Ամեն ինչ արա, որ ամրացնես ամուսնությունդ
«Ամուսնացածներին հրահանգներ եմ տալիս, բայց ոչ թե ես, այլ Տերը» (1 ԿՈՐՆԹ. 7։10)։
ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ
Ի՞նչ է նշանակում այն, որ Աստված է ամուսնացողներին միավորում մեկ լծի տակ։
Ինչպե՞ս կարող են երեցները օգնել այն քրիստոնյաներին, ովքեր ամուսնական խնդիրներ ունեն։
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ամուսնությանը։
1. Ի՞նչ տեսակետ ունեն քրիստոնյաները ամուսնության վերաբերյալ և ինչո՞ւ։
ԱՄՈՒՍՆԱՆԱԼԻՍ քրիստոնյաները երդում են տալիս Աստծու առաջ. նրանք ստանձնում են պատասխանատվություն, որին չի կարելի թեթևամտությամբ վերաբերվել (Ժող. 5։4–6)։ Եհովան, լինելով ամուսնության Հիմնադիրը, ամուսնացողներին «միավորում է մեկ լծի տակ» (Մարկ. 10։9)։ Ուստի ինչպիսին էլ որ լինեն ամուսնության վերաբերյալ երկրի օրենքները, Աստծու աչքին ամուսինները միավորված են մեկ լծի տակ։ Եհովայի ծառաները ամուսնությունը պետք է համարեն կապող միություն, անկախ նրանից՝ ամուսնանալիս Աստծու ծառա են եղել, թե ոչ։
2. Ի՞նչ հարցեր կքննենք այս հոդվածում։
2 Հաջող ամուսնությունը կարող է մեծ երջանկություն պարգևել։ Սակայն ի՞նչ կարելի է անել, եթե ամուսնական կապը թուլացել է։ Հնարավո՞ր է ամրացնել այն։ Ի՞նչը կօգնի նրանց, ում խաղաղ ամուսնական կյանքին վտանգ է սպառնում։
ՈՒՐԱԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
3, 4. Ի՞նչ կարող է լինել, եթե անհատը կողակից ընտրելիս անխոհեմ որոշումներ կայացնի։
3 Երբ քրիստոնյաների ամուսնությունը հաջող է լինում, այն ուրախություն է պարգևում և փառք է բերում Եհովային, իսկ հակառակ դեպքում՝ ամենաքիչը մեծ տխրություն է պատճառում։ Ամուրի քրիստոնյան, որը մտածում է ամուսնանալու մասին, հետևելով Աստծու տված առաջնորդությանը՝ կարող է լավ սկիզբ դնել ամուսնությանը։ Իսկ եթե անհատը անխոհեմ որոշումներ է կայացնում կողակից ընտրելիս, կարող է անբավարարվածության զգացում ունենալ և տրտմել։ Որոշ երիտասարդներ սկսում են ժամադրվել, երբ դեռևս պատրաստ չեն ամուսնական պարտականություններ ստանձնելու։ Ոմանք իրենց ապագա կողակցին գտնում են ինտերնետով և շտապ ամուսնանում են. դրա հետևանքը լինում է դժբախտ ընտանեկան կյանքը։ Ուրիշներն էլ լուրջ մեղք են գործում ընկերության շրջանում և իրենց ամուսնական կյանքը սկսում են՝ միմյանց հանդեպ քիչ հարգանք ունենալով։
4 Որոշ քրիստոնյաներ ամուսնանում են այնպիսի անհատների հետ, որոնք «Տիրոջ հետևորդ» չեն, և կրում են այն ցավալի հետևանքները, որ հաճախ լինում են կրոնապես բաժանված ընտանիքում (1 Կորնթ. 7։39)։ Եթե նման իրավիճակում ես, աղոթիր Աստծուն, որ ների և օգնի քեզ։ Նա չի վերացնում անցյալում անհատի գործած սխալների հետևանքները, բայց օգնում է զղջացողներին, որ տոկան դժվարությունների ներքո (Սաղ. 130։1–4)։ Ամբողջ սրտով ջանա հաճեցնել նրան հիմա և հավիտյան, ու «Եհովայի ուրախությունը քո ամրոցը» կլինի (Նեեմ. 8։10)։
ԵՐԲ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՊԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
5. Դժբախտ ամուսնության դեպքում ո՞ր մտածելակերպից պետք է խուսափել։
5 Այն անհատները, ում համար ամուսնությունը բեռ է դարձել, գուցե մտածեն. «Արժե՞ արդյոք փրկել իմ դժբախտ ամուսնությունը։ Երանի՜ թե կարողանայի հետ տալ ժամանակը և ուրիշ կողակից ընտրել»։ Նրանք թերևս երազեն ամուսնական լծից դուրս գալու մասին. «Երանի՜ ազատ լինեի։ Ինչո՞ւ չբաժանվեմ։ Նույնիսկ եթե աստվածաշնչյան հիմք չունեմ բաժանվելու համար, չե՞մ կարող առանձին ապրել ու նորից վայելել կյանքը»։ Այսպես մտածելու կամ երազանքների գիրկն ընկնելու փոխարեն՝ քրիստոնյաները պետք է ամեն ջանք թափեն շտկելու իրենց իրավիճակը՝ Աստծու առաջնորդությունը փնտրելով և դրան հետևելով։
6. Բացատրի՛ր Մատթեոս 19։9-ում արձանագրված Հիսուսի խոսքերը։
6 Եթե քրիստոնյան ամուսնալուծվում է, գուցե աստվածաշնչյան հիմք չունենա վերամուսնանալու համար։ Հիսուսն ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։9)։ Այստեղ «պոռնկության» մեջ մտնում է շնությունը և սեռական այլ լուրջ մեղքեր։ Եթե ամուսնալուծվելու վերաբերյալ որևէ միտք է ծագում քրիստոնյայի մոտ, երբ կողակիցներից ոչ մեկը անբարոյություն չի գործել, շատ կարևոր է աղոթքով դիմել Աստծուն։
7. Ուրիշները գուցե ի՞նչ մտածեն, եթե քրիստոնյայի ամուսնությունը քայքայվի։
7 Երբ ամուսնությունը քայքայվում է, կասկածներ են առաջ գալիս ամուսինների հոգևոր վիճակի վերաբերյալ։ Պողոս առաքյալը հետևյալ լուրջ հարցը բարձրացրեց. «Եթե որևէ մեկը չգիտի, թե ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին» (1 Տիմոթ. 3։5)։ Եթե քրիստոնյա զույգը բաժանվի, շրջապատի մարդիկ գուցե մտածեն, որ նրանք իրականում չեն կիրառում այն, ինչ քարոզում են (Հռոմ. 2։21–24)։
8. Ո՞րն է քրիստոնյա զույգի սխալը, եթե որոշում է բաժանվել։
8 Եթե մկրտված ամուսինները, չունենալով աստվածաշնչյան հիմք, որոշում են առանձին ապրել կամ ամուսնալուծվել, ապա, անկասկած, հոգևորի հետ կապված խնդիրներ ունեն։ Ակներևաբար, նրանցից մեկը կամ երկուսն էլ չեն կիրառում սուրբգրային սկզբունքները։ Եթե նրանք իսկապես «ամբողջ սրտով Եհովային ապավինեին», դժվար թե մտածեին, թե չեն կարող խուսափել բաժանությունից (կարդա՛ Առակներ 3։5, 6)։
9. Ինչպե՞ս են որոշ քրիստոնյաներ վարձատրվել այն բանի համար, որ համբերատարորեն ջանացել են փրկել իրենց ամուսնությունը։
9 Բազմաթիվ ամուսնություններ, որոնք կործանման եզրին են եղել, ժամանակի ընթացքում հասել են երջանկության։ Այն քրիստոնյաները, ովքեր ամուսնական կյանքում խնդիրներ ունեն, բայցևայնպես չեն շտապում լքել իրենց կողակցին, հաճախ մեծապես վարձատրվում են։ Նկատի առնենք, թե ինչ կարող է տեղի ունենալ կրոնապես բաժանված ընտանիքում։ Պետրոս առաքյալը գրեց. «Այդպես էլ դուք, կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ տեսնելով ձեր մաքուր վարքն ու խոր հարգանքը» (1 Պետ. 3։1, 2)։ Այո՛, իր կողակցի լավ վարքի շնորհիվ ոչ քրիստոնյան կարող է ընդունել ճշմարտությունը։ Քրիստոնյաները, ովքեր փրկում են իրենց ամուսնությունը, փառք են բերում Աստծուն և կարող են օրհնություն լինել իրենց կողակցի ու երեխաների համար։
10, 11. Ի՞նչ անսպասելի խնդիրներ կարող են ծագել ամուսնության մեջ, բայց ինչո՞ւմ քրիստոնյան կարող է վստահ լինել։
10 Ցանկանալով հաճեցնել Եհովային՝ բազում ամուրի քրիստոնյաներ իրենց համար կողակից են ընտրում Աստծու նվիրված ծառաներից։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հանգամանքները կարող են անսպասելի ընթացք ստանալ։ Որոշ դեպքերում հնարավոր է՝ կողակիցներից մեկի մոտ լուրջ էմոցիոնալ խնդիրներ առաջ գան։ Կամ ամուսնությունից հետո ժամանակի ընթացքում կողակիցը կարող է ոչ ակտիվ քարոզիչ դառնալ։ Օրինակ՝ Լինդանa, որը նախանձախնդիր քրիստոնյա է ու նվիրված մայր, իրեն անզոր էր զգում, երբ մկրտված ամուսինը կանգնեց սխալ ճանապարհի վրա, իր մեղքի համար չզղջաց և զրկվեց ընկերակցությունից։ Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, երբ թվում է, թե նմանատիպ պատճառով իր ամուսնական միությունը անհուսալի վիճակում է հայտնվել։
11 «Պե՞տք է ամեն կերպ փրկեմ ամուսնությունս»,— գուցե հարցնես ինքդ քեզ։ Ոչ ոք չի կարող և չպետք է քո փոխարեն որոշում կայացնի։ Այնուամենայնիվ, հիմնավոր պատճառներ կան չհանձնվելու և ջանալու ամրացնել խարխլված ամուսնությունը։ Աստվածավախ տղամարդը կամ կինը, որը Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալու համար համբերությամբ տանում է ամուսնական կյանքի դժվարությունները, թանկ է նրա աչքում (կարդա՛ 1 Պետրոս 2։19, 20)։ Եհովան իր Խոսքի և սուրբ ոգու միջոցով կօրհնի քրիստոնյայի անկեղծ ջանքերը, որ նա թափում է իր ամուսնական միությունն ամրացնելու համար։
ՆՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ
12. Երեցներն ինչպե՞ս կվերաբերվեն մեզ, եթե նրանցից օգնություն խնդրենք։
12 Երբ ամուսնական խնդիրներ ես ունենում, մի՛ վարանիր հոգևոր օգնություն խնդրել հասուն քրիստոնյաներից։ Երեցները ծառայում են որպես հոտի հովիվներ և ուրախ կլինեն քեզ օգնելու՝ ուշադրությունդ հրավիրելով սուրբգրային խորհուրդների վրա (Գործ. 20։28; Հակ. 5։14, 15)։ Մի՛ մտածիր, թե երեցներից հոգևոր օգնություն խնդրելով և ձեր ընտանեկան լուրջ խնդիրները նրանց ներկայացնելով՝ դու և կողակիցդ կկորցնեք ձեր հանդեպ նրանց հարգանքը։ Ընդհակառակը՝ նրանց սերն ու հարգանքը կավելանան, երբ տեսնեն, որ անկեղծ սրտով ցանկանում եք անել այն, ինչ Եհովային է հաճելի։
13. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը 1 Կորնթացիներ 7։10–16 համարներում։
13 Երբ կրոնապես բաժանված ընտանիքում ապրող քրիստոնյաները երեցներից օգնություն են խնդրում, վերջիններս կարող են նրանց ուշադրությունը հրավիրել այն խորհրդի վրա, որ տվեց Պողոսը. «Ամուսնացածներին հրահանգներ եմ տալիս, բայց ոչ թե ես, այլ Տերը, որ կինը չպետք է հեռանա իր ամուսնուց։ Բայց եթե հեռանա էլ, թող որ առանց ամուսնանալու մնա կամ էլ հաշտվի իր ամուսնու հետ։ Եվ ամուսինը չպետք է թողնի իր կնոջը.... Ո՛վ կին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո ամուսնուն։ Կամ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո կնոջը» (1 Կորնթ. 7։10–16)։ Ի՜նչ օրհնություն է, երբ ոչ Վկա կողակիցը դառնում է ճշմարիտ երկրպագու։
14, 15. Ո՞ր դեպքում քրիստոնյան գուցե մտածի կողակցից հեռանալու մասին, և ինչո՞ւ է կարևոր այդ հարցի մասին աղոթել ու անկեղծորեն ինքնաքննություն անել։
14 Ո՞ր դեպքում քրիստոնյա կինը կարող է «հեռանալ»։ Ոմանք որոշել են առանձին ապրել, քանի որ ամուսինը հրաժարվել է ընտանիքի կարիքները հոգալուց։ Ուրիշներն էլ գնացել են այդ քայլին, քանի որ ամուսինը ծայրահեղ ֆիզիկական բռնության է դիմել կամ խիստ միջոցներ է ձեռնարկել՝ կնոջ համար անհնար դարձնելով հոգևոր գործունեությունը։
15 Հեռանալ թե ոչ, յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի։ Մկրտված կողակիցը պետք է աղոթի այդ հարցի մասին և անկեղծորեն քննի իր մղումները։ Օրինակ՝ պետք է մտածի, թե արդյոք իր հոգևոր առողջության վատթարացումը միայն ոչ Վկա կողակցի մեղավորությամբ է, թե ինքն էլ իր հերթին աչքաթող է արել Աստվածաշնչի ուսումնասիրությունը, կանոնավորաբար ժողովներին ներկա լինելն ու ծառայությանը մասնակցելը։
16. Ի՞նչը պետք է հետ պահի քրիստոնյային ամուսնալուծության վերաբերյալ շտապ որոշում կայացնելուց։
16 Այն փաստը, որ մենք թանկ ենք գնահատում Աստծու հետ մեր փոխհարաբերությունները և երախտապարտ ենք նրան ամուսնության պարգևի համար, պետք է հետ պահի մեզ ամուսնալուծության վերաբերյալ հապճեպ որոշում կայացնելուց։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք հետաքրքրված ենք նրա անունը սրբացնելով։ Հետևաբար, երբեք չենք մտածի կողակցից հեռանալու մասին՝ մեր սրտում ծրագրելով ամուսնանալ մեկ ուրիշի հետ (Երեմ. 17։9; Մաղ. 2։13–16)։
17. Ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ Աստված ամուսնացած քրիստոնյաներին խաղաղություն է տվել։
17 Ոչ Վկա կողակից ունեցող քրիստոնյան պետք է սրտանց ջանքեր թափի ամուսնական միությունը անեղծ պահելու համար։ Սակայն նա չպետք է իրեն մեղավոր զգա, եթե, չնայած իր բոլոր ջանքերին, ոչ Վկա կողակիցը ցանկանա հեռանալ։ Պողոս առաքյալը գրեց. «Եթե անհավատը հեռանում է, թող հեռանա, քանի որ այս դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորության տակ չեն։ Աստված ձեզ խաղաղություն է տվել» (1 Կորնթ. 7։15)b։
ՀՈՒՅՍԴ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ ԴԻՐ
18. Եթե նույնիսկ հնարավոր չէ փրկել ամուսնությունը, ի՞նչ լավ արդյունքներ կարող են տալ այն պահպանելու համար թափած ջանքերը։
18 Երբ ընտանիքում խնդիրներ են առաջանում, Եհովայից քաջություն խնդրիր և հույսդ միշտ նրա վրա դիր (կարդա՛ Սաղմոս 27։14)։ Լինդայի ամուսնությունը, որի մասին հիշատակվեց նախորդ պարբերություններից մեկում, ավարտվեց ամուսնալուծությամբ, չնայած որ շատ տարիներ նա ամեն կերպ ջանում էր փրկել այն։ Արդյոք նա մտածո՞ւմ է, թե զուր ժամանակ է վատնել։ «Բոլորովի՛ն,— ասում է նա։— Իմ ջանքերը լավ վկայություն էին շրջապատի մարդկանց համար։ Իմ խիղճը մաքուր է։ Իսկ որ ամենակարևորն է, այդ տարիներն օգնեցին աղջկաս հաստատուն մնալու ճշմարտության մեջ։ Նա դարձավ Եհովայի եռանդուն ու նվիրված ծառա»։
19. Ամուսնությունը փրկելու ջանքերը ի՞նչ արդյունք կարող են բերել։
19 Մերլին անունով մի քրիստոնյա կին ուրախ է, որ վստահել է Աստծուն և լրացուցիչ ջանքեր է գործադրել իր ամուսնությունը փրկելու համար։ «Մտածում էի հեռանալ ամուսնուցս, քանի որ չէր հոգում ընտանիքի կարիքները և վտանգում էր իմ հոգևոր առողջությունը,— պատմում է քույրը։— Նախկինում նա երեց էր, բայց հետո որոշ անխոհեմ գործարքների մեջ մտավ ու սկսեց բաց թողնել ժողովի հանդիպումները։ Մենք չէինք հաղորդակցվում իրար հետ։ Մի անգամ քաղաքում ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ։ Ես այնքան էի վախեցել, որ սկսեցի մեկուսանալ։ Հետո հասկացա, որ ես էլ իմ մեղավորությունն ունեմ մեր խնդիրներում։ Ես ու ամուսինս դարձյալ սկսեցինք հաղորդակցվել, վերականգնեցինք ընտանեկան ուսումնասիրությունը և սկսեցինք կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Երեցները բարյացակամորեն օգնության ձեռք մեկնեցին։ Մեր ամուսնությունը դարձյալ ծաղկեց։ Ժամանակի ընթացքում ամուսինս ժողովում առանձնաշնորհումներ ստացավ։ Դա ծանր դաս էր մեզ համար, որը, սակայն, երջանիկ ավարտ ունեցավ»։
20, 21. Ի՞նչ պետք է վճռենք։
20 Ամուսնացած ենք թե ամուրի, թող որ միշտ քաջ լինենք և հույսներս դնենք Եհովայի վրա։ Երբ ամուսնության մեջ խնդիրներ ենք ունենում, պետք է սրտանց ջանքեր թափենք դրանք լուծելու համար և հիշենք, որ ամուսնացածները «այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են» (Մատթ. 19։6)։ Թող որ միշտ հիշենք, որ եթե կրոնապես բաժանված ընտանիքում համբերում ենք դժվարություններին, գուցե մի օր մեր սրտերն էլ ցնծան բերկրանքից, երբ շահենք մեր կողակցին, և նա դառնա ճշմարիտ երկրպագու։
21 Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, եկեք վճռենք խելամտորեն վարվել, որպեսզի լավ համբավ ունենանք շրջապատի մարդկանց մոտ։ Եթե մեր ամուսնությանը վտանգ է սպառնում, եկեք ջերմեռանդորեն աղոթենք Աստծուն, ազնվորեն քննենք մեր մղումները, խորհրդածենք Աստծու Խոսքի շուրջ և հոգևոր օգնություն խնդրենք երեցներից։ Եվ գլխավորը, թող որ վճռենք ամեն ինչում հաճեցնել Եհովա Աստծուն և իսկապես գնահատել նրա տված հրաշալի պարգևը՝ ամուսնությունը։
[ծանոթագրություններ]
a Անունները փոխված են։
b Տե՛ս «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, էջ 219–221, «Դիտարան», 1988, նոյեմբերի 1, էջ 26, 27, անգլ. [«Դիտարան», 1989, սեպտեմբերի 1, էջ 18, 19, ռուս.], «Դիտարան», 1975, սեպտեմբերի 15, էջ 575, անգլ. [«Դիտարան», 1978, փետրվարի 1, էջ 14, ռուս.]։
[մեջբերում 10-րդ էջի վրա]
Այն քրիստոնյաները, ովքեր ջանք են թափում ամուսնական միությունն ամրացնելու համար, հաճախ մեծապես վարձատրվում են
[մեջբերում 12-րդ էջի վրա]
Հույսդ միշտ Եհովայի վրա դիր և նրանից քաջություն խնդրիր
[նկար 9-րդ էջի վրա]
Եհովան օրհնում է քրիստոնյա կողակիցներին, որոնք ջանք չեն խնայում ամրացնելու իրենց ամուսնությունը
[նկար 11-րդ էջի վրա]
Քրիստոնեական ժողովը կարող է մխիթարության և հոգևոր աջակցության աղբյուր լինել