Մի՛ եղեք մոռացկոտ լսողներ
«Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով» (Յակոբոս 1։22, ԱԹ)։
1. Ի՞նչ հրաշքների ականատես լինելու առանձնաշնորհում ունեցան հին իսրայելացիները։
«ԱՆՄՈՌԱՆԱԼԻ»։ Այս բառով միանգամայն տեղին կարելի է բնութագրել Եհովայի կատարած հրաշքները Եգիպտոսում։ Տասը պատուհասներից յուրաքանչյուրն անվիճելիորեն ահասարսուռ էր։ Այդ հարվածներին հետևեց իսրայել ազգի ապշեցուցիչ ազատագրումը Կարմիր ծովի երկու մասի բաժանված ջրերի միջով (Բ Օրինաց 34։10–12)։ Եթե դուք ականատես լինեիք այդ իրադարձություններին, անշուշտ, երբեք չէիք մոռանա Նրան, ով կանգնած էր այդ ամենի ետևում։ Բայց ահա թե ինչ երգեց սաղմոսերգուն իսրայելացիների մասին. «Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը, հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ Կարմիր ծովի վերայ» (Սաղմոս 106։21, 22)։
2. Ի՞նչն է ցույց տալիս, որ իսրայելացիների գնահատանքը Աստծո զորեղ գործերի հանդեպ կարճ տևեց։
2 Կարմիր ծովն անցնելուց հետո իսրայել ժողովուրդը «վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային» (Ելից 14։31)։ Իսրայելացի տղամարդիկ Մովսեսի հետ երգեցին Եհովային նվիրված հաղթական երգը. Մարիամն ու մյուս կանայք էլ թմբուկներով ու պարերով միացան նրանց (Ելից 15։1, 20)։ Այո՛, Աստծո ժողովուրդը տպավորվել էր Եհովայի զորեղ գործերից։ Սակայն այդ գործերը Կատարողին ուղղված նրանց գնահատանքը կարճ տևեց։ Շուտով նրանցից շատերն իրենց այնպես էին պահում, կարծես թե հիշողության կորուստ էին ունեցել։ Ժողովուրդը սկսեց տրտնջալ Եհովայի դեմ ու գանգատվել։ Ոմանք ներքաշվեցին կռապաշտության և սեռային անբարոյության մեջ (Թուոց 14։27; 25։1–9)։
Ի՞նչը կարող է ստիպել մեզ մոռանալ
3. Մեր անկատար էության պատճառով ի՞նչը կարող ենք մոռանալ։
3 Ուղղակի զարմանալ կարելի է իսրայելացիների դրսևորած վերաբերմունքի վրա։ Սակայն, նույնը կարող է մեզ հետ պատահել։ Ճիշտ է, մենք նման աստվածային հրաշքների ականատես չենք եղել։ Այնուամենայնիվ, Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններում, վստահաբար, անմոռանալի իրադարձություններ եղել են։ Հավանաբար, հիշում ենք, թե երբ ենք ընդունել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ուրախացել ենք նաև այն ժամանակ, երբ աղոթքով նվիրվել ենք Եհովային և որպես ճշմարիտ քրիստոնյա՝ ջրում մկրտվել։ Շատերս զգացել ենք Եհովայի օգնության ձեռքը մեր կյանքի տարբեր շրջաններում (Սաղմոս 118։15)։ Եվ ամեն ինչից առավել, Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերական մահվան շնորհիվ մենք փրկության հույս ենք ստանում (Յովհաննէս 3։16)։ Բայցևայնպես, մեր անկատար էության պատճառով, երբ մեր մեջ սխալ ցանկություններ են առաջանում և մտահոգված ենք լինում հոգսերով, շատ հեշտորեն կարող ենք մոռանալ այն բարի գործերը, որ Եհովան արել է մեզ համար։
4, 5. ա) Ի՞նչ է զգուշացնում Հակոբոսը մոռացկոտ լսողներ լինելու վտանգի մասին։ բ) Ինչպե՞ս ենք հասկանում Հակոբոսի ներկայացրած ակնառու օրինակը մարդու և հայելու վերաբերյալ։
4 Հիսուսի եղբայր Հակոբոսը հավատակիցներին ուղղված նամակում նախազգուշացրեց մոռացկոտ լսողներ լինելու վտանգի մասին։ Նա գրեց. «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով. քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։ Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը» (Յակոբոս 1։22 ԱԹ, 23, 24)։ Ի՞նչ նկատի ուներ Հակոբոսը։
5 Առավոտյան արթնանալով՝ սովորաբար նայում ենք հայելու մեջ՝ կարգի բերելու մեր արտաքինը։ Հենց որ սկսում ենք ուրիշ գործերով զբաղվել, մեր միտքը կենտրոնանում է դրանց վրա. մենք դադարում ենք մտածել այն մասին, թե ինչ տեսք ունեինք։ Սա կարող է նաև հոգևոր իմաստով տեղի ունենալ։ Երբ նայում ենք Աստծո Խոսքի մեջ, ապա կարող ենք տեսնել, թե իրականում արդյոք այնպիսին ենք, ինչպիսին Եհովան է մեզանից ակնկալում։ Հետևաբար, երես առ երես բախվում ենք մեր թուլություններին։ Դա պետք է մղի մեզ փոփոխություններ կատարելու մեր անձնավորության մեջ։ Բայց հենց որ սկսում ենք զբաղվել առօրյա գործերով ու պայքարել պրոբլեմների դեմ, կարող ենք հեշտությամբ դադարել հոգևորի մասին մտածելուց (Մատթէոս 5։3, ՆԱ; Ղուկաս 21։34)։ Դա նման է նրան, որ մոռանանք Աստծո՝ հանուն մեզ կատարած սիրով լի գործերը։ Եթե այդպես է, ապա խոցելի ենք դառնում մեղավոր հակումների հանդեպ։
6. Սուրբգրային ո՞ր համարների քննարկումը կօգնի մեզ չմոռանալ Եհովայի խոսքը։
6 Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում Պողոս առաքյալը հիշատակում է անապատում գտնվող մոռացկոտ իսրայելացիների մասին։ Ճիշտ ինչպես Պողոսի խոսքերը օգուտ բերեցին առաջին դարի քրիստոնյաներին, նման կերպով այդ խոսքերի քննարկումը կօգնի մեզ, որպեսզի չմոռանանք Եհովայի խոսքը։ Ուստի, եկեք քննարկենք Ա Կորնթացիս 10։1–12 համարները։
Մերժենք աշխարհիկ ցանկությունները
7. Եհովայի սիրո ի՞նչ անհերքելի վկայություն ստացան իսրայելացիները։
7 Իսրայելացիների վերաբերյալ Պողոսի ասածները նախազգուշացում են հանդիսանում քրիստոնյաների համար։ Պողոսը, մասնավորապես, գրում է. «Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ» (Ա Կորնթացիս 10։1–4)։ Մովսեսի օրերի իսրայելացիները տեսել էին Եհովայի զորության ահեղ դրսևորումները, ներառյալ Աստծո ամպի հրաշք–սյունը, որը ցերեկները առաջնորդում էր նրանց և օգնեց փախչել Կարմիր ծովի միջով (Ելից 13։21; 14։21, 22)։ Այո՛, այն իսրայելացիները Եհովայի՝ իրենց հանդեպ ունեցած սիրո անհերքելի վկայության ականատեսները եղան։
8. Ի՞նչ հետևանքներ ունեցավ իսրայելացիների հոգևոր մոռացկոտությունը։
8 «Բայց,— շարունակում է Պողոսը,— Աստուած նորանցից շատերին չ’հաւանեց. որովհետեւ անապատումը փռուած ընկան» (Ա Կորնթացիս 10։5, ԱԹ)։ Ցավալի է։ Եգիպտոսը թողած իսրայելացիների մեծ մասը իրենք իրենց զրկեցին Ավետյաց երկիր մտնելու իրավունքից։ Աստված նրանց մերժեց իրենց անհավատության պատճառով, և նրանք մեռան անապատում (Եբրայեցիս 3։16–19)։ Ի՞նչ կարող ենք սովորել դրանից։ Պողոսն ասում է. «Այն որպէս օրինակ եղաւ մեզ համար, որպէսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս որ ցանկացան նրանք» (Ա Կորնթացիս 10։6)։
9. Ինչպե՞ս էր Եհովան ապահովել իր իսրայել ժողովրդին, բայց ինչպե՞ս նրանք արձագանքեցին։
9 Գտնվելով անապատում՝ իսրայելացիները ամեն հնարավորություն ունեին հոգևորի վրա կենտրոնացած մնալու համար։ Նրանք Եհովայի հետ ուխտ կապեցին ու դարձան նրան նվիրված ժողովուրդ։ Ավելին, նրանց տրվեցին քահանայություն, խորան՝ որպես երկրպագության կենտրոն, և Եհովային զոհաբերություններ անելու հնարավորություններ։ Փոխանակ ուրախանալու այս հոգևոր պարգևների համար՝ նրանք, այնուամենայնիվ, սկսեցին դժգոհել Աստծո տրամադրած նյութական բարիքներից (Թուոց 11։4–6)։
10. Ինչո՞ւ պետք է Աստծուն միշտ ի նկատի ունենանք մեր մտքերում։
10 Ի տարբերություն անապատում եղած իսրայելացիների՝ Եհովայի ժողովուրդն այսօր վայելում է նրա հաճությունը։ Սակայն, որպես անհատներ՝ կարևոր է, որ մենք Աստծուն ի նկատի ունենանք մեր մտքերում։ Այդպես անելը կօգնի, որ մերժենք եսասիրական փափագները, որոնք կարող են մթագնել մեր հոգևոր տեսողությունը։ Մենք պետք է վճռականորեն «մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, արդարութեամբ (ԱԹ), աստուածապաշտութեամբ» (Տիտոս 2։12)։ Նրանք, ովքեր մանկությունից քրիստոնեական ժողովում են գտնվում, երբեք չպետք է մտածեն, թե ինչ–որ մի հաճելի բանից զրկված են։ Եթե երբևէ նման մտքեր ծագեն, ապա լավ կլինի հիշել Եհովային և այն հրաշալի օրհնությունները, որ նա բերելու է մեզ (Եբրայեցիս 12։2, 3)։
Լիակատար հնազանդություն Եհովային
11, 12. Ինչպե՞ս անհատը կարող է մեղադրվել կռապաշտության մեջ՝ առանց երկրպագելու որևէ պատկերի։
11 Պողոսը մեկ ուրիշ նախազգուշացում է տալիս մեզ։ Նա գրում է. «Եւ չլինենք կռապաշտներ, ինչպէս նրանցից ոմանք. ինչպէս գրուած է. «Նստեց ժողովուրդը ուտելու եւ խմելու, եւ նրանք վեր կացան զուարճանալու»» (Ա Կորնթացիս 10։7)։ Պողոսը նկատի ուներ այն դեպքը, երբ իսրայելացիները համոզեցին Ահարոնին ոսկե հորթ շինել (Ելից 32։1–4)։ Թեև քիչ հավանական է, որ իսկապես կուռք պաշտենք, բայց հնարավոր է՝ կռապաշտներ դառնանք՝ թույլ տալով, որ մեր եսասիրական ցանկությունները շեղեն մեզ Եհովային ամբողջ սրտով երկրպագելուց (Կողոսացիս 3։5)։
12 Մեկ այլ դեպքում Պողոսը գրեց նրանց մասին, ովքեր հոգևորի փոխարեն կենտրոնացել էին հիմնականում նյութականի վրա։ Այն մարդկանց մասին, ովքեր «ընթանում [էին] որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի», նա գրեց. «Նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է» (Փիլիպպեցիս 3։18, 19)։ Նրանց պաշտած կուռքը քանդակ չէր, այլ նյութական բաների նկատմամբ իրենց ցանկությունն էր։ Իհարկե, բոլոր ցանկությունները չէ, որ սխալ են։ Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ տարբեր հաճույքներ վայելելու ցանկություն և հնարավորություն ունենանք։ Բայց ովքեր հաճույքներն ավելի բարձր են դասում Աստծո հետ իրենց ունեցած փոխհարաբերություններից, նրանք, անտարակույս, կռապաշտներ են դառնում (Բ Տիմոթէոս 3։1–5)։
13. Ի՞նչ կարող ենք սովորել ոսկե հորթի հետ կապված դեպքից։
13 Եգիպտոսից դուրս գալուց հետո իսրայելացիներն անապատում պաշտամունքի ոսկե հորթ շինեցին։ Բացի կռապաշտությունից հեռու մնալու նախազգուշացումից՝ մեկ այլ կարևոր դաս էլ կարող ենք սովորել այս դեպքից։ Իսրայելացիները չհնազանդվեցին Եհովայի հստակ առաջնորդությանը (Ելից 20։4–6)։ Դրանով հանդերձ, նրանք մտադիր չէին մերժել Եհովային՝ որպես իրենց Աստծո։ Նրանք զոհաբերություններ կատարեցին ձուլածո հորթին և դա անվանեցին ‘տոն Եհովայի համար’։ Այսպես թե այնպես, նրանք իրենք իրենց խաբեցին՝ մտածելով, թե Աստված ուշադրություն չի դարձնի իրենց անհնազանդությանը։ Դա անարգանք էր Եհովայի հասցեին, և նա շատ բարկացավ (Ելից 32։5, 7–10; Սաղմոս 106։19, 20)։
14, 15. ա) Ինչո՞ւ իսրայելացիները չէին կարող արդարանալ մոռացկոտ լսողներ դառնալու համար։ բ) Եթե վճռել ենք մոռացկոտ լսողներ չդառնալ, ապա ինչպիսի՞ն պիտի լինի մեր վերաբերմունքը Եհովայի պատվիրանների հանդեպ։
14 Անչափ անսովոր երևույթ կլիներ, եթե Եհովայի վկան միանար կեղծ կրոնին։ Սակայն, ժողովում գտնվելով հանդերձ, ոմանք գուցե այլ կերպ մերժեն Եհովայի առաջնորդությունը։ Իսրայելացիները չէին կարող արդարանալ մոռացկոտ լսողներ դառնալու համար։ Նրանք լսել էին տասը պատվիրանները և ներկա էին, երբ Մովսեսը իրենց հաղորդում էր Աստծո կարգադրությունը. «Ինձ հետ հաւասար արծաթի աստուածներ չ’շինէք, ոչ էլ ոսկի աստուածներ շինէք ձեզ համար» (Ելից 20։18, 19, 22, 23)։ Չնայած այդ ամենին՝ իսրայելացիները երկրպագեցին ոսկե հորթին։
15 Մենք նույնպես արդարանալու հիմնավոր պատճառներ չենք ունենա, եթե մոռացկոտ լսողներ դառնանք։ Գրություններում կյանքի շատ հարցերի վերաբերյալ կարող ենք գտնել Աստծո առաջնորդությունը։ Օրինակ՝ Եհովայի Խոսքում հստակորեն դատապարտվում է փոխ առնելու և ետ չվերադարձնելու սովորությունը (Սաղմոս 37։21)։ Երեխաներին պատվեր է տրված հնազանդվել իրենց ծնողներին, իսկ հայրերից ակնկալվում է, որ զավակներին մեծացնեն «Տիրոջ.... ուսումով» (Եփեսացիս 6։1–4)։ Չամուսնացած քրիստոնյաներին խորհուրդ է տրվում ամուսնանալ «միայն Տիրոջով», իսկ Աստծո ամուսնացած ծառաներին ասվում է. «Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է և անկողինը սուրբ. բայց շնացողներին և պոռնիկներին Աստուած կ’դատէ» (Ա Կորնթացիս 7։39; Եբրայեցիս 13։4, ԱԹ)։ Եթե մենք վճռել ենք չդառնալ մոռացկոտ լսողներ, ապա Աստծուց տրված այս և մյուս հրահանգները անպայման հաշվի կառնենք ու կհնազանդվենք դրանց։
16. Ի՞նչ հետևանքներ ունեցավ ոսկե հորթին պաշտելը։
16 Իսրայելացիները փորձեցին Եհովային երկրպագել իրենց ուզած ձևով, բայց նա չընդունեց դա։ Ավելին, 3 000 հոգի սպանվեցին, քանի որ, հավանաբար, կարևոր դեր էին խաղացել ոսկե հորթին պաշտելու ապստամբ գործողության մեջ։ Ուրիշ մեղավորներ էլ պատժվեցին Եհովայի կողմից (Ելից 32։28, 35)։ Ինչպիսի՜ դաս նրանց համար, ովքեր կարդում են Աստծո Խոսքը, բայց իրենց սեփական ցանկություններին են հնազանդվում։
«Փախէ՛ք պոռնկութիւնից»
17. Ո՞ր դեպքի մասին է խոսվում Ա Կորնթացիս 10։8–ում։
17 Պողոսը նաև ներկայացնում է մի ասպարեզ, որտեղ մարմնական ցանկությունները կարող են հոգևոր մոռացկոտություն առաջացնել. «Եւ չպոռնկանանք, ինչպէս նրանցից ոմանք պոռնկացան, եւ մի օրում ընկան քսանչորս [«քսանեւերեք», ԱԹ] հազարը» (Ա Կորնթացիս 10։8)։ Այստեղ Պողոսը խոսում է այն միջադեպի մասին, որը տեղի ունեցավ Մովաբի դաշտերում։ Այդ ժամանակ իսրայելացիների 40–ամյա անապատային կյանքը մոտենում էր իր ավարտին։ Իսրայելացիները նոր էին Եհովայի օգնությամբ նվաճել Հորդանանից արևելք ընկած հողերը, բայց նրանցից շատերն իրենց դրսևորեցին որպես մոռացկոտներ ու ապերախտներ։ Ավետյաց երկրի սահմանի վրա նրանք տրվեցին սեռային անբարոյությանն ու Բելփեգովրի պիղծ պաշտամունքին։ Մոտ 24 000 մարդ ոչնչացավ, որոնցից հազարը նրանք էին, որ մյուսներին առաջնորդեցին դեպի մեղք (Թուոց 25։9)։
18. Ո՞ր վարքագիծը կարող է տանել դեպի սեռային անբարոյության։
18 Եհովայի ժողովուրդն այսօր հայտնի է իր բարոյական բարձր չափանիշներով։ Այնուհանդերձ, որոշ քրիստոնյաներ դադարել են մտածել Աստծո և նրա սկզբունքների մասին, երբ սեռային անբարոյություն գործելու գայթակղություն է առաջացել։ Նրանք դարձել են մոռացկոտ լսողներ։ Սկզբում գուցե տվյալ գայթակղությունը չի ենթադրում հենց պոռնկություն գործելը։ Դա կարող է լինել պոռնկագրությամբ հետաքրքրվելը, անպատշաճ կատակներ և սիրաբանություններ անելը կամ բարոյապես թույլ անձնավորությունների հետ սերտ շփումներ ունենալը։ Այս ամենը նրանց մեղավոր ընթացքի է առաջնորդել (Ա Կորնթացիս 15։33; Յակոբոս 4։4)։
19. Սուրբգրային ո՞ր խորհուրդն է օգնում մեզ ‘փախչել պոռնկությունից’։
19 Եթե մենք անբարոյական արարք գործելու գայթակղության առջև ենք կանգնած, չպետք է դադարենք Եհովայի մասին մտածելուց։ Ընդհակառակը, հարկավոր է հետևել նրա Խոսքում գրված հիշեցումներին (Սաղմոս 119։1, 2)։ Մեծամասնությունս՝ որպես քրիստոնյաներ, ամեն ինչ անում ենք բարոյապես մաքուր մնալու համար, բայց որպեսզի Աստծո տեսակետից ճիշտն անենք, շարունակական ջանքեր են պահանջվում (Ա Կորնթացիս 9։27)։ Հռոմի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. եւ արդ՝ ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից» (Հռովմայեցիս 16։19)։ Ճիշտ ինչպես այն 24 000 իսրայելացիները պատժվեցին իրենց մեղքերի համար, այնպես էլ պոռնիկներն ու այլ մեղսագործները շուտով կպատժվեն Եհովայից կողմից (Եփեսացիս 5։3–6)։ Ուրեմն, մոռացկոտ լսողներ դառնալու փոխարեն, պետք է շարունակենք ‘փախչել պոռնկությունից’ (Ա Կորնթացիս 6։18)։
Միշտ գնահատենք այն, ինչ Եհովան տալիս է մեզ
20. Ինչպե՞ս իսրայելացիները փորձեցին Եհովային և ի՞նչ արդյունքով։
20 Քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը ոչ մի դեպքում անձնատուր չի լինում սեռային անբարոյությանը։ Այդուհանդերձ, մենք պետք է ուշադիր լինենք, որ թույլ չտանք մեզ այնպիսի ընթացք բռնելու, որը տանում է դեպի տրտնջկոտ դառնալուն։ Իսկ դա իր հերթին կարող է Աստծո տհաճությունը առաջ բերել։ Պողոսը հորդորում է. «Եւ չփորձենք Տիրոջը, ինչպէս փորձեցին [իսրայելացիներից] ոմանք եւ կոտորուեցին օձերից։ Եւ չտրտնջանք, ինչպէս տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստեան մատնուեցին մահուան հրեշտակից [«սատակչի ձեռովը», ԱԹ]» (Ա Կորնթացիս 10։9, 10)։ Իսրայելացիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, այո՛, նույնիսկ Աստծո դեմ՝ գանգատվելով հրաշքով տրվող մանանայից (Թուոց 16։41; 21։5)։ Բայց արդյոք նրանց տրտնջոցը ավելի թո՞ւյլ վիրավորանք էր Եհովայի հասցեին, քան կատարած պոռնկությունը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ բազմաթիվ տրտնջացողներ սպանվեցին օձերից (Թուոց 21։6)։ Իսկ ավելի վաղ 14 700–ից ավել ապստամբ տրտնջացողներ կործանվեցին (Թուոց 16։49)։ Ուստի, եկեք չփորձենք Եհովայի համբերությունը՝ անհարգալից վերաբերվելով այն ամենին, ինչ որ նա տալիս է մեզ։
21. ա) Ի՞նչ կոչ գրեց Պողոսը Աստծո ներշնչմամբ։ բ) Համաձայն Յակոբոս 1։25–ի՝ ինչպե՞ս կարող ենք իսկապես երջանիկ լինել։
21 Քրիստոնյաներին այս նամակը գրելիս Պողոսն իր նախազգուշացումներն ավարտում է կոչով. «Եւ այս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպէս խրատ գրուեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է յաւիտեանների [«ժամանակներու», ՆԿ–ի ՆԱԹ] վախճանը։ Այսպէս ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի» (Ա Կորնթացիս 10։11, 12)։ Եհովան, ինչպես իսրայելացիներին, մեզ ևս առատորեն օրհնել է։ Սակայն, ի տարբերություն նրանց, եկեք երբեք չմոռանանք այն բարիքները, որ Աստված անում է մեզ համար, և անշնորհակալ չլինենք։ Երբ կյանքի դժվարությունները ծանրանում են մեզ վրա, եկեք խորհենք իր Խոսքում գտնվող չքնաղ խոստումների մասին։ Թող որ միշտ մեր մտքում պահենք Եհովայի հետ ունեցած մեր թանկագին հարաբերությունները և շարունակենք կատարել մեզ վստահված Թագավորության քարոզչության գործը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այսպիսի ընթացքը, հիրավի, մեզ իսկական երջանկություն կպարգևի, քանզի Գրությունները խոստանում են. «Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է» (Յակոբոս 1։25, ԱԹ)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչը կարող է մեզ մոռացկոտ լսողներ դարձնել։
• Ինչո՞ւ է կարևոր ամբողջությամբ Աստծուն հնազանդվել։
• Ինչպե՞ս կարող ենք ‘փախչել պոռնկությունից’։
• Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ որ Եհովան տալիս է մեզ։
[նկար 15–րդ էջի վրա]
Իսրայելացիները մոռացան Եհովայի՝ հանուն իրենց կատարած զորեղ գործերը
[նկար 16–րդ էջի վրա]
Եհովայի ժողովուրդը հաստատակամորեն բարոյական բարձր չափանիշների է հետևում