Ընթերցողների հարցերը
Ո՞ր դեպքերում տեղին կլինի, որ քրիստոնյա կինը, կրոնական նկատառումներից ելնելով, ծածկի իր գլուխը։
«Ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը»,— գրել է Պողոս առաքյալը։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչում շարադրված՝ գլխավորության սկզբունքի պատճառով, համաձայն որի՝ ‘կնոջ գլուխը մարդն է’։ Ժողովում աղոթք ասելը կամ քարոզելը տղամարդու պարտականությունն է։ Ուստի՝ եթե քրիստոնյա կինը երկրպագության հետ կապված այնպիսի պարտականություն է կատարում, որ սովորաբար պետք է կատարի նրա ամուսինը կամ մկրտված մեկ ուրիշ տղամարդ, անհրաժեշտ է, որ նա ծածկի իր գլուխը (Ա Կորնթացիս 11։3–10)։
Գլուխը ծածկելու անհրաժեշտություն կարող է առաջանալ ընտանիքում։ Ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կամ հաց ուտելիս ընտանիքի անդամներին ուսուցանելու և Աստծո առջև նրանց աղոթքով ներկայացնելու պարտականությունը սովորաբար իր վրա է վերցնում ամուսինը։ Սակայն եթե նա չի կիսում իր կնոջ համոզմունքները, ապա այդ պատասխանատվությունը ընկնում է կնոջ ուսերին։ Ուստի ամուսնու ներկայությամբ՝ իր կամ ուրիշների համար բարձրաձայն աղոթելիս և երեխաների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս տեղին է, որ քրիստոնյա քույրը ծածկի իր գլուխը։ Իսկ եթե նրա ամուսինը ներկա չէ, դրա կարիքը չկա, քանզի երեխաներին ուսուցանելը Աստծո կողմից նրան տրված պարտականություն է (Առակաց 1։8; 6։20)։
Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե քրիստոնյա կինը ունի որդի, որը թեև դեռ փոքր է, բայց արդեն Եհովային նվիրված ու մկրտված ծառա է։ Որպես քրիստոնեական ժողովի անդամի՝ նրա որդուն պետք է ուսուցանեն ժողովի տղամարդիկ (Ա Տիմոթէոս 2։12)։ Եթե նրա հայրը ճշմարիտ քրիստոնյա է, ուրեմն նա պետք է ուսուցանի իր որդուն։ Սակայն եթե հայրը բացակայում է, ապա մկրտված իր այդ փոքր որդու և մնացած երեխաների հետ ուսումնասիրություն անցկացնելիս մայրը պետք է ծածկի իր գլուխը։ Նման պարագաներում իր հայեցողությանն է թողնված՝ կխնդրի նա իր որդուն ուսումնասիրության ժամանակ կամ ճաշից առաջ աղոթել, թե՝ ոչ։ Գուցե նա զգա, որ իր որդին դեռ պատրաստ չէ այդ անելու, և որոշի անձամբ ասել աղոթքը։ Այդ դեպքում, սակայն, նա պետք է ծածկի իր գլուխը։
Ժողովում որոշակի պարտականություններ կատարելու դեպքում ևս քրիստոնյա կնոջ համար գլուխը ծածկելու անհրաժեշտություն է առաջանում։ Օրինակ՝ եթե շաբաթվա մեջ կազմակերպված քարոզչական ծառայության հանդիպման ժամանակ ներկա են միայն քույրեր, կամ եթե ժողովի հանդիպման ժամանակ ոչ մի մկրտված տղամարդ չկա և այլն։ Ժողովի հանդիպումների կամ քարոզչական ծառայության հանդիպման ժամանակ այնպիսի պարտականություններ կատարելիս, որ սովորաբար կատարում է եղբայրը, քույրը պետք է ծածկի իր գլուխը։
Իսկ անհրաժե՞շտ է արդյոք, որ կինը ծածկի իր գլուխը, երբ ժեստերի կամ մեկ այլ լեզվով թարգմանում է աստվածաշնչյան որևէ ելույթ, կամ երբ ժողովի հանդիպման ժամանակ բարձրաձայն պարբերություններ է կարդում ուսումնասիրվող աստվածաշնչյան ձեռնարկից։ Ո՛չ։ Նման պարտականություններ կատարող քույրերը չեն նախագահում և չեն ուսուցանում։ Նմանապես՝ ոչ մի կարիք չկա, որ ցուցադրումներ ներկայացնող, ինչ–որ դեպքեր պատմող կամ Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ ուսումնական ելույթներ ներկայացնող քույրերը ծածկեն իրենց գլուխը։
Թեև ժողովում ուսուցանելու պարտականությունը տրված է մկրտված տղամարդկանց, ժողովից դուրս քարոզելու և ուսուցանելու պատասխանատվություն ունեն թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Ուստի հարկ չկա, որ քրիստոնյա կինը ծածկի իր գլուխը, երբ քարոզում է Աստծո խոսքը տղամարդ Եհովայի վկայի ներկայությամբ։
Սակայն պարագան այլ է, երբ Աստվածաշնչի կանոնավոր տնային ուսումնասիրություն է անցկացվում, որին ներկա է նվիրված ու մկրտված տղամարդ։ Սա նախապես պլանավորված դասընթաց է, որտեղ ուսումնասիրություն անցկացնողը իրականում նախագահում է։ Նման դեպքում ուսումնասիրությունը անցկացվում է ժողովի հանդիպման օրինակով։ Եթե քույրը մկրտված եղբոր ներկայությամբ այդպիսի ուսումնասիրություն է անցկացնում, նա պետք է ծածկի իր գլուխը։ Սակայն աղոթքը պետք է ասի մկրտված եղբայրը։ Նվիրված եղբոր ներկայությամբ քույրը աղոթք չի ասում, բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ՝ եթե եղբայրը կորցրել է խոսելու կարողությունը։
Երբեմն քրիստոնյա քրոջ հետ Աստվածաշնչի ուսումնասիրության է գնում Թագավորության չմկրտված տղամարդ քարոզիչ։ Քրոջ ցանկությամբ՝ ուսումնասիրությունը կարող է անցկացնել այդ քարոզիչը։ Բայց քանի որ նա չի կարող աղոթքով ներկայացնել մկրտված քրոջը, ճիշտ կլինի, որ ուսումնասիրության ժամանակ աղոթքն ասի քույրը։ Եթե ուսումնասիրությունն անցկացնում և աղոթում է քույրը, ապա նա պետք է ծածկի իր գլուխը. թեև տղամարդ քարոզիչը դեռ մկրտված չէ, դրսի մարդիկ նրան դիտում են որպես այդպիսին՝ իր քարոզչական գործունեության պատճառով։
Հունարեն բնագրի համաձայն՝ Պողոս առաքյալը գրել է, որ կինը պարտաւոր է իշխանության նշան ունենալ իր գլխին՝ հրեշտակների համար։ Այո՛, քրիստոնյա քույրերը պատիվ ունեն լավ օրինակ ծառայելու միլիոնավոր հրեշտակների համար, որոնք ջանք են թափում Եհովային հնազանդ մնալու։ Որքան տեղին է, որ բարեպաշտ կանայք հարկ եղած դեպքում հաշվի են առնում գլուխը ծածկելու սկզբունքը։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Գլուխը ծածկելը գլխավորության սկզբունքը հարգելու նշան է