ԴԱՍ 37
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը աշխատանքի և փողի վերաբերյալ
Եղե՞լ է, որ մտահոգվես աշխատանքի կամ փողի պատճառով։ Երբեմն դժվար է հոգ տանել մեր կարիքների համար և միևնույն ժամանակ Եհովային մատուցել այն երկրպագությունը, որին նա արժանի է։ Աստվածաշնչում կարող ենք գործնական խորհուրդներ գտնել այս մասին։
1. Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը աշխատանքի վերաբերյալ
Աստված ուզում է, որ հաճույք ստանանք մեր աշխատանքից։ Աստվածաշնչում ասվում է, որ «մարդու համար բացի.... իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24)։ Եհովան աշխատասեր է։ Երբ ընդօրինակում ենք մեր Աստծուն և ջանասիրաբար ենք աշխատում, ուրախացնում ենք նրան և ունենում ենք բավարարվածության զգացում։
Թեպետ աշխատանքը կարևոր է, բայց մենք երբեք չպետք է այն մեր երկրպագությունից կարևոր համարենք (Հովհաննես 6։27)։ Եհովան խոստանում է, որ եթե իր կամքը կատարելը մեր կյանքում առաջնային համարենք, ապա նա կհոգա մեր ֆիզիկական կարիքների համար։
2. Ո՞րն է փողի վերաբերյալ հավասարակշռված տեսակետը
Թեև Աստվածաշնչում ասվում է, որ «փողը պաշտպանություն է տալիս», սակայն այնտեղ գրված է նաև, որ միայն փող ունենալը բավարար չէ երջանիկ լինելու համար (Ժողովող 7։12)։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը հորդորում է հեռու մնալ փողասիրությունից և «բավարարվել եղածով» (կարդա Եբրայեցիներ 13։5)։ Երբ բավարարվում ենք մեր ունեցածով, ազատվում ենք միշտ ավելին ունենալու անհագ ցանկությունից և խուսափում ենք անհարկի պարտքերից (Առակներ 22։7)։ Նաև հեռու ենք մնում խաղամոլությունից և կասկածելի գործարքներից, որոնք արագ հարստանալու հնարավորություն են տալիս, սակայն շատ ռիսկային են։
3. Ինչպե՞ս կարող ենք առատաձեռն լինել
Եհովան առատաձեռն Աստված է, և մենք նրան կընդօրինակենք, եթե լինենք «առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ» (1 Տիմոթեոս 6։18)։ Մենք կարող ենք առատաձեռնություն դրսևորել և գումարով աջակցել ժողովին ու կարիքի մեջ եղողներին, հատկապես մեր հավատակիցներին։ Եհովայի համար կարևոր է ոչ թե մեր տվածի չափը, այլ մեր մղումը։ Երբ ի սրտե առատաձեռնություն ենք դրսևորում, երջանիկ ենք լինում և հաճեցնում ենք Եհովային (կարդա Գործեր 20։35)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչու է անհրաժեշտ հավասարակշռված տեսակետ ունենալ աշխատանքի վերաբերյալ և գոհ լինել։
4. Քո աշխատանքով փառք բեր Եհովային
Եհովայի հետ մեր մտերմությունը պետք է ազդի աշխատանքի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք այս հարցերը։
Աշխատավայրում Ջեյսոնի դրսևորած վերաբերմունքն ու վարքագիծը ի՞նչ առումով էին տպավորիչ։
Ի՞նչ էր անում նա, որպեսզի հավասարակշռված լինի աշխատանքի հարցում։
Կարդացեք Կողոսացիներ 3։23, 24 և քննարկեք հետևյալ հարցը։
Աշխատանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալն ինչո՞ւ է կարևոր։
Թեպետ աշխատանքը կարևոր է, բայց մենք երբեք չպետք է այն ավելի կարևոր համարենք, քան մեր երկրպագությունը
5. Գոհունակ լինելը օգուտներ է բերում
Շատ մարդիկ ձգտում են հնարավորինս շատ փող ունենալ։ Սակայն Աստվածաշունչը այլ բան է խրախուսում։ Կարդացեք 1 Տիմոթեոս 6։6–8, այնուհետև քննարկեք այս հարցը։
Ի՞նչ է խրախուսում Աստվածաշունչը։
Մենք կարող ենք երջանիկ լինել, եթե նույնիսկ քիչ փող ունենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Չնայած իրենց ունեցած քիչ միջոցներին՝ այս ընտանիքներն ինչո՞ւ են երջանիկ։
Հնարավոր է՝ ֆինանսապես ապահովված ենք, սակայն ձգտում ենք ավելին ունենալ։ Հիսուսը նախազգուշացրեց այս վտանգի մասին։ Կարդացեք Ղուկաս 12։15–21, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ ես սովորում Հիսուսի պատմած այս առակից (տես 15-րդ համարը)։
Կարդացեք և համեմատեք Առակներ 10։22 ու 1 Տիմոթեոս 6։10 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Քո կարծիքով՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ Եհովայի հետ մտերմությո՞ւնը, թե՞ շատ փող ունենալը։ Ինչո՞ւ։
Ավելի շատ փող ունենալու ձգտումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
6. Եհովան հոգ կտանի մեր կարիքների համար
Աշխատանքի և փողի հետ կապված խնդիրների բախվելիս մենք կարող ենք տեսնել, թե որքան ամուր է մեր հավատը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ իմանալու համար, թե ինչպես կարող ենք դիմագրավել հավատի նմանատիպ փորձություններին, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Եղբայրն ի՞նչ խնդիրների բախվեց։
Ի՞նչ արեց նա, որպեսզի կարողանա հաղթահարել դրանք։
Կարդացեք Մատթեոս 6։25–34 և քննարկեք հետևյալ հարցը։
Եհովան ի՞նչ է խոստանում այն մարդկանց, որոնք իր կամքը առաջին տեղում են դնում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես շատ պետք է աշխատեմ, որ ընտանիքիս կարիքները հոգամ։ Չեմ հասցնի ամեն շաբաթ ժողովի հանդիպմանը մասնակցել»։
Ո՞ր աստվածաշնչյան համարն է քեզ վստահեցնում, որ Եհովայի երկրպագությունը առաջին տեղում դնելը միշտ լավագույն որոշումն է։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աշխատանքն ու փողը անհրաժեշտ բաներ են կյանքում, սակայն դրանք երբեք չպետք է խանգարեն մեզ ծառայել Եհովային։
Վերհիշենք
Ի՞նչը կօգնի քեզ աշխատանքի հանդեպ հավասարակշռված տեսակետ զարգացնել։
Գոհունակ լինելը ինչո՞վ է օգտակար։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ վստահությունդ Եհովայի այն խոստման հանդեպ, որ նա հոգ կտանի իր ծառաների համար։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես՝ արդյոք Աստվածաշնչում բացասական լույսի ներքո է ներկայացվում փողը։
Իմացիր, թե ինչպես կարող ենք առատաձեռնություն դրսևորելով հաճեցնել Աստծուն։
Արդյո՞ք մոլեխաղերն անվնաս են։
«Աստվածաշնչի տեսակետը. մոլեխաղեր» («Արթնացե՛ք», 2015 թ. մարտ)
Տես, թե ինչը մղեց մի խաղամոլ և հանցագործ մարդու՝ փոխելու իր ապրելակերպը։
«Ձիարշավի համար խելքս գնում էր» («Դիտարան», 2011 թ. նոյեմբերի 1)