-
Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում ալկոհոլինՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում ալկոհոլին
Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն ալկոհոլի վերաբերյալ։ Ոմանք սիրում են երբեմն խմել ընկերների հետ։ Ոմանք էլ ընդհանրապես չեն խմում։ Որոշ մարդիկ էլ այնքան են խմում, մինչև որ հարբեն։ Իսկ ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը այս առնչությամբ։
1. Արդյո՞ք սխալ է ալկոհոլային խմիչքներ օգտագործելը
Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլ օգտագործելը։ Ընդհակառակը՝ այնտեղ ասվում է, որ Աստծու տված պարգևների մեջ է նաև «գինին, որը ուրախացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Աստվածաշնչում խոսվում է որոշ հավատարիմ տղամարդկանց և կանանց մասին, որոնք օգտագործել են ալկոհոլային խմիչքներ (1 Տիմոթեոս 5։23)։
2. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը այն մարդկանց, որոնք ալկոհոլ են օգտագործում
Եհովան դատապարտում է շատ խմելն ու հարբեցողությունը (Գաղատացիներ 5։21)։ Աստծու Խոսքում ասվում է. «Մի՛ եղիր գինով հարբողների մեջ» (Առակներ 23։20)։ Ուստի, եթե որոշում ենք խմել, նույնիսկ մենակ լինելու դեպքում չպետք է խմենք այնքան, որ կորցնենք մեր սթափ դատողությունը, խոսքերն ու գործերը կառավարելու ունակությունը կամ վնասենք մեր առողջությունը։ Եթե չենք կարողանում վերահսկել, թե որքան ենք խմում, լավ կլինի ընդհանրապես հրաժարվել խմիչքից։
3. Ինչպե՞ս կարող ենք հարգել ալկոհոլի վերաբերյալ ուրիշների կայացրած որոշումները
Յուրաքանչյուր անձնավորություն ինքը պետք է որոշի՝ խմել ալկոհոլ, թե ոչ։ Եթե որևէ մեկը չափավոր օգտագործում է ալկոհոլ, մենք չպետք է դատենք նրան, ոչ էլ պետք է ճնշում բանեցնենք այն մարդու վրա, որը չի ցանկանում խմել (Հռոմեացիներ 14։10)։ Մենք նախընտրում ենք չխմել, եթե դա կարող է բացասաբար անդրադառնալ ուրիշների վրա (կարդա Հռոմեացիներ 14։21)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (կարդա 1 Կորնթացիներ 10։23, 24)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ որոշել՝ որքան խմիչք օգտագործել կամ ընդհանրապես՝ խմել, թե ոչ։ Նաև իմացիր, թե ինչ կարող ես անել, եթե խմիչքը չարաշահելու սովորություն ունես։
4. Որոշում կայացրու՝ օգտագործել խմիչք, թե ոչ
Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում ալկոհոլ օգտագործելուն։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ուշադրություն դարձրու նրա կատարած առաջին հրաշքին։ Կարդացեք Հովհաննես 2։1–11, այնուհետև քննարկեք այս հարցերը։
Այս հրաշքից ի՞նչ ենք սովորում ալկոհոլի և այն օգտագործողների վերաբերյալ Հիսուսի տեսակետի մասին։
Քանի որ Հիսուսը չէր արգելում խմիչք օգտագործելը, ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն այն մարդուն, որը ալկոհոլ է օգտագործում։
Չնայած քրիստոնյաներին թույլատրվում է խմել, դա դեռ չի նշանակում, որ խմելը ճիշտ է բոլոր դեպքերում։ Կարդացեք Առակներ 22։3 և քննարկեք, թե հետևյալ հանգամանքներն ինչպես գուցե ազդեն քո որոշման վրա։
Դու պատրաստվում ես մեքենա վարել կամ որևէ սարք գործարկել։
Դու հղի ես։
Բժիշկը խորհուրդ է տվել ալկոհոլ չօգտագործել։
Երբեմն չարաշահում ես ալկոհոլը։
Քեզ օրենքով արգելված է ալկոհոլ օգտագործել։
Մի մարդու կողքին ես, ով խմիչք չի օգտագործում, քանի որ նախկինում սովորություն է ունեցել չարաշահելու ալկոհոլը։
Արժե՞ արդյոք ալկոհոլ հյուրասիրել հարսանիքի կամ այլ հավաքույթի ժամանակ։ Տեսնելու համար, թե ինչը կարող է քեզ օգնել կողմնորոշվել, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հռոմեացիներ 13։13 և 1 Կորնթացիներ 10։31, 32 համարները։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։
Այս սկզբունքը կիրառելը ինչպե՞ս կօգնի քեզ Եհովային հաճելի որոշում կայացնել։
5. Որոշում կայացրու՝ որքան ես խմելու
Ալկոհոլ օգտագործելիս հիշիր, որ թեպետ Եհովան չի դատապարտում խմելը, սակայն նա դատապարտում է չափից շատ ալկոհոլ օգտագործելը։ Ինչո՞ւ։ Կարդացեք Օսեե 4։11, 18 և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ կարող է պատահել, եթե անհատը չարաշահի խմիչքը։
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չչարաշահենք խմիչքը։ Մենք պետք է համեստ լինենք, այսինքն՝ գիտակցենք մեր սահմանափակ հնարավորությունները։ Կարդացեք Առակներ 11։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ արժե կոնկրետ չափ սահմանել, որը չպետք է գերազանցես։
6. Հաղթահարիր խմիչքը չարաշահելու սովորությունդ
Տես, թե ինչը օգնեց մի տղամարդու հաղթահարել ալկոհոլային կախվածությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս էր ալկոհոլը ազդում Դմիտրիի վարքագծի վրա։
Նա կարողացա՞վ միանգամից թողնել խմիչքը։
Ի՞նչը օգնեց նրան ազատվել այդ կախվածությունից։
Կարդացեք 1 Կորնթացիներ 6։10, 11 և քննարկեք հետևյալ հարցերը։
Որքա՞ն լուրջ մեղք է հարբեցողությունը։
Ի՞նչն է ցույց տալիս, որ այդպիսի անհատը կարող է փոխվել։
Կարդացեք Մատթեոս 5։30, այնուհետև քննարկեք այս հարցը։
Ձեռքը կտրելը խորհրդանշում է, որ Եհովային հաճեցնելու համար գուցե կարիք լինի զոհողություններ անել։ Ի՞նչ կարող ես անել, եթե չի ստացվում կառավարել խմելու ցանկությունդ։a
Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33 և քննարկեք հետևյալ հարցը։
Ընկերներդ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա ալկոհոլի օգտագործման հարցում։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Չի՞ կարելի ալկոհոլ օգտագործել»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ալկոհոլը ստեղծել է մեր իսկ ուրախության համար, սակայն նա դատապարտում է դրա չարաշահումն ու հարբեցողությունը։
Վերհիշենք
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ալկոհոլի վերաբերյալ։
Չափից շատ խմելն ինչո՞վ է վտանգավոր։
Ինչպե՞ս կարող ենք հարգել ալկոհոլի վերաբերյալ մյուսների կայացրած որոշումները։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Պատանիներն ինչպե՞ս կարող են ճիշտ որոշում կայացնել ալկոհոլի վերաբերյալ։
Տես, թե ինչ քայլեր կարող ես ձեռնարկել ալկոհոլային կախվածությունդ հաղթահարելու համար։
«Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք» («Դիտարան», 2010 թ. հունվարի 1)
Քրիստոնյաները կենացներ խմո՞ւմ են։
Կարդա «Ես անտակ տակառ էի» վերնագրով պատմությունը և տես, թե մի մարդ ինչպես հաղթահարեց ալկոհոլային կախվածությունը։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. մայիսի 1)
a Ալկոհոլից կախվածություն ունեցող մարդիկ գուցե մասնագիտական օգնության կարիք ունենան։ Շատ բժիշկներ առաջարկում են ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից, եթե անհատը նախկինում կախվածություն է ունեցել։
-
-
Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքինՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 52
Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին
Հագուստի և հարդարանքի հարցում բոլորս տարբեր նախասիրություններ ունենք։ Եթե մի քանի պարզ սկզբունքների հետևենք, այնպես կհագնվենք, որ հաճելի կլինի թե՛ մեզ, թե՛ Եհովային։ Քննենք դրանցից մի քանիսը։
1. Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք հագուստ ու հարդարանք ընտրելիս
Մեր հագուստը պետք է լինի «վայելուչ՝.... համեստությամբ և ողջամտությամբ» ընտրված, ինչպես նաև մաքուր, որպեսզի երևա, որ «ակնածում ենք Աստծուց» (1 Տիմոթեոս 2։9, 10)։ Ավելի մանրամասն քննենք այս 4 սկզբունքները. 1) Մեր հագուստը պետք է «վայելուչ» լինի։ Ժողովի հանդիպումներին հավանաբար նկատել ես, որ մեր ճաշակները տարբեր են, սակայն մեր հագուստից ու հարդարանքից երևում է, որ հարգում ենք Աստծուն։ 2) «Համեստությամբ» հագնվել նշանակում է այնպիսի հագուստ ու հարդարանք չընտրել, որը ցանկահարույց է կամ անհարկի ուշադրություն է հրավիրում մեզ վրա։ 3) «Ողջամտությամբ» հագնվել նշանակում է նորաձևության հետևից չընկնել։ 4) Մեր արտաքին տեսքը պետք է միշտ ցույց տա, որ «ակնածում ենք Աստծուց» և ճշմարիտ Աստծուն ենք երկրպագում (1 Կորնթացիներ 10։31)։
2. Մեր արտաքին տեսքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր հավատակիցների վրա
Ճիշտ է, մենք ընտրության ազատություն ունենք, սակայն պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքն ինչպես կարող է ազդել ուրիշների վրա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ թե վանենք մարդկանց, այլ «հաճեցնենք [մեր] մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար» (կարդա Հռոմեացիներ 15։1, 2)։
3. Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է մարդկանց ձգել դեպի ճշմարիտ երկրպագություն
Թեպետ մենք փորձում ենք միշտ վայելուչ հագնվել, սակայն առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մեր հագուկապին, երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին և մասնակցում ենք քարոզչական ծառայությանը։ Մենք չենք ցանկանում, որ մեր հագուկապի պատճառով մարդիկ շեղվեն այն կարևոր լուրից, որը հայտնում ենք։ Փոխարենը՝ ուզում ենք, որ մեր արտաքին տեսքը մարդկանց մղի սովորել Աստծու մասին ճշմարտությունը և «զարդարի մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչպես կարող ենք համոզվել, որ մեր հագուկապը քրիստոնեավայել է։
4. Մեր վայելուչ արտաքին տեսքով ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային
Ո՞րն է մեր արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու գլխավոր պատճառը։ Կարդացեք Սաղմոս 47։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Այն փաստը, որ ներկայացնում ենք Եհովային, ինչպե՞ս պետք է ազդի մեր հագուկապի ընտրության վրա։
Քո կարծիքով՝ արժե՞ ուշադրություն դարձնել, թե ինչ տեսք ունենք ժողովների և քարոզչական ծառայության ժամանակ։ Ինչո՞ւ։
5. Հագուստի և հարդարանքի վերաբերյալ ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել
Անկախ նրանից՝ մեր հագուստը թանկ է, թե էժան՝ այն պետք է միշտ մաքուր լինի և առիթին համապատասխան։ Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24 և 1 Տիմոթեոս 2։9, 10 համարները, այնուհետև քննարկեք, թե ինչու չպետք է այնպիսի հագուստ կրենք, որը՝
անփույթ է և թափթփված
ընդգծող է, բաց կամ ցանկահարույց
Թեև քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, սակայն դրանից շատ բան կարող են սովորել Եհովայի մտածելակերպի մասին։ Կարդացեք 2 Օրենք 22։5, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ պետք է խուսափենք այնպիսի հագուստից և հարդարանքից, որոնք տղամարդկանց կնոջ տեսք են տալիս, իսկ կանանց՝ տղամարդու։
Կարդացեք 1 Կորնթացիներ 10։32, 33 և 1 Հովհաննես 2։15, 16 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքը ինչ ազդեցություն կթողնի մեր տարածքի կամ ժողովի մարդկանց վրա։
Մարդիկ ինչպե՞ս են հագնվում ձեր տարածքում։
Քո կարծիքով՝ այդ ոճերից որո՞նք վայել չեն քրիստոնյաներին։ Ինչո՞ւ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես իրավունք ունեմ հագնելու այն, ինչ ուզում եմ»։
Համամի՞տ ես։ Ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Երբ հագուստի և հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշումներ ենք կայացնում, ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային և ուրիշներին։
Վերհիշենք
Եհովայի համար ինչո՞ւ է կարևոր, թե ինչպես ենք հագնվում և հարդարվում։
Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք մեր հագուկապի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է ազդել ճշմարիտ երկրպագության վերաբերյալ մարդկանց ունեցած կարծիքի վրա։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Մարդիկ ի՞նչ կարող են մտածել քո մասին՝ տեսնելով քո հագուստը։
Տես, թե նախքան դաջվածք անելն ինչու է հարկավոր երկար մտածել։
«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տատու անելու մասին» (վեբ հոդված)
Ահա ևս մի քանի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ճիշտ որոշումներ կայացնել։
«Քո արտաքին տեսքով փառք բերո՞ւմ ես Աստծուն» («Դիտարան», 2016 թ. սեպտեմբեր)
Իմացիր, թե անկեղծ սիրտ ունեցող մի կին ինչպես փոխեց ուրիշների հագուկապի վերաբերյալ իր տեսակետը։
«Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար» («Արթնացե՛ք», 2003 թ. դեկտեմբերի 22)
-