Մատթեոս
14 Այդ ժամանակ մարզի կառավարիչ* Հերովդեսը,* լսելով Հիսուսի մասին,+ 2 իր ծառաներին ասաց. «Դա Հովհաննես Մկրտիչն է, որը հարություն է առել: Դրա համար էլ նա կարողանում է այդպիսի հրաշքներ անել»:+ 3 Բանն այն է, որ Հերովդեսը, ցանկանալով հաճեցնել իր եղբայր Փիլիպոսի կնոջը՝ Հերովդիային, Հովհաննեսին շղթայել ու բանտ էր գցել,+ 4 քանի որ վերջինս ասում էր. «Օրենքին դեմ է, որ նա քո կինը լինի»:+ 5 Հերովդեսը ցանկանում էր սպանել նրան, սակայն վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե էին ընդունում:+ 6 Բայց երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն+ էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան դուր եկավ Հերովդեսին,+ 7 որ նա երդվեց նրան տալ, ինչ որ խնդրի: 8 Աղջիկն էլ մոր խորհրդով ասաց. «Սկուտեղի վրա ինձ տուր Հովհաննես Մկրտչի գլուխը»:+ 9 Թագավորին դա դուր չեկավ, բայց քանի որ երդումներ էր տվել հյուրերի առաջ, հրամայեց, որ տան նրա ուզածը: 10 Եվ այսպես՝ Հերովդեսը մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց: 11 Հովհաննեսի գլուխը, սկուտեղի վրա դրած, բերեցին ու տվեցին աղջկան, նա էլ իր մորը տվեց: 12 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան, մարմինը տարան ու թաղեցին: Ապա գնացին ու տեղի ունեցածի մասին պատմեցին Հիսուսին: 13 Երբ Հիսուսը լսեց նրանց պատմածը, նավով հեռացավ այդտեղից և մի մեկուսի վայր գնաց, որ մենակ մնա: Բայց մարդկանց մի մեծ բազմություն, իմանալով, թե նա ուր է գնում, տարբեր քաղաքներից ոտքով գնաց այնտեղ:+
14 Ափ դուրս գալով՝ Հիսուսը տեսավ, թե ինչքան շատ մարդ է հավաքվել: Նա խղճահարվեց+ և բուժեց հիվանդներին:+ 15 Երեկոյան աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Այս տեղը ամայի է, և արդեն ուշ ժամ է, թող մարդիկ գնան մոտակա գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»:+ 16 Սակայն Հիսուսն ասաց. «Պետք չէ՝ գնան: Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: 17 Նրանք էլ ասացին. «Այստեղ հինգ հացից ու երկու ձկից բացի՝ ուրիշ բան չունենք»: 18 Հիսուսն ասաց՝ «Բերեք դրանք», 19 և ժողովրդին պատվիրեց, որ նստեն խոտերի վրա: Նա վերցրեց հինգ հացը և երկու ձուկը, դեպի երկինք նայելով՝ աղոթեց,*+ ապա հացերը մասերի բաժանեց: Այնուհետև ուտելիքը տվեց աշակերտներին, աշակերտներն էլ՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+ 21 Ուտողները մոտ 5 000 հոգի* էին՝ չհաշված կանանց ու երեխաներին:+ 22 Դրանից անմիջապես հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նավ նստեն ու գնան մյուս ափ, մինչև որ ինքը ճանապարհի ժողովրդին:+
23 Ժողովրդին ճանապարհ դնելուց հետո նա սարը բարձրացավ, որ մենակ մնա և աղոթի:+ Երբ մթնեց, նա դեռ այնտեղ էր: 24 Այդ ընթացքում նավն արդեն բավականին* հեռացել էր ցամաքից և հանդիպակաց քամու պատճառով դժվարությամբ էր առաջ շարժվում փոթորկված ալիքների միջով: 25 Լուսաբացից առաջ* Հիսուսը, ջրի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ: 26 Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, խուճապահար բացականչեցին. «Այս ի՜նչ տեսիլք է»: Ու վախից գոռացին: 27 Հիսուսը անմիջապես խոսեց նրանց հետ՝ ասելով. «Մի՛ վախեցեք: Այդ ե՛ս եմ»:+ 28 Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե դու ես, այնպես արա, որ ես, ջրի վրայով քայլելով, քեզ մոտ գամ»: 29 Նա էլ ասաց. «Ե՛կ»: Պետրոսը նավից իջավ և ջրի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը: 30 Բայց երբ շուրջը նայեց, փոթորկից վախեցավ ու սկսեց սուզվել: Նա բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Հիսուսն իսկույն մեկնեց ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր»:+ 32 Երբ նրանք նավ մտան, փոթորիկը դադարեց: 33 Նավում եղողները խոնարհվեցին Հիսուսի առաջ ու ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես»: 34 Անցնելով ծովը՝ նրանք ափ դուրս եկան Գեննեսարեթում:+
35 Այնտեղի մարդիկ ճանաչեցին Հիսուսին և լուր ուղարկեցին շրջակա բոլոր վայրերը, ու ժողովուրդը նրա մոտ բերեց բոլոր հիվանդներին: 36 Նրանք աղերսում էին, որ պարզապես դիպչեն նրա վերնահագուստի եզրին:+ Եվ բոլոր դիպչողները լիովին ապաքինվում էին: