ԳԼՈՒԽ 17
Նա «Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր նրանց հետ»
Արդյունավետորեն ուսուցանելու գաղտնիքը։ Բերիացիների լավ օրինակը
1-2. Ովքե՞ր են Փիլիպպեից գնում Թեսաղոնիկե, և հավանաբար ինչի՞ մասին են մտածում։
ԼԵՌՆԵՐԻ միջով ձգվում է մի ճանապարհ՝ կառուցված հռոմեացի հմուտ շինարարների ձեռքով։ Լսվում են տարբեր ձայներ, որոնք մերթընդմերթ իրար են խառնվում՝ ավանակների ձայներ, հաստ սալաքարերի վրայով գնացող սայլերի անիվների ճռռոց, ինչպես նաև ճամփորդների աղմկոտ զրույցներ։ Նրանց մեջ, ամենայն հավանականությամբ, կան զինվորներ, առևտրականներ և արհեստավորներ։ Այստեղ են նաև Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը։ Նրանք Փիլիպպեից գնում են Թեսաղոնիկե, որը մոտ 130 կմ (80 մղոն) հեռավորության վրա է։ Ճանապարհը հեշտ չէ, հատկապես Պողոսի ու Շիղայի համար. չէ՞ որ նրանց ճիպոտահարել են ու վերքերը դեռ չեն լավացել (Գործ. 16։22, 23)։
2 Ի՞նչն է օգնում նրանց դիմանալու այդ երկար ճանապարհին։ Անկասկած՝ զրուցելը։ Միսիոներները ոգևորությամբ հիշում են, թե Փիլիպպեում ինչպես մկրտվեցին բանտապահն ու նրա ընտանիքը։ Դա նրանց է՛լ ավելի մեծ վճռականությամբ է լցնում, որ շարունակեն քարոզել Աստծու խոսքը։ Սակայն որքան մոտենում են Թեսաղոնիկեին, այնքան ավելի են մտածում, թե այդ քաղաքի հրեաներն ինչպես կարձագանքեն իրենց հայտնած լուրին։ Արդյոք չե՞ն հարձակվի նրանց վրա ու չե՞ն ծեծի, ինչպես Փիլիպպեի բնակիչները։
3. Համարձակությամբ քարոզելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Պողոսից։
3 Հետագայում Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում գրեց իր զգացմունքների մասին. «Ինչպես գիտեք, Փիլիպպեում չարչարանքներ կրելուց և անարգվելուց հետո մեր Աստծու շնորհիվ մենք համարձակությամբ լցվեցինք Աստծու բարի լուրը մեծ պայքարով ձեզ հայտնելու համար» (1 Թեսաղ. 2։2)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Փիլիպպեում պատահածից հետո Պողոսը փոքր-ինչ վարանում էր գնալ Թեսաղոնիկե։ Իսկ դու երբևէ նման պայքար մղե՞լ ես. պատահե՞լ է, որ ինքդ քեզ ստիպես բարի լուրը քարոզել։ Եթե այո, ապա կարող ես հասկանալ Պողոսի զգացմունքները։ Առաքյալը վստահ էր, որ Եհովան ուժ ու համարձակություն կտա իրեն։ Նրա օրինակն ուսումնասիրելը քեզ նույնպես վստահությամբ կլցնի (1 Կորնթ. 4։16)։
«Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր» (Գործեր 17։1-3)
4. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Պողոսը Թեսաղոնիկեում հավանաբար երեք շաբաթից ավել է մնացել։
4 Աստվածաշունչը հայտնում է, որ Թեսաղոնիկեում Պողոսը երեք շաբաթ օր գնաց ժողովարան և քարոզեց այնտեղ։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե նա այդ քաղաքում ընդամենը երեք շաբաթ մնաց։ Պարտադիր չէ։ Նախ՝ մենք չգիտենք, թե առաքյալը Թեսաղոնիկե գալուց հետո երբ է առաջին անգամ գնացել ժողովարան։ Եվ հետո՝ Պողոսի նամակներից երևում է, որ Թեսաղոնիկեում նա և իր ծառայակիցները իրենց նյութական կարիքները հոգալու համար աշխատել են (1 Թեսաղ. 2։9; 2 Թեսաղ. 3։7, 8)։ Նաև այդ ընթացքում Պողոսը երկու անգամ նյութական օգնություն է ստացել Փիլիպպեի եղբայրներից (Փիլիպ. 4։16)։ Այս ամենը ցույց է տալիս, որ առաքյալն այդ քաղաքում հավանաբար երեք շաբաթից ավել է մնացել։
5. Քարոզելիս ի՞նչ նպատակ էր հետապնդում Պողոսը։
5 Համարձակությամբ լցված՝ Պողոսը քարոզում էր ժողովարանում։ Առաքյալը, իր սովորության համաձայն, «Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր նրանց հետ. նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր և հարություն առներ, և ասում էր. «Սա՛ է Քրիստոսը՝ այս Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»» (Գործ. 17։2, 3)։ Նկատի առնենք, որ Պողոսը չէր ցանկանում պարզապես իր ունկնդիրների զգացմունքները շարժել։ Նա ցանկանում էր նրանց մի՛տքը շարժել՝ մղել տրամաբանելու։ Նա գիտեր, որ թեև ժողովարանի անդամները ծանոթ էին Սուրբ Գրքերին և հարգանք էին դրսևորում դրանց հանդեպ, սակայն լավ չէին հասկանում դրանք։ Այդ պատճառով առաքյալը Սուրբ Գրքերի հիման վրա տրամաբանում, բացատրում և ապացուցում էր, որ նազարեթցի Հիսուսն էր խոստացյալ Մեսիան՝ Քրիստոսը։
6. Հիսուսն ինչպե՞ս էր տրամաբանում Սուրբ Գրքերի հիման վրա, և դա ի՞նչ արդյունք էր բերում։
6 Պողոսն ընդօրինակում էր Հիսուսին, ով իր սովորեցրածները միշտ հիմնում էր Սուրբ Գրքերի վրա։ Օրինակ՝ նա իր հետևորդներին բազմիցս հայտնել էր, որ Աստծու Խոսքի համաձայն՝ պետք է չարչարվի, մահանա ու հարություն առնի (Մատթ. 16։21)։ Երբ այդ ամենն իրականացավ, Հիսուսը հայտնվեց իր աշակերտներին։ Դա, իհարկե, բավական էր, որպեսզի նրանք համոզվեին Հիսուսի խոսքերի ճշմարտացիության մեջ։ Բայց նա այդքանով չբավարարվեց։ «Սկսելով Մովսեսից ու Մարգարեների գրվածքներից՝ [Հիսուսը] բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում»։ Արդյունքում՝ աշակերտներն ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկ. 24։13, 27, 32)։
7. Ինչո՞ւ է կարևոր, որ մեր սովորեցրածը հիմնենք Աստվածաշնչի վրա։
7 Աստծու Խոսքը մեծ զորություն ունի (Եբր. 4։12)։ Ուստի մենք այսօր ձգտում ենք մեր սովորեցրածը հիմնել Աստվածաշնչի վրա, ինչպես Հիսուսը, Պողոսը և մյուս առաքյալները։ Մենք տրամաբանում ենք մարդկանց հետ, բացատրում սուրբգրային խոսքերի նշանակությունը և մեր ասածները պարզաբանելու համար Աստվածաշնչից համապատասխան մտքեր ենք ցույց տալիս։ Չէ՞ որ մենք Եհովայի՛ խոսքերն ենք փոխանցում։ Երբ հաճախակի ենք գործածում Աստվածաշունչը, մարդիկ հասկանում են, որ քարոզում ենք Աստծու Խոսքը, ոչ թե մեր գաղափարները։ Բացի այդ՝ մենք միշտ հիշում ենք, որ մեր քարոզած լուրը հիմնված է Աստվածաշնչի վրա, ուստի կասկածի ենթակա չէ։ Դա էլ մեզ վստահությամբ է լցնում, որ Պողոսի պես՝ համարձակորեն վկայություն կտանք։
«Ոմանք հավատացյալներ դարձան» (Գործեր 17։4-9)
8-10. ա) Թեսաղոնիկեի բնակիչներն ինչպե՞ս արձագանքեցին բարի լուրին։ բ) Հրեաներից ոմանք ինչո՞ւ էին նախանձում Պողոսին։ գ) Ի՞նչ արեցին հրեա հակառակորդները։
8 Պողոսը սեփական փորձով էր համոզվել Հիսուսի հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Ծառան մեծ չէ իր տիրոջից։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն» (Հովհ. 15։20)։ Թեսաղոնիկեում Պողոսը հենց այսպիսի արձագանք տեսավ. ոմանք մեծ պատրաստակամությամբ ընդունեցին նրա խոսքը, ոմանք էլ հակառակվեցին։ Դրական արձագանքողների մասին Ղուկասը հետևյալը գրեց. «[Հրեաներից] ոմանք հավատացյալներ [քրիստոնյաներ] դարձան և միացան Պողոսին ու Շիղային, այդպես արեցին նաև Աստծուն երկրպագող հույների մի մեծ բազմություն և շատ ազդեցիկ կանայք» (Գործ. 17։4)։ Անկասկած, այս նոր աշակերտները շատ ուրախ էին, որ սկսել են հասկանալ Սուրբ Գրքերը։
9 Բայց, ինչպես արդեն նշվեց, կային նաև հակառակվողներ։ Թեսաղոնիկեի հրեաներից ոմանք նախանձեցին Պողոսին այն բանի համար, որ «հույների մի մեծ բազմություն» ընդունեց նրա հայտնած լուրը։ Վերոնշյալ հրեաները որոշ հույների սովորեցրել էին Եբրայերեն Գրությունները՝ փորձելով նրանց պրոզելիտներ դարձնել։ Ուստի նրանք այդ հույներին իրենց «սեփականությունն» էին համարում։ Բայց հանկարծ եկավ Պողոսը և իրենց քթի տակից՝ ժողովարանի միջից, «տարավ» այդ հույներին։ Հրեաները կատաղած էին։
10 Ղուկասը պատմում է. «Հրեաները, նախանձով լցված, իրենց մոտ վերցրին հրապարակում լինող դատարկապորտներից մի քանի չար մարդկանց և մի խառնամբոխ կազմելով՝ քաղաքը իրարանցման մեջ գցեցին։ Հարձակվելով Հասոնի տան վրա՝ ուզում էին [Պողոսին ու Շիղային] ամբոխի առաջ բերել։ Երբ նրանց չգտան, Հասոնին ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ ու բղավեցին. «Այս մարդիկ, որ տակնուվրա արեցին աշխարհը, այստեղ էլ են հասել, և Հասոնը հյուրասիրություն է ցույց տվել նրանց։ Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են վարվում՝ ասելով, թե ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»» (Գործ. 17։5-7)։ Այս ամենն ինչպե՞ս էր անդրադառնալու Պողոսի ու նրա ուղեկիցների վրա։
11. Ի՞նչ մեղադրանքներ հնչեցին Պողոսի ու նրա ծառայակիցների դեմ, և ո՞ր օրենքն էին հակառակորդներն ուզում օգտագործել նրանց դեմ (տես ծանոթագրությունը)։
11 Գազազած ամբոխը սոսկալի բան է։ Այն նման է հորդահոս ու կատաղի գետի, որն անհնար է կանգնեցնել։ Հենց այդ «զենքը» կիրառեցին հրեաները՝ Պողոսից ու Շիղայից ձերբազատվելու համար։ «Քաղաքը իրարանցման մեջ» գցելուց հետո նրանք փորձեցին համոզել իշխանավորներին, որ հիմնավոր մեղադրանքներ ունեն Պողոսի ու նրա ծառայակիցների դեմ։ Առաջին մեղադրանքն այն էր, թե Պողոսն ու այլ եղբայրներ «տակնուվրա էին արել աշխարհը», չնայած Թեսաղոնիկեում ստեղծված խառնաշփոթի պատճառը ամենևին էլ նրանք չէին։ Երկրորդ մեղադրանքը շատ ավելի լուրջ էր։ Հրեաները պնդում էին, թե միսիոներները քարոզում են նոր Թագավորի՝ Հիսուսի մասին և հետևաբար խախտում են կայսրի օրենքները։a
12. Որտեղի՞ց գիտենք, որ Թեսաղոնիկեի քրիստոնյաների դեմ ուղղված մեղադրանքները կարող էին լուրջ հետևանքներ ունենալ։
12 Հիշենք, որ Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները հենց այդպիսի մեղադրանք հարուցեցին նրա դեմ։ Նրանք Պիղատոսին ասացին. «Այս մարդը քայքայում է մեր ազգը.... ու ասում է, թե ինքն է Քրիստոս թագավորը» (Ղուկ. 23։2)։ Պիղատոսն էլ, հավանաբար վախենալով, որ կայսրը կկարծի, թե նա մատների արանքով է նայել իր դեմ կազմակերպվող դավադրությանը, մահապատժի ենթարկեց Հիսուսին։ Նույնը կարող էր տեղի ունենալ Թեսաղոնիկեի քրիստոնյաների դեմ ուղղված մեղադրանքների հետևանքով։ Մի աշխատության մեջ ասվում է. «Քրիստոնյաները չափազանց մեծ վտանգի մեջ էին, քանի որ «կայսրի դեմ դավադրություն կազմակերպելու մասին ենթադրությունն անգամ սովորաբար մահաբեր էր լինում մեղադրյալի համար»»։ Արդյո՞ք հրեաների ծրագիրը հաջողվեց։
13-14. ա) Ամբոխն ինչո՞ւ հաջողության չհասավ։ բ) Պողոսն ինչպե՞ս զգուշություն ցուցաբերեց, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
13 Ամբոխն ի զորու չեղավ վերջ դնելու Թեսաղոնիկեում ծավալվող քարոզչական գործին։ Ինչո՞ւ։ Նախ՝ նրանք չկարողացան գտնել Պողոսին ու Շիղային։ Բացի այդ՝ քաղաքի ղեկավարներն ակներևաբար չհավատացին հրեաների մեղադրանքներին։ Ուստի Հասոնից ու մյուս եղբայրներից «բավականաչափ գրավ» (հավանաբար՝ փող) վերցնելով՝ իշխանավորներն ազատ արձակեցին նրանց (Գործ. 17։8, 9)։ Պողոսն էլ կիրառելով Հիսուսի հետևյալ խորհուրդը՝ «զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես», հեռացավ քաղաքից, որպեսզի կարողանա անվտանգ շարունակել իր ծառայությունը մեկ այլ վայրում (Մատթ. 10։16)։ Թեև նա լցված էր համարձակությամբ, բայց անզգույշ չէր։ Ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։
14 Մեր օրերում քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչները հաճախ են Եհովայի վկաների դեմ ամբոխներ հրահրել։ Նրանք փորձել են ապակողմնորոշել պետական իշխանություններին՝ մեղադրելով Վկաներին դավաճանության մեջ։ Առաջին դարի հալածողների նման՝ մերօրյա հակառակորդների արարքների դրդապատճառը նախանձն է։ Սակայն քրիստոնյաներն անտեղի ռիսկի չեն դիմում։ Ծառայության ժամանակ նրանք հնարավորության սահմաններում ձգտում են հեռու մնալ զայրացած ու անխոհեմ մարդկանցից՝ նախընտրելով պարզապես հեռանալ և վերադառնալ ավելի ուշ, երբ ամեն ինչ խաղաղվի։
Նրանք «ավելի ազնվամիտ էին» (Գործեր 17։10-15)
15. Բերիացիներն ինչպե՞ս արձագանքեցին բարի լուրին։
15 Վտանգից ազատվելու համար Պողոսն ու Շիղան գնացին Բերիա, որը Թեսաղոնիկեից մոտ 65 կմ (40 մղոն) հեռավորության վրա էր։ Այնտեղ առաքյալն անմիջապես մտավ ժողովարան ու սկսեց քարոզել։ Ի՜նչ ուրախություն ապրեց նա, երբ ունկնդիրներն ընդունեցին բարի լուրը։ Ղուկասը գրում է, որ Բերիայի հրեաները «ավելի ազնվամիտ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (Գործ. 17։10, 11)։ Արդյոք այս խոսքերը վիրավորակա՞ն էին ճշմարտությունն ընդունած թեսաղոնիկեցիների համար։ Ամենևի՛ն։ Հետագայում Պողոսը նրանց գրեց. «Մենք անդադար շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ երբ Աստծու խոսքը մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք, որը ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ» (1 Թեսաղ. 2։13)։ Այդ դեպքում ինչո՞ւ կարող ենք ասել, որ բերիացիներն ավելի ազնվամիտ էին։
16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ բերիացիներն իրոք ազնվամիտ էին։
16 Թեև բերիացիները նոր բան էին լսում, սակայն չափազանց կասկածամիտ կամ խիստ քննադատող չէին։ Մյուս կողմից՝ նրանք դյուրահավատ էլ չէին։ Սկզբում այդ անհատներն ուշադրությամբ լսեցին Պողոսին։ Իսկ հետո ստուգեցին իրենց լսածը Սուրբ Գրքերով, որոնք Պողոսը բացատրում էր նրանց։ Ավելին՝ բերիացիները ջանադրաբար ուսումնասիրում էին Աստծու Խոսքը ոչ թե միայն շաբաթ օրերին, այլև ամեն օր։ Նրանք «մեծ հոժարակամությամբ» ու նվիրվածությամբ էին փորձում պարզել, թե Սուրբ Գրքերն ինչ են հայտնում այդ նոր ուսմունքի մասին։ Բերիացիներն այնքան խոնարհ էին, որ փոփոխություններ արեցին իրենց կյանքում և «նրանցից շատերը հավատացյալներ դարձան» (Գործ. 17։12)։ Ահա թե ինչու էր Ղուկասը նրանց «ազնվամիտ» անվանում։
17. Բերիացիներն ինչո՞ւ էին լավ օրինակ, և ինչո՞ւ պետք է շարունակենք ընդօրինակել նրանց, անգամ եթե երկար ժամանակ է, ինչ ճշմարտության մեջ ենք։
17 Բերիացիները չէին էլ պատկերացնի, որ իրենց մասին կգրվի Աստվածաշնչում որպես ազնվամիտ մարդկանց փայլուն օրինակ։ Նրանք արեցին հենց այն, ինչ Պողոսն ակնկալում էր, իսկ Եհովա Աստված՝ կամենում։ Այսօր նույնպես մենք մարդկանց քաջալերում ենք ուշադրությամբ քննել Աստվածաշունչը, որպեսզի նրանց հավատը հիմնված լինի Աստծու Խոսքի վրա։ Իսկ ճշմարտությունն ընդունելուց հետո կարիք կա՞ շարունակելու ազնվամիտ լինել։ Իրականում դրանից հետո շատ ավելի կարևոր է ջանադրաբար սերտել Եհովայի Խոսքը և առանց հապաղելու կիրառել այն։ Այդպես վարվելով՝ Աստծուն հնարավորություն կտանք կրթելու և ձևավորելու մեզ իր կամքին համապատասխան (Ես. 64։8)։ Դրա շնորհիվ միշտ օգտակար գործիք կլինենք մեր երկնային Հոր ձեռքում և կուրախացնենք նրա սիրտը։
18-19. ա) Պողոսն ինչո՞ւ հեռացավ Բերիայից, և ընդօրինակման արժանի ի՞նչ հաստատակամություն ցուցաբերեց։ բ) Ո՞ւր ուղևորվեց Պողոսը և այնտեղ ո՞ւմ էր քարոզելու։
18 Պողոսը Բերիայում երկար չմնաց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Աստծու խոսքը Պողոսի կողմից քարոզվեց նաև Բերիայում, նրանք այնտեղ էլ եկան ամբոխներին գրգռելու և խռովեցնելու համար։ Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծով, բայց Շիղան ու Տիմոթեոսը այնտեղ մնացին։ Սակայն Պողոսին ուղեկցողները նրան բերեցին մինչև Աթենք և պատվեր ստանալով Շիղայի ու Տիմոթեոսի համար, որ որքան հնարավոր է շուտ նրա մոտ գան՝ հեռացան» (Գործ. 17։13-15)։ Բարի լուրի հակառակորդները շատ համառ էին։ Նրանք չբավարարվեցին Պողոսին Թեսաղոնիկեից վռնդելով, այլ նաև գնացին Բերիա, որպեսզի այնտեղ էլ նման խնդիրներ ստեղծեն։ Սակայն նրանց ջանքերը ձախողվեցին։ Պողոսի քարոզչական տարածքը հսկայական էր, ուստի նա պարզապես այլ վայր գնաց։ Թող որ մենք էլ նույն վճռականությամբ խափանենք քարոզչական գործը կանգնեցնելու բոլոր ջանքերը։
19 Հիմնովին վկայություն տալով Թեսաղոնիկեի և Բերիայի հրեաներին՝ Պողոսն, անշուշտ, սովորեց, որ շատ կարևոր է համարձակությամբ քարոզել և տրամաբանել Սուրբ Գրքերի հիման վրա։ Այս պատմությունից մենք էլ ենք նույնը սովորում։ Սակայն այժմ Պողոսին բոլորովին այլ դաշտ էր սպասում. նա քարոզելու էր Աթենքում բնակվող այլազգիներին։ Արդյոք այնտե՞ղ էլ հաջողության կհասներ։ Դա կպարզենք հաջորդ գլխից։
a Ըստ մի գիտնականի՝ այն օրերում կայսրի հրամանով արգելվում էր որևէ կանխագուշակություն անել «գալիք թագավորության կամ թագավորի մասին, մանավանդ եթե վերջինս, ըստ այդ մարգարեության, գահընկեց էր անելու կամ դատելու էր գործող կայսրին»։ Պողոսի թշնամիները, աղավաղելով առաքյալի քարոզած լուրը, նրան մեղադրել էին հենց այդ օրենքը խախտելու մեջ։ Տես ««Գործեր» գրքում հիշատակված կայսրերը» շրջանակը։