ԳԼՈՒԽ 24
«Քա՛ջ եղիր»
Պողոսը փրկվում է դավադրությունից և պաշտպանում է իրեն Ֆելիքսի առաջ
1-2. Պողոսն ինչո՞ւ չզարմացավ, երբ Երուսաղեմում հալածանքի բախվեց։
ՊՈՂՈՍ առաքյալը, ով հազիվ փրկվեց գազազած ամբոխի ձեռքից, կրկին բանտում է։ Բայց դա նրան չի զարմացնում։ Այդ եռանդուն քրիստոնյան վաղուց գիտեր, որ Երուսաղեմում իրեն «կապանքներ ու նեղություններ» են սպասելու (Գործ. 20։22, 23)։ Թեև Պողոսը ստույգ չգիտի, թե ապագայում ինչ կլինի իր հետ, սակայն տեղյակ է, որ չարչարանքներ է կրելու հանուն Հիսուսի (Գործ. 9։16)։
2 Նույնիսկ քրիստոնյա մարգարեներն են առաքյալին զգուշացրել, որ նրան կապելու են և «այլազգի մարդկանց ձեռքն են մատնելու» (Գործ. 21։4, 10, 11)։ Մի քանի օր առաջ հրեաները ամբոխով հարձակվեցին նրա վրա ու փորձեցին սպանել։ Դրանից հետո Սինեդրիոնի անդամները առաքյալի ասածների շուրջ վիճելիս քիչ էր մնում՝ «կտոր-կտոր անեին» նրան։ Այժմ Պողոսը բանտում է՝ հռոմեացի զինվորների հսկողության տակ։ Բայց առաքյալին ավելի շատ փորձություններ են սպասում, քանի որ նրա դեմ բազմաթիվ կեղծ մեղադրանքներ են հարուցվելու (Գործ. 21։31; 23։10)։ Ուստի Պողոսը քաջալերանքի կարիք ունի։
3. Ինչպե՞ս ենք զորանում, որ շարունակենք քարոզչական գործը։
3 Այս վերջին օրերում «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթ. 3։12)։ Երբեմն մենք էլ ենք քաջալերանքի կարիք ունենում, որ կարողանանք շարունակել քարոզչական գործը։ Ուստի մեր սիրտը երախտագիտությամբ է լցվում, երբ ճիշտ ժամանակին մխիթարական մտքեր ենք գտնում «հավատարիմ և իմաստուն ծառայի» պատրաստած հրատարակությունների մեջ և ժողովի հանդիպումների ընթացքում (Մատթ. 24։45)։ Եհովան հավաստիացրել է, որ բարի լուրի և ոչ մի թշնամի հաջողություն չի ունենա։ Նրանք չեն կարողանա ոչնչացնել Աստծու ժողովրդին և կանգնեցնել քարոզչական գործը (Ես. 54։17; Երեմ. 1։19)։ Սակայն վերադառնանք Պողոս առաքյալին։ Արդյոք նա քաջալերանք ստացա՞վ, որպեսզի հալածանքների ներքո շարունակի իր ծառայությունը։ Եթե այո, այդ քաջալերանքն ինչպե՞ս անդրադարձավ նրա վրա։
Երդումով կապված «դավադրությունը» խափանվեց (Գործեր 23։11-34)
4-5. Ի՞նչ քաջալերանք ստացավ Պողոսը, և ինչո՞ւ էր այն ժամանակահարմար։
4 Պողոս առաքյալը մեծապես քաջալերվեց Սինեդրիոնի դեպքերին հաջորդած գիշերը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Տերը կանգնեց նրա կողքին ու ասաց. «Քա՛ջ եղիր, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայություն տվեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»» (Գործ. 23։11)։ Հիսուսի այս ոգևորիչ խոսքերը վստահեցրին Պողոսին, որ նա կփրկվի, կհասնի Հռոմ և պատիվ կունենա այնտեղ վկայելու Աստծու Որդու մասին։
5 Այդ քաջալերանքը շատ ժամանակահարմար էր։ Հաջորդ օրը 40 հրեա տղամարդիկ «իրենք իրենց երդումով անեծքի տակ դրեցին՝ ասելով, որ ո՛չ պիտի ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև որ Պողոսին չսպանեն»։ Երդումով կապված այդ դավադրությունը փաստում էր, թե հրեաները որքան վճռական էին՝ սպանելու Պողոսին։ Նրանք կարծում էին, որ եթե հաջողության չհասնեն, իրենց վրա անեծք կամ չարիք կգա (Գործ. 23։12-15)։ Այդ դավադրությունն արժանացավ ավագ քահանաների ու երեցների հավանությանը։ Սինեդրիոնի անդամները պետք է խնդրեին, որ Պողոսին նորից իրենց մոտ բերեն՝ հետագա հարցաքննության, ինչպես նաև որոշ բաներ ճշտելու նպատակով։ Սակայն ճանապարհին դավադիրները հարձակվելու էին առաքյալի վրա ու սպանելու էին նրան։
6. Ինչպե՞ս բացահայտվեց դավադրությունը, և առաքյալի քրոջ որդին ի՞նչ օրինակ է թողել մերօրյա երիտասարդների համար։
6 Պողոսի քրոջ որդին, որի անունը մեզ հայտնի չէ, իմացավ այդ դավադրության մասին և զգուշացրեց առաքյալին։ Վերջինս էլ այդ երիտասարդին ուղարկեց զորապետ Կլավդիոս Լիսիասի մոտ (Գործ. 23։16-22)։ Անկասկած, Եհովան սիրում է այն երիտասարդներին, ովքեր վարվում են Պողոսի քրոջ որդու նման։ Նրանք անվախորեն Աստծու ժողովրդի բարօրությունը սեփական շահերից վեր են դասում և հավատարմորեն ամեն բան անում են՝ Թագավորության գործին աջակցելու համար։
7-8. Ի՞նչ արեց Կլավդիոս Լիսիասը՝ Պողոսին փրկելու համար։
7 Դավադրության մասին տեղեկանալով՝ Կլավդիոս Լիսիասը, որի տրամադրության տակ 1 000 զինվոր կար, անհապաղ հրամայեց, որ 470 զինվորներից, նիզակակիրներից ու ձիավորներից բաղկացած մի խումբ այդ գիշեր Պողոսին Երուսաղեմից անվնաս հասցնի Կեսարիա։ Այնտեղ նրան հանձնելու էին կուսակալ Ֆելիքսի ձեռքը։a Չնայած Կեսարիան Հրեաստանի վարչական մայրաքաղաքն էր, սակայն հիմնականում բնակեցված էր այլազգիներով, թեպետ այնտեղ կար նաև բավականին մեծ հրեական համայնք։ Այդ քաղաքում բոլորովին այլ կարգեր էին տիրում՝ ի տարբերություն Երուսաղեմի, որտեղ շատերը կրոնական մոլեռանդություն էին դրսևորում և ըմբոստություններ բարձրացնում։ Կեսարիան նաև հռոմեական զորքերի գլխավոր կենտրոնն էր Հրեաստանում։
8 Հռոմեական օրենքի համաձայն՝ Լիսիասը Ֆելիքսին նամակ ուղարկեց, որում նկարագրեց իրավիճակը։ Զորապետը նշեց, թե Պողոսին հրեաների ձեռքից փրկել է՝ իմանալով, որ նա Հռոմի քաղաքացի է։ Նաև հայտնեց, որ առաքյալին «մահվան կամ կապանքի արժանի ոչ մի բանում» մեղավոր չի համարում և կազմակերպված դավադրության պատճառով է նրան ուղարկել Ֆելիքսի մոտ, որպեսզի վերջինս լսի մեղադրող կողմին և կայացնի իր վճիռը (Գործ. 23։25-30)։
9. ա) Ինչպե՞ս էին ոտնահարվել Պողոսի իրավունքները։ բ) Ինչո՞ւ թերևս որոշենք օգտվել օրենքով սահմանված մեր իրավունքներից։
9 Արդյոք Լիսիասը ո՞ղջ ճշմարտությունը ներկայացրեց։ Ո՛չ։ Թվում է, որ նա ցանկանում էր լավ տպավորություն թողնել կուսակալի վրա։ Իրականում, զորապետը Պողոսին չէր փրկել այն պատճառով, որ վերջինս Հռոմի քաղաքացի էր։ Բացի այդ՝ Լիսիասը չնշեց, որ հրամայել էր «երկու շղթաներով կապել» առաքյալին, ապա «խարազանելով հարցաքննել» (Գործ. 21։30-34; 22։24-29)։ Դրանով նա ոտնահարել էր Պողոսի՝ Հռոմի քաղաքացու իրավունքները։ Այսօր Սատանան մոլեռանդ կրոնավորների միջոցով սաստիկ հալածանքներ է հրահրում մեր դեմ։ Հաճախ ոտնահարվում են մեր քաղաքացիական իրավունքները։ Սակայն Պողոսի նման՝ Աստծու ծառաները փորձում են օգտվել իրենց իրավունքներից և պաշտպանվել տվյալ երկրի օրենքների միջոցով։
«Ի պաշտպանություն ինձ՝ ես ուրախությամբ կխոսեմ» (Գործ. 23։35-24։21)
10. Ի՞նչ լուրջ մեղադրանքներ հնչեցին Պողոսի դեմ։
10 Կեսարիայում Պողոսին «հսկողության տակ պահեցին Հերովդեսի պրետորական պալատում», մինչև որ մեղադրողները տեղ կհասնեին (Գործ. 23։35)։ Հինգ օր անց Ֆելիքսի մոտ եկավ քահանայապետ Անանիան՝ Տերտուլոս անունով մի հռետորի և մի խումբ երեցների հետ։ Սկզբում Տերտուլոսը գովաբանեց կուսակալին՝ ասելով, թե նա շատ բարիք է արել հրեաներին։ Դա բացահայտ քծնանք էր, որի նպատակն էր շահել Ֆելիքսի բարեհաճությունը։b Ապա Տերտուլոսը գործի անցավ։ Նա հայտարարեց. «Այս մարդը [Պողոսը] վտանգավոր մարդ է ու խռովություն է հրահրում բոլոր հրեաների մեջ ողջ աշխարհով մեկ և որ նազովրեցիների աղանդի պարագլուխն է։ Նա փորձեց նաև տաճարը պղծել, և մենք բռնեցինք նրան»։ Մյուս հրեաները «միացան այս մեղադրանքներին՝ պնդելով, թե այդ բաներն այդպես են» (Գործ. 24։5, 6, 9)։ Խռովություն հրահրող, վտանգավոր աղանդի պարագլուխ, տաճարը պղծող. սրանք շատ լուրջ մեղադրանքներ էին, որոնց համար մահապատիժ էր սահմանված։
11-12. Պողոսն ինչպե՞ս հերքեց իր դեմ ուղղված մեղադրանքները։
11 Հերթը հասավ Պողոսին, և նա ասաց. «Ի պաշտպանություն ինձ՝ ես ուրախությամբ կխոսեմ»։ Առաքյալը ամբողջովին հերքեց մեղադրանքները։ Պողոսը չէր պղծել տաճարը, ոչ էլ խռովություն էր հրահրել։ Նա շեշտեց, որ իրականում «շատ տարիներ» չի եղել Երուսաղեմում և վերադարձել է, որպեսզի «ողորմության նվերներ» բերի։ Խոսքը այն նվիրաբերության մասին էր, որ հավաքվել էր հրեա քրիստոնյաների համար, ովքեր չքավորության մեջ էին հայտնվել թերևս սովի ու հալածանքի պատճառով։ Պողոսը շեշտեց նաև, որ տաճար մտնելուց առաջ նա «ծիսականորեն մաքրվել» էր ու ջանադրաբար ձգտում էր «ոչ մի սխալ բան չանել Աստծու և մարդկանց դեմ» (Գործ. 24։10-13, 16-18)։
12 Մյուս կողմից՝ առաքյալն ընդունեց, որ սուրբ ծառայություն է մատուցում իր հայրերի Աստծուն «այն ճանապարհի համաձայն, որը [իրեն մեղադրողները] «աղանդ» են կոչում»։ Սակայն Պողոսը նշեց, որ հավատում է «այն ամենին, ինչ կա Օրենքում և գրված է Մարգարեների մեջ»։ Նա շեշտեց, որ իրեն մեղադրողների պես ընդունում է, որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի»։ Ապա մարտահրավեր նետելով հրեաներին՝ առաքյալն ասաց. «Թող այստեղ լինողներն իրենք ասեն, թե ինչ սխալ բան գտան, երբ ես կանգնած էի Սինեդրիոնի առաջ, բացի այն մեկ խոսքից, որը ես բացականչեցի, երբ կանգնած էի նրանց մեջ, թե՝ «մահացածների հարության համար եմ այսօր դատվում ձեր առաջ»» (Գործ. 24։14, 15, 20, 21)։
13-15. Պետական մարմիններին վկայություն տալու հարցում ի՞նչ լավ օրինակ է թողել Պողոսը։
13 Եթե մեր հավատի համար մեզ երբևէ կանգնեցնեն պետական իշխանությունների առջև և մեղադրեն խռովություններ հրահրելու, «վտանգավոր աղանդի» անդամ լինելու և նման այլ բաների մեջ, կարող ենք ընդօրինակել Պողոսին։ Առաքյալը չքծնեց Ֆելիքսին, ինչպես Տերտուլոսը։ Նա խոսեց հանգիստ ու հարգալից տոնով և նրբանկատորեն, հստակ կերպով ներկայացրեց փաստերը։ Պողոսը նշեց, որ դատին ներկա չեն Ասիայի հրեաները, որոնք և մեղադրել էին իրեն տաճարը պղծելու մեջ։ Մինչդեռ ըստ օրենքի՝ առաքյալը պետք է կարողանար տեսնել նրանց և անձամբ նրանցից լսել մեղադրանքները (Գործ. 24։18, 19)։
14 Բայց որ ամենատպավորիչն է, առաքյալը շարունակեց պատմել իր հավատալիքների մասին։ Նա համարձակորեն մեկ անգամ ևս հիշատակեց հարության ուսմունքը, չնայած որ հենց այդ պատճառով էին բուռն վիճաբանություններ սկսվել Սինեդրիոնում (Գործ. 23։6-10)։ Իրեն պաշտպանելիս Պողոսը ուշադրություն հրավիրեց հարության հույսի վրա։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև նա վկայություն էր տալիս Հիսուսի և նրա հարության մասին. մի բան, որը հակառակորդները չէին ընդունում (Գործ. 26։6-8, 22, 23)։ Իրականում վիճաբանությունների պատճառը հարության ուսմունքն էր, ավելի ճիշտ՝ հավատը Հիսուսի ու նրա հարության հանդեպ։
15 Պողոսի նման՝ մենք էլ պետք է համարձակորեն վկայություն տանք։ Թերևս մեզ զորացնեն Հիսուսի հետևյալ խոսքերը. «Իմ անվան պատճառով բոլոր մարդկանց կողմից ատված կլինեք։ Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի»։ Իսկ արժե՞ անհանգստանալ այն մասին, թե ինչ ենք ասելու։ Ո՛չ։ Հիսուսը վստահեցնում է. «Երբ ձեզ տանեն դատարանին մատնելու, նախապես մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յն խոսեք, որովհետև դուք չեք խոսողը, այլ սուրբ ոգին» (Մարկ. 13։9-13)։
«Ֆելիքսը վախով բռնվեց» (Գործեր 24։22-27)
16-17. ա) Ֆելիքսն ի՞նչ լուծում տվեց Պողոսի գործին։ բ) Ինչո՞ւ Ֆելիքսը վախով բռնվեց, սակայն ինչո՞ւ շարունակեց իր մոտ կանչել Պողոսին։
16 Առաջին անգամ չէր, որ կուսակալ Ֆելիքսը լսում էր քրիստոնեական հավատալիքների մասին։ Կարդում ենք. «Ֆելիքսը բավականաչափ ստույգ իմանալով այս Ճանապարհի [այդպես էին սկզբում անվանում քրիստոնեությունը] մասին՝ հետաձգեց նրանց գործը՝ ասելով. «Երբ որ Լիսիաս զորապետը այստեղ գա, ձեր գործի վերաբերյալ վճիռ կկայացնեմ»։ Նա կարգադրեց հարյուրապետին, որ պահի այդ մարդուն, որոշ չափով ազատություն տա և նրա մարդկանցից ոչ մեկին չարգելի սպասավորություն անել նրան» (Գործ. 24։22, 23)։
17 Մի քանի օր անց Ֆելիքսը ազգությամբ հրեա իր կնոջ՝ Դրուսիլայի հետ «մարդ ուղարկեց Պողոսի հետևից ու նրանից լսեց Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի մասին» (Գործ. 24։24)։ Բայց երբ առաքյալը սկսեց խոսել «արդարության, ինքնատիրապետման ու գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը վախով բռնվեց»։ Թերևս նրա խիղճը տանջում էր, քանի որ բազմաթիվ չարագործություններ էր արել իր կյանքում։ Ուստի կուսակալը Պողոսին ասաց. «Առայժմ գնա՛, իսկ երբ հարմար ժամանակ գտնեմ, կրկին քո հետևից մարդ կուղարկեմ»։ Դրանից հետո Ֆելիքսը առաքյալին իր մոտ կանչեց ևս մի քանի անգամ։ Սակայն նա ոչ թե ճշմարտությունը սերտելու ցանկություն ուներ, այլ Պողոսից կաշառք ստանալու հույս էր փայփայում (Գործ. 24։25, 26)։
18. Պողոսն ինչո՞ւ Ֆելիքսի ու նրա կնոջ հետ խոսեց «արդարության, ինքնատիրապետման ու գալիք դատաստանի մասին»։
18 Պողոսն ինչո՞ւ Ֆելիքսի ու նրա կնոջ հետ խոսեց «արդարության, ինքնատիրապետման ու գալիք դատաստանի մասին»։ Հիշենք, որ նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչ է պահանջում «Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատը»։ Առաքյալը, ով քաջատեղյակ էր նրանց անբարո, դաժան ու անարդար վարքից, պարզ ցույց տվեց, թե ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են Հիսուսի հետևորդը լինել։ Ակնհայտ դարձավ, որ Ֆելիքսի ու նրա կնոջ ապրելակերպը ընդհանրապես չի համապատասխանում Աստծու արդար չափանիշներին։ Դա պետք է օգներ նրանց գիտակցելու, որ բոլոր մարդիկ հաշվետու են Եհովային իրենց մտքերի, խոսքերի ու գործերի համար։ Այն դատավճիռը, որ Աստված կայացնելու էր կուսակալի ու նրա կնոջ նկատմամբ, շատ ավելի կարևոր էր, քան Ֆելիքսի դատավճիռը Պողոսի նկատմամբ։ Զարմանալի չէ, որ այդ կառավարիչը «վախով բռնվեց»։
19-20. ա) Ինչպե՞ս պետք է վարվել այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքրություն են ցույց տալիս, սակայն եսասիրական նպատակներ ունեն։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Ֆելիքսը Պողոսին ընկեր չէր։
19 Ծառայության ժամանակ գուցե հանդիպենք Ֆելիքսի նման անհատների։ Առաջին հայացքից թվում է, թե ճշմարտությունը հետաքրքրում է նրանց։ Սակայն իրականում այդ մարդիկ եսասիրական նպատակներ են հետապնդում։ Այդպիսի անհատներին օգնելիս պետք է զգուշություն ցուցաբերենք։ Այդուհանդերձ, կարող ենք նրանց նրբանկատորեն հայտնել Աստծու արդար չափանիշների մասին, ինչպես որ Պողոսն արեց։ Ո՞վ գիտի, միգուցե ճշմարտությունը հասնի նրանցից որևէ մեկի սրտին։ Սակայն եթե ակնհայտ դառնա, որ այդ մարդիկ մտադիր չեն մերժելու իրենց մեղավոր ընթացքը, մենք կթողնենք նրանց և կփորձենք գտնել անկեղծ անհատների։
20 Ինչ վերաբերում է Ֆելիքսին, հետևյալ խոսքերը բացահայտում են նրա սրտի իրական վիճակը. «Անցավ երկու տարի, և Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը, ու քանի որ Ֆելիքսը ցանկանում էր շահել հրեաների բարեհաճությունը, Պողոսին կապանքների մեջ թողեց» (Գործ. 24։27)։ Այդ կուսակալը Պողոսի համար ամենևին էլ ընկեր չէր։ Նա գիտեր, որ «Ճանապարհի» հետևորդները ո՛չ խռովարարներ են, ո՛չ էլ հեղափոխականներ (Գործ. 19։23)։ Ֆելիքսը գիտեր նաև, որ առաքյալը չի խախտել հռոմեական օրենքը։ Սակայն բանտում թողեց նրան, որպեսզի «շահի հրեաների բարեհաճությունը»։
21. Ի՞նչ եղավ Պողոսի հետ այն բանից հետո, երբ կուսակալ դարձավ Պորկիոս Ֆեստոսը, և ի՞նչն էր ուժ տալիս առաքյալին։
21 Գործեր 24-րդ գլխի վերջին համարից երևում է, որ երբ Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը, Պողոսը դեռ բանտում էր։ Դրանից հետո մի շարք դատավարություններ եղան, որոնց ընթացքում առաքյալին ուղարկում էին տարբեր պաշտոնյաների մոտ։ Իրոք որ, այդ համարձակ քարոզչին «քարշ տվեցին թագավորների ու կառավարիչների առաջ» (Ղուկ. 21։12)։ Ինչպես կտեսնենք, նա հետագայում բարի լուրը հայտնեց իր օրերի ամենահզոր ղեկավարին։ Պողոսի հավատը երբեք չսասանվեց։ Անկասկած, նրան միշտ ուժ էին տալիս Հիսուսի հետևյալ խոսքերը՝ «Քա՛ջ եղիր»։
a Տես «Ֆելիքս՝ Հրեաստանի պրոկուրատոր» շրջանակը։
b Տերտուլոսը Ֆելիքսին շնորհակալություն հայտնեց, որ նրա շնորհիվ հրեաները «մեծ խաղաղություն են վայելում»։ Մինչդեռ այդ կուսակալի օրոք Հրեաստանում անհամեմատ ավելի անկայուն վիճակ էր, քան նախկին բոլոր կառավարիչների իշխանության ընթացքում, մինչև իսկ Հռոմի դեմ ապստամբության սկսվելը։ Բացի այդ՝ ամենևին էլ անկեղծ չէր այն պնդումը, թե հրեաները «մեծագույն երախտագիտությամբ» են ընդունում Ֆելիքսի բարեփոխումները։ Իրականում նրանցից շատերը արհամարհում էին այդ կուսակալին, քանի որ նա իրենց կյանքն անտանելի ու թշվառ էր դարձրել և մեծ դաժանությամբ ճնշել էր իրենց ապստամբությունները (Գործ. 24։2, 3)։