Երկնքում ու երկրում եղողները համախմբվում են
«Իր հաճութեան պէս [է].... որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը» (ԵՓԵՍԱՑԻՍ 1։9, 10)։
1. Ո՞րն է Եհովայի նպատակը երկնքի և երկրի առնչությամբ։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ո՛ղջ տիեզերքում։ Ահա սա է Եհովայի՝ ‘խաղաղության Աստծու’ փառավոր նպատակը (Եբրայեցիս 13։20)։ Իր սուրբ ոգու միջոցով նա ներշնչեց Պողոս առաքյալին գրելու, որ ‘իր հաճությունն’ է ‘Քրիստոսում բովանդակել ամեն բան՝ ինչ որ երկնքում է, և ինչ որ երկրում’ (Եփեսացիս 1։9, 10)։ Իսկ ի՞նչ իմաստ է կրում «ամեն բան բովանդակել» թարգմանված արտահայտությունը։ Աստվածաշնչի վերլուծաբան Ջ. Լայթֆութը նշում է. «Այդ արտահայտությունը փոխանցում է մի միտք, որը նշանակում է՝ ներդաշնակություն ողջ տիեզերքում, որտեղ այլևս որևէ օտար կամ անհամահունչ տարր չի լինի, և ամեն բան կենտրոնացած կլինի Քրիստոսի շուրջ ու միաբանված՝ նրանով։ Մեղքը, մահը, ցավը, անհաջողությունն ու տառապանքը կվերանան»։
«Ինչ որ երկնքումն է»
2. Ովքե՞ր են երկնքում եղողները, որ պետք է համախմբվեին։
2 Պետրոս առաքյալը քրիստոնյաների այս հրաշալի հեռանկարի մասին արտահայտվեց հետևյալ կերպ. «[Մենք] նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։ Խոստացյալ ‘նոր երկինքը’ նոր կառավարությունն է՝ Մեսիական Թագավորությունը։ Երկնքում եղողները (այն, «ինչ որ երկնքումն է»), որոնց մասին խոսեց Պողոսը եփեսացիներին ուղղված իր նամակում, պետք է համախմբվեին ‘Քրիստոսում’։ Դրանք սահմանափակ թվով այն մարդիկ են, ովքեր Քրիստոսի հետ թագավորելու են երկնքում (Ա Պետրոս 1։3, 4)։ Այդ օծյալ քրիստոնյաները, որոնց թիվը 144 000 է, ‘գնված’ են «երկրից» կամ «մարդկանցից»՝ երկնքում Քրիստոսի թագավորակիցները լինելու համար (Յայտնութիւն 5։9, 10; 14։3, 4; Բ Կորնթացիս 1։21; Եփեսացիս 1։11; 3։6)։
3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ օծյալները, երկրի վրա լինելով հանդերձ, ‘հարություն են ստացել և նստել երկնքում’։
3 Օծյալ քրիստոնյաները սուրբ ոգու միջոցով վերստին ծնվել են որպես Եհովայի հոգևոր որդիներ (Յովհաննէս 1։12, 13; 3։5–7)։ Աստծու կողմից ‘որդեգրվելով’՝ նրանք դարձել են Հիսուսի եղբայրները (Հռովմայեցիս 8։15; Եփեսացիս 1։5)։ Ուստի երկրի վրա լինելով հանդերձ՝ օծյալները, ըստ Աստվածաշնչի, ‘հարություն են ստացել և նստել երկնքում՝ Քրիստոս Հիսուսով’ (Եփեսացիս 1։3; 2։6 ԷԹ)։ Նրանք այդպիսի բարձր դիրք են զբաղեցնում, որովհետև իրենց վրա դրվել է սուրբ ոգու կնիքը։ Իսկ այդ ոգին երկնքում օծյալների համար պահված «ժառանգութեան գրաւն է» (Եփեսացիս 1։13, 14; Կողոսացիս 1։5)։ Ուրեմն նրանք են երկնքում եղողները, այսինքն՝ այն, «ինչ որ երկնքումն է»։ Եվ այդ քրիստոնյաները պետք է համախմբվեին՝ լրացնելով այն թիվը, որը սահմանել էր Եհովան։
Համախմբումը սկսվում է
4. Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց երկնքում եղողների համախմբումը։
4 Եհովայի ‘տնտեսության’՝ գործերը կազմակերպելու ձևի համաձայն՝ երկնքում եղողների համախմբումը պետք է սկսվեր «ժամանակների լրումին» (Եփեսացիս 1։10, ԷԹ)։ Իսկ ժամանակը լրացավ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին։ Այդ օրը առաքյալները, ինչպես նաև Քրիստոսի մյուս աշակերտները՝ կին թե տղամարդ, օծվեցին սուրբ ոգով (Գործք 1։13–15; 2։1–4)։ Սա ապացույցն էր այն բանի, որ սկսել էր գործել նոր ուխտը՝ նշանավորելով քրիստոնեական ժողովի և նոր հոգևոր ազգի՝ Աստծու Իսրայելի ծնունդը (Գաղատացիս 6։16; Եբրայեցիս 9։15; 12։23, 24)։
5. Ինչո՞ւ Եհովան Իսրայել ազգին փոխարինեց նոր «ազգով»։
5 Իսրայել ազգի հետ կնքված Օրենքի ուխտից առաջ չեկավ ‘քահանաների թագավորությունը և սուրբ ազգը’, որը պետք է հավիտյան ծառայեր երկնքում (Ելից 19։5, 6)։ Հիսուսը հրեա կրոնական առաջնորդներին ասաց. «Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ» (Մատթէոս 21։43)։ Այդ նոր ազգը՝ հոգևոր Իսրայելը, կազմված էր օծյալ քրիստոնյաներից, որոնց հետ նոր ուխտ էր կնքվել։ Պետրոս առաքյալը նրանց ասաց. «Դուք ընտիր [«ընտրյալ», ԱՆԹ] ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ. որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք» (Ա Պետրոս 2։9, 10)։ Իսրայելացիներն այլևս ուխտի մեջ չէին Եհովայի հետ (Եբրայեցիս 8։7–13)։ Ինչպես կանխագուշակեց Հիսուսը, նրանք զրկվեցին Մեսիական Թագավորության մեջ պատվավոր դիրք զբաղեցնելու հնարավորությունից։ Փոխարենը՝ դրան արժանացան հոգևոր Իսրայելի 144 000 անդամները (Յայտնութիւն 7։4–8)։
Թագավորության ուխտ
6, 7. Ի՞նչ հատուկ ուխտ կապեց Հիսուսը իր օծյալ եղբայրների հետ, և ի՞նչ է դա նշանակում նրանց համար։
6 Այն գիշերը, երբ Հիսուսը սահմանեց իր մահվան Հիշատակի երեկոն, իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց. որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնում, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար» (Ղուկաս 22։28–30)։ Հիսուսը խոսում էր հատուկ ուխտի մասին, որը նա կապեց իր 144 000 օծյալ եղբայրների հետ։ Վերջիններս պետք է ‘հավատարիմ լինեին մինչև մահ’ և ‘հաղթեին’ (Յայտնութիւն 2։10; 3։21)։
7 Սահմանափակ թվով այդ անհատները հրաժարվում են երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարից։ Նրանք Քրիստոսի հետ թագավորելու են երկնքում և, ‘գահերի վրա նստելով’, դատելու են մարդկանց (Յայտնութիւն 20։4 ԷԹ, 6)։ Այժմ քննարկենք աստվածաշնչյան այլ համարներ, որոնք վերաբերում են միայն օծյալներին, և որոնք ցույց են տալիս, թե ինչու ‘ուրիշ ոչխարները’ չեն օգտվում Տիրոջ ընթրիքի խորհրդանիշներից (Յովհաննէս 10։16)։
8. Ի՞նչ են ցույց տալիս օծյալ քրիստոնյաները՝ օգտվելով անթթխմոր հացից (տե՛ս 23–րդ էջի շրջանակը)։
8 Օծյալ քրիստոնյաները, Հիսուսի պես, տառապանքներ են կրելու։ Նրանք պատրաստ են մահանալու նույն մահով։ Պողոսը, լինելով այդ մարդկանց թվում, ասաց, որ կգնա ցանկացած զոհողության, որպեսզի կարողանա «Քրիստոսին շահե[լ].... որ ճանաչ[ի] նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ նորա չարչարանքի մասնակից լինելը»։ Այո՛, Պողոսը պատրաստ էր դառնալ «նորա մահուան կերպարանակից[ը]» (Փիլիպպեցիս 3։8, 10)։ Օծյալ քրիստոնյաներից շատերն են ‘իրենց մարմնում կրել Հիսուսի մեռնելը’ (Բ Կորնթացիս 4։10)։
9. Ի՞նչ է խորհրդանշում Հիշատակի երեկոյի հացը։
9 Իր մահվան Հիշատակի երեկոյի ժամանակ Հիսուսը, կտրելով հացը, ասաց՝ «այս է իմ մարմինը» (Մարկոս 14։22)։ Նա խոսում էր իր ֆիզիկական մարմնի մասին՝ նկատի ունենալով, որ շուտով տանջանքների է ենթարկվելու և սպանվելու է։ Անթթխմոր հացը խորհրդանշում էր նրա մարմինը, և դա միանգամայն տեղին է։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստվածաշնչում թթխմորը մեղքի և չարության նշան է (Մատթէոս 16։4, 11, 12; Ա Կորնթացիս 5։6–8)։ Հիսուսը կատարյալ մարդ էր և զերծ էր մեղքից։ Նա իր կատարյալ մարմինը զոհաբերելու էր մեղքերի քավության համար (Եբրայեցիս 7։26; Ա Յովհաննէս 2։2)։ Այդ զոհը օգուտներ էր բերելու բոլոր հավատարիմ քրիստոնյաներին՝ թե՛ երկնային հույս ունեցողներին, թե՛ երկրային (Յովհաննէս 6։51, 52)։
10. Ի՞նչ իմաստով են Հիշատակի երեկոյի գինուց օգտվողները հաղորդակից դառնում Քրիստոսի արյանը։
10 Իսկ Հիշատակի երեկոյի գինու վերաբերյալ Պողոս առաքյալն ասաց. «Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի» (Ա Կորնթացիս 10։16)։ Ի՞նչ իմաստով են օծյալ քրիստոնյաները հաղորդակից դառնում Քրիստոսի արյանը։ Իհարկե ոչ այն առումով, որ զոհաբերում են իրենց կյանքը՝ մարդկության մեղքերի համար։ Նրանք դա չենք կարող անել, որովհետև անձամբ ունեն փրկության կարիք։ Քանի որ այդ անհատները հավատում են, որ Քրիստոսի արյունը քավիչ զորություն ունի, նրանք մեղքերի թողություն են ստանում և արդար են հայտարարվում՝ հնարավորություն ձեռք բերելով երկնքում ապրելու (Հռովմայեցիս 5։8, 9; Տիտոս 3։4–7)։ Քրիստոսի թափած արյունն է, որ ‘սրբացնում’ ու մեղքերից մաքրում է նրա 144 000 ժառանգակիցներին (Եբրայեցիս 10։29; Դանիէլ 7։18, 27; Եփեսացիս 2։19)։ Այո՛, Քրիստոսն իր արյամբ է «[այդ մարդկանց գնել] Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից։ Եւ .... թագաւորներ եւ քահանաներ ար[ել]» նրանց (Յայտնութիւն 5։9, 10)։
11. Ի՞նչ են ցույց տալիս օծյալները՝ խմելով Հիշատակի երեկոյի գինին։
11 Իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելիս Հիսուսն իր հավատարիմ առաքյալներին գինով լի գավաթ փոխանցեց՝ ասելով. «Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց» (Մատթէոս 26։27, 28)։ Ինչպես որ ցլերի ու այծերի արյամբ վավերացվեց Աստծու և Իսրայել ազգի միջև կնքված Օրենքի ուխտը, այնպես էլ Հիսուսի արյամբ վավերացվեց Եհովայի ու հոգևոր Իսրայելի միջև կնքված նոր ուխտը, որը սկսեց գործել մ. թ. 33 թ. Պենտեկոստեին (Ելից 24։5–8; Ղուկաս 22։20; Եբրայեցիս 9։14, 15)։ «Ուխտի արիւնը» խորհրդանշող գինին խմելով՝ օծյալները ցույց են տալիս, որ նոր ուխտի մեջ են և քաղում են դրանից բխող օգուտները (Ելից 24։5–8; Ղուկաս 22։20; Եբրայեցիս 9։14, 15)։
12. Օծյալներն ինչպե՞ս են մկրտվում Քրիստոսի մահով։
12 Գինուց օգտվելը օծյալներին հիշեցնում է ևս մի բան։ Հիսուսն իր հավատարիմ աշակերտներին ասել էր. «Այն բաժակը որ ես պիտի խմեմ, կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն՝ որ ես պիտի մկրտուիմ՝ կ’մկրտուիք» (Մարկոս 10։38, 39)։ Հետագայում Պողոս առաքյալը նշեց, որ այդ քրիստոնյաները ‘[Հիսուսի] մահով են մկրտվում’ (Հռովմայեցիս 6։3)։ Օծյալներն ապրում են զոհաբերական կյանքով։ Նրանց մահը զոհաբերական է, քանի որ նրանք հրաժարվում են երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարից։ Օծյալների այս մկրտությունը ավարտվում է, երբ մինչև մահ հավատարիմ մնալով՝ նրանք հարություն են ստանում՝ որպես ոգեղեն էակներ Քրիստոսի հետ երկնքում ‘թագավորելու’ համար (Բ Տիմոթէոս 2։10–12; Հռովմայեցիս 6։5; Ա Կորնթացիս 15։42–44, 50)։
Ո՞վ կարող է օգտվել
13. Երկրային հույս ունեցողները ինչո՞ւ չեն օգտվում խորհրդանիշներից, սակայն ինչո՞ւ են ներկա լինում Հիշատակի երեկոյին։
13 Երբ հաշվի ենք առնում, թե որքան մեծ է Հիշատակի երեկոյի գինուց և հացից օգտվելու նշանակությունը, ակնհայտ է դառնում, որ երկրային հույս ունեցողների համար տեղին չի լինի ընդունել դրանք։ Վերջիններս հասկանում են, որ Հիսուսի մարմնի օծյալ անդամները չեն, և ոչ էլ գտնվում են Եհովայի ու հոգևոր Իսրայելի միջև կնքված նոր ուխտի մեջ։ Քանի որ «բաժակը» ներկայացնում է նոր ուխտը, միայն այդ ուխտի մեջ գտնվողները կարող են օգտվել խորհրդանիշներից։ Իսկ այն մարդիկ, ովքեր Թագավորության ներքո երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն, ո՛չ մկրտված են Հիսուսի մահով, ո՛չ էլ կանչված են նրա հետ երկնքում կառավարելու։ Եթե նրանք օգտվեին խորհրդանիշներից, ցույց տված կլինեին մի բան, որը ճշմարիտ չէ իրենց առնչությամբ։ Թեև այդ անհատները չեն ընդունում հացն ու գինին, սակայն ներկա են լինում Հիշատակի երեկոյին՝ իրենց հարգանքն արտահայտելով Հիսուսի զոհագործության հանդեպ։ Նրանք շնորհակալ են Եհովային, որ իր Որդու միջոցով այդքան բան է արել իրենց համար, այդ թվում ներել է իրենց մեղքերը Քրիստոսի թափած արյան հիման վրա։
14. Հացից ու գինուց օգտվելով՝ օծյալները ի՞նչ առումով են հոգևոր լիցք ստանում։
14 Հիսուսի հետ թագավորելու կանչված քրիստոնյաների վրա վերջնական կնիք դնելու գործը մոտենում է իր ավարտին։ Մինչև իրենց զոհաբերական կյանքի վերջը օգտվելով հացից ու գինուց՝ օծյալները հոգևոր լիցք են ստանում։ Դա անելով՝ նրանք իրենց միաբանված են զգում մյուս օծյալ եղբայրների ու քույրերի հետ՝ որպես Քրիստոսի մարմնի անդամներ։ Ընդունելով խորհրդանիշները՝ նրանք նաև հիշում են, որ իրենց պարտքն է մինչև մահ հավատարիմ մնալ Եհովային (Բ Պետրոս 1։10, 11)։
Երկրի վրա եղողները համախմբվում են
15. Ովքե՞ր են համախմբվում օծյալ քրիստոնյաների շուրջ։
15 1930–ականների կեսերից օծյալների շուրջ սկսեցին համախմբվել երկրային հույս ունեցող ‘ուրիշ ոչխարները’, որոնք ‘փոքր հոտից’ չեն, և որոնց թիվը գնալով աճում է (Յովհաննէս 10։16; Ղուկաս 12։32; Զաքարիա 8։23)։ Նրանք դարձել են Քրիստոսի եղբայրների հավատարիմ ուղեկիցները և մեծ օգնություն են ցույց տալիս օծյալներին ‘արքայության ավետարանը’ բոլոր ազգերին քարոզելու գործում (Մատթէոս 24։14; 25։40)։ Դա անելով՝ այդ անհատները իրենց համար հիմք են ստեղծում մտնելու ‘ոչխարների’ թվի մեջ և կանգնելու Հիսուսի ‘աջ կողմում’, երբ նա գա ազգերին դատելու (Մատթէոս 25։33–36, 46)։ Քանի որ նրանք հավատ են ընծայում Քրիստոսի թափած արյանը, որպես մեծ բազմություն, փրկություն կստանան ‘մեծ նեղությունից’ (Յայտնութիւն 7։9–14)։
16. Ովքե՞ր կընդգրկվեն երկրի վրա եղողների մեջ, և երկրային հույս ունեցողները ինչպե՞ս կկարողանան դառնալ Աստծու որդիներ։
16 Երբ 144 000–ի վրա դրվի վերջնական կնիքը, կործանարար ‘քամիները’ ազատ կարձակվեն՝ ավերելով Սատանայի այս չար համակարգը (Յայտնութիւն 7։1–4)։ Քրիստոսի և թագավոր–քահանաների Հազարամյա Իշխանության ընթացքում մեծ բազմությանը կմիանան հարություն առած անթիվ–անհամար մարդիկ (Յայտնութիւն 20։12, 13)։ Վերջիններիս հնարավորություն կտրվի դառնալու Մեսիական Թագավոր Հիսուս Քրիստոսի մշտական հպատակները։ Հազարամյա Իշխանության ավարտին երկրի վրա եղողները (այն, ‘ինչ որ երկրում է’) վերջնական փորձության կենթարկվեն։ Այն անհատները, ովքեր կփաստեն իրենց հավատարմությունը, կորդեգրվեն Աստծու կողմից՝ դառնալով նրա երկրային որդիները (Եփեսացիս 1։10; Հռովմայեցիս 8։21; Յայտնութիւն 20։7)։
17. Եհովան ինչպե՞ս կիրագործի իր նպատակը։
17 Այդպես՝ մեծ իմաստությամբ նախատեսված իր ‘տնտեսության’՝ գործերը կազմակերպելու ձևի միջոցով Եհովան կիրագործի իր նպատակը, որն է՝ Քրիստոսում բովանդակել ամեն բան՝ «ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը»։ Բոլոր բանական էակները՝ երկնային թե երկրային, կհամախմբվեն և միասնաբար խաղաղություն կվայելեն՝ ուրախությամբ հպատակվելով Եհովայի՝ նպատակների Աստծու արդար գերիշխանությանը։
18. Հիշատակի երեկոն այցելելով՝ ի՞նչ օգուտներ կքաղեն օծյալներն ու նրանց ուղեկիցները։
18 Որքա՜ն կզորանա օծյալ մնացորդի, ինչպես նաև միլիոնավոր «ուրիշ ոչխարների» հավատը, երբ 2006 թ. ապրիլի 12–ին նրանք հավաքվեն՝ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն նշելու։ Դրանով նրանք ցույց կտան, որ հնազանդվում են Հիսուսի հետևյալ պատվերին. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19)։ Բոլոր ներկաները հիանալի հնարավորություն կունենան հիշելու, թե ինչ է իրենց համար արել Եհովան իր թանկագին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Փորձենք վերհիշել
• Ի՞նչ նպատակ ունի Եհովան երկնքում ու երկրում եղողների առնչությամբ։
• Ովքե՞ր են երկնքում եղողները, և ինչպե՞ս են նրանք համախմբվում։
• Ովքե՞ր են երկրի վրա եղողները, և ի՞նչ հեռանկար ունեն նրանք։
[շրջանակ 23-րդ էջի վրա]
‘Քրիստոսի մարմինը’
Ա Կորնթացիս 10։16, 17–ում, խոսելով այն մասին, թե ինչ կարևորություն ունի «հացը» Քրիստոսի օծյալ եղբայրների համար, Պողոսն այդ բառը օգտագործեց հատուկ իմաստով։ Նա ասաց. «Այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։ Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում»։ Երբ օծյալ քրիստոնյաներն օգտվում են Հիշատակի երեկոյի հացից, դրանով ցույց են տալիս, որ միաբանված են մյուս օծյալների հետ։ Նրանք բոլորը մի «մարմին» են, որի գլուխը Հիսուսն է (Մատթէոս 23։10 ԱՆԹ; Ա Կորնթացիս 12։12, 13, 18)։
[նկարներ 23-րդ էջի վրա]
Ինչո՞ւ են հացից ու գինուց օգտվում միայն օծյալ քրիստոնյաները
[նկար 25-րդ էջի վրա]
Իր ‘տնտեսության’ միջոցով Եհովան կհամախմբի բոլոր էակներին՝ թե՛ երկնային, թե՛ երկրային