Ինչո՞ւ պետք է անդադար աղոթենք
«Անդադար աղօթք արէք։ Ամեն բանի մէջ գոհացէք» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 5։17, 18)։
1, 2. Ինչպե՞ս Դանիելը ցույց տվեց, որ գնահատում է աղոթելու առանձնաշնորհումը, և ի՞նչ ազդեցություն դա ունեցավ Աստծո հետ նրա փոխհարաբերությունների վրա։
ԴԱՆԻԵԼ մարգարեն Աստծուն օրը երեք անգամ աղոթելու սովորություն ուներ։ Նա ծնկի էր գալիս իր վերնատան պատուհանի առջև, որը նայում էր դեպի Երուսաղեմ, և մատուցում իր աղոթքները (Գ Թագաւորաց 8։46–49; Դանիէլ 6։10)։ Նույնիսկ երբ արքայական հրովարտակով արգելվեց խնդրանքներ մատուցել որևէ մեկին՝ բացի մարական թագավոր Դարեհից, Դանիելը մի վայրկյան անգամ չտատանվեց։ Անկախ այն բանից՝ դա վտանգում էր իր կյանքը, թե՝ ոչ՝ այս աղոթասեր մարդը անդադար թախանձում էր Եհովային։
2 Ի՞նչ կարծիքի էր Եհովան Դանիելի մասին։ Երբ Գաբրիել հրեշտակը եկավ Դանիելի մոտ՝ նրա աղոթքներից մեկին պատասխանելու, նա մարգարեին նկարագրեց որպես «ցանկալի», կամ՝ ‘սիրելի’ մարդ (ԱԱ) (Դանիէլ 9։20–23)։ Եզեկիելի մարգարեության մեջ Եհովան Դանիելի մասին խոսում է որպես արդար մարդու (Եզեկիէլ 14։14, 20)։ Տարիների ընթացքում, ակներևաբար, Դանիելի աղոթքները հանգեցրել էին Աստծո հետ մտերիմ փոխհարաբերությունների, մի փաստ, որ նույնիսկ Դարեհն ընդունեց (Դանիէլ 6։16)։
3. Ինչպես երևում է մի միսիոների դեպքից, ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մեզ մնալ անարատ։
3 Կանոնավորապես աղոթելը կարող է նաև օգնել մեզ հաղթահարել ծանր փորձություններ։ Քննարկենք, օրինակ, Հարոլդ Քինգի՝ Չինաստանում որպես միսիոներ ծառայած եղբոր դեպքը, որը դատապարտվել էր հինգ տարվա մեկուսի բանտարկության։ Իր հետ տեղի ունեցածի վերաբերյալ եղբայր Քինգն ասել է. «Ինձ հնարավոր էր մեկուսացնել հավատակիցներիցս, բայց ոչ ոք չէր կարող մեկուսացնել ինձ Աստծուց։ ....Բանտախցիս մոտով անցնողները կարող էին տեսնել, որ օրը երեք անգամ ես ծնկի էի իջնում և բարձրաձայն աղոթում՝ մտքումս պահելով Աստվածաշնչում նկարագրված Դանիելի օրինակը։ ....Այդ պահերին Աստծո ոգին, ասես, առաջնորդում էր միտքս դեպի ամենալավ բաները և հանդարտության զգացում տալիս։ Աղոթքն այնքա՜ն հոգևոր ուժ և մխիթարություն բերեց ինձ»։
4. Աղոթքի վերաբերյալ ի՞նչ հարցեր կքննարկենք այս հոդվածում։
4 Աստվածաշնչում ասվում է. «Անդադար աղօթք արէք։ Ամեն բանի մէջ գոհացէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։17, 18)։ Հաշվի առնելով այս խորհուրդը՝ եկեք քննարկենք հետևյալ հարցերը. ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք մեր աղոթքներին, Եհովային շարունակ մոտենալու ի՞նչ պատճառներ ունենք և ի՞նչ պետք է անենք, եթե մեր սխալների պատճառով անարժան ենք զգում Աստծուն աղոթելու։
Աղոթքով ընկերացիր
5. Ինչպիսի՞ անզուգական ընկերություն վայելելու հնարավորություն է տալիս աղոթքը։
5 Կցանկանայի՞ր, որ Եհովան մտածեր քո մասին որպես իր բարեկամի։ Նահապետ Աբրահամի մասին Եհովան այդպես արտահայտվեց (Եսայիա 41։8; Յակոբոս 2։23)։ Եհովան ցանկանում է, որ մենք համանման փոխհարաբերություն զարգացնենք իր հետ։ Փաստորեն, նա մեզ հրավիրում է մոտենալ իրեն (Յակոբոս 4։8)։ Արդյո՞ք այդ հրավերը չպետք է մղի, որ խորհրդածենք աղոթքի անզուգական պարգևի մասին։ Որքա՜ն դժվար է բարձրաստիճան պետական պաշտոնյայի հետ խոսելու համար ընդունելության արժանանալ, էլ ուր մնաց, թե դառնալ նրա ընկերը։ Մինչդեռ տիեզերքի Գերիշխանը քաջալերում է մեզ աղոթքի միջոցով ազատորեն մոտենալ իրեն, երբ էլ որ ցանկանանք կամ դրա կարիքն ունենանք (Սաղմոս 37։5)։ Մեր անդադար աղոթքները օգնում են մեզ մտերիմ ընկերներ լինել Եհովայի հետ։
6. Ի՞նչ է սովորեցնում մեզ Հիսուսի օրինակը շարունակ աղոթելու կարիքի վերաբերյալ։
6 Բայց ինչպիսի՜ հեշտությամբ կարող ենք անուշադրության մատնել աղոթքը։ Միայն կյանքի ամենօրյա ճնշումների դեմ պայքարը կարող է այնքան ուշադրություն խլել մեզանից, որ ջանք չգործադրենք Աստծո հետ խոսելու։ Հիսուսը քաջալերեց իր աշակերտներին շարունակ ‘աղոթել’, և նա ինքը այդպես էլ անում էր (Մատթէոս 26։41)։ Թեպետ նա առավոտից երեկո միշտ զբաղված էր, բայց իր երկնային Հոր հետ խոսելուն ժամանակ էր տրամադրում։ Երբեմն Հիսուսն արթնանում էր «լուսածագին առաւօտանց շատ կանուխ», որպեսզի աղոթեր (Մարկոս 1։35)։ Այլ դեպքերում օրվա վերջում հեռանում էր մի մեկուսի վայր՝ Եհովայի հետ զրուցելու (Մատթէոս 14։23)։ Աղոթելուն նա միշտ ժամանակ էր հատկացնում. մենք էլ այդպես պետք է անենք (Ա Պետրոս 2։21)։
7. Ո՞ր հանգամանքները պետք է մղեն մեզ ամեն օր զրուցել մեր երկնային Հոր հետ։
7 Անձնական աղոթքների համար օրվա ընթացքում հարմար առիթներ շատ են լինում, երբ բախվում ենք խնդիրների ու գայթակղությունների, որոշումներ ենք կայացնում (Եփեսացիս 6։18)։ Երբ կյանքի բոլոր բնագավառներում փնտրում ենք Աստծո առաջնորդությունը, մեր ընկերությունը նրա հետ, անշուշտ, կզարգանա։ Երբ երկու ընկերներ միասին խնդիրներ են դիմագրավում, նրանց միջև ընկերությունն ավելի չի՞ ամրանում (Առակաց 17։17)։ Սա ճշմարիտ է նաև Եհովայի հետ մեր հարաբերությունների պարագայում, երբ ապավինում ենք նրան ու զգում նրա տված օգնությունը (Բ Մնացորդաց 14։11)։
8. Նեեմիայի, Հիսուսի և Աննայի օրինակից ի՞նչ ենք սովորում մեր անձնական աղոթքների տևողության մասին։
8 Որքա՜ն ուրախ կարող ենք լինել, որ Աստված ոչ մի սահմանափակում չի դնում այն բանում, թե որքան երկար կամ հաճախ կարող ենք աղոթքով զրուցել նրա հետ։ Նախքան պարսից թագավորին խնդրանք հայտնելը, Նեեմիան արագորեն մտքում աղոթեց (Նէեմիա 2։4, 5)։ Հիսուսը նույնպես կարճ աղոթքով դիմեց Եհովային՝ խնդրելով, որ նա ուժ տա իրեն՝ Ղազարոսին հարություն տալու (Յովհաննէս 11։41, 42)։ Իսկ Աննան, ընդհակառակը՝ «Տէրոջը առջեւ իր աղօթքը երկնցուց», երբ իր սիրտը բացեց նրա առջև (Ա Թագաւորաց 1։12, ԱԱ, 15, 16)։ Կախված մեր կարիքներից կամ հանգամանքներից՝ մեր անձնական աղոթքները կարող են լինել կարճ կամ երկար։
9. Ինչո՞ւ մեր աղոթքները պետք է ընդգրկեն գովաբանության և շնորհակալության խոսքեր մեր հանդեպ Եհովայի կողմից արվող բոլոր բաների համար։
9 Աստվածաշնչում գրված շատ աղոթքներ սրտաբուխ գնահատանք են արտահայտում Եհովայի բարձր դիրքի և հրաշալի գործերի վերաբերյալ (Ելից 15։1–19; Ա Մնացորդաց 16։7–36; Սաղմոս 145)։ Տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսավ 24 երեցներին՝ բոլոր օծյալ քրիստոնյաներին՝ իրենց երկնային դիրքում, որոնք փառաբանում էին Եհովային՝ ասելով. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան» (Յայտնութիւն 4։10, 11)։ Մենք նույնպես պատճառ ունենք Արարչին կանոնավորապես փառաբանելու։ Ինչքա՜ն լավ են զգում իրենց ծնողները, երբ երեխան սրտանց շնորհակալություն է հայտնում նրանց իր համար արված որևէ բանի համար։ Եհովայի բարության արտահայտումների շուրջ երախտագիտորեն խորհրդածելն ու դրանց համար մեր սրտանց գնահատանքը նրան հայտնելը մեր աղոթքների որակը բարելավելու լավ կերպ է։
«Անդադար աղօթք արէք». ինչո՞ւ
10. Ի՞նչ դեր է խաղում աղոթքը մեր հավատն ամրացնելու հարցում։
10 Կանոնավորապես աղոթելը կարևոր է մեր հավատի համար։ Օրինակով ցույց տալով ‘ամեն ժամանակ աղոթք անելու և չձանձրանալու’ անհրաժեշտությունը՝ Հիսուսը հարցրեց. «Մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ» (Ղուկաս 18։1–8)։ Իմաստալից, սրտաբուխ աղոթքը հավատ է կերտում։ Երբ նահապետ Աբրահամը ծերանում էր և դեռ սերունդ չուներ, նա այդ մասին խոսեց Աստծո հետ։ Ի պատասխան՝ Եհովան նախևառաջ ասաց նրան, որ նայի երկնքին ու աստղերը հաշվի, եթե կարող է։ Հետո Աստված հավաստիացրեց Աբրահամին. «Այսպէս կ’լինի քո սերունդը»։ Արդյունքում՝ Աբրահամը «հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս» (Ծննդոց 15։5, 6)։ Եթե աղոթքում մեր սրտերը բացում ենք Եհովայի առջև, ընդունում Աստվածաշնչում գրված նրա հավաստիացումները և հնազանդվում նրան, նա կամրացնի մեր հավատը։
11. Ինչպե՞ս աղոթքը կարող է մեզ օգնել հաղթահարել խնդիրները։
11 Աղոթքը նաև կարող է օգնել մեզ հաղթահարել խնդիրները։ Արդյո՞ք կյանքի մեր բեռը ծանր է, իսկ հանգամանքները, որոնց բախվում ենք, դժվար։ Աստվածաշունչը մեզ ասում է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։ Երբ դժվար որոշումների առջև ենք կանգնում, կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Նախքան իր 12 առաքյալներին ընտրելը, նա մի ամբողջ գիշեր առանձնացած աղոթեց (Ղուկաս 6։12–16)։ Իսկ իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն այնքան լարված աղոթեց, որ «[նրա] քրտինքը արիւնի մեծ կաթիլներու պէս էր, որ գետինը կը թափուէր» (Ղուկաս 22։44, ԱԱ)։ Արդյո՞ւնքը... «[Նա] լսուեցաւ իր բարեպաշտութեան համար» (Եբրայեցիս 5։7)։ Մեր ջերմեռանդ և անդադար աղոթքները կօգնեն մեզ հաղթահարել լարված իրավիճակներն ու դժվար փորձությունները։
12. Ինչպե՞ս է աղոթքը ցույց տալիս, որ Եհովան հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։
12 Աղոթքի միջոցով Եհովային մոտենալու պատճառներից մեկն էլ այն է, որ նա էլ իր հերթին է մեզ մոտենում (Յակոբոս 4։8)։ Երբ աղոթքով բացում ենք մեր սրտերը Եհովայի առջև, չե՞նք զգում, որ նա հետաքրքրված է մեր կարիքներով և քնքշությամբ հոգ է տանում մեր մասին։ Մեզանից ամեն մեկն անհատապես իր հանդեպ զգում է Աստծո սերը։ Եհովան ոչ ոքի պատասխանատվություն չի տվել լսելու յուրաքանչյուր աղոթք, որ իր ծառաներն ուղղում են նրան՝ որպես իրենց երկնային Հոր (Սաղմոս 66։19, 20; Ղուկաս 11։2)։ Նա մեզ հրավիրում է ‘մեր բոլոր հոգսը իր վրա գցել, որովհետև նա հոգս է անում մեզ համար’ (Ա Պետրոս 5։6, 7)։
13, 14. Անդադար աղոթելու ի՞նչ պատճառներ ունենք։
13 Աղոթքը ծառայության մեջ մեզ ավելի մեծ եռանդով կարող է օժտել և զորացնել, երբ անտարբերության կամ հակառակության պատճառով թվա, թե կհանձնվենք (Գործք 4։23–31)։ Աղոթքը նաև կարող է պաշտպանել մեզ ‘Սատանայի հնարքներից’ (Եփեսացիս 6։11, 17, 18)։ Երբ ջանում ենք հաղթահարել ամենօրյա փորձությունները, կարող ենք անընդհատ խնդրել, որ Աստված զորացնի մեզ։ Հիսուսի տված տիպար աղոթքում կա այսպիսի խնդրանք, որ Եհովան ‘ազատի մեզ չարից’՝ Բանսարկու Սատանայից (Մատթէոս 6։13)։
14 Եթե շարունակենք աղոթել օգնության համար, որպեսզի կարողանանք մեր մեղավոր հակումները կառավարել, ապա կզգանք Եհովայի օգնող ձեռքը։ Մենք հետևյալ հավաստիացումն ունենք. «Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10։13)։ Պողոս առաքյալն ինքը զգաց Եհովայի հոգատարությունը, որ զորացնում էր նրան ամենատարբեր հանգամանքներում։ Նա ասաց. «Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց » (Փիլիպպեցիս 4։13, ԷԹ; Բ Կորնթացիս 11։23–29)։
Չնայած սխալներին՝ աղոթքում հարատևեք
15. Ի՞նչ կարող է պատահել, երբ մեր վարքը չհամապատասխանի Աստծո չափանիշներին։
15 Որպեսզի մեր աղոթքները բարեհաճորեն լսվեն, մենք չպետք է մերժենք Աստծո Խոսքում պարունակվող խորհուրդները։ «Ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից,— գրեց Հովհաննես առաքյալը,— որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք» (Ա Յովհաննէս 3։22)։ Սակայն ի՞նչ կարող է պատահել, երբ մեր վարքն Աստծո չափանիշներին չի համապատասխանում։ Եդեմի պարտեզում մեղք գործելուց հետո Ադամն ու Եվան թաքնվեցին։ Միգուցե մենք էլ հակված լինենք թաքնվելու «Եհովայ Աստուծոյ երեսիցը» և դադարենք աղոթել (Ծննդոց 3։8)։ «Ես նկատել եմ, որ Եհովայից ու նրա կազմակերպությունից հեռացող անհատների առաջին սխալ քայլը համարյա միշտ լինում է այն, որ նրանք դադարում են աղոթել»,— ասում է Կլաուսը՝ փորձառու մի շրջագայող վերակացու (Եբրայեցիս 2։1)։ Հենց դա էր պատահել Խոսե Անխելի հետ։ Նա պատմում է. «Մոտ ութ տարվա ընթացքում ես հազվադեպ եմ աղոթել Եհովային։ Մտածում էի, որ արժանի չեմ նրա հետ զրուցելու, թեև դեռ համարում էի նրան իմ երկնային Հայրը»։
16, 17. Բերեք օրինակներ, թե կանոնավորաբար աղոթելը ինչպես կարող է օգնել մեզ հաղթահարել հոգևոր թուլությունը։
16 Մեզանից ոմանք միգուցե իրենց անարժան զգան աղոթելու, քանի որ հոգևոր թույլ վիճակում են կամ սխալ են գործել։ Սակայն հենց այս ժամանակ է, որ կարիք ունենք լիարժեքորեն օգտվելու աղոթելու հնարավորությունից։ Հովնանը փախավ իր նշանակումից։ Բայց ‘Հովնանը իր նեղությունից կանչեց դեպի Տերը, և նա պատասխանեց նրան, անդունդի փորից աղաղակեց, և Եհովան լսեց նրա ձայնը’ (Յովնան 2։2)։ Հովնանը աղոթեց, Եհովան պատասխանեց նրա աղոթքին, և նա հոգևորապես ապաքինվեց։
17 Խոսե Անխելը նույնպես ջերմեռանդորեն աղոթեց՝ օգնություն խնդրելով։ Նա հիշում է. «Ես բացեցի սիրտս և աղերսեցի Աստծուն, որ ների ինձ։ Եվ նա իսկապես օգնեց ինձ։ Չեմ կարծում, որ, առանց աղոթքի օգնության, կվերադառնայի ճշմարտությանը։ Այժմ ես ամեն օր կանոնավորապես աղոթում եմ և անհամբերությամբ եմ սպասում այդ պահերին»։ Մենք միշտ պետք է մեզ ազատ զգանք՝ անկեղծորեն խոսելու Աստծո հետ մեր սխալների մասին և խոնարհաբար նրանից ներում խնդրելու։ Երբ Դավիթ թագավորը խոստովանեց իր մեղքերը, Եհովան ներեց նրան (Սաղմոս 32։3–5)։ Եհովան ցանկանում է օգնել մեզ և ոչ թե դատապարտել (Ա Յովհաննէս 3։19, 20)։ Ժողովի երեցների աղոթքները նույնպես կարող են հոգևորապես օգնել մեզ, քանի որ այդպիսի խնդրանքները ‘շատ զորավոր են’ (Յակոբոս 5։13–16)։
18. Ինչպիսի՞ վստահություն կարող են Աստծո ծառաներն ունենալ՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի են շեղվել։
18 Ո՞ր հայրը կմերժի իր որդուն, որը սխալ գործելուց հետո խոնարհաբար դիմում է նրան՝ օգնության և խորհրդի համար։ Անառակ որդու մասին առակը ցույց է տալիս, որ, անկախ նրանից, թե ինչ աստիճանի ենք շեղվել, մեր երկնային Հայրն ուրախանում է, երբ վերադառնում ենք դեպի նա (Ղուկաս 15։21, 22, 32)։ Եհովան բոլոր սխալվողներին հորդորում է կանչել իրեն, «որովհետեւ նա շատ ներող է» (Եսայիա 55։6, 7)։ Թեպետ Դավիթը մի քանի լուրջ մեղքեր գործեց, նա դիմեց Եհովային՝ ասելով. «Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թաքցնիր իմ աղաչանքիցը»։ Նա նաև ասաց. «Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. եւ [Եհովան] կ’լսէ իմ ձայնը» (Սաղմոս 55։1, 17)։ Որքա՜ն մխիթարական է։
19. Ինչո՞ւ չպետք է եզրակացնենք, որ անպատասխան թվացող աղոթքները վկայում են Աստծո անհավանության մասին։
19 Իսկ ի՞նչ, եթե մեր խնդրանքը անմիջապես չի պատասխանվում։ Այդժամ մենք պետք է համոզվենք, որ խնդրանքը ներդաշնակ է Եհովայի կամքին և ասվում է Հիսուսի անունով (Յովհաննէս 16։23; Ա Յովհաննէս 5։14)։ Հակոբոս աշակերտը խոսեց որոշ քրիստոնյաների մասին, որոնց աղոթքներն անպատասխան էին մնում, քանի որ նրանք ‘չար կերպով էին խնդրում’ (Յակոբոս 4։3)։ Մյուս կողմից՝ մենք չպետք է շտապենք եզրակացնել, որ մեր աղոթքների պատասխանը ակնհայտ ձևով չստանալը միշտ Աստծո կողմից անհավանության ապացույց է։ Եհովան երբեմն կարող է թույլ տալ, որ իր հավատարիմ երկրպագուները մի որոշ ժամանակ շարունակեն աղոթել մի բանի մասին, մինչև նրա պատասխանն ակնհայտ դառնա։ Հիսուսն ասաց. «[«Շարունակ», ՆԱ] խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ» (Մատթէոս 7։7)։ Ուրեմն մենք պետք է հարատևենք աղոթքում (Հռովմայեցիս 12։12)։
Կանոնավորապես աղոթեք
20, 21. ա) Այս «յետի օրերումը» ինչո՞ւ կարիք ունենք անդադար աղոթելու։ բ) Ի՞նչ կստանանք, երբ ամեն օր մոտենանք Եհովայի շնորհի աթոռին։
20 Ճնշումներն ու խնդիրները բազմապատկվում են այս «յետի օրերումը», որոնք բնորոշվում են ‘չար ժամանակներով’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Փորձություններն իրենց հերթին հեշտությամբ կարող են զբաղեցնել մեր միտքը։ Սակայն մեր անդադար աղոթքները կօգնեն, որ կյանքում կենտրոնացած մնանք հոգևորի վրա՝ չնայած խնդիրներին, որոնք անընդմեջ շարունակվում են, գայթակղություններին և ընկճվածությանը։ Ամեն օր Եհովային աղոթելով՝ կարող ենք այն կենսական աջակցությունը ստանալ, որի կարիքն ունենք։
21 Եհովան՝ ‘աղոթք լսողը’, երբեք այնքան զբաղված չէ, որ չկարողանա մեզ լսել (Սաղմոս 65։2)։ Եկեք մենք էլ երբեք այնքան զբաղված չլինենք, որ չկարողանանք խոսել նրա հետ։ Աստծո հետ ընկերությունն ամենաթանկ բանն է, որ ունենք։ Եկեք երբեք թեթևամտորեն չվերաբերվենք դրան։ «Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4։16)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Դանիել մարգարեի օրինակից ի՞նչ ենք սովորում աղոթքի արժեքի մասին։
• Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի հետ մեր ընկերությունը։
• Ինչո՞ւ պետք է անդադար աղոթենք։
• Անարժեքության զգացումը ինչո՞ւ չպետք է արգելք լինի Եհովային աղոթելու համար։
[նկար 16–րդ էջի վրա]
Թագավորի հետ խոսելուց առաջ Նեեմիան մտքում կարճ աղոթեց
[նկար 17–րդ էջի վրա]
Աննան «Տէրոջը առջեւ իր աղօթքը երկնցուց»
[նկարներ 18–րդ էջի վրա]
Իր 12 առաքյալներին ընտրելուց առաջ Հիսուսն ամբողջ գիշեր աղոթեց
[նկարներ 20–րդ էջի վրա]
Օրվա ընթացքում աղոթելու բազմաթիվ առիթներ են լինում