Գլուխ 14
Ո՞ւմ իշխանությունը պետք է ճանաչեք
1, 2. Իշխանության բոլո՞ր ձևերն են վնասաբեր։ Բացատրեք։
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը տհաճություն է պատճառում շատերին։ Եվ դա հասկանալի է, քանի որ իշխանությունը՝ լինի դա աշխատանքի վայրում, ընտանիքում թե կառավարական օղակներում, հաճախ է չարաշահվում։ Ուստի միանգամայն տեղին են Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Այո՛, շատերն են իշխել բռնի կերպով ու եսասիրաբար։
2 Սակայն իշխանության բոլոր ձևերը չէ, որ վնասաբեր են։ Օրինակ՝ կարելի է ասել, որ մեր մարմինը իշխանություն ունի մեզ վրա։ Այն «հրամայում» է շնչել, ուտել, խմել ու քնել։ Մի՞թե դա վատ է։ Իհարկե ոչ։ Մարմնի այդ պահանջներին հնազանդվելը մեր օգտի համար է։ Ու թեև դրանց ենթարկվելը տեղի է ունենում ինքնաբերաբար, կան իշխանության ձևեր, որոնց հարկավոր է ենթարկվել հոժարակամորեն։ Քննարկենք մի քանի օրինակ։
Գերագույն իշխանությունը
3. Ինչո՞ւ է Եհովան իրավամբ կոչվում Գերիշխան Տեր։
3 Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» մեջ Եհովան ավելի քան 300 անգամ կոչվում է Գերիշխան Տեր։ Գերիշխան է համարվում այն անձնավորությունը, որն ունի գերագույն իշխանություն։ Ի՞նչն է Եհովային իրավունք տալիս նման դիրք զբաղեցնելու։ Պատասխանը գրված է Յայտնութիւն 4։11–ում. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան»։
4. Ի՞նչ ձևով է Եհովան նախընտրում գործի դնել իր իշխանությունը։
4 Քանի որ Եհովան մեր Արարիչն է, նա իրավունք ունի իր իշխանությունը գործադրել այնպես, ինչպես որ ցանկանում է։ Այդ միտքը կարող է վախ ներշնչել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Աստված ‘սաստիկ զորություն’ ունի։ Նա կոչվում է Ամենակարող։ Այդ անվանումը եբրայերենում փոխանցում է ամեն բան հաղթահարող զորության գաղափար (Եսայիա 40։26; Ծննդոց 17։1)։ Սակայն Եհովան իր զորությունը ցուցաբերում է բարյացակամորեն, քանի որ նրա գլխավոր հատկությունը սերն է (Ա Յովհաննէս 4։16)։
5. Ինչո՞ւ դժվար չէ հպատակվել Եհովայի իշխանությանը։
5 Թեպետ Եհովան նախազգուշացնում է, որ կպատժի չզղջացող մեղսագործներին, Մովսեսը հիմնականում ճանաչում էր նրան որպես «հավատարիմ [Աստված], որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար.... ուխտ ու ողորմութիւն է պահում» (Բ Օրինաց 7։9)։ Պատկերացնո՞ւմ եք՝ Տիեզերքի Գերագույն Իշխանը չի ստիպում, որ ծառայենք իրեն։ Ընդհակառակը՝ Աստծո սերն է, որ մղում է մեզ մոտենալ նրան (Հռովմայեցիս 2։4; 5։8)։ Եհովայի իշխանությանը հնազանդվելը նույնիսկ հաճելի է, քանի որ նրա օրենքները միայն առավելագույն օգուտներ են բերում (Սաղմոս 19։7, 8)։
6. Ինչպե՞ս Եդեմում բարձրացվեց իշխանության հարցը, և դա ի՞նչ հետևանքներ ունեցավ։
6 Մեր նախածնողները մերժեցին Աստծո գերիշխանությունը։ Նրանք ցանկանում էին ինքնուրույն որոշել, թե իրենց համար ինչն է չար և ինչը՝ բարի (Ծննդոց 3։4–6)։ Դրա հետևանքով Եհովան նրանց վտարեց իրենց դրախտանման «տնից»։ Հետագայում Աստված թույլատրեց մարդկանց ստեղծել կառավարման տարբեր համակարգեր, որոնք հնարավորություն կտային ապրել որոշակի ձևով կարգավորված (թեև անկատար) հասարակության մեջ։ Որո՞նք են այդ իշխանության ձևերից մի քանիսը, և Աստծո տեսանկյունից ի՞նչ չափով պետք է հնազանդվենք նրանց։
‘Բարձր իշխանությունները’
7. Որո՞նք են ‘բարձր իշխանությունները’, և ի՞նչ դիրք են զբաղեցնում Աստծո իշխանության համեմատությամբ։
7 Պողոս առաքյալը գրում է. «Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից»։ Որո՞նք են ‘բարձր իշխանությունները’։ Հաջորդ համարներում ներկայացված Պողոսի խոսքերից երևում է, որ դրանք մարդկային կառավարություններն են (Հռովմայեցիս 13։1–7; Տիտոս 3։1)։ Թեև Եհովան չէ, որ հաստատել է մարդկային կառավարությունները, սակայն դրանք գոյություն ունեն նրա թույլտվությամբ։ Ուստի Պողոսը կարող էր գրել. «Ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած»։ Ի՞նչ է դա ցույց տալիս երկրային իշխանությունների առնչությամբ։ Այն, որ դրանք երկրորդական՝ ստորադաս տեղ են գրավում Աստծո իշխանության համեմատ (Յովհաննէս 19։10, 11)։ Հետևաբար՝ երբ հակասություն առաջանա մարդկային և աստվածային օրենքների միջև, քրիստոնյան պետք է առաջնորդվի Աստվածաշնչի հիման վրա դաստիարակված իր խղճով. նա «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդ[վի] քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։
8. Ի՞նչ օգուտ են ձեզ տալիս բարձր իշխանությունները, և ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ հնազանդվում եք նրանց։
8 Սակայն հիմնականում պետական իշխանությունները գործում են որպես ‘Աստծո սպասավորներ՝ մեզ համար դեպի բարին’ (Հռովմայեցիս 13։4)։ Ինչպե՞ս։ Խորհենք այն բազում ծառայությունների մասին, որ բարձր իշխանությունները մատուցում են. դրանցից են՝ փոստային և հրշեջ ծառայությունները, ոստիկանությունը, առողջապահական ու կրթական համակարգերը։ «Սորա համար հարկ էլ էք վճարում,— գրում է Պողոսը,— որովհետեւ նորանք սպասաւոր են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում» (Հռովմայեցիս 13։6)։ Հարկեր վճարելու և օրենքով պահանջվող այլ պարտավորություններ կատարելու հարցում մենք պետք է ‘ուղիղ գործենք’ (Եբրայեցիս 13։18, ԱՆԹ)։
9, 10. ա) Ի՞նչ իմաստով են բարձր իշխանությունները համապատասխանում Աստծո ‘հրամանին’։ բ) Ինչո՞ւ սխալ կլիներ հակառակվել բարձր իշխանություններին։
9 Ինչ խոսք, երբեմն բարձր իշխանությունները չարաշահում են իրենց դիրքը։ Արդյո՞ք դա մեզ ազատում է նրանց հնազանդվելու պարտականությունից։ Ո՛չ։ Եհովան տեսնում է նրանց սխալ գործերը (Առակաց 15։3)։ Այն, որ Աստված հանդուրժում է մարդկային կառավարումը, չի նշանակում, թե նա աչք է փակում նրանց կատարած չարագործությունների վրա կամ էլ նման բան է ակնկալում մեզանից։ Իրականում, Աստված շուտով «պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները»՝ փոխարինելով դրանք իր արդար կառավարությամբ (Դանիէլ 2։44)։ Սակայն, մինչ այդ, բարձր իշխանությունները օգտակար դեր են խաղում։
10 Պողոսը գրում է. «Իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում» (Հռովմայեցիս 13։2)։ Բարձր իշխանությունները Աստծո ‘հրամանով’ են այն իմաստով, որ նրանք որոշակի կարգ ու կանոն են պահպանում, առանց որի քաոս ու անարխիա կտիրեր։ Նրանց հակառակվելը անխոհեմություն է և հակասում է Գրություններին։ Այս կապակցությամբ քննարկենք մի օրինակ. պատկերացրեք, թե վիրահատվել եք, և ձեր վերքի վրա կարեր են դրվել։ Թեև այդ կարերը օրգանիզմի համար օտար մարմին են հանդիսանում, սակայն դրանք ժամանակավորապես ծառայում են որոշակի նպատակի։ Ուստի կարերը ժամանակից շուտ հանելը կարող է վնաս հասցնել։ Նույնն է պարագան նաև մարդկային կառավարությունների դեպքում. դրանք Աստծո սկզբնական նպատակի մեջ չէին մտնում։ Սակայն մինչ նրա Թագավորությունը ամբողջությամբ իր ձեռքը կվերցնի երկրի կառավարման գործը, մարդկային իշխանությունները պահպանում են հասարակության միասնությունը և այնպիսի դեր են կատարում, որը տվյալ ժամանակաշրջանում ներդաշնակ է Աստծո կամքին։ Ուստի մենք պետք է շարունակենք հնազանդվել բարձր իշխանություններին՝ միևնույն ժամանակ նախապատվությունը տալով Աստծո օրենքներին ու իշխանությանը։
Իշխանությունը ընտանիքում
11. Ինչպե՞ս կբացատրեիք գլխավորության սկզբունքը։
11 Ընտանիքը հասարակության բջիջն է, որի շրջանակներում ամուսինն ու կինը կարող են վարձատրություն բերող ընկերակցություն վայելել, իսկ երեխաները՝ պաշտպանություն գտնել և պատրաստվել կյանք մտնելու (Առակաց 5։15–21; Եփեսացիս 6։1–4)։ Այդ հրաշալի կառույցը պետք է կազմակերպված լինի այնպես, որ ընտանիքի անդամներն ապրեն խաղաղ ու համերաշխ։ Դրան հասնելու համար Եհովան առաջարկում է կիրառել գլխավորության սկզբունքը, որը Ա Կորնթացիս 11։3–ում ամփոփվում է հետևյալ կերպ. «Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած»։
12, 13. Ո՞վ է ընտանիքի գլուխը, և ի՞նչ կարելի է սովորել այն բանից, թե ինչպես էր Հիսուսն իրականացնում իր գլխավորությունը։
12 Ամուսինը ընտանիքի գլուխն է։ Սակայն նա նույնպես գլուխ ունի. դա Հիսուս Քրիստոսն է։ Պողոսը գրում է. «Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար» (Եփեսացիս 5։25)։ Եթե ամուսինը իր կնոջը վերաբերվի այնպես, ինչպես Հիսուսը՝ ժողովին, դրանով ցույց կտա, որ հնազանդվում է Քրիստոսին (Ա Յովհաննէս 2։6)։ Թեև Հիսուսին մեծ իշխանություն է տրված, բայց նա այն գործադրում է ամենայն մեղմությամբ, սիրով ու ողջամտությամբ (Մատթէոս 20։25–28)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը երբեք չչարաշահեց իր իշխանությունը։ Նա «հեզ [էր] եւ սրտով խոնարհ», ու իր հետևորդներին անվանում էր ոչ թե ծառաներ, այլ բարեկամներ։ «Ես հանգիստ կ’տամ ձեզ»,— խոստացավ նա և այդպես էլ արեց (Մատթէոս 11։28, 29; Յովհաննէս 15։15)։
13 Հիսուսի օրինակից ամուսինը կարող է սովորել, որ քրիստոնեական գլխավորությունը դաժանորեն իշխելու իրավունք չի տալիս։ Ընդհակառակը՝ այն պետք է դրսևորվի հարգանքով ու անձնուրաց սիրով։ Իսկ դա բացառում է կողակցի հանդեպ ֆիզիկական բռնությունն ու վիրավորական խոսքեր ասելը (Եփեսացիս 4։29, 31, 32; 5։28, 29; Կողոսացիս 3։19)։ Այսպիսով՝ եթե քրիստոնյա տղամարդը վատ վերաբերվի իր կնոջը, նրա մնացած բարի գործերը արժեք չեն ունենա։ Բացի այդ, դա խոչընդոտ կհանդիսանա նրա աղոթքների համար (Ա Կորնթացիս 13։1–3; Ա Պետրոս 3։7)։
14, 15. Ինչպե՞ս կարող է Աստծո գիտությունը օգնել, որ կինը հնազանդություն ցուցաբերի իր ամուսնու հանդեպ։
14 Եթե ամուսինը ընդօրինակում է Հիսուսին, կնոջը հեշտ է լինում կատարել Եփեսացիս 5։22, 23–ում գրված խոսքերը. «Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը»։ Ինչպես որ ամուսինը պետք է ենթարկվի Քրիստոսին, այնպես էլ կինը պիտի ենթարկվի իր ամուսնուն։ Աստվածաշունչը նաև պարզ ցույց է տալիս, որ առաքինի կինը իր աստվածահաճ իմաստության և աշխատասիրության համար արժանի է պատվի ու գովասանքի (Առակաց 31։10–31)։
15 Քրիստոնյա կնոջ հնազանդությունը իր ամուսնու հանդեպ հարաբերական է։ Դա նշանակում է, որ եթե որոշակի հարցում ամուսնու նկատմամբ հնազանդությունը հանգեցնի Աստծո օրենքը խախտելուն, ապա անհրաժեշտ կլինի հնազանդվել Աստծուն, և ոչ թե մարդու։ Սակայն նույնիսկ այդ դեպքում կինը իր հաստատակամությունը պետք է մեղմացնի՝ ‘հեզ ու հանդարտ ոգի’ դրսևորելով։ Ակնհայտ պետք է լինի, որ Աստծո գիտության շնորհիվ նա ավելի լավ կին է դարձել (Ա Պետրոս 3։1–4)։ Նույնը վերաբերում է նաև քրիստոնյա այն տղամարդուն, որի կինը չի կիսում իր հավատը։ Աստվածաշնչյան սկզբունքներին հետևելու շնորհիվ նա պետք է ավելի լավ ամուսին դառնա։
16. Ինչպե՞ս կարող են երեխաները հետևել պատանի Հիսուսի օրինակին։
16 Երեխաների դերը պարզաբանվում է Եփեսացիս 6։1–ում, որտեղ ասվում է. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը»։ Քրիստոնյա երեխաները հետևում են Հիսուսի օրինակին, որը մանուկ հասակում ենթարկվում էր իր ծնողներին։ Հնազանդ տղա լինելով՝ նա «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով. եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ» (Ղուկաս 2։51, 52)։
17. Ինչպե՞ս կարող է երեխաների վրա անդրադառնալ այն, թե ինչպես են ծնողները գործի դնում իրենց իշխանությունը։
17 Այն, թե ինչպես են ծնողները կատարում իրենց պարտականությունները, կարող է անդրադառնալ երեխաների վրա. կհարգե՞ն նրանք իշխանությունը, թե՞ կըմբոստանան դրա դեմ (Առակաց 22։6)։ Ուստի ծնողները պետք է իրենք իրենց հարցնեն. «Ինչպե՞ս եմ գործի դնում իմ իշխանությունը. սիրո՞վ, թե՞ կոպտությամբ։ Արդյոք չափազանց հանդուրժող չե՞մ»։ Բարեպաշտ ծնողից սպասվում է, որ նա լինի սիրառատ և հոգատար ու միևնույն ժամանակ հաստատակամ՝ աստվածային սկզբունքներին հավատարիմ մնալու հարցում։ Ուստի՝ Պողոս առաքյալը գրում է. «Հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը [բառացի՝ մի բորբոքեք նրանց զայրույթը]. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4; Կողոսացիս 3։21)։
18. Ինչպե՞ս պետք է ծնողները դաստիարակեն իրենց երեխաներին։
18 Ծնողները պետք է քննեն իրենց դաստիարակման մեթոդները, հատկապես եթե ցանկանում են, որ երեխաները հնազանդ լինեն և դրանով ուրախություն պատճառեն իրենց (Առակաց 23։24, 25)։ Համաձայն Աստվածաշնչի՝ դաստիարակության հիմնական ձևը խրատն է (Առակաց 4։1; 8։33)։ Այն առնչվում է սիրո ու մեղմության հետ, և ոչ թե զայրույթի ու կոպտության։ Ուստի՝ անհրաժեշտ է, որ քրիստոնյա ծնողները իմաստությամբ վարվեն ու երեխաներին դաստիարակելիս զսպեն իրենց զգացմունքները (Առակաց 1։7)։
Իշխանությունը ժողովում
19. Ինչպե՞ս է Աստված հոգ տարել, որ քրիստոնեական ժողովը լավ կազմակերպված լինի։
19 Քանի որ Եհովան կարգ ու կանոնի Աստված է, տրամաբանական է մտածել, որ նա հոգ կտաներ, որ իր ժողովուրդը ղեկավարվի հուսալի և լավ կազմակերպված ձևով։ Այդ պատճառով նա քրիստոնեական ժողովի Գլուխ է նշանակել Հիսուս Քրիստոսին (Ա Կորնթացիս 14։33, 40; Եփեսացիս 1։20–23)։ Աստված նաև միջոցներ է ձեռնարկել, որ Քրիստոսի անտեսանելի առաջնորդության ներքո յուրաքանչյուր ժողովում նշանակվեն երեցներ՝ Աստծո հոտը ջանադրաբար, հոժարակամորեն և սիրով հովվելու համար (Ա Պետրոս 5։2, 3)։ Տարբեր հարցերում նրանց աջակցում են ծառայող օգնականները, որոնք արժեքավոր ծառայություն են մատուցում ժողովին (Փիլիպպեցիս 1։1)։
20. Ինչո՞ւ պետք է հնազանդվենք քրիստոնյա երեցներին, և ինչո՞ւ է դա օգտակար։
20 Քրիստոնյա երեցների առնչությամբ Պողոս առաքյալը գրում է. «Ականջ դրէք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք. որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով. որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13։17)։ Իմաստություն ցուցաբերելով՝ Աստված քրիստոնյա վերակացուներին վստահել է ժողովի անդամների հոգևոր կարիքների մասին հոգալու պատասխանատվությունը։ Երեցները հոգևորականների դաս չեն կազմում։ Նրանք Աստծո ծառաներն են, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի նման հոգ են տանում իրենց հավատակիցների կարիքների մասին (Յովհաննէս 10։14, 15)։ Այն բանի գիտակցումը, որ Գրությունների տեսանկյունից որակյալ տղամարդիկ հետաքրքրվում են մեր առաջընթացով ու հոգևոր աճով, մղում է մեզ համագործակցության ոգի և հնազանդություն ցուցաբերել (Ա Կորնթացիս 16։16)։
21. Ինչպե՞ս են երեցները ջանում հոգևորապես օգնել իրենց քրիստոնյա հավատակիցներին։
21 Երբեմն կարող է այնպես պատահել, որ «ոչխարները» շեղվեն ճանապարհից ու աշխարհի վնասակար ազդեցությունների պատճառով վտանգի տակ հայտնվեն։ Հովվապետի գլխավորությամբ երեցները՝ ենթահովիվները, զգոն են իրենց խնամքի տակ գտնվող մարդկանց կարիքների հանդեպ։ Այդ տղամարդիկ նաև ջանադրաբար ուշադրություն են ցուցաբերում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ՝ անհատապես (Ա Պետրոս 5։4)։ Երեցները այցելում են ժողովի անդամներին ու նրանց քաջալերում։ Գիտակցելով, որ Բանսարկուն Աստծո ժողովրդի համերաշխությունը խափանելու առիթներ է փնտրում՝ ցանկացած խնդիր լուծելիս երեցները վերին իմաստություն են դրսևորում (Յակոբոս 3։17, 18)։ Նրանք մեծ ջանքեր են թափում միասնությունն ու հավատի միությունը պահպանելու ուղղությամբ. մի բան, որի համար Հիսուսն անձամբ աղոթեց (Յովհաննէս 17։20–22; Ա Կորնթացիս 1։10)։
22. Ի՞նչ օգնություն են ցույց տալիս երեցները, երբ քրիստոնյան սխալ է գործում։
22 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մասին, երբ քրիստոնյան տառապում է ինչ–որ վատ բանի պատճառով կամ էլ վհատված է մեղք գործելու հետևանքով։ Աստվածաշնչի մխիթարական խորհուրդները, ինչպես նաև այդ քրիստոնյայի մասին երեցների սրտագին աղոթքները կօգնեն նրան վերականգնել իր հոգևոր առողջությունը (Յակոբոս 5։13–15)։ Սուրբ ոգով նշանակված այդ տղամարդիկ իշխանություն ունեն նաև խրատելու և հանդիմանելու նրանց, ովքեր սխալ ուղի են բռնել, կամ որոնց պատճառով ժողովի հոգևոր ու բարոյական մաքրությանը վտանգ է սպառնում (Գործք 20։28; Տիտոս 1։9; 2։15)։ Ժողովը մաքուր պահելու համար գուցե անհրաժեշտ լինի պատմել երեցներին լուրջ մեղքի մասին (Ղեւտացոց 5։1)։ Եթե լուրջ մեղք գործած քրիստոնյան ընդունում է Գրությունների հիման վրա տրվող խրատն ու հանդիմանությունը և ցույց է տալիս, որ իսկապես զղջում է, ապա նրան օգնություն կտրվի։ Իսկ եթե Աստծո օրենքը խախտած անհատը շարունակում է նույն ձևով վարվել ու չի զղջում, ապա նրան, իհարկե, զրկում են ընկերակցությունից (Ա Կորնթացիս 5։9–13)։
23. Ի՞նչ են անում քրիստոնյա վերակացուները ժողովի բարօրության համար։
23 Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ Թագավոր Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո հոգևորապես հասուն տղամարդիկ կնշանակվեն Աստծո ժողովրդին մխիթարություն տալու, պաշտպանելու և ամրապնդելու նպատակով (Եսայիա 32։1, 2)։ Նրանք՝ որպես ավետարանողներ, հովիվներ և ուսուցիչներ, պետք է առաջնորդություն վերցնեին հոգևոր աճին նպաստելու համար (Եփեսացիս 4։11, 12, 16)։ Թեև քրիստոնյա վերակացուները երբեմն կարող են հանդիմանել, նախազգուշացում տալ կամ խրատել հավատակիցներին, սակայն կիրառելով Աստծո Խոսքի վրա հիմնված նրանց առողջ ուսուցումները՝ կկարողանանք մնալ կյանքի ճանապարհին (Առակաց 3։11, 12; 6։23; Տիտոս 2։1 ԱՆԹ)։
Ընդունեք Եհովայի տեսակետը իշխանության հանդեպ
24. Ո՞ր հարցում ենք ամեն օր փորձվում։
24 Առաջին տղամարդն ու կինը փորձության ենթարկվեցին իշխանության հանդեպ հնազանդություն ցուցաբերելու հարցում։ Ուստի զարմանալի չէ, որ մենք նման փորձության բախվում ենք ամեն օր։ Բանսարկու Սատանան այնպես է անում, որ աշխարհում աճի ապստամբության ոգին (Եփեսացիս 2։2)։ Անկախության ուղին ավելի հրապուրիչ ու ավելի գերադասելի է ներկայացվում, քան թե հնազանդությունը։
25. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե մերժենք աշխարհի ըմբոստ ոգին ու հնազանդվենք այն իշխանությանը, որը ցուցաբերում կամ թույլատրում է Աստված։
25 Սակայն մենք պետք է մերժենք աշխարհի ըմբոստ ոգին։ Եթե այդպես վարվենք, կտեսնենք, որ աստվածահաճ հնազանդությունը մեծ վարձատրություններ է բերում։ Օրինակ՝ մենք կխուսափենք անհանգիստ ու գրգռված վիճակից, որի մեջ սովորաբար գտնվում են աշխարհիկ իշխանությունների հետ խնդիրներ ունեցող մարդիկ։ Կնվազեն տարաձայնությունները, որ այդքան հաճախակի են շատ ընտանիքներում։ Բացի դրանից, կվայելենք այն օգուտները, որ ստանում ենք մեր քրիստոնյա հավատակիցների ջերմ ու սիրալիր ընկերակցությունից։ Իսկ ամենակարևորն այն է, որ աստվածահաճ հնազանդություն ցուցաբերելով՝ լավ հարաբերություններ կունենանք Եհովայի՝ գերագույն իշխանություն ունեցողի հետ։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Ինչպե՞ս է Եհովան գործի դնում իր իշխանությունը։
•Որո՞նք են ‘բարձր իշխանությունները’, և ինչպե՞ս ենք մենք հնազանդվում նրանց։
•Գլխավորության սկզբունքի համաձայն՝ ի՞նչ պարտականություններ ունի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը։
•Ինչպե՞ս կարող ենք հնազանդություն ցուցաբերել քրիստոնեական ժողովում։
[134–րդ էջի վրայի շրջանակը]
ՈՉ ԹԵ ԸՄԲՈՍՏ, ԱՅԼ ՀՆԱԶԱՆԴ
Իրենց քարոզչական գործունեության միջոցով Եհովայի վկաները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Աստծո Թագավորությունն է մարդկության միակ հույսը իսկական խաղաղություն և ապահովություն հաստատելու հարցում։ Սակայն Աստծո Թագավորության այս եռանդուն քարոզիչները ոչ մի դեպքում չեն ըմբոստանում այն կառավարությունների դեմ, որոնց ղեկավարության տակ ապրում են։ Ընդհակառակը՝ Վկաները համարվում են ամենահարգարժան և օրինապահ քաղաքացիները։ Ահա թե ինչ է ասում աֆրիկյան մի երկրի պաշտոնյաներից մեկը. «Եթե բոլոր կրոնական ուղղությունները լինեին Եհովայի վկաների նման, մենք չէինք ունենա սպանության, գողության և օրինախախտման դեպքեր, ինչպես նաև բանտարկյալներ ու ատոմային ռումբեր, իսկ դռները գիշեր–ցերեկ կողպված չէին լինի»։
Ընդունելով այդ փաստը՝ շատ երկրներում պետական մարմինները թույլ են տալիս, որ Վկաները անարգել շարունակեն իրենց քարոզչական գործունեությունը։ Որոշ երկրներում էլ իշխանությունները, տեսնելով, որ Եհովայի վկաները մարդկանց մղում են բարին գործելու, հանում են նրանց վրա դրված արգելքներն ու սահմանափակումները։ Դա հիշեցնում է բարձր իշխանություններին հնազանդվելու մասին Պողոսի հետևյալ խոսքերը. «Բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս» (Հռովմայեցիս 13։1, 3)։