Հույսով հաստատված ենք, սիրուց՝ մղված
«Արդ՝ մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է» (Ա Կորնթացիս 13։13)։
1. Ինչի՞ մասին է մեզ զգուշացնում Պողոս առաքյալը։
ՊՈՂՈՍ առաքյալը զգուշացնում է այն վտանգի մասին, որ մեր հավատը նավի նման կարող է խորտակվել։ Նա խոսում է «հաւատք ու մաքուր խղճմտանք [ունենալու մասին], որ մէկ քանիները.... մէկդի ձգելով՝ նաւակոծութիւն կրեցին հաւատքին կողմանէ» (Ա Տիմոթէոս 1։19, Արևմտ. Աստ.)։ Մ.թ. առաջին դարում նավաշինության մեջ հիմնականում փայտ էին օգտագործում։ Նավերի լողունակությունը գլխավորապես կախված էր օգտագործված փայտի որակից և կառուցողի հմտությունից։
2. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ մեր հավատի «նավը» ամուր լինի, և դրա համար ի՞նչ է պահանջվում մեզանից։
2 Ինչ վերաբերվում է մեր հավատին, ապա պետք է, որ այն, ինչպես նավը, շարունակ «լողա» կյանքի «փոթորկալից ջրերում» (Եսայիա 57։20; Յայտնութիւն 17։15)։ Իսկ որպեսզի այդ այլաբանական «նավը» կարողանա դիմանալ և չխորտակվել, պետք է լավ կառուցված լինի, ինչը մեզանից է կախված։ Երբ հրեական և հռոմեական տերությունների «ծովերը» առաջին քրիստոնյաների համար սկսեցին խիստ մոլեգնել, Հիսուսի աշակերտ Հուդան գրեց. «Սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար» (Յուդա 20, 21)։ Հուդան նշեց նաև ‘սրբերին ավանդված հավատի’ համար պայքարելու մասին, ինչից հետևում է, որ ‘հավատի սրբություն’ արտահայտությունը վերաբերում է ողջ քրիստոնեական ուսմունքին՝ ներառյալ նաև փրկության ավետիսը (Յուդա 3)։ Քրիստոսն այս հավատի հիմքն է հանդիսանում։ Ճշմարիտ քրիստոնեական հավատին կառչած մնալու համար ամուր հավատք է պետք ունենալ։
Դիմանալ «աղանդների հանդեպ վախի» «փոթորկին»
3. Ինչպե՞ս են ոմանք օգտվել աղանդների նկատմամբ մարդկանց ունեցած վախից։
3 Վերջին տարիների ընթացքում մասսայական ինքնասպանությունների, սպանությունների և տեռորիստական հարձակումների բազմաթիվ սարսափեցնող դեպքեր են գրանցվել, որոնց մեջ իրենց մասնակցությունն են ունեցել գաղտնի աղանդների շատ անդամներ։ Շատերը, այդ թվում նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, անկեղծ մղումներից դրդված, իրենց անհանգստությունն են հայտնել անմեղ մարդկանց՝ հատկապես երիտասարդներին նման վտանգավոր աղանդներից պաշտպանելու հարցում։ Այդ սարսափելի հանցագործությունների ետևում կանգնած է «այս աշխարհի աստուածը», որը մարդկանց մեջ, այսպես կոչված, վախ է սերմանել աղանդների հանդեպ և այդ զենքն օգտագործում է Եհովայի ժողովրդի դեմ (Բ Կորնթացիս 4։4; Յայտնութիւն 12։12)։ Ոմանք օգտվում են այդ իրավիճակից և ամեն կերպ փորձում են խոչընդոտել մեր գործունեությունը։ Որոշ երկրներում հատուկ արշավներ են կազմակերպվում մարդկանց իբրև թե «վտանգավոր աղանդներից» պաշտպանելու նպատակով, սակայն այդ աղանդների մեջ սխալմամբ թվարկվում են նաև «Եհովայի վկաները», և անուղղակի կերպով մեղադրանքներ են ուղղվում մեր հասցեին։ Այդ պատճառով մի շարք եվրոպական երկրներում դժվարացել է տնետուն քարոզը, և Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք դադարեցրել են իրենց ուսումնասիրությունը։ Վերջինս էլ, իր հերթին, բացասական ազդեցություն է թողել մեր եղբայրներից ոմանց վրա։
4. Ինչո՞ւ հակառակությունները չպետք է հուսահատեցնեն մեզ։
4 Ընդդիմությունների պատճառով հուսահատվելու փոխարեն՝ մենք, ընդհակառակը, պետք է ամրացնենք մեր վստահությունն այն բանում, որ ճշմարիտ քրիստոնեությունն ենք դավանում (Մատթէոս 5։11, 12)։ Առաջին քրիստոնյաները մեղադրվում էին խռովարար աղանդ լինելու մեջ, և ‘ամենուրեք նրանց դեմ հակառակություն կար’ (Գործք 24։5; 28։22)։ Սակայն Պետրոս առաքյալը քաջալերեց իր հավատակիցներին հետևյալ խոսքերով. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։ Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք» (Ա Պետրոս 4։12, 13)։ Այս նույն միտքը հետևյալ կերպ նրանց ներկայացրեց առաջին դարի կառավարիչ մարմնի անդամներից մեկը. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի համարեցէ՛ք, երբ տեսակ–տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք» (Յակոբոս 1։2—4)։ Ինչպես փոթորկային քամիներն են փորձում նավերի ծովագնացունակությունը, այնպես էլ հակառակությունների «փոթորիկն» է ի հայտ բերում մեր հավատի «նավի» թույլ կողմերը։
Նեղությունները տոկունություն են առաջ բերում
5. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր հավատը կայուն է փորձությունների ժամանակ։
5 Քրիստոնյաները կարող են վստահ լինել, որ իրենք տոկուն են, և որ իրենց հավատը կայուն կլինի միայն այն դեպքում, եթե կարողանան դիմանալ փորձությունների «փոթորկին»։ Եվ մեր տոկունությունը ալեկոծվող «ծովերում» ‘լիությամբ կդրսևորվի’ միայն այն ժամանակ, երբ մենք ‘անթերի և կատարյալ լինենք, ոչ մի բանով պակաս չլինենք,’ այդ թվում նաև մեր հավատի հարցում։ Պողոսը գրեց. «Բոլոր դէպքերում, դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծու պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ» (Բ Կորնթացիս 6։4)։
6. Ինչո՞ւ պետք է ‘պարծենանք նեղությունների մեջ’ ընկնելիս, և ինչպե՞ս է դա ամրացնում մեր հույսը։
6 Ժամանակ առ ժամանակ մեզ հանդիպող նեղությունների «փոթորիկը» կարելի է համարել մի հնարավորություն՝ ապացուցելու համար, որ մեր հավատի «նավը» կայուն է և հուսալի։ Հռոմեացի քրիստոնյաներին Պողոսը հետևյալ խոսքերը հղեց. «Պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ Յոյսը երբեք չի ամաչեցնում» (Հռովմայեցիս 5։3—5)։ Մենք գիտենք, որ փորձությունների մեջ տոկունություն դրսևորելով՝ Եհովայի հաճությանն ենք արժանանում, ինչն էլ, իր հերթին, ամրացնում է մեր հույսը։
Ինչու են ոմանք «նավաբեկության» ենթարկվում
7. ա) Համաձայն Պողոսի խոսքերի՝ ինչպե՞ս են որոշ մարդիկ հոգևոր առումով «նավաբեկության» ենթարկվել։ բ) Ինչպե՞ս են ոմանք այսօր խոտորվում ճշմարտությունից։
7 Երբ Պողոսը զգուշացրեց «նաւաբեկութեան» ենթարկվելու վտանգի մասին, նա նկատի ուներ այն անհատներին, որոնք ‘հեռու էին վանել իրենց խիղճը’ և, արդյունքում, կորցրել հավատը (Ա Տիմոթէոս 1։19)։ Նրանց մեջ էին Հիմենոսն ու Աղեքսանդրոսը՝ հավատուրացներ, որոնք խոտորվել էին և չարախոսում էին ճշմարտության ետևից (Ա Տիմոթէոս 1։20; Բ Տիմոթէոս 2։17, 18)։ Այսօր էլ ճշմարտությունից հեռացած հավատուրացները խոսքերով խարազանում են «հաւատարիմ եւ իմաստուն ծառային», ըստ էության, խայթում են այն «ձեռքը», որը հոգևոր առումով սնուցանել է իրենց։ Ոմանք էլ նման են այն «չար ծառային», որն ասաց. «Իմ տէրը ուշանում է» (Մատթէոս 24։44—49; Բ Տիմոթէոս 4։14, 15)։ Նրանք չեն ընդունում, որ իրերի այս համակարգի վախճանը մոտ է, և մեղադրում են զգոնություն ցուցաբերող «ծառա» դասակարգին այն բանում, որ վերջինս Եհովայի ժողովրդի մեջ շարունակ հրատապության ոգի է պահպանում (Եսայիա 1։3)։ Այդ հավատուրացներին հաջողվել է ‘կործանել ոմանց հավատը’ և նրանց հոգևոր «նավաբեկության» ենթարկել (Բ Տիմոթէոս 2։18)։
8. Ինչո՞ւ է ոմանց հավատը «նավաբեկության» ենթարկվել։
8 Քրիստոնյաներից ոմանք «նավաբեկության» են ենթարկվել՝ մերժելով սեփական խիղճը և տրվելով այս աշխարհի անզուսպ ցանկություններին ու անբարո կրքերին (Բ Պետրոս 2։20—22)։ Մի քանիսի հավատի «նավն» էլ խորտակվել է այն պատճառով, որ, ինչպես իրենք են կարծում, նոր աշխարհի, այսպես ասած, «նավահանգիստը» դեռ չի երևում հորիզոնում։ Նրանք այսպիսի եզրակացության են հանգել, քանի որ չեն կարողացել ճշգրիտ որոշել մի քանի մարգարեությունների կատարման ժամանակը և, իրենց մտքում չպահելով «Տիրոջ օրը», հեռացել են ճշմարիտ երկրպագությունից (Բ Պետրոս 3։10—13; Ա Պետրոս 1։9)։ Ճշմարիտ կրոնը լքելուց հետո այդ անհատները կրկին հայտնվում են իրերի ներկա համակարգի պղտոր, անհանգիստ «ջրերում» (Եսայիա 17։12, 13; 57։20)։ Նրանցից ոմանք, ովքեր մի ժամանակ լքել են Քրիստոնեական ժողովը, այժմ էլ համոզված են, որ վերջինս ճշմարիտ կրոնն է։ Բանն այն է, որ այդ մարդիկ պարզապես չունեն Աստծո խոստացած նոր աշխարհին սպասելու համար անհրաժեշտ համբերություն ու տոկունություն։ Նրանք չեն համակերպվում այն մտքի հետ, որ Դրախտին պետք է այդքան երկար սպասել։
9. Ի՞նչ է նկատվում այսօր որոշ քրիստոնյաների վարքագծում, և ինչի՞ մասին է մտածելու տեղիք տալիս նրանց այդ վարքը։
9 Ցավալի է այն երևույթը, որ որոշ քրիստոնյաներ իջեցրել են իրենց հավատի «նավի առագաստները»։ Չնայած նրանց «նավը» դեռ լողում է, սակայն, վստահորեն առաջ գնալու փոխարեն, նրանք կարծես թե զբոսնելիս լինեն։ «Մոտալուտ Դրախտի» հույսով հրապուրված՝ նրանցից ոմանք դեռ երեկ պատրաստ էին ջանք չխնայել այնտեղ հասնելու համար. ժրաջանորեն քարոզում էին և կանոնավորաբար հաճախում ժողովի հանդիպումներին ու համաժողովներին։ Այժմ, կարծելով, որ իրենց հույսերի իրականացումը դեռևս հեռու է ակնկալածից, նրանք այլևս մտադիր չեն նույնքան ջանքեր ներդնելու, որքան պատրաստ էին նախկինում անելու։ Դա երևում է քարոզչական ծառայության մեջ ակտիվության նվազումից, ժողովի հանդիպումներին անկանոն հաճախումներից և համաժողովի ծրագրի որոշ մասերի բացթողումներից։ Ուրիշները ավելի շատ ժամանակ են նվիրում հանգստին և նյութական հարմարավետությամբ իրենց ապահովելու մասին հոգալուն։ Այս ամենը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել, թե ի՛նչը պետք է մեր կյանքում մղիչ ուժ հանդիսանա, որպեսզի ներդաշնակ լինի Եհովային մեր նվիրմանը։ Մի՞թե նրան ծառայելու մեր եռանդը պետք է կախված լինի «մոտալուտ Դրախտի» մոտիկ կամ հեռու լինելուց։
Հույսը՝ որպես խարիսխ
10, 11. Պողոսը ինչի՞ հետ համեմատեց մեր հավատը, և ինչո՞ւ է այդ համեմատությունը տեղին։
10 Պողոսը գրում է, որ Եհովան խոստացել էր օրհնություններ բերել Աբրահամի միջոցով։ Ապա առաքյալը բացատրում է. «Աստուած այս երկու բաները, խոստումն ու երդումը, որոնք անփոփոխելի են եւ որոնց կապակցութեամբ անկարելի է որ ստէ, տուաւ՝ որպէսզի մենք որ իրեն ապաւինեցանք՝ մեծապէս քաջալերուինք եւ մեզի տրուած յոյսին կառչինք։ Այդ յոյսը մեր խարիսխն է, ապահով եւ անշարժ» (Եբրայեցիս 6։17—19; ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.; Ծննդոց 22։16—18)։ Օծյալ քրիստոնյաների հույսը անմահ կյանքն է երկնքում։ Իսկ Եհովայի ծառաների մեծամասնությունը հավիտյան ապրելու չքնաղ հույսն ունի դրախտային երկրի վրա։ Առանց այս հույսի մարդը չի կարող հավատ ունենալ։
11 Խարիսխը նավը տեղում պահելու և նրա հոսընթացը կանխելու հուսալի միջոց է։ Ոչ մի նավաստի առանց խարսխի բաց ծով դուրս չի գա։ Քանի որ Պողոսը մի քանի անգամ արդեն նավաբեկման էր ենթարկվել, ուստի, սեփական փորձից ելնելով, գիտեր, որ շատ հաճախ ծովագնացների կյանքը կախված է նավի խարսխի ամուր լինելուց (Գործք 27։29, 39, 40; Բ Կորնթացիս 11։25)։ Առաջին դարում նավերը շարժիչ չունեին, որի օգնությամբ նավապետը նավը տանում է իր ընտրած ուղղությամբ։ Բացառությամբ թիավոր ռազմանավերի, մնացած նավերի ընթացքը հիմնականում կախված էր քամուց։ Եթե ժայռին բախվելու վտանգ էր սպառնում, նավապետն ընդամենը կարող էր խարիսխ ձգել և սպասել մինչև փոթորիկը հանդարտվի՝ այն հույսով, որ խարիսխը ամուր է կանգնած և չի պոկվի։ Հենց այդ պատճառով էլ Պողոսը քրիստոնյայի հույսը համեմատեց «հաստատուն եւ անշարժ խարսխի» հետ (Եբրայեցիս 6։19)։ Երբ վրա են հասնում հակառակությունների «փոթորիկները», կամ երբ ուրիշ նեղություններ ենք կրում, մեր ունեցած չքնաղ հույսը որպես խարիսխ է ծառայում մեզ համար, վստահություն ներշնչում մեր հոգիներին, այնպես որ մեր հավատի նավը հոսանքին համընթաց չի շարժվում դեպի կասկածների վտանգավոր «ծանծաղուտները» կամ հավատուրացության կործանարար «ժայռերը» (Եբրայեցիս 2։1; Յուդա 8—13, ԱԹ)։
12. Ինչպե՞ս կարելի է խուսափել Եհովայից հեռանալու վտանգից։
12 Պողոսը հրեա քրիստոնյաներին զգուշացրել էր. «Եղբայրնե՛ր, տեսե՛ք, որ հեռանալով կենդանի Աստծուց, ձեզանից որևէ մեկի սիրտը չդառնա չար ու անհավատ» (Եբրայեցիս 3։12, ՆԱ)։ Հունարենում «հեռանալ» բառի բուն իմաստն է «մի կողմ կանգնել», այսինքն՝ «ապստամբել», «ուրանալ»։ Սակայն մենք կարող ենք խուսափել այդպիսի ամբողջական «նավաբեկությունից»։ Հույսը և հավատը կզորացնեն մեզ, որպեսզի Եհովային հավատարիմ մնանք նույնիսկ փորձությունների ամենասաստիկ «փոթորիկների» ժամանակ (Բ Օրինաց 4։4; 30։19, 20)։ Մեր հավատը չի նմանվի այն նավին, որը տարուբերվում է հավատուրացների ուսմունքներից փչող քամիներից (Եփեսացիս 4։13, 14)։ Եվ հույսի «խարսխով» մենք՝ Եհովայի ծառաներս, կկարողանանք դիմանալ կյանքի ցանկացած «փոթորկին»։
Սիրուց և սուրբ հոգուց մղված
13, 14. ա) Ինչո՞ւ միայն հույսի «խարիսխն» ունենալը բավական չէ։ բ) Ի՞նչ մղումներով պետք է Եհովային սուրբ ծառայություն մատուցենք և ինչո՞ւ։
13 Քրիստոնյան չի կարող առաջ ընթանալ դեպի նոր աշխարհ, եթե Եհովային ծառայելու նրա միակ շարժառիթը դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հույսն է։ Թեև հույսի «խարիսխը» շարունակում է մնալ որպես կյանքում վստահություն ներշնչող գործոն, այնուհանդերձ, հարկավոր է այդ հույսին և հավատին ավելացնել նաև սիրո մղիչ ուժը։ Պողոսը շեշտեց դա՝ գրելով. «Արդ՝ մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է» (Ա Կորնթացիս 13։13)։
14 Եհովայի հանդեպ անկեղծ սերը՝ որպես արձագանք մեր հանդեպ ցուցաբերած նրա անսահման սիրո, մեզ պետք է մղի սուրբ ծառայություն մատուցելու նրան։ Հովհաննես առաքյալը գրում է. «Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։ Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ» (Ա Յովհաննէս 4։8, 9, 19)։ Եհովայի հանդեպ երախտագիտությունը մեզ պետք է դրդի նախ և առաջ հոգ տանել ոչ թե մեր անձնական փրկության, այլ նրա սուրբ անունը և արդար իշխանությունը ջատագովելու մասին։
15. Մեր սերը դեպի Եհովան ինչպե՞ս է կապված նրա գերիշխանության հարցի հետ։
15 Եհովան կամենում է, որ իրեն ծառայելու մղիչ ուժը չլինի միայն Դրախտում ապրելու ցանկությունը, այլև՝ իր հանդեպ ունեցած սերը։ «Գրությունների ըմբռնում» աստվածաշնչյան հանրագիտարանում (անգլ., հատոր 2, էջ 275)a կարդում ենք. «Եհովային փառաբանելը կայանում է նրանում, որ նրա գերիշխանությունը և իր ստեղծածների կողմից այդ գերիշխանությանը թիկունք կանգնելը գլխավորապես հիմնված են սիրո վրա։ Եհովային ցանկալի են միայն այն անհատները, որոնք ընդունում են այդ գերիշխանությունը Աստծո արդարության և նրա մյուս հիանալի հատկությունների համար։ Աստծուն հաճելի են նրանք, ովքեր այդ իշխանությունը գերադասում են մնացած բոլոր իշխանություններից (Ա Կորնթ. 2։9)։ Այդ մարդիկ նախընտրում են ոչ թե անկախ լինել, այլ հպատակվել այդ գերիշխանությանը, որովհետև նրանք ճանաչում են Աստծուն, ճանաչում են նրա սերը, արդարությունը և իմաստությունը, նաև հասկանում են, որ Աստծո այս հատկությունները մեծապես գերազանցում են սիրելու իրենց սեփական ունակությանը, արդարությանն ու իմաստությանը» (Սաղմոս 84։10, 11)։
16. Ինչպե՞ս կարող է Հիսուսի հանդեպ սերը կյանքում մեզ համար շարժիչ ուժ լինել։
16 Որպես քրիստոնյաներ՝ մենք սիրում ենք նաև Քրիստոսին՝ ի պատասխան մեր հանդեպ դրսևորած նրա սիրո։ Պողոսը գրում է. «Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Քրիստոսն այն հիմքն է, որի վրա կառուցվում է մեր հոգևոր կյանքը, մեր հավատն ու հույսը։ Քրիստոս Հիսուսի հանդեպ սերը պահպանում է մեր հույսը և ամրացնում մեր հավատը հատկապես փորձությունների «փոթորիկների» ժամանակ (Ա Կորնթացիս 3։11; Կողոսացիս 1։23; 2։6, 7)։
17. Ի՞նչ գործուն ուժով է Եհովան մեզ ապահովում, և ինչպե՞ս է դրա կարևորությունը ցույց տրված Գործք 1։8 և Եփեսացիս 3։16 համարներում։
17 Թեպետ Աստծո և Քրիստոսի հանդեպ սերը մնում է մեր՝ քրիստոնյաներիս գլխավոր շարժիչ ուժը, Եհովան մի բան էլ է տալիս, որն առաջ է մղում, թարմացնում և զորացնում է մեզ, որպեսզի առաջ գնանք ծառայության մեջ։ Դա նրա գործուն ուժն է կամ սուրբ հոգին (ոգին, եբրայերեն՝ ռուա՛խ)։ «Ոգի» թարգմանվող եբրայերեն և հունարեն բառերը հիմնականում օգտագործվում են օդի, ինչպես օրինակ՝ քամու ընթացքը նկարագրելու համար։ Պողոսին ծանոթ նավերը սովորաբար ընթանում էին քամու անտեսանելի ուժի օգնությամբ։ Իսկ մեզ հարկավոր է և՛ Աստծո սիրո, և՛ նրա անտեսանելի գործուն ուժի ազդեցությունը, որպեսզի մեր հավատի «նավը» կարողանա մեզ առաջ տանել Եհովայի ծառայության մեջ (Գործք 1։8; Եփեսացիս 3։16)։
Առա՛ջ դեպի մեր նպատակը
18. Ի՞նչը մեզ կօգնի հաղթահարել ապագայում մեր հավատը փորձող ցանկացած դժվարություն։
18 Մինչ ապրում ենք իրերի այս հին համակարգում, մեր սերն ու հավատը կարող են ծանր փորձությունների ենթարկվել։ Բայց Եհովան մեզ ապահովել է «հաստատուն եւ անշարժ խարսխով»՝ մեր հրաշալի հույսով (Եբրայեցիս 6։19; Հռովմայեցիս 15։4, 13)։ Երբ հակառակությունների կամ այլ փորձությունների պատճառով «ալիքները» ճնշում են մեզ, կարող ենք դիմանալ, եթե ունենք հույսի ապահով «խարիսխը»։ Երբ մի փոթորիկ հանդարտվում է, և նկատում ենք, որ հորիզոնում հայտնվում է մեկ ուրիշը, եկեք վճռականորեն կառչենք մեր հույսից և ցույց տանք մեր հավատը։
19. Ինչպե՞ս կարող ենք մեր հավատի «նավը» պահել ընտրված ուղղության վրա և հասնել Աստծո նոր աշխարհի «նավահանգստին»։
19 Կյանքի «խարսխի» մասին հիշատակելուց առաջ Պողոսը գրեց. «Ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ։ Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանուէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները» (Եբրայեցիս 6։11, 12)։ Եհովայի և իր Որդու հանդեպ սիրուց մղված՝ եկեք մեր հավատի «նավը» պահենք ճիշտ ընտրված ուղղության վրա, մինչև Աստծո խոստացած նոր աշխարհի «նավահանգստին» հասնելը։
[ծանոթագրություն]
a Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
Կրկնողություն
◻ Ի՞նչ նախազգուշացումներ արեց Պողոսը մեր հավատի վերաբերյալ։
◻ Ինչպե՞ս են ոմանք հոգևոր առումով «նավաբեկության» ենթարկվել, և ինչպե՞ս են ուրիշները դանդաղեցնում իրենց ընթացքը։
◻ Հավատից բացի՝ ուրիշ ի՞նչ լավ հատկություններ են հարկավոր։
◻ Ի՞նչը մեզ կօգնի հասնել Աստծո խոստացած նոր աշխարհի «նավահանգստին»։
[նկար 16–րդ էջի վրա]
Մեր հավատի «նավը» պետք է ամուր լինի, որպեսզի դիմանա կյանքի «փոթորիկներին»։
[նկար 17–րդ էջի վրա]
Հավատը կարող է «նավաբեկության» ենթարկվել։
[նկար 18–րդ էջի վրա]
Հույսը մեր քրիստոնեական կյանքի «խարիսխն» է։