Ցանում ենք Թագավորության մասին ճշմարտության սերմերը
«Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը» (ԺՈՂՈՎՈՂ 11։6)։
1. Քրիստոնյաներն այսօր ի՞նչ են սերմանում։
ՀԻՆ ՀՐԵԱՍՏԱՆԻ տնտեսության մեջ հողագործությունը զգալի դեր է խաղացել։ Այդ էր պատճառը, որ Հիսուսը, որի կյանքն անցել է Ավետյաց երկրում, շատ հաճախ իր առակների նյութը կապում էր հողագործության հետ։ Օրինակ՝ մի առակում նա Աստծո Թագավորության մասին բարի լուրի քարոզումը համեմատեց սերմ ցանելու հետ (Մատթէոս 13։1–9, 18–23; Ղուկաս 8։5–15)։ Անկախ այն բանից՝ զբաղվում ենք հողագործությամբ, թե՝ ոչ, այսօր էլ հոգևոր սերմեր ցանելը քրիստոնյայի համար ամենակարևոր աշխատանքն է։
2. Որքանո՞վ է կարևոր մեր քարոզչական գործունեությունը, և ի՞նչ է արվում դրա իրագործման ուղղությամբ։
2 Այս վերջին օրերում Աստվածաշնչի ճշմարտության սերմերը ցանելու գործին մասնակցելը մեզ համար մեծ առանձնաշնորհում է։ Հռովմայեցիս 10։14, 15 խոսքերը շատ լավ են արտահայտում դրա կարևորությունը. «Ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելուն. կամ՝ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին։ Ինչպէս գրուած էլ է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղութեան աւետարանիչների եւ բարի բաների աւետիս տուողների»»։ Երբեք այնքան կարևոր չի եղել Աստծուց ստացած մեր հանձնարարությունը կատարելու հարցում դրականորեն տրամադրված առաջ ընթանալը, որքան այսօր։ Այդ իսկ պատճառով էլ Եհովայի վկաներն ամբողջովին կլանված են Աստվածաշնչի, ինչպես նաև 340 լեզուներով աստվածաշնչյան օժանդակ գրականության հրատարակման և տարածման գործում։ Այս գրականությունների պատրաստմանը 18 000 կամավորներ են մասնակցում՝ աշխատելով Եհովայի վկաների վարչական կենտրոնում և տարբեր երկրներում գտնվող մասնաճյուղերում։ Եվ գրեթե վեց միլիոն Վկաներ էլ մասնակցում են աստվածաշնչյան գրականության տարածմանը։
3. Ի՞նչ է տեղի ունենում Թագավորության մասին ճշմարտությունը սերմանելու շնորհիվ։
3 Ի՞նչ պտուղներ է բերում այդ տքնաջան աշխատանքը։ Ինչպես վաղ քրիստոնեության ժամանակներում, այնպես էլ այսօր, շատերն են ընդունում Աստվածաշնչի ճշմարտությունը (Գործք 2։41, 46, 47)։ Սակայն ամենակարևորը Թագավորության նոր մկրտված քարոզիչների գնալով ավելացող թիվը չէ, այլ այն, որ այս մեծ վկայությունը սրբացնում է Եհովայի անունը և ջատագովում նրան որպես միակ ճշմարիտ Աստծո (Մատթէոս 6։9)։ Բացի այդ, Աստծո Խոսքի գիտությունը կարող է փոփոխություններ մտցնել շատերի կյանքում և նրանց փրկության առաջնորդել (Գործք 13։47)։
4. Ի՞նչ աստիճանի էին առաքյալները հոգ տանում այն մարդկանց մասին, ում քարոզում էին։
4 Քանի որ առաքյալները լիովին գիտակցում էին, որ մարդկանց կյանքը կախված է բարի լուրից, ուստի խորապես մտահոգված էին այն մարդկանցով, ում քարոզում էին։ Դա պարզ երևվում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել» (Ա Թեսաղոնիկեցիս 2։8)։ Մարդկանց հանդեպ նման անկեղծ հոգատարություն դրսևորելով՝ Պողոսն ու մյուս առաքյալները ընդօրինակում էին Հիսուսին և երկնքի հրեշտակներին, որոնք մեծ մասնակցություն ունեն այս փրկարար աշխատանքում։ Եկեք տեսնենք, թե ի՛նչ կարևոր դեր են կատարում Աստծո այս երկնային ծառաները Թագավորության մասին ճշմարտությունը սերմանելու գործում, և թե մեր դերը կատարելիս ինչպե՛ս կարող են նրանց օրինակները քաջալերել մեզ։
Հիսուսը՝ Թագավորության մասին ճշմարտությունը Սերմանող
5. Ո՞րն էր այն գործը, որին նվիրվել էր Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ։
5 Կատարյալ մարդ Հիսուսը ի զորու էր նյութապես օգնել իր օրերի մարդկանց։ Օրինակ՝ նրա համար դժվար չէր վերացնել բժշկության մեջ տարածված սխալ ըմբռնումները կամ էլ օգնել մարդկանց առաջընթաց ապրել գիտության այլ ճյուղերում։ Մինչդեռ, իր ծառայության հենց սկզբում նա հայտնի դարձրեց, որ իրեն հանձնարարվել է բարի լուրը քարոզել (Ղուկաս 4։17–21)։ Իսկ ծառայության վերջին օրը նա հայտարարեց. «Ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ» (Յովհաննէս 18։37)։ Այսպիսով, նա իր ողջ ժամանակը նվիրել էր Թագավորության մասին ճշմարտության սերմերը ցանելու գործին, քանի որ իր ժամանակակիցներին Աստծո և նրա նպատակների մասին սովորեցնելը այլ գիտելիքներով նրանց կրթելուց շատ ավելի կարևոր էր (Հռովմայեցիս 11։33–36)։
6, 7. ա) Նախքան երկինք համբարձվելը, Հիսուսը ուշագրավ ի՞նչ խոստում տվեց, և ինչպե՞ս է նա այդ խոստումը կատարում։ բ) Քարոզչության նկատմամբ Հիսուսի վերաբերմունքը ինչպե՞ս է ազդում անձամբ քեզ վրա։
6 Հիսուսն իրեն վկայակոչեց որպես Թագավորության մասին ճշմարտություն Սերմանողի (Յովհաննէս 4։35–38)։ Բարի լուրի սերմերը նա ցանում էր յուրաքանչյուր առիթի դեպքում։ Նույնիսկ ցցի վրա գամված՝ մահամերձ վիճակում, նա խոսեց երկրային գալիք դրախտի մասին (Ղուկաս 23։43, ՆԱ)։ Դեռ ավելին, նրան այնքան խորն էր մտահոգում բարի լուրի քարոզչությունը, որ մահը՝ տառապանքի սյան վրա, չդադարեցրեց այդ գործը։ Նախքան երկինք համբարձվելը, Հիսուսն իր առաքյալներին պատվիրեց շարունակել իր սկսած գործը՝ սերմանել Թագավորության մասին ճշմարտությունը և աշակերտներ պատրաստել։ Ապա նա մի ուշագրավ խոստում տվեց. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս 28։19, 20)։
7 Այս խոսքերով Հիսուսը հանձն առավ աջակցել, առաջնորդել և պահպանել բարի լուրի քարոզչությունը «բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։ Դա նշանակում է, որ նա հիմա՛ էլ շարունակում է հետաքրքրվել, թե ինչպես է ընթանում քարոզչական աշխատանքը։ Նա է մեր Առաջնորդը ճշմարտության սերմերը ցանելու գործում (Մատթէոս 23։10, ՆԿ–ի ՆԱԹ)։ Որպես քրիստոնեական ժողովի Գլուխ՝ նա պատասխանատու է Եհովայի առջև աշխարհածավալ այդ գործի համար (Եփեսացիս 1։22, 23; Կողոսացիս 1։18)։
Հրեշտակները ուրախ լուրեր են հաղորդում
8, 9. ա) Ինչպե՞ս են հրեշտակները անկեղծ հետաքրքրություն ցուցաբերում մարդկանց գործերի հանդեպ։ բ) Ի՞նչ իմաստով ենք հրեշտակների համար կարծես թատրոնի բեմահարթակի վրա գտնվում։
8 Երբ Եհովան ստեղծում էր երկիրը, հրեշտակները «ցնծում» ու «գովաբանում էին» (Յոբ 38։4–7)։ Այդ ժամանակներից ի վեր այս երկնային արարածները խորապես հետաքրքրվում են մարդկանց գործերով։ Եհովան նրանց միջոցով մարդկանց լուրեր էր հաղորդում (Սաղմոս 103։20)։ Դա հատկապես տեղի է ունենում մեր օրերում բարի լուրը տարածելիս։ Հովհաննես առաքյալին տեսիլքում երևացել էր «երկնքի մէջ թռչող մի.... հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին։ Եւ նա ասում էր բարձր ձայնով. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը»» (Յայտնութիւն 14։6, 7)։
9 Աստվածաշնչում հրեշտակների մասին հիշատակվում է որպես սպասարկող ոգիներ, «որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը» (Եբրայեցիս 1։14)։ Իրենց հանձնարարված գործը եռանդագին կատարելով՝ նրանք դիտում են մեզ և մեր կատարած աշխատանքը։ Փաստորեն, կարծես մեր աշխատանքը կատարում ենք թատրոնի բեմահարթակի վրա՝ երկնային հանդիսատեսների աչքի առաջ (Ա Կորնթացիս 4։9)։ Որքա՜ն է մեզ զգաստացնում և, միևնույն ժամանակ, ոգևորում այն միտքը, որ որպես Թագավորության մասին ճշմարտությունը սերմանողներ՝ մենակ չենք։
Եռանդագին կատարում ենք մեր դերը
10. Ինչպե՞ս կարող է Ժողովող 11։6–ի գործնական խորհուրդը կիրառվել քարոզչական մեր գործում։
10 Ինչո՞ւ է Հիսուսին ու հրեշտակներին այդքան հետաքրքրում մեր կատարած աշխատանքը։ Ահա պատճառներից մեկը, որը նշեց Հիսուսը. «Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15։10)։ Մենք էլ նույնանման անկեղծ հետաքրքրություն ենք ցուցաբերում մարդկանց հանդեպ։ Ուստի, մեր ուժերից եկածն անում ենք, որպեսզի Թագավորության մասին ճշմարտության սերմերը հասցնենք բոլորին։ Մեր աշխատանքը կատարելիս կարելի է հետևել Աստվածաշնչի խրատին, որն արձանագրված է Ժողովող 11։6–ում. «Առաւոտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու»։ Ճիշտ է, ավետիսին դրականորեն արձագանքողների կողքին կարող են լինել հարյուրավոր և անգամ հազարավոր մարդիկ, որոնք մերժեն այն, սակայն հրեշտակների նման մենք էլ ենք ուրախանում, երբ նույնիսկ «մեկ մեղավոր» ընդունում է փրկության լուրը։
11. Ինչպիսի՞ արդյունքների կարող է հասցնել Աստվածաշնչի վրա հիմնված գրականության գործածումը։
11 Բարի լուրի քարոզումը իր մեջ շատ բաներ է ընդգրկում։ Օրինակ՝ կարևոր օգնություն են հանդիսանում Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունները, որոնցից օգտվում են Եհովայի վկաները։ Որոշ առումով այս հրատարակություններն էլ «սերմեր» են, որոնք տարածվում են ամենուրեք, բայց թե որտե՛ղ դրանք ավելի շատ արդյունք կբերեն, հայտնի չէ։ Երբեմն այս կամ այն հրատարակությունը ձեռքից ձեռք է անցնում, մինչև որ մեկնումեկը ընթերցում է այն։ Հիսուսն ու հրեշտակները երբեմն նույնիսկ դեպքերին այնպիսի ընթացք են հաղորդում, որ այդ գրականությունը հասնի որևէ արդարամիտ մարդու և նրա սրտում սերմեր գցի։ Ահա մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է Եհովան հանգամանքներն այնպես փոխել, որ մարդկանց մոտ եղած գրականությունը անսպասելիորեն հրաշալի արդյունքների հասցնի։
Ճշմարիտ Աստծո գործերը
12. «Ոսկե դար» պարբերագրի համարներից մեկն ինչպե՞ս օգնեց մի ընտանիքի ճանաչել Եհովային։
12 Ռոբերտն ու Լայլան իրենց երեխաների հետ միասին 1953 թ.–ին մի մեծ քաղաքից տեղափոխվեցին Փենսիլվանիայի (ԱՄՆ) նահանգում գտնվող գյուղական մի հին, կիսախարխուլ տուն։ Տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ռոբերտը սկսեց սանդուղքների ներքևի մասում լողասենյակ կառուցել։ Հազիվ էր հասցրել մի քանի տախտակ տեղաշարժել, երբ նկատեց, որ մկների բերած թղթի կտորների, ընկույզի կեղևների և ուրիշ շատ բաների մեջ ընկած է «Ոսկե դար» պարբերագրի համարներից մեկը։ Այդ պարբերագրում Ռոբերտին հատկապես հետաքրքրեց երեխաների դաստիարակության մասին մի հոդված։ Նրան այն աստիճան տպավորեց այդ թեմայի վերաբերյալ Աստվածաշնչով հիմնավորված հստակ առաջնորդությունը, որ կնոջը հայտնեց «Ոսկե դարի» կրոնին միանալու իր մտադրության մասին։ Այդ դեպքից ընդամենը մի քանի շաբաթ հետո նրանց են այցելում Եհովայի վկաները, սակայն Ռոբերտը հայտարարում է, որ իրենց հետաքրքրում է միայն այն կրոնը, որը կապ ունի «Ոսկե դար» պարբերագրի հետ։ Վկաները բացատրում են, որ «Ոսկե դարն» այժմ նոր անուն է կրում՝ «Արթնացե՛ք»։ Ռոբերտն ու Լայլան սկսում են կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել և որոշ ժամանակ անց՝ մկրտվում։ Նրանք էլ իրենց հերթին ճշմարտության սերմերը ցանեցին իրենց երեխաների սրտերում ու արդյունքում «առատ հունձ» ստացան։ Այսօր այդ ընտանիքից ավելի քան քսան հոգի, այդ թվում նաև Ռոբերտի ու Լայլայի բոլոր յոթ երեխաները, Եհովա Աստծո մկրտված երկրպագուներն են։
13. Պուերտո Ռիկոյում բնակվող ամուսինների մեջ ի՞նչը հետաքրքրություն արթնացրեց դեպի Աստվածաշունչը։
13 Մոտավորապես քառասուն տարի առաջ Պուերտո Ռիկոյում բնակվող Վիլյամ և Ադա անունով ամուսնական զույգին ամենեվին չէր հրապուրում Աստվածաշունչ ուսումնասիրելու միտքը։ Ամեն անգամ, երբ Եհովայի վկաները թակում էին դուռը, նրանք ձևացնում էին, թե տանը չեն։ Պատահում է այնպես, որ մի օր հարկ է լինում տանը ինչ–որ բան վերանորոգել, և Վիլյամը գնում է օգտահումքի պահեստ՝ անհրաժեշտ մասը գնելու։ Ետ դառնալիս աղբարկղի վրա բաց կանաչադեղնավուն մի գիրք է նկատում։ Գիրքը տպագրվել էր 1940 թ.–ին Եհովայի վկաների կողմից և կոչվում էր «Կրոն»։ Հասնելով տուն՝ Վիլյամը որոշում է ծանոթանալ գրքի բովանդակությանը, և, կարդալով այն մասին, թե ինչ տարբերություն գոյություն ունի կեղծ ու ճշմարիտ կրոնների միջև, մնում է զարմացած։ Հաջորդ անգամ, երբ Եհովայի վկաները դարձյալ թակում են նրանց դուռը, Վիլյամն ու Ադան սիրով ընդունում են նրանց և, լսելով Թագավորության լուրը, համաձայնվում են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի քանի ամիս անց՝ 1958–ին, մկրտվում են «Աստծո կամքը» կոչվող միջազգային համաժողովում։ Այդ ժամանակից ի վեր նրանց օգնությամբ ավելի քան հիսուն անհատներ համալրել են քրիստոնեական եղբայրության շարքերը։
14. Ինչպես տեսնում ենք պարբերության օրինակից, ի՞նչ պոտենցիալ ունի Աստվածաշնչի վրա հիմնված մեր գրականությունը։
14 Կառլը տասնմեկ տարեկան չարաճճի տղա էր և թվում էր, որ նրա օրը չէր կարող անցնել առանց փորձանքի։ Ազգությամբ գերմանացի նրա հայրը, որը մեթոդաբան–քարոզիչ էր, ասել էր իրեն, որ վատ մարդիկ մահից հետո այրվում են դժոխքի կրակներում։ Ուստի Կառլը շատ էր վախենում դժոխքից։ 1917 թ. մի օր, փողոցում Կառլը գետնին ընկած տեղեկատու թերթիկ է գտնում։ Առաջին իսկ հայացքից նրա ուշադրությունը գրավում է «Ի՞նչ է դժոխքը» հարցը։ Թերթիկը դժոխքի վերաբերյալ հանրային ելույթի մի հրավիրատոմս էր, որի նախաձեռնողները Եհովայի վկաներն էին այն ժամանակ հայտնի «Աստվածաշունչ ուսումնասիրողներ» անունով։ Մեկ տարի անց՝ Աստվածաշնչի մի քանի դասընթացներ անցնելուց հետո, Կառլը մկրտվեց ու միացավ Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ 1925 թ.–ին նրան հրավիրեցին աշխատելու Եհովայի վկաների համաշխարհային կենտրոնատեղիում, որտեղ էլ նա մինչև օրս ծառայում է։ Փաստորեն, շուրջ ութսուն տարի շարունակվող նրա քրիստոնեական ուղին սկսվել էր փողոցում գետնին ընկած մի թղթի կտորից։
15. Եհովան անհրաժեշտության դեպքում ի՞նչ կարող է անել։
15 Ճիշտ է, մարդիկ չեն կարող իմանալ, թե այդ դեպքերում ի՛նչ մասնակցություն են ունեցել հրեշտակները կամ առհասարակ մասնակցե՞լ են արդյոք։ Սակայն միշտ պետք է համոզված լինենք, որ Հիսուսն ու հրեշտակները ակտիվ դեր են խաղում քարոզչական գործունեության մեջ, և Եհովան կարող է դեպքերն այնպես կարգավորել, ինչպես որ ինքն է հարմար գտնում։ Այս և ուրիշ շատ դեպքեր խոսում են այն մասին, թե ինչ լավ արդյունքների կարող է հանգեցնել մեր գրականությունը տարածելը։
Մեզ գանձ է վստահվել
16. Ի՞նչ կարելի է սովորել Բ Կորնթացիս 4։7 խոսքից։
16 Պողոս առաքյալը խոսեց կավե ամաններում գտնվող գանձերի մասին։ Գանձը խորհրդանշում է Աստծուց ստացած քարոզելու հանձնարարությունը, իսկ կավե ամանները՝ այն մարդկանց, ում Եհովան վստահել է այդ գանձը։ Եվ քանի որ այդ մարդիկ անկատար են և սահմանափակ կարողությունների տեր, Պողոսի խոսքերի համաձայն՝ նման հանձնարարություն ստանալու արդյունքում «զօրութեան գերազանցութիւնը Աստծուց [է] եւ ոչ մեզնից» (Բ Կորնթացիս 4։7)։ Այո՛, մենք կարող ենք վսհահ լինել, որ Եհովան մեզ անհրաժեշտ զորությամբ կօժտի, որպեսզի կարողանանք մեր աշխատանքը մինչև իր ավարտը հասցնել։
17. Ի՞նչ դժվարությունների հետ կարող ենք բախվել Թագավորության մասին ճշմարտության սերմը ցանելիս, բայց ինչո՞ւ պետք է միշտ դրական մտածելակերպ պահպանենք։
17 Հաճախ ծառայության մեջ մեզանից պահանջվում է զոհողությունների գնալ. թերևս տվյալ տեղանքը քարոզելու համար դժվար է կամ անհարմար։ Պատահում է, որ որոշ տարածքներում մարդկանց մեծամասնությունը ծայրահեղ անտարբերություն է ցուցաբերում, երբեմն նույնիսկ՝ թշնամական տրամադրվածություն։ Հնարավոր է այսպիսի տարածքներում մեծ ջանքեր ներդնելուց հետո թվա, թե ամեն ինչ զուր էր։ Սակայն, հաշվի առնելով այն, որ մեր թափած ջանքերն ավելին չեն, քան այն կյանքերը, որ վտանգի տակ են գտնվում, արժե ճիգեր գործադրել։ Չմոռանանք՝ մեր ցանած սերմերը կարող են մարդկանց երջանկություն պարգևել այսօր և հավիտենական կյանք՝ ապագայում։ Սաղմոս 126։6 խոսքը մեկ անգամ չէ, որ փաստել է իր ճշմարտացիությունը։ «Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կը գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով»։
18. Ինչպե՞ս կարող ենք անչափ ուշադիր լինել մեր ծառայության հանդեպ և ինչո՞ւ։
18 Եկեք ոչ մի պատեհ առիթ բաց չթողնենք Թագավորության մասին ճշմարտության սերմերը առատորեն ցանելու։ Երբեք չմոռանանք, որ թեև ցանողը և ջրողը մենք ենք, սակայն աճեցնողը Եհովան է (Ա Կորնթացիս 3։6, 7)։ Այնուհանդերձ, Եհովան ակնկալում է, որ Հիսուսի ու հրեշտակների նման մենք էլ մե՛ր բաժին ծառայությունը մինչև վերջ կատարենք (Բ Տիմոթէոս 4։5)։ Եկեք ուշադիր լինենք, թե ինչպես ենք ուսուցանում, մարդկանց հանդեպ պահպանենք ճիշտ տրամադրվածություն և եռանդագին ծառայենք։ Իսկ թե ինչո՛ւ, այդ հարցին պատասխանում է Պողոսը. «Եթե այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։
Ի՞նչ իմացանք
• Ինչպե՞ս կարող է սերմեր ցանելու գործը լավ արդյունքներ բերել։
• Ո՞րն է քարոզչական գործունեության մեջ Հիսուս Քրիստոսի և հրեշտակների ունեցած դերը։
• Ինչո՞ւ է հարկավոր առատորեն ցանել Թագավորության մասին ճշմարտության սերմերը։
• Ի՞նչը կօգնի շարունակելու մեր գործը, երբ ծառայության ժամանակ բախվում ենք մարդկանց անտարբերությանը կամ թշնամական վերաբերմունքին։
[նկար 15–րդ էջի վրա]
Հին Իսրայելի հողագործների նման քրիստոնյաներն այսօր առատորեն ցանում են Թագավորության մասին ճշմարտության սերմերը։
[նկար 16–րդ, 17–րդ էջերի վրա]
Եհովայի վկաները հրատարակում և տարածում են Աստվածաշնչի վրա հիմնված զանազան գրականություններ՝ 340 լեզուներով։