Ինչպե՞ս ձգտել առաքինության
ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ բառարանների՝ «առաքինությունը» դա «բարոյականություն է, պարկեշտություն, ազնվություն»։ Լինել առաքինի՝ նշանակում է լինել պարկեշտ, ճիշտ մտածելակերպի ու վարքի տեր անձնավորություն։ Բառարանագիր Մարվին Վինսենտը գրում է, որ հունարենից «առաքինություն» թարգմանված բառի նախնական դասական իմաստը «ցանկացած տեսակի կատարելությունն է»։ Ուստի զարմանալի չէ, որ այնպիսի հատկությունները, ինչպիսիք են ողջամտությունը, քաջությունը, ինքնակարգապահությունը, արդարամտությունը, կարեկցությունը, հաստատակամությունը, ազնվությունը, խոնարհությունն ու հավատարմությունը դարերի ընթացքում ողջունվել են որպես առաքինություններ։ Առաքինությունը սահմանվել է նաև՝ որպես «հարմարեցում ճշտի չափանիշի հետ»։
Սակայն հարց է ծագում՝ ո՞ւմ բարոյականության, պարկեշտության ու ճշտի չափանիշին մենք պետք է հարմարվենք։ «Լուսավորության դարաշրջանում ծնունդ առած թերահավատությունը բարոյագիտության գերակշռող ուղղության ազդեցության ներքո ճշտի ու սխալի բոլոր գաղափարները դարձրել է անձնական ճաշակի, նախընտրանքի ու մշակութային ընտրության հարց»,— գրում է «Նյուսուիք» շաբաթաթերթը։ Բայց մի՞թե ճաշակը կամ նախընտրանքը կարող են ճիշտն ու սխալը որոշելու բավարար միջոց հանդիսանալ։ Իհարկե ոչ։ Առաքինություն մշակելու համար մենք ճշտի ու սխալի հուսալի չափանիշի կարիքն ունենք. չափանիշ, որով որոշակի արարքը, մտածելակերպը կամ հատկությունը կարելի է համարել լավ կամ վատ։
Բարոյական չափանիշների միակ ճշմարիտ Աղբյուրը
Գոյություն ունի բարոյականության չափանիշների միայն մեկ ճշմարիտ Աղբյուր. դա մարդկության Ստեղծիչ Եհովա Աստվածն է։ Առաջին մարդուն՝ Ադամին ստեղծելուց հետո նա հետևյալ պատվիրանն էր տվել մարդուն. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Այդ ծառին նման յուրահատուկ անուն տալով՝ Եհովա Աստված մատնացույց էր արել իր ստեղծագործությունների համար բարին ու չարը որոշելու իր բացարձակ իրավունքը։ Աստծո սահմանած բարու և չարի չափանիշներն այդպիսով հիմք դարձան մարդու արարքները, հայացքները, բնավորության տարբեր գծերը գնահատելու համար։ Առանց այդ չափանիշների՝ մենք չէինք կարող լավը տարբերել վատից։
Բարու և չարի գիտության ծառին վերաբերող պատվերը Ադամի ու Եվայի առջև ընտրության հնարավորություն էր դրել՝ հնազանդվել կամ չհնազանդվել։ Նրանց համար առաքինությունը կնշանակեր այդ պատվիրանին հնազանդվելը։ Ժամանակի ընթացքում Եհովան ավելի մանրամասնորեն էր ներկայացրել, թե ինչն է հաճելի իրեն, ինչը՝ ոչ, և հոգ տարել, որ այդ ամենը մեզ համար գրի առնվի Աստվածաշունչ գրքում։ Ուստի, առաքինության ձգտելիս, արդյունքում մենք կարողանում ենք հարմարվել, այսինքն՝ համապատասխանել Սուրբ Գրություններում զետեղված Եհովայի արդար չափանիշներին։
Մոտիկից ծանոթանալ Աստծո չափանիշներին
Եթե Եհովա Աստված չափանիշներ է սահմանել բարու և չարի համար և այնուհետև դրանք ամփոփել Աստվածաշնչում, մի՞թե դա չի հուշում, որ մեզ հարկավոր է մոտիկից ծանոթանալ դրանց։ Ահա թե ինչ է գրում Պողոս առաքյալը. «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
Օրինակ՝ հիշենք, թե ինչ թյուրիմացության մեջ էր ընկել նախորդ հոդվածում հիշատակված Խունիհիտոն, երբ իր ազգի կուլտուրային հատուկ համեստություն էր դրսևորել։ Գրություններում ամփոփված չափանիշներին մոտիկից ծանոթանալով՝ նա հետագայում կարողացավ առավել հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։ Աստվածաշունչն, ինչ խոսք, հորդորում է համեստ լինել, և զգուշացնում է ինքնավստահ ու ամբարտավան վարք դրսևորելուց (Առակաց 11։2, ՆԱ; Միքիա 6։8, ՆԱ)։ Սակայն, «եպիսկոպոսութեան»՝ վերակացության մասին խոսելիս, Պողոսը հիշատակում է այդ առանձնաշնորհմանը «ձգտելու» անհրաժեշտության մասին (Ա Տիմոթէոս 3։1)։ Վերակացության «ձգտելիս» հարկավոր է խուսափել պարծենկոտ կամ հանդուգն լինելուց, սակայն լավ է նաև, եթե անտեղի չենք նվազեցնում սեփական անձը։
Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում գործարքային հարաբերություններում ազնիվ լինելու վերաբերյալ։ Այսօր աշխարհում լայն տարածում ունեն աշխատանքի մեջ կասկածելի մեթոդների կիրառումը և պետական օրենքների ու վարկային պարտավորությունների շրջանցումը։ Սակայն, անկախ այն բանից, թե ինչպես են վարվում ուրիշները, Աստվածաշունչը հետևյալ չափանիշն է սահմանել՝ «ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ» (Եբրայեցիս 13։18)։ Ուստի, առաքինություն ենք դրսևորում՝ ազնվորեն և անկողմնակալորեն վերաբերվելով մեր գործատերերին, աշխատողներին, հաճախորդներին և իշխանություններին (Բ Օրինաց 25։13–16; Հռովմայեցիս 13։1; Տիտոս 2։9, 10)։ Ազնվությունը վստահություն և համակրանք է առաջ բերում։ Ինչ վերաբերում է գործարքներում գրավոր համաձայնություններ կիրառելուն, ապա դրանք հաճախ կանխում են թյուրիմացություններն ու զանազան բարդությունները, որոնք կարող են երևան գալ չկանխատեսված իրավիճակների հետևանքով (Ժողովող 9։11; Յակոբոս 4։13, 14)։
Հագուստն ու սանրվածքը մեկ այլ ասպարեզ է, որտեղ անհրաժեշտ է առաքինի երևալ։ Երկրի մշակույթը երբեմն իր ազդեցությունն է թողնում հագուստի ընտրության վրա, իսկ շրջապատի ճնշումը կարող է ստիպել մարդուն ետ չմնալ նոր ոճերից ու ուղղություններից։ Բայց արժե՞ արդյոք հետևել նորաձևության բոլոր հովերին։ Աստվածաշունչը զգուշացնում է՝ «այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք» (Հռովմայեցիս 12։2)։ Պողոս առաքյալը կանոններ չի սահմանել, սակայն Աստծո ոգով ներշնչված գրել է. «Կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ մարգարիտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝.... ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց» (Ա Տիմոթէոս 2։9, 10)։ Այս հիմնական չափանիշը հավասարապես վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Իհարկե, ամենի հետ մեկտեղ, ընտրության լայն հնարավորություն է տրվում երևակայության, տարբեր ոճերի, մշակութային զանազանությունների ու մարդու ճաշակի համար։
Աստվածաշունչը մատնացույց է անում նաև այն անբարո գործերը, որոնք բացահայտորեն դատապարտվում են Աստծո կողմից։ Ա Կորնթացիս 6։9, 10–ում հետևյալ նախազգուշացումն է տրված. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն»։ Աստվածաշնչի այս համարներն օգնեցին Մարիային (նրա մասին խոսեցինք նախորդ հոդվածում) տեսնել, որ համաձայն Արարչի սահմանած բարոյական չափանիշների՝ նրա կապը Խուանի հետ սխալ է, և եթե իսկապե՛ս ցանկանում է Աստծո հավանությունն ունենալ, ապա պետք է վերջ դնի իրենց հարաբերություններին։ Պարզ է ուրեմն, որ առաքինություն մշակելու համար մեզ անհրաժեշտ է մոտիկից ծանոթանալ Եհովայի չափանիշներին։
Սովորենք սրտով
Լինել առաքինի՝ չի նշանակում ընդամենը խուսափել սխալ գործելուց։ Առաքինությունն իր մեջ բարոյական մեծ զորություն ունի։ Առաքինի մարդը բարի է։ «Առաքինությունը,— գրում է մի պրոֆեսոր–աստվածաբան,— սովորում են սրտով ու մտքով»։ Առաքինության ձգտելն, ինչ խոսք, իր մեջ ավելին է ներառում, քան միայն Աստծո Խոսքի հետ մանրակրկիտ ծանոթ լինելը։ Հարկ է, որ խորհենք գրվածի շուրջ, որպեսզի մեր սիրտը երախտագիտությամբ լցվի Եհովայի հանդեպ, և մենք սրտանց ցանկանանք Աստվածաշնչում ամփոփված սկզբունքները կիրառել կյանքում։
«Որքա՜ն եմ սիրում քո օրէնքը,— գրել է սաղմոսերգուն,— ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։ Իսկ Դավիթ թագավորն ասել է. «Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ, խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ» (Սաղմոս 143։5)։ Մեր հերթին, մենք էլ պետք է աղոթքով ուղեկցվող խորհրդածումները դարձնենք Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության մեր ուսումնասիրությունների անբաժանելի մասը։
Ճիշտ է, ջանադիր ուսումնասիրություն և խորհրդածումներ կատարելը հեշտ չէ, այնուհանդերձ, առաքինություն ձեռք բերելու համար հարկավոր է այլ գործերից ժամանակը «ծախու առնել» (Եփեսացիս 5։15, 16, Արևմտ. Աստ.)։ Այդ անելու համար քսանչորսամյա Ահարոնը առավոտյան սովորականից երեսուն րոպե շուտ է արթնանում։ «Սկզբում այդ կես ժամվա ընթացքում միայն կարդում էի Աստվածաշունչը,— ասում է նա։— Բայց միայն վերջերս հասկացա խորհրդածելու կարևորությունը. այնպես որ հիմա այդ ժամանակի կեսը հատկացնում եմ կարդացածիս շուրջ խորհրդածելուն։ Կարող եմ ասել, որ դրա արդյունքը աննկատ չի մնացել»։ Խորհրդածել կարելի է նաև ուրիշ ժամանակ։ Եհովային նվիրված մի սաղմոսում Դավիթն ասել է. «Գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում» (Սաղմոս 63։6)։ Աստվածաշնչում պատմվում է նաև Իսահակի մասին, որ նա «իրիկուայ դէմ դաշտն էր դուրս եկել մտածելու» (Ծննդոց 24։63)։
Առաքինության ձգտելու համար խորհրդածումները կարևոր դեր են խաղում, քանի որ օգնում են մեզ զգալ, թե ինչ է զգում Եհովան և օգնում են նրա հայացքները մեր սեփականը դարձնել։ Մարիան, օրինակ, գիտեր, որ Աստված դեմ է պոռնկությանը։ Սակայն ‘չարը ատելու և բարու ետևից ընթանալու’ համար նրան հարկավոր էր խորհել դրա վերաբերյալ աստվածաշնչյան համարների շուրջ (Հռովմայեցիս 12։9)։ Կողոսացիս 3։5 խոսքն օգնեց նրան տեսնել կյանքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ «Սպանեցէ՛ք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները,— ասվում է աստվածաշնչյան այս համարում,— դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն»։Մարիային հարկավոր էր իրեն հետևյալ հարցը տալ. «Ինչպե՞ս պետք է սպանեմ իմ մեջ կիրքը, ինչի՞ց պետք է խուսափեմ, որպեսզի մեջս չար ցանկություններ չառաջանան, հարկ չկա՞ արդյոք որևէ փոփոխություն մտցնել այն բանում, թե ինչպես եմ վերաբերվում հակառակ սեռի ներկայացուցիչներին»։
Խորհրդածելու մեջ մտնում է նաև կատարվելիք քայլի հետևանքները հաշվի առնելը։ Պողոսը քրիստոնյաներին հորդորում է հեռու մնալ պոռնկությունից և ինքնատիրապետում դրսևորել, որպեսզի ոչ ոք «չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին» (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–7)։ Լավ կլինի մտածել հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչ վնաս կարող եմ այս արարքով հասցնել ինձ, ընտանիքիս կամ ուրիշներին։ Ի՞նչ ազդեցություն կունենա իմ էմոցիոնալ և ֆիզիկական վիճակի վրա, ինչպե՞ս այն կարող է ազդել հոգևորիս վրա։ Ի՞նչ հետևանքներ է անցյալում ունեցել Աստծո օրենքի ոտնահարումը»։ Նման խորհրդածումները սրտապնդեցին Մարիային, և կարող եք վստահ լինել, որ ձեզ վրա էլ նույն ազդեցությունը կարող են թողնել։
Սովորեք օրինակներից
Կարելի՞ է առաքինությունը թեորապես ձեռք բերել։ Հազարամյակներ շարունակ այս հարցին չեն կարողացել ստույգ պատասխան տալ բազում մտածող անհատներ։ Հույն փիլիսոփա Պլատոնը համարում էր դա հնարավոր։ Իսկ Արիստոտելը գտնում էր, որ այն կարելի է ձեռք բերել միայն պրակտիկայում։ Իսկ ահա թե ինչպես է մի լրագրող ամփոփել այս հարցի շուրջ ընթացող տարբեր բանավեճերը. «Կարճ ասած՝ առաքինության բարոյագիտությունը հնարավոր չէ ինքնուրույնաբար սովորել, ոչ էլ կարելի է այն ձեռք բերել գրքերից։ Բարի խառնվածքը ձևավորվում է այն համայնքում, որտեղ առաքինությունը խրախուսվում է և գնահատվում»։ Բայց որտե՞ղ կարելի է իսկապես առաքինի անհատներ գտնել։ Աշխարհի տարբեր երկրների պատմություններում կամ առասպելներում գովերգվում է որոշ հերոսների առաքինությունը, սակայն, ինչ վերաբերում է Աստվածաշնչում պարունակած առաքինության բազում օրինակների հերոսներին, ապա նրանք իրականում գոյություն ունեցած անհատներ են։
Առաքինության մեծագույն օրինակը Եհովան է։ Նա միշտ առաքինությամբ է գործում, արդարությամբ և միայն՝ բարիք։ Առաքինության կարող ենք հասնել՝ ձգտելով ‘նմանվել Աստծուն’ (Եփեսացիս 5։1)։ Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը նույնպես ‘օրինակ է թողել, որ իր հետքերով գնանք’ (Ա Պետրոս 2։21)։ Աստվածաշունչը նաև բազմաթիվ այլ հավատարիմ անհատների, ինչպես օրինակ՝ Աբրահամի, Սառայի, Հովսեփի, Հռութի, Հոբի, Դանիելի ու նրա եբրայեցի երեք ընկերների մասին է պատմում։ Եվ ինչ խոսք, չի կարելի անտեսել նաև Եհովայի ներկայիս ծառաների առաքինության չքնաղ օրինակները։
Մենք կարո՛ղ ենք առաքինի լինել
Կհաջողվի՞ մեզ արդյոք ապրել այնպես և անել այն, ինչ առաքինի է Աստծո աչքում։ Մեր ժառանգած անկատարության պատճառով, թերևս, ժամանակ առ ժամանակ մեր մեջ կատաղի պայքար գնա մտքի ու մարմնի միջև՝ երբ առաքինորեն վարվելու ցանկությունը պայքար է մղում մեղավոր հակումներին հետևելու ցանկության դեմ (Հռովմայեցիս 5։12; 7։13–23)։ Սակայն Աստծո օգնությամբ կարելի է այդ պայքարում հաղթանակ տանել (Հռովմայեցիս 7։24; 25)։ Եհովան մեզ ապահովել է իր Խոսքով և վերջինիս վրա հիմնված գրականությամբ։ Գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելով, դրանց շուրջ խորհրդածելով, ինչպես նաև աղոթելով՝ մենք կարող ենք մաքրել մեր սրտերը։ Այդ անարատ սրտերում էլ հենց ծնվում են առաքինի մտքերը, խոսքերն ու գործերը (Ղուկաս 6։45)։ Հիմնվելով Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի օրինակների վրա՝ կարող ենք նրանց համար հաճելի անձնավորություն կերտել մեր մեջ։ Շատ բան կարող ենք սովորել նաև այն հավատարիմ մարդկանց օրինակից, ովքեր այսօր շարունակում են ծառայել Աստծուն։
Պողոս առաքյալն իր ընթերցողներին հորդորել է «խորհել» այն ամենի շուրջ, ինչը առաքինի է և գովելի։ Եվ Աստված իհարկե կօրհնի այդ ուղղությամբ ներդրված ջանքերը (Փիլիպպեցիս 4։8, 9)։ Եհովայի օգնությամբ մենք անպայման կկարողանանք առաքինության հասնել։
[նկար 6–րդ էջի վրա]
Աստվածաշունչն ուսումնասիրելիս՝ անպայման խորհեցեք կարդացածի շուրջ։
[նկար 7–րդ էջի վրա]
Աստծուն հաճելի անձնավորություն կերտեք ձեր մեջ՝ հետևելով Քրիստոս Հիսուսի օրինակին։