Դրախտում ապրելու հույսդ հիմնավո՞ր է
«Մէկ մարդ գիտեմ Քրիստոսումը .... նա յափշտակուեցաւ դրախտի մէջ» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12։2–4)։
1. Աստվածաշնչի ո՞ր մարգարեություններն են շատերին հուզմունք պատճառում։
ԴՐԱԽՏ։ Հիշո՞ւմ ես, թե ինչ զգացումներ ունեցար, երբ առաջին անգամ լսեցիր դրախտ–երկրի վերաբերյալ Աստծո խոստման մասին։ Իսկ ի՞նչ զգացումներ ունեցար, երբ իմացար, որ «բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին», ‘անապատը ջրեր է բխելու’ և անզուգական գեղեցկություն է հագնելու։ Իսկ երբ իմացար գայլի և գառան, ընձառյուծի և ուլի մասին մարգարեությո՞ւնը։ Կամ՝ չէի՞ր հուզվել, երբ կարդացիր այն մասին, որ մահացած սիրելիներդ կյանքի կվերադառնան՝ այդ Դրախտում ապրելու հեռանկարով (Եսայիա 11։6; 35։5, 6; Յովհաննէս 5։28, 29)։
2, 3. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշնչի վրա հիմնված քո հույսը անհիմն չէ։ բ) Հույս ունենալու ուրիշ ի՞նչ հիմքեր ունենք։
2 Քո հույսը անհիմն չէ։ Դու հիմքեր ունես հավատալու այդ Դրախտին վերաբերող աստվածաշնչյան խոստումներին։ Օրինակ՝ դու վստահություն ունես Հիսուսի խոսքերի հանդեպ, որ նա ասաց ցցի վրա գամված չարագործին. «Ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43, ՆԱ)։ Քեզ նաև վստահություն է ներշնչում հետևյալ խոստումը. «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում»։ Բացի այդ, կասկած չունես այն խոստման հանդեպ, ըստ որի Աստված կսրբի արտասուքը մեր աչքերից, մահն այլևս չի լինի, վերջ կգտնեն սուգը, աղաղակն ու ցավը։ Ուստի կարելի է ասել, որ երկրային դրախտը նորից իրականություն կդառնա (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։4)։
3 Բայց մեկ ուրիշ հիմք էլ կա այդ Դրախտին հավատալու համար։ Ո՞րն է այդ հիմքը։ Դա այն հոգևոր դրախտն է, որի մեջ են գտնվում աշխարհի բոլոր ծայրերում ապրող քրիստոնյաները։ Աստված է ստեղծել այդ հոգևոր դրախտը և իր ժողովրդին բերել այնտեղ։ Գուցե «հոգևոր դրախտ» արտահայտությունը վերացական և դժվարըմբռնելի թվա, սակայն այդպիսի դրախտի մասին մարգարեացվել էր, և այն իրոք գոյություն ունի։
Դրախտի տեսիլք
4. Բ Կորնթացիս 12։2–4-ում ի՞նչ տեսիլքի մասին է գրված, և հավանաբար ո՞ւմ էր այն տրվել։
4 Եկեք ուշադրություն դարձնենք, թե Պողոս առաքյալը հոգևոր դրախտի առնչությամբ ինչ գրեց. «Մէկ մարդ գիտեմ Քրիստոսումը.... նա յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը։ Եւ գիտեմ այնպիսի մարդին թէ մարմնով՝ եւ թէ առանց մարմնի էր՝ չգիտեմ. Աստուած գիտէ. որ նա յափշտակուեցաւ դրախտի մէջ. եւ անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել» (Բ Կորնթացիս 12։2–4)։ Այս խոսքերը անմիջապես հետևում են այն համարներին, որտեղ Պողոսը պաշտպանում է առաքյալի իր պաշտոնը։ Աստվածաշնչում ոչ մի այլ տեղ չի խոսվում այնպիսի անհատի մասին, որի հետ նման բան պատահած լիներ։ Պողոսը միակն է, որը մեզ պատմում է այդ մասին։ Հետևաբար, ըստ ամենայնի, Պողոսն էր այդ տեսիլքը տեսնողը։ Իսկ այդ ի՞նչ ‘դրախտ’ էր, որի մեջ նա ‘հափշտակվեց’ (Բ Կորնթացիս 11։5, 23–31)։
5. Ի՞նչ չտեսավ Պողոսը, և ինչպիսի՞ն էր նրա տեսած ‘դրախտը’։
5 Համատեքստից չի հետևում, թե այդ «երրորդ երկինքը» երկիր մոլորակի մթնոլորտն է, միջաստղային տարածություն է կամ էլ մեկ ուրիշ աշխարհ, ինչպես որ ենթադրում են աստղաֆիզիկոսները։ Աստվածաշնչում երեք թիվը հաճախ օգտագործվում է միտքը շեշտելու, սաստկացնելու կամ նրան ուժ հաղորդելու համար (Ժողովող 4։12; Եսայիա 6։3; Մատթէոս 26։34, 75; Յայտնութիւն 4։8)։ Ուստի՝ այն, ինչ տեսավ Պողոսը, վերին ու հիասքանչ հոգևոր մի բան էր։
6. Պատմական ի՞նչ իրադարձություններ են լույս սփռում Պողոսի տեսիլքի վրա։
6 Այս հարցի վրա լույս են սփռում ավելի վաղ ժամանակներում գրված աստվածաշնչյան մարգարեությունները։ Այն բանից հետո, երբ Աստծո վաղեմի ժողովուրդը անհավատարիմ գտնվեց նրա հանդեպ, Աստված թույլ տվեց բաբելոնացիներին հարձակվել Հուդայի և Երուսաղեմի վրա։ Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ հարձակումը իր գագաթնակետին հասավ մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի ավերումով։ Մարգարեացվել էր, որ երկիրը 70 տարի անմարդաբնակ էր լինելու, հետո Աստված թույլ էր տալու զղջամիտ հրեաներին վերադառնալ ու վերականգնել ճշմարիտ երկրպագությունը։ Դա տեղի ունեցավ՝ սկսած մ.թ.ա. 537–ից (Բ Օրինաց 28։15, 62–68; Դ Թագաւորաց 21։10–15; 24։12–16; 25։1–4; Երեմիա 29։10–14)։ Իսկ երկի՞րը։ Այդ 70 տարիների ընթացքում երկիրը ծածկվել էր վայրի բուսականությամբ, դարձել անջուր անապատ, շնագայլերի բնակավայր (Երեմիա 4։26; 10։22)։ Այնուամենայնիվ, կար նաև այսպիսի խոստում. «Տէրը Սիօնը պիտի մխիթարէ. անոր բոլոր աւերակները պիտի մխիթարէ, անոր անապատը՝ Եդեմի պէս, անոր ամայութիւնը Տէրոջը դրախտին պէս պիտի ընէ» (Եսայիա 51։3, ԱԱ)։
7. 70 տարվա ամայացումից հետո ի՞նչ էր տեղի ունենալու։
7 Այս մարգարեությունը կատարվեց 70 տարիների ավարտից հետո։ Աստծո օրհնությամբ իրավիճակը սկսեց բարելավվել։ Փորձիր պատկերացնել հետևյալը. «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս։ Կ’բացուի, կ’ծաղկի եւ կ’ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով.... Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատումը ջուրեր են բխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։ Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիւն» (Եսայիա 35։1–7)։
Վերականգնված ու վերափոխված ժողովուրդ
8. Ինչի՞ց է երևում, որ Եսայիա 35–րդ գլուխը առավելապես վերաբերում է մարդկանց։
8 Ինչպիսի՜ փոփոխություն։ Ամայացում, այնուհետև դրախտ։ Սակայն այս և մյուս վստահելի մարգարեությունները ցույց են տվել, որ դրական փոփոխություններ էին լինելու նաև ժողովրդի մեջ՝ նման այն բանին, երբ չորային շրջանը արգավանդ է դառնում։ Ինչի՞ հիման վրա ենք այդպես ասում։ Հետաքրքրական է, որ Եսայիան իր խոսքը կենտրոնացրեց ‘Տիրոջ փրկվածների’ վրա, որոնք վերադառնալու էին իրենց երկիրը «բարձրաձայն երգերով» և «ուրախութեան ու ցնծութեան [էին] հասնելու» (Եսայիա 35։10)։ Դա վերաբերում էր ոչ թե բուն երկրին, այլ մարդկանց։ Բացի այդ, Եսայիան իր մարգարեության մեջ մեկ այլ տեղ Սիոն վերադարձողների մասին կանխագուշակել է. «Նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է.... Որովհետեւ ինչպէս որ երկիրը բուսցնում է իր տունկը.... Տէր Եհովան բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին»։ Մարգարեն Աստծո ժողովրդի մասին նաև ասաց. «Տէրը քեզ միշտ կ’առաջնորդէ.... եւ ոսկորներդ կ’զօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կ’լինես» (Եսայիա 58։11; 61։3, 11; Երեմիա 31։10–12)։ Ուստի, ճիշտ ինչպես որ երկրի շրջակա միջավայրն էր բարելավվելու, այնպես էլ վերականգնված հրեա ժողովրդի մեջ դրական փոփոխություններ էին տեղի ունենալու։
9. Ի՞նչ ‘դրախտ’ տեսավ Պողոսը, և երբ իրականացավ այդ տեսիլքը։
9 Պատմական այս նախապատկերը օգնում է մեզ հասկանալ այն, ինչ Պողոսը տեսավ տեսիլքում։ Նրա տեսածը առնչվելու էր քրիստոնեական ժողովին, որին նա կոչեց «Աստուծոյ մշակութիւնը», և որը պետք է պտղաբեր լիներ (Ա Կորնթացիս 3։9)։ Իսկ ե՞րբ պետք է իրականանար այդ տեսիլքը։ Պողոսն իր տեսածը անվանեց ‘հայտնություն’, մի բան, որը պետք է ապագայում կատարվեր։ Նա գիտեր, որ իր մահից հետո հավատուրացությունը մեծ թափ էր առնելու (Բ Կորնթացիս 12։1; Գործք 20։29, 30; Բ Թեսաղոնիկեցիս 2։3, 7)։ Հավատուրացները գերակշռող մաս էին կազմելու և կարծես թե ստվերի մեջ էին գցելու ճշմարիտ քրիստոնյաներին, ուստի վերջիններս նման չէին լինելու բարեբեր պարտեզի։ Սակայն գալու էր ժամանակը, երբ ճշմարիտ երկրպագությունը նորից բարձր դիրքում էր լինելու։ Աստծո ժողովուրդը վերականգնվելու էր, և ‘արդարները ծագելու էին ինչպես արեգակը իրենց Հոր արքայության մեջ’ (Մատթէոս 13։24–30, 36–43)։ Դա տեղի ունեցավ մի քանի տարի անց այն բանից հետո, երբ երկնքում հաստատվեց Աստծո Թագավորությունը։ Արդեն անցել են տասնամյակներ, և միանգամայն ակնհայտ է, որ Աստծո ժողովուրդը ապրում է հոգևոր դրախտում, ինչը և Պողոսը տեսիլքում տեսել էր։
10, 11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ չնայած մեր անկատարությանը՝ գտնվում ենք հոգևոր դրախտում։
10 Մենք գիտենք, որ յուրաքանչյուրս էլ անկատար է, ուստի չենք զարմանում, որ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագում, ինչը լինում էր նաև Պողոսի օրերում քրիստոնյաների միջև (Ա Կորնթացիս 1։10–13; Փիլիպպեցիս 4։2, 3; Բ Թեսաղոնիկեցիս 3։6–14)։ Բայց եկեք մտածենք այն հոգևոր դրախտի մասին, որը հիմա վայելում ենք։ Մի ժամանակ հոգևոր առումով հիվանդ էինք, իսկ այժմ առողջ ենք, հոգևորապես քաղցած էինք, ներկայումս՝ կուշտ։ Աստծո ժողովուրդը այլևս չի տառապում չոր ու ցամաք հոգևոր երկրում, քանի որ ունի Աստծո հավանությունը, և հորդառատ օրհնություններ է վայելում (Եսայիա 35։1, 7)։ Այլևս «կույր» աչքերով չենք նստել հոգևոր խավարի զնդանում, այլ տեսնում ենք ազատության և Աստծո հավանության լույսը։ Շատերը, ովքեր խլության պատճառով չեն կարողացել լսել աստվածաշնչյան մարգարեությունները, այժմ արդեն լսելով հասկանում են Գրությունները (Եսայիա 35։5)։ Օրինակ՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր Եհովայի վկաներ համար առ համար ուսումնասիրել են Դանիելի մարգարեությունը։ Այնուհետև մանրամասնորեն քննել են Աստվածաշնչի «Եսայիա» գրքի յուրաքանչյուր գլուխը։ Մի՞թե այս թարմացուցիչ հոգևոր սնունդը մեր հոգևոր դրախտի ապացույց չէ։
11 Մտածիր նաև, թե իրենց բնավորության մեջ ինչ փոփոխություններ են կատարել ամենատարբեր ծագում ունեցող ազնվասիրտ մարդիկ՝ ջանալով հասկանալ Աստծո Խոսքը և կիրառել կյանքում։ Նրանք ջանքեր են թափել, որպեսզի ազատվեն գազանային հատկություններից, որ մի ժամանակ ունեցել են։ Հնարավոր է, դու էլ ես նման ջանքեր թափել ու զգալի արդյունքների հասել, և նույնը արել են նաև քո հոգևոր եղբայրներն ու քույրերը (Կողոսացիս 3։8–14)։ Հետևաբար, եթե ընկերակցում ես Եհովայի վկաների որևէ ժողովի հետ, ուրեմն շրջապատված ես խաղաղասեր ու հաճելի մարդկանցով։ Իհարկե, նրանք կատարյալ չեն, բայց դժվար թե նրանց կարելի լինի նմանեցնել վայրագ առյուծների կամ գիշատիչ գազանների (Եսայիա 35։9)։ Ինչի՞ մասին է խոսում այս խաղաղ հոգևոր միջավայրը։ Ակներև է, որ մենք գտնվում ենք հոգևոր այնպիսի վիճակում, որն իրավամբ կարելի անվանել հոգևոր դրախտ։ Իսկ մեր հոգևոր դրախտը նախաշուքն է այն երկրային դրախտի, որ կվայելենք, եթե հավատարիմ մնանք Աստծուն։
12, 13. Ի՞նչ պետք է անենք հոգևոր դրախտում մնալու համար։
12 Սակայն, կա մի բան, որը չպետք է աչքաթող անենք։ Աստված հետևյալն ասաց իսրայելացիներին. «Պահեցէք այն ամեն պատուիրանքները, որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, որպէս զի զօրանաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը» (Բ Օրինաց 11։8)։ Նույն երկիրը հիշատակվում է նաև Ղեւտացոց 20։22, 24 համարներում։ Կարդում ենք. «Իմ բոլոր կանոնները եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց որ դուրս չ’փսխէ ձեզ այն երկիրն ուր որ ձեզ պիտի տանեմ այնտեղ բնակուելու։ Եւ ասեցի ձեզ. Նորանց երկիրը դուք պիտի ժառանգէք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացուածք լինելու համար՝ մի երկիր որ կաթ եւ մեղր է բղխում»։ Այո, Ավետյաց երկիրը ժառանգելը կախված էր Եհովա Աստծո հետ լավ հարաբերություններ ունենալուց։ Բայց քանի որ իսրայելացիները չհնազանդվեցին Աստծուն, նա բաբելոնացիներին թույլ տվեց նվաճել երկիրը և նրանց տեղահան անել իրենց բնակության վայրից։
13 Մեր հոգևոր դրախտում շատ հաճելի բաներ կան։ Այդ միջավայրը հաճելի է աչքին, հանգստացնում է հոգին։ Մենք խաղաղություն ենք վայելում մեր քրիստոնյա հավատակիցների հետ, որոնք հաղթահարել են գազաններին բնորոշ հատկություններ։ Նրանք ձգտում են լինել բարի և օգտակար։ Բայց այդ հոգևոր դրախտում մնալու համար ավելին է պահանջվում, քան այդ մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ ունենալը։ Անհրաժեշտ է լավ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ ու կատարել նրա կամքը (Միքիա 6։8)։ Այս հոգևոր դրախտի դռներով մենք կամովին ենք մտել, սակայն եթե չփայփայենք մեր հարաբերություններն Աստծո հետ, ապա գուցե հեռանանք կամ էլ մեզ դուրս հանեն այնտեղից։
14. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որպեսզի մնանք հոգևոր դրախտում։
14 Կա մի կարևոր գործոն, որը կօգնի մեզ այս հարցում. մենք պետք է շարունակենք զորանալ Աստծո Խոսքով։ Տեսնենք, թե փոխաբերական լեզվով ինչ է ասվում Սաղմոս 1։1–3 համարներում. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում. այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։ Բացի այդ, հավատարիմ և իմաստուն ծառան այդ հոգևոր դրախտը ապահովում է հոգևոր սննդով աստվածաշնչյան հրատարակությունների տեսքով (Մատթէոս 24։45–47)։
Հստակեցրու պատկերացումդ Դրախտի վերաբերյալ
15. Ի՞նչ պատճառով Մովսեսը չէր կարող իսրայելացիներին առաջնորդել դեպի Ավետյաց երկիր, սակայն նա ի՞նչ տեսավ։
15 Քննարկենք դրախտի մեկ այլ նախաշող։ Անապատում իսրայելացիների 40–ամյա դեգերումներից հետո Մովսեսը նրանց առաջնորդեց Մովաբի դաշտերը՝ Հորդանան գետից արևելք։ Սակայն Մովսեսի մի թերացման պատճառով Եհովան որոշեց, որ նա իսրայելացիներին չէր առաջնորդելու Հորդանանից այն կողմ (Թուոց 20։7–12; 27։12, 13)։ Մովսեսն աղաչեց Աստծուն. «Թող անցնեմ, եւ Յորդանանի այն կողմի բարի երկիրը.... տեսնեմ»։ Չնայած Մովսեսը չէր մտնելու այդ երկիր, Փասգա լեռը ելնելուց ու այդ երկրի տարբեր մասերը դիտելուց հետո նա ակներևաբար հասկացավ, որ դա ‘բարի երկիր’ էր։ Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր այդ երկիրը (Բ Օրինաց 3։25–27)։
16, 17. ա) Ի՞նչ տարբերություն կա Ավետյաց երկրի հին ու ժամանակակից տարածքների միջև։ բ) Ինչի՞ց կարող ենք եզրակացնել, որ Ավետյաց երկիրը մի ժամանակ նման է եղել դրախտի։
16 Եթե դու քո կարծիքը հիմնել ես այն բանի վրա, թե ինչ տեսք ունի այդ շրջանն այսօր, ապա գուցե քո միտքը գա մի չոր, ավազով ու ապառաժներով լի, արևախանձ երկիր։ Սակայն հիմնավոր պատճառներ կան հավատալու, որ ընդհանուր առմամբ այդ տարածքը աստվածաշնչային ժամանակներում միանգամայն այլ տեսք է ունեցել։ «Սայենթիֆիք ամերիքըն» հանդեսում գյուղատնտեսության մասնագետ, դոկտոր Ուոլտեր Լաուդերմիլքը բացատրում է, որ հողը այդ երկրում «հազարավոր տարիներ անխնա օգտագործվելուց կորցր[ել է] իր հատկությունները»։ Նա գրում է. «Այն, որ նախկինում փթթող երկիրը այսօր «անապատի» է վերածվել, մարդու ձեռքի գործ է և ոչ բնության»։ Իրականում, նրա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «այս երկիրը մի ժամանակ եղել է հովվերգական դրախտ»։ Ակնհայտ է, որ մարդկային անխնա միջամտությունը ավերել է այդ «հովվերգական դրախտը»։a
17 Խորհրդածելով Աստվածաշնչից քո ընթերցածի շուրջ՝ հավանաբար կտեսնես, որ լիովին տրամաբանական է այս եզրակացությունը։ Հիշիր, որ Եհովան Մովսեսի միջոցով վստահեցրել էր իր ժողովրդին. «Այն երկիրը, որ գնում էք այնտեղ նորան ժառանգելու, սարերի եւ հովիտների երկիր է. նա երկնքի անձրեւի ջրովն է ջրվում. այնպիսի երկիր՝ որ քո Եհովայ Աստուածն է դարմանում նորան» (Բ Օրինաց 11։8–12)։
18. Եսայիա 35։2–ում գրվածը, ըստ ամենայնի, ինչպե՞ս էր գերյալ իսրայելացիներին օգնում պատկերացնել, թե ինչի նման էր լինելու Ավետյաց երկիրը։
18 Ավետյաց երկիրը այնքա՜ն դալարագեղ ու պտղաբեր էր, որ նրա որոշ վայրերի հիշատակումն անգամ մարդկանց մտքում արթնացնում էր դրախտի պատկերներ։ Սա հստակորեն երևում է Եսայիա 35–րդ գլխի մարգարեությունից, որն իր սկզբնական կատարումն ունեցավ, երբ իսրայելացիները վերադարձան Բաբելոնից։ Եսայիան կանխագուշակել էր. «Կ’բացուի, կ’ծաղկի եւ կ’ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ’տրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. նորանք կ’տեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը» (Եսայիա 35։2)։ Լիբանանի, Կարմեղոսի ու Սարոնի մասին հիշատակումը պետք է որ իսրայելացիների մտքում արթնացներ քաղցր ու սքանչելի պատկերներ։
19, 20. ա) Նկարագրիր, թե ինչպիսին է եղել Սարոնի հարթավայրը։ բ) Ո՞րն է միջոցներից մեկը՝ է՛լ ավելի հաստատ դարձնելու Դրախտի մեր հույսը։
19 Օրինակ՝ Սարոնը՝ մի ծովեզրյա հարթավայր, որն ընկած է Սամարիայի լեռների և Մեծ՝ կամ Միջերկրական ծովի միջև (տե՛ս 10–րդ էջի լուսանկարը)։ Այն հայտնի էր իր գեղեցկությամբ ու բերրիությամբ։ Այդ տարածքը լավ էր ոռոգվում, ուստի հարմար էր անասուններ արածեցնելու համար։ Իսկ հյուսիսային հատվածում կային կաղնու անտառներ (Ա Մնացորդաց 27։29; Երգ Երգոց 2։1; Եսայիա 65։10)։ Հետևաբար Եսայիա 35։2–ում մարգարեացվում էր վերականգնման, ինչպես նաև ծաղկափթիթ երկրի շքեղության մասին, որը դրախտի էր նմանվելու։ Այս մարգարեությունը ցույց էր տալիս, որ լինելու էր նաև բերկրալից հոգևոր դրախտ, և սա համահունչ էր Պողոսի տեսիլքի հետ։ Եվ վերջապես այս մարգարեությունը մյուս այլ մարգարեությունների հետ է՛լ ավելի հաստատ է դարձնում մեր այն հույսը, որ մարդկանց երկրային դրախտ է սպասում։
20 Շարունակելով մնալ հոգևոր դրախտում՝ մենք կարող ենք է՛լ ավելի մեծ գնահատանք ցուցաբերել դրա հանդեպ ու է՛լ ավելի ամուր դարձնել երկրային Դրախտի մեր հույսը։ Ինչպե՞ս։ Ձգտելով ավելի խորը հասկանալ այն ամենը, ինչ կարդում ենք Աստվածաշնչում։ Աստվածաշնչում տրված նկարագրություններում ու մարգարեություններում հաճախ հիշատակվում են տեղանուններ։ Կցանկանայի՞ր ավելի ստույգ իմանալ, թե որտեղ են դրանք գտնվել, և թե ինչպիսին էր նրանց աշխարհագրական դիրքը միմյանց հանդեպ։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարելի է դա անել և կտեսնենք, թե ինչ օգուտներ կարելի է ստանալ։
[ծանոթագրություններ]
a Դենիս Բալին «Աստվածաշնչի աշխարհագրություն» գրքում ասում է. «Աստվածաշնչային ժամանակներից ի վեր բուսական աշխարհը խիստ մեծ փոփոխությունների է ենթարկվել»։ Պատճա՞ռը։ «Մարդիկ փայտի կարիք են ունեցել ինչպես վառելիքի, այնպես էլ շինարարության համար, ուստիև .... սկսել են կտրել ծառերը, ինչի հետևանքով երկիրը խոցելի է դարձել եղանակային պայմանների առջև։ Շրջակա միջավայրին միջամտելը պատճառ է եղել, որ կլիման .... աստիճանաբար դառնա գերակշռող գործոն բնության կործանման մեջ» («The Geography of the Bible»)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ ‘դրախտ’ տեսավ Պողոս առաքյալը տեսիլքում։
• Ո՞րն է Եսայիա 35–րդ գլխում գրվածի սկզբնական կատարումը, և ինչպե՞ս է դա կապված Պողոսի տեսիլքի հետ։
• Ինչպե՞ս կարող ենք է՛լ ավելի մեծ գնահատանք ունենալ հոգևոր դրախտի հանդեպ ու է՛լ ավելի ամուր դարձնել երկրային Դրախտի մեր հույսը։
[նկար 10–րդ էջի վրա]
Սարոնի հարթավայրը Ավետյաց երկրի արգավանդ վայրերից էր
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.
[նկար 12–րդ էջի վրա]
Մովսեսը հասկացավ, որ դա ‘բարի երկիր’ էր