Մտադիր ես հարստանա՞լ. ինչպե՞ս դա կազդի քեզ վրա
ԵՐԲ աշխարհում ավելի քան 850 միլիոն մարդ քաղցած է ապրում, դժվար է պատկերացնել, որ չափազանց շատ փող ունենալը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջ բերել։ Սակայն նկատեցի՞ր, որ նախորդ հոդվածում մեջբերված սուրբգրային համարը զգուշացնում էր ոչ միայն փող ու հարստություն ունենալու, այլև փողասիրության և հարստանալու մտադրության մասին։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդկանց կյանքի գլխավոր նպատակը դառնում է հարստանալը և այնպիսի իրեր ձեռք բերելը, որոնք հնարավոր է փողով գնել։ Նախ քննարկենք, թե ինչպես է այն ազդում երեխաների վրա։
Ինչպես է հարստանալը ազդում երեխաների վրա
Ըստ հաշվարկների՝ միայն մեկ տարում Միացյալ Նահանգներում ապրող միջին տարիքի երեխան հեռուստացույցով դիտում է 40 000 գովազդային տեսահոլովակ։ Դեռ ավելին, կարելի է պատկերացնել, թե ինչքան շատ բան են երեխաները պահանջում իրենց ծնողներից, երբ խանութներում և իրենց ընկերների տներում տեսնում են տեսախաղեր, բարդ երաժշտական սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և հայտնի ապրանքանիշ ունեցող հագուստեղեն։ Որոշ ծնողներ բավարարում են իրենց երեխաների բոլոր ցանկությունները։ Ինչո՞ւ։
Նրանք ցանկանում են վստահ լինել, որ իրենց երեխաներին ոչ մի բանից զուրկ չեն մեծացնում՝ պատճառաբանելով, որ երբ իրենք երեխա են եղել, զրկված են եղել թանկարժեք իրեր ունենալուց։ Սակայն ուրիշ ծնողներ էլ վախենում են այն մտքից, որ եթե ասեն՝ ոչ, ապա երեխաները կդադարեն իրենց սիրելուց։ «Ծնողներն ուզում են իրենց երեխաների ամենալավ ընկերը դառնալ և վստահ լինել, որ նրանք ուրախ ու զվարճալի ժամանակ են անցկացնում»,— նշում է Բոլդեր քաղաքում գործող՝ ծնողներին աջակցություն ցույց տվող խմբի անդամներից մեկը (ԱՄՆ, Կոլորադո)։ Մյուսներն էլ հույս ունեն, որ ժամանակի մեծ մասը աշխատավայրում անցկացնելը և իրենց երեխաներից հեռու լինելը կարող են փոխհատուցել նրանց համար առատ նվերներ գնելով։ Կամ մի շաբաթ շարունակ լարված աշխատելուց հետո ծնողը թերևս ի վիճակի չլինի լուծել այն խնդիրը, որն անխուսափելիորեն առաջ կգա, եթե նա իր երեխայի տված հարցին պատասխանի. «Ո՛չ, քո ուզածը ես չեմ կարող գնել»։
Սակայն այն ծնողները, որոնք ոչինչ չեն խնայում իրենց երեխաների համար, դրանով ուզում են օգնե՞լ նրանց, թե՞ վնասել։ Փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ երես առած երեխաները մայրիկին ու հայրիկին սիրելու փոխարեն՝ անշնորհակալ են նրանց հանդեպ։ Նրանք չեն գնահատում նույնիսկ այն նվերները, որոնց համար այնքա՜ն շատ են խնդրել՝ հույս չունենալով, որ երբևէ դրանք կունենան։ Միջնակարգ դպրոցի մի կին տնօրեն ասում է. «Տարիների իմ փորձից կարող եմ ասել, որ երբ երեխան հասնում է իր ուզածին, անմիջապես իրեն բավարարված է զգում և դեռ երկու շաբաթ էլ չանցած՝ այդքան ցանկալի իրը դեն է գցում»։
Իսկ ի՞նչ է պատահում այս երես առած երեխաներին, երբ նրանք արդեն չափահաս են դառնում։ Ինչպես նշում է «Նյուսուիկ» թերթը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծանալով՝ այդ կարգի երեխաները դառնում են այնպիսի անհատներ, ովքեր «դժվարությամբ են հաղթահարում կյանքի պատճառած հիասթափությունները»։ Քանի որ նրանց երբեք չեն սովորեցրել իրենց սեփական քրտինքով հասնել իրենց ուզածին, նրանցից ոմանք անհաջողակ մարդիկ են դառնում դպրոցում, աշխատավայրում, ամուսնական կյանքում և դեռ այդքանից հետո ֆինանսական կախվածության մեջ են մնում իրենց ծնողներից։ Մյուս մարդկանց հետ համեմատած՝ նրանք ավելի շատ են հակված վախի ու դեպրեսիայի մեջ ընկնելու։
Ուստի կարելի է ասել, որ այդպիսի երեխաները, ի վերջո, զուրկ են մեծանում, որովհետև նրանք ի վիճակի չեն գնահատել աշխատանքի արժեքը, զրկված են արժանապատվության զգացումից և չեն կարողանում ներքուստ իրենց ուժեղ զգալ։ Հոգեբույժ Ջեսի Օ’նեյլը զգուշացնում է. «Եթե ձեր երեխաներին սովորեցնում եք, որ նրանք ցանկացած պահին կարող են ունենալ այն, ինչ ուզում են, ապա, դո՛ւք, ծնողնե՛ր, պատճառ եք դառնում, որ նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում դժբախտ լինեն»։
Ինչպես է հարստանալը ազդում չափահասների վրա
Եթե դուք ամուսնացած եք, «անկախ այն բանից, թե որքան ժամանակ եք միասին ապրում կամ ինչքան գումար ունեք՝ հավանաբար ձեր հաջորդ վիճաբանության առիթը կլինի փողը»,— նշվում է մի պարբերագրում («Psychology Today»)։ Այնտեղ նաև նշվում է, որ «այն, թե ինչպես են ամուսինները լուծում փողի հետ կապված տարաձայնությունները, և թե ինչպես են հաղթահարում իրենց հիասթափությունները, արդեն ցույց է տալիս, թե որքան երկար կհաջողվի իրենց ջերմ փոխհարաբերություններ պահպանել»։ Այն ամուսինները, ովքեր չափից շատ են կարևորում փողը և նյութական իրերը, անկասկած, իրենց ամուսնությունը վտանգի տակ են դնում։ Իրականում, ըստ հաշվարկների՝ ամուսնալուծությունների 90 տոկոսը տեղի է ունենում փողի հետ կապված վիճաբանությունների պատճառով։
Սակայն եթե նույնիսկ ամուսինները շարունակում են միասին ապրել, նրանց ամուսնական հարաբերությունները կարող են քայքայվել, եթե նրանք կենտրոնանան փողի և այն հաճույքների վրա, որոնք ձեռք են բերում գումարի շնորհիվ։ Օրինակ՝ եթե ամուսինները պարտքեր ունեն, ապա նրանք հեշտությամբ կարող են դյուրագրգիռ ու տաքարյուն դառնալ և ֆինանսական խնդիրների համար իրա՛ր մեղադրել։ Որոշ դեպքերում կողակիցները այնքան են կլանվում նյութական իրեր ձեռք բերելով, որ հաղորդակցվելու համար գրեթե ժամանակ չի մնում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ամուսիններից մեկը թանկ գնումներ է կատարում և իր այդ արարքը թաքցնում է մյուսից։ Այդպիսի վարքագիծը հանգեցնում է անհարկի գաղտնապահության, մեղքի և անվստահության։ Այս ամենի արդյունքում ամուսնությունը կարող է աստիճանաբար քայքայվել։
Անկախ այն բանից՝ ամուսնացած են, թե ոչ, ոմանք իրենց կյանքը բառացիորեն զոհաբերել են նյութապաշտությանը։ Հարավային Աֆրիկայում որոշ մարդկանց այն աստիճանի է ճնշել Արևմուտքի զարգացած երկրներին բնորոշ նյութական արժեքները որդեգրելու ուժգին ցանկությունը, որ այդ ճնշման տակ նրանք նույնիսկ փորձել են ինքնասպանություն գործել։ Միացյալ Նահանգներում մի մարդ ակներևաբար իր ֆինանսական խնդիրների պատճառով սպանեց կնոջը, 12–ամյա որդուն և վերջում՝ իրեն։
Ինչ խոսք, մարդկանց մեծամասնությունը չի մահանում հարստության ետևից ընկնելու արդյունքում։ Սակայն մինչ նրանք հարստության որոնումների մեջ են, կյանքը արագորեն անցնում է, և նրանք չեն հասցնում կյանքից լիարժեք բավարարվածություն ստանալ։ Դա կարող է նաև քայքայել նրանց կյանքը և լուրջ առողջական խնդիրներ առաջ բերել. հնարավոր է աշխատանքի պատճառած սթրեսի և ֆինանսական պրոբլեմներից առաջացած լարվածության հետևանքով նրանք վախի նոպաների մեջ ընկնեն, տառապեն անքնությամբ, մշտական գլխացավեր ունենան, հնարավոր է նույնիսկ խոցեր առաջանան. գործոններ, որոնք կարճացնում են մարդու կյանքը։ Եվ անգամ եթե անհատը ի վերջո հասկանում է, որ առաջնահերթություններ դնելու հարցում փոփոխություններ անելու կարիք ունի, գուցե արդեն շատ ուշ լինի։ Հնարավոր է՝ նրա կողակիցը այլևս չվստահի իրեն, երեխաները էմոցիոնալ առումով վնասված լինեն, իսկ իր առողջությունը՝ քայքայված։ Հավանաբար այդ վնասներից մի քանիսը հնարավոր լինի վերականգնել, սակայն դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Այսպիսի մարդիկ իրոք «իրենց շատ ցավերով են խոցում» (1 Տիմոթեոս 6։10)։
Ի՞նչ ես դու ցանկանում
Շատերը ցանկանում են ունենալ երջանիկ ընտանիք, լավ առողջություն, իմաստալից աշխատանք և բավականաչափ գումար՝ հարմարավետ կյանքով ապրելու համար։ Այս չորս պահանջները պետք է հավասարակշռել, սակայն երբ անհատին գլխավորապես փողն է մտահոգում, այդ հավասարակշռությունը խախտվում է։ Շատերի համար ճիշտ ուղու վրա կանգնելը կարող է նշանակել ավելի ցածր վարձատրվող աշխատանք, ապրելու համար ավելի փոքր տուն, ավելի էժան մեքենա կամ ավելի ցածր սոցիալական մակարդակ։ Նրանցից քանի՞սն են կամենում հրաժարվել շքեղ ապրանքներից՝ հանուն ավելի բարձր արժեքների։ «Ես գիտեմ, որ այսքան շատ ունեցվածքի կարիք չունեմ,— խոստովանում է մի կին,— սակայն անչափ դժվար է հրաժարվել դրանից»։ Մյուսներն էլ, ճիշտ է, ցանկանում են հրաժարվել այդ ամենից, բայց չեն ուզում այդ հարցում իրենք լինել առաջինը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Եթե քեզ արդեն հաջողվել է փողն ու նյութական բաները իրենց տեղում դնել, ապա գովասանքի ես արժանի։ Սակայն այս հոդվածը դու հիմա հապճեպորե՞ն ես ընթերցում այն պատճառով, որ քո ապրելակերպը չափազանց շատ ժամանակ է խլում քեզանից։ Թե՞ այն մարդկանց թվում ես, ովքեր ուզում են հրաժարվել նյութական բաներից, որպեսզի ֆիզիկապես և էմոցիոնալ առումով իրենց ավելի լավ զգան։ Եթե այո, ապա վճռականորեն գործիր, նախքան նյութապաշտությունը կհասցնի իր կործանարար ազդեցությունը բանեցնել քո տան մեջ։ Այս էջի վրա գտնվող շրջանակում տրվում են մի քանի առաջարկներ այն մասին, թե ինչպես կարող ես ձերբազատվել որոշ նյութական իրերից։
Երբ նյութական իրերն իրենց համապատասխան տեղն են զբաղեցնում անհատի կյանքում, ապա ընտանիքի բոլոր անդամներն էլ թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով օգուտներ են ստանում։ Սակայն քրիստոնյաներին մեկ ուրիշ բան էլ է մտահոգում. նրանք չեն ցանկանում, որ նյութական իրերը Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերություններում խոչընդոտ հանդիսանան։ Ինչպե՞ս կարող է նյութապաշտությունը վտանգի ենթարկել անհատի հոգևոր առողջությունը, և ինչպե՞ս կարող է անհատը կանխել այդ վտանգը։ Դա բացատրվում է հաջորդ հոդվածում։
[Մեջբերում 5–րդ էջի վրա]
Հաճախ երես առած երեխաները անշնորհակալ են լինում և անչափ ցանկալի իրերը կարճ ժամանակ անց դեն են գցում
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
Կյանքում հավասարակշռված եղիր
Նյութական խնայողություններ անելու համար վճռականություն և մանրամասն պլանավորում է պահանջվում։ Ստորև բերվում են առաջարկներ, որոնք կարող են ոմանց համար օգտակար լինել։
ԳՈՒՅՔԱՑՈՒՑԱԿ։ Ի՞նչ իրեր կարող ես այլևս չգնել։ Ինչի՞ց կարող ես ձերբազատվել. բաժանորդագրված ամսագրերի՞ց, երաժշտական սեղմապնակների՞ց, իսկ գուցե մեքենայի ոչ պետքական աքսեսուարների՞ց։
ՓՈՐՁԻՐ ՊԱՐԶԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԴ։ Եթե ուզում ես կյանքդ պարզեցնել, սակայն լրջորեն կասկածում ես, որ դա քեզ կհաջողվի, փորձիր դա անել սկզբում վեց ամսով կամ մեկ տարով։ Ապացուցիր ինքդ քեզ, թե արդյոք այն ժամանակը, որ վատնել ես փող և ունեցվածք ձեռք բերելու վրա, քեզ իսկապես երջանիկ դարձրե՞լ է։
ԸՆԴԳՐԿԻՐ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ, ԵՐԲ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶԵՑՆԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ։ Եթե այդպես վարվես, ապա նրանք հավանաբար կաջակցեն քեզ, և դժվար չի լինի անհրաժեշտության դեպքում նրանց ասել՝ ոչ։
ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԳՐՊԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՐԵՔ։ Անկախ այն բանից՝ երեխաները կորոշեն խնայել այդ գումարը՝ իրենց ուզածը գնելու համար, թե կհրաժարվեն դրանից՝ նրանք կսովորեն համբերատար լինել և գնահատել այն, ինչ ունեն։ Նրանք նաև կսովորեն որոշումներ կայացնել։
ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՑ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՍ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ։ Օգտվիր զեղչ գներով վաճառվող ապրանքներից։ Ընտանեկան բյուջե կազմիր։ Խնայողաբար օգտագործիր էլեկտրական սարքավորումները, ջուրը, գազը, կապի միջոցները, ինչպես նաև կարող ես ընտանիքիդ հետ միասին որոշել, թե արդյոք կարիք կա՞, որ ընտանիքիդ բոլոր անդամներն ունենան բջջային հեռախոսներ։ Գրքեր գնելու փոխարեն՝ օգտվիր գրադարաններից։
ՔՈ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՈՒԺԵՐԸ ՃԻՇՏ ՁԵՎՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ։ Հիշիր, որ իրերից ձերբազատվելու քո նպատակը ոչ թե ունեցվածքիցդ ինչ–որ բաներ պակասեցնելն է, այլ կյանքում ավելի կարևոր բաներին ուշադրություն դարձնելը. օրինակ՝ կարող ես ավելի ուշադիր լինել ընտանիքիդ անդամների և ընկերներիդ հանդեպ։ Անո՞ւմ ես այդպես։
[Նկար 6–րդ էջի վրա]
Հարստանալու մտադրությունը կարող է լարվածություն առաջացնել ամուսինների միջև