Փառավորենք Աստծուն «մէկ բերանով»
«Մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15։6)։
1. Տարակարծությունները լուծելու կապակցությամբ ի՞նչ սովորեցրեց Պողոս առաքյալը իր հավատակիցներին։
ՄԻՇՏ ՉԷ, որ քրիստոնյաները նույն որոշումներն են կայացնում կամ նախապատվությունը տալիս նույն բաներին։ Սակայն նրանք միշտ պետք է միասնաբար քայլեն կյանքի ճանապարհով։ Արդյո՞ք դա հնարավոր է։ Հնարավոր է, եթե փոքրիկ տարակարծությունները չվերածենք մեծ խնդիրների։ Սա է այն դասը, որ Պողոս առաքյալը սովորեցրեց առաջին դարում ապրած իր հավատակիցներին։ Ինչպե՞ս նա պարզաբանեց այս կարևոր միտքը։ Եվ ինչպե՞ս կարող ենք կիրառել Աստծո կողմից ներշնչված այդ խորհուրդը մեր օրերում։
Քրիստոնեական միասնության կարևորությունը
2. Պողոսն ինչպե՞ս շեշտեց միասնության անհրաժեշտությունը։
2 Պողոսը գիտեր, որ քրիստոնեական միասնությունը շատ կարևոր է, ուստի մի արժեքավոր խորհուրդ տվեց իր եղբայրներին, որպեսզի օգնի նրանց սիրով ‘իրար համբերել’ (Եփեսացիս 4։1–3; Կողոսացիս 3։12–14)։ Ավելի քան 20 տարի առաքյալը զբաղված էր ժողովները այցելելու գործով։ Այդ ընթացքում նա հիմնել էր բազմաթիվ ժողովներ։ Ուստի Պողոսը գիտեր, որ միասնություն պահպանելը այնքան էլ հեշտ չէ (Ա Կորնթացիս 1։11–13; Գաղատացիս 2։11–14)։ Այդ պատճառով Հռոմում ապրող իր հավատակիցներին նա այսպիսի հորդոր տվեց. «Համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ.... որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը» (Հռովմայեցիս 15։5, 6)։ Այսօր նույնպես հարկավոր է Եհովա Աստծուն փառաբանել «մէկ բերանով» որպես իր միասնական ժողովուրդ։ Իսկ որքանո՞վ ենք մենք հետևում այս խորհրդին։
3, 4. ա) Ի՞նչ ծագում ունեին Հռոմում ապրող քրիստոնյաները։ բ) Տարակարծություններ ունենալով հանդերձ՝ ինչպե՞ս կարող էին Հռոմի քրիստոնյաները ծառայել Եհովային «մէկ բերանով»։
3 Հռոմում ապրող շատ քրիստոնյաներ Պողոսի ընկերներն էին (Հռովմայեցիս 16։3–16)։ Թեպետ նրանք տարբեր ծագում ունեին, առաքյալն իր բոլոր եղբայրներին համարում էր ‘Աստծո սիրելիներ’։ Նա գրեց. «Գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է»։ Ինչպես երևում է, հռոմեացիները օրինակելի էին շատ առումներով (Հռովմայեցիս 1։7, 8; 15։14)։ Այնուամենայնիվ, որոշ հարցերում ժողովի անդամներից ոմանց տեսակետները տարբերվում էին։ Քանի որ մեր օրերում ապրող քրիստոնյաները նույնպես մեծացել են տարբեր միջավայրերում և տարբեր ծագում ունեն, ուսումնասիրելով տարակարծությունները լուծելու վերաբերյալ Պողոսի ներշնչյալ խորհուրդը՝ նրանք կկարողանան խոսել «մէկ բերանով»։
4 Հռոմի քրիստոնյաների մեջ կային թե՛ հրեաներ, թե՛ ոչ հրեաներ (Հռովմայեցիս 4։1; 11։13)։ Հրեա քրիստոնյաներից ոմանք ամենայն հավանականությամբ չէին դադարել հետևել որոշ սովորությունների, որ պահել էին Մովսիսական օրենքի տակ գտնվելիս, թեպետ նրանք պետք է գիտակցեին, որ այդ սովորությունները փրկության նախապայման չեն։ Սակայն հրեական ծագում ունեցող քրիստոնյաների մեջ կային նաև այնպիսիները, ովքեր ընդունում էին, որ Քրիստոսի զոհն ազատել էր իրենց այն սահմանափակումներից, որոնք դրված էին իրենց վրա քրիստոնյա դառնալուց առաջ։ Արդյունքում այդ հրեաները որոշ չափով փոխել էին իրենց գործելակերպն ու սովորությունները (Գաղատացիս 4։8–11)։ Այնուամենայնիվ, նրանք բոլորն էլ, ինչպես նշել էր Պողոսը, ‘Աստծո սիրելիներն’ էին։ Բոլորն էլ կարող էին փառաբանել Աստծուն «մէկ բերանով», եթե շարունակեին ճիշտ վերաբերմունք ունենալ իրար հանդեպ։ Այսօր նույնպես որոշակի հարցերում մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ։ Ուստի տեղին կլինի ուշադրությամբ քննել, թե ինչպես է Պողոսը պարզաբանում այս կարևոր սկզբունքը (Հռովմայեցիս 15։4)։
«Իրար ընդունեցէք»
5, 6. Ո՞րն էր կարծիքների տարբերության պատճառը Հռոմի ժողովում։
5 Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը հիշատակում է այն հարցերից մեկը, որի վերաբերյալ քրիստոնյաները տարբեր կարծիքներ ունեին։ Նա գրում է. «Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. բայց տկարը բանջար է ուտում»։ Ո՞րն էր այս խնդրի առաջացման պատճառը։ Օրինակ՝ Մովսիսական օրենքով՝ խոզի միսը անընդունելի կերակուր էր համարվում (Հռովմայեցիս 14։2; Ղեւտացոց 11։7)։ Հիսուսի մահից հետո, սակայն, Օրենքը այլևս ուժի մեջ չէր (Եփեսացիս 2։14բ, 15)։ Բացի այդ, Քրիստոսի մահից երեքուկես տարի անց Պետրոսին հրեշտակի միջոցով ասվել էր, որ Աստծո տեսանկյունից՝ ոչ մի կերակուր չպետք է պիղծ համարվի (Գործք 11։7–12)։ Հաշվի առնելով այս փաստերը՝ հրեա քրիստոնյաներից ոմանք ըստ երևույթին մտածում էին, որ կարող են ուտել և՛ խոզի միս, և՛ Մովսիսական օրենքով արգելված այլ կերակուրներ։
6 Սակայն հնարավոր է, որ հրեա որոշ քրիստոնյաների գարշելի լիներ նախկինում անմաքուր համարվող այդ կերակուրներն ուտելու միտքն անգամ։ Այդ հարցում զգայուն անհատները կարող էին ենթագիտակցաբար տհաճություն զգալ՝ տեսնելով, որ հրեական ծագում ունեցող իրենց քրիստոնյա եղբայրները նման կերակուր են ուտում։ Բացի այդ, ոչ հրեա որոշ քրիստոնյաներ, որոնց նախկին կրոնը սննդակարգին վերաբերող սահմանափակումներ հավանաբար երբեք չէր դրել նրանց վրա, գուցե շփոթության մեջ ընկնեին այն բանից, որ ոմանք վիճում են կերակուրի համար։ Ինչ խոսք, որոշակի կերակուրներից հրաժարվելու մեջ ոչ մի վատ բան չկար, եթե անհատը չսկսեր պնդել, որ դա անհրաժեշտ է փրկության համար։ Այնուամենայնիվ, տվյալ հարցում կարծիքների տարբերությունը հեշտությամբ կարող էր ժողովում վիճաբանության առիթ դառնալ։ Հռոմի քրիստոնյաները պետք է զգույշ լինեին, որ նման տարակարծությունները չխանգարեին նրանց փառաբանել Աստծուն «մէկ բերանով»։
7. Շաբաթվա մեջ հատուկ օր պահելու վերաբերյալ ի՞նչ տարբեր տեսակետներ գոյություն ունեին։
7 Պողոսը խոսում է նաև տարակարծություններ առաջացնող մեկ ուրիշ հարցի մասին. «Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում» (Հռովմայեցիս 14։5ա)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ շաբաթ օրը ոչ մի գործ չպետք է արվեր։ Անգամ խիստ սահմանափակումներ էին դրված այն բանի վրա, թե որքան ճանապարհ կարող էին անցնել մարդիկ այդ օրը (Ելից 20։8–10; Մատթէոս 24։20; Գործք 1։12)։ Բայց այն բանից հետո, երբ Օրենքը կորցրեց իր ուժը, այդ արգելքները դադարեցին գործել։ Այնուամենայնիվ, որոշ հրեա քրիստոնյաներ հավանաբար դժվարանում էին որևէ գործ կատարել կամ երկար ճանապարհ անցնել այն օրը, որը մի ժամանակ սուրբ էին համարում։ Թերևս նույնիսկ քրիստոնյա դառնալուց հետո նրանք յոթերորդ օրը հատկացնում էին հոգևոր գործունեությանը, չնայած որ Շաբաթը պահելու մասին Աստծո օրենքը այլևս ուժի մեջ չէր։ Արդյո՞ք նրանք, այդպես վարվելով, սխալ էին գործում։ Ոչ, եթե չսկսեին պնդել, թե Աստված է պահանջում պահել Շաբաթը։ Ուստի հաշվի առնելով իր քրիստոնյա եղբայրների խիղճը՝ Պողոսը գրում է. «Յուրաքանչյուր ոք թող պահի իր համոզումը» (Հռովմայեցիս 14։5բ, ԱՆԹ)։
8. Ուրիշների խիղճը հաշվի առնելով հանդերձ՝ ի՞նչ չպետք է անեին Հռոմի քրիստոնյաները։
8 Ջերմորեն քաջալերելով իր եղբայրներին համբերատար լինել այն անհատների հանդեպ, ովքեր վիճում էին խղճի վրա թողնված հարցերի շուրջ՝ Պողոսը, այնուհանդերձ, խստիվ դատապարտում է նրանց, ովքեր ստիպում էին իրենց հավատակիցներին պահել Մովսիսական օրենքը՝ իբրև փրկության հասնելու անհրաժեշտ պայման։ Օրինակ՝ մ.թ. մոտավորապես 61 թ.–ին առաքյալը գրեց «Եբրայեցիս» գիրքը՝ մի զորեղ նամակ, որն ուղղված էր հրեա քրիստոնյաներին։ Այնտեղ նա շատ պարզ բացատրեց, որ Մովսիսական օրենքին հնազանդվելը իմաստ չունի, քանի որ քրիստոնյաները շատ ավելի լավ հույս ունեն, որի հիմքը Հիսուսի քավիչ զոհաբերությունն է (Գաղատացիս 5։1–12; Տիտոս 1։10, 11; Եբրայեցիս 10։1–17)։
9, 10. Քրիստոնյաները ի՞նչ պետք է թույլ չտան իրենց։ Պարզաբանի՛ր։
9 Ինչպես տեսանք Պողոսի խոսքերից, պարտադիր չէ, որ կարծիքների տարբերությունը սպառնա միասնությանը, եթե հարցը չի վերաբերում քրիստոնեական սկզբունքների ակնհայտ խախտմանը։ Ուստի Պողոս առաքյալը տկար խիղճ ունեցող քրիստոնյաներին այսպիսի հարց է ուղղում. «Դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը»։ Իսկ ավելի ուժեղներին (ըստ երևույթին նրանց, ում խիղճը թույլ էր տալիս ուտել Օրենքով արգելված կերակուրներ կամ որևէ աշխարհիկ գործ կատարել շաբաթ օրը) առաքյալն ասում է. «Ի՞նչու ես քո եղբօրն անարգում» (Հռովմայեցիս 14։10)։ Պողոսի խոսքերի համաձայն՝ տկար խիղճ ունեցող քրիստոնյաները չպետք է դատապարտեն այն եղբայրներին, ովքեր ավելի լայն են մտածում։ Միևնույն ժամանակ, ուժեղ քրիստոնյաները չպետք է վերևից նայեն նրանց, ում խիղճը որոշ հարցերում դեռևս տկար է։ Յուրաքանչյուրը պետք է հարգի դիմացինի տեսակետը և սեփական անձի մասին «բան չ’մտած[ի] նորանից աւելի, քան թէ արժան է մտածել» (Հռովմայեցիս 12։3, 18)։
10 Պողոսը բացատրեց, թե ինչ է նշանակում հավասարակշռված տեսակետ ունենալ՝ ասելով. «Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. որովհետեւ Աստուած ընդունեց նորան»։ Առաքյալը նաև ասաց. «Քրիստոս[ն] էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար»։ Քանի որ Աստծո և Քրիստոսի համար ընդունելի են ինչպես ուժեղ, այնպես էլ տկար խիղճ ունեցող քրիստոնյաները, մենք նույնպես պետք է մեծահոգի լինենք և ‘ընդունենք իրար’ (Հռովմայեցիս 14։3; 15։7)։ Ո՞վ կարող է արդարացիորեն առարկել այս մտքին։
Եղբայրական սերը միասնություն է բերում այսօր
11. Ինչո՞վ էր Պողոսի օրերում տիրող իրավիճակն առանձնահատուկ։
11 Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը խոսում էր այն օրերում ստեղծված առանձնահատուկ իրավիճակի մասին։ Շատ ժամանակ չէր անցել այն դեպքից, երբ Եհովան չեղյալ համարեց հին ուխտը և հաստատեց նորը, ու ոմանք դժվարությամբ էին հարմարվում այդ ուխտին։ Թեպետ իրավիճակն այսօր ուրիշ է, սակայն նմանատիպ խնդիրներ ժամանակ առ ժամանակ կարող են առաջանալ։
12, 13. Ինչպիսի՞ իրավիճակներում քրիստոնյաներն այսօր կարող են ցույց տալ, որ հաշվի են առնում իրենց եղբայրների խիղճը։
12 Օրինակ՝ հնարավոր է, որ քրիստոնյա կանանցից որևէ մեկը նախկինում պատկանել է այնպիսի կրոնի, որի անդամները պետք է հասարակ հագուստ կրեն և համեստ տեսք ունենան։ Ճշմարտությունն ընդունելուց հետո նրա համար գուցե դժվար լինի հարմարվել այն մտքին, որ համապատասխան առիթով պատշաճ, վառ զգեստներ հագնելը և կոսմետիկական միջոցները չափավոր օգտագործելը ընդունելի է։ Քանի որ տվյալ դեպքում աստվածաշնչյան որևէ սկզբունք չի խախտվում, տեղին չի լինի այդ քրիստոնյա կնոջը համոզել, որ նա գործի իր խղճին հակառակ։ Մյուս կողմից՝ նա հասկանում է, որ չպետք է քննադատի քրիստոնյա այն կանանց, ում խիղճը թույլ է տալիս օգտագործել նման բաներ։
13 Քննարկենք մեկ ուրիշ օրինակ։ Քրիստոնյա տղամարդը կարող է մեծացած լինել այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ բացասաբար են վերաբերվել ալկոհոլի գործածությանը։ Ճշմարտության գիտությունը ընդունելով՝ նա տեղեկանում է, որ ըստ Աստվածաշնչի՝ գինին Աստծո կողմից տրված պարգև է, և չափավոր քանակությամբ այն կարելի է օգտագործել (Սաղմոս 104։15)։ Թեպետ նա ընդունում է այդ տեսակետը, սակայն իր ծագման պատճառով նախընտրում է ընդհանրապես չօգտագործել ալկոհոլային խմիչքներ։ Այնուամենայնիվ, այդ քրիստոնյան չի քննադատում իր այն հավատակիցներին, ովքեր չափավոր քանակությամբ նման խմիչքներ են օգտագործում։ Այդպես նա կիրառում է Պողոսի հետևյալ խոսքերը. «Ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք» (Հռովմայեցիս 14։19)։
14. Ո՞ր իրավիճակներում քրիստոնյաները կարող են կիրառել Պողոսի խորհրդի հիմքում ընկած սկզբունքը։
14 Կան նաև ուրիշ իրավիճակներ, երբ անհրաժեշտություն է առաջանում կիրառել այն խորհրդի հիմքում ընկած սկզբունքը, որ Պողոս առաքյալը ուղղեց հռոմեացիներին։ Քրիստոնեական ժողովը բաղկացած է բազմաթիվ մարդկանցից, որոնք տարբեր ճաշակներ ունեն։ Սա նշանակում է, որ նրանք կարող է տարբեր որոշումներ կայացնեն, օրինակ, հագուստի և հարդարանքի հարցում։ Ինչ խոսք, Աստվածաշնչում պարզ ներկայացված են սկզբունքներ, որոնց հետևում են բոլոր անկեղծ քրիստոնյաները։ Մեզանից ոչ ոք չպետք է կրի այնպիսի հագուստ կամ ունենա այնպիսի սանրվածք, որը տարօրինակ է, անհամեստ կամ էլ ցույց է տալիս, թե մենք պատկանում ենք աշխարհի ոգին դրսևորող մարդկանց որևէ անցանկալի խմբի (Ա Յովհաննէս 2։15–17)։ Քրիստոնյաները չեն մոռանում, որ ամեն ժամանակ, նույնիսկ հանգստանալիս, նրանք Տիեզերքի Գերիշխանի ներկայացուցիչներն ու ծառաներն են (Եսայիա 43։10; Յովհաննէս 17։16; Ա Տիմոթէոս 2։9, 10)։ Սակայն շատ ոլորտներում հնարավոր է կայացնել Աստվածաշնչի տեսանկյունից ընդունելի տարբեր որոշումներ։a
Գայթակղության առիթ մի տվեք
15. Ո՞ր դեպքերում քրիստոնյան ուրիշների բարօրության համար կարող է չանել այնպիսի բաներ, որոնք անելու իրավունք ունի։
15 Հռոմի քրիստոնյաներին ուղղված իր խորհրդում Պողոսը մեր ուշադրությանն է ներկայացնում ևս մի կարևոր սկզբունք։ Երբեմն լավ մարզված խիղճ ունեցող քրիստոնյան կարող է հրաժարվել որոշ բաներ անելուց, որոնք սխալ չեն։ Ինչո՞ւ։ Որովհետև նա գիտակցում է, որ զբաղվելով որոշակի գործունեությամբ՝ կարող է վնաս հասցնել ուրիշներին։ Ինչպե՞ս պետք է մենք վարվենք նման իրավիճակում։ Պողոսն ասում է. «Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը.... գայթակղ[վ]ում է» (Հռովմայեցիս 14։14, 20, 21)։ Ուստի «մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։ Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար» (Հռովմայեցիս 15։1, 2)։ Եթե քրիստոնյա հավատակցի խիղճը կարող է վնասվել մեր կատարած քայլից, եղբայրական սերը կմղի մեզ լինել նրբանկատ և խուսափել այդ քայլն անելուց։ Որպես օրինակ կարող ենք բերել ալկոհոլային խմիչքների գործածությունը։ Քրիստոնյային թույլատրվում է չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործել։ Սակայն եթե դա կգայթակղեցնի իր մերձավորին, նա չի պնդի, որ այդպես վարվելու իրավունք ունի։
16. Ինչպե՞ս կարող ենք նրբանկատություն դրսևորել մեր հարևանությամբ ապրող մարդկանց հանդեպ։
16 Այս սկզբունքը կարելի է կիրառել նաև քրիստոնեական ժողովի շրջանակներից դուրս։ Օրինակ՝ հնարավոր է, որ ապրում ենք այնպիսի վայրում, որտեղ տարածված կրոնը իր անդամներին ուսուցանում է շաբաթվա օրերից մեկը հանգստյան օր համարել։ Այդ դեպքում մեր հարևաններին գայթակղության մեջ չգցելու և քարոզչական գործի համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով մենք հնարավորության սահմաններում կխուսափենք տվյալ օրը անել այնպիսի բաներ, որոնք կգայթակղեին մեր հարևաններին։ Ահա մի օրինակ ևս. հարուստ քրիստոնյան կարող է տեղափոխվել այնպիսի վայր, որտեղ քարոզիչների կարիք կա, և ապրել ոչ այնքան ապահովված մարդկանց շրջանում։ Նա կարող է նրբանկատություն դրսևորել իր նոր հարևանների հանդեպ և հասարակ հագուստ կրել կամ համեստ կյանք վարել, չնայած որ իր հնարավորությունները ավելին են թույլ տալիս։
17. Որևէ հարցում որոշում կայացնելիս ինչո՞ւ խելամիտ կլինի հաշվի առնել ուրիշների խիղճը։
17 Խելամի՞տ է արդյոք ‘զորավոր’ անհատներից նման քայլեր ակնկալել։ Խորհենք հետևյալ օրինակի շուրջ. ենթադրենք՝ մայրուղով մեքենա վարելիս տեսնում ենք մի քանի երեխաների, որոնք երթևեկելի հատվածին չափազանց մոտ են քայլում։ Արդյո՞ք մենք շարունակում ենք մեքենան վարել առավելագույն արագությամբ լոկ այն պատճառով, որ նման իրավունք ունենք։ Ոչ, մենք դանդաղեցնում ենք ընթացքը, որպեսզի վնաս չհասցնենք երեխաներին։ Երբեմն «ընթացքը դանդաղեցնելու», կամ՝ զիջելու նման պատրաստակամության անհրաժեշտություն է առաջանում մեր հավատակիցների կամ ուրիշ մարդկանց հետ գործ ունենալիս։ Գուցե մենք անենք այնպիսի բան, որն անելու լիակատար իրավունք ունենք։ Դրանով մենք աստվածաշնչյան որևէ սկզբունք չենք խախտում։ Այնուամենայնիվ, եթե այդ քայլը կվիրավորի ուրիշներին կամ հոգևորապես կվնասի այն անհատներին, ում խիղճը տկար է, ապա քրիստոնեական սերը կմղի մեզ զգուշություն ցուցաբերել (Հռովմայեցիս 14։13, 15)։ Միասնություն պահպանելն ու Թագավորության շահերը առաջ տանելը ավելի կարևոր են, քան սեփական իրավունքները պաշտպանելը։
18, 19. ա) Ուրիշների հանդեպ նրբանկատություն ցուցաբերելով՝ ինչպե՞ս ենք հետևում Հիսուսի օրինակին։ բ) Ո՞ր դեպքում ենք մենք գործում լիակատար համաձայնությամբ, և ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
18 Նման կերպ վարվելով՝ մենք հետևում ենք լավագույն օրինակին։ Պողոսն ասում է. «Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան»։ Հիսուսը պատրաստ էր իր կյանքը զոհաբերել մեզ համար։ Անշուշտ, մենք էլ պատրաստ կլինենք զոհաբերել մեր իրավունքներից մի քանիսը, եթե դրանով օգնած կլինենք ‘տկարներին’ մեզ հետ միասնաբար փառաբանել Աստծուն։ Եվ իրոք, եթե տկար խիղճ ունեցող քրիստոնյաների հանդեպ լինենք մեծահոգի և համբերատար, կամ՝ պատրաստ լինենք որոշ բաներից հրաժարվելու և ոչ թե մեր իրավունքները պաշտպանելու, ապա ցույց կտանք, որ ունենք Հիսուս Քրիստոսի մտածելակերպը (Հռովմայեցիս 15։1–4, 5 ՆԱ)։
19 Թեպետ սուրբգրային սկզբունքներին չվերաբերող հարցերում մեր տեսակետները կարող են որոշ չափով տարբերվել, երկրպագության հարցում մենք գործում ենք լիակատար համաձայնությամբ (Ա Կորնթացիս 1։10)։ Այդ միասնությունը երևում է, օրինակ, այն բանից, թե ինչպես ենք վարվում ճշմարտության հակառակորդների հետ բախվելիս։ Աստծո Խոսքը այդ հակառակորդներին կոչում է օտարներ և խորհուրդ է տալիս զգուշանալ «օտարների ձայն[ից]» (Յովհաննէս 10։5)։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այդ օտարներին։ Ինչպե՞ս պետք է վարվենք ճշմարտության հակառակորդների հետ բախվելիս։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Փոքր երեխաների հագուստի ընտրությունը կատարում են ծնողները։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ անձնական հարցերում տարբեր տեսակետներ ունենալը չպետք է վտանգի միասնությունը։
• Ինչո՞ւ պետք է մենք՝ քրիստոնյաներս, սիրով հաշվի առնենք ուրիշների խիղճը։
• Ո՞ր պարագաներում այսօր կարող ենք կիրառել Պողոսի խորհուրդը միասնության վերաբերյալ, և ի՞նչը պետք է մղի մեզ այդպես վարվելու։
[նկար 9–րդ էջի վրա]
Միասնություն պահպանելու մասին Պողոսի խորհուրդը խիստ անհրաժեշտ էր ժողովի համար
[նկար 10–րդ էջի վրա]
Քրիստոնյաները միաբան են, թեպետ տարբեր ծագում ունեն
[նկար 12–րդ էջի վրա]
Ինչպե՞ս պետք է վարվի այս վարորդը