Դևեր. ինչպե՞ս կարող ենք դիմադրել նրանց
«Այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, [Աստված] յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար» (ՅՈՒԴԱ 6)։
1, 2. Ի՞նչ հարցեր են ծագում Բանսարկու Սատանայի և դևերի վերաբերյալ։
«ԱՐԹՈՒՆ եղէք, հսկում արէք,— զգուշացնում է Պետրոս առաքյալը,— ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5:8)։ Իսկ Պողոս առաքյալը դևերի մասին հետևյալն է ասում. «Չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը. չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը» (Ա Կորնթացիս 10:20բ, 21)։
2 Սակայն ովքե՞ր են Բանսարկու Սատանան և դևերը։ Ինչպե՞ս և ե՞րբ են նրանք առաջ եկել։ Աստվա՞ծ է նրանց արարել։ Որքա՞ն զորեղ է նրանց ազդեցությունը մարդկանց վրա։ Կա՞ արդյոք նրանցից պաշտպանվելու որևէ միջոց։
Որտեղի՞ց են առաջ եկել Սատանան և դևերը
3. Աստծու հրեշտակներից մեկը ինչպե՞ս դարձավ Բանսարկու Սատանա։
3 Մարդկության պատմության սկզբում, երբ մարդ արարածը ապրում էր Եդեմի պարտեզում, Աստծու հրեշտակներից մեկն ըմբոստացավ։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ նա չբավարարվեց Եհովայի երկնային կառույցում ունեցած իր դիրքով։ Երբ Ադամն ու Եվան ստեղծվեցին, նա տեսավ, որ իր առջև հնարավորություն է բացվել շեղել նրանց ճշմարիտ Աստծուն հնազանդվելուց և երկրպագելուց ու դեպի իր կողմը քաշել։ Աստծու դեմ ըմբոստանալով և առաջին մարդկային զույգին մեղավոր ընթացքի դրդելով՝ այդ հրեշտակը ինքն իրեն Բանսարկու Սատանա դարձրեց։ Ժամանակի ընթացքում մյուս հրեշտակներն էլ ըմբոստացան և նրան միացան։ Ինչպե՞ս (Ծննդոց 3:1–6; Հռովմայեցիս 5:12; Յայտնութիւն 12:9)։
4. Նոյի օրերի ջրհեղեղից առաջ ի՞նչ արեցին ըմբոստ հրեշտակները։
4 Աստծուց ներշնչված Գրությունները մեզ տեղեկացնում են, որ Նոյի օրերի մեծ ջրհեղեղից որոշ ժամանակ առաջ հրեշտակներից ոմանք սկսեցին արտասովոր հետաքրքրություն ցույց տալ երկրի կանանց հանդեպ։ Սխալ նպատակ ունենալով՝ «Աստուծոյ [երկնային] որդիքը տեսան մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին,— ասում է Աստվածաշունչը,— և ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում»։ Այսպիսի միությունները անբնական էին, և դրանց հետևանքով հսկաների սերունդ առաջ եկավ (Ծննդոց 6:2–4)։ Այսպիսով այդ ոգեղեն արարածները չհնազանդվեցին Աստծուն և ըմբոստացան Եհովայի դեմ՝ դառնալով Սատանայի համախոհները։
5. Ի՞նչ պատահեց ըմբոստներին, երբ Եհովան մեծ ջրհեղեղի միջոցով կործանում բերեց երկրի վրա։
5 Երբ Եհովան ջրհեղեղ բերեց մարդկանց վրա, այդ հսկաներն ու իրենց մայրերը կործանվեցին։ Իսկ ապստամբ հրեշտակները ստիպված էին թողնել իրենց մարդկային մարմինները և վերադառնալ ոգեղեն ոլորտ։ Բայց նրանք չկարողացան վերստանալ Աստծու առջև իրենց «սկզբնական դիրքը», փոխարենը՝ գցվեցին «[հոգևոր] խավարի» մեջ, որը հայտնի է «տարտարոս» անունով (Յուդա 6, ՆԱ; Բ Պետրոս 2:4)։
6. Ինչպե՞ս են դևերը խաբում մարդկանց։
6 Սկսած այն ժամանակվանից, երբ այդ չար հրեշտակները կորցրեցին իրենց սկզբնական դիրքը, նրանք Սատանայի դև–համագործակիցներն են և նրա ստոր շահերին են ծառայում։ Դևերն այլևս ի զորու չեն նյութականանալու և մարդկային մարմիններ ստանալու։ Սակայն նրանք կարող են դրդել տղամարդկանց ու կանանց ներքաշվելու սեքսուալ տարբեր այլասերված արարքների մեջ։ Դևերը մարդկանց խաբում են նաև ոգեհարցությամբ, որը կարող է ընդգրկել այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ մոգական անեծքները, կախարդությունը և ոգեհարցներին դիմելը (Բ Օրինաց 18:10–13; Բ Մնացորդաց 33:6)։ Ամբարիշտ հրեշտակներին նույն վախճանն է սպասվում, ինչ որ Բանսարկուին՝ հավիտենական բնաջնջում (Մատթէոս 25:41; Յայտնութիւն 20:9բ, 10)։ Իսկ մինչ այդ մենք պետք է հաստատուն մնանք և դիմադրենք նրանց։ Ուստի խելամիտ կլինի, եթե նախ քննենք, թե որքան զորեղ է Սատանան, և թե ինչպես կարող ենք հաջողությամբ դիմադրել նրան ու նրա դևերին։
Որքա՞ն զորեղ է Սատանան
7. Ի՞նչ չափով է Սատանան կարողանում իր զորությունը բանեցնել աշխարհի վրա։
7 Ողջ պատմության ընթացքում Սատանան չարախոսել է Եհովայի մասին (Առակաց 27:11)։ Ու բացի այդ, նա զգալի ազդեցություն է գործել մարդկանց մեծամասնության վրա։ «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»,— ասվում է Ա Յովհաննէս 5:19–ում (ՆԱ)։ Դա է պատճառը, որ Բանսարկուն կարող էր փորձել Հիսուսին՝ առաջարկելով նրան «աշխարհի բոլոր թագաւորութիւնների» իշխանությունն ու փառքը (Ղուկաս 4:5–7)։ Սատանայի մասին Պողոս առաքյալն ասաց. «Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած: Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է» (Բ Կորնթացիս 4:3, 4)։ Սատանան «ստախօս է եւ ստութեան հայրը», բայց ինքն իրեն ներկայացնում է որպես «լոյսի հրեշտակ» (Յովհաննէս 8:44; Բ Կորնթացիս 11:14)։ Նա տիրապետում է այնպիսի մեթոդների և ունի այնքան զորություն, որ կարողանում է կուրացնել աշխարհի կառավարիչների ու նրանց ենթակաների մտքերը։ Պրոպագանդայի, կրոնական առասպելների ու ստերի միջոցով նա խաբում է մարդկանց։
8. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Սատանայի բանեցրած ազդեցության մասին։
8 Սատանայի զորությունն ու ազդեցությունը ակնհայտ դարձան Դանիել մարգարեի օրերում՝ մեր թվարկությունից մոտ հինգ դար առաջ։ Երբ Եհովան մի հրեշտակ ուղարկեց Դանիելին քաջալերական լուր հաղորդելու համար, այդ հրեշտակին հակառակվեց «Պարսից թագաւորութեան [ոգեղեն] իշխանը»։ Այդ հավատարիմ հրեշտակը ստիպված էր 21 օր ուշ գնալ Դանիելի մոտ, մինչև որ «Միքայելը՝ առաջի իշխաններից մէկը», նրան օգնության հասավ։ Նույն հատվածում խոսվում է նաև «Յունաց [դև] իշխանի» մասին (Դանիէլ 10:12, 13, 20)։ Նաև Յայտնութիւն 13։1, 2–ում Սատանան պատկերվում է որպես «վիշապ», որը քաղաքական ուժերը խորհրդանշող վայրի գազանին տալիս է «իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն»։
9. Ո՞ւմ դեմ են քրիստոնյաները պայքարում։
9 Ուստի զարմանալի չէ, որ Պողոս առաքյալը գրել է. «Մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6:12)։ Նույնիսկ մեր օրերում դիվային ուժերը Բանսարկու Սատանայի հսկողության ներքո ոչ տեսանելի կերպով ազդեցություն են գործում աշխարհի կառավարիչների և մարդկության վրա առհասարակ՝ դրդելով նրանց սարսափելի արարքների՝ ցեղասպանության, ահաբեկչության ու մարդասպանության։ Այժմ եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք հաջողությամբ դիմադրել այս զորեղ ոգեղեն ուժերին։
Ո՞րն է մեր պաշտպանությունը
10, 11. Ինչպե՞ս կարող ենք դիմադրել Սատանային ու նրա չար հրեշտակներին։
10 Պետք է ընդունել, որ մենք չենք կարող դիմադրել Սատանային ու նրա չար հրեշտակներին թե՛ մեր ֆիզիկական և թե՛ մտավոր ուժերով։ Պողոսը մեզ խորհուրդ է տալիս. «Զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը»։ Պաշտպանության համար մենք պետք է Աստծուն դիմենք։ Պողոսը շարունակում է գրել. «Աստուծոյ [«ամբողջ», ՆԱ] սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ.... Աստուծոյ [«ամբողջ», ՆԱ] սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել» (Եփեսացիս 6:10, 11, 13)։
11 Պողոսը երկու անգամ իր հավատակիցներին հորդորեց Աստծու ամբողջ սպառազինությունը հագնել։ «Ամբողջ» բառը ցույց է տալիս, որ այս հարցում անտարբեր լինելով՝ մենք չենք կարող դիմադրել դիվային հարձակումներին։ Ուրեմն, որո՞նք են հոգևոր սպառազինության այն կարևոր մասերը, որոնք այսօր անչափ անհրաժեշտ են քրիստոնյաներին՝ դևերին դիմադրելու համար։
«Հաստատ կանգնենք». ինչպե՞ս
12. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները իրենց գոտկատեղը ճշմարտությամբ գոտևորել։
12 Պողոսը պարզաբանում է. «Հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած» (Եփեսացիս 6:14)։ Համարում հիշատակված սպառազինության երկու մասերն են գոտին և զրահը։ Պողոսի օրերում զինվորը գոտին պետք է ամուր կապեր, որպեսզի պաշտպաներ իր գոտկատեղը (ազդրերը, աճուկը և որովայնը) և կրեր իր ծանր սուրը։ Նույն ձևով էլ աստվածաշնչյան ճշմարտությունը պետք է, այսպես ասած, ամուր կապված լինի մեզ, որպեսզի կարողանանք այդ ճշմարտության համաձայն ապրել։ Ունե՞նք արդյոք Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության գրաֆիկ։ Ամբողջ ընտանիքո՞վ ենք ընթերցում։ Մեր ընտանիքում սովորություն դարձրե՞լ ենք օրվա խոսքը բոլորով միասին քննարկելը։ Եվ վերջապես, համաքայլ ընթանո՞ւմ ենք արդյոք մեր հրատարակություններում «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից տրված բացատրությունների հետ (Մատթէոս 24:45)։ Եթե այո, ուրեմն կիրառում ենք Պողոսի խորհուրդը։ Մենք նաև ունենք տեսաերիզներ ու թվային տեսասկավառակներ, որոնք հոգևոր առաջնորդություն են տալիս մեզ։ Ճշմարտությանը կառչած մնալը կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել և կպաշտպանի սխալ ընթացքի մեջ ընկնելուց։
13. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր այլաբանական սիրտը։
13 Իսկական զրահը պաշտպանում էր զինվորի կուրծքը, սիրտը և մյուս կարևոր օրգանները։ Քրիստոնյան կարող է պաշտպանել իր այլաբանական սիրտը, կամ՝ իր ներքին մարդը, եթե սեր զարգացնի Աստծու արդարության հանդեպ և պահի Եհովայի արդար չափանիշները։ Այդ այլաբանական զրահը պաշտպանում է մեզ՝ թույլ չտալով, որ Աստծու Խոսքը ինչ–որ չափով կորցնի իր կարևորությունը մեզ համար։ Եթե մենք «ատենք չարութիւնը եւ սիրենք բարին», այդ դեպքում «ամեն չար ճանապարհից» մեր ոտքերը ետ կքաշենք (Ամովս 5:15; Սաղմոս 119:101)։
14. Ի՞նչ է նշանակում մեր «ոտքերը խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ ամրացնելը»։
14 Հռոմեացի զինվորները սովորաբար իրենց ոտքերին հարմար կոշիկներ էին հագնում, որպեսզի կարողանային հարյուրավոր կիլոմետրեր քայլելով կտրել–անցնել հռոմեական կայսրության ողջ տարածքով մեկ սփռված մեծ ճանապարհները։ Իսկ քրիստոնյայի համար ի՞նչ է նշանակում «ոտքերը խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ ամրացնել» արտահայտությունը (Եփեսացիս 6:15, ԷԹ)։ Այն նշանակում է, որ մենք պատրաստ ենք գործելու, պատրաստ ենք Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու ամեն հարմար առիթով (Հռովմայեցիս 10:13–15)։ Քրիստոնեական ծառայության մեջ ակտիվ լինելը պաշտպանում է մեզ Սատանայի «հնարքներից» (Եփեսացիս 6:11)։
15. ա) Ինչի՞ց է երևում, որ հավատի մեծ վահանը անչափ կարևոր է։ բ) Ո՞ր «կրակոտ նետերը» կարող են վնասակար ազդեցություն ունենալ մեր հավատի վրա։
15 «Ամենի վերայ,— շարունակում է Պողոսը,— հաւատքի [«մեծ», ՆԱ] վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել» (Եփեսացիս 6:16)։ Հավատի մեծ վահանը վերցնելու այս խորհրդին նախորդում է «ամենի վերայ» արտահայտությունը, ինչը ցույց է տալիս, որ սպառազինության այս մասը շատ կարևոր է։ Մեր հավատը ոչ մի առումով չպետք է խոցելի լինի։ Պաշտպանող մեծ վահանի պես՝ այն պահպանում է մեզ Սատանայի «կրակոտ նետերից»։ Իսկ մեր օրերում որո՞նք են այս նետերը։ Այդպիսի նետեր կարող են լինել խոցող վիրավորանքները, ստերը և կես–ճշմարտությունները, որոնք տարածում են մեր թշնամիներն ու հավատուրացները՝ փորձելով թուլացնել մեր հավատը։ Այս «նետերը» կարող են լինել նաև նյութապաշտության հետևից ընկնելու գայթակղությունները, որոնց պատճառով հնարավոր է մենք տարվենք զանազան ապրանքներ գնելով և նույնիսկ մրցակցության մեջ մտնենք այն անձանց հետ, ովքեր ցուցադրական ապրելակերպ ունեն։ Թերևս նրանց հաջողվել է ձեռք բերել ավելի մեծ ու շքեղ տներ և մեքենաներ, կամ էլ թերևս նրանք սիրում են ցուցադրել իրենց թանկարժեք զարդերն ու վերջին մոդայի հագուստները։ Անկախ նրանից, թե ինչ են անում ուրիշները, մեր հավատը պետք է բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի կարողանանք ետ մղել այդ «կրակոտ նետերը»։ Սակայն ինչպե՞ս կերտենք ամուր հավատ ու պահպանենք այն (Ա Պետրոս 3:3–5; Ա Յովհաննէս 2:15–17)։
16. Ի՞նչը կօգնի մեզ ամուր հավատ կերտել։
16 Մենք պետք է մոտենանք Աստծուն՝ Աստվածաշնչի կանոնավոր անձնական ուսումնասիրություն կատարելով և եռանդագին աղոթելով։ Կարող ենք Եհովային աղերսել, որ զորացնի մեր հավատը, և ապա մեր աղոթքների համաձայն քայլեր կատարենք։ Օրինակ՝ «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրությանը պատրաստվելիս նպատակ դնո՞ւմ ենք մեկնաբանություններ տալ հանդիպման ժամանակ։ Այո՛, մեր հավատը էլ ավելի կամրանա, եթե ուսումնասիրենք Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրականությունը (Եբրայեցիս 10:38, 39; 11:6)։
17. Ի՞նչ է նշանակում հագնել «փրկության սաղավարտը»։
17 Պողոսը հոգևոր սպառազինության նկարագրությունը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է» (Եփեսացիս 6:17)։ Սաղավարտը պաշտպանում էր զինվորի գլուխը և ուղեղը՝ որոշումներ ընդունելու կենտրոնը։ Նույն ձևով էլ, մեր քրիստոնեական հույսը պաշտպանում է մեր միտքը (Ա Թեսաղոնիկեցիս 5:8)։ Ուստի եկեք մեր ուղեղը չզբաղեցնենք աշխարհային նպատակներով ու նյութապաշտական երազանքներով, այլ մեր մտքերը կենտրոնացնենք Աստծու տված հույսի վրա, ինչպես որ Հիսուսն էր անում (Եբրայեցիս 12:2, ԷԹ)։
18. Ինչո՞ւ չպետք է աչքաթող անենք Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը։
18 Սատանայի և նրա դևերի ազդեցության դեմ պաշտպանվելու վերջին միջոցը Աստծու Խոսքն է, այսինքն՝ Աստվածաշնչում արձանագրված նրա պատգամը։ Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու չպետք է աչքաթող անենք Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը։ Աստծու Խոսքից խորը գիտելիքներ ունենալը պաշտպանում է մեզ Սատանայի ստերից և դիվային պրոպագանդայից, ինչպես նաև հավատուրացների կողմից տարածվող թշնամական ինֆորմացիայից։
«Աղօթք արէք ամեն ժամանակ»
19, 20. ա) Ի՞նչ է սպասվում Սատանային ու նրա դևերին։ բ) Ի՞նչը կարող է հոգևորապես զորացնել մեզ։
19 Սատանայի, նրա դևերի և այս չար աշխարհի կործանումը մոտ է։ Սատանան գիտի, «որ քիչ ժամանակ ունի»։ Նա սաստիկ զայրացած է և պատերազմում է բոլոր նրանց հետ, ովքեր «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին» (Յայտնութիւն 12:12, 17)։ Անչափ կարևոր է, որ մենք դիմադրենք Սատանային և նրա դևերին։
20 Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք, որ Աստծու ամբողջ սպառազինությունը հագնելու հորդոր ենք ստացել։ Հոգևոր սպառազինության մասին իր խոսքը ավարտելուց հետո Պողոսը այս խորհուրդն է տալիս. «Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփեսացիս 6:18)։ Աղոթքը կարող է հոգևորապես զորացնել մեզ և օգնել, որ զգոն լինենք։ Եկեք, ուրեմն, սրտանց ընդունենք Պողոսի խոսքերը և շարունակենք աղոթել, քանի որ դա կօգնի, որ դիմադրենք Սատանային ու նրա դևերին։
Ի՞նչ սովորեցիք
• Որտեղի՞ց են առաջ եկել Սատանան և նրա դևերը։
• Որքա՞ն զորեղ է Բանսարկուն։
• Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել Սատանայից ու նրա դևերից։
• Ինչպե՞ս կարող ենք հագնել Աստծու ամբողջ սպառազինությունը։
[նկարներ 26–րդ էջի վրա]
«Աստուծոյ որդիքը տեսան մարդկանց աղջկերանցը»
[նկար 28–րդ էջի վրա]
Կարո՞ղ ես թվարկել, թե որոնք են մեր հոգևոր սպառազինության վեց մասերը
[նկարներ 29–րդ էջի վրա]
Այս ամենն անելը ինչպե՞ս է պաշտպանում մեզ Սատանայից ու նրա դևերից