Գիտեի՞ք արդյոք
Արդյո՞ք Պողոս առաքյալը Եփեսացիներ 2։11–15 համարներում խոսում էր բառացի պատի մասին, որը բաժանում էր հրեաներին ոչ հրեաներից
Եփեսացիներին գրած նամակում Պողոս առաքյալը ցույց տվեց իսրայելացիների և «օտարների» միջև եղած տարբերությունը։ Նա ասաց, որ գոյություն ուներ մի «պատ», որը այս երկու խմբերին «բաժանում էր» իրարից (Եփեսացիներ 2։11–15)։ Պողոսը խոսում էր Մովսեսի միջոցով տրված «պատվիրանների Օրենքի» մասին, իսկ «պատ» բառը հավանաբար ընթերցողներին հիշեցնում էր մի քարե արգելապատի մասին, որն իրականում գոյություն ուներ։
Մ.թ. առաջին դարում Երուսաղեմում գտնվող Եհովայի տաճարը մի շարք գավիթներ ուներ, որտեղ միայն որոշ մարդիկ կարող էին մտնել։ Օրինակ՝ հեթանոսների գավիթը կարող էր մտնել ցանկացած անձնավորություն, իսկ տաճարի մյուս բոլոր գավիթները կարող էին մտնել միայն հրեաներն ու պրոզելիտները։ Այդ արգելված տարածքները, որտեղ բոլորը չէին կարող մտնել, ցանկապատված էր քարե պատով, որն, ինչպես ասում են, ուներ 1,3 մետր բարձրություն և կոչվում էր «Սորեգ»։ Առաջին դարի պատմաբան Փլավիոս Հովսեպոսի համաձայն՝ լատիներեն և հունարեն լեզուներով այս արգելապատի վրա զգուշացում է գրված եղել, որ ոչ հրեաները չմտնեին այդ սուրբ համարվող տարածքները։
Հայտնաբերվել է այդ պատից մի կտոր, որի վրա հունարեն լեզվով ամբողջական մակագրություն է եղել գրված։ Այնտեղ ասվում է. «Թող ոչ մի օտարական այս արգելապատից և սրբարանի շուրջը գտնվող ցանկապատից ներս չմտնի։ Ցանկացած մարդ, ով ներս մտնի, մահվան կդատապարտվի»։
Պողոսը ակներևաբար Սորեգը նմանեցրեց Մովսիսական օրենքի ուխտին, որը երկար ժամանակ բաժանում էր հրեաներին ոչ հրեաներից։ Սակայն Հիսուսի զոհաբերական մահը վերացրեց Օրենքի ուխտը և այդպիսով «քանդեց մեջտեղի պատը»։
Ինչո՞ւ է Աստվածաշնչում սովորաբար նշվում, որ Իսրայելում 12 ցեղ է եղել, երբ իրականում գոյություն է ունեցել 13 ցեղ
Իսրայելի ցեղերը, կամ՝ ընտանիքները սերում էին Հակոբի որդիներից, որի անունը հետագայում կոչվեց Իսրայել։ Նահապետը ուներ 12 որդի՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Դան, Նեփթաղիմ, Գադ, Ասեր, Իսաքար, Զաբուղոն, Հովսեփ և Բենիամին (Ծննդոց 29։32–30։24; 35։16–18)։ Տասնմեկ եղբայրներից առաջացան ցեղեր, որոնք կրում էին նրանց անունները, սակայն Հովսեփի անունով ցեղ չկար։ Փոխարենը՝ երկու ցեղ անվանվեցին նրա որդիների անունով՝ Եփրեմ և Մանասե, որոնք համարվեցին ցեղապետներ։ Ուստի Իսրայելի ցեղերի թիվը տասներեքն է։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստվածաշունչը խոսում 12 ցեղերի մասին։
Ղևիի ցեղի տղամարդիկ ընտրված էին ծառայելու Եհովայի խորանում, իսկ ավելի ուշ՝ տաճարում։ Հետևաբար նրանք ազատված էին զինվորական ծառայությունից։ Եհովան ասել էր Մովսեսին. «Միայն Ղեւտացիների ցեղը չ’համարես եւ նորանց գումարը չ’առնես Իսրայէլի որդկանց հետ. Բայց դու Ղեւտացիներին կարգիր վկայութեան խորանի եւ նորա բոլոր կարասիների եւ նորա վերաբերեալ բոլոր բաների համար» (Թուոց 1։49, 50)։
Ղևտացիները նաև հողաբաժին չստացան Ավետյաց երկրում։ Դրա փոխարեն՝ նրանց ողջ Իսրայելից 48 քաղաք տրվեց (Թուոց 18։20–24; Յեսու 21։41)։
Հետևաբար Ղևիի ցեղը չէր նշվում, երբ թվարկվում էին մյուս ցեղերը։ Ուստի, կարելի է ասել, որ Իսրայելում 12 ցեղ է եղել (Թուոց 1։1–15)։
[նկար 21–րդ էջի վրա]
Archaeological Museum of Istanbul