ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25
Երեցնե՛ր, սովորեք Գեդեոնից
«Ժամանակը չի հերիքի, եթե շարունակեմ պատմել Գեդեոնի.... մասին» (ԵԲՐ. 11։32)։
ԵՐԳ 124 Միշտ նվիրված
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. 1 Պետրոս 5։2-ի համաձայն՝ ի՞նչ կարևոր հանձնարարություն ունեն երեցները։
ԵՀՈՎԱՆ իր թանկագին գառներին երեցների հոգածությանն է հանձնել։ Այս նվիրված եղբայրները իրենց հավատակիցներին ծառայելու այդ հնարավորությունը մեծ պատիվ են համարում և ամեն ջանք թափում են, որպեսզի լինեն «հովիվներ.... որոնք իսկապես կհովվեն նրանց» (Երեմ. 23։4, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.; կարդա 1 Պետրոս 5։2)։ Մենք անչափ ուրախ ենք, որ մեր ժողովներում նման եղբայրներ ունենք։
2. Որոշ երեցներ գուցե ի՞նչ դժվարությունների բախվեն։
2 Իրենց պատասխանատվությունները կատարելիս երեցները բազմաթիվ դժվարությունների են բախվում։ Ժողովի մասին հոգ տանելը արդեն իսկ հսկայական գործ է։ Թոնի անունով մի երեց, ով ապրում է Միացյալ Նահանգներում, սովորել է ավելի համեստ լինել այն հարցում, թե որքան գործ է համաձայնվում կատարել։ Նա ասում է. «Երբ սկսվեց COVID-19 համավարակը, ժողովներն ու ծառայությունը կազմակերպելու հարցում ես գնալով ավելի շատ գործ էի վերցնում ինձ վրա։ Բայց, միևնույն է, գործին վերջ չկար. միշտ շատ բան կար անելու։ Ի վերջո Աստվածաշնչի ընթերցանությունս, անձնական ուսումնասիրությունս և աղոթքներս երկրորդ պլան մղվեցին»։ Իսկ Իլիր անունով մի երեց, ով Կոսովոյից է, մեկ այլ դժվարության էր բախվել։ Նա ապրում էր պատերազմական գոտում և նրա համար դժվար էր հնազանդվել աստվածապետական առաջնորդությանը։ Նա ասում է. «Քաջությունս փորձության ենթարկվեց, երբ մասնաճյուղը առաջարկեց ինձ օգնել այն եղբայրներին ու քույրերին, ովքեր վտանգավոր տարածքներում էին բնակվում։ Ես վախենում էի և կարծում էի, որ տրված առաջնորդությունը գործնական չէ»։ Իսկ Ասիայում ապրող մի միսիոներ, որի անունը Թիմ է, չէր հասցնում կատարել իր ամենօրյա պարտականությունները։ Նա ասում է. «Երբեմն մտային և էմոցիոնալ առումով սպառվում էի»։ Ի՞նչը կարող է օգնել երեցներին, ովքեր նմանատիպ դժվարությունների միջով են անցնում։
3. Ինչպե՞ս կարող ենք բոլորս օգուտներ քաղել Գեդեոնի օրինակից։
3 Երեցները կարող են սովորել անցյալում ապրած դատավորներից մեկի՝ Գեդեոնի օրինակից (Եբր. 6։12; 11։32)։ Նա պաշտպանում և հովվում էր Աստծու ժողովրդին (Դատ. 2։16; 1 Տար. 17։6)։ Գեդեոնի պես՝ մերօրյա երեցները շատ անհանգիստ ժամանակներում են նշանակվել հոգ տանելու Աստծու ժողովրդի մասին (Գործ. 20։28; 2 Տիմոթ. 3։1)։ Ուստի նրանք Գեդեոնից կարող են սովորել համեստություն, խոնարհություն, հնազանդություն և դիմացկունություն։ Իսկ նրանք, ովքեր երեց չեն, քննելով Գեդեոնի օրինակը, կարող են խորացնել իրենց գնահատանքը երեցների հանդեպ և ավելի շատ աջակցել նրանց (Եբր. 13։17)։
ԵՐԲ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԴ ԵՎ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԴ ՓՈՐՁՎՈՒՄ ԵՆ
4. Գեդեոնն ինչպե՞ս համեստություն և խոնարհություն դրսևորեց։
4 Գեդեոնը համեստ ու խոնարհ մարդ էր։b Երբ հրեշտակն ասաց, որ Աստված ընտրել է նրան իսրայելացիներին հզոր մադիանացիների ձեռքից ազատելու համար, նա խոնարհաբար ասաց. «Իմ ազգատոհմը ամենաաննշանն է Մանասեի մեջ, և ես ամենափոքրն եմ իմ հոր տան մեջ» (Դատ. 6։15)։ Գեդեոնը կարծում էր, որ չի կարող կատարել այդ հանձնարարությունը, բայց Եհովան ավելի լավ գիտեր։ Աստծու օգնությամբ Գեդեոնը հաջողության հասավ։
5. Երեցի համեստությունն ու խոնարհությունը ինչպե՞ս կարող են փորձվել։
5 Երեցները ջանում են ամեն ինչում համեստ և խոնարհ լինել (Միք. 6։8; Գործ. 20։18, 19)։ Նրանք չեն պարծենում իրենց ունակություններով ու ձեռքբերումներով և անարժեքության զգացումով չեն համակվում, երբ որոշ հարցերում սխալվում են։ Այնուամենայնիվ, երեցի համար երբեմն դժվար է խոնարհ ու համեստ լինել։ Օրինակ՝ նա գուցե բազմաթիվ պատասխանատվություններ ստանձնի, բայց դժվարանա բոլորը կատարել։ Երեցի համար գուցե նաև դժվար լինի խոնարհ ու համեստ մնալ, երբ նրան քննադատում կամ գովում են այս կամ այն հանձնարարությունը կատարելու համար։ Տեսնենք, թե Գեդեոնի օրինակը ինչպես կարող է օգնել երեցներին նման իրավիճակներում։
6. Համեստության վերաբերյալ երեցները ի՞նչ կարող են սովորել Գեդեոնից (տես նաև նկարը)։
6 Օգնություն խնդրիր։ Համեստ մարդը գիտի, որ իր հնարավորությունները սահմանափակ են։ Գեդեոնը համեստորեն օգնություն էր խնդրում ուրիշներից (Դատ. 6։27, 35; 7։24)։ Իմաստուն երեցները նույն կերպ են վարվում։ Թոնին, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Իմ դաստիարակության պատճառով ես հակված էի ավելի շատ բան վերցնել ուսերիս, քան իրականում կարող էի տանել։ Որոշեցի մեր ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկել համեստության թեման և կնոջս խնդրեցի, որ դիտարկումներ անի, թե այդ առումով ինչպիսին եմ ես։ Բացի այդ՝ jw.org կայքում դիտեցի «Կրթիր, վստահիր և իշխանություն տուր ուրիշներին, ինչպես Հիսուսն է անում» տեսանյութը»։ Թոնին սկսեց օգնություն խնդրել ուրիշներից, որպեսզի իր բեռը թեթևանա։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Նա ասում է. «Այժմ ժողովի գործերը ինչպես հարկն է արվում են։ Իսկ ես ավելի շատ ժամանակ եմ ունենում Եհովայի հետ իմ փոխհարաբերությունները ամրացնելու համար»։
7. Քննադատության ենթարկվելիս երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին (Հակոբոս 3։13)։
7 Քննադատության ենթարկվելիս մեղմությամբ պատասխանիր։ Երեցների համար մեկ այլ փորձություն է քննադատությունը։ Գեդեոնի օրինակը այս հարցում էլ կարող է օգնել։ Նա գիտակցում էր, որ կատարյալ չէ, ուստի մեղմությամբ պատասխանեց, երբ եփրեմյանները քննադատեցին իրեն (Դատ. 8։1-3)։ Գեդեոնը բարկությամբ չարձագանքեց, այլ խոնարհություն դրսևորեց՝ լսելով նրանց անհանգստությունները և նրբանկատորեն հարթելով լարված իրավիճակը։ Քննադատության ենթարկվելիս իմաստուն երեցները կընդօրինակեն Գեդեոնին, եթե ուշադրությամբ լսեն և մեղմությամբ պատասխանեն (կարդա Հակոբոս 3։13)։ Այդպես վարվելով՝ նրանք կնպաստեն ժողովի խաղաղությանը։
8. Երեցներն ինչպե՞ս պետք է արձագանքեն, երբ իրենց գովեստի են արժանացնում։ Բեր օրինակ։
8 Փառքը Եհովային ուղղիր։ Երբ Գեդեոնին գովաբանեցին մադիանացիների դեմ տարած հաղթանակի համար, նա ուշադրությունը Եհովայի վրա հրավիրեց (Դատ. 8։22, 23)։ Երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին։ Երբ որևէ գործում հաջողության են հասնում, նրանք կարող են փառքը Եհովային ուղղել (1 Կորնթ. 4։6, 7)։ Օրինակ, երբ երեցին գովում են իր ուսուցողական հմտությունների համար, նա կարող է ուշադրությունը հրավիրել կրթության աղբյուրի՝ Աստվածաշնչի կամ Եհովայի կազմակերպության տրամադրած ուսուցման վրա։ Լավ կլինի, որ երեցները երբեմն մտածեն, թե արդյոք իրենց ուսուցանելու կերպը անհարկի ուշադրություն չի հրավիրում իրենց վրա։ Քննենք Թիմոթի անունով մի երեցի օրինակը։ Երբ նոր էր նշանակվել երեց, Թիմոթին շատ էր սիրում հանրային ելույթներ ներկայացնել։ Նա ասում է. «Իմ ելույթներում ես երկար ու բարդ նախաբաններ և օրինակներ էի օգտագործում, ինչի համար մարդիկ հաճախ գովում էին ինձ։ Ցավոք, մարդկանց ուշադրությունը ավելի շատ կենտրոնանում էր ինձ վրա, ոչ թե Եհովայի կամ Աստվածաշնչի»։ Ժամանակի ընթացքում Թիմոթին հասկացավ, որ պետք է փոխի ուսուցանելու ոճը, որպեսզի անհարկի ուշադրություն չհրավիրի իր վրա (Առակ. 27։21)։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Նա ասում է. «Տարբեր մարդիկ այժմ ասում են, որ իմ ելույթն իրենց օգնել է հաղթահարել որևէ խնդիր, դիմանալ փորձության կամ մտերմանալ Եհովայի հետ։ Դա ինձ ավելի մեծ ուրախություն է պատճառում, քան այն գովեստի խոսքերը, որ տարիներ առաջ ուղղում էին ինձ»։
ԵՐԲ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԴ ԵՎ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԴ ՓՈՐՁՎՈՒՄ ԵՆ
9. Գեդեոնի հնազանդությունն ու քաջությունը ինչպե՞ս փորձվեցին (տես ամսագրի շապիկի նկարը)։
9 Երբ Գեդեոնը դատավոր նշանակվեց, նրա հնազանդությունն ու քաջությունը փորձության ենթարկվեցին։ Եհովան նրան վտանգավոր հանձնարարություն էր տվել. նա պետք է քանդեր իր հորը պատկանող Բահաղի զոհասեղանը (Դատ. 6։25, 26)։ Ավելի ուշ, երբ նա պատերազմելու համար զորք էր հավաքել, Եհովան երկու անգամ պատվիրեց նրան կրճատել զինվորների թիվը (Դատ. 7։2-7)։ Գեդեոնը նաև հրահանգ ստացավ գիշերով հարձակվել թշնամու բանակի վրա (Դատ. 7։9-11)։
10. Երեցների հնազանդությունը ինչպե՞ս կարող է փորձվել։
10 Երեցները պետք է «հնազանդվելու պատրաստ» լինեն (Հակ. 3։17)։ Հնազանդ երեցը պատրաստակամորեն հետևում է Աստվածաշնչի և Եհովայի կազմակերպության տված առաջնորդությանը։ Այդպես նա լավ օրինակ է ծառայում մյուսների համար։ Այդուհանդերձ, երբեմն երեցի հնազանդությունը կարող է փորձվել։ Օրինակ՝ նրա համար գուցե դժվար լինի համաքայլ ընթանալ կազմակերպությունից եկող առաջնորդությանը։ Երբեմն էլ, հնարավոր է, տրված առաջնորդությունը նրան գործնական և խելամիտ չթվա։ Կամ գուցե նրան խնդրեն անել այնպիսի հանձնարարություն, որը կարող է վտանգել նրա ազատությունը։ Նմանատիպ իրավիճակներում երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին։
11. Ի՞նչը կարող է օգնել երեցներին հնազանդ լինել։
11 Ուշադիր լսիր տրվող առաջնորդությունը և հետևիր դրան։ Եհովան ասել էր, թե Գեդեոնը ինչպես քանդի իր հորը պատկանող զոհասեղանը, թե որտեղ իր Աստծու համար նոր զոհասեղան կառուցի և ինչ կենդանի զոհաբերի։ Գեդեոնը կասկածի տակ չդրեց տրված առաջնորդությունը, նա պարզապես հետևեց դրան։ Այսօր երեցները նամակների, հայտարարությունների և առաջնորդությունների տեսքով ցուցումներ են ստանում Եհովայի կազմակերպությունից, որոնք նպաստում են մեր հոգևոր և ֆիզիկական բարօրությանը։ Մենք սիրում ենք մեր երեցներին, քանի որ նրանք հավատարմորեն հետևում են աստվածապետական առաջնորդությանը, ինչը օգուտներ է բերում ողջ ժողովին (Սաղ. 119։112)։
12. Երբ աստվածապետական առաջնորդության մեջ փոփոխություններ են լինում, երեցներն ինչպե՞ս կարող են կիրառել Եբրայեցիներ 13։17-ը։
12 Եղիր հարմարվող։ Հիշենք, որ Եհովայի պատվերով Գեդեոնը իր զորքը ավելի քան 99 տոկոսով կրճատեց (Դատ. 7։8)։ Նա կարող էր մտածել. «Բայց իսկապե՞ս պետք է այդպես վարվել։ Այդքանով գլուխ կհանե՞նք»։ Այնուամենայնիվ, Գեդեոնը հնազանդվեց։ Ընդօրինակելով Գեդեոնին՝ երեցները հետևում են փոփոխված առաջնորդությանը (կարդա Եբրայեցիներ 13։17)։ Օրինակ՝ 2014 թ.-ին Կառավարիչ մարմինը փոխեց Թագավորության սրահների և համաժողովների սրահների շինարարության ֆինանսավորման ձևը (2 Կորնթ. 8։12-14)։ Այդուհետ ժողովները այլևս ստիպված չէին լինելու փոխհատուցել իրենց Թագավորության սրահի կառուցման համար ծախսված գումարի դիմաց։ Փոխարենը կազմակերպությունն օգտագործելու էր ամբողջ աշխարհի ժողովներից եկող նվիրատվությունները, որպեսզի աստվածապետական շինություններ կառուցի այն վայրերում, որտեղ դրանց կարիքը կա՝ անկախ նրանից, թե տեղի ժողովը որքան կարող է նվիրաբերել։ Երբ Խոսե անունով մի եղբայր իմացավ այս փոփոխության մասին, մտածեց, որ դժվար թե այս տարբերակը գործի։ Նա ասում էր. «Սա մեր տարածաշրջանի համար գործնական չէ։ Նույնիսկ մեկ Թագավորության սրահ չի կառուցվի»։ Ի՞նչն օգնեց Խոսեին թիկունք կանգնել առաջնորդությանը։ Նա ասում է. «Առակներ 3։5, 6 համարները հիշեցրին ինձ, որ պետք է վստահեմ Եհովային։ Ժամանակի ընթացքում տեսա, որ այդ փոփոխությունը հրաշալի արդյունքներ տվեց։ Այժմ մենք ավելի շատ Թագավորության սրահներ ենք կառուցում։ Նվիրատվություններն օգտագործելու այս նոր մեթոդի շնորհիվ բոլորն են օգուտներ քաղում, և դա նպաստում է, որ հավասարություն լինի»։
13. ա) Ինչո՞ւմ էր Գեդեոնը համոզված։ բ) Երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին (տես նաև նկարը)։
13 Քաջաբար կատարիր Եհովայի կամքը։ Գեդեոնը հնազանդվում էր Եհովային՝ անկախ իր վախերից և հավանական ռիսկերից (Դատ. 9։17)։ Եհովայից հավաստիացում ստանալուց հետո Գեդեոնը միանգամայն համոզված էր, որ նա կօգնի իրեն պաշպանել իսրայելացիներին։ Արգելքի պայմաններում ծառայող երեցները ընդօրինակում են Գեդեոնին։ Նրանք քաջաբար առաջնորդություն են վերցնում ժողովի հանդիպումներն անցկացնելու գործում և քարոզչական ծառայության մեջ՝ չնայած հնարավոր է, որ նրանց ձերբակալեն, հարցաքննեն, զրկեն աշխատանքից կամ բռնության ենթարկեն։c Մեծ նեղության ընթացքում երեցները քաջության կարիք կունենան, որպեսզի հետևեն տրված առաջնորդությանը, նույնիսկ եթե դա անելը վտանգավոր լինի։ Այդ առաջնորդությունները թերևս լինեն այն մասին, թե ինչպես քարոզենք կարկտանման լուրը և ինչպես վերապրենք Մագոգի Գոգի հարձակումից (Եզեկ. 38։18; Հայտն. 16։21)։
ԵՐԲ ԴԺՎԱՐ Է ԴԻՄԱՆԱԼ
14. Գեդեոնի դիմացկունությունը ինչպե՞ս փորձվեց։
14 Գեդեոնի հանձնարարությունը ֆիզիկական ծանր աշխատանք էր ներառում։ Երբ պատերազմի ժամանակ մադիանացիները գիշերով փախուստի դիմեցին, Գեդեոնը հետապնդեց նրանց Հեզրայելի հովտից մինչև Հորդանան գետը։ Այդ տեղանքը հավանաբար մացառուտներով էր պատված (Դատ. 7։22)։ Չնայած հոգնածությանը՝ նա իր 300 մարտիկների հետ անցավ Հորդանանը և շարունակեց հետապնդել զորքին։ Վերջապես նրանք հասան մադիանացիներին և ոչնչացրին նրանց (Դատ. 8։4-12)։
15. Երեցների դիմացկունությունը ե՞րբ կարող է փորձվել։
15 Ժողովի և ընտանիքի մասին հոգ տանելիս երեցները երբեմն կարող են ֆիզիկական, մտային կամ էմոցիոնալ առումով սպառվել։ Նման հանգամանքներում նրանք ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին։
16-17. Ի՞նչն օգնեց Գեդեոնին դիմանալ, և ինչո՞ւմ կարող են համոզված լինել երեցները (Եսայիա 40։28-31; տես նաև նկարը)։
16 Համոզված եղիր, որ Եհովան կզորացնի քեզ։ Գեդեոնը վստահ էր, որ Եհովան ուժ կտա իրեն, և այդպես էլ եղավ (Դատ. 6։14, 34)։ Մի անգամ նա և իր մարդիկ ոտքով հետապնդում էին Մադիանի երկու թագավորներին, որոնք հավանաբար ուղտերով էին (Դատ. 8։12, 21)։ Բայց Աստծու օգնությամբ նրանց հաջողվեց բռնել այդ թագավորներին և հաղթել պատերազմը։ Երեցները նույնպես կարող են իրենց հույսը դնել Եհովայի վրա, ով «երբեք չի հոգնում և ուժասպառ չի լինում»։ Եհովան ուժ կտա նրանց, երբ դրա կարիքն ունենան (կարդա Եսայիա 40։28-31)։
17 Քննենք Մեթյուի օրինակը, ով ծառայում է հիվանդանոցների հետ կապի կոմիտեում։ Տեսնենք, թե ինչն է օգնում նրան դիմանալ այն դժվարություններին, որոնց բախվում է իր ծառայությունը կատարելիս։ Մեթյուն ասում է. «Անձամբ եմ համոզվել Փիլիպպեցիներ 4։13 համարի ճշմարտացիության մեջ։ Շատ անգամներ հոգնած և ուժասպառ եմ եղել ու ջերմեռանդորեն խնդրել եմ Եհովային, որ ֆիզիկական ու էմոցիոնալ առումով զորացնի ինձ, որպեսզի կարողանամ օգնել հավատակիցներիս։ Այդ պահերին զգացել եմ, թե ինչպես է Եհովայի ոգին ուժ տալիս ինձ և օգնում, որ դիմանամ»։ Գեդեոնի պես՝ մեր նվիրված երեցները Աստծու հոտը անձնվիրաբար հովվելիս գուցե տարբեր խոչընդոտների բախվեն։ Ինչ խոսք, նրանք պետք է գիտակցեն, որ իրենց ֆիզիկական և էմոցիոնալ կարողությունները սահմանափակ են, և միշտ չէ, որ կկարողանան անել այնքան, որքան ուզում են։ Բայց նաև կարող են վստահ լինել, որ Եհովան կլսի իրենց օգնության կանչը և ուժ կտա, որ դիմանան (Սաղ. 116։1; Փիլիպ. 2։13)։
18. Երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Գեդեոնին։
18 Երեցները Գեդեոնի օրինակից կարող են ժամանակահարմար և գործնական դասեր քաղել։ Օրինակ՝ նրանք պետք է համեստություն և խոնարհություն դրսևորեն այն հարցում, թե իրենց վրա ինչ ծավալի աշխատանք են վերցնում, և թե ինչպես են արձագանքում, երբ իրենց քննադատում կամ գովում են։ Երեցները պետք է հնազանդ ու քաջ լինեն, հատկապես հիմա, երբ վերջը արագորեն մոտենում է։ Բացի այդ՝ նրանք կարող են համոզված լինել, որ ինչ խոչընդոտի էլ բախվեն, Եհովան կզորացնի իրենց։ Անկասկած, մենք գնահատում ենք մեր տքնաջան հովիվներին և «այդպիսի մարդկանց թանկ ենք համարում» (Փիլիպ. 2։29)։
ԵՐԳ 120 Ընդօրինակենք Քրիստոսի մեղմությունը
a Իսրայել ազգի համար ծանր ժամանակներ էին, երբ Եհովան Գեդեոնին դատավոր նշանակեց, որպեսզի վերջինս հովվի ու պաշտպանի իր ժողովրդին։ Գեդեոնը մոտ 40 տարի հավատարմորեն կատարեց այդ հանձնարարությունը։ Սակայն նա բազմաթիվ դժվարությունների բախվեց։ Հոդվածից կիմանանք, թե նրա օրինակը ինչպես կարող է օգնել երեցներին, երբ նրանք դժվարությունների միջով անցնեն։
b Համեստությունը և խոնարհությունը փոխկապակցված են։ Համեստ մարդը չափից մեծ կարծիք չունի իր մասին և գիտակցում է, որ իր կարողությունները սահմանափակ են։ Իսկ խոնարհ մարդը խոնարհամիտ է, այսինքն՝ ուրիշներին իրենից ավելի բարձր է դասում (Փիլիպ. 2։3)։ Համեստ մարդը սովորաբար նաև խոնարհ է։
c Տես «Արգելքի ժամանակ շարունակիր երկրպագել Եհովային» հոդվածը «Դիտարանի» 2019 թ. հուլիսի համարում (էջ 10-11, պրբ. 10-13)։