ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26
Պատրաստ եղիր Եհովայի օրվան
«Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով» (1 ԹԵՍԱՂ. 5։2)։
ԵՐԳ 143 Արթուն ու եռանդուն լինենք, փափագով սպասենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ի՞նչ պետք է անենք, որ վերապրենք Եհովայի օրվանից։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ «Եհովայի օրը» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Եհովան դատաստան է տեսնում իր թշնամիների նկատմամբ և փրկում է իր ժողովրդին։ Անցյալում եղել են դեպքեր, երբ Եհովան դատաստան է տեսել որոշ ազգերի նկատմամբ (Ես. 13։1, 6; Եզեկ. 13։5; Սոփ. 1։8)։ Մեր ժամանակներում «Եհովայի օրը» կսկսվի Մեծ Բաբելոնի վրա հարձակումով և կավարտվի Արմագեդոն պատերազմով։ Այդ «օրը» փրկվելու համար մենք պետք է այսօրվանից պատրաստվենք։ Հիսուսը հորդորեց «պատրաստ լինել» «մեծ նեղությանը», ինչը ցույց է տալիս, որ դա շարունակական պրոցես է (Մատթ. 24։21; Ղուկ. 12։40)։
2. Ինչո՞վ է օգտակար «1 Թեսաղոնիկեցիներ» նամակը։
2 «1 Թեսաղոնիկեցիներ» նամակում Պողոս առաքյալը մի շարք օրինակներ օգտագործեց, որպեսզի օգնի քրիստոնյաներին պատրաստ լինել Եհովայի դատաստանի մեծ օրվան։ Առաքյալը գիտեր, որ Եհովայի օրը չէր գալու այդ ժամանակ (2 Թեսաղ. 2։1-3)։ Չնայած դրան՝ նա հորդորեց իր հավատակիցներին պատրաստ լինել այդ օրվան, ասես այն գալու էր վաղը։ Մենք նույնպես կարող ենք հետևել նրա տված հորդորին։ Եկեք տեսնենք, թե Պողոսն ինչ է ասել հետևյալ երեք հարցերի վերաբերյալ՝ 1) ինչպե՞ս է գալու Եհովայի օրը, 2) ովքե՞ր չեն վերապրելու այդ օրվանից, և 3) ինչպե՞ս կարող ենք պատրաստվել այդ օրվան։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԳԱԼՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՕՐԸ
3. Ի՞նչ առումով է Եհովայի օրը գալու «ինչպես գողը գիշերով» (տես նաև նկարը)։
3 «Ինչպես գողը գիշերով» (1 Թեսաղ. 5։2)։ Սա առաջինն է այն երեք համեմատություններից, որոնք նկարագրում են, թե ինչպես է գալու Եհովայի օրը։ Գողերը սովորաբար գործում են շատ արագ և մութ ժամանակ, որպեսզի հանկարծակիի բերեն իրենց զոհերին։ Եհովայի օրը նույնպես հանկարծակի է գալու և մարդկանց մեծ մասին անակնկալի է բերելու։ Անգամ ճշմարիտ քրիստոնյաները գուցե զարմանան՝ տեսնելով, թե ինչ արագությամբ են զարգանում դեպքերը։ Բայց ի տարբերություն չար մարդկանց՝ նրանք չեն կործանվի։
4. Ի՞նչ առումով է Եհովայի օրը նման երկունքի ցավերի։
4 «Ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա» (1 Թեսաղ. 5։3)։ Հղի կինը չի կարող իմանալ, թե կոնկրետ երբ է ծննդաբերելու, բայց նա հաստատ գիտի, որ մի օր ծննդաբերելու է։ Երբ այդ օրը գա, երկունքի ցավերը, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հանկարծակի, կլինեն ուժգին և անդադար։ Նմանապես մենք չգիտենք, թե որ օրը և որ ժամին է սկսվելու Եհովայի օրը։ Բայց գիտենք, որ այն գալու է, և Աստծու դատաստանը չարերի նկատմամբ լինելու է հանկարծակի և անխուսափելի։
5. Ի՞նչ առումով է մեծ նեղությունը նման լուսաբացի։
5 Ինչպես լուսաբացը։ Պողոսի բերած երրորդ համեմատության մեջ կրկին խոսվում է գողերի մասին, որոնք գործում են գիշերով։ Բայց այս անգամ նա Եհովայի օրը համեմատում է լուսաբացի հետ (1 Թեսաղ. 5։4)։ Գիշերային գողերը գուցե այնքան տարվեն իրենց անելիքով, որ չզգան, թե ինչպես է անցնում ժամանակը։ Եվ երբ լույսը բացվի, նրանք հանկարծակիի կգան, և նրանց արածը կբացահայտվի։ Նմանապես մեծ նեղությունը կբացահայտի նրանց, ովքեր գողերի նման խավարի մեջ են մնում և շարունակում են Աստծուն տհաճ բաներ անել։ Ի տարբերություն նրանց՝ մենք կարող ենք պատրաստ լինել Եհովայի օրվան, եթե մերժենք այնպիսի վարքը, որը տհաճեցնում է Եհովային և ձգտենք «ամեն տեսակ առաքինության, արդարության և ճշմարտության» (Եփես. 5։8-12)։ Այս համեմատություններից հետո Պողոսը ևս երկու համեմատություն է անում նկարագրելու համար նրանց, ովքեր չեն փրկվելու։
ՈՎՔԵ՞Ր ՉԵՆ ՓՐԿՎԵԼՈՒ
6. Ի՞նչ առումով է մարդկանց մեծ մասը քնած (1 Թեսաղոնիկեցիներ 5։6, 7)։
6 «Ովքեր քնում են» (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։6, 7)։ Պողոս առաքյալը կործանվողներին համեմատեց քնած մարդկանց հետ։ Քնած ժամանակ մարդիկ չեն իմանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, և չեն զգում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Ուստի նրանք չեն կարող իմանալ, թե ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, և չեն կարող արձագանքել դրանց։ Այսօր մարդկանց մեծ մասը հոգևոր առումով քնած է (Հռոմ. 11։8)։ Նրանք անտարբեր են այն իրադարձությունների հանդեպ, որոնք փաստում են, որ ապրում ենք «վերջին օրերում», և որ մեծ նեղությունը շատ մոտ է։ Տեսնելով, թե աշխարհում ինչ ցնցող իրադարձություններ են տեղի ունենում՝ ոմանք արթնանում են հոգևոր քնից և որոշակի հետաքրքրություն ցույց տալիս Թագավորության լուրի հանդեպ։ Սակայն նրանցից շատերը արթուն մնալու փոխարեն կրկին քնով են ընկնում։ Ոմանք էլ թեև հավատում են, որ Աստծու դատաստանի օրը գալու է, բայց կարծում են, թե այն դեռ շատ հեռու է (2 Պետ. 3։3, 4)։ Բայց մենք հասկանում ենք, որ արթուն մնալու վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը օրեցօր ավելի կենսական է դառնում։
7. Ի՞նչ առումով են Աստծու բարկությանն արժանացող մարդիկ նման հարբեցողների։
7 «Ովքեր հարբում են»։ Պողոս առաքյալը Աստծու բարկությանն արժանացող մարդկանց համեմատում է հարբեցողների հետ։ Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ դանդաղ են արձագանքում իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձություններին և չեն կարողանում սթափ դատել։ Նմանապես չար մարդիկ չեն արձագանքում Աստծու նախազգուշացումներին։ Նրանք կյանքի այնպիսի ուղի են ընտրում, որը տանում է կործանման։ Սակայն քրիստոնյաներին հորդոր է տրվում զգոն լինել և սթափ դատել (1 Թեսաղ. 5։6)։ Մի աստվածաշնչագետ ասում է, որ այստեղ «զգոնություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է «մտքի հանգիստ և կայուն վիճակ, ինչի շնորհիվ անհատը կարողանում է իրերը ճիշտ ձևով կշռադատել ու արժևորել և այդպիսով ճիշտ որոշում կայացնել»։ Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ մտքի հանգիստ ու կայուն վիճակ ունենանք։ Դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք այսօրվա քաղաքական և սոցիալական հարցերում չեզոք մնալ։ Որքան Եհովայի օրը մոտենա, այս հարցերում ներգրավելու ճնշումն ավելի է մեծանալու։ Բայց մենք չպետք է մտահոգվենք, թե ինչպես կվարվենք այդ ժամանակ։ Աստծու ոգին կարող է օգնել մեզ, որ մտքի հանգիստ ու կայուն վիճակ պահպանենք և իմաստուն որոշումներ կայացնենք (Ղուկ. 12։11, 12)։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՕՐՎԱՆ
8. 1 Թեսաղոնիկեցիներ 5։8 համարը ինչպե՞ս է նկարագրում այն հատկությունները, որոնք կարող են օգնել մեզ արթուն և զգոն մնալ (տես նաև նկարը)։
8 «Կրենք.... զրահ և.... սաղավարտ»։ Պողոսը մեզ համեմատեց զինվորների հետ, ովքեր զգոն են և սպառազինված պատերազմի համար (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Նույնը կարելի է ասել մեր պարագայում։ Մենք պատրաստ կլինենք Եհովայի օրվան, եթե կրենք հավատի ու սիրո զրահը և փրկության սաղավարտը։ Այս հատկությունները կարող են մեծապես օգնել մեզ։
9. Ինչպե՞ս կարող է հավատը պաշտպանել մեզ։
9 Զրահը պաշտպանում է զինվորի սիրտը, իսկ հավատն ու սերը պաշտպանում են մեր այլաբանական սիրտը։ Այս հատկությունները կօգնեն մեզ, որ շարունակենք ծառայել Աստծուն և հետևել Քրիստոսին։ Օրինակ՝ հավատը վստահությամբ է լցնում, որ Եհովան կվարձատրի մեզ, եթե ամբողջ սրտով փնտրենք իրեն (Եբր. 11։6)։ Այն կմղի մեզ հավատարիմ մնալ մեր առաջնորդին՝ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե դժվարությունների բախվենք։ Մենք կարող ենք այնպիսի հավատ զարգացնել, որը կօգնի դիմանալ կյանքի դժվարություններին։ Այդ հարցում հաջողության հասնելու համար պետք է ուշադրություն դարձնենք մերօրյա հավատարիմների օրինակին, ովքեր պահել են իրենց անարատությունը՝ չնայած հալածանքին ու տնտեսական խնդիրներին։ Բացի այդ՝ մենք կարող ենք խուսափել նյութապաշտության ծուղակն ընկնելուց, եթե ընդօրինակենք նրանց, ովքեր իրենց կյանքը պարզեցրել են Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար։b
10. Ինչպե՞ս է Աստծու և մարդկանց հանդեպ սերը օգնում մեզ, որ շարունակենք քարոզել։
10 Արթուն և զգոն մնալու համար սերը նույնպես կարևոր է (Մատթ. 22։37-39)։ Աստծուն սիրելու շնորհիվ մենք շարունակում ենք քարոզել՝ անկախ նրանից, թե այդպես վարվելով ինչ դժվարությունների կբախվենք (2 Տիմոթ. 1։7, 8)։ Եվ քանի որ սիրում ենք նաև այն մարդկանց, ովքեր չեն կիսում մեր հավատը, շարունակում ենք քարոզել և մշակել մեր տարածքը՝ նույնիսկ վկայություն տալով նամակագրությամբ և հեռախոսով։ Մենք մեր հույսը չենք կորցնում, որ մի օր մեր շրջապատի մարդիկ կփոխվեն և կանեն այն, ինչը ճիշտ է (Եզեկ. 18։27, 28)։
11. Հավատակիցների հանդեպ սերը ինչպե՞ս է օգնում մեզ (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։
11 Մենք սիրում ենք նաև մեր հավատակիցներին և դա ցույց ենք տալիս՝ «մխիթարելով և կերտելով միմյանց» (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Պատերազմում ուս ուսի կռվող զինվորների նման մենք մխիթարում ու քաջալերում ենք իրար։ Ինչ խոսք, թեժ մարտում զինվորներից մեկը գուցե պատահաբար վիրավորի իր ծառայակցին, բայց նա երբեք դա չի անի դիտավորյալ։ Նմանապես մենք երբեք դիտավորյալ չենք ցավեցնի մեր եղբայրներին ու քույրերին և չարին չարով չենք հատուցի (1 Թեսաղ. 5։13, 15)։ Մենք սեր դրսևորած կլինենք նաև, եթե հարգանքով վերաբերվենք այն եղբայրներին, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում (1 Թեսաղ. 5։12)։ Երբ Պողոսը գրում էր այս նամակը, Թեսաղոնիկեի ժողովը մեկ տարուց էլ քիչ էր, ինչ կազմավորվել էր։ Ուստի նշանակված եղբայրները թերևս անփորձ էին և հաճախ էին սխալներ թույլ տալիս։ Այնուամենայնիվ, նրանք արժանի էին հարգանքի։ Մինչ մոտենում է մեծ նեղությունը, գուցե մենք ավելի շատ կախված լինենք տեղի երեցների տված առաջնորդությունից, քան հիմա։ Հնարավոր է՝ այդ ժամանակ գլխավոր վարչության և մասնաճյուղի հետ կապ չլինի։ Ուստի անչափ կարևոր է, որ այսօրվանից սովորենք սիրել և հարգել մեր երեցներին։ Անկախ նրանից, թե ինչ կլինի՝ թող որ զգոն լինենք և չկենտրոնանանք նրանց անկատարության դրսևորումների վրա, այլ կենտրոնանանք այն բանի վրա, որ Եհովան Քրիստոսի միջոցով առաջնորդում է այդ հավատարիմ տղամարդկանց։
12. Ինչպե՞ս է մեր հույսը պաշտպանում մեր մտածելակերպը։
12 Ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ փրկության հույսն է պաշտպանում մեր մտածելակերպը։ Ամուր հույսի շնորհիվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ առաջարկում է այս աշխարհը, ոչ մի արժեք չունի (Փիլիպ. 3։8)։ Մեր հույսն օգնում է մեզ, որ հանգիստ ու հանդարտ մնանք։ Քննենք Ուոլեսի և Լաուրինդայի օրինակը, ովքեր ծառայում են Աֆրիկայում։ Երեք շաբաթվա ընթացքում նրանք երկուսն էլ ծնող կորցրին։ COVID-19 համավարակի պատճառով նրանք չկարողացան վերադառնալ տուն և լինել իրենց ընտանիքի կողքին։ Ուոլեսը գրում է. «Հարության հույսն օգնում է ինձ, որ նրանց հիշեմ ոչ թե այնպիսին, ինչպիսին իրենց կյանքի վերջին օրերում էին, այլ պատկերացնեմ, թե ինչպիսին նրանք կլինեն, երբ նոր աշխարհում հարություն առնեն։ Երբ վշտի ու կորստի ցավը համակում է ինձ, հարության հույսը ամոքում է սիրտս»։
13. Ի՞նչ կարող ենք անել, որ ունենանք սուրբ ոգին։
13 «Մի՛ հանգցրեք ոգու կրակը» (1 Թեսաղ. 5։19)։ Պողոսը սուրբ ոգին համեմատեց մեր մեջ վառվող կրակի հետ։ Այդ ոգին մեր մեջ բոցավառում է ճիշտն անելու եռանդը, լցնում է մեզ խանդավառությամբ և ուժ տալիս ծառայելու Եհովային (Հռոմ. 12։11)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ունենանք Աստծու ոգին։ Մենք կարող ենք աղոթել այն ստանալու համար, ուսումնասիրել Աստծու ներշնչյալ Խոսքը և լինել սուրբ ոգով առաջնորդվող նրա կազմակերպության մի մասը։ Այդպես վարվելը կօգնի մեզ զարգացնել «ոգու պտուղը» (Գաղ. 5։22, 23)։
14. Ինչի՞ց պետք է խուսափենք, եթե ուզում ենք, որ Աստված շարունակ տա մեզ իր ոգին (տես նաև նկարը)։
14 Աստծու սուրբ ոգին ստանալուց հետո մենք պետք է զգույշ լինենք, որ «չհանգցնենք ոգու կրակը»։ Նա իր ոգին տալիս է միայն նրանց, ովքեր մաքուր մտածելակերպ ու վարք ունեն։ Աստված կզրկի մեզ իր ոգուց, եթե մեր միտքը սնենք անմաքուր բաներով և վարվենք դրանց համաձայն (1 Թեսաղ. 4։7, 8)։ Որպեսզի շարունակ ստանանք սուրբ ոգին, պետք է նաև «մարգարեանալուն արհամարհանքով չվերաբերվենք» (1 Թեսաղ. 5։20)։ Այս համարում «մարգարեանալ» բառը վերաբերում է Աստծու ոգով ներշնչված խոսքերին, այդ թվում՝ Եհովայի օրվա և մեր ժամանակների հրատապ լինելու մասին հորդորներին։ Մենք մեր մտքում չենք հետաձգում Եհովայի օրը՝ մտածելով, թե Արմագեդոնը չի գա մեր կյանքի ընթացքում։ Փոխարենը մեր մտքում վառ ենք պահում այն, այսինքն՝ ակնկալում ենք, որ Եհովայի օրը շուտ կգա, և դրսևորում ենք մաքուր վարք ու ամեն օր զբաղված ենք լինում «աստվածանվեր գործերով» (2 Պետ. 3։11, 12)։
«ՀԱՎԱՍՏԻԱՑԵՔ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ»
15. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ապատեղեկատվությունը և դիվային պրոպագանդան չմոլորեցնեն մեզ (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։
15 Մոտ ապագայում Աստծու թշնամիները նմանատիպ հայտարարություն կանեն՝ «Խաղաղություն և անվտանգություն» (1 Թեսաղ. 5։3)։ Դիվային այս պրոպագանդան շուտով կլցնի աշխարհը՝ մոլորեցնելով մարդկանց մեծամասնությանը (Հայտն. 16։13, 14)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք չենք խաբվի, եթե «հավաստիանանք ամեն ինչում» (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։ Այստեղ նշված հունարեն «հավաստիանալ» բառը օգտագործվում է թանկարժեք մետաղները ստուգելու առնչությամբ։ Ուստի մենք պետք է ստուգենք, թե արդյոք այն, ինչ լսում կամ կարդում ենք, իսկապես հավաստի է, թե ոչ։ Այդպես վարվելը կարևոր էր թեսաղոնիկեցիների համար, բայց դա շատ ավելի կարևոր է մեզ համար, քանի որ մոտենում ենք մեծ նեղությանը։ Ուրիշների ասածները կուրորեն ընդունելու փոխարեն մենք գործի ենք դնում մեր մտածելու կարողությունը, որպեսզի համեմատենք և տեսնենք, թե արդյոք մեր կարդացածը կամ լսածը ներդաշնակ է Աստվածաշնչին և Եհովայի կազմակերպության տրամադրած տեղեկություններին։ Այդպես վարվելը կօգնի, որ չենթարկվենք որևէ դիվային պրոպագանդայի (Առակ. 14։15; 1 Տիմոթ. 4։1)։
16. Ի՞նչ ամուր հույս ունենք և ի՞նչ ենք մղվում անելու։
16 Եհովայի ծառաները որպես խումբ կվերապրեն մեծ նեղությունից։ Սակայն մենք չգիտենք, թե որպես առանձին անհատներ ինչ կլինի մեզ հետ վաղը (Հակ. 4։14)։ Անկախ նրանից՝ մենք կանցնենք մեծ նեղությունը, թե կմահանանք նախքան դա, Եհովան մեզ հավիտենական կյանք կպարգևի, եթե հավատարիմ մնանք իրեն։ Օծյալ քրիստոնյաները Հիսուսի հետ կլինեն երկնքում, իսկ ուրիշ ոչխարները կապրեն դրախտում՝ երկրի վրա։ Թող որ բոլորս էլ կենտրոնացած մնանք մեր հիանալի հույսի վրա և պատրաստ լինենք Եհովայի օրվան։
ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք
a 1 Թեսաղոնիկեցիներ 5-րդ գլխում մի շարք օրինակներ և համեմատություններ կան, որոնք շատ բան են սովորեցնում մեզ Եհովայի գալիք օրվա մասին։ Իսկ ի՞նչ է այդ «օրը», ինչպե՞ս է այն գալու, ովքե՞ր կվերապրեն այդ «օրվանից», ովքե՞ր չեն վերապրի, ինչպե՞ս կարող ենք պատրաստվել դրան։ Այս հարցերի պատասխանները կիմանանք՝ քննելով Պողոս առաքյալի խոսքերը։
b Տես «Անձնվիրաբար ծառայողների կյանքից» խորագրի հոդվածները։