«Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը»
«Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն» (1 ՊԵՏ. 5։2)։
1. Ինչո՞ւ էր Պետրոսը ցանկանում զորացնել իր հավատակիցներին, երբ գրեց իր առաջին նամակը։
ՆԵՐՈՆ կայսրը դեռ չէր սկսել հալածել Հռոմում ապրող քրիստոնյաներին, երբ Պետրոսը գրեց իր առաջին նամակը։ Նրա նպատակն էր զորացնել իր հավատակիցներին, քանի որ Սատանան «ման էր գալիս»՝ նրանց կուլ տալու հնարավորություններ փնտրելով։ Սատանային դիմադրելու համար քրիստոնյաները պետք է «պահպանեին իրենց զգոնությունը» և «խոնարհվեին Աստծու հզոր ձեռքի տակ» (1 Պետ. 5։6, 8)։ Անհրաժեշտ էր նաև, որ նրանք մնային միասնական, քանի որ եթե «շարունակ իրար կծեին ու հոշոտեին», ապա արդյունքում «իրար կոչնչացնեին» (Գաղ. 5։15)։
2, 3. Ո՞ւմ դեմ է մեր պայքարը, և ի՞նչ թեմաներ ենք քննելու։
2 Նման հանգամանքներում ենք ապրում նաև մենք այսօր։ Սատանան առիթներ է փնտրում մեզ կուլ տալու համար (Հայտն. 12։12)։ Շուտով սկսվելու է նաև մեծ նեղությունը, որի «նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (Մատթ. 24։21)։ Ինչպես որ առաջին դարում ապրող քրիստոնյաները պետք է զգուշանային իրար հետ վիճելուց, այնպես էլ մենք պետք է զգուշանանք։ Սակայն դրա համար երբեմն մենք զգում ենք երեցների օգնության կարիքը։
3 Եկեք տեսնենք, թե ինչպես կարող են երեցները ավելացնել իրենց գնահատանքը այն առանձնաշնորհման հանդեպ, որ ստացել են՝ հովվել իրենց «հոգածությանը հանձնված Աստծու հոտը» (1 Պետ. 5։2)։ Կտեսնենք նաև, թե որն է հովվելու գործը կատարելու պատշաճ ձևը։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչպես կարող է ժողովը «հարգել նրանց, ովքեր տքնաջան աշխատում են.... [և] առաջնորդում են» հոտին (1 Թեսաղ. 5։12)։ Այս թեմաների ուսումնասիրությունը կօգնի, որ հաստատ կանգնենք մեր գլխավոր թշնամու առաջ՝ գիտակցելով, որ նա է այն անձնավորությունը, որի դեմ պիտի պայքարենք (Եփես. 6։12)։
«Հովվեք.... Աստծու հոտը»
4, 5. Ինչպե՞ս պետք է վերաբերվեն երեցները հոտին։ Բե՛ր օրինակ։
4 Պետրոսը առաջին դարի քրիստոնեական ժողովի երեցներին հորդորեց Եհովայի տեսանկյունից նայել հոտին (կարդա՛ 1 Պետրոս 5։1, 2)։ Թեև Պետրոսը համարվում էր ժողովի սյուներից մեկը, սակայն նա վերևից չէր նայում մյուս երեցներին, այլ նրանց խորհուրդներ էր տալիս որպես իր նման երեցների (Գաղ. 2։9)։ Այսօր էլ Կառավարիչ մարմնի եղբայրներն են նման ոգի դրսևորելով հորդորում ժողովի երեցներին ձգտել լիարժեքորեն իրականացնելու Աստծու հոտը հովվելու ծանր պարտականությունը։
5 Առաքյալը գրեց, որ երեցները նշանակված են «հովվելու [իրենց] հոգածությանը հանձնված Աստծու հոտը»։ Անչափ կարևոր է, որ նրանք գիտակցեն, որ այդ հոտը պատկանում է Եհովային և Հիսուս Քրիստոսին։ Երեցները պետք է հաշիվ տան այն բանի համար, թե ինչպես են հոգ տարել Աստծու գառներին։ Պատկերացրու՝ քո մտերիմ ընկերը խնդրում է քեզ հոգ տանել իր երեխաների մասին, քանի որ որոշ ժամանակ նա պետք է բացակայի։ Ինչ խոսք, դու շատ ուշադիր կլինես նրանց հանդեպ և հոգ կտանես, որ ժամանակին սնվեն։ Եթե նրանցից մեկը հիվանդանա, ապա ամեն բան կանես, որ նա անհրաժեշտ բժշկական օգնություն ստանա։ Նման կերպով պետք է երեցները Աստծու ժողովը հովվեն, որը «նա գնեց իր Որդու արյունով» (Գործ. 20։28)։ Նրանք միշտ պետք է հիշեն, որ յուրաքանչյուր գառնուկ գնվել է Քրիստոս Հիսուսի արյան գնով։ Լինելով հաշվետու՝ երեցները սնուցում, պաշտպանում և հոգ են տանում հոտին։
6. Ի՞նչ պատասխանատվություններ էին կրում հովիվները հնում։
6 Տեսնենք, թե ինչ պատասխանատվություններ էին կրում հովիվները աստվածաշնչյան ժամանակներում։ Հոտը հովվելու համար նրանք պետք է դիմանային թե՛ կեսօրվա շոգին և թե՛ գիշերվա ցրտին (Ծննդ. 31։40)։ Նրանք նույնիսկ իրենց կյանքն էին վտանգում հոտի ոչխարների համար։ Օրինակ՝ Դավիթը, երբ դեռ պատանի հովիվ էր, իր հոտին փրկել է առյուծի, արջի և այլ վայրի գազանների ճիրաններից։ Նա ասում է. «Բռնում էի նրա [գազանի] ծնոտից, հարվածում էի ու սպանում» (1 Սամ. 17։34, 35)։ Ինչպիսի՜ խիզախություն։ Որքա՜ն մոտ է եղել նա գազանի երախին, այդուհանդերձ դա նրան հետ չի պահել իր ոչխարի կյանքը փրկելուց։
7. Ինչպե՞ս են երեցները փոխաբերական առումով փրկում գառնուկներին Սատանայի երախից։
7 Նմանապես, երեցները պետք է զգոն լինեն հոտին առյուծի պես հարձակվող Սատանայից պաշտպանելու համար։ Նրանք գուցե ստիպված լինեն նույնիսկ փոխաբերական առումով ազատել արդեն Սատանայի երախում հայտնված գառնուկին՝ բռնելով գազանի ծնոտը։ Նրանք Սատանայի ծուղակում հայտնված անզգույշ եղբայրների հետ փորձում են զրուցել և տրամաբանել ծագած իրավիճակի շուրջ (կարդա՛ Հուդա 22, 23)։ Երեցները, ինչ խոսք, առանց Եհովայի օգնության՝ չեն կարող հաջողության հասնել։ Նրանք վիրավոր գառնուկի հետ քնքշորեն են վարվում. վիրակապ են դնում նրա վերքերին և մեղմում են նրա ցավը Աստծու Խոսքի բալասանով։
8. Դեպի ո՞ւր են առաջնորդում երեցները հոտին և ինչպե՞ս։
8 Հովիվները հոտին առաջնորդում էին դեպի փարթամ արոտավայրեր և ջրարբի դաշտեր։ Նմանապես, երեցները Աստծու գառնուկներին առաջնորդում են դեպի ժողովներ՝ քաջալերելով նրանց կանոնավորաբար մասնակցել ժողովի հանդիպումներին, որպեսզի լավ սնվեն և ստանան իրենց կերակուրը «ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Գուցե հարկ լինի, որ երեցները ավելի շատ ժամանակ տրամադրեն հոգևորապես հիվանդ գառնուկին օգնելու համար, որ սնվի Աստծու Խոսքով։ Մոլորված գառնուկը գուցե փորձում է վերադառնալ հոտ։ Ուստի խուսափելով նրան վախեցնելուց՝ երեցները ջերմորեն բացատրում են նրան սուրբգրային սկզբունքները և ցույց են տալիս, թե ինչպես կարող է իր կյանքում կիրառել դրանք։
9, 10. Ինչպե՞ս պետք է երեցները հոգատարություն դրսևորեն հոգևորապես հիվանդ անհատի հանդեպ։
9 Երբ հիվանդ ես, ինչպիսի՞ բժիշկ կցանկանաս, որ բուժի քեզ։ Կցանկանա՞ս, որ նա քիչ ժամանակ տրամադրի քեզ լսելուն և անմիջապես դեղատոմս գրի, որպեսզի հետո զբաղվի մյուս հիվանդով։ Թե՞ կցանկանաս, որ նա մինչև վերջ լսի քո գանգատները, այնուհետև բացատրի դրանց հնարավոր պատճառները և ներկայացնի բուժման տարբերակները։
10 Հոգատար բժշկի պես՝ երեցները «Եհովայի անունով յուղով օծում են» հոգևորապես հիվանդ անհատին, երբ լսում են նրան և օգնում են բուժելու նրա վերքը (կարդա՛ Հակոբոս 5։14, 15)։ Գաղաադի բալասանի նման՝ Աստծու Խոսքը կարող է մեղմել նրա ցավը (Երեմ. 8։22; Եզեկ. 34։16)։ Աստվածաշնչի սկզբունքներին հետևելով՝ անհատը կարող է վերագտնել իր հոգևոր հավասարակշռությունը։ Իրոք որ, երեցները շատ լավ ազդեցություն են թողնում հիվանդ գառնուկի վրա, երբ լսում են նրան, մինչ նա արտահայտում է իր «գանգատները», և աղոթում են նրա հետ։
«Ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն»
11. Ի՞նչն է մղում երեցներին ծառայելու Աստծու հոտին հոժարակամորեն։
11 Պետրոսը այնուհետև հիշեցնում է երեցներին, թե հովվելու գործը ինչպես պետք է անեն և ինչպես չպետք է անեն։ Նրանք Աստծու հոտը պետք է հովվեն «ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն»։ Ի՞նչն է մղում երեցներին իրենց եղբայրներին ծառայելու հոժարակամորեն։ Իսկ ի՞նչն էր մղում Պետրոսին հովվելու և սնուցելու Հիսուսի ոչխարներին։ Մղիչ ուժը այն սերն ու ջերմ կապվածությունն էր, որ առաքյալն ուներ Տիրոջ հանդեպ (Հովհ. 21։15–17)։ Այո՛, սերը մղում է երեցներին, որ «այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթ. 5։14, 15)։ Այս սերը Աստծու և եղբայրների հանդեպ ունեցած սիրո հետ միասին մղում է երեցներին ծառայելու հոտին՝ ներդնելով իրենց եռանդը, կարողությունները և ժամանակը (Մատթ. 22։37–39)։ Նրանք տրամադրում են իրենց անձը ոչ թե դժկամությամբ, այլ պատրաստակամորեն։
12. Մինչև ո՞ր աստիճան էր Պողոս առաքյալը տրամադրում իր անձը։
12 Իսկ մինչև ո՞ր աստիճան են երեցները տրամադրում իրենց անձը։ Գառներին հոգալու հարցում նրանք ընդօրինակում են Պողոս առաքյալին, ինչպես որ նա էլ ընդօրինակում էր Քրիստոսին (1 Կորնթ. 11։1)։ Թեսաղոնիկեցի քրիստոնյաների հանդեպ ջերմ զգացմունքներից մղված՝ Պողոսը և նրա ընկերակիցները ուրախ էին «ոչ միայն հայտնելու Աստծու բարի լուրը, այլև տալու [իրենց] հոգիները»։ Այդպես վարվելով՝ նրանք դառնում էին մեղմ, ինչպես «կերակրող մայրը», որը քնքշորեն խնամում է իր երեխային (1 Թեսաղ. 2։7, 8)։ Պողոսը հասկանում էր, թե ինչ կարող է զգալ կերակրող մայրը իր երեխայի հանդեպ. նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ գիշերվա կեսին արթնանալու նրան կերակրելու համար։
13. Ի՞նչ պետք է պահպանեն երեցները։
13 Անհրաժեշտ է, սակայն, որ երեցները հովվելու պատասխանատվության և ընտանեկան պարտականությունների միջև հավասարակշռություն պահպանեն (1 Տիմոթ. 5։8)։ Այն թանկ ժամանակը, որ երեցները տրամադրում են ժողովին, կարող էին անցկացնել իրենց ընտանիքի հետ։ Ուստի հավասարակշռված լինելու համար, օրինակ, երեցը կարող է երբեմն հոտի անդամներին հրավիրել իրենց ընտանեկան երկրպագության երեկոյին։ Տարիներ շարունակ Մասանաոն՝ Ճապոնիայում ապրող մի երեց, ամուրիներին և հոգևոր առումով անհայր ընտանիքներին ժամանակ առ ժամանակ հրավիրում էր մասնակցելու իրենց ընտանեկան երկրպագությանը։ Ժամանակի ընթացքում նրա կողմից հոգևոր օգնություն ստացածներից ոմանք նույնպես դարձան երեցներ և սկսեցին հետևել Մասանաոյի լավ օրինակին։
«Ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ»
14, 15. Ինչո՞ւ պետք է երեցները զգուշանան «անազնիվ շահասիրությունից» և այս առումով ինչպե՞ս կարող են ընդօրինակել Պողոսին։
14 Պետրոսը նաև քաջալերեց երեցներին հովվելու հոտը «ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ»։ Երեցների ծառայությունը շատ ժամանակ է խլում իրենցից, այդուհանդերձ նրանք որևէ ֆինանսական փոխհատուցում չեն ակնկալում։ Պետրոսը տեսավ, որ անհրաժեշտ է երեցներին՝ իր համագործակիցներին, զգուշացնել հոտին հովվելու գործը «անազնիվ շահասիրությունից դրդված» անելու վտանգի մասին։ Այժմ էլ տեսնում ենք, որ նման վտանգ իսկապես գոյություն ունի՝ նայելով, թե ինչ ճոխության մեջ են ապրում «Մեծ Բաբելոնի» կրոնական առաջնորդները, մինչդեռ շատ մարդիկ աղքատության մեջ են (Հայտն. 18։2, 3)։ Ուստի երեցները պետք է զգոն լինեն, որպեսզի նման հակում չառաջանա իրենց մեջ։
15 Այս հարցում Պողոսը գերազանց օրինակ թողեց երեցների համար։ Թեև առաքյալ էր և կարող էր «ծախսի տակ գցել» Թեսաղոնիկեում ապրող քրիստոնյաներին, սակայն նա «որևէ մեկի հացը ձրի» չկերավ։ Փոխարենը՝ առաքյալը «տքնությամբ ու մեծ ջանքերով օր ու գիշեր» աշխատում էր (2 Թեսաղ. 3։8)։ Այս առումով լավ օրինակ են նաև մեր օրերում ապրող շատ երեցներ, որոնց թվում կան նաև շրջագայող ծառայողներ։ Նրանք թեև հյուրասիրություն են ընդունում հավատակիցների կողմից, սակայն «ոչ մեկին ծախսի տակ [չեն գցում]» (1 Թեսաղ. 2։9)։
16. Ի՞նչ է նշանակում հոտը հովվել ջանասիրությամբ։
16 Երեցները հովվում են հոտը «ջանասիրությամբ»։ Նրանց ջանասիրությունը դրսևորվում է, երբ անձնազոհ կերպով փորձում են օգնել ժողովին։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք հոտի անդամներին ստիպում են ծառայել Եհովային։ Սիրառատ երեցները նաև չեն խրախուսում նրանց մրցակցության ոգուց դրդված ծառայել Աստծուն (Գաղ. 5։26)։ Երեցները գիտակցում են, որ հոտի յուրաքանչյուր անդամ առանձնահատուկ է։ Ուստի ջանում են օգնել իրենց հավատակիցներին ուրախությամբ ծառայելու Եհովային։
«Ոչ թե իշխելով.... այլ հոտին օրինակ լինելով»
17, 18. ա) Ինչո՞ւ էին առաքյալները երբեմն դժվարանում ընդունել Հիսուսի խոնարհության դասերը։ բ) Ինչպիսի՞ իրավիճակում կարող են հայտնվել այսօր երեցները։
17 Ինչպես արդեն նշվեց, երեցները պետք է միշտ հիշեն, որ այն հոտը, որը հովվում են, ոչ թե իրենց սեփականությունն է, այլ պատկանում է Աստծուն։ Ուստի նրանք զգուշանում են, որ չիշխեն «նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են» (կարդա՛ 1 Պետրոս 5։3)։ Երբեմն Հիսուսի առաքյալները սխալ մղումներից դրդված էին ձգտում առանձնաշնորհումների։ Նրանք ուզում էին ազգերի իշխանների նման բարձր դիրք ունենալ (կարդա՛ Մարկոս 10։42–45)։
18 Այսօր այն եղբայրները, ովքեր «ձգտում են վերակացուի պարտականության», լավ կլինի՝ ինքնաքննություն կատարեն և պարզեն, թե որն է իրենց իրական մղումը (1 Տիմ. 3։1)։ Իսկ նրանք, ովքեր արդեն երեցներ են, կարող են անկեղծորեն հարցնել իրենք իրենց, թե արդյոք չեն ցանկանում իշխանություն բանեցնել կամ բարձ դիրքի արժանանալ, ինչպես առաքյալներից ոմանք էին ցանկանում։ Այո՛, եթե նույնիսկ առաքյալների մեջ այդպիսի ցանկություն առաջացավ, ապա երեցները պետք է ընդունեն, որ իրենց մեջ էլ կառաջանա, եթե ամեն ջանք չթափեն խուսափելու համար ուրիշների վրա իշխանություն բանեցնելու հաճույքը վայելելու աշխարհային հակումից։
19. Ի՞նչ պետք է հիշեն երեցները, երբ քայլեր են ձեռնարկում հոտը պաշտպանելու համար։
19 Ինչ խոսք, երբեմն անհրաժեշտ է լինում, որ երեցները լինեն վճռական, հատկապես երբ կարիք է լինում պաշտպանելու հոտին «գիշատիչ գայլերից» (Գործ. 20։28–30)։ Պողոսը Տիտոսին գրեց, որ շարունակի «հորդորել և հանդիմանել հրահանգներ տալու ողջ հեղինակությամբ» (Տիտոս 2։15)։ Այդուհանդերձ, նույնիսկ նման դեպքերում երեցները արժանապատվությամբ են վերաբերվում այդ անհատների հետ։ Խստորեն քննադատելու փոխարեն՝ երեցները մեղմորեն հորդորում են նրանց՝ գիտակցելով, որ սովորաբար դա ավելի արդյունավետ միջոց է նրանց սրտին հասնելու համար և մղելու, որ հետևեն ճիշտ ուղուն։
20. Ինչպե՞ս կարող են երեցները ընդօրինակել Հիսուսին՝ լավ օրինակ լինելով հոտի համար։
20 Քրիստոսի գերազանց օրինակը մղում է երեցներին սիրելու հոտը (Հովհ. 13։12–15)։ Մեր սրտերը ջերմանում են, երբ կարդում ենք, թե ինչպես էր նա սովորեցնում իր աշակերտներին քարոզելիս և աշակերտներ պատրաստելիս։ Խոնարհության նրա օրինակը հասավ աշակերտների սրտին, և նրանք մղվեցին ընդօրինակելու նրան և «խոնարհամտությամբ ուրիշներին [իրենցից] ավելի բարձր համարելու» (Փիլիպ. 2։3)։ Նմանապես այսօր, երեցները մղվում են հետևելու Հիսուսին, և իրենք էլ իրենց հերթին ցանկանում են «հոտին օրինակ լինել»։
21. Ի՞նչ առանձնաշնորհման կարող են սպասել երեցները։
21 Պետրոսը երեցներին ուղղված իր հորդորը եզրափակեց՝ հիշեցնելով նրանց ապագա խոստման մասին (կարդա՛ 1 Պետրոս 5։4)։ Օծյալները «փառքի անթառամ պսակը կստանան» և կլինեն Քրիստոսի հետ երկնքում։ Իսկ «ուրիշ ոչխարների» ենթահովիվները առանձնաշնորհում կունենան հովվելու Աստծու հոտը երկրի վրա «հովվապետի» իշխանության ներքո (Հովհ. 10։16)։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչպես կարող են ժողովի անդամները աջակցել նրանց, ովքեր նշանակված են առաջնորդելու։
Ամփոփիչ հարցեր
• Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Պետրոսը գրեր երեցներին Աստծու հոտին հովվելու մասին։
• Ինչպե՞ս պետք է երեցները հոգան հոգևորապես հիվանդ անհատի մասին։
• Ի՞նչն է մղում երեցներին հովվելու իրենց հոգածության տակ գտնվող Աստծու հոտին։
[նկար 21-րդ էջի վրա]
Հովիվների պես՝ այսօր երեցները պետք է պաշտպանեն իրենց հոգածության տակ գտնվող «գառներին»