Իմացիր, թե ինչպես պետք է պատասխան տաս
ՈՐՈՇ հարցեր սառցալեռների են նման, որոնց հիմնական մասը ջրի մեջ է թաքնված։ Ինչո՞ւ. քանի որ նրանց բուն էությունը ասես թաքնված լինի։ Հաճախ հարցի ետևում եղածը շատ ավելի կարևոր է, քան ինքը՝ հարցը։
Նույնիսկ եթե հարց տվողը անհամբերությամբ քո պատասխանին է սպասում, ճիշտ պատասխան տալու համար դու նախ պիտի պարզես, թե ինչ չափով ես պատասխանելու և որ տեսանկյունից ես մոտենալու հարցին (Յովհ. 16։12)։ Ինչպես ցույց տվեց Հիսուսն իր աշակերտներին, երբեմն անհատը կարող է տալ այնպիսի հարցեր, որոնք իրեն չեն վերաբերում, կամ որոնք իրեն ոչ մի օգուտ չեն տա (Գործք 1։6, 7)։
Աստվածաշունչը խորհուրդ է տալիս մեզ. «Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ» (Կողոս. 4։6)։ Ուստի մեզ ուղղված հարցերին պատասխանելուց առաջ պետք է մտածենք ոչ միայն այն մասին, թե ինչ ասել, այլ նաև՝ թե ինչպես ասել։
Փորձիր հասկանալ, թե ինչու է անհատն այդ հարցը տալիս
Փորձելով Հիսուսին ծուղակը գցել՝ սադուկեցիները նրան հարց տվեցին՝ կապված մի կնոջ հարության հետ, որը մի քանի անգամ ամուսնացած էր եղել։ Հիսուսը գիտեր, որ իրականում նրանք չէին հավատում հարությանը։ Ուստի նրանց հարցին տվեց մի պատասխան, որն ուղղակիորեն առնչվում էր նրանց ունեցած այն սխալ տեսակետին, որի վրա էլ հիմնված էր իրենց հարցը։ Հմտորեն դիմելով նրանց տրամաբանությանը և գործածելով նրանց ծանոթ սուրբգրային մի հաղորդագրություն՝ Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրեց մի բանի վրա, որի մասին նրանք մինչ այդ երբեք չէին մտածել, այն է՝ հստակ ապացույցն այն բանի, որ Աստված իրոք մտադիր է հարություն տալ մահացածներին։ Հիսուսի պատասխանն այն աստիճան զարմացրեց սադուկեցիներին, որ նրանք այլևս չէին համարձակվում որևէ հարց տալ նրան (Ղուկ. 20։27–40)։
Որպեսզի դու ևս կարողանաս քեզ տրված հարցին հարկ եղած ձևով պատասխանել, պետք է փորձես հասկանալ հարց տվողի տեսակետը և թե ինչն է նրան մտահոգում։ Ենթադրենք՝ համադասարանցիդ կամ աշխատակիցդ հարցնում է, թե ինչու դու Նոր Տարին չես նշում։ Ինչո՞ւ է նա այդպիսի հարց տալիս։ Իրականում նրան հետաքրքրում է, թե ինչի վրա է հիմնված քո տեսակե՞տը, թե՞ նրան հետաքրքրում է՝ արդյոք քեզ կարելի է զվարճանալ։ Դա պարզելու համար հարցրու նրան, թե ինչու է նա այդպիսի հարց տալիս, և ապա ելնելով նրա պատասխանից՝ բացատրություն տուր։ Առիթն օգտագործելով՝ կարող ես բացատրել նրան, թե Աստվածաշնչով առաջնորդվելը ինչպես է պաշտպանում մեզ այդ տոնակատարության հետ կապված խնդիրներից, որոնք մարդկանց համար դարձել են բեռ և հիասթափության պատճառ։
Ենթադրենք՝ քեզ խնդրում են պատմել Եհովայի վկաների մասին մի խումբ ուսանողների, որից հետո քեզ հարցեր են տալիս։ Եթե զգում ես, որ հարցերն անկեղծ են և ուղիղ, լավագույն բանը պարզ ու կոնկրետ պատասխաններ տալն է։ Բայց եթե դրանք հիմնված են հասարակության մեջ լայնորեն տարածված որևէ կանխակալ կարծիքի վրա, ապա լավ կլինի կարճ բացատրություն տալ այն մասին, թե ինչպես է ձևավորվում նման հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը, և թե այդպիսի հարցերում Եհովայի վկաներն ինչու են նախընտրում հետևել Աստվածաշնչի չափանիշներին։ Անշուշտ նման դեպքերում լավ է նման հարցերը դիտել որպես անհատին մտահոգող խնդիր և ոչ թե հակառակություն՝ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք այդպես հնչեն։ Նման մոտեցում ցուցաբերելով՝ հնարավորություն կտաս ունկնդրիդ՝ հարցին ավելի լայն տեսանկյունից նայելու, նրան ճշգրիտ տեղեկություն կհաղորդես, ինչպես նաև ցույց կտաս, որ մեր հավատալիքները Աստվածաշնչի վրա են հիմնված։
Ի՞նչ կարող ես անել, եթե գործատերը թույլ չի տալիս աշխատանքից բացակայել մարզային համաժողովին ներկա գտնվելու համար։ Նախ՝ փորձիր իրերին նայել նրա տեսանկյունից։ Գուցե առաջարկես աշխատել մեկ ուրիշ օր կամ արտաժամ։ Իսկ եթե նրան բացատրես, որ մեր համաժողովներին տրվող ուսուցումն օգնում է լինել ազնիվ, վստահելի աշխատողներ, գուցե դա՞ օգնի։ Եթե նրան օգնես տեսնել, որ հաշվի ես առնում իր շահերը, թերևս նա էլ չանտեսի այն, ինչը կարևոր է քեզ համար։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե գործատերը պահանջում է քեզանից որևէ անազնիվ գործ կատարել։ Նման դեպքերում հստակորեն բացատրիր, որ չես կարող այդ գործն անել և Աստվածաշնչի վրա հիմնված բացատրությամբ ցույց տուր քո դիրքորոշումը։ Սակայն թերևս ավելի օգտավետ լինի նախ բացատրել նրան, որ այն անհատը, ով պատրաստ է այսօր ստել կամ գողանալ գործատիրոջ համար, կարող է վաղը ստել հենց իրեն՝ գործատիրոջը, կամ գողանալ իրենից։
Իսկ եթե դու աշակերտ ես և չես ցանկանում մասնակցել դպրոցում անցկացվող այն միջոցառումներին, որոնք հակասում են Աստվածաշնչի ուսմունքներին։ Հիշիր, որ ուսուցիչդ գուցե համակարծիք չլինի քեզ հետ, և որ նա պատասխանատվություն է կրում դասարանում կարգ ու կանոն պահպանելու համար։ Քեզանից պահանջվում է՝ 1) հարգանքով վերաբերվել ուսուցչի մտահոգությանը, 2) հարգալից կերպով բացատրել նրան քո դիրքորոշումը և 3) հաստատակամ լինել այն բոլոր հարցերում, որոնք կապված են Եհովայի անվան փառաբանման հետ։ Լավագույն արդյունքների հասնելու համար գուցե հարկ լինի ավելի մեծ տեղեկություն տալ, քան միայն պարզ ու կոնկրետ ասելը, թե ինչին ես հավատում (Առակ. 15։28)։ Եթե դու դեռ փոքր ես, անշուշտ հայրդ կամ մայրդ կօգնեն քեզ նախապատրաստվել նման զրույցի։
Երբեմն գուցե անհրաժեշտ լինի հերքել հեղինակավոր անձանց կողմից մեր դեմ ուղղված մեղադրանքները։ Ոստիկանության աշխատողը, պետական պաշտոնյան կամ դատավորը կարող են քեզանից բացատրություններ պահանջել քո դիրքորոշման մասին՝ որոշակի օրենքների հնազանդվելու, քրիստոնեական չեզոքություն պահպանելու կամ հայրենասիրական արարողություններին մասնակցել–չմասնակցելու վերաբերյալ։ Ինչպե՞ս պետք է պատասխանես։ «Հեզութեամբ եւ երկիւղածութեամբ», — խորհուրդ է տալիս Աստվածաշունչը (Ա Պետ. 3։15)։ Նաև խորհիր այն մասին, թե ինչու են այս հարցերը մտահոգության տեղիք տալիս և հարգալից կերպով ցույց տուր, որ հասկանում ես նրանց մտահոգության պատճառը։ Իսկ հետո՞։ Պողոս առաքյալն, օրինակ, նման իրավիճակներում դիմում էր հռոմեական օրենքի պաշտպանությանը։ Նրա նման՝ դու էլ կարող ես, քո հանգամանքներին համապատասխան, դիմել օրենքի պաշտպանությանը (Գործք 22։25–29)։ Գուցե օգտակար լինի պատմել նման հարցերում վաղեմի քրիստոնյաների, ինչպես նաև ամբողջ աշխարհի Եհովայի վկաների դիրքորոշման մասին, ինչը պաշտոնյային կօգնի փաստերին նայել ավելի լայն տեսանկյունից։ Կամ էլ կարող ես նշել, թե Աստծո հեղինակությունը ճանաչելը ինչպես է մարդկանց մղում ավելի շատ հնազանդվել պետական օրենքներին (Հռովմ. 13։1–14)։ Նման տեղեկությունները կարող են նպաստել, որ քո դիրքորոշման վերաբերյալ Աստվածաշնչից բերած հիմնավորումները լավ ընդունելություն գտնեն նրանց կողմից։
Ինչ տեսակետ ունի հարցեր տվողը Աստվածաշնչի մասին
Երբ մտածում ես՝ ինչպես պատասխանել քեզ տրված հարցին, ուշադրություն դարձրու նաև այն բանին, թե ինչպիսին է հարց տվողի վերաբերմունքը Սուրբ Գրությունների հանդեպ։ Ճիշտ այդպես վարվեց Հիսուսը, երբ պատասխան տվեց հարության վերաբերյալ սադուկեցիների ուղղած հարցին։ Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ընդունում էին միայն Մովսեսի արձանագրած գրքերը՝ Հիսուսը, հիմնվելով Հնգամատյանից մի հաղորդագրության վրա, ասաց. «Բայց թէ մեռելները յարութիւն կ’առնեն, Մովսէսն էլ մարգարէացաւ» (Ղուկ. 20։37)։ Գուցե դու էլ օգտակար համարես մեջբերումներ անել Աստվածաշնչի այն հատվածներից, որոնք ընդունում է ունկնդիրդ, կամ որոնց նա ծանոթ է։
Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե զրուցակիցդ չի ընդունում Աստվածաշունչը որպես հեղինակություն։ Տեսնենք, թե ինչպես վարվեց Պողոս առաքյալը Արիսպագոսում ամբոխի առջև իր խոսքն ասելիս, որի մասին արձանագրված է Գործք 17։22–31-ում։ Նա խոսեց աստվածաշնչյան ճշմարտությունների մասին՝ առանց ուղղակիորեն Գրություններից մեջբերումներ անելու։ Անհրաժեշտության դեպքում դու էլ կարող ես այդպես վարվել։ Որոշ վայրերում գուցե հարկ լինի անհատի հետ մի քանի անգամ քննարկել տվյալ հարցը, հետո միայն Գրություններից մեջբերումներ անել։ Իսկ մինչ այդ՝ խելամիտ կլինի բացատրել, թե ինչու արժե դիմել Աստվածաշնչին, և ոչ թե միայն ասել, որ այն Աստծո Խոսքն է։ Ամեն դեպքում, քո նպատակը պետք է լինի Աստծո նպատակների մասին հստակ վկայություն տալը, ինչպես նաև զրուցակցիդ օգնելը, որ նա անձամբ տեսնի, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Աստծո Խոսքը շատ ավելի համոզիչ է, քան մեր կողմից տրված ցանկացած բացատրություն (Եբր. 4։12)։
«Ամեն ժամանակ շնորհքով»
Որքան տեղին է Եհովայի՝ գթասիրտ Աստծո ծառաներին տրված խորհուրդն այն մասին, որ իրենց խոսքը «ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի» (Կող. 4։6; Ելից 34։6)։ Սա նշանակում է, որ մենք պետք է բարեհամբույր կերպով խոսենք, նույնիսկ եթե մեզ թվում է, թե դիմացինը նման վերաբերմունքի արժանի չէ։ Մեր խոսքը պետք է, այսպես ասած, համեղ լինի և ոչ թե կոպիտ կամ անտակտ։
Այսօր շատերը ծանր ճնշման տակ են ապրում. ամեն օր լսում են իրենց հասցեին ուղղված վիրավորական խոսքեր։ Ուստի երբ մենք այցելենք այդ անհատներին, նրանք գուցե կոպիտ խոսեն մեզ հետ։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը։ Այս առիթով ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը»։ Այո՛, մեղմ պատասխանը կարող է հանդարտեցնել նույնիսկ այնպիսի մարդուն, որը հակառակվում է մեզ (Առակ. 15։1; 25։15)։ Եթե մարդն ամեն օր կոպիտ վերաբերմունքի է ենթարկվում, մեղմորեն ասված խոսքն ու բարյացակամ վերաբերմունքը գուցե այն աստիճան հուզեն նրան, որ նա լսի բարի լուրը։
Մենք բոլորովին էլ մտադիր չենք վիճաբանել նրանց հետ, ովքեր արհամարհում են ճշմարտությունը. մեր ցանկությունն է՝ Սուրբ Գրությունների հիման վրա տրամաբանել այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են լսել մեզ։ Ուրեմն՝ ինչ իրավիճակում էլ հայտնվենք, եկեք չմոռանանք, որ մարդկանց հետ անհրաժեշտ է խոսել մեղմ, բայց միևնույն ժամանակ համոզված, որ Աստծո խոստումները վստահելի են (Ա Թեսաղ. 1։5)։
Անձնական որոշումներ և խղճին թողնված հարցեր
Ի՞նչ կպատասխանես, եթե Աստվածաշունչն ուսումնասիրող անհատը կամ հավատակիցդ հարցնի քեզ, թե ինչպես վարվել այս կամ այն անսովոր իրավիճակում։ Գուցե արդեն գիտես, թե անձամբ դո՛ւ ինչպես կվարվեիր նման իրավիճակում։ Բայց յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու կյանքում իր կատարած որոշումների համար (Գաղ. 6։5)։ Պողոս առաքյալը հորդորում էր ‘հավատքով հնազանդվել’ (Հռովմ. 16։26)։ Ի՜նչ հրաշալի օրինակ՝ մեզ համար։ Եթե անհատը այս կամ այն որոշումը ընդունում է զուտ այն պատճառով, որ դուր գա իր հետ Աստվածաշունչն ուսումնասիրողին կամ մեկ ուրիշի, իրականում մարդկանց է ծառայում և հավատով չի առաջնորդվում (Գաղ. 1։10)։ Հետևաբար՝ անհատի հարցին տրված կոնկրետ պատասխանը գուցե նրա օգտին չծառայի։
Իսկ ինչպե՞ս կարելի է Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ պատասխանել։ Կարող ես անհատի ուշադրությունը հրավիրել համապատասխան սուրբգրային սկզբունքների վրա և աստվածաշնչյան օրինակներ բերել։ Երբեմն կարելի է ցույց տալ, թե անհատն ինչպես կարող է փնտրտուքներ կատարել, որպեսզի անձամբ գտնի այդ սկզբունքներն ու օրինակները։ Կարող ես նույնիսկ նրա հետ քննարկել դրանք՝ առանց հարմարեցնելու իր հանգամանքներին։ Հարցրու, թե թվարկված սկզբունքների կամ օրինակների մեջ տեսնո՞ւմ է նա որևէ բան, որ կարող է օգնել իրեն ճիշտ որոշում կայացնել։ Հորդորիր նրան, հաշվի առնելով այդ ամենը, քննել, թե որ ընթացքն է հաճելի Եհովային։ Այդպես դու կօգնես նրան, որպեսզի իր «զգայարանները վարժողութեամբ կրթ[ի] բարին եւ չարը զանազանելու» (Եբր. 5։14)։
Մեկնաբանություններ՝ ժողովի հանդիպումներին
Քրիստոնեական ժողովի հանդիպումներին հաճախակի են առիթներ լինում մեր հավատի մասին հրապարակավ խոսելու։ Այդ առիթներից մեկը ուղղված հարցերին մեկնաբանություններ տալն է։ Ինչպե՞ս պետք է մեկնաբանություններ տանք։ Եհովային օրհնելու և նրան գովաբանելու ցանկությունից մղված։ Ճիշտ այդպես վարվեց Դավիթ թագավորը, երբ խոսեց «ժողովուրդների մէջ» (Սաղ. 26։12)։ Մեր մեկնաբանություններն էլ պետք է այնպիսին լինեն, որ մեր հավատակիցներին մղեն «դէպի սէր եւ բարի գործեր» կատարելու, ինչպես խորհուրդ տվեց Պողոս առաքյալը (Եբր. 10։23–25)։ Դրանում մենք հաջողություն կունենանք, եթե նախապես ուսումնասիրենք քննարկվող նյութը։
Մեկնաբանություն տալիս խոսիր պարզ, հստակ և կարճ։ Մի փորձիր մեկնաբանել ամբողջ պարբերությունը. նշիր միայն մեկ միտք։ Պատասխանելով պարբերության հարցի միայն մեկ մասին՝ դու հնարավորություն կտաս մյուսներին լրացուցիչ մեկնաբանություններ տալու։ Հատկապես օգտակար է հիշատակված սուրբգրային համարները մեջբերելը։ Գրություններից որևէ համար կարդալիս շեշտիր այն բառերը կամ արտահայտությունները, որոնք անմիջականորեն կապվում են քննարկվող մտքի հետ։ Պատասխանը պարբերությունից կարդալու փոխարեն՝ սովորիր պատասխանել քո բառերով։ Եթե մեկնաբանությունդ այնքան էլ ճիշտ չլինի, մի հուսահատվիր։ Դա բոլորի հետ էլ պատահում է։
Ինչ խոսք, իմանալ՝ ի՛նչ պատասխանել, դեռ չի նշանակում՝ իմանալ, թե ինչպե՛ս պատասխանել։ Դրա համար խորաթափանցություն է պահանջվում։ Իսկ որքա՜ն հաճելի է այնպիսի մեկնաբանություն տալը, որը բխում է մեր սրտից և հասնում լսողների սրտին (Առակ. 15։23)։