ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42
Եհովան քեզ ի՞նչ կդարձնի
«Աստված.... գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք» (ՓԻԼԻՊ. 2։13)։
ԵՐԳ 104 Սուրբ ոգին Աստծու պարգևն է
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Եհովան ի՞նչ կարող է անել իր նպատակն իրականացնելու համար։
ԵՀՈՎԱՆ կարող է դառնալ ցանկացած բան, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրականացնելու համար։ Եղել են դեպքեր, երբ նա դարձել է Ուսուցիչ, Մխիթարիչ, Ավետաբեր (Ես. 48։17; 2 Կորնթ. 7։6; Գաղ. 3։8)։ Եվ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Սակայն Եհովան հաճախ մարդկանց միջոցով է իրականացնում իր նպատակները (Մատթ. 24։14; 28։19, 20; 2 Կորնթ. 1։3, 4)։ Նա կարող է մեզ իմաստուն և ունակ դարձնել կատարելու իր կամքը։ Այս ամենը համապատասխան է Աստծու անվան այն նշանակությանը, որ բացատրում են մի շարք աստվածաշնչագետներ։
2. ա) Երբեմն ինչո՞ւ գուցե կարծենք, թե պիտանի չենք Եհովային։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Բոլորս, ինչ խոսք, ցանկանում ենք պիտանի լինել Եհովային, բայց մեզանից ոմանք, հնարավոր է, կասկածում են, որ Աստված պիտանի է համարում իրենց։ Ինչո՞ւ։ Քանի որ կարծում են, թե տարիքի, հանգամանքների և ունակությունների պատճառով չեն կարող ծառայության մեջ անել այնքան, որքան կուզեին։ Ոմանք էլ, հնարավոր է, բավարարվում են նրանով, ինչ արդեն անում են, և չեն կարծում, թե արժե ավելին անել։ Այս հոդվածից կիմանանք, թե Եհովան ինչպես կարող է յուրաքանչյուրիս տալ այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրականացնելու համար։ Նաև Աստվածաշնչից կքննենք մի քանի տղամարդկանց և կանանց օրինակներ, որոնց Եհովան տվել է թե՛ ցանկություն, թե՛ ուժ՝ իրեն ծառայելու համար։ Իսկ վերջում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք թույլ տալ, որ Եհովան մեր միջոցով գործի։
ԵՀՈՎԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԵԶ ՏԱԼԻՍ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
3. Փիլիպպեցիներ 2։13-ի համաձայն՝ Եհովան ինչպե՞ս է մեզ ցանկություն տալիս գործելու։
3 Կարդա Փիլիպպեցիներ 2։13։b Եհովան կարող է մեզ ցանկություն տալ գործելու։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ հնարավոր է՝ իմացել ենք, որ մեր ժողովում ինչ-որ բան անելու անհրաժեշտություն կա, կամ որևէ մեկը օգնության կարիք ունի։ Գուցե մասնաճյուղից ստացված նամակ է ընթերցվել այն մասին, որ այլ տարածքներում աջակցության կարիք կա։ Դա լսելուց հետո գուցե հարցրել ենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել»։ Հնարավոր է նաև՝ դժվար հանձնարարություն ենք ստացել և մտածում ենք. «Կկարողանա՞մ լավ անել գործս»։ Կամ Աստվածաշունչն ուսումնասիրելիս ինքներս մեզ հարցրել ենք. «Կարդացածս ինչպե՞ս կարող եմ կիրառել ուրիշներին օգնելու համար»։ Եհովան մեզ չի ստիպում ինչ-որ բան անել։ Բայց երբ տեսնում է, որ պատրաստ ենք քննելու մեր հանգամանքները և մտածելու, թե ինչ կարող ենք անել, նա մեզ ցանկություն է տալիս իրագործելու մեր մտածածը։
4. Եհովան ինչպե՞ս է մեզ ուժ տալիս գործելու։
4 Եհովան կարող է մեզ նաև ուժ տալ գործելու (Ես. 40։29)։ Նա իր սուրբ ոգով կարող է խթանել մեր բնածին ընդունակությունները (Ելք 35։30–35)։ Իր կազմակերպության միջոցով նա մեզ սովորեցնում է՝ ինչպես կատարել այս կամ այն հանձնարարությունը։ Եթե, այնուամենայնիվ, վստահ չես, թե ինչպես է հարկավոր կատարել քեզ տրված առաջադրանքը, մի՛ վարանիր օգնության դիմել։ Նաև ցանկացած ժամանակ կարող ես մեր երկնային առատաձեռն Հորից «սովորականին գերազանցող ուժը» խնդրել (2 Կորնթ. 4։7; Ղուկ. 11։13)։ Աստվածաշնչում շատ օրինակներ կան, թե Եհովան ինչպես է օգնել տղամարդկանց ու կանանց՝ նրանց տալով գործելու և՛ ցանկություն, և՛ ուժ։ Նրանց օրինակները քննելիս մտածիր, թե Եհովան ինչպես կարող է քո միջոցով էլ գործել։
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ
5. Եհովան Մովսեսի միջոցով ե՞րբ և ինչպե՞ս գործեց իր ժողովրդին ազատագրելու համար, և դրանից ի՞նչ ենք սովորում։
5 Եհովան Մովսեսին դարձրեց Իսրայել ազգի ազատարար։ Բայց ե՞րբ նա արեց դա։ Արդյո՞ք այն ժամանակ, երբ Մովսեսն էր իրեն պատրաստ համարում՝ հիմնվելով այն բանի վրա, որ կրթվել էր «եգիպտացիների ամբողջ իմաստությամբ» (Գործ. 7։22–25)։ Ո՛չ։ Եհովան արեց դա, երբ Մովսեսին դարձրեց խոնարհ, հեզ ու մեղմ անձնավորություն (Գործ. 7։30, 34–36)։ Աստված նրան քաջություն տվեց, որ կանգնի այն ժամանակների ամենահզոր կառավարչի՝ Եգիպտոսի փարավոնի առաջ (Ելք 9։13–19)։ Ի՞նչ ենք սովորում այս ամենից։ Եհովան իր նպատակներն իրագործում է ա՛յն մարդկանց միջոցով, որոնք իր հատկություններն են արտացոլում և իր զորությանն են ապավինում (Փիլիպ. 4։13)։
6. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Եհովան ինչպես գործեց Բերզելիի միջոցով։
6 Իսրայելացիների ազատագրումից դարեր անց, երբ Դավիթ թագավորը իր որդու՝ Աբիսողոմի պատճառով փախուստի մեջ էր, Եհովան Բերզելիի միջոցո՛վ նրան օգնության ձեռք մեկնեց։ Դավիթն ու իր մարդիկ «անապատում սոված էին, հոգնած ու ծարավ»։ Բերզելին, որն արդեն տարիքն առած մարդ էր, երկու ուրիշ տղամարդկանց հետ իր կյանքը վտանգի ենթարկեց ու նրանց համար ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր բերեց։ Այս մարդը չմտածեց, թե իր տարիքի պատճառով այլևս չի կարող պիտանի լինել Եհովային։ Փոխարենը՝ իր ունեցածն օգտագործեց Աստծու ծառաներին սատար կանգնելու համար (2 Սամ. 17։27–29)։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Անկախ մեր տարիքից՝ կարող ենք օգնության հասնել կարիքի մեջ հայտնված մեր հավատակիցներին՝ լինեն նրանք մեր երկրում, թե այլուր (Առակ. 3։27, 28; 19։17)։ Նույնիսկ եթե հնարավոր չէ անձամբ օգնել նրանց, կարող ենք նվիրաբերություն անել համաշխարհային գործի համար, որպեսզի, երբ էլ կամ որտեղ էլ կարիք առաջանա, միջոցներ լինեն նրանց աջակցություն ցույց տալու համար (2 Կորնթ. 8։14, 15; 9։11)։
7. Եհովան ինչպե՞ս գործեց Սիմեոնի միջոցով, և դա ինչպե՞ս է մխիթարում մեզ։
7 Երուսաղեմում Սիմեոն անունով մի ծեր մարդ էր ապրում։ Այս հավատարիմ մարդուն Եհովան խոստացել էր, որ նա չէր մահանալու, մինչև որ Մեսիային չտեսներ։ Այդ խոստումը պետք է որ շատ քաջալերական լիներ Սիմեոնի համար, քանի որ նա երկար տարիներ սպասում էր Մեսիային։ Նրա հավատն ու համբերությունը վարձատրվեցին։ Մի օր «ոգու առաջնորդությամբ» Սիմեոնը գնաց տաճար։ Այնտեղ նա տեսավ նորածին Հիսուսին, և Եհովան նրա բերանով մարգարեություն տվեց այդ երեխայի մասին, որը դառնալու էր խոստացյալ Մեսիան (Ղուկ. 2։25–35)։ Թեև Սիմեոնը, ըստ երևույթին, այնքան երկար չապրեց, որ տեսներ, թե Հիսուսն ինչպես է կատարում իր երկրային ծառայությունը, սակայն երախտապարտ էր իր ունեցած առանձնաշնորհման համար։ Նրան բազմաթիվ օրհնություններ են սպասում նաև ապագայում. նոր աշխարհում այդ հավատարիմ մարդը կտեսնի, թե Հիսուսի իշխանության շնորհիվ ինչպես են երկրի բոլոր ազգերն օրհնվում (Ծննդ. 22։18)։ Մենք նույնպես կարող ենք երախտապարտ լինել ցանկացած առանձնաշնորհման համար, որ Եհովան տալիս է մեզ։
8. Ինչպե՞ս կարող ենք Բառնաբասի պես պիտանի ծառա լինել Եհովայի համար։
8 Մ. թ. առաջին դարի քրիստոնյաների մեջ Հովսեփ անունով մի բարի և առատաձեռն մարդ կար, որն ուզում էր պիտանի լինել Եհովային (Գործ. 4։36, 37)։ Նա այնքան լավ էր կարողանում մխիթարել մարդկանց, որ առաքյալները նրան անվանեցին Բառնաբաս, ինչը նշանակում է «մխիթարության որդի»։ Օրինակ, երբ Սողոսը դարձավ քրիստոնյա, եղբայրներից շատերը վախենում էին նրանից, քանի որ նա հալածել էր Քրիստոսի հետևորդներին։ Սակայն Բառնաբասը մեծահոգաբար օգնության հասավ Սողոսին, ինչի համար վերջինս, ըստ ամենայնի, նրան խորապես երախտապարտ էր (Գործ. 9։21, 26–28)։ Հետագայում Երուսաղեմ լուր հասավ, որ Անտիոքի եղբայրներին քաջալերելու կարիք կա։ Ուստի երեցները Բառնաբասին ուղարկեցին Ասորիքի Անտիոք։ Եվ դա ճիշտ ընտրություն էր։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Բառնաբասը, այնտեղ գալով, «սկսեց քաջալերել նրանց բոլորին, որ շարունակեն հաստատակամ սրտով հավատարիմ մնալ Տիրոջը» (Գործ. 11։22–24)։ Եհովան մեզ էլ կարող է օգնել, որ «մխիթարության որդի» լինենք մեր հավատակիցների համար։ Օրինակ՝ նա կարող է մեր միջոցով մխիթարել նրանց, ովքեր հարազատ են կորցրել։ Նաև կարող է մղել, որ այցելենք կամ զանգահարենք հիվանդ կամ վհատված հավատակիցներից որևէ մեկին և մի բարի խոսք ասենք նրան։ Թույլ կտա՞ս, որ Եհովան քո՛ միջոցով անի այս ամենը. կվարվե՞ս Բառնաբասի պես (1 Թեսաղ. 5։14)։
9. Ի՞նչ ենք սովորում Վասիլիի օրինակից, ում Եհովան օգնեց դառնալ հոգևոր լավ հովիվ։
9 Եհովան Վասիլի անունով մի եղբոր օգնեց դառնալ հոգևոր լավ հովիվ։ Երբ Վասիլին 26 տարեկանում երեց նշանակվեց, նա վախենում էր, որ չի կարողանա հոգևորապես օգնել ժողովին, հատկապես նրանց, ովքեր ծանր փորձությունների միջով են անցնում։ Սակայն նա արժեքավոր կրթություն ստացավ՝ համագործակցելով փորձառու երեցների հետ և սովորելով Թագավորական ծառայության դպրոցում։ Վասիլին շատ ջանք թափեց իր որակները բարելավելու համար։ Նա փոքր նպատակների ցուցակ կազմեց և աստիճանաբար հասնելով իր նպատակներին՝ հաղթահարեց իր վախերը։ Այժմ նա ասում է. «Այն, ինչ նախկինում վախեցնում էր ինձ, հիմա մեծ ուրախություն է պատճառում։ Երբ Եհովայի օգնությամբ կարողանում եմ Աստվածաշնչից համապատասխան խոսքեր գտնել եղբայրներին ու քույրերին մխիթարելու համար, մեծ բավարարվածություն եմ զգում»։ Սիրելի՛ եղբայր, եթե Վասիլիի պես ուզում ես պիտանի լինել Եհովային, Նա քեզ անհրաժեշտ հմտությունները կտա, որ ժողովում ավելի մեծ պատասխանատվություններ կրես։
ԿԱՆԱՆՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ
10. Ինչպե՞ս վարվեց Աբիգեան, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։
10 Սավուղ թագավորը հետապնդում էր Դավթին, ուստի վերջինս իր հավատարիմ մարդկանց հետ փախուստի մեջ էր։ Եղավ մի պահ, երբ Դավիթը կարիքի մեջ հայտնվեց։ Նա իր մարդկանց ուղարկեց Նաբաղ անունով մի հարուստ իսրայելացու մոտ և խնդրեց, որ օգնի իրենց՝ տալով ուտելիք՝ այն, «ինչ որ ձեռքը գտնի»։ Նրանք իրենց թույլ տվեցին նման բան խնդրել Նաբաղից, քանի որ անապատում պաշտպանել էին նրա հոտերը։ Բայց Նաբաղը, որը եսասեր ու ժլատ մարդ էր, մերժեց նրանց։ Դա այնքան զայրացրեց Դավթին, որ նա որոշեց սպանել Նաբաղին ու նրա տան բոլոր տղամարդկանց (1 Սամ. 25։3–13, 22)։ Նաբաղի կինը՝ Աբիգեան, այնքան իմաստուն էր, որքան և գեղեցիկ։ Նա, քաջություն դրսևորելով, եկավ Դավթի մոտ, նրա ոտքերն ընկավ ու խնդրեց, որ վրեժխնդիր չլինի և չդառնա արյունապարտ։ Նաև նրբանկատորեն խորհուրդ տվեց այդ հարցի լուծումը թողնել Եհովային։ Աբիգեայի խոհեմությունն ու մեղմ խոսքերը մեծ ազդեցություն թողեցին Դավթի վրա։ Նա հասկացավ, որ Եհովան է այդ կնոջն ուղարկել իր մոտ (1 Սամ. 25։23–28, 32–34)։ Աբիգեան այնպիսի հատկություններ էր զարգացրել, որոնք իրեն պիտանի դարձրին Աստծու համար։ Այսօր նույնպես Եհովան կարող է նրբանկատ ու խորաթափանց քույրերի միջոցով ամրացնել նրանց ընտանիքները և զորավիգ լինել ժողովին (Առակ. 24։3; Տիտոս 2։3–5)։
11. Ի՞նչ արեցին Սեղումի դուստրերը, և ովքե՞ր են այսօր ընդօրինակում նրանց։
11 Աբիգեայի օրերից դարեր անց էլ եղել են նվիրված կանայք, որոնց միջոցով Եհովան իրականացրել է իր կամքը։ Նրանցից էին, օրինակ, Սեղումի դուստրերը, որոնք մասնակցեցին Երուսաղեմի պարսպի վերակառուցման աշխատանքներին (Նեեմ. 2։20; 3։12)։ Չնայած որ այս աղջիկների հայրը իշխան էր, նրանք հոժար սրտով լծվեցին այդ դժվար ու վտանգներով լի գործին (Նեեմ. 4։15–18)։ Որքա՜ն էին նրանք տարբերվում թեկուեցիների միջի անվանի մարդկանցից, որոնք «իրենց վիզը չծռեցին, որ ծառայեն իրենց տերերին» (Նեեմ. 3։5)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ցնծություն ապրեցին Սեղումի աղջիկները, երբ ընդամենը 52 օրում հաջողվեց պարսպի վերակառուցումն ավարտին հասցնել (Նեեմ. 6։15)։ Մեր ժամանակներում էլ բազմաթիվ քույրեր հոժար կամքով և մեծ ուրախությամբ մասնակցում են սուրբ ծառայության տարբեր ձևերի, այդ թվում՝ աստվածապետական շինությունների կառուցման ու նորոգման աշխատանքներին։ Խանդավառությամբ լի այս անձնվեր հմուտ քույրերը շատ մեծ դեր են ունենում այդ նախագծերի իրականացման գործում։
12. Ինչպե՞ս կարող ենք Տաբիթայի պես պիտանի լինել Եհովային։
12 Այժմ քննենք Տաբիթայի օրինակը։ Եհովան նրան մղել էր «բարությամբ լի շատ գործեր անել ու առատորեն ողորմության նվերներ տալ» իր հավատակիցներին, հատկապես այրիներին (Գործ. 9։36)։ Նրա արտասովոր առատաձեռնությունն ու բարությունը խոր հետք էին թողել իր հավատակիցների սրտում։ Ուստի երբ նա մահացավ, շատերն էին սգում նրա մահը։ Բայց երբ Պետրոս առաքյալը հարություն տվեց այդ քրոջը, նրանց սուգը վերածվեց մեծ ուրախության (Գործ. 9։39–41)։ Ի՞նչ ենք սովորում Տաբիթայից։ Լինենք երիտասարդ, թե տարեց, կին, թե տղամարդ, բոլորս էլ կարող ենք օգտակար գործեր անել մեր եղբայրների ու քույրերի համար (Եբր. 13։16)։
13. Ռութ անունով մի ամաչկոտ քույր ինչպե՞ս դարձավ պիտանի գործիք Եհովայի ձեռքում, և նա ինչո՞ւմ համոզվեց։
13 Ռութ անունով մի ամաչկոտ քույր ցանկանում էր միսիոներ դառնալ։ Փոքր տարիքում նա մի տնից մյուսն էր վազում և դռները թակելով՝ թերթիկներ էր բաժանում։ «Ես մեծ ուրախությամբ էի դա անում»,— պատմում է քույրը։ Սակայն նրա համար դժվար էր խոսել մարդկանց հետ և հայտնել Թագավորության լուրը։ Այնուամենայնիվ, չնայած ամաչկոտությանը՝ Ռութը 18 տարեկանում ռահվիրա դարձավ։ 1946 թ.-ին նա սովորեց Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում, որից հետո ծառայեց Հավայիում և Ճապոնիայում։ Նա մեծ ներդրում ունեցավ այդ երկրներում բարի լուրի տարածման գործում։ Գրեթե 80 տարվա ծառայությունից հետո Ռութն ասաց. «Եհովան միշտ զորավիգ է եղել ինձ։ Նա օգնել է, որ հաղթանակ տանեմ ամաչկոտությանս դեմ։ Լիովին համոզված եմ, որ ցանկացած մեկը, ով վստահում է Աստծուն, կարող է նրա ձեռքում դառնալ պիտանի գործիք»։
ԹՈՒՅԼ ՏՈՒՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԳՈՐԾԻ ՔՈ ՄԻՋՈՑՈՎ
14. Կողոսացիներ 1։29-ի համաձայն՝ մենք ի՞նչ պետք է անենք, եթե ուզում ենք պիտանի լինել Եհովային։
14 Դարերի ընթացքում Եհովան իր ծառաներին դարձրել է այն, ինչ հարկավոր է եղել տարբեր հանձնարարություններ կատարելու համար։ Իսկ քե՞զ ինչ կդարձնի։ Դա հիմնականում կախված է այն բանից, թե որքանով ես պատրաստ ջանքեր թափել նրա կամքն իրագործելու համար (կարդա Կողոսացիներ 1։29)։ Եթե թույլ տաս, որ Եհովան գործի քո միջոցով, նա կարող է քեզ դարձնել եռանդուն քարոզիչ, արդյունավետ ուսուցիչ, սրտակից մխիթարիչ, հմուտ աշխատող, օգնության հասնող ընկեր և ցանկացած այլ բան, որ անհրաժեշտ է իր նպատակներն իրականացնելու համար։
15. Հաշվի առնելով 1 Տիմոթեոս 4։12, 15 համարները՝ երիտասարդ եղբայրները Եհովայից ի՞նչ պետք է խնդրեն։
15 Ի՞նչ կարելի է ասել ձե՛ր մասին, երիտասա՛րդ եղբայրներ, որ կանգնած եք չափահասության շեմին։ Ժողովներում եռանդուն եղբայրների մեծ կարիք կա, որոնք կդառնան ծառայող օգնականներ։ Բազմաթիվ ժողովներում երեցներն ավելի շատ են, քան ծառայող օգնականները։ Սիրելի՛ երիտասարդ, չէի՞ր ցանկանա ավելի շատ բան անել քո ժողովի համար։ Ոմանք երբեմն ասում են. «Կանոնավորաբար մասնակցում եմ քարոզչական գործին. այդքանը բավական է»։ Եթե դու էլ ես այս կարծիքին, խնդրիր Եհովային, որ քեզ օգնի ծառայող օգնական դառնալու ցանկություն զարգացնել։ Խնդրիր նաև, որ քեզ զինի անհրաժեշտ հմտություններով, որպեսզի լավագույնս կատարես ծառայությունդ (Ժող. 12։1)։ Մենք քո օգնության կարիքն ունենք (կարդա 1 Տիմոթեոս 4։12, 15)։
16. Ի՞նչ պետք է խնդրենք Եհովայից և ինչո՞ւ։
16 Այո՛, Եհովան քեզ կարող է դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակներն իրականացնելու համար։ Ուստի նրանից խնդրիր, որ քեզ ցանկություն տա կատարելու իր կամքը, իսկ հետո խնդրիր, որ նաև անհրաժեշտ ուժը տա։ Անկախ այն բանից՝ երիտասարդ ես, թե տարեց, ժամանակդ, ուժերդ և միջոցներդ օգտագործիր Եհովային փառաբանելու համար (Ժող. 9։10)։ Երբեք թույլ մի՛ տուր, որ վախն ու անվստահության զգացումը կաշկանդեն քեզ, և ձեռքիցդ բաց թողնես ծառայության մեջ ավելին անելու առանձնահատուկ հնարավորությունները։ Ի՜նչ լավ է, որ յուրաքանչյուրս պատիվ ունի փառք բերելու մեր սիրառատ Հորը՝ Եհովային, և համեստ ներդրում ունենալու նրա գործում։
ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ
a Կուզեի՞ր ծառայության մեջ ավելին անել։ Հաճա՞խ ես մտածում. «Դեռ պիտանի՞ եմ Եհովային»։ Թե՞ մտածում ես՝ այն, ինչ այժմ անում ես ծառայության մեջ, արդե՛ն բավարար է։ Այս հոդվածում կխոսվի այն մասին, թե Եհովան ինչպես կարող է քեզ և՛ ցանկություն, և՛ ուժ տալ դառնալու այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրականացնելու համար։
b Թեպետ Պողոսն իր նամակը գրել է առաջին դարում ապրող քրիստոնյաներին, սակայն նրա խոսքերը վերաբերում են Եհովայի բոլոր ծառաներին։