Աստվածաշնչի գիրք համար 46. 1 Կորնթացիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Եփեսոս
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 55թ.
1. Ինչպիսի՞ քաղաք էր Կորնթոսը Պողոսի օրերում։
«ԿՈՐՆԹՈՍԸ մի հռչակավոր և պերճաշուք քաղաք էր, որտեղ միաձուլվել էին Արևելքի և Արևմուտքի արատավոր սովորությունները»a։ Գտնվելով Պելոպոնես թերակղզին ու մայրցամաքային Հունաստանը կապող նեղ պարանոցի վրա՝ քաղաքը իր ձեռքում էր պահում դեպի մայրցամաք տանող ճանապարհը։ Պողոս առաքյալի օրերում Կորնթոսի բնակչության թիվը հասնում էր մոտ 400000-ի՝ զիջելով միայն Հռոմին, Ալեքսանդրիային և Ասորիքի Անտիոքին։ Կորնթոսից արևելք ընկած էր Էգեյան ծովը, իսկ արևմուտք՝ Կորնթոսի ծոցը և Հոնիական ծովը։ Այսպիսով՝ Կորնթոսը, որ Աքայիա պրովինցիայի մայրաքաղաքն էր և ուներ երկու նավահանգիստ՝ Կենքրա և Ղեքեոն, առևտրական կարևոր հանգույց էր։ Այն նաև հունական կրթօջախ էր։ «Նրա հարստության համբավն այնքան մեծ էր, որ ասացվածքներ էին հորինվել. նույնը կարելի է ասել նրա արատավոր սովորությունների և անառակության մասին»b։ Կորնթացիները հեթանոսական այլ աստվածների թվում երկրպագում էին նաև Աֆրոդիտեին (հռոմեական՝ Վեներա)։ Կորնթացիների կրոնը մարդկանց մեջ կրքեր էր բորբոքում։
2. Ինչպե՞ս Կորնթոսում ժողով կազմավորվեց, և ի՞նչ էր Պողոսին կապում այդ քաղաքի հետ։
2 Մոտ 50թ.-ին Պողոս առաքյալը եկավ հռոմեական աշխարհի այս խոշոր և բարգավաճող, բայցև բարոյապես քայքայված քաղաքը։ Այստեղ նա մնաց մեկ ու կես տարի, և արդյունքում կազմավորվեց քրիստոնեական ժողով (Գործեր 18։1–11)։ Որքա՜ն շատ սիրեց Պողոսը այդ մարդկանց, որոնք ընդունեցին Քրիստոսի մասին բարի լուրը և դարձան հավատացյալներ։ Վերջիններիս նամակ գրելով՝ նա նշեց, թե ինչ հոգևոր կապ կա իր և նրանց միջև։ Առաքյալն ասաց. «Նույնիսկ եթե տասը հազար դաստիարակ էլ ունենաք քրիստոնեական կյանքում, անկասկած, դուք շատ հայրեր չունեք, որովհետև Քրիստոս Հիսուսի միջոցով ե՛ս դարձա ձեր հայրը՝ բարի լուրը քարոզելով» (1 Կորնթ. 4։15)։
3. Ի՞նչը մղեց Պողոսին գրելու կորնթացիներին ուղղված իր առաջին նամակը։
3 Խորապես անհանգստանալով կորնթացիների հոգևոր բարօրությամբ՝ Պողոսը իր երրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ նրանց գրեց իր առաջին նամակը։ Մի քանի տարի էր անցել այն օրվանից, երբ նա եկել էր Կորնթոս։ Մոտ 55 թվականն էր, և առաքյալը գտնվում էր Եփեսոսում։ Ըստ ամենայնի, Պողոսը նամակ էր ստացել կորնթացի քրիստոնյաներից, որոնց ժողովը համեմատաբար նոր էր կազմավորվել, և նրանք ակնկալում էին պատասխան ստանալ։ Բացի այդ, տագնապալի լուրեր էին հասել Պողոսին (7։1; 1։11; 5։1; 11։18)։ Այդ լուրերն այնքան էին մտահոգել առաքյալին, որ նա չէր անցել իր բուն ասելիքին մինչև նամակի յոթերորդ գլուխը։ Պողոսը հարկ համարեց գրել կորնթացի հավատակիցներին հատկապես այդ տեղեկությունների պատճառով։
4. Ի՞նչն է փաստում, որ Պողոսը «1 Կորնթացիներ»-ը գրել է Եփեսոսում։
4 Իսկ որտեղի՞ց գիտենք, որ Պողոսը «1 Կորնթացիներ» գիրքը գրել է Եփեսոսում։ Այդ եզրահանգման կարող ենք գալ մասնավորապես այն բանից, որ առաքյալն իր նամակի վերջում բարևներ է փոխանցում նաև Ակյուղասի ու Պրիսկիղայի կողմից (16։19)։ Գործեր 18։18, 19 համարներից երևում է, որ նրանք Կորնթոսից տեղափոխվել էին Եփեսոս։ Քանի որ Ակյուղասն ու Պրիսկիղան ապրում էին այնտեղ, և Պողոսը նրանց անունները հիշատակում է իր նամակի վերջում, կարելի է եզրակացնել, որ նա իր նամակը գրելիս Եփեսոսում է եղել։ Սակայն ամենահամոզիչ ապացույցը Պողոսի այն խոսքերն են, որ գրված են 1 Կորնթացիներ 16։8-ում. «Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում»։ Այսպիսով՝ «1 Կորնթացիներ» նամակը գրվել է Պողոսի կողմից Եփեսոսում թերևս այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր հեռանալու այնտեղից։
5. Ի՞նչն է փաստում կորնթացիներին ուղղված նամակների վավերականությունը։
5 «1 Կորնթացիներ»-ի, ինչպես նաև «2 Կորնթացիներ»-ի վավերականությունն անհերքելի է։ Դրանց գրությունը վերագրվում է Պողոսին։ Վաղ քրիստոնյաները այդ նամակներն ընդգրկել են իրենց ժողովածուների մեջ և համարել են Աստվածաշնչի կանոնին պատկանող գրքեր։ Բացի այդ, համարվում է, որ «1 Կորնթացիներ» նամակը հիշատակվել է և դրանից մեջբերում է արվել առնվազն վեց անգամ մի նամակում, որը Հռոմից ուղարկվել է Կորնթոս մոտ 95թ.-ին և կոչվել է «1 Կղեմես»։ Այդ նամակի հեղինակը, ակնհայտորեն նկատի ունենալով «1 Կորնթացիներ»-ը, իր ընթերցողներին հորդորում էր «քննարկել օրհնյալ Պողոս առաքյալի ուղերձը»c։ «1 Կորնթացիներ» նամակից ուղղակիորեն մեջբերում են կատարել նաև Հուստինոս Վկան, Ափինագորասը, Իրենեոսը և Տերտուլիանոսը։ Հետևաբար, բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ Պողոսի նամակների ժողովածուն, ներառյալ «1 Կորնթացիներ»-ն ու «2 Կորնթացիներ»-ը «կազմվել և հրապարակվել է առաջին դարի վերջին տասնամյակում»d։
6. Կորնթոսի ժողովում ի՞նչ խնդիրներ կային, և ի՞նչն էր առաքյալին նախևառաջ հուզում։
6 Կորնթացիներին ուղղած Պողոսի առաջին նամակը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ էր կատարվում Կորնթոսի ժողովի ներսում։ Կային չլուծված խնդիրներ ու հարցեր, որոնց հարկավոր էր պատասխանել։ Ժողովի անդամների միջև տարաձայնություններ կային, քանի որ նրանցից ոմանք մարդկանց էին հետևում։ Սեռական անբարոյության մի արտառոց դեպք էր կատարվել։ Քրիստոնյաներից ոմանք ապրում էին կրոնապես բաժանված ընտանիքում։ Պե՞տք է նրանք շարունակեին ապրել իրենց ոչ քրիստոնյա կողակցի հետ, թե ոչ։ Իսկ կարելի՞ էր ուտել այն կենդանու մսից, որը զոհաբերվել էր կուռքերին։ Կորնթացիները խորհրդի կարիք ունեին, թե ինչպես անցկացնեին ժողովի հանդիպումները, ինչպես նաև Տիրոջ ընթրիքը։ Ո՞րն էր կնոջ դերը ժողովում։ Ի լրումն այս ամենի՝ նրանց մեջ կային մարդիկ, ովքեր հերքում էին հարությունը։ Այո՛, խնդիրները շատ էին։ Բայցևայնպես, առաքյալին նախևառաջ հուզում էր կորնթացի քրիստոնյաների հոգևոր վիճակը։
7. Ինչպիսի՞ տրամադրվածությամբ պետք է կարդանք «1 Կորնթացիներ» գիրքը և ինչո՞ւ։
7 Ժողովում և ընդհանրապես հին Կորնթոսում տիրող իրավիճակը, ինչպես նաև քաղաքի բարգավաճումն ու մարդկանց անառակությունը նման են մեր օրերում տիրող իրավիճակներին։ Այդ իսկ պատճառով Պողոսի սթափեցնող խորհուրդները, որոնք գրի են առնվել Աստծու ներշնչմամբ, արժանի են մեր ուշադրությանը։ Մենք շատ օգուտներ կստանանք՝ մանրամասնորեն քննելով Պողոսի խորիմաստ ու ժամանակահարմար մտքերով լի առաջին նամակը, որ նա գրեց իր սիրելի հավատակիցներին։ Այժմ մտովի տեղափոխվենք առաջին դար և այդ վայրը։ Ուշադիր քննենք, թե ինչ խոր և ազդեցիկ մտքեր է ասում Պողոսը իր հավատակիցներին, ինչպես որ հավանաբար արեցին կորնթացի քրիստոնյաները։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. ա) Ինչպե՞ս է Պողոսը ցույց տալիս, թե ինչ անմտություն է ժողովում աղանդներ ստեղծելը։ բ) Ըստ Պողոսի խոսքերի՝ Աստծու մտքերը հասկանալու համար ի՞նչ է անհրաժեշտ։
8 Պողոսը քողազերծում է աղանդավորությունը, հորդորում է միասնական լինել (1։1–4։21)։ Պողոսը կորնթացիների բարօրության մասին է մտածում։ Բայց ի՞նչ անել, երբ նրանց միջև տարաձայնություններ ու բաժանումներ կան։ «Քրիստոսը բաժանված է» (1։13)։ Առաքյալը երախտապարտ է, որ նրանցից մի քանիսին է միայն մկրտել, ուստի նրանք չեն կարող ասել, որ նրա անունով են մկրտվել։ Պողոսը քարոզում է ցցին գամված Քրիստոսին, որը գայթակղության պատճառ է հրեաների համար և հիմարություն՝ ազգերի համար։ Սակայն Աստված ընտրել է այս աշխարհի հիմարներին ու թույլերին, որ ամաչեցնի իմաստուններին և ուժեղներին։ Ինչ խոսք, Պողոսը չի ուզում տպավորել եղբայրներին վերամբարձ խոսքերով, բայց ուզում է, որ նրանք իր խոսքերի մեջ Աստծու ոգին ու զորությունը տեսնեն, որպեսզի նրանց հավատը չհիմնվի մարդկային իմաստության վրա, այլ Աստծու զորության։ Ինչպես Պողոսն է ասում, քրիստոնյաները խոսում են այն բաների մասին, որ Աստծու ոգին հայտնեց, «քանի որ ոգին քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ գաղտնիքները»։ Այս ամենը մարմնավոր մարդը չի կարող հասկանալ, այլ միայն հոգևոր մարդը (2։10)։
9. Ինչպե՞ս է Պողոսը ցույց տալիս, որ ոչ մեկը չպետք է պարծենա մարդկանցով։
9 Կորնթացիները հետևում են մարդկանց՝ ոմանք Ապողոսին, ոմանք էլ Պողոսին։ Իսկ ովքե՞ր են Ապողոսն ու Պողոսը։ Նրանք պարզապես ծառայողներ են, որոնց միջոցով կորնթացիները հավատացյալներ են դարձել։ Ո՛չ տնկողն է մի բան, ո՛չ ջրողը, այլ «Աստված, որ աճեցնում է», իսկ նրանք Աստծու «համագործակիցներն» են։ Կրակը կփորձի, թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը։ Պողոսը ասում է, որ նրանք «Աստծու տաճարն» են, և Աստծու ոգին նրանց մեջ է բնակվում։ «Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու համար»։ Ուստի թող ոչ մեկը չպարծենա մարդկանցով, քանի որ ամեն բան Աստծուն է պատկանում (3։6, 9, 16, 19)։
10. Ինչո՞ւ է կորնթացիների պարծենալը անտեղի, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պողոսը իրավիճակը շտկելու համար։
10 Պողոսն ու Ապողոսը Աստծու սրբազան գաղտնիքների համեստ տնտեսներն են, իսկ տնտեսից ակնկալվում է, որ հավատարիմ լինի։ Ովքե՞ր են Կորնթոսի եղբայրները, որոնցով նրանք պարծենում են, կամ ի՞նչ ունեն իրենք, որ չեն ստացել։ Մի՞թե արդեն հարստացել են։ Մի՞թե սկսել են թագավորել։ Նրանք արդեն խոհեմ և ուժեղ են, իսկ առաքյալները, որոնք թատերական տեսարան են դարձել հրեշտակների և մարդկանց համար, հիմար ու թույլ են և ամեն ինչի թափթփուկը։ Պողոսը Տիմոթեոսին ուղարկում է, որ վերջինս հիշեցնի նրանց այն մեթոդները, որոնք առաքյալը կիրառում է Հիսուսին ծառայելիս։ Եթե Եհովան կամենա, Պողոսը շուտով նրանց մոտ կգնա, բայց ոչ թե հպարտացողների խոսքերը լսելու համար, այլ նրանց զորությունը տեսնելու։
11. Կորնթացիների ժողովի անդամներից մեկը ի՞նչ է անում, ինչպե՞ս պետք է կորնթացիները վարվեն նրա հետ և ինչո՞ւ։
11 Ժողովի մաքրությունը պահպանել (5։1–6։20)։ Պողոսին լուրեր են հասել կորնթացիների ժողովում կատարվող սեռական անբարոյության մի արտառոց դեպքի մասին։ Ոմն մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։ Նրան պետք է հանձնել Սատանային, որովհետև մի փոքր թթխմորը կարող է խմորել ողջ զանգվածը։ Նրանք չպետք է շփում ունենան այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, բայց միևնույն ժամանակ չար է։
12. ա) Ի՞նչ է Պողոսն ասում այն մասին, որ եղբայրները դատարան են իրար տանում։ բ) Ինչո՞ւ է Պողոսը ասում՝ «փախե՛ք պոռնկությունից»։
12 Ինչպե՞ս են կորնթացիները համարձակվում իրար դատարան տանել։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ իրենք խաբվեին։ Քանի որ նրանք դատելու են աշխարհին ու հրեշտակներին, ապա մի՞թե չեն կարողանում իրենց միջից գտնել մեկին, որ եղբայրների միջև դատ վարի։ Բացի այդ, նրանք պետք է լինեն մաքուր, որովհետև պոռնիկները, կռապաշտները և նման մարդիկ չեն կարող ժառանգել Աստծու Թագավորությունը։ Նրանցից ոմանք հենց այդպիսին էին, բայց լվացվեցին ու սրբացվեցին։ «Փախե՛ք պոռնկությունից,— ասում է Պողոսը։— Քանի որ մեծ գնով գնվեցիք։ Ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմիններում» (6։18, 20)։
13. ա) Ինչո՞ւ է Պողոսը խորհուրդ տալիս ոմանց ամուսնանալ, և ինչպե՞ս պետք է վարվեն ամուսնացածները։ բ) Ի՞նչ իմաստով է ամուրին «ավելի լավ անում»։
13 Խորհուրդներ ամուրիության և ամուսնության վերաբերյալ (7։1–40)։ Պողոսը պատասխանում է ամուսնության վերաբերյալ հարցին։ Պոռնկության տարածված լինելու պատճառով ավելի լավ է, որ տղամարդը կամ կինը ամուսնանա, իսկ ամուսնացածները չպետք է զրկեն իրար ամուսնական պարտքից։ Լավ կլինի, որ չամուսնացածները և այրիները մնան ամուրի, ինչպես Պողոսը, բայց եթե ինքնատիրապետում չունեն, թող ամուսնանան։ Իսկ եթե ամուսնացել են, պետք է չթողնեն իրար։ Անգամ եթե մեկի կողակիցը անհավատ է, հավատացյալ կողակիցը չպետք է թողնի նրան, քանի որ այդպես նա կարող է փրկել իր անհավատ կողակցին։ Ինչ վերաբերում է թլփատությանն ու ծառա լինելուն, ապա յուրաքանչյուրը ինչ վիճակում, որ կանչվել է, թող այդպես էլ մնա։ Ամուսնացածները կարելի է ասել կիսված են, քանի որ մտահոգվում են, թե ինչպես կարող են կողակցի հավանությունը ստանալ, մինչդեռ ամուրին մտահոգվում է միայն Տիրոջ բաների մասին։ Նրանք, ովքեր որոշում են ամուսնանալ, մեղք չեն գործում, բայց ով չի ամուսնանում, «ավելի լավ է անում» (7։38)։
14. Ի՞նչ է ասում Պողոսը «աստվածների» ու «տերերի» մասին, և ե՞րբ է խելամիտ խուսափել կուռքերին զոհաբերված կերակուր ուտելուց։
14 Ամեն բան անել հանուն բարի լուրի (8։1–9։27)։ Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված կերակուրներ ուտելուն, ապա կուռքը ոչինչ է։ Աշխարհում շատ «աստվածներ» ու «տերեր» կան, բայց քրիստոնյաների համար կա միայն «մեկ Աստված՝ Հայրը», և «մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը» (8։5, 6)։ Այդուհանդերձ, որևէ մեկը կարող է վիրավորվել, երբ տեսնի իր հավատակցին կուռքին զոհաբերված միս ուտելիս։ Նման դեպքում Պողոսը խորհուրդ է տալիս այդպիսի բան չանել եղբորը չգայթակղեցնելու համար։
15. Ի՞նչ է անում Պողոսը հանուն ծառայության։
15 Հանուն ծառայության Պողոսը շատ բաներից է հրաժարվում։ Որպես առաքյալ՝ նա իրավունք ունի «բարի լուրով ապրելու», բայց այդպես չի վարվում։ Նրա վրա քարոզելու պարտավորություն է դրված։ Նա ասում է. «Վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը»։ Այդ պատճառով նա իրեն բոլորի ծառան է դարձրել՝ «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ» լինելով, որպեսզի «ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկի», և ամեն բան անելով «բարի լուրի համար»։ Հաղթելու և անապականելի պսակ ստանալու համար նա իր մարմնին է հարվածում, որ չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ինքը «ինչ-որ ձևով Աստծու հավանությանը չարժանանա» (9։14, 16, 19, 22, 23, 27)։
16. ա) Քրիստոնյաների համար ի՞նչ նախազգուշական օրինակ կա։ բ) Կռապաշտության առնչությամբ ինչպե՞ս կարող են քրիստոնյաները ամեն բան Աստծու փառքի համար անել։
16 Զգուշացում վնասակար բաների դեմ (10։1–33)։ Ի՞նչ եղավ «նախահայրերին»։ Նրանք ամպի տակ էին և մկրտված էին Մովսեսում։ Բայց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն և մեռավ անապատում։ Ինչո՞ւ։ Նրանք վնասակար բաներ ցանկացան։ Քրիստոնյաների համար սա նախազգուշական օրինակ է։ Նրանք պետք է հեռու մնան կռապաշտությունից, պոռնկությունից, Եհովային չփորձեն և չտրտնջան։ Նա, ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ Փորձություններ կլինեն, բայց Աստված թույլ չի տա, որ իր ծառաները իրենց կարողությունից վեր փորձվեն, այլ նաև ելքը կտա, որպեսզի կարողանան տոկալ։ Պողոսը գրում է. «Ուստի, սիրելինե՛րս, փախեք կռապաշտությունից» (10։1, 14)։ Չենք կարող օգտվել և՛ Եհովայի սեղանից, և՛ դևերի սեղանից։ Սակայն եթե հյուր ես գնացել, ինչ որ դրվում է քո առջև, առանց հարցուփորձ անելու, թե որտեղից է այդ միսը, կեր։ Իսկ եթե ինչ-որ մեկը ասի, որ դա կուռքերին մատուցված զոհ է, մի՛ կեր, որպեսզի այդ անհատի խիղճը չտանջի։ «Ամեն բան Աստծու փառքի համար արեք»,— գրում է Պողոսը (10։31)։
17. ա) Գլխավորության վերաբերյալ ի՞նչ սկզբունք է նշում Պողոսը։ բ) Ինչպե՞ս է նա կապում ժողովում բաժանումներ լինելու հարցը Տիրոջ ընթրիքի հետ։
17 Գլխավորություն, Տիրոջ ընթրիք (11։1–34)։ «Ընդօրինակեք ինձ, ինչպես որ ես էլ Քրիստոսին»,— ասում է Պողոսը և հետո նշում է գլխավորության սկզբունքը. կնոջ գլուխը տղամարդն է, տղամարդու գլուխը Քրիստոսն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված։ Այդ պատճառով կինը պետք է «ի նշան հնազանդության» ծածկի իր գլուխը, երբ աղոթում է կամ մարգարեանում ժողովում։ Պողոսը չի գովում կորնթացիներին, քանի որ երբ հավաքվում են ժողովում, նրանց մեջ բաժանումներ են լինում։ Նման իրավիճակում ինչպե՞ս կարող են նրանք պատշաճ ձևով ուտել Տիրոջ ընթրիքը։ Պողոսը նկարագրում է, թե ինչպես Հիսուսը անցկացրեց իր մահվան հիշատակի երեկոն։ Յուրաքանչյուրը պետք է քննի իրեն նախքան ընթրիքից օգտվելը, որպեսզի չլինի թե առանց գիտակցելու, թե ինչ է «այդ մարմինը» ներկայացնում, իր վրա դատապարտություն բերի (11։1, 10, 29)։
18. ա) Թեև տարբեր են պարգևները և ծառայությունները, ինչո՞ւ մարմնի մեջ բաժանումներ չպետք է լինեն։ բ) Ինչո՞ւ է սերը գերազանցում ամեն բան։
18 Հոգևոր պարգևներ, սեր, հետամուտ լինել սիրո (12։1–14։40)։ Հոգևոր պարգևները զանազան են, մինչդեռ ոգին նույնն է. տարբեր ծառայություններ, տարբեր գործողություններ, բայց Տերը մեկն է, և Աստված նույնպես մեկն է։ Ինչպես մեկ մարմինը շատ անդամներ ունի, և այդ մարմնի բոլոր անդամները մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսն է։ Աստված կազմեց մարմինը և անդամներից յուրաքանչյուրին մարմնի մեջ դրեց այնպես, ինչպես իրեն էր հաճելի, և յուրաքանչյուր անդամ իր դերն է կատարում, «որպեսզի բաժանություն չլինի մարմնի մեջ» (12։25)։ Սակայն հոգևոր պարգևներ ունեցողները ոչինչ են առանց սիրո։ Սերը համբերատար է ու բարի, սերը նախանձոտ չէ, չի հպարտանում։ Այն ուրախանում է միայն ճշմարտության համար։ «Սերը երբեք չի վերջանում» (13։8)։ Հոգևոր պարգևները, օրինակ՝ մարգարեություն անելը կամ լեզուներով խոսելը, կանհետանան, բայց հավատը, հույսը և սերը կմնան։ Եվ սրանցից մեծագույնը սերն է։
19. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը ժողովի կերտման ու կարգուկանոնի վերաբերյալ։
19 Պողոսը հորդում է. «Սիրո՛ հետամուտ եղեք»։ Հոգևոր պարգևները պետք է սիրով օգտագործել ժողովի ամրացման համար։ Այդ պատճառով ավելի լավ է մարգարեանալ, քան լեզուներով խոսել։ Պողոսը ուրիշներին ուսուցանելիս նախընտրում է հինգ հասկանալի բառ ասել, քան տասը հազար բառ՝ անհասկանալի լեզվով։ Լեզուները նշան են անհավատների համար, մինչդեռ մարգարեություն անելը՝ հավատացյալների։ Նրանք չպետք է հասկացողության հարցում «երեխա» լինեն։ Իսկ կանայք պետք է հնազանդ լինեն ժողովում։ «Ամեն ինչ թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (14։1, 20, 40)։
20. ա) Ինչպե՞ս է Պողոսը ապացուցում, որ Քրիստոսը հարություն է առել։ բ) Ի՞նչ կարգով է հարություն լինում, և ի՞նչ թշնամիներ պետք է ոչնչացվեն։
20 Հարության հույսի հիմնավորումը (15։1–16։24)։ Հարություն առած Քրիստոսը երևաց Կեփասին, ապա՝ տասներկու առաքյալներին, դրանից հետո միանգամից երևաց 500 եղբայրների, հետո Հակոբոսին երևաց, ապա՝ բոլոր առաքյալներին, իսկ բոլորից հետո՝ Պողոսին։ Նա գրում է. «Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունը իզուր է, և մեր հավատն էլ է իզուր» (15։14)։ Յուրաքանչյուրը հարություն է առնում՝ ըստ իր կարգի, նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ նրա ներկայության ժամանակ նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։ Վերջում, երբ Աստված բոլոր թշնամիներին Հիսուսի ոտքերի տակ դնի, նա թագավորությունը կհանձնի իր Հորը։ Անգամ մահը՝ վերջին թշնամին, պետք է ոչնչացվի։ Հետևաբար, եթե չկա հարություն, ի՞նչ իմաստ ունի, որ Պողոսը անընդհատ մահվան առաջ կանգնի։
21. ա) Ինչպե՞ս են հարություն առնելու նրանք, ովքեր Աստծու Թագավորությունն են ժառանգելու։ բ) Ի՞նչ սրբազան գաղտնիք է հայտնում Պողոսը, և ի՞նչ է նա ասում մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին։
21 Իսկ ինչպե՞ս պետք է մահացածները հարություն առնեն։ Որպեսզի բույսը աճի, ցանված սերմը պետք է մեռնի։ Պարագան նույնն է մահացածների հարության դեպքում։ «Ցանվում է ֆիզիկական մարմին, հարություն է առնում ոգեղեն մարմին.... միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել» (15։44, 50)։ Պողոսը մի սրբազան գաղտնիք է հայտնում. բոլորը չէ, որ պիտի ննջեն մահվան քնով, սակայն բոլորը պետք է փոխվեն հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ։ Երբ մահկանացուն հագնի անմահություն, այն ժամանակ մահը կկլանվի հավիտյան։ «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը,— ամբողջ սրտով բացականչում է Պողոսը։— Բայց շնորհակալություն Աստծուն, որ հաղթանակ է տալիս մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (1 Կորնթ. 15։55, 57)։
22. Վերջում ի՞նչ խորհուրդ և հորդոր է տալիս Պողոսը։
22 Նամակի վերջում Պողոսը խորհուրդ է տալիս, թե ինչպես է հարկավոր կազմակերպել փող հավաքելը Երուսաղեմում եղող կարիքավոր եղբայրներին օգնելու համար։ Նա տեղեկացնում է, որ Մակեդոնիայի միջով անցնելու ժամանակ նրանց մոտ կգա, և ասում է, որ հնարավոր է՝ Տիմոթեոսն ու Ապողոսն էլ իր հետ գան։ Պողոսը հորդորում է. «Արթուն մնացեք, հավատի մեջ հաստատ կանգնեք, արիացեք, զորացեք։ Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (16։13, 14)։ Պողոսը բարևներ է փոխանցում Ասիայի ժողովներից ու ողջույնի եզրափակիչ խոսքերը իր իսկ ձեռքով է գրում՝ հավաստիացնելով նրանց իր սիրո մեջ։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
23. ա) Ինչպե՞ս է Պողոսը բացատրում, թե ինչ աղետալի հետևանքներ են բերում սխալ ցանկությունները և ինքնավստահությունը։ բ) Տիրոջ ընթրիքի և պատշաճ կերակուրի վերաբերյալ խորհուրդներ տալիս Պողոսը որպես հեղինակություն ո՞ւմ է օրինակ բերում։
23 Պողոս առաքյալի այս նամակը անչափ օգտակար է այն առումով, որ խորացնում է մեր հասկացողությունը Եբրայերեն Գրությունների վերաբերյալ, քանի որ նա բազմաթիվ մեջբերումներ է կատարում այնտեղից։ Տասներորդ գլխում Պողոսը նշում է, որ իսրայելացիները Մովսեսի ժամանակ խմեցին հոգևոր վեմից, իսկ այդ վեմը ներկայացնում էր Քրիստոսին (1 Կորնթ. 10։4; Թվեր 20։11)։ Հետո Մովսեսի ժամանակներում ապրած իսրայելացիների օրինակով նա նշում է, թե ինչ աղետալի հետևանքներ է ունենում վնասակար բաներ ցանկանալը, և ավելացնում է. «Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ ու գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում»։ Թող որ երբեք չդառնանք ինքնավստահ՝ կարծելով, որ չենք ընկնի (1 Կորնթ. 10։11, 12; Թվեր 14։2; 21։5; 25։9)։ Պողոսը դարձյալ օրինակ է բերում Օրենքից։ Անդրադառնալով խաղաղության զոհերին, որ արվում էին Իսրայելում՝ նա ցույց է տալիս, թե ինչպես է պետք արժանավայել կերպով մասնակցել Տիրոջ ընթրիքին և օգտվել Եհովայի սեղանից։ Հետո, որպեսզի հիմնավորի, որ մսի շուկայում վաճառվող ամեն բան կարելի է ուտել, նա մեջբերում է Սաղմոս 24։1-ը՝ ասելով. «Եհովայինն է երկիրը և նրանում եղող ամեն բան» (Սաղ. 24։1; 1 Կորնթ. 10։18, 21, 26; Ելք 32։6; Ղևտ. 7։11–15)։
24. Իր տեսակետը հիմնավորելու համար ի՞նչ մեջբերումներ է անում Պողոսը Եբրայերեն Գրություններից։
24 Ցանկանալով ցույց տալ «այն բաների [գերազանցությունը], որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» և այս աշխարհի «իմաստուն մարդկանց դատողությունների ունայն» լինելը՝ Պողոս առաքյալը կրկին դիմում է Եբրայերեն Գրություններին (1 Կորնթ. 2։9; 3։20; Ես. 64։4; Սաղ. 94։11)։ 5-րդ գլխում նա հրահանգներ է տալիս մեղավորին ժողովից հեռացնելու մասին՝ դրա համար որպես հիմք ընդունելով Եհովայի հետևյալ օրենքը. «Հեռացրու չարիքը քո միջից» (2 Օրենք 17։7)։ Խոսելով այն մասին, որ իրավունք ունի ապրելու իր ծառայության միջոցով՝ Պողոսը դարձյալ դիմում է Մովսիսական օրենքին, որտեղ ասվում է, որ աշխատող կենդանու դունչը չպետք է կապել, և որ տաճարում ծառայություն կատարող ղևտացիները իրենց բաժինը պետք է ստանան զոհասեղանից (1 Կորնթ. 9։8–14; 2 Օրենք 25։4; 18։1)։
25. Որո՞նք են այն արժեքավոր խորհուրդները, որ տեղ են գտել «1 Կորնթացիներ» նամակում։
25 Որքա՜ն շատ են «1 Կորնթացիներ» նամակից ստացված օգուտները։ Այն պարունակում է խորհուրդներ բաժանումների և մարդկանց հետևելու վերաբերյալ (գլ. 1–4)։ Հիշենք անբարոյության դեպքը, և թե ինչպես Պողոսը շեշտեց առաքինության ու մաքրության կարևորությունը ժողովում (գլ. 5, 6)։ Ուշագրավ են ամուրիության, ամուսնության և անջատ ապրելու վերաբերյալ նրա ներշնչյալ խորհուրդները (գլ. 7)։ Ուշադրության են արժանի առաքյալի խոսքերը կուռքերին զոհաբերված կերակուրների, ինչպես նաև այն մասին, որ հարկավոր է զգուշանալ ուրիշներին գայթակղեցնելուց և կռապաշտության մեջ ընկնելուց (գլ. 8–10)։ Պողոսը խոսում է պատշաճ հնազանդության և հոգևոր պարգևների մասին։ Անչափ գործնական է տոկունության գերազանցության և սիրո հարատևության մասին քննարկումը։ Իսկ որքա՜ն կարևոր է, որ քրիստոնեական հանդիպումները անցկացվեն կարգուկանոնով (գլ. 11–14)։ Ի՜նչ հրաշալի կերպով է առաքյալը Աստծու ներշնչանքով պաշտպանում հարության ուսմունքը (գլ. 15)։ Այս և շատ ուրիշ բաների մասին խորհրդածելը անչափ արժեքավոր են այսօր քրիստոնյաների համար։
26. ա) Համաձայն հին մարգարեությունների՝ ի՞նչ է անելու հարություն առած Քրիստոսը, երբ իշխի որպես Թագավոր։ բ) Ինչպե՞ս է Պողոսը քաջալերում եղբայրներին՝ հիմնվելով հարության հույսի վրա։
26 Այս նամակը զգալիորեն ավելացնում է մեր հասկացողությունը Աստվածաշնչի թեմայի՝ Աստծու փառավոր Թագավորության մասին։ Այն խստորեն նախազգուշացնում է, որ անարդարները չեն ժառանգի Թագավորությունը։ Պողոսը նաև նշում է շատ արատավոր գործեր, որոնց պատճառով անհատը անընդունելի է դառնում Թագավորություն մտնելու համար (1 Կորնթ. 6։9, 10)։ Սակայն ամենակարևորն այն է, որ «1 Կորնթացիներ»-ում բացատրվում է, թե ինչ կապ գոյություն ունի հարության և Աստծու Թագավորության միջև։ Պողոսը գրում է, որ Քրիստոսը՝ հարության «առաջին պտուղը», «պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի»։ Հետո, երբ նա բոլոր թշնամիներին, այդ թվում մահին հաղթած լինի, «թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը.... որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար»։ Վերջապես, ի կատարում Թագավորության վերաբերյալ Եդեմում տրված խոստման՝ Քրիստոսը հարություն առած իր հոգևոր եղբայրների հետ լիովին կջախջախի Օձի գլուխը։ Այո՛, մեծ հեռանկար ունեն նրանք, ովքեր հարություն կառնեն և Քրիստոսի հետ երկնային Թագավորության մեջ անապականություն կժառանգեն։ Հարության հույսի հիման վրա է, որ Պողոսը հորդորում է. «Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն, անսասան և միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ձեր ծառայության մեջ ձեր աշխատանքը զուր չէ» (1 Կորնթ. 15։20–28, 58; Ծննդ. 3։15; Հռոմ. 16։20)։
[ծանոթագրություններ]
a «Halley’s Bible Handbook», 1988, էջ 593։
b «Սմիթի աստվածաշնչյան բառարան», 1863, հատ. 1, էջ 353 (անգլ.)։
c «The Interpreter’s Bible», 1953, հատ. 10, էջ 13։
d «The Interpreter’s Bible», 1954, հատ. 9, էջ 356։