«Շարունակի՛ր անձդ տրամադրել.... սովորեցնելուն»
«ԴՈՒՔ ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք անվանում և ճիշտ եք ասում, որովհետև ես հենց դա եմ» (Հովհ. 13։13)։ Այս խոսքերով Հիսուսն ընդգծեց ուսուցչի իր դերը։ Իսկ երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ իր հետևորդներին պատվիրեց. «Ուրեմն գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։ Հետագայում Պողոս առաքյալը նույնպես շեշտեց Աստծու Խոսքի ուսուցիչ լինելու կարևորությունը՝ հորդորելով քրիստոնյա երեց Տիմոթեոսին. «Շարունակի՛ր անձդ տրամադրել հանրության առջև ընթերցելուն, նաև հորդորելուն ու սովորեցնելուն.... Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթ. 4։13–15)։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ մեր օրերում ուսուցանելը մեր քարոզչական ծառայության և ժողովի հանդիպումների կարևոր առանձնահատկություններից է։ Ինչպե՞ս կարող ենք «շարունակել մեր անձը տրամադրել» սովորեցնելուն, և ինչպե՞ս դա կօգնի մեզ առաջադիմելու որպես Աստծու Խոսքի ուսուցիչներ։
Ընդօրինակիր Մեծ Ուսուցչին
Հիսուսի սովորեցնելու կերպը գրավում էր իր ունկնդիրներից շատերին։ Ուշադրություն դարձրու, թե ինչ ազդեցություն թողեցին նրա խոսքերը Նազարեթի ժողովարանում ներկա գտնվողների վրա։ Ղուկաս ավետարանագիրը ասում է. «Բոլորը հավանությամբ վկայում էին նրա մասին և հիանում էին այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից» (Ղուկ. 4։22)։ Հիսուսի աշակերտները ընդօրինակեցին իրենց Ուսուցչին։ Ուստի Պողոս առաքյալը կարող էր հորդորել իր հավատակիցներին. «Ընդօրինակե՛ք ինձ, ինչպես որ ես էլ՝ Քրիստոսին» (1 Կորնթ. 11։1)։ Քրիստոսի ուսուցողական մեթոդները կիրառելով՝ Պողոսը կարողացավ արդյունավետորեն «սովորեցնել թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործ. 20։20)։
Սովորեցնում էր «շուկայի հրապարակում»
«Գործեր» գրքի 17–րդ գլխում կարդում ենք, թե հրապարակայնորեն ուսուցանելու ինչ հրաշալի հմտություններ ուներ Պողոսը։ Առաքյալը Աթենքում էր (Հունաստան)։ Ամենուրեք՝ թե՛ փողոցներում, թե՛ հրապարակներում կուռքեր էին։ Ուստի զարմանալի չէ, որ առաքյալը վրդովվեց։ Այնուհանդերձ, նա ափերից դուրս չեկավ։ Ընդհակառակը՝ «սկսեց ժողովարանում տրամաբանել.... իսկ շուկայի հրապարակում ամեն օր [տրամաբանել] նրանց հետ, ում որ հանդիպում էր» (Գործ. 17։16, 17)։ Ի՜նչ լավ օրինակ է նա թողել մեզ համար։ Եթե տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ խոսենք ոչ թե քննադատական, այլ հարգալից տոնով, հիմք կստեղծենք, որ դիմացինը լսի մեզ և ի վերջո ազատվի կեղծ կրոնի կապանքներից (Գործ. 10։34, 35; Հայտն. 18։4)։
Շուկայի հրապարակում գտնվող մարդկանցից շատերը, ում Պողոսը քարոզեց, չարձագանքեցին նրա լուրին։ Ունկնդիրների մեջ կային փիլիսոփաներ, որոնց տեսակետը չէր համապատասխանում առաքյալի քարոզած ճշմարտություններին։ Երբ նրանք սկսեցին հակառակվել Պողոսին, նա, հաշվի առնելով նրանց ասածները, փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ։ Այնուհանդերձ, ոմանք առաքյալին կոչեցին «դատարկախոս» (բառացի՝ «սերմնաքաղ»), իսկ ուրիշներն ասացին. «Թվում է, թե նա օտար աստվածների քարոզիչ է» (Գործ. 17։18)։
Սակայն Պողոսը չվհատվեց իր ունկնդիրների նվաստացուցիչ ակնարկներից։ Հակառակը՝ երբ առաքյալին խնդրեցին բացատրել իր ուսմունքները, նա, առիթից օգտվելով, մի ելույթ ներկայացրեց, որում երևաց, թե սովորեցնելու ինչ հմտություններ ուներ (Գործ. 17։19–22; 1 Պետ. 3։15)։ Եկեք մանրամասնորեն քննենք այս ելույթը և քաղենք դասեր, որոնք կօգնեն մեզ բարելավելու ուսուցանելու մեր հմտությունները։
Ընդհանուր եզրեր գտիր
Պողոսն ասաց. «Ո՛վ աթենացի մարդիկ, տեսնում եմ, որ ամեն ինչում դուք ավելի շատ եք վախենում աստվածներից, քան մյուսները։ Օրինակ՝ մինչ.... ուշադիր զննում էի ձեր մեծարանքի առարկաները, մի զոհասեղան էլ գտա, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Ուստի ինչի հանդեպ որ դուք առանց իմանալու նվիրվածություն եք ցույց տալիս, ա՛յն եմ ձեզ քարոզում» (Գործ. 17։22, 23)։
Առաքյալի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում։ Քանի որ նա դիտունակ էր, կարողացավ շատ բան իմանալ իր ունկնդիրների մասին։ Մենք նույնպես շատ բան կիմանանք տանտիրոջ մասին, եթե դիտունակ լինենք։ Օրինակ՝ մեզ որոշ բաներ կարող են հուշել բակում թափված խաղալիքները կամ դռնից կախված իրերը։ Եթե որոշակի պատկերացում կազմենք տանտիրոջ հանգամանքների մասին, ոչ միայն կիմանանք՝ ինչ ասել, այլև ինչպես ասել (Կող. 4։6)։
Պողոսը նաև քննադատական տոնով չէր խոսում։ Նա հասկանում էր, որ աթենացիների «նվիրվածությունը» հիմնված էր ոչ ճշգրիտ գիտելիքների վրա։ Ուստի առաքյալը պարզ ցույց տվեց, թե ինչպես նրանք կարող էին երկրպագել ճշմարիտ Աստծուն (1 Կորնթ. 14։8)։ Որքա՜ն կարևոր է խոսել պարզ և առանց քննադատելու, երբ քարոզում ենք Թագավորության բարի լուրը։
Եղիր նրբանկատ և անկողմնակալ
Իր ելույթը Պողոսը շարունակեց՝ ասելով հետևյալը. «Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան, Նա, երկնքի և երկրի Տերը լինելով, ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է նրան ծառայություն մատուցվում, ասես թե նա ինչ–որ բանի կարիք ունի, որովհետև նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան» (Գործ. 17։24, 25)։
Այս խոսքերով Պողոսն իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Եհովան մեր Կենսատուն է, և նրա մասին նրբանկատորեն խոսեց որպես «երկնքի և երկրի Տիրոջ»։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում ունենք տարբեր կրոնների և մշակույթների պատկանող ազնվասիրտ մարդկանց օգնելու գիտակցել, որ կյանքի աղբյուրը Եհովան է (Սաղ. 36։9)։
Այնուհետև առաքյալն ասաց. «Եվ նա մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը.... և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն ու որոշված սահմանները, որպեսզի փնտրեն Աստծուն, այո, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։26, 27)։
Մեր ուսուցանելու կերպը շատ բան կարող է ասել մեր Աստծու մասին։ Առանց կողմնապահության՝ Եհովան թույլ է տալիս, որ բոլոր ազգերի մարդիկ «խարխափելով գտնեն իրեն»։ Մենք նույնպես, առանց խտրականություն դնելու, քարոզում ենք բոլորին։ Փորձում ենք օգնել այն մարդկանց, ովքեր հավատում են Ստեղծչին, մտերմանալ նրա հետ, ինչի շնորհիվ հնարավորություն կունենան հավիտենական օրհնություններ վայելելու (Հակ. 4։8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր հարցականի տակ են դնում Աստծու գոյությունը։ Դարձյալ հետևելով Պողոսի օրինակին։ Ահա թե ինչ ասաց նա.
«Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք, ինչպես որ ձեր բանաստեղծներից ոմանք են ասել. «Քանզի մենք նրա ազգատոհմն էլ ենք»։ Ուրեմն, քանի որ Աստծու ազգատոհմն ենք, չպետք է մտածենք, թե Աստվածային էությունը նման է ոսկու, արծաթի կամ քարի» (Գործ. 17։28, 29)։
Որպեսզի ունկնդիրները հետաքրքրություն ցույց տային ու ընդունեին իր խոսքերը, Պողոսը մեջբերեց աթենացիներին հայտնի և նրանց կողմից ընդունված բանաստեղծների խոսքերը։ Նմանապես, մարդկանց հետ տրամաբանելու համար պետք է ձգտենք ընդհանուր եզրեր գտնել և խոսել այն մասին, ինչը որ գիտենք՝ կընդունեն մեր ունկնդիրները։ Օրինակ՝ Պողոսը եբրայեցիներին ուղղված նամակում մի համեմատություն արեց, որն այսօր նույնպես շատ համոզիչ է. «Ամեն տուն ինչ–որ մեկի կողմից է կառուցվում, բայց նա, ով կառուցեց բոլոր բաները, Աստված է» (Եբր. 3։4)։ Եթե տանտիրոջ հետ փորձենք տրամաբանել այս պարզ օրինակի շուրջ, դա կարող է օգնել, որ նա ընդունի մեր խոսքերի ճշմարիտ լինելը։ Իսկ այժմ քննենք ուսուցանելու մեկ այլ արդյունավետ մեթոդ, որը Պողոսն օգտագործեց իր ելույթում. մղել ունկնդիրներին քայլեր ձեռնարկելու։
Ժամանակը չի սպասում
Պողոսը նշեց. «Ճիշտ է, Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները, մինչդեռ հիմա նա մարդկանց ասում է, որ նրանք բոլորը ամենուրեք պետք է զղջան։ Որովհետև նա մեկ օր հաստատեց, որում նպատակ ունի արդարությամբ դատելու բնակեցված երկիրը մի մարդու միջոցով, որին նա նշանակեց» (Գործ. 17։30, 31)։
Այն, որ Աստված ժամանակավորապես թույլ է տվել չարության գոյությունը, մեզ հնարավորություն է ընձեռում ցույց տալու նրան, թե իրականում ինչ կա մեր սրտում։ Շատ կարևոր է օգնել մարդկանց հասկանալու, որ ժամանակը չի սպասում, ինչպես նաև համոզվածությամբ խոսել այն օրհնությունների մասին, որոնք բերելու է Թագավորությունը, որն այնքա՜ն մոտ է (2 Տիմոթ. 3։1–5)։
Տարբեր արձագանքներ
«Երբ լսեցին մահացածների հարության մասին, նրանցից ոմանք սկսեցին ծաղրել, մինչդեռ մյուսներն ասացին. «Այս մասին մի ուրիշ անգամ էլ քեզ կլսենք»։ Ապա Պողոսը դուրս եկավ նրանց միջից, բայց մի քանի մարդիկ միացան նրան և հավատացյալներ դարձան» (Գործ. 17։32–34)։
Ոմանք անմիջապես են արձագանքում մեր հայտնած լուրին, մյուսներին ժամանակ է հարկավոր, որ համոզվեն։ Բայց երբ հստակ ու պարզ կերպով բացատրում ենք ճշմարտությունը և արդյունքում գոնե մեկ անհատ ստանում է ճշգրիտ գիտելիքներ Եհովայի մասին, երախտագիտությամբ ենք լցվում, որ Աստված մեր միջոցով մոտեցրել է մարդկանց իր Որդուն (Հովհ. 6։44)։
Ինչ դասեր ենք սովորում
Եթե խորհենք Պողոսի ելույթի շուրջ, շատ դասեր կսովորենք այն մասին, թե ինչպես պետք է աստվածաշնչյան ճշմարտությունները բացատրենք ուրիշներին։ Եթե առանձնաշնորհում ունենք ժողովում հանրային ելույթներ ներկայացնելու, կարող ենք ձգտել ընդօրինակել Պողոսին՝ խոսելով նրբանկատորեն, որպեսզի ոչ Վկա անհատները հասկանան և ընդունեն աստվածաշնչյան ճշմարտությունները։ Մենք ցանկանում ենք հստակ կերպով ներկայացնել այդ թանկ գոհարները, սակայն պետք է զգույշ լինենք, որ չքննադատենք ներկա գտնվող որևէ ոչ Վկա անհատի համոզմունքները։ Միևնույն ժամանակ, մեր քարոզչական գործում պետք է ջանանք խոսել համոզվածությամբ և նրբանկատորեն։ Այդպես վարվելով՝ իսկապես կհետևենք Պողոսի խորհրդին՝ մեր «անձը տրամադրենք.... սովորեցնելուն»։
[Նկար 30–րդ էջի վրա]
Պողոսը սովորեցնում էր հստակ, պարզ կերպով և նրբանկատորեն
[Նկար 31–րդ էջի վրա]
Մենք կընդօրինակենք Պողոսին, եթե հաշվի առնենք այն մարդկանց զգացմունքները, ում քարոզում ենք