Աստծո լույսը ցրում է խավարը
«Տէրը լուսաւորելու է իմ խաւարը» (Բ ԹԱԳԱՒՈՐԱՑ 22։29)։
1. Լույսի և կյանքի միջև ի՞նչ կապ գոյություն ունի։
«ԱՍՏՈՒԱԾ ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ» (Ծննդոց 1։3)։ Արարչագործության վերաբերյալ «Ծննդոցում» արձանագրված այս կարևոր խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան լույսի աղբյուրն է, առանց որի կյանքը երկրի վրա անհնար կլիներ։ Եհովան նաև հոգևոր լույսի աղբյուրն է, որը կենսական նշանակություն ունի մեզ համար (Սաղմոս 43։3)։ Դավիթ թագավորը ցույց տվեց, թե ինչ սերտ կապ գոյություն ունի հոգևոր լույսի և կյանքի միջև, երբ գրեց. «Կեանքի աղբիւրը քեզ մօտ է. եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս» (Սաղմոս 36։9)։
2. Ինչի՞ հետ է լույսը սերտորեն կապված, ինչպես ցույց տվեց Պողոսը։
2 Դավիթի ժամանակներից մոտ 1 000 տարի անց Պողոս առաքյալը խոսեց արարչագործության մասին։ Կորնթոսի քրիստոնեական ժողովին նա գրեց. «Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի»»։ Իսկ հետո նա ցույց տվեց, որ հոգևոր լույսը սերտորեն կապված է Եհովայի տված գիտության հետ՝ ասելով. «Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից» (Բ Կորնթացիս 4։6)։ Ինչպե՞ս է այս լույսը հասնում մեզ։
Լույսը՝ Աստվածաշնչի միջոցով
3. Ի՞նչ լույս է Եհովան տալիս Աստվածաշնչի միջոցով։
3 Եհովան հոգևոր լույսը գլխավորապես փոխանցում է իր ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Հետևաբար, եթե ուսումնասիրում ենք Աստվածաշունչը և ըմբռնում Աստծո գիտությունը, ապա դրանով հնարավորություն ենք ստեղծում, որ նրա լույսը հասնի մեզ։ Աստվածաշնչի միջոցով Եհովան լույս է սփռում իր նպատակների վրա ու հայտնում, թե ինչպես կարող ենք կատարել իր կամքը։ Այս ամենը մեր կյանքին իմաստ է հաղորդում ու օգնում բավարարել մեր հոգևոր կարիքները (Ժողովող 12։1; Մատթէոս 5։3)։ Հիսուսը շեշտեց, որ մենք չպետք է անտեսենք մեր հոգևոր կարիքները։ Նա, մեջբերում անելով Մովսիսական օրենքից, ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթէոս 4։4; Բ Օրինաց 8։3)։
4. Ի՞նչ իմաստով է Հիսուսը «աշխարհի լոյս»։
4 Հիսուսը հոգևոր լույսից անբաժան է։ Նա իր մասին խոսեց որպես ‘աշխարհի լույսի’ և ասաց. «Ով իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը» (Յովհաննէս 8։12)։ Այս արտահայտությունն օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուսը կարևոր դեր ունի Եհովայի ճշմարտությունը մարդկանց փոխանցելու գործում։ Եթե ուզում ենք խուսափել խավարից ու քայլել Աստծո լույսի մեջ, ապա պետք է ականջ դնենք Հիսուսի բոլոր խոսքերին ու ճշտորեն հետևենք նրա օրինակին և ուսուցումներին, որոնք գրված են Աստվածաշնչում։
5. Ի՞նչ պատասխանատվություն ունեին Հիսուսի աշակերտները նրա մահից հետո։
5 Իր մահվանից մի քանի օր առաջ Հիսուսը, կրկին իրեն ներկայացնելով որպես «աշխարհի լոյս», պատվիրեց աշակերտներին. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում։ Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք» (Յովհաննէս 12։35, 36)։ Ովքեր դարձան լույսի որդիներ, նրանք սովորեցին Աստվածաշնչի ‘ողջամիտ խոսքերի օրինակը’ (Բ Տիմոթէոս 1։13, 14)։ Հետագայում նրանք, օգտվելով այդ ողջամիտ խոսքերից, օգնեցին ազնվասիրտ անհատներին՝ խավարից դուրս գալու դեպի Աստծո լույսը։
6. Լույսի և խավարի վերաբերյալ ի՞նչ հիմնական ճշմարտություն է գրված Ա Յովհաննէս 1։5–ում։
6 Հովհաննես առաքյալը գրեց. «Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ» (Ա Յովհաննէս 1։5)։ Նկատեցեք, թե այստեղ ինչ հակադրություն կա լույսի և խավարի միջև։ Հոգևոր լույսը Եհովայից է ծագում, ուստի հնարավոր չէ, որ հոգևոր խավարը նրա հետ կապ ունենա։ Այդ դեպքում, ո՞վ է խավարի աղբյուրը։
Ո՞վ է հոգևոր խավարի աղբյուրը
7. Ո՞վ է աշխարհի հոգևոր խավարի ետևում կանգնած, և նա ի՞նչ ազդեցություն ունի։
7 Պողոս առաքյալը խոսեց ‘այս աշխարհի աստծո’ մասին՝ նկատի ունենալով Բանսարկու Սատանային։ Պողոսը նաև ասաց, որ Սատանան «անհաւատների մտքերը.... կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու» (Բ Կորնթացիս 4։4)։ Գնալով մեծանում է այն անհատների թիվը, ովքեր ասում են, թե հավատում են Աստծուն, բայց միևնույն ժամանակ չեն հավատում Բանսարկուի գոյությանը։ Ինչո՞ւ։ Նրանք չեն ցանկանում ընդունել, որ մի չար, գերմարդկային ուժ կարող է գոյություն ունենալ ու ազդել իրենց մտածողության վրա։ Բայց, ինչպես Պողոսն է ցույց տալիս, Բանսարկուն իսկապես գոյություն ունի, և նա իսկապես ազդեցություն է գործում մարդկանց վրա, որպեսզի նրանք չկարողանան տեսնել ճշմարտության լույսը։ Որ Սատանան զորություն ունի ազդելու մարդկանց մտածողության վրա, երևում է նրա վերաբերյալ մարգարեական նկարագրությունից, որտեղ ասվում է, թե նա «մոլորեցրեց ամբողջ աշխարհը» (Յայտնութիւն 12։9)։ Այսօր նրա գործունեության հետևանքով բոլոր մարդկանց կյանքում, բացառությամբ Եհովայի ծառաների, տեղի է ունենում այն երևույթը, ինչի մասին մարգարեացավ Եսայիան. «Ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը» (Եսայիա 60։2)։
8. Ինչի՞ց է երևում, որ հոգևոր խավարում գտնվողները մոլորության մեջ են։
8 Երբ թանձր խավար է տիրում, անհնար է ինչ–որ բան տեսնել։ Մարդ հեշտությամբ կարող է մոլորվել։ Նմանապես, հոգևոր խավարում գտնվող մարդը զրկվում է ըմբռնողականությունից, և նա հոգևոր իմաստով մոլորության մեջ է ընկնում։ Նման մարդու համար դժվար կլինի ճշմարտությունը զանազանել կեղծիքից, բարին՝ չարից։ Եսայիա մարգարեն այդպիսի հոգևոր խավարում գտնվող մարդկանց մասին գրեց. «Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն» (Եսայիա 5։20)։ Նրանք, ովքեր հոգևոր խավարում են ապրում, ենթարկվում են խավարի աստծո՝ Բանսարկու Սատանայի ազդեցությանը ու, հետևաբար, հեռու են լույսի և կյանքի աղբյուրից (Եփեսացիս 4։17–19)։
Հեշտ չէ խավարից դեպի լույս անցնել
9. Բացատրեք, թե ինչպես են մեղավորները սիրում խավարը ուղիղ և հոգևոր իմաստով։
9 Հավատարիմ Հոբը խոսեց այն մասին, որ մեղավորներին դուր է գալիս խավարը։ Նա ասաց. «Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում» (Յոբ 24։15)։ Մեղավոր մարդկանց պարուրում է նաև հոգևոր խավարը, և դա անհաղթահարելի կարող է լինել։ Պողոս առաքյալն ասաց, որ սեռական անբարոյություն, գողություն, ագահություն, հափշտակում, չարախոսություն, հարբեցողություն անում են նրանք, ովքեր բռնված են այդ խավարի որոգայթներով։ Բայց ամեն ոք, ով գալիս է դեպի Աստծո Խոսքի լույսը, կարող է փոխվել։ Այն, որ նման փոփոխություն հնարավոր է անել, Պողոսը հստակորեն ցույց տվեց կորնթացիներին գրած իր նամակում։ Կորնթացի շատ քրիստոնյաներ էին խավարի գործերով զբաղվել, բայց Պողոսն ասաց նրանց. «Դուք.... լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծու Հոգով» (Ա Կորնթացիս 6։9–11)։
10, 11. ա)Ինչպե՞ս Հիսուսը հոգատարություն դրսևորեց, երբ վերականգնում էր կույր մարդու տեսողությունը։ բ) Ինչո՞ւ շատերը չեն ցանկանում լույսի մեջ քայլել։
10 Երբ մարդը թանձր խավարից դուրս է գալիս լուսավոր տեղ, հավանաբար մի փոքր ժամանակ է պետք, որ նրա աչքերը ընտելանան լույսին։ Բեթսայիդայում Հիսուսը վերականգնեց մի կույր մարդու տեսողությունը, բայց բարություն ցուցաբերելով՝ դա արեց աստիճանաբար։ «Նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։ Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։ Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր» (Մարկոս 8։23–25)։ Ամենայն հավանականությամբ, Հիսուսը մարդու տեսողությունը աստիճանաբար վերականգնեց, որպեսզի նա կարողանար ընտելանալ արևի պայծառ լույսին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ուրախություն ապրեց այդ մարդը՝ ի վիճակի լինելով տեսնել։
11 Սակայն է՛լ ավելի մեծ ուրախություն են ապրում այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ստանում աստիճանաբար դուրս գալ հոգևոր խավարից դեպի ճշմարտության լույսը։ Տեսնելով նրանց ուրախությունը՝ մենք գուցե զարմանանք, թե ինչու ավելի շատ մարդիկ չեն գալիս դեպի լույսը։ Հիսուսն ասում է, թե որն է պատճառը. «Դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան» (Յովհաննէս 3։19, 20)։ Այո՛, շատերն են սիրում «չարիք» գործել՝ անբարոյություն անել, կեղեքել, ստել, խաբել և գողանալ, և Սատանայի հոգևոր խավարը այդ մարդկանց համար կատարյալ պայմաններ է ստեղծում՝ իրագործելու իրենց ցանկությունները։
Առաջ ընթանանք լույսի մեջ
12. Ի՞նչ օգուտներ ենք ստացել՝ գալով դեպի լույսը։
12 Այն ժամանակվանից ի վեր, ինչ եկել ենք դեպի լույսի գիտությունը, ի՞նչ փոփոխություններ ենք մեր մեջ նկատել։ Վատ չէր լինի ժամանակ առ ժամանակ ետ նայել ու վերլուծել, թե հոգևոր ինչ առաջընթաց ենք ունեցել։ Ի՞նչ վատ սովորություններից ենք ձերբազատվել։ Ի՞նչ պրոբլեմներ ենք կարողացել լուծել։ Ինչպե՞ս են փոխվել ապագայի մեր պլանները։ Եհովայի զորությամբ և նրա սուրբ ոգու օգնությամբ մենք կարող ենք շարունակել փոփոխություններ անել մեր բնավորության ու մտածելակերպի մեջ, ինչը կլինի այն բանի վկայությունը, որ մենք ընդունում ենք լույսը (Եփեսացիս 4։23, 24)։ Պողոսն այսպես է բացատրում. «Մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէ՛ք ինչպէս լուսոյ որդիներ. քանզի լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը» (Եփեսացիս 5։8, 9)։ Թույլ տալով, որ Եհովայի լույսը մեզ առաջնորդի՝ մենք լցվում ենք հույսով, ապրում նպատակասլաց կյանքով և մեզ շրջապատողների կյանքն է՛լ ավելի հաճելի դարձնում։ Հապա ինչպե՜ս է ուրախանում Եհովան, երբ տեսնում է, թե ինչ փոփոխություններ ենք կատարում մեր մեջ (Առակաց 27։11)։
13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովայի լույսի համար, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։
13 Մեր կյանքը հիմա ավելի մեծ բավականություն է պատճառում մեզ, որի համար կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել՝ արտացոլելով Եհովայի լույսը, այսինքն՝ պատմելով մեր ընտանիքի անդամներին, ընկերներին ու մերձավորներին այն, ինչ որ իմացել ենք Աստվածաշնչից (Մատթէոս 5։12–16; 24։14)։ Ովքեր չեն ցանկանում մեզ լսել, նրանց համար մեր քարոզչությունն ու օրինակելի քրիստոնեական վարքը դառնում են հանդիմանություն։ Պողոսը բացատրում է. «Ստուգեցէք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք [«յանդիմանեցէք», ԱԹ] դրանք» (Եփեսացիս 5։10, 11)։ Մեզանից քաջություն է պահանջվում, որպեսզի օգնենք մարդկանց թողնելու խավարը և ընտրելու լույսը։ Իսկ որ ավելի կարևոր է՝ մենք պետք է կարեկից ու հոգատար լինենք նրանց հանդեպ և սրտանց ցանկանանք նրանց տալ ճշմարտության լույսը, որպեսզի հավիտենական օգուտներ ունենան (Մատթէոս 28։19, 20)։
Զգուշացեք խաբուսիկ լույսերից
14. Լույսի հետ կապված ո՞ր նախազգուշացմանը պետք է ականջ դնենք։
14 Գիշերվա ժամերին ծովում գտնվողներին ցանկացած լույս ուրախություն է պատճառում։ Անցյալում Անգլիայի ափամերձ ժայռերի վրա կրակներ էին վառում, որպեսզի ուղղություն տրվեր նավերին, թե որտեղ կարելի է պաշտպանվել փոթորիկներից։ Նավերի անձնակազմերը երախտապարտ էին լինում այդ լույսերի օգնությամբ ապահով հանգրվաններ առաջնորդվելու համար։ Որոշ կրակներ, սակայն, խայծեր էին։ Հանգրվանի փոխարեն շատ նավեր հայտնվում էին առափնյա ժայռերի մոտ ու խորտակվում, իսկ բեռը գողանում էին։ Այս խաբուսիկ աշխարհում մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չգնանք նման խայծ–լույսերի ուղղությամբ. դրանք կարող են մեզ հոգևոր նավաբեկության հասցնել։ «Ինքը՝ Սատանան.... կերպարանաւորւում [է] որպէս լուսոյ հրեշտակ»։ Նման կերպով նրա ծառաները, ներառյալ հավատուրացները, որոնք «նենգաւոր մշակներ» են, իրենց հերթին ‘կերպարանավորվում են որպես արդարության [ծառաներ]’։ Եթե մենք ուշադրություն դարձնենք այդ մարդկանց ստահոդ դատողություններին, ապա մեր վստահությունը Եհովայի ճշմարտության Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ կարող է թուլանալ և ի վերջո կկորցնենք մեր հավատը (Բ Կորնթացիս 11։13–15; Ա Տիմոթէոս 1։19)։
15. Ի՞նչը կօգնի մեզ մնալ դեպի կյանք տանող ճանապարհում։
15 Սաղմոսերգուն գրեց. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։ Այո՛, «նեղ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք», վառ կերպով լուսավորվում է մեր սիրառատ Աստծո՝ Եհովայի կողմից, որը «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Մատթէոս 7։14; Ա Տիմոթէոս 2։4)։ Աստվածաշնչի պատվիրանները կյանքում կիրառելով՝ մենք այդ նեղ ճանապարհից դուրս չենք գա ու ոտք չենք դնի խավարի արահետները։ Պողոսն ասաց. «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» (Բ Տիմոթէոս 3։16)։ Մենք, հոգևորապես աճելով, կրթվում ենք Աստծո Խոսքով։ Կարող ենք Աստվածաշնչի լույսի ներքո հանդիմանել ինքներս մեզ, կամ եթե անհրաժեշտ է, դա կարող են անել ժողովի սիրառատ երեցները։ Նաև կարող ենք ‘ուղղվել’ և խոնարհաբար ընդունել «արդարութեան մէջ» տրված խրատը, որը կօգնի մեզ մնալ կյանքի ճանապարհում։
Երախտագիտությամբ քայլենք լույսի մեջ
16. Ինչպե՞ս կարող ենք գնահատանք ցույց տալ Եհովայի հրաշալի լույսի համար։
16 Ինչպե՞ս կարող ենք Եհովային երախտապարտ լինել իր հրաշալի լույսի համար։ Հովհաննեսի ավետարանի 9–րդ գլխում պատմվում է, որ երբ Հիսուսը բուժեց ի ծնե կույր մարդուն, վերջինս ցանկացավ իր շնորհակալությունն արտահայտել նրան։ Ինչպե՞ս։ Նա հավատաց Հիսուսին՝ որպես Աստծո Որդու, և հրապարակավ նրան «մարգարէ» անվանեց։ Ավելին՝ այդ մարդը համարձակորեն պատասխան տվեց նրանց, ովքեր փորձում էին Հիսուսի հրաշքները նսեմացնել (Յովհաննէս 9։17, 30–34)։ Պետրոս առաքյալը քրիստոնեական ժողովի օծյալ անդամներին կոչում է «սեփհական ժողովուրդ»։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք էլ ունեն երախտագիտության այն նույն զգացումը, ինչ որ ի ծնե կույր մարդը, որ բուժվեց։ Նրանք Եհովային՝ իրենց Բարերարին, երախտագիտություն են հայտնում՝ ‘քարոզելով նրա առաքինությունները, որ իրենց խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ’ (Ա Պետրոս 2։9, ԱԹ; Կողոսացիս 1։13)։ Նույն զգացումն ունեն նաև երկրային հույս ունեցողները, որոնք Եհովայի ‘առաքինությունների’ հռչակման գործում աջակցում են իրենց օծյալ եղբայրներին։ Ի՜նչ անգնահատելի առանձնաշնորհում է Աստված տվել անկատար մարդկանց։
17, 18. ա) Ամեն մեկս ի՞նչ ենք պարտավոր անել։ բ) Ինչի՞ց խուսափելու հորդոր է տրվում յուրաքանչյուր քրիստոնյայի։
17 Շատ կարևոր է սրտանց գնահատել ճշմարտության լույսը։ Հիշենք, որ մեզանից ոչ մեկն ի ծնե օժտված չէ ճշմարտության ըմբռնումով։ Ոմանք չափահաս տարիքում են իմանում ճշմարտությունը և արագորեն տեսնում են լույսի գերազանցությունը խավարի նկատմամբ։ Մյուսները եզակի հնարավորություն ունեն՝ դաստիարակվելու իրենց աստվածավախ ծնողների կողմից։ Այդպիսի երեխաները գուցե դժվարանան գնահատել լույսը։ Մի Վկա, որի ծնողները նախքան իր ծնվելը արդեն ծառայում էին Եհովային, խոստովանեց, որ իրենից բավական ջանք ու ժամանակ է պահանջվել, որպեսզի լիովին հասկանար, թե որքան կարևոր են այն ճշմարտությունները, որ ծնողները սովորեցրել էին իրեն մանկությունից (Բ Տիմոթէոս 3։15)։ Լինենք երիտասարդ թե տարեց՝ ամեն մեկս էլ պետք է բարձր գնահատի Եհովայի տված ճշմարտությունը։
18 Երիտասարդ Տիմոթեոսը «Սուրբ Գրքերը» մանկուց էր սովորել, բայց նա ծառայության մեջ ջանքեր գործադրելով միայն քրիստոնեական հասունություն ձեռք բերեց (Բ Տիմոթէոս 3։15)։ Ուստի Պողոս առաքյալը նրա՛ն ընտրեց իրեն օգնելու համար ու հորդորեց. «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած [«ընտիր», ԱԹ], որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող»։ Տիմոթեոսի նման՝ թող որ բոլորս էլ խուսափենք այնպիսի բան անելուց, որը ամոթ կբերի մեզ կամ Եհովային (Բ Տիմոթէոս 2։15)։
19. ա) Դավիթի պես ի՞նչ պետք է ամեն մեկս ասի։ բ) Ինչի՞ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։
19 Մենք բոլոր հիմքերն ունենք փառաբանելու Եհովային, որը մեզ տվել է ճշմարտության լույսը։ Դավիթ թագավորի պես մենք ասում ենք. «Դու ես իմ ճրագը, ով Տէր. եւ Տէրը լուսաւոր[ում] է իմ խաւարը» (Բ Թագաւորաց 22։29)։ Սակայն մենք չենք համարձակվում ինքնագոհ լինել, քանի որ դա կարող է մեզ ետ տանել դեպի հենց այն խավարը, որից դուրս ենք եկել։ Դրա համար էլ հաջորդ հոդվածը կօգնի մեզ տեսնել, թե որքանով ենք կարևորություն տալիս Աստվածաշնչի ճշմարտությանը մեր կյանքում։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչպե՞ս է Եհովան հոգևորապես լուսավորում։
• Ինչո՞վ է վտանգավոր մեզ շրջապատող հոգևոր խավարը։
• Ո՞ր վտանգներից պետք է խուսափենք։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը ճշմարտության լույսի համար։
[նկար 8–րդ էջի վրա]
Եհովան ֆիզիկական և հոգևոր լույսի աղբյուրն է
[նկար 10–րդ էջի վրա]
Հիսուսն ինչպես աստիճանաբար վերականգնեց կույր մարդու տեսողությունը, այնպես էլ օգնում է մեզ դուրս գալ հոգևոր խավարից
[նկար 11–րդ էջի վրա]
Սատանայի խայծ–լույսերը տանում են դեպի հոգևոր նավաբեկություն