«Հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը»
«Ահա հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը։ Ահա հիմա՛ է փրկության օրը» (2 ԿՈՐՆԹ. 6։2)։
1. Ինչո՞ւ պետք է որոշենք, թե տվյալ պահին որն է ամենակարևոր գործը, որ պետք է անենք։
«ԱՄԵՆ ինչ իր ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա» (Ժող. 3։1)։ Սողոմոնը գրում էր, որ կարևոր է որոշել ամեն տեսակ գործ անելու լավագույն ժամանակը՝ լինի հողագործություն, ճանապարհորդություն, աշխատանք կամ ուրիշների հետ հաղորդակցվելը։ Այնուհանդերձ, մենք պետք է նաև որոշենք, թե տվյալ պահին որն է ամենակարևոր գործը, որ պետք է անենք։ Այլ կերպ ասած՝ պետք է հստակ առաջնահերթություններ դնենք։
2. Որտեղի՞ց գիտենք, որ երբ Հիսուսը երկրի վրա էր, շատ լավ գիտակցում էր, թե ինչ ժամանակներում է ապրում։
2 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը շատ լավ գիտակցում էր, թե ինչ ժամանակներում է ապրում և ինչ պետք է անի։ Նա հստակ գիտեր, թե ինչ առաջնահերթություններ պետք է դնի իր առաջ, քանի որ քաջատեղյակ էր, որ հասել է այն ժամանակը, երբ պետք է կատարվեն երկար սպասված բազում մեսիական մարգարեություններ (1 Պետ. 1։11; Հայտն. 19։10)։ Նա մի գործ պետք է աներ հստակ ցույց տալու համար, որ ինքն է խոստացյալ Մեսիան։ Հիսուսը պետք է հիմնովին վկայություն տար Թագավորության ճշմարտության մասին և հավաքեր նրանց, ովքեր ապագայում իր հետ ժառանգելու էին Թագավորությունը։ Նա պետք է հիմներ քրիստոնեական ժողովը, որը պիտի կազմակերպեր քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը՝ տանելով բարի լուրը մինչև երկրի ծայրերը (Մարկ. 1։15)։
3. Այն, որ Հիսուսը գիտեր, թե ինչ ժամանակներում է ապրում, ինչպե՞ս էր անդրադառնում իր գործունեության վրա։
3 Այս ամենի գիտակցումը այն զորեղ ուժն էր, որը մղեց Հիսուսին նախանձախնդրորեն կատարելու իր Հոր կամքը։ Նա ասաց իր աշակերտներին. «Բերքը, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10։2; Մաղ. 4։5, 6)։ Հիսուսն իր աշակերտներից ընտրեց սկզբում 12, իսկ հետո 70 հոգու, հատուկ հրահանգներ տվեց նրանց և ուղարկեց քարոզելու կարևոր պատգամը՝ «երկնքի թագավորությունը մոտեցել է»։ Իսկ Հիսուսի մասին կարդում ենք. «Իր տասներկու աշակերտներին հրահանգներ տալուց հետո [նա] այնտեղից ճանապարհ ընկավ՝ սովորեցնելու և քարոզելու շրջակա քաղաքներում» (Մատթ. 10։5–7; 11։1; Ղուկ. 10։1)։
4. Ինչպե՞ս էր Պողոսը ընդօրինակում Հիսուս Քրիստոսին։
4 Իր բոլոր հետևորդների համար Հիսուսը նախանձախնդրության և նվիրվածության կատարյալ օրինակ էր։ Հենց սա ընդգծեց Պողոս առաքյալը, երբ հորդորեց իր հավատակիցներին. «Ընդօրինակեք ինձ, ինչպես որ ես էլ Քրիստոսին» (1 Կորնթ. 11։1)։ Ինչպե՞ս էր Պողոսը ընդօրինակում Քրիստոսին։ Գլխավորապես նրանով, որ ոչ մի ջանք չէր խնայում բարի լուրը քարոզելու համար։ Ժողովներին ուղղված Պողոսի նամակներում այսպիսի արտահայտություններ ենք կարդում՝ «ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք», «Եհովային ծառայեք», «միշտ զբաղված եղեք Տիրոջ գործում» և «ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար» (Հռոմ. 12։11; 1 Կորնթ. 15։58; Կող. 3։23)։ Պողոսը երբեք չէր մոռանում, թե ինչ եղավ Դամասկոսի ճանապարհին, ինչպես նաև Հիսուսի խոսքերը, որ Անանիան հավանաբար ավելի ուշ հաղորդեց իրեն. «Այս մարդը ընտրյալ անոթ է ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին ու Իսրայելի որդիներին» (Գործ. 9։15; Հռոմ. 1։1, 5; Գաղ. 1։16)։
«Այդ ընդունելի ժամանակը»
5. Ի՞նչը մղեց Պողոսին նախանձախնդրորեն կատարելու իր ծառայությունը։
5 Կարդալով «Գործեր» գիրքը՝ չենք կարող չնկատել այն համարձակությունն ու նախանձախնդրությունը, որ Պողոսը դրսևորեց իր ծառայության մեջ (Գործ. 13։9, 10; 17։16, 17; 18։5)։ Նա գիտակցում էր, թե ինչ կարևոր ժամանակներում է ապրում։ Առաքյալն ասաց. «Ահա հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը։ Ահա հիմա՛ է փրկության օրը» (2 Կորնթ. 6։2)։ Մ.թ.ա. 537թ. այն ընդունելի ժամանակն էր, երբ Բաբելոնի գերիները պետք է վերադառնային հայրենի երկիր (Ես. 49։8, 9)։ Սակայն ինչի՞ն էր ակնարկում Պողոսն այստեղ։ Համատեքստն օգնում է հասկանալու, թե ինչ նկատի ուներ նա։
6, 7. Ի՞նչ մեծ պատիվ է տրվել այսօր օծյալ քրիստոնյաներին, և ովքե՞ր են համագործակցում նրանց հետ։
6 Ավելի վաղ իր նամակում Պողոսը խոսեց այն մեծ պատվի մասին, որին արժանացել են ինքն ու իր օծյալ հավատակիցները (կարդա՛ 2 Կորնթացիներ 5։18–20)։ Նա բացատրեց, որ նրանք Աստծու կողմից կանչվել են հատուկ նպատակով՝ «հաշտության ծառայություն» կատարելու նպատակով, որ աղերսեն մարդկանց. «Հաշտվե՛ք Աստծու հետ»։ Սա նշանակում է վերականգնել փոխհարաբերությունները Եհովայի հետ և խաղաղություն ունենալ նրա հետ։
7 Եդեմի ապստամբությունից հետո ողջ մարդկությունը հեռացել և օտարացել է Եհովայից (Հռոմ. 3։10, 23)։ Դա ընկղմել է մարդկանց հոգևոր խավարի մեջ՝ բերելով տառապանք ու մահ։ «Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են»,— գրեց Պողոսը (Հռոմ. 8։22)։ Սակայն Աստված քայլեր ձեռնարկեց հորդորելու, կամ՝ «աղերսելու», որ մարդիկ հետ դառնան՝ հաշտվեն իր հետ։ Սա այն ծառայությունն էր, որ վստահվել էր Պողոսին և իր օծյալ հավատակիցներին։ Այդ «ընդունելի ժամանակը» կարող էր լինել «փրկության օր» նրանց համար, ովքեր հավատ էին դրսևորում Հիսուսի հանդեպ։ Բոլոր օծյալ քրիստոնյաները և նրանց համագործակիցները՝ «ուրիշ ոչխարները», որոնք համագործակցում են նրանց հետ, շարունակում են հրավիրել մարդկանց օգուտներ քաղելու «ընդունելի ժամանակից» (Հովհ. 10։16)։
8. Ի՞նչն է հաշտվելու հրավերը առանձնահատուկ դարձնում։
8 Հաշտվելու հրավերը առանձնահատուկ է դարձնում այն, որ թեև ճեղքն առաջացել էր մի կողմի՝ մարդու պատճառով, որն ապստամբեց Եդեմում, սակայն Աստված ինքը նախաձեռնություն վերցրեց այն փակելու համար (1 Հովհ. 4։10, 19)։ Ի՞նչ է արել նա։ Պողոսը պատասխանում է. «Աստված Քրիստոսի միջոցով աշխարհն իր հետ հաշտեցրեց՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները, և նա հաշտության խոսքը մեզ հանձնեց» (2 Կորնթ. 5։19; Ես. 55։6)։
9. Ի՞նչ արեց Պողոսը, որ ցույց տա իր գնահատանքը Աստծու ողորմության համար։
9 Տալով քավիչ զոհը՝ Եհովան հնարավոր դարձրեց, որ բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորում, ներում ստանան իրենց մեղքերի համար, վերականգնեն իրենց փոխհարաբերությունները Աստծու հետ և խաղաղություն ունենան նրա հետ։ Ավելին, նա ուղարկեց իր պատվիրակներին՝ հորդորելու, որ քանի դեռ հնարավոր է, մարդիկ ամենուրեք խաղաղություն ունենան իր հետ (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։3–6)։ Հասկանալով Աստծու կամքը և գիտակցելով, թե ինչ ժամանակներում է ապրում՝ Պողոսը անմնացորդ նվիրեց իր անձը «հաշտության ծառայությանը»։ Եհովայի կամքը չի փոխվել։ Նրա ձեռքը դեռ մեկնած է։ Պողոսի խոսքերը՝ «հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը» և «հիմա՛ է փրկության օրը», դեռ ուժի մեջ են։ Որքա՜ն ողորմած ու կարեկից Աստված է Եհովան (Ելք 34։6, 7)։
«Աչքաթող չանեք դրա նպատակը»
10. Ի՞նչ էր նշանակում «փրկության օրը» օծյալ քրիստոնյաների համար անցյալում, և ի՞նչ է նշանակում այն ներկայումս։
10 Առաջինները, որոնք օգուտներ քաղեցին այդ անզուգական բարությունից, նրանք էին, ովքեր «միության մեջ էին Քրիստոսի հետ» (2 Կորնթ. 5։17, 18)։ Նրանց համար «փրկության օրը» սկսվեց 33թ. Պենտեկոստեին։ Այդ ժամանակվանից ի վեր այսպիսի անհատներին հանձնարարվել է հայտնել «հաշտության խոսքը»։ Այսօր օծյալ քրիստոնյաների մնացորդը դեռ շարունակում է կատարել «հաշտության ծառայությունը»։ Նրանք գիտակցում են, որ չորս հրեշտակները, որոնց տեսավ Հովհաննես առաքյալը մարգարեական տեսիլքում, «ամուր պահում են երկրի չորս քամիները, որ քամի չփչի երկրի» վրա։ Ուստի հիմա դեռ «փրկության օրն» է և «այդ ընդունելի ժամանակը» (Հայտն. 7։1–3)։ Այդ պատճառով 20-րդ դարի սկզբից օծյալ մնացորդը նախանձախնդրորեն կատարում է իր հանձնարարությունը՝ «հաշտության ծառայությունը», մինչև երկրի հեռավոր անկյունները։
11, 12. 20-րդ դարի սկզբում օծյալ քրիստոնյաները ինչպե՞ս ցույց տվեցին, որ գիտակցում են, թե ինչ ժամանակներում են ապրում (տե՛ս 15-րդ էջի նկարը)։
11 Ինչպես նշվում է «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքում, 1800-ականների վերջում «Չ. Ռասելը և իր ընկերները խորապես հավատում էին, որ ապրում են հնձի ժամանակ և անհրաժեշտ է, որ մարդիկ լսեն ազատագրող ճշմարտությունը»։ Այդ նպատակին հասնելու համար ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք։ Գիտակցելով, որ ապրում են հնձի ժամանակ՝ «այդ ընդունելի ժամանակ»՝ այս եղբայրները չբավարարվեցին մարդկանց միայն կրոնական արարողությունների հրավիրելով. մինչդեռ քրիստոնյա աշխարհի հոգևորականությունը երկար ժամանակ հենց դա էր անում։ Ընդհակառակը՝ այդ օծյալ քրիստոնյաները սկսեցին այլ գործնական միջոցներ փնտրել բարի լուրը տարածելու համար։ Օրինակ՝ նրանք սկսեցին իմաստնորեն օգտագործել նոր տեխնոլոգիաները, որ իրենց գործն առաջ տանեն։
12 Թագավորության բարի լուրը հռչակելու համար նախանձախնդիր ծառայողների այս փոքր խումբը օգտագործում էր թերթիկներ, գրքույկներ, ամսագրեր և գրքեր։ Նրանք քարոզներ ու հոդվածներ էին գրում և ուղարկում տարբեր խմբագրություններ, որ դրանք տպագրվեն հազարավոր թերթերում։ Նաև ազգային և միջազգային ռադիոկայաններով հեռարձակում էին աստվածաշնչյան թեմաներով ծրագրեր։ Երբ դեռ կինոարդյունաբերությունը չէր ստեղծել առաջին ֆիլմը, որում կլիներ երաժշտություն և խոսք, նրանք ստեղծեցին շարժական պատկերներ, որոնց ցուցադրմանը զուգահեռ հնչում էին երաժշտությունն ու խոսքը։ Ի՞նչ եղավ այդ մարդկանց նախանձախնդիր աշխատանքի արդյունքը։ Այսօր մոտ յոթ միլիոն մարդիկ արձագանքել են «հաշտվե՛ք Աստծու հետ» պատգամին և միացել այն հռչակելու գործին։ Իսկապես, Եհովայի այդ վաղեմի ծառաները նախանձախնդրության հրաշալի օրինակ էին, թեև քիչ էին թվով և քիչ փորձ ունեին։
13. Աստծու ո՞ր նպատակին պետք է լրջությամբ վերաբերվենք։
13 Պողոսի խոսքերը՝ «հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը», դեռևս ուժի մեջ են։ Մենք զգացել ենք Եհովայի անզուգական բարությունը, ուստի երախտապարտ ենք, որ մեզ հնարավորություն է տրվել լսելու և ընդունելու հաշտության պատգամը։ Այդքանով սահմանափակվելու փոխարեն՝ լրջությամբ ենք վերաբերվում առաքյալի հետևյալ խոսքերին. «Մենք նաև խնդրում ենք ձեզ, որ ընդունելով Աստծու անզուգական բարությունը՝ աչքաթող չանեք դրա նպատակը» (2 Կորնթ. 6։1)։ Աստծու անզուգական բարության նպատակն է Քրիստոսի միջոցով «աշխարհն իր հետ հաշտեցնել» (2 Կորնթ. 5։19)։
14. Ի՞նչ է տեղի ունենում շատ երկրներում։
14 Մարդկանցից շատերը, որոնց Սատանան կուրացրել է, շարունակում են օտարացած մնալ Աստծուց և անտեղյակ լինել նրա անզուգական բարության նպատակից (2 Կորնթ. 4։3, 4; 1 Հովհ. 5։19)։ Սակայն բազում անհատներ, տեսնելով աշխարհի վատթարացող պայմանները, արձագանքել են բարի լուրին, երբ նրանց ցույց են տվել, որ չարիքի ու տառապանքի հիմքում ընկած է այն, որ մարդկությունը հեռացել է Աստծուց։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ մարդիկ ընդհանուր առմամբ անտարբեր են եղել մեր քարոզչության հանդեպ, այժմ շատերն ընդունում են բարի լուրը և քայլեր են ձեռնարկում, որ հաշտվեն Աստծու հետ։ Հասկանո՞ւմ ենք, որ սա այն ժամանակն է, երբ պետք է ավելի մեծ նախանձախնդրությամբ աղերսենք մարդկանց. «Հաշտվե՛ք Աստծու հետ»։
15. Փոխարեն քարոզելու մի պատգամ, որը մարդկանց պարզապես հաճելի կլինի՝ ի՞նչ ենք ցանկանում, որ բոլորը իմանան։
15 Մեր հանձնարարությունը մարդկանց պարզապես հայտնելը չէ, որ եթե դառնան դեպի Աստված, նա կօգնի նրանց, որ հաղթահարեն իրենց բոլոր դժվարությունները, և նրանք ավելի լավ կզգան։ Շատերը եկեղեցի են գնում հենց այդ նպատակով, իսկ հոգևորականները փափագում են հաճեցնել այդ մարդկանց, միայն թե նրանք գան իրենց եկեղեցի (2 Տիմոթ. 4։3, 4)։ Մեր ծառայության նպատակը դա չէ։ Մեր հայտնած բարի լուրն այն մասին է, որ Եհովան, սիրուց մղված, ցանկանում է Քրիստոսի միջոցով ներել մեր սխալները։ Այսպիսով մարդիկ այլևս օտարացած չեն լինի Աստծուց և կհաշտվեն նրա հետ (Հռոմ. 5։10; 8։32)։ Այնուհանդերձ, «այդ ընդունելի ժամանակը» արագորեն մոտենում է իր ավարտին։
«Ոգով բոցավառվեք»
16. Ինչի՞ շնորհիվ էր Պողոսը քաջ ու նախանձախնդիր։
16 Իսկ ինչպե՞ս կարող ենք նախանձախնդրություն զարգացնել ճշմարիտ երկրպագության հանդեպ ու չկորցնել այն։ Որոշ մարդիկ բնույթով ամաչկոտ են ու չշփվող և գուցե իրենց համար դժվար է աշխույժ ու շփվող լինել։ Սակայն լավ կլինի հիշել, որ նախանձախնդրությունը պարզապես էմոցիաներն ու ոգևորվածությունը ցուցադրելը չէ և ոչ էլ կախված է անհատի բնավորությունից։ Պողոսը նշեց նախանձախնդիր լինելու գաղտնիքը, երբ իր հավատակիցներին հորդորեց. «Ոգով բոցավառվեք» (Հռոմ. 12։11)։ Եհովայի ոգին մեծ դեր խաղաց, որ առաքյալը քաջություն և տոկունություն դրսևորի քարոզչական ծառայության մեջ։ Սկսած այն ժամանակից, երբ Հիսուսը կանչեց Պողոսին, մինչև նրա վերջնական բանտարկությունն ու նահատակվելը Հռոմում՝ ավելի քան 30 տարի, առաքյալի նախանձախնդրությունը չթուլացավ։ Նա միշտ ապավինում էր Աստծուն, որը իր ոգու միջոցով անհրաժեշտ զորությունն էր տալիս։ «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»,— ասաց Պողոսը (Փիլիպ. 4։13)։ Ի՜նչ մեծ օգուտներ կարող ենք քաղել նրա օրինակից։
17. Ինչպե՞ս կարող ենք «ոգով բոցավառվել»։
17 «Բոցավառվել» թարգմանված բառը բառացի նշանակում է «եռալ» (Թագավորության տողացի թարգմանություն)։ Օրինակ՝ որպեսզի թեյնիկը եռա, ջերմությունը պետք է անդադար պահվի։ Նմանապես, որպեսզի «ոգով բոցավառվենք», հարկավոր է, որ Աստծուց անդադար ստանանք իր ոգին։ Իսկ որպեսզի ունենանք այն, պետք է օգտվենք այն ամենից, ինչ Եհովան տալիս է մեզ՝ հոգևորապես զորացնելու համար։ Դա նշանակում է, որ պետք է լրջորեն վերաբերվենք ընտանեկան երկրպագությանը և ժողովի հանդիպումներին, կանոնավորաբար կատարենք անձնական և ընտանեկան ուսումնասիրություն, կանոնավորաբար աղոթենք ու հաճախենք ժողովներին։ Դա կօգնի, որ «կրակ» ունենանք, որպեսզի անընդհատ «եռանք», ինչի շնորհիվ «ոգով կբոցավառվենք» (կարդա՛ Գործեր 4։20; 18։25)։
18. Որպես նվիրված քրիստոնյաներ՝ ո՞ր նպատակի վրա պետք է կենտրոնանանք։
18 Նվիրված մարդը նա է, ով ամբողջովին կենտրոնանում է նպատակի վրա և հեշտությամբ չի շեղվում կամ վհատվում դրան հետամուտ լինելուց։ Որպես նվիրված քրիստոնյաներ՝ մեր նպատակն է անել այն ամենը, ինչ Եհովան ցանկանում է, որ անենք, ինչպեսև վարվում էր Հիսուսը (Եբր. 10։7)։ Այսօր Եհովայի կամքն է, որ հնարավորինս շատ մարդիկ հաշտվեն իր հետ։ Ուստի ընդօրինակելով Հիսուսին ու Պողոսին՝ եկեք նախանձախնդրորեն կատարենք այս ամենակարևոր, այո՛, ամենահրատապ առաջադրանքը, որ պետք է արվի մեր օրերում։
Հիշո՞ւմ ես
• Ո՞րն էր Պողոսին և մյուս օծյալ քրիստոնյաներին վստահված «հաշտության ծառայությունը»։
• Ինչպե՞ս է օծյալ մնացորդը ճիշտ կերպով օգտագործել «այդ ընդունելի ժամանակը»։
• Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները «ոգով բոցավառվել»։
[նկար 12-րդ էջի վրա]
Պողոսը երբեք չէր մոռանում, թե ինչ եղավ Դամասկոսի ճանապարհին