Եհովան պահում է մեզ փրկության համար
«Աստծու զորությամբ հավատի միջոցով պահված եք փրկության համար, որը հայտնի է դառնալու վերջին ժամանակում» (1 ՊԵՏ. 1։5)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ինչպե՞ս է Եհովան ձգել մեզ դեպի ճշմարիտ երկրպագությունը։
Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Եհովան առաջնորդի մեզ իր խորհրդով։
Ինչպե՞ս է Եհովան քաջալերում մեզ։
1, 2. ա) Ի՞նչն է վստահեցնում մեզ, որ Աստված կօգնի պահելու մեր անարատությունը։ բ) Որքա՞ն լավ է Եհովան ճանաչում յուրաքանչյուրիս։
«ՈՎ ՈՐ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի» (Մատթ. 24։13)։ Այս խոսքերով Հիսուսը պարզ ցույց տվեց, որ պետք է մինչև վերջ պահենք մեր անարատությունը, որպեսզի ողջ մնանք, երբ Աստված Սատանայի աշխարհը դատաստանի ենթարկի։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Եհովան ակնկալում է, որ մեր իմաստությամբ և ուժով կտոկանք։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթ. 10։13)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։
2 Որպեսզի Եհովան համոզված լինի, որ մեր կարողությունից վեր չենք փորձվում, նա պետք է ամեն բան իմանա մեր մասին, այդ թվում մեր դժվարությունները, թե ինչպիսին ենք մենք անհատապես ու որքան կարող ենք տոկալ։ Իսկապե՞ս Աստված մեզ այդքան լավ է ճանաչում։ Այո՛։ Աստվածաշունչը բացահայտում է, որ Եհովան յուրաքանչյուրիս շատ մոտիկից է ճանաչում։ Նա գիտի մեր առօրյան ու սովորությունները։ Նույնիսկ գիտի մեր մտքերն ու սրտի մտադրությունները (կարդա՛ Սաղմոս 139։1–6)։
3, 4. ա) Դավթի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան ուշադրություն է դարձնում առանձին անհատների։ բ) Ի՞նչ առանձնահատուկ բան է այսօր իրագործում Եհովան։
3 Անհնարի՞ն է թվում, որ Աստված կարող է այդքան հետաքրքրված լինել հասարակ մարդկանցով։ Սաղմոսերգու Դավիթը մտածում էր այս հարցի մասին ու Եհովային ասաց. «Երբ նայում եմ քո երկնքին, քո մատների գործին, լուսնին ու աստղերին, որոնց դու ստեղծել ես, ի՞նչ է մահկանացու մարդը, որ դու հիշում ես նրան» (Սաղ. 8։3, 4)։ Հնարավոր է, որ Դավիթը մղվեց տալու այս հարցը՝ անձամբ զգալով Աստծու ուշադրությունը։ Նրան՝ Հեսսեի կրտսեր որդուն, Եհովան «իր սրտին հաճելի մարդ էր» համարել ու վերցրել էր «արոտավայրից, որտեղ նա հոտի հետևից էր գնում», որպեսզի «նրան իր Իսրայել ժողովրդի առաջնորդը դարձնի» (1 Սամ. 13։14; 2 Սամ. 7։8)։ Պատկերացրու, թե ինչ էր զգում Դավիթը՝ գիտակցելով, որ տիեզերքի Արարիչը ուշադրություն է դարձրել հովիվ տղայի զգացմունքներին ու մտորումներին։
4 Այսօր մեր հանդեպ Եհովայի ցուցաբերած հետաքրքրությունը նույնպես ապշեցուցիչ է։ Նա ճշմարիտ երկրպագության մեջ է հավաքում «բոլոր ազգերի ցանկալի գանձերին» և նրանց օգնում է պահելու իրենց անարատությունը (Անգե 2։7)։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է Եհովան օգնում մեզ այդ հարցում, նախ մտածենք այն մասին, թե ինչպես է նա մարդկանց ձգում դեպի ճշմարիտ երկրպագությունը։
ԱՍՏՎԱԾ ՁԳՈՒՄ Է ՄԵԶ
5. Ինչպե՞ս է Եհովան մարդկանց ձգում դեպի իր Որդին։ Բե՛ր օրինակ։
5 Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհ. 6։44)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Քրիստոսի աշակերտը դառնալու համար Աստծու օգնության կարիքն ունենք։ Ինչպե՞ս է Եհովան գառնանման մարդկանց ձգում դեպի իր Որդին։ Բարի լուրի քարոզչության ու սուրբ ոգու միջոցով։ Օրինակ՝ երբ Պողոսն ու միսիոներական ծառայության մեջ իր ընկերակիցները Փիլիպպեում էին, հանդիպեցին Լիդիա անունով մի կնոջ ու հայտնեցին նրան բարի լուրը։ Ներշնչված արձանագրության մեջ կարդում ենք. «Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին»։ Այո՛, Աստված տվեց իր ոգին, որ օգնի Լիդիային հասկանալու այդ լուրը, ինչի արդյունքում նա ու իր տնեցիները մկրտվեցին (Գործ. 16։13–15)։
6. Ինչպե՞ս է Աստված ձգել յուրաքանչյուրիս դեպի ճշմարիտ երկրպագությունը։
6 Արդյոք Լիդիայի օրինակը առանձնահատո՞ւկ է։ Ո՛չ։ Եթե նվիրված քրիստոնյա ես, քեզ էլ է Աստված ձգել դեպի ճշմարիտ երկրպագությունը։ Ինչպես որ մեր երկնային Հայրը արժեքավոր բան տեսավ Լիդիայի սրտում, այնպես էլ նա քո սրտում է ինչ-որ լավ բան տեսել։ Երբ լսեցիր բարի լուրը, Եհովան իր սուրբ ոգու միջոցով օգնեց քեզ հասկանալու այն (1 Կորնթ. 2։11, 12)։ Երբ ջանացիր կիրառել սովորածդ, նա օրհնեց իր կամքը կատարելու քո ջանքերը։ Երբ կյանքդ նվիրեցիր նրան, նրա սիրտը ուրախացավ։ Իսկապես, այն ժամանակվանից, երբ կանգնեցիր դեպի կյանք տանող ճանապարհը, Եհովան քեզ հետ է եղել ամեն մի քայլ կատարելիս։
7. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված կօգնի մեզ հավատարիմ մնալու իրեն։
7 Քանի որ Եհովան օգնեց մեզ, երբ սկսեցինք իր հետ քայլել, այժմ նա չի թողնի, որ մեր ուժերով փորձենք հավատարիմ մնալ իրեն։ Նա գիտի՝ ինչպես որ մենք չեկանք դեպի ճշմարտությունը առանց նրա օգնության, այնպես էլ առանց նրա օգնության չենք մնա դրա մեջ։ Պետրոս առաքյալը օծյալ քրիստոնյաներին գրեց. «Աստծու զորությամբ հավատի միջոցով պահված եք փրկության համար, որը հայտնի է դառնալու վերջին ժամանակում» (1 Պետ. 1։5)։ Այս խոսքերի սկզբունքը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին ու պետք է հետաքրքրի յուրաքանչյուրիս։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլորս Աստծու օգնության կարիքն ունենք հավատարիմ մնալու համար։
ՕԳՆՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՍԽԱԼ ՔԱՅԼԻՑ
8. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, որ սխալ քայլ չանենք։
8 Կյանքի ճնշումների ու մեր անկատարության պատճառով գուցե կորցնենք հոգևոր զգոնությունը և նույնիսկ առանց գիտակցելու կանգնենք սխալ քայլ անելու վտանգի առաջ (կարդա՛ Գաղատացիներ 6։1)։ Դա ակնհայտ է Դավթի կյանքում տեղի ունեցած մի դրվագից։
9, 10. Եհովան ինչպե՞ս պաշտպանեց Դավթին սխալ քայլ անելուց և ի՞նչ է այսօր անում մեզ համար։
9 Երբ Սավուղ թագավորը հետապնդում էր Դավթին, վերջինս հիացմունքի արժանի զսպվածություն դրսևորեց՝ վրեժխնդիր չլինելով նախանձ թագավորից (1 Սամ. 24։2–7)։ Բայց շատ չանցած՝ Դավթի անկատարությունը գլուխ բարձրացրեց։ Նա սննդամթերքի կարիք ուներ իր մարդկանց համար և հարգալից կերպով օգնության դիմեց Նաբաղ անունով իր հայրենակցին։ Երբ Նաբաղը ի պատասխան վիրավորեց Դավթի մարդկանց, վերջինս ցասումով լցվեց ու պատրաստվեց վրեժ առնելու նրանից ու նրա տան բոլոր տղամարդկանցից՝ չհասկանալով, որ անմեղ մարդկանց սպանելով՝ Աստծու առաջ արյունապարտ է դառնալու։ Այդ ողբերգական սխալը կանխվեց միայն այն բանի շնորհիվ, որ Նաբաղի կինը՝ Աբիգեան, ժամանակին միջամտեց։ Տեսնելով Եհովայի ձեռքը՝ Դավիթը կնոջն ասաց. «Օրհնյա՛լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։ Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը, և օրհնյա՛լ լինես դու, որ այսօր ինձ ետ պահեցիր արյունապարտ լինելուց և վրեժս իմ ձեռքով առնելուց» (1 Սամ. 25։9–13, 21, 22, 32, 33)։
10 Ի՞նչ ենք սովորում այս արձանագրությունից։ Եհովան Աբիգեայի միջոցով թույլ չտվեց, որ Դավիթը սխալ քայլ անի։ Նույնը նա անում է այսօր մեզ համար։ Անշուշտ, մենք չենք ակնկալում, որ, երբ պատրաստվենք սխալ բան անելու, Աստված ինչ-որ մեկին կուղարկի, որ կանխի դա, ոչ էլ կարող ենք հաստատ իմանալ, թե տվյալ իրավիճակում Աստված ինչպես կգործի կամ ինչ թույլ կտա իր կամքն իրագործելու համար (Ժող. 11։5)։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան միշտ տեղյակ է մեր հանգամանքներին ու կօգնի մեզ հավատարիմ մնալու իրեն։ Նա վստահեցնում է. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս։ Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (Սաղ. 32։8)։ Ինչպե՞ս է Եհովան խորհուրդ տալիս մեզ։ Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել դրանից։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան այսօր առաջնորդում է իր ժողովրդին։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է այս հարցերին պատասխան տրվում «Հայտնություն» գրքում։
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՎ
11. Որքանո՞վ է Եհովան տեղյակ, թե ինչ է կատարվում ժողովներում։
11 «Հայտնություն» 2-րդ և 3-րդ գլուխներում արձանագրված տեսիլքում փառավորված Հիսուս Քրիստոսը զննում է Փոքր Ասիայի յոթ ժողովները։ Տեսիլքը ցույց է տալիս, որ Քրիստոսը ոչ միայն տեսնում է ընդհանուր տենդենցները, այլև կոնկրետ իրավիճակներ։ Որոշ դեպքերում նա նույնիսկ նշում է առանձին անհատների մասին և յուրաքանչյուր դեպքում տեղին գովասանք կամ խորհուրդ է տալիս։ Ի՞նչ է դա ցույց տալիս։ Յոթ ժողովները ներկայացնում են օծյալ քրիստոնյաներին 1914թ.-ից հետո, իսկ այդ ժողովներին տրված խորհուրդները այսօր սկզբունքորեն վերաբերում են ամբողջ աշխարհի ժողովներին։ Ուստի կարելի է եզրակացնել, որ Եհովան իր Որդու միջոցով ակտիվորեն առաջնորդում է իր ժողովրդին։ Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել այդ առաջնորդությունից։
12. Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Եհովան ուղղություն տա մեր քայլերին։
12 Եհովայի սիրառատ առաջնորդությունից օգտվելու կերպերից մեկը անձնական ուսումնասիրություն անելն է։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի տված գրականության միջոցով նա սուրբգրային առատ խորհուրդներ է տալիս (Մատթ. 24։45)։ Օգուտ ստանալու համար, սակայն, պետք է ժամանակ տրամադրենք ուսումնասիրելու դրանք և կիրառենք մեր կյանքում։ Անձնական ուսումնասիրությունը այն միջոցներից մեկն է, որով Եհովան կարող է «օգնել [մեզ], որ չգայթակղվենք» (Հուդա 24)։ Մեր հրատարակություններում որևէ թեմա ուսումնասիրելիս երբևէ ունեցե՞լ ես այնպիսի զգացում, որ այն գրված է հենց քեզ համար։ Ընդունիր գրվածը որպես Եհովայի կողմից շտկում։ Ինչպես որ ընկերդ, դիպչելով քո ուսին, կարող է ուշադրությունդ հրավիրել մի բանի վրա, այնպես էլ Եհովան իր ոգու միջոցով կարող է ուշադրությունդ հրավիրել վարքի ինչ-որ երեսակի կամ որևէ հատկության վրա, որը հարկավոր է բարելավել։ Ուշադիր լինելով ոգու առաջնորդությանը՝ թույլ կտանք, որ Եհովան ուղղություն տա մեր քայլերին (կարդա՛ Սաղմոս 139։23, 24)։ Ուստի լավ կլինի, որ քննենք, թե ուսումնասիրություն անելու ինչ սովորություններ ունենք։
13. Ինչո՞ւ իմաստուն կլինի քննել ուսումնասիրություն անելու մեր սովորությունները։
13 Եթե զվարճություններին չափից շատ ժամանակ տրամադրենք, գուցե ժամանակ չմնա անձնական ուսումնասիրության համար։ Մի եղբայր նշում է. «Շատ հեշտ է բաց թողնել անձնական ուսումնասիրությունը։ Հիմա ավելի քան երբևէ զվարճությունները հասանելի ու էժան են դարձել։ Դրանք մատչելի են հեռուստացույցով, համակարգչով ու հեռախոսով։ Մենք շրջապատված ենք զվարճություններով»։ Եթե զգույշ չլինենք, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ժամանակ կտրամադրենք խոր անձնական ուսումնասիրությանը և ի վերջո ընդհանրապես ժամանակ չենք տրամադրի (Եփես. 5։15–17)։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս հարց տա իրեն. «Որքա՞ն հաճախ եմ ժամանակ հատկացնում Աստծու Խոսքի խոր ուսումնասիրությանը։ Միայն այն ժամանակ, երբ ելո՞ւյթ ունեմ կամ պատրաստվում եմ ժողովի հանդիպմա՞նը»։ Եթե այդպես է, կարող ենք ավելի լավ օգտագործել ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության համար հատկացրած երեկոները, որ գանձերի պես փնտրենք հոգևոր իմաստությունը, որը Եհովան տալիս է, որ պահի մեզ փրկության համար (Առակ. 2։1–5)։
ԶՈՐԱՑՆՈՒՄ Է ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ
14. Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան ուշադրություն է դարձնում մեր զգացմունքներին։
14 Դավիթն իր կյանքում բազում դժվարին իրավիճակներում հայտնվեց (1 Սամ. 30։3–6)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան գիտեր նրա զգացմունքները (կարդա՛ Սաղմոս 34։18; 56։8)։ Աստված գիտի նաև մեր զգացմունքները։ Երբ «սրտով կոտրված» ենք և «ոգով փշրված», նա մոտ է մեզ։ Դա իմանալով՝ Դավթի պես մխիթարվում ենք։ Նա երգեց. «Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու, որովհետև դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը» (Սաղ. 31։7)։ Եհովան ավելին է անում, քան պարզապես մեր դժվարությունը նկատելը։ Նա զորացնում է մեզ՝ տալով մխիթարություն ու քաջալերանք։ Եվ քրիստոնեական հանդիպումները դա անելու միջոցներից են։
15. Ի՞նչ ենք սովորում Ասափի հետ տեղի ունեցածից։
15 Ժողովի հանդիպումներին հաճախելու օգուտները կարելի է տեսնել սաղմոսերգու Ասափի հետ տեղի ունեցածից։ Կենտրոնանալով անարդարությունների վրա՝ նա սկսեց կասկածել, թե արդյոք արժե ծառայել Աստծուն։ Եվ Ասափը վհատվեց։ Իր զգացմունքները նա այսպես նկարագրեց. «Սիրտս դառնացած էր, և երիկամներումս սուր ցավ կար»։ Արդյունքում՝ քիչ էր մնում, որ սաղմոսերգուն դադարեր Եհովային ծառայելուց։ Ի՞նչն օգնեց նրան շտկելու իր մտածելակերպը։ «Մտա Աստծու վեհապանծ սրբարանը»,— ասաց նա։ Այնտեղ, լինելով Եհովայի մյուս երկրպագուների մեջ, նա վերականգնեց իր ճիշտ տրամադրվածությունը ու հասկացավ, որ ամբարիշտների հաջողությունը ժամանակավոր է և որ Եհովան, անպայման, շտկելու է իրավիճակը (Սաղ. 73։2, 13–22)։ Մեր պարագան նույնն է։ Սատանայի աշխարհում տեղի ունեցող անարդարությունները կարող են սթրեսի մեջ գցել մեզ և ուժասպառ անել։ Սակայն եղբայրների հետ միասին հավաքվելը թարմացնում է և օգնում չկորցնելու մեր ուրախությունը ծառայության մեջ։
16. Ի՞նչ ենք սովորում Աննայի օրինակից։
16 Բայց ի՞նչ կարելի է անել, եթե ժողովում ստեղծված իրավիճակի պատճառով քեզ համար դժվար է հաճախել հանդիպումներին։ Գուցե ստիպված ես եղել թողնել առանձնաշնորհումդ և այժմ նեղված ես կամ տարաձայնություն ես ունեցել հավատակցիդ հետ։ Այդ դեպքում քեզ կօգնի Աննայի օրինակը (կարդա՛ 1 Սամուել 1։4–8)։ Հիշիր, որ նրա ամուսնու մյուս կինը՝ Փենանան, ծայրաստիճան վշտացնում էր նրան։ Աննայի համար հատկապես դժվար էր, երբ ամեն տարի ընտանիքով գնում էին Սելով՝ Եհովայի համար զոհ մատուցելու։ Նա այնքան էր վշտանում, որ «լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում»։ Այդուհանդերձ, Աննան թույլ չէր տալիս, որ այդ իրավիճակը հետ պահեր իրեն Եհովային երկրպագություն մատուցելուց։ Եհովան էլ նկատեց նրա հավատարմությունը և օրհնեց նրան (1 Սամ. 1։11, 20)։
17, 18. ա) Ժողովի հանդիպումներին ինչպե՞ս ենք քաջալերանք ստանում։ բ) Տեսնելով, թե ինչպիսի քնքուշ հոգատարությամբ է Եհովան օգնում մեզ փրկության հասնելու՝ ի՞նչ զգացումներով ես լցվում։
17 Այսօր քրիստոնյաները պետք է ընդօրինակեն Աննային ու հավատարմորեն հաճախեն ժողովի հանդիպումներին։ Բոլորս զգացել ենք, որ այնտեղ ստանում ենք քաջալերանք, որն անչափ կարևոր է մեզ համար (Եբր. 10։24, 25)։ Քրիստոնեական ջերմ ընկերակցությունը մխիթարում է մեզ։ Ելույթի կամ մեկնաբանության մեջ ասված մի պարզ խոսք կարող է մեր սրտին դիպչել։ Հանդիպումից առաջ կամ հետո միմյանց հետ շփվելիս հավատակիցները կարող են լսել մեզ ու մխիթարական խոսքեր ասել (Առակ. 15։23; 17։17)։ Երգով փառաբանելով Եհովային՝ ոգևորվում և ուրախանում ենք։ Հատկապես երբ համակված ենք «անհանգստացնող մտքերով», կարիք ունենք այն քաջալերանքի, որը ստանում ենք հանդիպումների ժամանակ, որտեղ Եհովան զորացնում է մեզ իր «մխիթարություններով» և ամրացնում իրեն հավատարիմ մնալու մեր վճռականությունը (Սաղ. 94։18, 19)։
18 Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան պահում է մեզ փրկության համար։ Եհովայի քնքուշ ձեռքերում ապահով ենք զգում, ինչպես որ սաղմոսերգու Ասափը, որը Եհովային ասաց. «Դու բռնում ես իմ աջ ձեռքից։ Քո խորհրդով դու կառաջնորդես ինձ» (Սաղ. 73։23, 24)։
[նկար 28-րդ էջի վրա]
Քեզ նույնպես Եհովան է ձգել դեպի ճշմարիտ երկրպագությունը
[նկար 30-րդ էջի վրա]
Կիրառելով Աստծու խորհուրդը՝ մենք պաշտպանված ենք լինում
[նկար 31-րդ էջի վրա]
Քաջալերանքը, որ ստանում ենք, զորացնում է մեզ