուկասը ճիշտ է անվանել Թեսաղոնիկեի պաշտոնյաներին՝ կոչելով նրանց «քաղաքի իշխաններ» (17։6, 8)։ Մալթայում գտնված երկու արձանագրություններ ցույց են տալիս, որ Ղուկասը ճիշտ էր նաև, երբ Պոպլիոսին անվանեց Մալթայի «գլխավոր» (28։7)c։
7. Ղուկասի արձանագրած խոսքերն ու ելույթները ինչպե՞ս են փաստում, որ «Գործեր» գրքում իրական դեպքեր են արձանագրված։
7 Դեռ ավելին, Պետրոսի, Ստեփանոսի, Կոռնելիոսի, Տերտուլոսի, Պողոսի և ուրիշների խոսքերը, որ արձանագրել է Ղուկասը, իրարից տարբերվում են ոճով և շարադրանքով։ Նույնիսկ Պողոսի ասածների ոճը փոփոխվում է՝ կախված այն բանից, թե ում առաջ է ելույթ ունենում։ Սա ցույց է տալիս, որ Ղուկասը արձանագրել է միայն այն, ինչ անձամբ է լսել կամ ինչ որ մյուս ականատեսներն են նրան ասել։ Նա ամենևին էլ չի հնարել իր գրածները։
8. Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում Ղուկասի, ինչպես նաև Պողոսի հետ ունեցած նրա մտերմության մասին։
8 Շատ քիչ բան է հայտնի Ղուկասի անձնական կյանքի մասին։ Նա առաքյալ չէր, բայց մտերիմ էր առաքյալների հետ (Ղուկ. 1։1–4)։ Պողոս առաքյալը երեք անգամ Ղուկասին հիշատակում է անունով (Կող. 4։10, 14; 2 Տիմոթ. 4։11; Փիլիմ. 24)։ Մի քանի տարի շարունակ նա Պողոսի մշտական ուղեկիցն է եղել, և վերջինս նրան անվանում էր «սիրելի բժիշկ»։ Գրքում «նրանք» և «մենք» դերանունները անընդհատ փոխարինում են իրար, ինչը ցույց է տալիս, որ Ղուկասը Պողոսի երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ նրա հետ է եղել Տրովադայում, որ գուցե մնացել է Փիլիպպեում այնքան ժամանակ, մինչև որ Պողոսը մի քանի տարի անց վերադարձել է այնտեղ, որ նորից միացել է Պողոսին և ուղեկցել է նրան Հռոմ դատավարության համար (Գործեր 16։8, 10; 17։1; 20։4–6; 28։16)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Հիսուսի համբարձման ժամանակ ի՞նչ է ասվում աշակերտներին։
9 Դեպքեր նախքան Պենտեկոստեն (1։1–26)։ Իր երկրորդ պատմությունը Ղուկասը սկսում է հարություն առած Հիսուսի խոսքերով, որը իր աշակերտներին ասում է, որ նրանք պիտի մկրտվեն սուրբ ոգով։ Արդյոք Թագավորությունը հիմա՞ էր վերականգնվելու։ Ո՛չ, բայց նրանք զորություն կստանան ու վկաներ կլինեն «մինչև աշխարհի ծայրերը»։ Մինչ Հիսուսը վեր է բարձրանում երկինք ու անհետանում նրանց տեսադաշտից, երկու տղամարդ՝ սպիտակ հանդերձներով, նրանց ասում են. «Այս Հիսուսը, որ երկինք բարձրացվեց, նույն ձևով պիտի գա» (1։8, 11)։
10. ա) Ի՞նչ հիշարժան բաներ են լինում Պենտեկոստեի օրը։ բ) Ի՞նչ է բացատրում Պետրոսը, և ի՞նչ է լինում արդյունքում։
10 Հիշարժան Պենտեկոստե (2։1–42)։ Բոլոր աշակերտները հավաքվել են Երուսաղեմում։ Հանկարծ տունը լցվում է սաստիկ հողմի ձայնով։ Ասես կրակե լեզուներ են երևում։ Նրանք լցվում են սուրբ ոգով և սկսում տարբեր լեզուներով խոսել «Աստծու մեծամեծ բաների» մասին (2։11)։ Ներկաները շփոթված են։ Պետրոսը ոտքի է կանգնում և խոսում։ Նա բացատրում է, որ սուրբ ոգու թափվելը Հովելի մարգարեության կատարումն է (2։28–32), և որ այժմ հարություն առած ու Աստծու աջ կողմը բարձրացված Հիսուս Քրիստոսը «թափեց այն, ինչը դուք տեսնում ու լսում եք»։ Մինչև իրենց սրտի խորքը ցնցված՝ մոտ 3000 հոգի ընդունում են խոսքը ու մկրտվում (2։33)։
11. Ինչպե՞ս է Եհովան թիկունք կանգնում քարոզչական գործին։
11 Վկայության գործը ընդլայնվում է (2։43–5։42)։ Ամեն օր Եհովան ավելացնում է փրկվածների թիվը։ Մի անգամ տաճարի մոտ Պետրոսն ու Հովհաննեսը մի կաղ մարդու են տեսնում, որը իր ողջ կյանքում երբեք չի քայլել։ «Հիսուս Քրիստոսի՝ նազովրեցու անունով վե՛ր կաց ու քայլի՛ր»,— պատվիրում է Պետրոսը։ Այդ մարդը անմիջապես սկսում է «քայլել, ցատկոտել ու Աստծուն գովաբանել»։ Հետո Պետրոսը դիմում է մարդկանց և հորդորում զղջալ ու դարձի գալ, որ «Եհովան թարմություն բերի» նրանց։ Զայրանալով, որ Պետրոսն ու Հովհաննեսը սովորեցնում են Հիսուսի հարության մասին՝ կրոնական առաջնորդները ձերբակալում են նրանց, բայց, միևնույնն է, հավատացյալների թիվը շուրջ 5000-ի է հասնում (3։6, 8, 19)։
12. ա) Ի՞նչ են պատասխանում աշակերտները, երբ նրանց հրամայում են չքարոզել։ բ) Ինչո՞ւ են Անանիան ու Սաֆիրան պատժվում։
12 Հաջորդ օրը Պետրոսին ու Հովհաննեսին տանում են հրեա իշխանների մոտ՝ հարցաքննելու։ Պետրոսը բացահայտորեն վկայում է, որ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է, և երբ նրանց հրամայում են չքարոզել, Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանում են. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (4։19, 20)։ Նրանց ազատ են արձակում, և բոլոր աշակերտները շարունակում են համարձակությամբ Աստծու խոսքը քարոզել։ Ստեղծված իրավիճակի պատճառով նրանք իրենց ունեցածը ընդհանուր տեղ են բերում, և դա բաշխվում է յուրաքանչյուրին՝ ով ինչի կարիք ունի։ Իսկ Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սաֆիրայի հետ վաճառում է իրենց կալվածքը և փողի մի մասը թաքցնում, սակայն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե ողջ գումարն է տալիս։ Պետրոսը քողազերծում է նրանց, ու նրանք մահանում են, քանի որ ստեցին Աստծուն և սուրբ ոգուն։
13. Ինչո՞ւմ են մեղադրում առաքյալներին, ի՞նչ են նրանք պատասխանում և ի՞նչ են շարունակում անել։
13 Զայրացած կրոնական առաջնորդները առաքյալներին նորից բանտ են գցում, բայց այս անգամ Եհովայի հրեշտակն է ազատում նրանց։ Հաջորդ օրը նրանց կրկին բերում են Սինեդրիոնի առաջ և մեղադրում, որ «Երուսաղեմը լցրել են իրենց ուսմունքով»։ Նրանք էլ պատասխանում են. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։ Չնայած ծեծին ու սպառնալիքին՝ նրանք չեն դադարում քարոզելուց և «ամեն օր տաճարում և տնից տուն առանց դադարի շարունակում են սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել» (5։28, 29, 42)։
14. Ինչպե՞ս են Ստեփանոսին սպանում։
14 Ստեփանոսի մարտիրոսական մահը (6։1–8։1ա)։ Ստեփանոսը մեկն է այն յոթ հոգուց, որոնք նշանակվել են սուրբ ոգով մթերք բաժանելու համար։ Բացի այդ, զորությամբ լցված՝ նա վկայում է ճշմարտության մասին ու այնքան եռանդորեն է խոսում իր հավատի մասին, որ կատաղի հակառակորդները բերում են նրան Սինեդրիոնի առաջ և մեղադրում հայհոյություն անելու մեջ։ Պաշտպանելով իրեն՝ Ստեփանոսը նախ խոսում է Իսրայելի հանդեպ Եհովայի համբերատարության մասին։ Հետո անվախորեն հայտարարում է. «Խստապարանոցնե՛ր.... դուք միշտ հակառակվում եք սուրբ ոգուն.... Դո՛ւք, որ ստացաք հրեշտակների միջոցով փոխանցված Օրենքը, բայց չպահեցիք այն» (7։51–53)։ Չկարողանալով այլևս Ստեփանոսին՝ նրանք հարձակվում են նրա վրա, քաղաքից դուրս հանում և քարկոծելով սպանում։ Իսկ Սողոսը, հավանություն տալով, նայում է։
15. Ի՞նչ է լինում հալածանքի արդյունքում, և ի՞նչ հետաքրքիր դեպք է պատահում Փիլիպոսին։
15 Հալածանքներ, Սողոսի դավանափոխությունը (8։1բ–9։30)։ Այդ օրը Երուսաղեմում եղող ժողովի դեմ մեծ հալածանք է սկսվում, և բոլորը, բացի առաքյալներից, ցրվում են Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ։ Փիլիպոսը գնում է Սամարիա, որտեղ շատերն են ընդունում Աստծու խոսքը։ Ու որպեսզի այդ հավատացյալները կարողանան «առաքյալների ձեռք դնելով» սուրբ ոգի ստանալ, Երուսաղեմից Պետրոսն ու Հովհաննեսը ուղարկվում են այնտեղ (8։18)։ Այնուհետև հրեշտակը Փիլիպոսին պատվիրում է գնալ դեպի հարավ, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որտեղ նա հանդիպում է մի եթովպացի ներքինու, որը Եթովպիայի արքունիքում բարձրաստիճան պաշտոնյա է։ Իր կառքում նստած՝ նա բարձրաձայն կարդում է Եսայիա մարգարեի գիրքը։ Փիլիպոսը բացատրում է այդ մարգարեության նշանակությունը ու մկրտում նրան։
16. Ինչպե՞ս է Սողոսը դավանափոխ լինում։
16 Այս ընթացքում Սողոսը, որ «դեռ սպառնալիք ու մահ է շնչում Տիրոջ աշակերտների վրա», գնում է Դամասկոս, որ «Ճանապարհին հետևողներին» ձերբակալի։ Հանկարծ երկնքից մի լույս է փայլատակում նրա շուրջը, և նա կուրացած գետին է ընկնում։ Երկնքից մի ձայն ասում է. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Երեք օր անց Դամասկոսում Սողոսի մոտ Անանիա անունով մի աշակերտ է գալիս, որ ծառայի նրան։ Սողոսի տեսողությունը վերականգնվում է, նա մկրտվում է, լցվում է սուրբ ոգով ու դառնում բարի լուրի եռանդուն և հմուտ քարոզիչ (9։1, 2, 5)։ Այո՛, նման զարմանալի իրադարձության արդյունքում հալածողը դառնում է հալածվող և այժմ իր կյանքը փրկելու համար պետք է փախչի նախ Դամասկոսից, իսկ հետո Երուսաղեմից։
17. Ինչպե՞ս է բարի լուրը հասնում անթլփատ այլազգիներին։
17 Բարի լուրը քարոզվում է անթլփատ այլազգիներին (9։31–12։25)։ Այժմ ժողովի համար խաղաղ ժամանակներ են եկել, և այն կերտվում է։ «Աշակերտների թիվը ավելանում է, քանի որ ապրում են Եհովայի հանդեպ վախով ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ» (9։31)։ Հոպպեում Պետրոսը հարություն է տալիս բոլորի կողմից սիրված Տաբիթային (Այծեմնիկ)։ Հենց այս քաղաքում է, որ մարդիկ գալիս են ու խնդրում Պետրոսին գնալ Կեսարիա, որտեղ Կոռնելիոս անունով մի հարյուրապետ սպասում է նրան։ Պետրոսը քարոզում է Կոռնելիոսին և նրա ընտանիքին։ Նրանք հավատում են, և սուրբ ոգին թափվում է նրանց վրա։ Տեսնելով, որ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»՝ Պետրոսը մկրտում է նրանց՝ անթլփատ այլազգիների միջից առաջիններին, որ դավանափոխ են եղել։ Ավելի ուշ Պետրոսը Երուսաղեմի եղբայրներին մանրամասնորեն բացատրում է տեղի ունեցածը, և նրանք, երբ լսում են այս ամենը, փառավորում են Աստծուն (10։34, 35)։
18. ա) Ի՞նչ է տեղի ունենում Անտիոքում։ բ) Հալածանքի ի՞նչ ալիք է բարձրանում, բայց արդյոք այն հասնո՞ւմ է իր նպատակին։
18 Բարի լուրը շարունակում է արագորեն տարածվել։ Բառնաբասն ու Սողոսը Անտիոքում ուսուցանում են մեծ թվով մարդկանց, և «առաջին անգամ Անտիոքում է, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ են անվանվում» (11։26)։ Նորից հալածանքի ալիք է բարձրանում։ Հերովդես Ագրիպպաս I-ը սրով սպանել է տալիս Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը։ Իսկ Պետրոսին բանտ է գցում, սակայն կրկին Եհովայի հրեշտակը ազատում է նրան։ Ի՜նչ վատ ավարտ է ունենում չար Հերովդեսի կյանքը։ Քանի որ նա փառքը Աստծուն չի տալիս, հրեշտակը հարվածում է նրան, և նա հիվանդանում է. որդերը ուտում են նրան, ու նա մեռնում է։ Իսկ «Եհովայի խոսքը աճում ու տարածվում է» (12։24)։
19. Ի՞նչ վայրեր է այցելում Պողոսը առաջին միսիոներական շրջագայության ժամանակ և ի՞նչ արդյունքով։
19 Պողոսի առաջին միսիոներական շրջագայությունը Բառնաբասի հետ (13։1–14։28)d։ Սուրբ ոգին առանձնացնում է Բառնաբասին ու «Սողոսին, որը և Պողոսն է», և Անտիոքից ուղարկում (13։9)։ Կիպրոս կղզում շատերը դառնում են հավատացյալներ, այդ թվում պրոկոնսուլ Սերգիոս Պողոսը։ Փոքր Ասիայում Պողոսն ու Բառնաբասը անցնում են վեց կամ ավելի շատ քաղաքներով, և ամեն տեղ նույն բանն է լինում. որոշ մարդիկ ուրախությամբ ընդունում են բարի լուրը, մյուսներն էլ համառորեն հակառակվում են և դրդում ուրիշներին քարկոծելու Եհովայի պատգամաբերներին։ Նորակազմ ժողովում երեցներ նշանակելուց հետո Պողոսն ու Բառնաբասը վերադառնում են Ասորիքի Անտիոք։
20. Թլփատության վերաբերյալ ի՞նչ որոշում է կայացվում։
20 Լուծվում է թլփատության հարցը (15։1–35)։ Մեծ թվով ոչ հրեաների դարձի գալը մի հարց է առաջ բերում այն մասին, թե արդյոք նրանք պետք է թլփատվեն։ Պողոսն ու Բառնաբասը այս հարցը լուծելու համար գնում են Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ։ Հանդիպման ժամանակ նախագահում է Հակոբոս աշակերտը։ Երբ բոլորը միակարծիք որոշում են կայացնում, նա առաջարկում է այդ մասին տեղեկացնել ժողովներին նամակով. «Սուրբ ոգուն և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիներից և պոռնկությունից» (15։28, 29)։ Այս քաջալերական նամակը մեծ ուրախություն է պատճառում Անտիոքի եղբայրներին։
21. ա) Ո՞վ է ուղեկցում Պողոսին նրա երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ։ բ) Ի՞նչ դեպքեր են տեղի ունենում Մակեդոնիայում։
21 Ծառայության ընդլայնում. Պողոսի երկրորդ միսիոներական շրջագայությունը (15։36–18։22)e։ «Մի քանի օր անց» Բառնաբասը և Մարկոսը նավարկում են Կիպրոս, իսկ Պողոսն ու Շիղան ճանապարհ են ընկնում ու անցնում Ասորիքի և Փոքր Ասիայի միջով (15։36)։ Երիտասարդ Տիմոթեոսը միանում է Պողոսին Լյուստրայում, և նրանք ուղևորվում են Տրովադա, որը գտնվում է Էգեյան ծովի ափին։ Այստեղ Պողոսը մի տեսիլք է տեսնում, որ մի մարդ աղաչում է իրեն. «Անցիր Մակեդո՛նիա և օգնի՛ր մեզ» (16։9)։ Պողոսին միանում է նաև Ղուկասը, ու նրանք նավ են նստում, որը գնում է Փիլիպպե՝ Մակեդոնիայի գլխավոր քաղաք։ Այստեղ Պողոսին ու Շիղային բանտ են գցում։ Արդյունքում բանտապահը հավատացյալ է դառնում ու մկրտվում։ Ազատ արձակվելուց հետո նրանք ուղևորվում են Թեսաղոնիկե, որտեղ նախանձով լցված հրեաները ամբոխներին գրգռում են նրանց դեմ։ Ուստի գիշերը եղբայրները Պողոսին ու Շիղային շտապ ուղարկում են Բերիա։ Այստեղ ապրող հրեաները ազնվամիտ մարդիկ են։ Նրանք մեծ հոժարությամբ ընդունում են խոսքը և «ամեն օր ուշադիր քննում են Սուրբ Գրքերը», որ համոզվեն, որ այն, ինչ իմանում են, ճիշտ է (17։11)։ Շիղային ու Տիմոթեոսին թողնելով այդ նորակազմ ժողովում, ինչպես որ Ղուկասին թողեց Փիլիպպեում՝ Պողոսը շարունակում է ճանապարհորդել դեպի հարավ՝ Աթենք։
22. Ի՞նչ է լինում Արեոպագոսի մոտ արված Պողոսի ելույթի արդյունքում։
22 Կուռքերով լեցուն այս քաղաքում էպիկուրյան և ստոյիկյան բարձրամիտ փիլիսոփաները ծաղրում են Պողոսին՝ նրան անվանելով «դատարկախոս» և «օտար աստվածների քարոզիչ»։ Հետո բռնում են նրան ու տանում Արեոպագոս, կամ՝ Արեսի բլուր։ Հռետորական իր լավ ունակությունները գործի դնելով՝ Պողոսը նշում է, որ շատ կարևոր է փնտրել ճշմարիտ Աստծուն՝ «երկնքի և երկրի Տիրոջը», որը հավաստիք է տալիս, որ արդարությամբ է դատելու աշխարհը նրա միջոցով, ում հարություն է տվել մահացածների միջից։ Հարության մասին խոսքը բաժանում է մտցնում ունկնդիրների մեջ, բայց նրանցից ոմանք հավատացյալ են դառնում (17։18, 24)։
23. Ի՞նչ է տեղի ունենում Կորնթոսում։
23 Գալով Կորնթոս՝ Պողոսը կանգ է առնում Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը ու նրանց հետ վրանագործությամբ է զբաղվում։ Պողոսի քարոզի դեմ բարձրացված հակառակությունը ստիպում է նրան դուրս գալ ժողովարանից ու իր հանդիպումը անցկացնել Տիտիոս Հուստոսի տանը, որը ժողովարանին կից է։ Ժողովարանի պետ Կրիսպոսը դառնում է հավատացյալ։ Կորնթոսում մեկ ու կես տարի մնալուց հետո Պողոսը Ակյուղասի և Պրիսկիղայի հետ տեղափոխվում է Եփեսոս։ Այնտեղից նա մենակ շարունակում է իր ճանապարհը՝ գնալով Ասորիքի Անտիոք, ու այդպիսով ավարտում է իր երկրորդ միսիոներական շրջագայությունը։
24, 25. ա) Երբ Պողոսը սկսում է իր երրորդ շրջագայությունը, ի՞նչ է տեղի ունենում Եփեսոսում։ բ) Ի՞նչ իրարանցում է տեղի ունենում Պողոսի երեքամյա ծառայության վերջում։
24 Պողոսը նորից այցելում է ժողովներ. երրորդ շրջագայությունը (18։23–21։26)f։ Ապողոս անունով մի հրեա Ալեքսանդրիայից (Եգիպտոս) գալիս է Եփեսոս։ Նա համարձակորեն ժողովարանում խոսում է Հիսուսի մասին, բայց Ակյուղասն ու Պրիսկիղան հասկանում են, որ նրան հարկավոր է ավելի ճշգրտությամբ բացատրել ուսմունքը, քանի դեռ չի գնացել Կորնթոս։ Պողոսը այժմ կատարում է իր երրորդ շրջագայությունը և մի որոշ ժամանակից գալիս է Եփեսոս։ Իմանալով, որ այստեղի հավատացյալները Հովհաննեսի մկրտությամբ են մկրտվել՝ Պողոսը բացատրում է, որ հարկավոր է մկրտվել Հիսուսի անունով։ Դրանից հետո մոտ 12 հոգու մկրտում է ու երբ իր ձեռքերը դնում է նրանց վրա, սուրբ ոգին նրանց վրա է իջնում։
25 Պողոսը Եփեսոսում մնում է երեք տարի, և այդ ընթացքում «Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում է ու հաղթանակում»։ Շատերը այլևս չեն երկրպագում քաղաքի մեծ աստվածուհուն՝ Արտեմիսին (19։20)։ Բարկանալով, որ կարող են զրկվել իրենց գործից ստացած շահից՝ արհեստավորները, որոնք արծաթյա փոքր մեհյաններ են սարքում, այնպիսի աղմուկ են բարձրացնում քաղաքում, որ ժամեր են պահանջվում ամբոխին հանդարտեցնելու համար։ Շատ չանցած՝ Պողոսը ուղևորվում է Մակեդոնիա և Հունաստան՝ ճանապարհին այցելելով հավատակիցներին։
26. ա) Ի՞նչ հրաշք է գործում Պողոսը Տրովադայում։ բ) Ի՞նչ խորհուրդ է նա տալիս Եփեսոսի վերակացուներին։
26 Պողոսը երեք ամիս մնում է Հունաստանում, հետո վերադառնում է Մակեդոնիա, որտեղ Ղուկասը միանում է նրան։ Այնուհետև նրանք գնում են Տրովադա։ Պողոսը ելույթ է ունենում մինչև կեսգիշեր։ Մինչ առաքյալը խոսում է, Եվտիքոս անունով մի երիտասարդ, որ նստած է պատուհանին, քնով բռնված՝ երրորդ հարկից ցած է ընկնում։ Երբ գալիս են նրա մոտ, նա մեռած է լինում, բայց Պողոսը հարություն է տալիս նրան։ Հաջորդ օրը Պողոսը և նրա ուղեկիցները մեկնում են Միլետոս։ Թեև Պողոսը շտապում է Երուսաղեմ հասնել, սակայն կանգ է առնում Միլետոսում, որ հանդիպի Եփեսոսից եկած երեցներին։ Նա նրանց ասում է, որ այլևս իր երեսը չեն տեսնի։ Ուստի որքա՜ն կարևոր է նրանց համար առաջնորդել ու հովվել Աստծու հոտը, «որի մեջ սուրբ ոգին վերակացուներ է նշանակել»։ Պողոսը հիշեցնում է նրանց իր օրինակը և հորդորում է արթուն մնալ ու առանց ուժերը խնայելու ծառայել եղբայրներին (20։28)։ Չնայած առաքյալին խնդրում են չգնալ Երուսաղեմ, բայց նա վճռում է շարունակել իր ճանապարհը։ Նրա ուղեկիցները դադարում են առարկելուց և ասում են. «Թող Եհովայի կամքով լինի» (21։14)։ Երբ Պողոսը պատմում է Հակոբոսին և Երուսաղեմի երեցներին, թե ինչպես է Աստված օրհնել իր ծառայությունը ազգերի մեջ, նրանք անչափ ուրախանում են։
27. Ինչպե՞ս են ընդունում Պողոսին տաճարում։
27 Պողոսի ձերբակալությունը և դատը (21։27–26։32)։ Երբ Պողոսը գնում է տաճար, նրան դիմավորում են թշնամանքով։ Ասիայի հրեաները ողջ քաղաքը նրա դեմ են լարում, բայց վերջին պահին հռոմեացի զինվորները հասնում են ու փրկում նրան։
28. ա) Ի՞նչ հարց է բարձրացնում Պողոսը Սինեդրիոնի առաջ, և ի՞նչ է լինում արդյունքում։ բ) Հետո ո՞ւր են ուղարկում Պողոսին։
28 Ինչո՞ւ է նման իրարանցում սկսվել։ Ո՞վ է այս Պողոսը։ Ի՞նչ հանցանք է նա արել։ Հենց այս հարցերի պատասխաններն է ուզում իմանալ շփոթված զորապետը։ Քանի որ Պողոսը Հռոմի քաղաքացի է, նրան չեն խարազանում, այլ ներկայացնում են Սինեդրիոնի առաջ, որտեղ մի մասը փարիսեցիներ են, իսկ մյուս մասը՝ սադուկեցիներ։ Ուստի Պողոսը սկսում է խոսել հարությունից՝ նրանց իրար դեմ հանելով։ Երբ մթնոլորտը թեժանում է, զինվորները Սինեդրիոնի միջից խլում են Պողոսին, որ նրան կտոր-կտոր չանեն։ Գիշերը մեծ թվով զինվորների ուղեկցությամբ Պողոսին գաղտնի ուղարկում են Կեսարիա՝ Ֆելիքս կառավարչի մոտ։
29. Ի՞նչ դատավարությունների միջով է անցնում Պողոսը, երբ նրան մեղադրում են խռովություն հրահրելու մեջ, և ո՞ւմ է նա բողոքում։
29 Պողոսին մեղադրում են խռովություն հրահրելու մեջ, սակայն նա հմտորեն պաշտպանվում է Ֆելիքսի առաջ։ Վերջինս հույս ունի, որ Պողոսը իրեն փող կտա ազատ արձակվելու համար։ Անցնում է երկու տարի։ Ֆելիքսին հաջորդում է Պորկիոս Ֆեստոսը, և նոր դատավարություն է սկսվում։ Դարձյալ լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, բայց Պողոսը կրկին իրեն անմեղ է հայտարարում։ Հրեաների բարեհաճությունը շահելու համար Ֆեստոսը առաջարկում է Պողոսին շարունակել դատավարությունը Երուսաղեմում։ Պողոսն էլ ասում է. «Ես կայսրի՛ն եմ բողոքում» (25։11)։ Անցնում է մի որոշ ժամանակ։ Ի վերջո Ագրիպաս II թագավորը, ի նշան հարգանքի, այցելում է Ֆեստոսին, և Պողոսին նորից դատարան են բերում։ Ագրիպասը այնքան է տպավորվում Պողոսի համոզիչ ու ազդեցիկ վկայությունից, որ ասում է. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ» (26։28)։ Ագրիպասը նույնպես ընդունում է, որ Պողոսը անմեղ է, և որ կարելի էր նրան ազատ արձակել, եթե կայսրին բողոքած չլիներ։
30. Ի՞նչ դեպքեր են տեղի ունենում մինչև Մալթա հասնելը։
30 Պողոսը գնում է Հռոմ (27։1–28։31)g։ Պողոսը և այլ բանտարկյալներ նավ են նստում, որ անցնեն Հռոմ գնալու ճանապարհի առաջին մասը։ Քանի որ քամիները հակառակ կողմից են փչում, դանդաղ են նավարկում։ Միռա նավահանգստում նրանք փոխում են նավը և դրանով հասնում Գեղեցիկ կոչվող նավահանգիստ Կրետեում։ Պողոսը խորհուրդ է տալիս ձմեռել այդտեղ, բայց մեծամասնությունը կողմ է նավարկելուն։ Ծով դուրս գալուց կարճ ժամանակ անց կատաղի քամի է բարձրանում և անողորմաբար քշում նավը։ Երկու շաբաթ հետո նավը ի վերջո ջարդուփշուր է լինում Մալթա կղզու մոտ։ Ինչպեսև ասում է Պողոսը, 276 հոգուց ոչ մեկը չի մահանում։ Մալթայի բնակիչները արտասովոր մարդասիրություն են ցուցաբերում։ Ձմեռվա ընթացքում Պողոսը նրանցից շատերին Աստծու ոգու զորությամբ հրաշքով բուժում է։
31. Ինչպե՞ս են Պողոսին դիմավորում Հռոմում, և ինչո՞վ է նա զբաղվում այնտեղ։
31 Գարնանը Պողոսը հասնում է Հռոմ, իսկ եղբայրները գալիս են նրան դիմավորելու։ Նրանց տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն և քաջություն առնում։ Թեև նա դեռ բանտարկյալ է, բայց նրան թույլ է տրվում առանձին մնալ իր վարձված տանը՝ զինվորի հսկողության տակ։ Ղուկասը ավարտում է իր պատմությունը՝ նկարագրելով, թե ինչպես է Պողոսը սրտաբաց ընդունում բոլորին, ովքեր գալիս են իր մոտ, և «առանց որևէ արգելքի, խոսելու մեծ ազատությամբ նրանց Աստծու թագավորությունն է քարոզում ու սովորեցնում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (28։15, 31)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
32. Ինչպե՞ս Պողոսը հաստատեց Եբրայերեն Գրությունների վավերականությունը նախքան Պենտեկոստեն և այդ տոնի ժամանակ։
32 Ավետարաններին զուգահեռ «Գործեր» գիրքը հաստատում է Եբրայերեն Գրությունների վավերականությունն ու ներշնչված լինելը։ Մինչ մոտենում էր Պենտեկոստեն, Պետրոսը մեջբերեց երկու մարգարեությունների կատարումներ, որոնք «սուրբ ոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին» (Գործ. 1։16, 20; Սաղ. 69։25; 109։8)։ Պետրոսը Պենտեկոստեի ժամանակ հավաքված զարմացած ամբոխին նաև ասաց, որ նրանք «Հովել մարգարեի միջոցով» ասված մարգարեության կատարման ականատեսներն են (Գործ. 2։16–21; Հովել 2։28–32; համեմատի՛ր նաև Գործեր 2։25–28, 34, 35-ը Սաղմոս 16։8–11-ի և 110։1-ի հետ)։
33. Ինչպե՞ս Պետրոսը, Փիլիպոսը, Հակոբոսը և Պողոսը ցույց տվեցին, որ Եբրայերեն Գրությունները ներշնչված են Աստծու կողմից։
33 Տաճարից դուրս հավաքված մեկ ուրիշ ամբոխի համոզելու համար Պետրոսը կրկին դիմեց Եբրայերեն Գրություններին՝ նախ վկայակոչելով Մովսեսի խոսքերը, այնուհետև ասելով. «Բոլոր մարգարեները՝ սկսած Սամուելից, և նրանից հետո եկողները հստակ կերպով հայտնեցին այս օրերի մասին»։ Հետո Սինեդրիոնի առաջ Պետրոսը մեջբերեց Սաղմոս 118։22-ը՝ ցույց տալու համար, որ Քրիստոսը՝ այն քարը, որը նրանք մերժեցին, դարձավ «անկյան գլուխ» (Գործ. 3։22–24; 4։11)։ Փիլիպոսը բացատրեց եթովպացի ներքինուն, թե ինչպես կատարվեց Եսայիա 53։7, 8 համարներում արձանագրված մարգարեությունը։ Հասկանալով դա՝ այդ մարդը խոնարհաբար խնդրեց նրան մկրտել իրեն (Գործ. 8։28–35)։ Նմանապես, Կոռնելիոսի հետ խոսելով Հիսուսի մասին՝ Պետրոսն ասաց. «Նրա մասին են վկայում բոլոր մարգարեները» (10։43)։ Թլփատության հարցը քննարկելիս Հակոբոսը հիմնավորեց իր որոշումը՝ ասելով. «Սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է» (15։15–18)։ Պողոս առաքյալը նույնպես հիմնվում էր այդ հեղինակավոր գրքերի վրա (26։22; 28։23, 25–27)։ Այն, որ աշակերտները և նրանց լսողները պատրաստակամորեն ընդունում էին Եբրայերեն Գրությունները որպես Աստծու Խոսքի մի մաս, հավաստիացնում է, որ այդ գրքերը ներշնչված են Աստծուց։
34. Ի՞նչ է «Գործեր» գիրքը հայտնում քրիստոնեական ժողովի մասին, և կա՞ արդյոք տարբերություն այսօրվա ու առաջին դարի ժողովի միջև։
34 «Գործեր» գիրքը օգտակար է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես հիմնադրվեց քրիստոնեական ժողովը և ինչպես աճեց սուրբ ոգու զորությամբ։ Այս խոսուն արձանագրության միջոցով տեսնում ենք, թե ինչպես է Աստված օրհնել վկայության գործը, առաջին քրիստոնյաների քաջությունն ու ուրախությունը, անզիջում դիրքը հալածանքների ժամանակ և ծառայելու պատրաստակամությունը։ Սա հստակ երևում է, օրինակ, այն բանից, որ Պողոսը արձագանքեց այլազգի մարդկանց քարոզելու հրավերին և գնաց Մակեդոնիա (4։13, 31; 15։3; 5։28, 29; 8։4; 13։2–4, 16։9, 10)։ Այսօրվա քրիստոնեական ժողովը չի տարբերվում առաջին դարի ժողովից։ Այն նույնպես կապված է սիրո, միասնության կապով և ունի ընդհանուր շահեր, մինչ սուրբ ոգու առաջնորդությամբ խոսում է «Աստծու մեծամեծ բաների մասին» (2։11, 17, 45; 4։34, 35; 11։27–30; 12։25)։
35. «Գործեր» գրքի համաձայն՝ ինչպե՞ս է հարկավոր քարոզել, և ո՞ր հատկությունն է կարևոր ունենալ ծառայության մեջ։
35 «Գործեր» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է հարկավոր կատարել Աստծու Թագավորությունը հռչակելու քրիստոնեական պարտականությունը։ Այդ հարցում լավ օրինակ է Պողոսը։ Նա ասաց. «Ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն»։ Այնուհետև ասաց. «Ես հիմնովին վկայություն տվեցի»։ Գրքում աչքի է ընկնում «հիմնովին վկայություն տալու» թեման։ Այն հատկապես շեշտվում է գրքի վերջում, որտեղ Պողոսի սրտանց նվիրվածությունը քարոզչական և ուսուցողական գործին երևում է նրա հետևյալ խոսքերից. «Առավոտից մինչև երեկո նրանց բացատրում էր իր հետ պատահածը՝ հիմնովին վկայություն տալով Աստծու թագավորության մասին, նաև համոզիչ փաստարկներ էր բերում Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից, այնպես էլ Մարգարեներից»։ Թող որ մենք էլ լիակատար նվիրվածությամբ կատարենք Թագավորության գործը (20։20, 21; 28։23; 2։40; 5։42; 26։22)։
36. Պողոսի ո՞ր արժեքավոր խորհուրդներն են օգտակար այսօր վերակացուների համար։
36 Պողոսի ելույթը՝ ուղղված Եփեսոսի վերակացուներին, գործնական ու արժեքավոր խորհուրդներ է պարունակում նաև այսօրվա վերակացուների համար։ Քանի որ նրանք նշանակվել են սուրբ ոգով, շատ կարևոր է, որ «ուշադիր լինեն իրենց անձերին և ամբողջ հոտին»՝ մեղմորեն հովվելով և պաշտպանելով գիշատիչ գայլերից, որոնք ուզում են կործանել այն։ Սա լուրջ պատասխանատվություն է։ Վերակացուները պետք է արթուն լինեն և կերտվեն Աստծու անզուգական բարության խոսքով։ Մինչ նրանք ջանում են օգնել թույլերին, պետք է հիշեն Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (20։17–35)։
37. Ինչպե՞ս է Պողոսը նրբանկատորեն փաստարկներ բերում իր ասելիքը Արեոպագոսում բացատրելու համար։
37 Աստվածաշնչյան սկզբունքները հստակ կերպով բացահայտվում են Պողոսի մյուս ելույթներում։ Քննենք, օրինակ, Արեոպագոսում ստոյիկներին և էպիկուրյաններին Պողոսի ուղղած ելույթի փաստարկները, որոնք դասական են դարձել։ Նախևառաջ նա մեջբերում է զոհասեղանի մակագրությունը՝ «Անծանոթ Աստծուն», և դա օգտագործում է որպես հենակետ՝ բացատրելու համար, որ միակ ճշմարիտ Աստված՝ երկնքի և երկրի Տերը, որը մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ»։ Այնուհետև մեջբերում է նրանց բանաստեղծների խոսքերը՝ «մենք բոլորս նրա զավակներն ենք», ցույց տալու համար, թե որքան անտրամաբանական է հավատալ, որ մարդիկ առաջ են եկել ոսկե, արծաթե և քարե անշունչ կուռքերից։ Այսպիսով Պողոսը նրբանկատորեն ցույց է տալիս, որ գերագույն իշխանությունը պատկանում է կենդանի Աստծուն։ Միայն իր ելույթի վերջում է, որ նա խոսում է հարության մասին և նույնիսկ այդ ժամանակ Քրիստոսին չի հիշատակում անունով։ Նա համոզիչ կերպով ապացուցում է, որ գերագույն իշխանությունը պատկանում է միակ ճշմարիտ Աստծուն, և արդյունքում որոշ մարդիկ հավատացյալներ են դառնում (17։22–34)։
38. Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե Աստվածաշունչը ուսումնասիրենք այնպես, ինչպես որ հորդորում է «Գործեր» գիրքը։
38 «Գործեր» գիրքը քաջալերում է շարունակաբար և ջանասիրաբար ուսումնասիրել «ամբողջ Գիրքը»։ Երբ Պողոսը սկզբում քարոզում էր Բերիայում, այնտեղի հրեաներին գովեց ազնվամիտ լինելու համար, քանի որ վերջիններս «մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (17։11)։ Այսօր, ինչպեսև այն ժամանակ, Եհովայի սուրբ ոգով լցված ժողովի հետ Աստվածաշունչը ջանասիրաբար քննելը կամրացնի մեր համոզմունքներն ու հավատը։ Այդպիսի ուսումնասիրության շնորհիվ է, որ կարող ենք պարզ հասկանալ Աստվածաշնչի սկզբունքները։ Այդ սկզբունքներից մի քանիսը գրի են առնված Գործեր 15։29-ում։ Այս համարում արձանագրված է այն որոշումը, որ կայացրեց Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմինը, որը կազմված էր առաքյալներից ու երեցներից։ Որոշվեց, որ թեև հոգևոր Իսրայելից չի պահանջվում թլփատվել, բայց հարկավոր է հեռու մնալ կռապաշտությունից, արյան գործածությունից և պոռնկությունից։
39. ա) Ի՞նչը զորացրեց աշակերտներին դիմագրավելու կատաղի հակառակությունը։ բ) Ի՞նչ համարձակ վկայություն տվեցին նրանք։ Ի՞նչ արդյունքներ դա բերեց։
39 Առաջին աշակերտները իսկապես ուսումնասիրում էին ներշնչված Գրքերը և կարող էին հարկ եղած դեպքում մեջբերել ու կիրառել դրանք։ Ճշգրիտ գիտելիքներն ու Աստծու ոգին զորացրին նրանց ու պատրաստեցին դիմագրավելու կատաղի հակառակությունը։ Պետրոսն ու Հովհաննեսը օրինակ թողեցին բոլոր հավատարիմ քրիստոնյաներին, երբ հակառակություն ցույց տվող կառավարիչներին համարձակորեն ասացին. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել»։ Իսկ երբ կրկին բերվեցին Սինեդրիոնի առաջ, որը «խստիվ պատվիրել» էր նրանց չսովորեցնել Հիսուսի անունով, նրանք վճռականորեն ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։ Այս համարձակ վկայության շնորհիվ իշխանները լավ վկայություն ստացան։ Դրա արդյունքում էր, որ Օրենքի հայտնի ուսուցիչ Գամաղիելը երկրպագության ազատության օգտին ասաց իր հռչակավոր խոսքերը, և առաքյալներին ազատ արձակեցին (4։19, 20; 5։28, 29, 34, 35, 38, 39)։
40. Ինչպե՞ս է «Գործեր» գիրքը հորդորում մեզ հիմնովին վկայություն տալ Թագավորության մասին։
40 «Գործեր» գրքում հստակ ընդգծվում է այն թեման, որը կարմիր թելի նման անցնում է ողջ Աստվածաշնչում՝ Եհովայի փառահեղ նպատակը իր Թագավորության առնչությամբ։ Սկզբում պատմվում է Հիսուսի մասին, որը հարություն առնելուց հետո նախքան երկինք համբարձվելը 40 օրերի ընթացքում «խոսում էր Աստծու Թագավորության մասին»։ Թագավորությունը վերականգնելու մասին աշակերտների հարցին պատասխանելիս Հիսուսն ասաց, որ նախևառաջ նրանք պետք է իր վկաները լինեն «մինչև աշխարհի ծայրերը» (1։3, 6, 8)։ Աշակերտները անկոտրում քաջությամբ սկսեցին քարոզել Թագավորության մասին լուրը՝ սկսելով Երուսաղեմից։ Երբ նրանք սկսեցին հալածվել, և Ստեփանոսը քարկոծվեց, շատերը ցրվեցին՝ գնալով նոր տարածքներ (7։59, 60)։ Փիլիպոսը մեծ հաջողությամբ հռչակեց «Աստծու Թագավորության բարի լուրը» Սամարիայում, իսկ Պողոսն ու նրա ընկերակիցները հռչակեցին «թագավորությունը» Կորնթոսում, Եփեսոսում և Հռոմում։ Բոլոր այդ վաղ քրիստոնյաները մեծ օրինակ են Եհովային և նրա զորացնող ոգուն ամբողջովին ապավինելու հարցում (8։5, 12; 14։5–7, 21, 22; 18։1, 4; 19։1, 8; 20։25; 28։30, 31)։ Խորհելով նրանց անմար եռանդի ու քաջության, ինչպես նաև այն բանի շուրջ, որ Եհովան առատորեն օրհնեց նրանց ջանքերը՝ մենք նույնպես մղվում ենք հավատարմորեն «հիմնովին վկայություն տալու Աստծու թագավորության մասին» (28։23)։
[ծանոթագրություններ]
a «St. Paul the Traveller», 1895, էջ 4։
b Մեջբերված է «Արթնացե՛ք»-ի 1947թ. հուլիսի 22-ի համարից (էջ 22, 23, անգլ.); տե՛ս նաև «Արթնացե՛ք»-ի 1971թ. ապրիլի 8-ի համարը (էջ 27, 28, անգլ.)։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 153, 154, 734, 735; հատ. 2, էջ 748 (անգլ.)։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 747 (անգլ.)։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 747 (անգլ.)։
f «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 747 (անգլ.)։
g «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 750 (անգլ.)։