Գլուխ 24
Մարդու ուժո՞վ, թե՞ Աստծու ոգով
ԱՅՆ հանձնարարությունը, որ Հիսուս Քրիստոսը տվել էր իր հետևորդներին, անիրագործելի էր թվում։ Թեև նրանք թվով քիչ էին, սակայն պետք է Աստծու Թագավորության բարի լուրը հռչակեին ամբողջ երկրով մեկ (Մատթ. 24։14; Գործ. 1։8)։ Այդ գործը ոչ միայն հսկայական մասշտաբների էր հասնելու, այլև պետք է կատարվեր անհաղթահարելի թվացող դժվարությունների ներքո, քանի որ Հիսուսը բացեիբաց ասել էր իր աշակերտներին, որ նրանք բոլոր ազգերի կողմից ատված և հալածված էին լինելու (Մատթ. 24։9; Հովհ. 15։19, 20)։
Չնայած ամբողջ աշխարհում Եհովայի վկաները բախվում են հակառակության, սակայն նրանք իրենց ողջ ուժերը ներդնում են, որ կատարեն այն գործը, որի մասին մարգարեացել էր Հիսուսը։ Փաստերը ցույց են տալիս, որ արդեն իսկ ապշեցուցիչ չափերի հասնող վկայություն է տրվել։ Բայց ինչի՞ շնորհիվ է դա հնարավոր եղել։ Արդյո՞ք այդ գործը կատարվել է մարդու ուժով կամ հնարամտությամբ, թե՞ Աստծու սուրբ ոգու գործունեության շնորհիվ։
Մ.թ.ա. վեցերորդ դարում Երուսաղեմում ճշմարիտ երկրպագության վերականգնման մասին աստվածաշնչյան արձանագրությունը ցույց է տալիս, որ երբեք չպետք է անտեսել Աստծու դերը նրա կամքի իրագործման մեջ։ Մեկնաբանները գուցե տեղի ունեցածի համար փորձեն այլ բացատրություն գտնել։ Սակայն ցույց տալու համար, թե ինչպես պետք է իրագործի իր նպատակը, Եհովան Զաքարիա մարգարեին մղեց գրելու. ««Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (Զաք. 4։6)։ Եհովայի վկաները համոզվածությամբ ասում են, որ Թագավորության բարի լուրի քարոզչությունն այսօր կատարվում է հենց այդպես։ Այն կատարվում է ոչ թե «զորքով»՝ զինվորական ուժերի աջակցությամբ, ոչ թե որևէ մարդու «ուժով», ոչ թե նշանավոր մարդկանց ինչ-որ խմբի ազդեցությամբ, այլ Եհովայի ոգու շնորհիվ։ Ինչի՞ վրա է հիմնված նրանց համոզվածությունը։
Չեն կանչվում մարմնավոր տեսանկյունից իմաստունները
Հունաստանում ապրող վաղ քրիստոնյաներին գրելիս Պողոս առաքյալը նշեց. «Եղբայրնե՛ր, տեսնում եք, թե ովքեր եք դուք՝ կանչվածներդ. մարմնավոր տեսանկյունից՝ շատ իմաստուններ չէ, որ կանչվեցին, ոչ էլ շատ զորավորներ և շատ ազնվատոհմ մարդիկ, այլ Աստված աշխարհի հիմարներին ընտրեց, որ իմաստուններին ամաչեցնի, Աստված աշխարհի թույլերին ընտրեց, որ ուժեղներին ամաչեցնի, Աստված ընտրեց աշխարհի անտոհմներին ու արհամարհվածներին, ոչինչ համարվողներին, որ մի բան համարվողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա Աստծու առաջ» (1 Կորնթ. 1։26–29)։
Հիսուսի առաքյալները բոլորն էլ հասարակ, աշխատավոր մարդիկ էին։ Նրանցից չորսը ձկնորս էին։ Մեկը հարկահավաք էր եղել՝ մի գործ, որն ատելի էր հրեաների համար։ Հրեա առաջնորդները առաքյալներին համարում էին «անուսում և հասարակ մարդիկ»՝ ակնարկելով, որ նրանք չէին սովորել բարձրակարգ դպրոցներում (Գործ. 4։13)։ Դա չէր նշանակում, որ քրիստոնյաների մեջ չկային բարձրագույն կամ կրոնական կրթություն ստացած անհատներ։ Պողոս առաքյալը կրթություն էր ստացել Գամաղիելի մոտ, որը հրեական Սինեդրիոնի անդամ էր (Գործ. 22։3)։ Բայց ինչպես Աստծու Խոսքն է նշում, այդպիսի անհատները շատ չէին։
Պատմությունը ցույց է տալիս, որ երկրորդ դարի հռոմեացի փիլիսոփա Ցելսոսը ծաղրուծանակի առարկա էր դարձրել այն, որ «բանվորները, կոշկակարները, հողագործները և ամենաանկիրթ և խեղկատակ մարդիկ պետք է լինեին Ավետարանի քարոզիչները» («Քրիստոնեական կրոնի և եկեղեցու պատմությունը առաջին երեք դարերի ընթացքում», Ավգուստոս Նեանդեր)։ Ի՞նչը օգնեց ճշմարիտ քրիստոնյաներին շարունակել բարի լուրը հռչակել՝ չնայած Հռոմեական կայսրության մեջ նրանց հանդեպ դրսևորված ծաղրանքին ու դաժան հալածանքին։ Հիսուսն ասել էր, որ նրանց օգնելու էր Աստծու սուրբ ոգին (Գործ. 1։8)։
Ժամանակակից Եհովայի վկաների մասին նույնպես արհամարհանքով են խոսում այն բանի համար, որ նրանք մեծամասամբ հասարակ մարդիկ են և հասարակության մեջ բարձր դիրք չեն զբաղեցնում։ Թագավորության բարի լուրը Դանիայում առաջինը քարոզողներից մեկը կոշկակար է եղել։ Շվեյցարիայում և Ֆրանսիայում առաջինը բարի լուրը քարոզել է մի այգեպան։ Աֆրիկայի շատ մասեր բարի լուրը հասել է շրջիկ աշխատողների միջոցով, իսկ Բրազիլիա՝ ծովագնացների միջոցով։ Մեծ թվով լեհ Վկաներ ածխահատներ են եղել Ֆրանսիայում։
Այս անհատները, խորապես տպավորվելով այն ամենով, ինչ սովորում էին Աստծու Խոսքից «Դիտարան ընկերության» հրատարակությունների օգնությամբ, մղվում էին իրենց սերը ցույց տալ Եհովայի հանդեպ՝ նրան հնազանդվելով։ Ուստի սկսում էին կատարել այն գործը, որը համաձայն Աստծու Խոսքի՝ պետք է անեին ճշմարիտ քրիստոնյաները։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր ծագում ունեցող մարդիկ միացել են այս գործին։ Նրանք բոլորն էլ քարոզիչներ են։
Եհովայի վկաները աշխարհում միակ կրոնական կազմակերպությունն են, որի բոլոր անդամները անձամբ վկայություն են տալիս ուրիշներին, ջանում են Աստվածաշնչով պատասխանել նրանց հարցերին և խրախուսում են նրանց վստահել Աստծու Խոսքին։ Այլ կրոնական կազմակերպություններ նույնպես ընդունում են, որ բոլոր քրիստոնյաները պետք է անեն դա։ Ոմանք նույնիսկ փորձել են խրախուսել իրենց եկեղեցու անդամներին քարոզել։ Բայց միայն Եհովայի վկաներն են, որ շարունակաբար կատարում են այդ գործը։ Ո՞ւմ առաջնորդությունը, ո՞ւմ խորհուրդները, սիրառատ աջակցություն ցույց տալու ո՞ւմ հավաստիացումը և ո՞ւմ խոստումներն են մղում նրանց կատարելու այդ գործը, որից խուսափում են ուրիշները։ Հարցրեք նրանց ինքներդ։ Որ երկրում էլ որ նրանք ապրելիս լինեն, կպատասխանեն՝ Եհովայի։ Ուրեմն ո՞ւմ պետք է տրվի ողջ փառքը։
Հրեշտակների դերը
Նկարագրելով այն իրադարձությունները, որ պետք է տեղի ունենային այս աշխարհի վերջին օրերում՝ Հիսուսը նշեց, որ արդարությունը սիրողներին հավաքելու գործին միայն երկրի վրա գտնվող իր հետևորդները չէին մասնակցելու։ «Մատթեոս» գրքի 13-րդ գլխում, խոսելով երկնային Թագավորության ժառանգակիցների վերջին անդամներին հավաքելու մասին, Հիսուսն ասաց. «Հնձվորները հրեշտակներն են»։ Որքա՞ն մեծ էր լինելու այն «արտը», որտեղից հրեշտակները պետք է հավաքեին «թագավորության որդիներին»։ Հիսուսը բացատրում է. «Արտը աշխարհն է»։ Ուստի այդ անհատներին հարկավոր էր հավաքել աշխարհի ամենահեռավոր անկյուններից։ Դա իսկապես տեղի ունեցե՞լ է (Մատթ. 13։24–30, 36–43)։
Այո՛, տեղի է ունեցել։ Թեև 1914-ին, երբ սկսվեցին վերջին օրերը, Աստվածաշունչ ուսումնասիրողները ընդամենը մի քանի հազար հոգի էին, սակայն Թագավորության բարի լուրը, որ նրանք հռչակում էին, արագորեն հասավ մինչև երկրի ծայրերը։ Արևելքի երկրներում, Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև բազմաթիվ կղզիներում տարբեր անհատներ որոշեցին ծառայել Աստծու Թագավորության շահերին և միավորվեցին մեկ միասնական կազմակերպության մեջ։
Այդպիսի անհատներից էր Բերտ Հորտոնը Արևմտյան Ավստրալիայից, որը լսեց Թագավորության բարի լուրը։ Նա չէր հետաքրքրվում այն կրոններով, որ իրեն ծանոթ էին։ Նա զբաղվում էր քաղաքականությամբ և արհմիութենական գործունեությամբ։ Երբ նրա մայրը տվեց նրան «Դիտարան ընկերության» հրատարակություններից մեկը՝ «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը, նա սկսեց այն կարդալ Աստվածաշնչի հետ միասին և հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։ Նա անմիջապես սկսեց իր իմացածի մասին պատմել իր աշխատակիցներին։ Երբ նրան հաջողվեց գտնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին, ուրախությամբ սկսեց ընկերակցել նրանց հետ և 1922-ին մկրտվեց։ Այնուհետև սկսեց ծառայել լիաժամ և պատրաստակամություն հայտնեց ծառայելու այնտեղ, ուր կուղարկի իրեն Եհովայի կազմակերպությունը։
Երկրագնդի մյուս հատվածում Ու. Ռ. Բրաունը, որն արդեն քարոզում էր Կարիբյան ծովի կղզիներում, 1923-ին մեկնեց Աֆրիկա՝ Թագավորության բարի լուրը այնտեղ տարածելու համար։ Նա անձնական առաքելություն կատարող անկախ քարոզիչ չէր, այլ համագործակցում էր Եհովայի կազմակերպության հետ։ Նա ցանկություն հայտնեց ծառայելու այնտեղ, որտեղ կարիք կար, և հետևելով գլխավոր վարչության առաջնորդությանը՝ սիրով ընդունեց Արևմտյան Աֆրիկայում ծառայելու նշանակումը։ Եղբայր Բրաունը օգնեց այն անհատներին, որոնց նա անձամբ քարոզել էր, որ նրանք նույնպես հասկանան, թե որքան կարևոր է Եհովայի կազմակերպության հետ սերտորեն համագործակցելը։
Բարի լուրը հասավ նաև Հարավային Ամերիկա։ Հերման Զեգելկենը Մենդոսայից (Արգենտինա) վաղուց գիտեր կաթոլիկ և բողոքական եկեղեցիների կեղծավորության մասին։ Բայց 1929-ին նա լսեց Թագավորության բարի լուրը, սիրով ընդունեց այն և սկսեց այդ մասին պատմել ուրիշներին՝ միության մեջ լինելով Եհովայի ժողովրդի հետ։ Նման դեպքեր տեղի են ունեցել ամբողջ աշխարհում։ Շատ մարդիկ «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից», որոնք ապրում էին աշխարհի տարբեր մասերում և ունեին տարբեր ապրելակերպ, ոչ միայն լսում էին բարի լուրը, այլև սկսում էին ծառայել Աստծուն։ Նրանք միավորվել են մեկ միասնական կազմակերպության մեջ, որ կատարեն այն գործը, որ Հիսուսը մարգարեացել էր մեր ժամանակների համար (Հայտն. 5։9, 10)։ Ինչի՞ շնորհիվ է կատարվում դա։
Աստվածաշունչը հայտնում է, որ այդ գործում մեծ դեր էին ունենալու Աստծու հրեշտակները։ Դրա շնորհիվ Թագավորության մասին լուրը, երկնային շեփորի հզոր ձայնի նման, հնչելու էր ամբողջ աշխարհում։ 1935-ին այդ լուրը արդեն հասել էր 149 երկրներ՝ հյուսիսում, հարավում, արևելքում և արևմուտքում, աշխարհի մի ծայրից մյուսը։
Սկզբնական շրջանում միայն «փոքր հոտն» էր անկեղծ գնահատանք ցուցաբերում Աստծու Թագավորության հանդեպ և պատրաստակամորեն ծառայում նրա շահերին։ Այդ մասին նախապես ասվել էր Աստվածաշնչում։ Այժմ նրանց հետ համագործակցում է տարբեր ազգերից հավաքված «մեծ բազմությունը», որի անդամների թիվը հասնում է միլիոնների և շարունակում է աճել։ Այդ մասին նույնպես նախօրոք գրվել էր Աստծու Խոսքում (Ղուկ. 12։32; Հովհ. 10։16; Հայտն. 7։9, 10)։ Եհովայի վկաների մասին չի կարելի ասել, թե նրանք միայն ասում են, որ նույն կրոնն են դավանում, բայց իրականում պառակտված են այնպիսի հայացքների ու փիլիսոփայությունների պատճառով, որոնք մասնատում են ողջ աշխարհը։ Նրանք ոչ թե պարզապես խոսում են Աստծու Թագավորության մասին, բայց իրականում ապավինում մարդկային կառավարություններին, այլ լիովին հնազանդվում են Աստծուն՝ որպես ղեկավարի, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի իրենց կյանքը վտանգի ենթարկել։ Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ Աստծուց վախեցող և նրան փառք տվող այդ մարդկանց հավաքելու գործը կատարվելու էր հրեշտակների առաջնորդությամբ (Հայտն. 14։6, 7)։ Վկաները լիովին համոզված են, որ այդ գործը այդպես էլ կատարվում է։
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ծառայության ժամանակ նրանք հստակորեն տեսել են հրեշտակների առաջնորդությունը։ Օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) մի կիրակի օր Վկաների մի խումբ արդեն ավարտում էր տնետուն ծառայությունը, երբ նրանցից մեկն ասաց. «Ես ուզում եմ մի քիչ էլ ծառայել։ Չգիտեմ՝ ինչու, ուզում եմ այն դուռը թակել»։ Խմբի պատասխանատուն առաջարկեց մեկ ուրիշ անգամ գալ այդտեղ, բայց քարոզիչը խնդրեց, որ ամեն դեպքում թակեն այդ դուռը։ Դուռը բաց արեց մի կին, որն արտասվելով ասաց, որ հենց նոր Աստծուց օգնություն էր խնդրում։ Նախկինում նա զրուցել էր Վկաների հետ, սակայն բարի լուրը նրան չէր հետաքրքրել։ Բայց ամուսնու հանկարծակի մահից հետո նա հասկացել էր, որ հոգևոր օգնության կարիք ունի։ Նա փնտրել էր Թագավորության սրահը, բայց ապարդյուն։ Աղոթքով Աստծուց օգնություն էր աղերսել, և այժմ այդ օգնությունը իր առջև էր։ Կարճ ժամանակ անց այդ կինը մկրտվեց։ Նա համոզված էր, որ Աստված լսել է իր աղոթքը և պատասխանել է (Սաղ. 65։2)։
Նյու Յորքում ապրող մի գերմանացի քույր կանոնավորաբար Աստծուց առաջնորդություն էր խնդրում ծառայության գնալիս։ Շաբաթներ շարունակ նա հետաքրքրություն ցույց տված մի կնոջ էր փնտրում փողոցում, քանի որ չգիտեր, թե որտեղ է նա ապրում։ Դա 1987 թվականն էր։ Մի օր երբ քույրը պետք է գնար ծառայության, աղոթեց. «Եհովա, դու գիտես, թե որտեղ է նա։ Խնդրում եմ, օգնիր, որ գտնեմ նրան»։ Մի քանի րոպե անց նա տեսավ այդ կնոջը՝ ռեստորանում նստած։
Դա լոկ պատահականությո՞ւն էր։ Աստվածաշունչն ասում է, որ ճշմարիտ քրիստոնյաները «Աստծու համագործակիցներն են», և որ հրեշտակները ուղարկվում են «ծառայելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» (1 Կորնթ. 3։9; Եբր. 1։14)։ Երբ Վկան պատմեց այդ կնոջը, թե ինչպես էր գտել նրան, կինը ընդունեց քրոջ հրավերը, որ այդ նույն օրը՝ ավելի ուշ, հանդիպեն և շարունակեն իրենց զրույցը Աստվածաշնչի վերաբերյալ։
Բարի լուրը հասնում է «անհասանելի վայրեր»
Եհովայի վկաները շարունակաբար ջանքեր են գործադրել, որպեսզի Թագավորության բարի լուրը հասնի բոլոր երկրներ։ Սակայն նրանց ջանքերը չէին միայն պատճառը, որ բարի լուրը քարոզվել է ամբողջ աշխարհում։ Վկաները տեսել են, թե ինչպես է Թագավորության բարի լուրը տարածվում այնպիսի վայրերում, որտեղ նախկինում չեն կարողացել քարոզչական գործունեություն իրականացնել՝ չնայած ձեռնարկված բազում միջոցներին։
Օրինակ՝ 1920-ականներին և 1930-ականներին Վկաները բազմիցս դիմումներ են ներկայացրել Խորհրդային Միության կառավարությանը, որպեսզի թույլտվություն ստանան աստվածաշնչյան գրականություն ներմուծելու կամ երկրում տպագրելու համար։ Բայց ամեն անգամ մերժում էին ստանում։ Խորհրդային Միությունում քիչ թվով Վկաներ կային, բայց ավելի շատ օգնության կարիք կար իրականացնելու համար քարոզչական գործը, որի մասին մարգարեացվել էր Աստծու Խոսքում։ Հնարավո՞ր էր արդյոք որևէ բան անել այդպիսի օգնություն տրամադրելու համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Լեհաստանի արևելյան մասում ապրող հազարից ավելի Եհովայի վկաներ, մյուս մարդկանց պես, հայտնվեցին Խորհրդային Միության տարածքում։ Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարում հարյուրավոր երիտասարդ ռուս կանայք ծանոթացել էին իրենց հետ բանտարկված Եհովայի վկաների հետ։ Այս կանանցից ոմանք այդ ժամանակ նվիրվել էին Եհովային, իսկ հետագայում վերադարձել էին Խորհրդային Միության տարբեր տարածքներ։ Հարյուրավոր ուրիշ անհատներ նույնպես հայտնվեցին Խորհրդային Միության տարածքում, երբ պատերազմի ընթացքում փոխվեցին երկրների սահմանները։ Ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որը Խորհրդային կառավարությունը չէր նախատեսել։ Այդպիսի բան չէր պլանավորել նաև Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը։ Բայց դրա շնորհիվ իրականացավ այն, ինչի մասին մարգարեացվել էր Աստծու ներշնչյալ Խոսքում։ Այդ իրադարձությունների մասին «Դիտարանում» ասվում էր. «Այսպիսով մենք տեսնում ենք, որ Տերն իր կանխատեսումով կարող է այնպես անել, որ Վկաներ ունենա ցանկացած երկրում, որպեսզի ճշմարտությունը լույսը շողա և Եհովայի անունը հայտնի դառնա» (1946, փետրվարի 1)։
Միայն մեկ երկրում չէր, որ Եհովայի վկաներին ասել էին՝ «դուք չեք կարող մտնել մեր երկիր», կամ «դուք չեք կարող քարոզել այստեղ»։ Դա պատահել է կրկին ու կրկին բազմաթիվ երկրներում, և հաճախ պատճառը եղել է այն, որ հոգևորականությունը ճնշում է բանեցրել պետական իշխանությունների վրա։ Այդ երկրներից մի քանիսում Եհովայի վկաները հետագայում օրինական ճանաչում ստացան։ Բայց մինչ այդ հազարավոր մարդիկ այդ տարածքներում սկսել էին երկրպագել Եհովային՝ երկնքի ու երկրի Արարչին։ Ինչպե՞ս էր դա տեղի ունեցել։
Աստվածաշունչը տալիս է այդ հարցի հստակ պատասխանը. Աստծու հրեշտակները շատ մեծ դեր են խաղում ամեն ազգերի մարդկանց հետևյալ կարևոր կոչը հայտնելու գործում. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը, ուստի երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և ջրի աղբյուրները» (Հայտն. 14։6, 7)։
Հաջողություն՝ չնայած ահռելի դժվարություններին
Որոշ երկրներում ոչ միայն արգելքներ են դրվել Եհովայի վկաների գործունեության վրա, այլև ջանքեր են գործադրվել նրանց ամբողջությամբ ոչնչացնելու համար։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգներում և Կանադայում հոգևորականները միահամուռ ուժերով ջանում էին վերջ դնել Աստվածաշունչ ուսումնասիրողների (այդպես էին կոչվում Եհովայի վկաները այն ժամանակ) գործունեությանը։ Դա արձանագրված փաստ է։ Թեև օրենքով երաշխավորվում էր խոսքի և կրոնի ազատությունը, սակայն հոգևորականները ճնշում էին բանեցնում պետական պաշտոնյաների վրա, որպեսզի Աստվածաշունչ ուսումնասիրողների գրականությունը արգելվի։ Շատերին ձերբակալում էին և թույլ չէին տալիս ազատվել գրավի դիմաց։ Ոմանց դաժանորեն ծեծում էին։ Տեղի ունեցան դատավարություններ, և «Դիտարան ընկերության» ղեկավարները և նրանց ընկերակիցները դատապարտվեցին երկարաժամկետ բանտարկության, բայց այդ դատավարությունները հետագայում անօրինական համարվեցին։ Ռեյ Աբրամսը իր՝ «Քարոզիչները՝ զենքերը ձեռքներին» գրքում ասում է. «Ողջ իրավիճակը քննելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ հենց սկզբից եկեղեցիներն ու հոգևորականությունն են կանգնած եղել ռասելականներին [հոգևորականներն արհամարհանքով այդպես էին կոչում Աստվածաշունչ ուսումնասիրողներին] ոչնչացնելու ջանքերի հետևում» (Preachers Present Arms)։ Բայց պատերազմից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողները կրկին, այս անգամ ավելի մեծ եռանդով սկսեցին հռչակել Եհովայի նշանակած Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին, և նրա Թագավորությունը։ Ի՞նչի շնորհիվ նրանք այդպիսի եռանդով լցվեցին։ Աստվածաշունչը մարգարեացել էր, որ այդպիսի բան տեղի էր ունենալու, և որ դա լինելու էր այն բանի շնորհիվ, որ «Աստված կյանքի ոգի էր դնելու նրանց մեջ» (Հայտն. 11։7–11)։
Երբ Գերմանիայում իշխանության գլուխ անցան նացիստները, Եհովայի վկաների դեմ հալածանքը սաստկացավ այն երկրներում, որոնք անցան նացիստների իշխանության տակ։ Շատերը ձերբակալվում էին և դաժան վերաբերմունքի ենթարկվում։ Նրանց գործունեության վրա արգելք էր դրվում։ Ի վերջո, 1934-ի հոկտեմբերին Գերմանիայի բոլոր ժողովները գրանցված նամակներ ուղարկեցին կառավարությանը՝ հստակորեն նշելով, որ քաղաքական նպատակներ չեն հետապնդում, այլ վճռել են բոլոր հարցերում Աստծուն հնազանդվել որպես ղեկավարի։ Միևնույն ժամանակ ամբողջ աշխարհի Եհովայի վկաների ժողովները հեռագրեր ուղարկեցին Գերմանիայի կառավարությանը՝ ի պաշտպանություն իրենց քրիստոնյա եղբայրների։
Այդ նույն օրը՝ 1934-ի հոկտեմբերի 7-ին, Ադոլֆ Հիտլերը Բեռլինում Վիլհելմ Ֆրիկի գրասենյակում, բռունցքները սեղմած, ասաց Վկաների մասին. «Այս անիծյալ սերունդը պետք է վերանա Գերմանիայից»։ Դա լոկ սպառնալիք չէր։ Համատարած ձերբակալություններ սկսվեցին։ Պրուսիայի պետական գաղտնի ոստիկանության 1936-ի հունիսի 24-ի մի գաղտնի տեղեկատվության համաձայն՝ ստեղծվեց «գեստապոյի հատուկ ջոկատ»՝ Վկաների դեմ պայքարելու համար։ Մանրակրկիտ պատրաստություն տեսնելուց հետո գեստապոն սկսեց իր արշավը, որի նպատակն էր ձերբակալել բոլոր Եհովայի վկաներին և նույնիսկ նրանց, ովքեր գեստապոյի կարծիքով՝ Վկա էին։ Այդ արշավին մասնակցում էր ողջ ոստիկանությունը՝ մոռացության մատնելով հանցագործներին։
Տվյալները ցույց են տալիս, որ վերջնական արդյունքում մոտ 6262 գերմանացի Վկաներ ձերբակալվեցին։ Կարլ Վիտիգը՝ Գերմանիայի նախկին պետական պաշտոնյաներից մեկը, որը նույնպես բանտարկվել էր և եղել մի քանի համակենտրոնացման ճամբարներում, հետագայում գրեց. «Բանտարկյալների ուրիշ ոչ մի խումբ.... այդպիսի սադիզմի չի ենթարկվել էսէսականների կողմից, որպիսին Աստվածաշունչ ուսումնասիրողները։ Դա դրսևորվում էր ֆիզիկական և հոգեբանական անվերջանալի կտտանքներով, որոնք հնարավոր չէ նկարագրել աշխարհի որևէ լեզվով»։
Արդյոք նացիստների ծրագիրը հաջողվե՞ց։ Քրիստին Քինգը իր գրքում նշեց. «Կառավարությունը հաջողության չհասավ միայն Վկաների դեմ ուղղված պայքարում [ի տարբերություն մյուս կրոնական խմբերի]»։ Հիտլերը երդվել էր ոչնչացնել նրանց, և հարյուրավորներ սպանվեցին։ Բայց ինչպես նշում է Քրիստին Քինգը, «[Աստծու Թագավորության մասին քարոզելու] գործը շարունակվեց, և 1945-ի մայիսին Եհովայի վկաների շարժումը դեռ գոյություն ուներ, մինչդեռ նացիոնալ-սոցիալիզմը՝ ոչ.... Վկաները որևէ փոխզիջման չգնացին» (The Nazi State and the New Religions։ Five Case Studies in Non-Conformity, 1982)։ Ինչո՞ւ Հիտլերը, ունենալով զինված բանակ, լավ պատրաստված ոստիկանություն և բազմաթիվ մահվան ճամբարներ, չկարողացավ իրագործել իր սպառնալիքը՝ ոչնչացնել այս համեմատաբար փոքր ու անզեն մարդկանց խմբին, որոնց աշխարհը համարում է հասարակ մարդիկ։ Ինչո՞ւ ուրիշ պետություններ չեն կարողացել կանգնեցնել նրանց գործունեությունը։ Ինչի՞ շնորհիվ են Եհովայի վկաները՝ որպես ժողովուրդ և ոչ թե միայն հատուկենտ անհատներ, հաստատուն մնացել դաժան հալածանքների ներքո։
Այդ հարցերի պատասխանը կարելի է գտնել Օրենքի ուսուցիչ Գամաղիելի խոսքերում, որ նա ուղղեց հրեական Սինեդրիոնի մյուս անդամներին, երբ նրանք քննում էին նման մի հարց, որն առնչվում էր Հիսուս Քրիստոսի առաքյալներին։ Նա ասաց. «Ձեռք մի՛ տվեք այս մարդկանց և հանգի՛ստ թողեք նրանց (որովհետև եթե այս մտադրությունը կամ այս գործը մարդկանցից է, կխափանվի, բայց եթե Աստծուց է, չեք կարողանա խափանել դրանք), այլապես միգուցե Աստծու դեմ կռվողներ էլ դառնաք» (Գործ. 5։38, 39)։
Այսպիսով պատմական փաստերը ցույց են տալիս, որ անհնարին թվացող առաջադրանքը, որ Հիսուսը հանձնարարել էր իր հետևորդներին, որ նրանք պետք է կատարեին՝ չնայած ահռելի դժվարություններին, կատարվում է ոչ թե մարդու ուժով, այլ Աստծու ոգով։ Հիսուսն ինքն էլ աղոթքում ասաց. «Հա՛յր, քեզ համար ամեն բան հնարավոր է» (Մարկ. 14։36)։
[մեջբերում 547-րդ էջի վրա]
«Իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան
[մեջբերում 548-րդ էջի վրա]
Ի՞նչը օգնեց նրանց շարունակել քարոզչությունը՝ չնայած ծաղրանքին ու դաժան հալածանքին
[մեջբերում 549-րդ էջի վրա]
Հրեշտակների ակնհայտ առաջնորդություն
[մեջբերում 551-րդ էջի վրա]
Տերը կարող է այնպես անել, որ Վկաներ ունենա ցանկացած երկրում
[մեջբերում 553-րդ էջի վրա]
Միասնական ժողովուրդ, որը հաստատուն է մնացել հավատի մեջ՝ չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին