ԴԱՍ 43
Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում ալկոհոլին
Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն ալկոհոլի վերաբերյալ։ Ոմանք սիրում են երբեմն խմել ընկերների հետ։ Ոմանք էլ ընդհանրապես չեն խմում։ Որոշ մարդիկ էլ այնքան են խմում, մինչև որ հարբեն։ Իսկ ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը այս առնչությամբ։
1. Արդյո՞ք սխալ է ալկոհոլային խմիչքներ օգտագործելը
Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլ օգտագործելը։ Ընդհակառակը՝ այնտեղ ասվում է, որ Աստծու տված պարգևների մեջ է նաև «գինին, որը ուրախացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Աստվածաշնչում խոսվում է որոշ հավատարիմ տղամարդկանց և կանանց մասին, որոնք օգտագործել են ալկոհոլային խմիչքներ (1 Տիմոթեոս 5։23)։
2. Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը այն մարդկանց, որոնք ալկոհոլ են օգտագործում
Եհովան դատապարտում է շատ խմելն ու հարբեցողությունը (Գաղատացիներ 5։21)։ Աստծու Խոսքում ասվում է. «Մի՛ եղիր գինով հարբողների մեջ» (Առակներ 23։20)։ Ուստի, եթե որոշում ենք խմել, նույնիսկ մենակ լինելու դեպքում չպետք է խմենք այնքան, որ կորցնենք մեր սթափ դատողությունը, խոսքերն ու գործերը կառավարելու ունակությունը կամ վնասենք մեր առողջությունը։ Եթե չենք կարողանում վերահսկել, թե որքան ենք խմում, լավ կլինի ընդհանրապես հրաժարվել խմիչքից։
3. Ինչպե՞ս կարող ենք հարգել ալկոհոլի վերաբերյալ ուրիշների կայացրած որոշումները
Յուրաքանչյուր անձնավորություն ինքը պետք է որոշի՝ խմել ալկոհոլ, թե ոչ։ Եթե որևէ մեկը չափավոր օգտագործում է ալկոհոլ, մենք չպետք է դատենք նրան, ոչ էլ պետք է ճնշում բանեցնենք այն մարդու վրա, որը չի ցանկանում խմել (Հռոմեացիներ 14։10)։ Մենք նախընտրում ենք չխմել, եթե դա կարող է բացասաբար անդրադառնալ ուրիշների վրա (կարդա Հռոմեացիներ 14։21)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (կարդա 1 Կորնթացիներ 10։23, 24)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ որոշել՝ որքան խմիչք օգտագործել կամ ընդհանրապես՝ խմել, թե ոչ։ Նաև իմացիր, թե ինչ կարող ես անել, եթե խմիչքը չարաշահելու սովորություն ունես։
4. Որոշում կայացրու՝ օգտագործել խմիչք, թե ոչ
Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում ալկոհոլ օգտագործելուն։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ուշադրություն դարձրու նրա կատարած առաջին հրաշքին։ Կարդացեք Հովհաննես 2։1–11, այնուհետև քննարկեք այս հարցերը։
Այս հրաշքից ի՞նչ ենք սովորում ալկոհոլի և այն օգտագործողների վերաբերյալ Հիսուսի տեսակետի մասին։
Քանի որ Հիսուսը չէր արգելում խմիչք օգտագործելը, ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն այն մարդուն, որը ալկոհոլ է օգտագործում։
Չնայած քրիստոնյաներին թույլատրվում է խմել, դա դեռ չի նշանակում, որ խմելը ճիշտ է բոլոր դեպքերում։ Կարդացեք Առակներ 22։3 և քննարկեք, թե հետևյալ հանգամանքներն ինչպես գուցե ազդեն քո որոշման վրա։
Դու պատրաստվում ես մեքենա վարել կամ որևէ սարք գործարկել։
Դու հղի ես։
Բժիշկը խորհուրդ է տվել ալկոհոլ չօգտագործել։
Երբեմն չարաշահում ես ալկոհոլը։
Քեզ օրենքով արգելված է ալկոհոլ օգտագործել։
Մի մարդու կողքին ես, ով խմիչք չի օգտագործում, քանի որ նախկինում սովորություն է ունեցել չարաշահելու ալկոհոլը։
Արժե՞ արդյոք ալկոհոլ հյուրասիրել հարսանիքի կամ այլ հավաքույթի ժամանակ։ Տեսնելու համար, թե ինչը կարող է քեզ օգնել կողմնորոշվել, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հռոմեացիներ 13։13 և 1 Կորնթացիներ 10։31, 32 համարները։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։
Այս սկզբունքը կիրառելը ինչպե՞ս կօգնի քեզ Եհովային հաճելի որոշում կայացնել։
5. Որոշում կայացրու՝ որքան ես խմելու
Ալկոհոլ օգտագործելիս հիշիր, որ թեպետ Եհովան չի դատապարտում խմելը, սակայն նա դատապարտում է չափից շատ ալկոհոլ օգտագործելը։ Ինչո՞ւ։ Կարդացեք Օսեե 4։11, 18 և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ կարող է պատահել, եթե անհատը չարաշահի խմիչքը։
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չչարաշահենք խմիչքը։ Մենք պետք է համեստ լինենք, այսինքն՝ գիտակցենք մեր սահմանափակ հնարավորությունները։ Կարդացեք Առակներ 11։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ արժե կոնկրետ չափ սահմանել, որը չպետք է գերազանցես։
6. Հաղթահարիր խմիչքը չարաշահելու սովորությունդ
Տես, թե ինչը օգնեց մի տղամարդու հաղթահարել ալկոհոլային կախվածությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս էր ալկոհոլը ազդում Դմիտրիի վարքագծի վրա։
Նա կարողացա՞վ միանգամից թողնել խմիչքը։
Ի՞նչը օգնեց նրան ազատվել այդ կախվածությունից։
Կարդացեք 1 Կորնթացիներ 6։10, 11 և քննարկեք հետևյալ հարցերը։
Որքա՞ն լուրջ մեղք է հարբեցողությունը։
Ի՞նչն է ցույց տալիս, որ այդպիսի անհատը կարող է փոխվել։
Կարդացեք Մատթեոս 5։30, այնուհետև քննարկեք այս հարցը։
Ձեռքը կտրելը խորհրդանշում է, որ Եհովային հաճեցնելու համար գուցե կարիք լինի զոհողություններ անել։ Ի՞նչ կարող ես անել, եթե չի ստացվում կառավարել խմելու ցանկությունդ։a
Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33 և քննարկեք հետևյալ հարցը։
Ընկերներդ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա ալկոհոլի օգտագործման հարցում։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Չի՞ կարելի ալկոհոլ օգտագործել»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ալկոհոլը ստեղծել է մեր իսկ ուրախության համար, սակայն նա դատապարտում է դրա չարաշահումն ու հարբեցողությունը։
Վերհիշենք
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ալկոհոլի վերաբերյալ։
Չափից շատ խմելն ինչո՞վ է վտանգավոր։
Ինչպե՞ս կարող ենք հարգել ալկոհոլի վերաբերյալ մյուսների կայացրած որոշումները։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Պատանիներն ինչպե՞ս կարող են ճիշտ որոշում կայացնել ալկոհոլի վերաբերյալ։
Տես, թե ինչ քայլեր կարող ես ձեռնարկել ալկոհոլային կախվածությունդ հաղթահարելու համար։
«Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք» («Դիտարան», 2010 թ. հունվարի 1)
Քրիստոնյաները կենացներ խմո՞ւմ են։
Կարդա «Ես անտակ տակառ էի» վերնագրով պատմությունը և տես, թե մի մարդ ինչպես հաղթահարեց ալկոհոլային կախվածությունը։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. մայիսի 1)
a Ալկոհոլից կախվածություն ունեցող մարդիկ գուցե մասնագիտական օգնության կարիք ունենան։ Շատ բժիշկներ առաջարկում են ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից, եթե անհատը նախկինում կախվածություն է ունեցել։