ԳԼՈՒԽ 137
Հարյուրավոր անհատներ տեսնում են Հիսուսին նախքան Պենտեկոստեն
ՄԱՏԹԵՈՍ 28։16–20 ՂՈՒԿԱՍ 24։50–52 ԳՈՐԾԵՐ 1։1–12; 2։1–4
ՀԻՍՈՒՍԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՇԱՏԵՐԻՆ
ՀԱՄԲԱՐՁՎՈՒՄ Է ԵՐԿԻՆՔ
ՆԱ ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ԹԱՓՈՒՄ Է ՄՈՏ 120 ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՎՐԱ
Հարությունից հետո Հիսուսը հանդիպում է իր 11 առաքյալների հետ Գալիլեայում՝ մի լեռան վրա։ Այստեղ են նաև այլ աշակերտներ՝ մոտ 500 հոգի, որոնցից մի քանիսը Հիսուսի հարության հետ կապված դեռ կասկածներ ունեն (Մատթեոս 28։17; 1 Կորնթացիներ 15։6)։ Բայց այն, ինչ այժմ ասում է Հիսուսը, օգնում է նրանց լիովին համոզվելու, որ նա ողջ է։
Հիսուսը բացատրում է, որ Աստված երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը իրեն է տվել։ Ապա հորդորում է նրանց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։18–20)։ Այո՛, Հիսուսը կենդանի է և շարունակում է հոգ տանել, որ բարի լուրը քարոզվի։
Հիսուսի բոլոր հետևորդները՝ տղամարդիկ, կանայք և երեխաները, ստանում են աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը։ Հակառակորդները գուցե փորձեն կանգնեցնել քարոզելու և ուսուցանելու գործը, սակայն Հիսուսը հավաստիացնում է նրանց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել»։ Ի՞նչ է դա նշանակում նրա հետևորդների համար։ Նա ասում է. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։18–20)։ Հիսուսը չի ասում, թե բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն քարոզչական գործին, հրաշքներ անելու զորություն կստանան։ Այդուհանդերձ, քարոզչական գործում նրանց կօգնի սուրբ ոգին։
Հիսուսը իր հարությունից հետո «քառասուն օրերի ընթացքում» հայտնվում է աշակերտներին։ Նա երևում է տարբեր ֆիզիկական մարմիններով ու «հիմնավոր շատ ապացույցների միջոցով նրանց փաստում, որ կենդանի է», նաև խոսում է «Աստծու թագավորության մասին» (Գործեր 1։3; 1 Կորնթացիներ 15։7)։
Ակներևաբար, երբ առաքյալները դեռ Գալիլեայում են, Հիսուսը նրանց պատվիրում է վերադառնալ Երուսաղեմ։ Այնուհետև քաղաքում հանդիպում է նրանց հետ։ Նա ասում է. «Երուսաղեմից մի՛ հեռացեք, այլ սպասեք Հոր խոստացածին, ինչի մասին դուք ինձանից լսեցիք, որովհետև Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մի քանի օրից սուրբ ոգով պիտի մկրտվեք» (Գործեր 1։4, 5)։
Հետագայում Հիսուսը կրկին հանդիպում է առաքյալների հետ և «նրանց տանում է մինչև Բեթանիա», որը գտնվում է Ձիթենյաց լեռան արևելյան լանջին (Ղուկաս 24։50)։ Չնայած որ Հիսուսը շատ է խոսել իր հեռանալու մասին, սակայն առաքյալները դեռևս մտածում են, թե նա երկրի վրա է հաստատելու իր Թագավորությունը (Ղուկաս 22։16, 18, 30; Հովհաննես 14։2, 3)։
Նրանք հարցնում են. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասում է նրանց. «Ձեզ տրված չէ ժամանակները կամ ժամանակահատվածները իմանալ, որոնք Հայրը իր իշխանության տակ է պահում»։ Ապա կրկին ընդգծելով այն, թե առաքյալները ինչ գործ պետք է անեն, ասում է. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։6–8)։
Երբ առաքյալները Հիսուսի հետ գտնվում են Ձիթենյաց լեռան վրա, նա սկսում է երկինք բարձրանալ։ Շուտով մի ամպ ծածկում է նրան առաքյալների տեսադաշտից։ Իր հարությունից հետո Հիսուսը տարբեր ֆիզիկական մարմիններ է «հագել»։ Այժմ նա անէացնում է այն մարմինը, որով հայտնվել է այս անգամ, և երկինք է համբարձվում որպես ոգեղեն էակ (1 Կորնթացիներ 15։44, 50; 1 Պետրոս 3։18)։ Մինչ հավատարիմ առաքյալները նայում են Հիսուսի հետևից, նրանց կողքին հայտնվում են «երկու տղամարդ՝ սպիտակ հանդերձներով»։ Նրանք ֆիզիկական մարմիններ հագած հրեշտակներ են։ Նրանք ասում են առաքյալներին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկնքին։ Այս Հիսուսը, որ երկինք բարձրացվեց, նույն ձևով պիտի գա, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործեր 1։10, 11)։
Երբ Հիսուսը հեռանում էր երկրից, ոչ ոք չտեսավ դա, բացի նրա հավատարիմ հետևորդներից։ Նա կվերադառնա «նույն ձևով», այսինքն՝ այդ մասին չեն իմանա բոլորը։ Միայն նրա հավատարիմ հետևորդները կհասկանան, որ նա ներկա է իր թագավորական իշխանությամբ։
Այս ամենից հետո առաքյալները վերադառնում են Երուսաղեմ։ Հաջորդ օրերի ընթացքում նրանք հավաքվում են մյուս աշակերտների, այդ թվում «Հիսուսի եղբայրների և նրա մոր՝ Մարիամի հետ» և շարունակ աղոթում են (Գործեր 1։14)։ Կարևոր բաներից մեկը, որի մասին նրանք աղոթում են, այն է, որ աշակերտներից մեկը ընտրվի որպես առաքյալ Հուդա Իսկարիովտացու փոխարեն, որպեսզի առաքյալները կրկին լինեն 12 հոգի (Մատթեոս 19։28)։ Նրանք ցանկանում են ընտրել մեկին, ով Հիսուսի հետ է եղել նրա ծառայության ընթացքում և ականատես է եղել նրա հարությանը։ Նրանք վիճակ են գցում, որ իմանան Աստծու կամքը (սա Աստվածաշնչում հիշատակված վերջին դեպքն է, երբ վիճակ է գցվում) (Սաղմոս 109։8; Առակներ 16։33)։ Ընտրվում է Մատաթիան, որը թերևս այն 70 աշակերտներից մեկն է, ում Հիսուսը ուղարկել էր քարոզելու։ Մատաթիան «միանում է տասնմեկ առաքյալներին» (Գործեր 1։26)։
Հիսուսի՝ երկինք համբարձվելուց անցել է տասը օր։ Մ.թ. 33-ի Պենտեկոստեն է, և մոտ 120 աշակերտներ հավաքվել են մի տան վերնասենյակում։ Հանկարծ աղմուկ է լսվում՝ սաստիկ հողմի ձայնի նման, և ամբողջ տունը այդ ձայնից դղրդում է։ Այդ պահին «ասես կրակե լեզուներ են երևում» և իջնում ներկաներից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլոր աշակերտները սկսում են խոսել տարբեր լեզուներով։ Այո՛, նրանց վրա թափվում է սուրբ ոգին, ճիշտ ինչպես խոստացել էր Հիսուսը (Հովհաննես 14։26)։