Եհովան սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր խնդրում են
«Եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (ՂՈՒԿԱՍ 11։13)։
1. Հատկապես ե՞րբ սուրբ ոգու օգնության կարիքն ունենք։
«ՉԵՄ կարող միայնակ հաղթահարել այս փորձությունը։ Միայն սուրբ ոգու զորությամբ կկարողանամ դիմանալ»։ Երբևէ ասե՞լ ես նման խոսքեր։ Քրիստոնյաների մեծ մասն ասել է։ Հնարավոր է՝ այդպես ես արտահայտվել՝ իմանալով, որ լուրջ հիվանդություն ունես, կամ երբ կողակիցդ, որի հետ ապրել ես երկար տարիներ, մահացել է, կամ երբ ուրախությունդ փոխվել է խոր վհատության։ Կյանքի ծանր պահերին գուցե զգացել ես, որ կարողացել ես դիմանալ միայն շնորհիվ այն բանի, որ Եհովայի սուրբ ոգին քեզ տվել է «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7–9; Սաղմոս 40։1, 2)։
2. ա) Ի՞նչ դժվարություններ են դիմագրավում ճշմարիտ քրիստոնյաները։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։
2 Այսօրվա անաստված աշխարհը գնալով ավելի մեծ ճնշում է գործադրում ճշմարիտ քրիստոնյաների վրա (Ա Յովհաննէս 5։19)։ Բացի այդ, Քրիստոսի հետևորդները հարձակումների են ենթարկվում անձամբ Բանսարկու Սատանայի կողմից, որը դաժան պատերազմ է մղում բոլոր նրանց դեմ, ովքեր «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին» (Յայտնութիւն 12։12, 17)։ Ուստի զարմանալի չէ, որ մենք այժմ առավել քան երբևէ Աստծու սուրբ ոգու օգնության կարիքն ունենք։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակենք առատորեն ստանալ Աստծու սուրբ ոգին։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեծ ցանկություն ունի տալ մեզ անհրաժեշտ զորությունը փորձության ժամանակ։ Այս հարցերի պատասխանները գտնում ենք Հիսուսի բերած օրինակներից երկուսում։
Հաստատակամորեն աղոթենք
3, 4. Ի՞նչ օրինակ բերեց Հիսուսը և ինչպե՞ս այն կապեց աղոթքի հետ։
3 Մի անգամ Հիսուսի աշակերտներից մեկը խնդրեց նրան. «Տէր, սովորեցրու մեզ աղօթք անելը» (Ղուկաս 11։1)։ Ի պատասխան՝ Հիսուսն իր աշակերտներին պատմեց երկու օրինակ։ Առաջինը մի մարդու մասին է, որի տուն հյուր է եկել, իսկ երկրորդը մի հոր մասին է, որը լսում է իր որդու խնդրանքը։ Եկեք քննարկենք այդ օրինակները։
4 Հիսուսն ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, եւ կէս գիշերին նորա մօտ գնայ, եւ նորան ասէ. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր. որովհետեւ իմ բարեկամն ինձ մօտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ’ունիմ՝ որ նորա առաջին դնեմ։ Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ. Մի հոգնեցնիր ինձ. դուռն արդէն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են. չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։ Ասում եմ ձեզ, եթէ վեր էլ չ’կենայ եւ նորան տայ նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի [«հաստատակամության», ՆԱ] համար վեր կը կենայ եւ կ’տայ նորան ինչ որ էլ պէտք լինի»։ Այնուհետև Հիսուսը բացատրեց, թե ինչպես է այս օրինակը կապված աղոթքի հետ՝ ասելով. «Խնդրեցէք՝ եւ կ’տրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ [«շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակե՛ք փնտրել, և կգտնեք, շարունակե՛ք թակել, և կբացվի ձեզ համար», ՆԱ]։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան» (Ղուկաս 11։5–10)։
5. Հաստատակամ մարդու օրինակը ի՞նչ է մեզ սովորեցնում այն մասին, թե ինչպիսի մտայնություն պետք է ունենանք աղոթելու հետ կապված։
5 Հաստատակամ մարդու այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի մտայնություն պետք է ունենանք աղոթելու հետ կապված։ Ուշադրություն դարձրու, որ ինչպես Հիսուսն ասաց, մարդը կարողացավ ձեռք բերել այն, ինչի կարիքն ուներ, իր «հաստատակամության համար» (Ղուկաս 11։8, ՆԱ)։ «Հաստատակամություն» թարգմանված հունարեն բառը միայն մեկ անգամ է հանդիպում Աստվածաշնչում։ Այն բառացի նշանակում է «անամոթություն»։ Հաճախ այս բառը մատնանշում է բացասական հատկություն։ Սակայն երբ մարդը հիմնավոր պատճառով է անամոթություն, կամ՝ հաստատակամություն դրսևորում, դա կարող է լինել գովելի հատկություն։ Օրինակում բերված մարդու հաստատակամությունը գովելի էր։ Նա ամենևին էլ չամաչեց հաստատակամորեն խնդրել այն, ինչի կարիքն ուներ։ Քանի որ Հիսուսն այս մարդու օրինակը բերեց աղոթելու հետ կապված, ուստի մենք պետք է հաստատակամություն դրսևորենք այդ հարցում։ Եհովան ուզում է, որ մենք «շարունակենք խնդրել, շարունակենք փնտրել և շարունակենք թակել»։ Ի պատասխան՝ նա «Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից»։
6. Ի՞նչ տեսակետ ունեին մարդիկ հյուրընկալության վերաբերյալ Հիսուսի օրերում։
6 Հիսուսը ոչ միայն բացատրեց, թե ինչպես պետք է աղոթենք, այսինքն՝ հաստատակամորեն, այլև թե ինչու պետք է այդպես աղոթենք։ Այս բանը լավ հասկանալու համար քննենք, թե Հիսուսի ունկնդիրները, որոնք լսում էին հաստատակամ հյուրընկալի մասին օրինակը, ինչ տեսակետ ունեին հյուրընկալության վերաբերյալ։ Գրությունների բազմաթիվ հատվածներ ցույց են տալիս, որ աստվածաշնչյան ժամանակներում հյուրերին հոգ տանելը մի սովորույթ էր, որին լուրջ էին վերաբերվում։ Դա հատկապես կարևոր էր Աստծու ծառաների համար (Ծննդոց 18։2–5; Եբրայեցիս 13։2)։ Անհյուրընկալ լինելը խայտառակություն էր (Ղուկաս 7։36–38, 44–46)։ Այս ամենն ի մտի ունենալով՝ վերադառնանք Հիսուսի պատմած օրինակին։
7. Հիսուսի օրինակի հյուրընկալն ինչո՞ւ է համարձակորեն արթնացնում իր ընկերոջը։
7 Վերոհիշյալ օրինակում այդ մարդը հյուր է ընդունում կեսգիշերին։ Նա իրեն պարտավորված է զգում կերակրելու իր հյուրին, սակայն ‘բան չի ունենում նրա առաջ դնելու’։ Ըստ նրա՝ շատ անհարմար դրություն է ստեղծվել։ Նա պետք է ցանկացած գնով հաց գտնի։ Ուստի գնում է իր ընկերոջ մոտ և համարձակորեն նրան արթնացնում։ «Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր»,— ասում է մարդը։ Նա հաստատակամորեն այնքան է խնդրում, մինչև որ ստանում է ուզածը։ Այժմ, ունենալով հացերը, նա իրեն իսկական հյուրընկալ է զգում։
Ինչքան շատ կարիք ունենք օգնության, այնքան շատ խնդրենք
8. Ի՞նչը կմղի մեզ, որ հաստատակամորեն աղոթենք սուրբ ոգու համար։
8 Ի՞նչ ենք սովորում այս օրինակից այն մասին, թե ինչու պետք է հաստատակամորեն աղոթենք։ Մարդը անդադար հաց խնդրեց, քանի որ գիտեր. հացերն ունենալը խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինքը կարողանար կատարել հյուրընկալի իր պարտականությունը (Եսայիա 58։5–7)։ Առանց հացի՝ նա չէր կարող դա անել։ Նմանապես՝ մենք՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, գիտակցում ենք, որ Աստծու սուրբ ոգու օգնությունը խիստ անհրաժեշտ է՝ մեր ծառայությունը կատարելու համար։ Ուստի պետք է շարունակենք աղոթքով Եհովայից խնդրել իր ոգին (Զաքարիա 4։6)։ Առանց դրա՝ չենք կարող կատարել մեր ծառայությունը (Մատթէոս 26։41)։ Ի՞նչ կարևոր հետևություն ենք անում այս օրինակից։ Եթե Աստծու սուրբ ոգին համարենք մի բան, որը խիստ անհրաժեշտ է մեզ, ապա ավելի մեծ հաստատակամությամբ այն կխնդրենք նրանից։
9, 10. ա) Օրինակով ցույց տվեք, թե ինչու պետք է հաստատակամորեն խնդրենք Աստծու սուրբ ոգին։ բ) Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։
9 Որպեսզի կարողանաս ավելի լավ հասկանալ այս օրինակը, պատկերացրու, որ քո ընտանիքի անդամներից մեկը կեսգիշերին իրեն վատ է զգում։ Կարթնացնե՞ս բժշկին, որպեսզի խնդրես նրան օգնություն ցույց տալ։ Ոչ, եթե հիվանդին լուրջ բան չի պատահել։ Սակայն եթե նա ինֆարկտ է ստացել, ապա դու չես ամաչի կեսգիշերին բժիշկ կանչել։ Ինչո՞ւ։ Որովհետև իրավիճակը լուրջ է։ Դու շատ լավ հասկանում ես, որ մասնագիտական օգնությունը խիստ անհրաժեշտ է։ Բժշկի չդիմելը կարող է ողբերգական հետևանք ունենալ։ Նմանապես՝ ճշմարիտ քրիստոնյաները, այսպես ասած, անընդհատ լուրջ իրավիճակում են։ Չէ՞ որ Սատանան «գոռոզ [«մռնչող», ԱԱ] առիւծի պէս ման է գալիս»՝ փորձելով կուլ տալ մեզ (Ա Պետրոս 5։8)։ Որպեսզի հոգևորապես կենդանի մնանք, խիստ անհրաժեշտ է ունենալ Աստծու սուրբ ոգու օգնությունը։ Աստծուց օգնություն չխնդրելը կարող է ողբերգական հետևանք ունենալ։ Ուստի ‘թախանձանքով’, այսինքն՝ հաստատակամորեն մենք Եհովայից խնդրում ենք իր սուրբ ոգին (Եփեսացիս 3։14–16)։ Միայն այս դեպքում կշարունակենք ունենալ անհրաժեշտ զորություն՝ մինչև վերջ տոկալու համար (Մատթէոս 10։22; 24։13)։
10 Հետևաբար, հույժ կարևոր է ժամանակ առ ժամանակ կանգ առնել և հարց տալ. «Որքա՞ն հաստատակամորեն եմ աղոթում»։ Հիշիր. երբ լիովին գիտակցում ենք, որ Աստծու օգնության կարիքն ունենք, ապա ավելի հաստատակամորեն ենք աղոթում սուրբ ոգու համար։
Ի՞նչն է մղում վստահությամբ աղոթելու
11. Ինչպե՞ս Հիսուսը կապեց հոր և որդու մասին օրինակը աղոթքի հետ։
11 Հաստատակամ հյուրընկալի մասին Հիսուսի բերած օրինակն ընդգծում է այն, թե ինչ մտայնություն պետք է ունենա աղոթք անողը։ Հաջորդ օրինակը շեշտում է, թե ինչ մտայնություն ունի աղոթք լսողը՝ Եհովա Աստված։ Հիսուսը հարց տվեց. «Ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. եւ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։ Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ’տայ նորան»։ Այնուհետև նա բացատրեց իր խոսքերի իմաստը՝ ասելով. «Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։11–13)։
12. Որդու խնդրանքը լսող հոր օրինակն ինչպե՞ս է ընդգծում Եհովայի պատրաստակամությունը՝ պատասխանելու մեր աղոթքներին։
12 Այս օրինակով Հիսուսը ցույց է տալիս, թե ինչպես է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր աղոթքով դիմում են իրեն (Ղուկաս 10։22)։ Նախ նկատենք, թե ինչ տարբերություն կա նախորդ օրինակի և այս օրինակի միջև. առաջին օրինակում հիշատակված մարդը չէր կամենում օգնության ձեռք մեկնել, այնինչ Եհովան նման է հոգատար ծնողի, որը շատ է ցանկանում բավարարել իր զավակի խնդրանքը (Սաղմոս 50։15)։ Հիսուսը բացատրում է, որ Եհովան պատրաստ է օգնության ձեռք մեկնել։ Նա ասում է, որ եթե երկրային հայրը, ժառանգած մեղավորության պատճառով «չար» լինելով հանդերձ, բարիք է տալիս իր որդուն, ապա առավել ևս մեր երկնային Հայրը, լինելով բարի, կտա իր սուրբ ոգին իր երկրպագուներին (Յակոբոս 1։17)։
13. Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, երբ աղոթում ենք Եհովային։
13 Ի՞նչ ենք սովորում։ Մենք կարող ենք վստահ լինել, որ երբ մեր երկնային Հորից խնդրում ենք սուրբ ոգին, նա ավելի քան պատրաստ է բավարարելու մեր խնդրանքը (Ա Յովհաննէս 5։14)։ Անգամ եթե անընդհատ դիմենք Եհովային, նա երբեք չի ասի այն մարդու պես. «Մի հոգնեցնիր ինձ. դուռն արդէն փակուած է» (Ղուկաս 11։7)։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Հիսուսն ասաց. «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակե՛ք փնտրել, և կգտնեք, շարունակե՛ք թակել, և կբացվի ձեզ համար» (Ղուկաս 11։9 ՆԱ, 10)։ Այո՛, Եհովան ‘պատասխան կտա մեզ մեր կանչելու օրը’ (Սաղմոս 20։9 ԱԱ; 145։18)։
14. ա) Ի՞նչ սխալ մտքեր են ունենում ոմանք փորձության ժամանակ։ բ) Երբ փորձությունների մեջ ենք, ինչո՞ւ կարող ենք վստահությամբ աղոթել Եհովային։
14 Հոգատար հոր մասին Հիսուսի բերած օրինակը նաև ընդգծում է, որ Եհովան անհամեմատ ավելի բարի է, քան ցանկացած ծնող։ Ուստի մեզանից ոչ ոք չպետք է երբևէ մտածի, որ եթե ինքը փորձություն է կրում, ուրեմն չունի Աստծու հավանությունը։ Մեր գլխավոր թշնամին՝ Սատանան է ցանկանում, որ այդպես մտածենք (Յոբ 4։1, 7, 8; Յովհաննէս 8։44)։ Սուրբգրային ոչ մի հիմք չկա՝ նման ինքնամեղադրական մտքեր ունենալու։ Եհովան մեզ չի փորձում «չար բաներով» (Յակոբոս 1։13)։ Նա չի տալիս «օձանման» և «կարիճանման» փորձություններ։ Մեր երկնային Հայրը տալիս է «բարիքներ.... նորանց, որ խնդրում են իրանից» (Մատթէոս 7։11; Ղուկաս 11։13)։ Այո՛, որքան ավելի խորը հասկանանք Եհովայի բարությունը և մեզ օգնելու նրա պատրաստակամությունը, այնքան ավելի վստահությամբ կաղոթենք։ Այդ դեպքում մենք էլ սաղմոսերգուի պես կկարողանանք ասել. «Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ» (Սաղմոս 10։17; 66։19)։
Ինչպես է սուրբ ոգին օգնում մեզ
15. ա) Ի՞նչ խոստացավ Հիսուսը սուրբ ոգու հետ կապված։ բ) Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում մեզ։
15 Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը կրկնեց այն հավաստիացումը, որ տվել էր վերոհիշյալ օրինակներում։ Սուրբ ոգու մասին խոսելով՝ նա առաքյալներին ասաց. «Ես Հօրը կ’աղաչեմ, եւ ուրիշ Մխիթարիչ [«օգնական», ՆԱ] կ’տայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան» (Յովհաննէս 14։16)։ Փաստորեն, Հիսուսը խոստացավ, որ օգնականը՝ սուրբ ոգին, ապագայում, նաև մեր օրերում, իր հետևորդների հետ է լինելու։ Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում այսօր։ Այն ուժ է տալիս մեզ՝ տոկալու ամենատարբեր փորձությունների։ Ինչպե՞ս։ Պողոս առաքյալը, որ շատ փորձություններ էր կրել, կորնթացիներին ուղղած նամակում գրեց, թե Աստծու ոգին ինչպես էր իրեն օգնել։ Եկեք համառոտակի քննենք նրա խոսքերը։
16. Ինչպե՞ս կարող է մեր իրավիճակը նման լինել Պողոսի իրավիճակին։
16 Պողոսն անկեղծորեն իր հավատակիցներին ասաց, որ ինքը ուներ ‘մարմնի խայթ’՝ ինչ–որ փորձություն։ Հետո նա նշեց. «Երեք անգամ աղաչեցի Տիրոջը [Եհովային], որ նորան հեռացնէ ինձանից» (Բ Կորնթացիս 12։7, 8)։ Ճիշտ է, Պողոսը Աստծուն աղերսեց հեռացնել իրենից այդ ցավը, բայց այդպես չեղավ։ Հնարավոր է՝ դու նույնպես նման իրավիճակում ես գտնվում։ Պողոսի պես՝ գուցե հաստատակամորեն և վստահությամբ աղոթում ես Եհովային՝ խնդրելով հեռացնել փորձությունը։ Բայցևայնպես, չնայած քո անդադար աղերսանքին, խնդիրը շարունակում է մնալ։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Եհովան չի պատասխանում քո աղոթքներին, և նրա ոգին չի օգնում քեզ։ Ամենևի՛ն (Սաղմոս 10։1, 17)։ Ուշադրություն դարձրու, թե Պողոսը այնուհետև ինչ է ասում։
17. Ինչպե՞ս Եհովան պատասխանեց Պողոսի աղոթքներին։
17 Ի պատասխան առաքյալի աղոթքներին՝ Աստված ասաց. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում»։ Պողոսը գրեց. «Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում [«վրանի պես ինձ վրա մնա», ՆԱ]» (Բ Կորնթացիս 12։9)։ Նա զգացել էր, որ Քրիստոսի միջոցով Աստծու զորավոր պաշտպանությունը վրանի պես տարածվել էր իր վրա։ Այսօր Եհովան մեր աղոթքներին պատասխանում է նույն ձևով։ Նա իր պաշտպանությունը ծածկոցի պես տարածում է իր ծառաների վրա։
18. Ինչո՞ւ ենք ի վիճակի տոկալու փորձություններին։
18 Իհարկե, վրանը չի դադարեցնում անձրևն ու քամին, սակայն որոշակի պաշտպանություն է տալիս բնության այդ երևույթներից։ Նմանապես՝ ‘Քրիստոսի զորության’ տված ծածկոցը չի դադարեցնում մեզ վրա տեղացող փորձություններն ու դժվարությունները։ Սակայն այդ ծածկոցը մեզ հոգևորապես պաշտպանում է այս աշխարհի վնասակար տարրերից և նրա իշխանի՝ Սատանայի հարձակումներից (Յայտնութիւն 7։9, 15, 16)։ Այդ իսկ պատճառով, նույնիսկ եթե քո դժվարությունները, որոնց դեմ պայքարում ես, չեն ‘հեռանում’ քեզանից, կարող ես վստահ լինել, որ Եհովան տեղյակ է քո պայքարից և արձագանքում է ‘քո աղաղակի ձայնին’ (Եսայիա 30։19; Բ Կորնթացիս 1։3, 4)։ Պողոսը գրեց. «Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13; Փիլիպպեցիս 4։6, 7)։
19. Ի՞նչ ես վճռել անել և ինչո՞ւ։
19 Ճիշտ է, այս անաստված աշխարհի «վերջին օրերը չափազանց դժվար ժամանակներ» են (Բ Տիմոթէոս 3։1, ՆԱ)։ Բայցևայնպես, Աստծու ծառաների համար դրանք անտանելի չեն։ Ինչո՞ւ։ Քանի որ սուրբ ոգին աջակցում և պաշտպանում է նրանց։ Այո՛, Եհովան պատրաստ է իր սուրբ ոգին առատությամբ տալ բոլոր նրանց, ովքեր հաստատակամորեն և վստահությամբ խնդրում են իրենից։ Ուրեմն թող որ վճռականորեն տրամադրված լինենք ամեն օր աղոթել սուրբ ոգու համար (Սաղմոս 34։6; Ա Յովհաննէս 5։14, 15)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք Աստծու սուրբ ոգին։
• Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպատասխանի, երբ աղոթքով խնդրենք սուրբ ոգին։
• Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում մեզ տոկալու փորձություններին։
[նկար 21-րդ էջի վրա]
Ի՞նչ կարող ենք սովորել հաստատակամ հյուրընկալի մասին Հիսուսի պատմած օրինակից
[նկար 22-րդ էջի վրա]
Հաստատակամորեն աղոթո՞ւմ ես Աստծու սուրբ ոգու համար
[նկար 23-րդ էջի վրա]
Հոգատար հոր օրինակից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին